1. Երեք հրացանակիրներ

Chapter 59

Երկրորդ մաս XXIX. Ինչ կատարվեց Պորտսմուտում 1628թ. օգոստոսի 23-ին

Ֆելտոնը հրաժեշտ տվեց միլեդիին համբուրելով նրա ձեռքը, ինչպես եղբայրն է հրաժեշտ տալիս քրոջը զբոսանքի գնալիս։

Տեսքով նա հանգիստ էր թվում, ինչպես միշտ, միայն աչքերն էին շողում արտասովոր, ասես տենդային շողով։ Դեմքը սովորականից գունատ էր, շուրթերը պինդ սեղմված, իսկ խոսքը հնչում էր կարճ ու բեկբեկուն, դրսևորելով նրա մեջ եռացող մռայլ զգացմունքները։

Քանի դեռ Ֆելտոնը գտնվում էր նավից դեպի ափ տանող մակույկի մեջ, աչքը չէր հեռացնում միլեդիից, որը տախտակամածին կանգնած՝ ուղևորում էր նրան իր հայացքով։ Նրանք երկուսն էլ արդեն համարյա չէին վախենում հետապնդումից, սովորաբար առավոտյան ժամը իննից շուտ միլեդիի սենյակը չէին մտնում, իսկ Լոնդոնից ամրոց երեք ժամվա ճանապարհ էր։

Ֆելտոնն ափ իջավ, բլրի լանջով բարձրացավ մի ժայռի գլուխ, վերջին անգամ ողջույնի նշան արավ միլեդիին և շուռ եկավ դեպի քաղաք։

Ճանապարհը ափից շարունակ ցած էր իջնում, և երբ Ֆելտոնը մի հարյուր քայլ հեռացավ, արդեն միայն նավի կայմերն էին երևում։

Նա շտապեց դեպի Պորտսմուտ, որի աշտարակներն ու տները վաղորդյան մշուշի մեջ երևում էին մոտ կես մղոն հեռավորության վրա։

Պորտսմուտի այն կողմը ծովը ծածկված էր նավերով։ Նրանց կայմերը, որոնք ասես ձմեռվա շնչից մերկացած կաղամախիներ լինեին, օրորվում էին քամու առաջ։

Արագ֊արագ առաջ քայլելով՝ Ֆելտոնը մտքում թվում էր այն բոլոր մեղադրանքները, ճիշտ թե սխալ, որ կային Հակոբ VI֊ի և Կառլոս I֊ի ֆավորիտի դեմ, և՛ նրանք, որ կուտակվել էին Ֆելտոնի մեջ երկար տարիների մտորումների հետևանքով, և՛ նրանք, որ բարդում էին Բեկինգհեմի վրա պուրիտանները, որոնց շրջանում շատ էր եղել նա։

Համեմատելով այդ մինիստրի հրապարակային հանցագործությունները, որոնք աղմուկ էին հանել և, եթե կարելի է այսպես ասել, եվրոպական բնույթ էին կրում, համեմատելով դրանք նրա մասնավոր, ամենքին անհայտ հանցագործությունների հետ, որոնց մեջ մեղադրում էր նրան միլեդին, Ֆելտոնը գալիս էր այն եզրակացության, որ Բեկինգհեմի մեջ ապրող երկու մարդուց ավելի շատ մեղավորը նա է, որի կյանքը անհայտ է մնացել լայն հասարակությանը։ Բանն այն է, որ Ֆելտոնի սերը, որ այնքան տարօրինակ էր, անակնկալ ու բռնկուն, վիթխարի չափերով էր ցույց տալիս լեդի Վինտերի շարած ստոր ու մտացածին մեղադրանքները, ինչպես փոշու հատիկը, որն իրականում նույնիսկ մրջյունի համեմատությամբ հազիվ նկատելի է աչքի համար, խոշորացույցի տակ մեզ երևում է մի զարհուրելի հրեշ։

Արագ քայլելուց նա ավելի ու ավելի էր բորբոքվում։ Այն միտքը, որ իր հետևում սոսկալի վրեժի վտանգին ենթակա մնացել է մի կին, որին ինքը սիրում էր, ավելի ճիշտ՝ պաշտում սրբի պես, վերջին օրերին իր ապրած հուզմունքը, իր հոգնածությունը, այս ամենը նրան հասցնում էր հոգեկան մեծագույն վերելքի վիճակին։

Նա Պորտսմուտ հասավ առավոտյան ժամը ութին մոտ։ Քաղաքի ամբողջ բնակչությունը ոտքի վրա էր։ Փողոցներում ու նավահանգստում թմբուկներ էին զարկում։ Մեկնող զորքերը շարժվում էին դեպի ծով։

Ֆելտոնը ծովակալության շեմքին մոտեցավ ամբողջովին փոշոտված ու քրտնմխած։ Նրա դեմքը, որ սովորաբար գունատ էր լինում, կարմրել էր շոգից ու զայրույթից. ժամապահը չէր ուզում ներս թողնել նրան, բայց Ֆելտոնը կանչեց պահակապետին և գրպանից հանելով իր բերած հրամանը՝ ասաց.

— Շտապ հանձնարարություն է լորդ Վինտերից։

Լսելով լորդ Վինտերի անունը, որը, ինչպես բոլորին հայտնի էր, նորին պայծառափայլության ամենամտերիմ անձերից մեկն էր, պահակապետը հրամայեց ներս թողնել Ֆելտոնին, մանավանդ որ նա ծովային սպայի համազգեստով էր։

Հենց այն պահին, երբ նա մտնում էր նախասրահ, շնչասպառ այնտեղ մտավ նույնպես ամբողջովին փոշով ծածկված մի մարդ, որի փոստային ձին հազիվ արտասանդուղքին հասնելով՝ ծնկների վրա էր ընկել հոգնածությունից։

Ֆելտոնն ու անծանոթը միաժամանակ դիմեցին սենեկապետ Պատրիկին, որը դքսի լիակատար վստահությունն էր վայելում։

Ֆելտոնն ասաց, որ իրեն ուղարկել է բարոն Վինտերը, իսկ անծանոթը հրաժարվեց ասել, թե ով է ուղարկել իրեն և հայտարարեց, որ իր անունը տալ կարող է միայն դքսին։ Նրանցից յուրաքանչյուրը պնդում էր, որ ինքն առաջինը ներկայանա դքսին։

Պատրիկը գիտեր, որ լորդ Վինտերը դքսի հետ կապված է ոչ միայն պաշտոնական, այլև բարեկամական կապերով, ուստի առաջնությունը տվեց նրան, ով ներկայացրել էր լորդ Վինտերի անունից։ Մյուս սուրհանդակը ստիպված եղավ սպասել և երևում էր, թե ինչպես է նա նզովում իր այդ ուշացումը։

Սենեկապետը Ֆելտոնի հետ անցավ մի մեծ դահլիճով, որտեղ ընդունելության էր սպասում Լա֊Ռոշելի պատվիրակությունը՝ իշխան Սուբիզի գլխավորությամբ, և տարավ նրան դեպի այն սենյակը, որտեղ Բեկինգհեմը հենց նոր լոգանք ընդունելուց հետո ավարտում էր իր հարդարանքը, որին, ինչպես միշտ, նա մեծ ուշադրություն էր դարձնում։

— Լեյտենանտ Ֆելտոն,— զեկուցեց Պատրիկը։— Եկել է լորդ Վինտերի հանձնարարությամբ։

— Լորդ Վինտերի հանձնարարությա՞մբ,— կրկնեց Բեկինգհեմը։— Ներս թողեք։

Ֆելտոնը ներս մտավ։ Բեկինգհեմն այդ նույն պահին բազմոցի վրա նետեց ոսկեհյուս շքեղ խալաթը և սկսեց հագնել կապույտ թավշե կամզոլը, որն ամբողջովին մարգարիտներով էր զարդարված։

— Ինչո՞ւ բարոնն ինքը չի եկել,— հարցրեց Բեկինգհեմը։— Այսօր առավոտյան ես սպասում էի նրան։

— Նա ինձ հանձնարարել է հաղորդել ձերդ պայծառափայլությանը,— պատասխանեց Ֆելտոնը,— թե շատ է ցավում, որ չի կարող ձեզ ներկայանալու պատիվն ունենալ, որովհետև ստիպված է ինքն անձամբ հսկել պահակությանն ամրոցում։

— Այո, այո, գիտեմ։ Նա մի կալանավորուհի ունի։

— Հենց այդ կալանավորուհու մասին էլ ես ուզում էի խոսել ձերդ պայծառափայլության հետ։

— Դե, խոսեցեք։

— Այն, ինչ ես ասելու եմ, միլորդ, ոչ ոք չպետք է լսի բացի ձեզնից։

— Թողեք մեզ, Պատրիկ,— հրամայեց Բեկինգհեմը,— բայց եղեք մոտերքում, որպեսզի իմ զանգի ձայնին իսկույն ներկայանաք։ Ես հիմա կկանչեմ ձեզ։

Պատրիկը դուրս գնաց։

— Մենք մենակ ենք, պարոն,— ասաց Բեկինգհեմը։— Խոսեցեք։

— Միլորդ, մի քանի օր առաջ բարոն Վինտերը ձեզ գրել ու խնդրել է ստորագրել մի հրաման, որ վերաբերում է Շառլոտա Բաքսոն անունով մի երիտասարդ կնոջ։

— Այո, պարոն, և ես նրան պատասխանեցի, որ ինքը բերի կամ ուղարկի այդ հրամանը, և ես կստորագրեմ այն։

— Ահա այն, միլորդ։

— Տվեք։

Դուքսը Ֆելտոնի ձեռքից վերցրեց թուղթը, աչքի անցկացրեց այն։ Համոզվելով, որ դա հենց այն հրամանն է, որի մասին իրեն հաղորդել է լորդ Վինտերը, դրեց սեղանին և գրիչը վերցրեց՝ պատրաստվելով ստորագրել այն։

— Ներեցեք, միլորդ,— ասաց Ֆելտոնը՝ ետ պահելով դքսին,— բայց հայտնի է արդյոք ձերդ պայծառափայլությանը, որ Շառլոտա Բաքսոնը այդ երիտասարդ կնոջ իսկական անունը չէ։

— Այո, պարոն, այդ ինձ հայտնի է,— պատասխանեց դուքսը և գրիչը թրջեց թանաքի մեջ։

— Նշանակում է ձերդ պայծառափայլությունը գիտե՞ նրա իսկական անունը։

— Այո, գիտեմ։

Դուքսը գրիչը մոտեցրեց թղթին։ Ֆելտոնը սփրթնեց։

— Եվ այդ իսկական անունը իմանալով, այնուամենայնիվ, ձերդ պայծառափայլությունը կստորագրի՞ այդ հրամանը։

— Իհարկե, և առանց տատանվելու։

— Ես չե՛մ կարող հավատալ,— ավելի ևս կտրուկ ու բեկբեկուն ձայնով շարունակեց Ֆելտոնը,— թե ձերդ պայծառափայլությանը հայտնի է, որ խոսքը վերաբերում է, լեդի Վինտերին...

— Ինձ այդ շատ լավ հայտնի է, բայց ինձ զարմացնում է, թե դո՞ւք ինչպես կարող եք իմանալ այդ։

— Եվ դուք, ձերդ պայծառափայլություն, առանց խղճի խայթի կստորագրե՞ք այդ հրամանը։

Բեկինգհեմը գոռոզաբար նայեց երիտասարդին։

— Սակայն, պարոն, դուք տարօրինակ հարցեր եք տալիս ինձ, և ես շատ զիջողաբար եմ վարվում պատասխանելով ձեզ։

— Պատասխանեցե՛ք, ձերդ պայծառափայլություն,— ասաց Ֆելտոնը։— Դրությունը շատ ավելի լուրջ է, քան, գուցե, կարծում եք դուք։

Բեկինգհեմը մտածեց, որ լորդ Վինտերի հանձնարարությամբ ներկայացած երիտասարդը, իհարկե, նրա անունից էլ խոսում է, և մեղմացավ։

— Առանց խղճի որևէ խայթի,— ասաց նա։— Բարոնին, ինչպես և ինձ հայտնի է, որ միլեդի Վինտերը մեծ ոճրագործ է, և որ նրա պատիժը աքսորով սահմանափակելը համարյա հավասարազոր է նրան՝ ներում շնորհելուն։

Դուքսը գրիչը դիպցրեց թղթին։

— Դուք չե՛ք ստորագրի այդ հրամանը, միլորդ,— գոչեց Ֆելտոնը մի քայլ անելով դեպի դուքսը։

— Ես չե՞մ ստորագրի հրամանը,— զարմացավ Բեկինգհեմը։— Իսկ ինչո՞ւ։

— Որովհետև դուք կնայեք ձեր հոգու խորքը և կզգաք միլեդիի արդարությունը։

— Արդարությունը պահանջում էր նրան ուղարկել Տայբերն։ Միլեդին սրիկա կին է։

— Ձերդ պայծառափայլություն, միլեդին հրեշտակ է, դուք այդ լավ գիտեք, և ես խնդրում եմ ազատություն տալ նրան։

— Դուք խելագարվե՜լ եք։ Ինչպե՞ս եք համարձակվում այդպես խոսել ինձ հետ։

— Ներեցեք ինձ, միլորդ, ես խոսում եմ, ինչպես որ կարող եմ, ես աշխատում եմ զսպել ինձ։ Բայց մտածեցեք, միլորդ, թե ինչ եք մտադիր անել դուք և զգուշացեք չափն անցնելուց։

— Ինչպե՜ս... Ողորմա՜ծ աստված,— զարմացավ Բեկինգհեմը։—Սա կարծես սպառնում է ինձ։

— Ոչ, միլորդ, ես դեռևս խնդրում և ասում եմ ձեզ. բավական է մի կաթիլ ևս, որպեսզի բաժակը լցվի, մի փոքրիկ մեղք կարող է պատիժ թափել այն մարդու գլխին, որին դեռևս խնայել է ամենաբարձրյալը, չնայած նրա բոլոր ոճիրներին։

— Պարոն Ֆելտոն, բարի եղեք դուրս գալ այստեղից և անհապաղ գնալ կալանքի,— հրամայեց Բեկինգհեմը։

— Բարի եղեք լսել ինձ մինչև վերջ, միլորդ։ Դուք գայթակղել եք այդ դեռատի աղջկան, դուք դաժանորեն վիրավորել եք նրան, արատավորել նրա պատիվը։ Վերացրեք այն չարիքը, որ պատճառել եք դուք, թողեք, որ նա անարգել գնա, և ես ուրիշ ոչինչ չեմ պահանջի ձեզն։

— Ուրիշ ոչինչ չե՞ք պահանջի,— ասաց Բեկինգհեմը՝ զարմացած նայելով Ֆելտոնին և ամեն մի բառը շեշտելով։

— Միլորդ,— շարունակեց Ֆելտոնը՝ ավելի ու ավելի տաքանալով,— զգուշացեք, միլորդ, ամբողջ Անգլիան հոգնել է ձեր անօրինություններից։ Միլորդ, դուք ի չարը գործադրեցիք արքայական իշխանությունը, որ համարյա հափշտակել եք բռնությամբ։ Միլորդ, դուք զզվանք եք ներշնչում և՛ մարդկանց, և՛ աստծուն։ Աստված ձեզ կպատժի հետագայում, իսկ ես ձեզ կպատժեմ այսօր։

— Այդ արդեն չափից դո՛ւրս է,— գոռաց Բեկինգհեմը և մի քայլ արեց դեպի դուռը։

Ֆելտոնը փակեց նրա ճանապարհը։

— Խոնարհաբար խնդրում եմ ձեզ,— ասաց նա,— հրաման ստորագրեցեք լեդի Վինտերի ազատման մասին։ Հիշեցեք, դա այն կինն է, որին դուք անպատվել եք։

— Դո՛ւրս կորեք, պարո՛ն, թե չէ ես պահակներ կկանչեմ և կհրամայեմ շղթայակապ անել ձեզ։

— Դուք ոչ ոքի չեք կանչի,— ասաց Ֆելտոնը նետվելով դքսի և այն զանգակի միջև, որ դրված էր արծաթազարդ փոքրիկ սեղանին։— Զգուշացե՛ք, միլորդ, այժմ դուք Աստծու ձեռքում եք։

— Սատանայի ձեռքում, ուզում եք ասել դուք,— գոչեց Բեկինգհեմը ձայնը բարձրացնելով, որպեսզի գրավի հարևան սենյակում գտնվող մարդկանց ուշադրությունը, սակայն դեռևս ուղղակի օգնության չկանչելով նրանց։

— Ստորագրեցեք, միլորդ, հրամանը ստորագրեցեք լեդի Վինտերի ազատման մասին,— պնդում էր Ֆելտոնը՝ մի ինչ֊որ թուղթ մեկնելով դքսին։

— Դուք ուզում եք հարկադրե՞լ ինձ։ Դուք ծիծաղո՞ւմ եք ինձ վրա։ Է՜յ, Պատրի՛կ։

— Ստորագրեք, միլո՛րդ։

— Երբե՛ք։

— Երբե՞ք։

— Օգնեցե՜ք,— գոռաց դուքսը և վրա թռավ իր սուսերին։

Սակայն Ֆելտոնը սուսերը մերկացնելու ժամանակ չտվեց, նա ծոցում պահած ուներ այն դանակը, որով միլեդին վիրավորել էր ինքն իրեն, և մի ոստյունով հարձակվեց դքսի վրա։

Այդ րոպեին կաբինետ մտավ Պատրիկը և գոչեց.

— Միլո՛րդ, Ֆրանսիայից նամակ։

— Ֆրանսիայի՞ց,— գոչեց Բեկինգհեմը, մոռանալով աշխարհում ամեն բան և մտածելով միայն, թե ումից է այդ նամակը։

Ֆելտոնն օգտվեց այդ ակնթարթից և դանակը նրա կողը խրեց մինչև դաստակը։

— Ա՜, դավաճա՜ն,— աղաղակեց Բեկինգհեմը։— Դու սպանեցիր ինձ...

— Սպանությո՜ւն,— գոռաց Պատրիկը։

Ֆելտոնը փորձելով թաքնվել շուրջը նայեց և տեսնելով, որ դուռը բաց է, նետվեց հարևան դահլիճը, որտեղ, ինչպես արդեն ասել ենք, ընդունելության էր սպասում Լա֊Ռոշելի պատվիրակությունը, վազելով անցավ այդ դահլիճը և սլացավ դեպի սանդուղքը, բայց հենց առաջին աստիճանին՝ դեմ առավ լորդ Վինտերին։ Տեսնելով Ֆելտոնի մահվան գունատությունը, նրա մոլոր հայացքը և ձեռքերի ու երեսի արյան բծերը՝ լորդ Վինտերը բռնեց նրա կոկորդից ու գոռաց.

— Ես այդ գիտեի։ Ես գլխի ընկա, բայց, ավա՜ղ, մի րոպե ավելի ուշ, քան հարկավոր էր։ Օ՜, թշվառ եմ ես, թշվա՜ռ։

Ֆելտոնը ոչ մի դիմադրություն ցույց չտվեց։ Լորդ Վինտերը նրան հանձնեց պահակախմբի ձեռքը, որը հետագա կարգադրությունների սպասելով՝ Ֆելտոնին տարավ դեպի ծովը նայող փոքրիկ տերասը, իսկ լորդ Վինտերը շտապեց Բեկինգհեմի կաբինետ։

Դքսի աղաղակի և Պատրիկի կանչի վրա կաբինետ վազեց այն մարդը, որին Ֆելտոնը հանդիպել էր նախասրահում։

Դուքսը պառկած էր բազմոցի վրա և ձեռքով ջղաձգաբար սեղմում էր վերքը։

— Լա Պորտ,— ասաց դուքսը մեռնողի ձայնով,— Լա Պորտ, դու նրա՞ կողմից ես եկել։

— Այո, ձերդ պայծառափայլություն,— պատասխանեց Աննա Ավստրիացու հավատարիմ ծառան,— բայց կարծես ուշացել եմ։

— Կամաց, Լա Պորտ, ձեզ կարող են լսել. Պատրիկ, ոչ ոքի ներս չթողնեք։ Ա՜խ, ես այնպես էլ չեմ իմանա, թե ինչ է հրամայել նա հաղորդել ինձ։ Աստվա՜ծ իմ, ես մեռնում եմ։

Եվ դուքսը ուշաթափվեց։

Մինչ այդ լորդ Վինտերը, Լա֊Ռոշելի պատվիրակները, էքսպեդիցիոն զորքերի պետերն ու սպաները և Բեկինգհեմի շքախմբի սպաները խառնամբոխ մտան սենյակ։ Ամենուրեք հուսահատական աղաղակներ էին լսվում։ Տխուր նորությունը, որ պալատը լցրել էր ախուվախով և ողբ ու կոծով, շուտով դուրս եկավ պալատի սահմաններից և տարածվեց քաղաքում։

Թնդանոթի կրակոցն ազդարարեց, որ տեղի է ունեցել կարևոր ու անսպասելի մի բան։

Լորդ Վինտերը փետում էր իր մազերը։

— Մի րոպե ուշացա,— գոռում էր նա։— Միայն մի րոպե, օ՜, Աստվա՜ծ իմ։ Ինչպիսի՜ դժբախտություն։

Իսկապես, առավոտյան ժամը յոթին նրան զեկուցել էին, որ ամրոցի լուսամուտներից մեկի վանդակից պարանե սանդուղք է կախված։ Նա իսկույն նետվել էր միլեդիի սենյակը և տեսել, որ սենյակը դատարկ է, լուսամուտը բաց, վանդակի ճաղերը կտրտված։ Նա հիշել էր դ'Արտանյանի բանավոր նախազգուշացումը, որ հաղորդել էր նրա սուրհանդակը, սիրտը դող էր ընկել դքսի համար, վազել էր ախոռ և առանց սպասելու, որ ձի թամբեն, հեծել էր առաջին իսկ հանդիպած ձին, սլացել ծովակալություն և նրա բակում ցած ցատկելով՝ վեր էր վազել սանդուղքով, որտեղ, ինչպես արդեն ասացինք, աստիճանների վրա հանդիպել էր Ֆելտոնին։

Բայց դուքսը դեռ կենդանի էր. նա ուշքի եկավ, աչքերը բացեց, և բոլոր շրջապատողների սրտում հույսի նշույլ ծագեց։

— Պարոններ,— ասաց նա,— ինձ մենակ թողեք Լա Պորտի և Պատրիկի հետ... Ա՜, այդ դո՞ւք եք, Վինտեր։ Այսօր առավոտյան դուք ինչ֊որ տարօրինակ խելացնոր մարդ էիք ուղարկել ինձ մոտ, տեսեք ինչ արեց նա ինձ։

— Օ՜, միլորդ,— գոչեց բարոնը,— ես հավիտյանս անմխիթար կմնամ։

— Եվ իրավացի չես լինի, սիրելի Վինտեր,— առարկեց Բեկինգհեմը՝ ձեռքը մեկնելով նրան։— Ես չեմ ճանաչում ոչ մի մարդու, որն արժանի լիներ, որ մի ուրիշ մարդ իր ամբողջ կյանքում ողբար նրա կորուստը... Բայց, թող մեզ մենակ, խնդրում եմ քեզ։

Բարոնը հեկեկալով դուրս գնաց։

Սենյակում մնացին միայն վիրավոր դուքսը, Լա Պորտը և Պատրիկը։

Դքսի մերձավորները որոնում էին բժշկին և չէին կարողանում գտնել նրան։

— Դուք կապրեք, միլորդ, դուք կապրեք,— բազմոցի առաջ ծունկ չոքած կրկնում էր Աննա Ավստրիացու հավատարիմ ծառա Լա Պորտը։

— Ի՞նչ է գրում նա ինձ,— նվազ ձայնով հարցրեց Բեկինգհեմը։ Արնաքամ լինելով՝ նա հաղթահարում էր դաժան ցավը, որպեսզի խոսի նրա մասին, ում սիրում էր։— Ի՞նչ է գրում նա ինձ։ Կարդացեք ինձ նրա նամակը։

— Ինչպե՞ս կարելի է, միլորդ,— վախեցավ Լա Պորտը։

— Կատարիր ասածս, Լա Պորտ։ Մի՞թե չես տեսնում, որ ես չեմ կարող ժամանակ կորցնել։

Լա Պորտը կնիքը կոտրեց և նամակը մոտեցրեց Բեկինգհեմի աչքերին, սակայն դուքսն իզուր էր փորձում գրածը կարդալ։

— Դե կարդա՛,— հրամայեց նա,— կարդա, ես այլևս չեմ տեսնում։ Կարդա։ ՉԷ՞ որ շուտով երևի կդադարեմ լսել և կմեռնեմ, առանց իմանալու, թե ինչ է գրել նա ինձ։

Լա Պորտն այլևս չառարկեց և կարդաց.

«Միլորդ.

Պաղատում եմ ձեզ ի սեր այն ամենի, ինչ ես ձեզ ճանաչելուց հետո կրել ու ապրել եմ ձեզ համար, ձեր պատճառով, եթե ձեզ համար թանկ է իմ հանգիստը, դադարեցրեք ձեր ծավալուն սպառազինությունները Ֆրանսիայի դեմ և վերջ տվեք պատերազմին, որի մասին բացարձակորեն ասում են, որ կրոնը սոսկ առերևույթ պատճառ է, իսկ գաղտուկ պնդում են, թե նրա իսկական պատճառը ձեր սերն է իմ նկատմամբ։ Այս պատերազմը ո՛չ միայն մեծ աղետներ կարող է բերել Ֆրանսիային ու Անգլիային, այլև կարող է դժբախտություն բերել ձեզ, միլորդ, որն ինձ անմխիթար կդարձնի։

Պահպանեցեք ձեր կյանքը, որին վտանգ է սպառնում և որն ինձ համար թանկագին կլինի այն պահից, երբ ես ստիպված չեմ լինի ձեր մեջ թշնամի տեսնելու։

։։։։։։։։։։Ձեզ համակրող

։։։։։։։։։։Աննա»։

Բեկինգհեմը հավաքեց իր ուժերի մնացորդները, որպեսզի լսի այդ նամակը։ Ապա, երբ նամակը կարդացված էր, նա հարց տվեց այնպես, ասես այդ նամակը դառն հիասթափություն էր պատճառել նրան։

— Մի՞թե դուք ոչինչ չունեք ինձ բանավոր հաղորդելու, Լա Պորտ։

— Ինչպես չէ, ձերդ պայծառափայլություն, թագուհին ինձ հանձնարարեց ասել, որ դուք զգույշ լինեք. նրան նախազգուշացրել են, որ ձեզ սպանել են ուզում։

— Միայն ա՞յդ... Ուրիշ ոչի՞նչ...— անհամբերությամբ հարցնում էր Բեկինգհեմը։

— Նա ինձ նաև հանձնարարեց ասել, որ ինքը առաջվա պես սիրում է ձեզ։

— Ա՜խ, փա՜ռք Աստծու,— գոչեց Բեկինգհեմը։— Նշանակում է նա իմ մահվանն անտարբեր չի վերաբերվի...

Լա Պորտն արտասվեց։

— Պատրիկ,— ասաց դուքսը,— բերեք ինձ այն արկղիկը, որի մեջ ադամանդե զարդն էր պահվում։

Պատրիկը բերեց, և Լա Պորտը ճանաչեց, որ դա պատկանում էր թագուհուն։

— Իսկ հիմա բեր սպիտակ ատլասե տոպրակը, որի վրա մարգարիտներով նրա վենզելն է ասեղնագործված։

Պատրիկը կատարեց նաև այդ հրամանը։

— Վերցրեք, Լա Պորտ,— ասաց Բեկինգհեմը,— ահա նրա համակրանքի միակ հավաստիքր, որ ստացել եմ նրանից. այս արկղիկը և այս երկու նամակները։ Տվեք սրանք նորին մեծություն թագուհուն և, որպես վերջին հիշատակ իմ մասին... (նա աչքերով իր շուրջը որոնեց որևէ թանկարժեք բան)... միացրեք դրան...— Նա նորից սկսեց հայացքով որոնել, բայց նրա մահամերձ մթագնած հայացքը տեսավ միայն դանակը, որ ընկել էր Ֆելտոնի ձեռքից և որի շեղբին քսված կարմիր արյունից դեռ գոլորշի էր բարձրանում...— միացրեք այն դանակը,— ավելացրեց նա և սեղմեց Լա Պորտի ձեռքը։

Նա կարողացավ նաև տոպրակը դնել արկղիկի մեջ և այնտեղ գցեց դանակը, նշանով ցույց տալով Լա Պորտին, որ այլևս խոսել չի կարող։ Այնուհետև, ընկնելով մահվան ջղաձգության մեջ, որ այլևս հաղթահարել չէր կարող, նա բազմոցից գլորվելով ընկավ հատակին։

Պատրիկը բարձր ճիչ արձակեց։

Բեկինգհեմը ուզեց վերջին անգամ ժպտալ, սակայն մահն ընդհատեց նրա միտքը, և ժպիտը տպվեց նրա շուրթերին՝ որպես սիրո վերջին համբույր։

Այդ պահին հուզված ներս մտավ դքսի բժիշկը. արդեն ծովակալի նավի վրա էր եղել, և նրան կանչելու համար մարդ էին ուղարկել այնտեղ։

Բժիշկը մոտեցավ դքսին, նրա ձեռքը առավ իր ձեռքի մեջ, մի րոպե պահեց և ցած թողեց։

— Ամեն ինչ անօգուտ է,— ասաց նա,— դուքսը մեռել է։

— Մեռա՜վ, մեռա՜վ,— գոռաց Պատրիկը։

Նրա աղաղակի վրա ամբողջ բազմությունը լցվեց սենյակ, և ամենուրեք տիրեց հուսահատություն, դառը վիշտ ու շփոթություն։

Հենց որ լորդ Վինտերը տեսավ, որ Բեկինգհեմը շունչը փչեց, նետվեց Ֆելտոնի մոտ, որին զինվորները առաջվա պես դեռ պահում էին պալատի տերասում։

— Սրիկա՛,— ասաց նա երիտասարդ սպային, որը Բեկինգհեմի մահից հետո նորից դարձել էր հանգիստ ու սառնարյուն և, ըստ երևույթին, այդպես էլ մնաց հետագայում։— Սրիկա, այս ի՜նչ արիր դու։

— Ես իմ վրեժը լուծեցի,— պատասխանեց Ֆելտոնը։

— Քո վրե՜ժը,— վրդովվեց բարոնը։— Ավելի լավ է ասա, որ դու գործիք դարձար այն նզովյալ կնոջ ձեռքում։ Բայց երդվում եմ, ահա, որ սա նրա վերջին չարագործությունը կլինի։

— Ես չեմ հասկանում, թե ինչ եք ուզում ասել դուք,— հանգիստ պատասխանեց Ֆելտոնը,— և չգիտեմ ում մասին եք խոսում դուք, միլորդ։ Ես դուքս Բեկինգհեմին սպանեցի նրա համար, որ նա երկու անգամ մերժեց ձեր խնդիրքը՝ ինձ կապիտանի աստիճան տալու մասին։ Ես պատժեցի նրան անարդարության համար, ուրիշ ոչինչ։

Վինտերը շշմած նայում էր Ֆելտոնին կապկպող զինվորներին և զարմանում նրա անզգայությունից։

Սակայն մի բան մռայլում էր Ֆելտոնի անվրդով դեմքը։ Երբ որևէ աղմուկ էր հասնում նրան, միամիտ պուրիտանին թվում էր, թե ինքը լսում է միլեդիի քայլերն ու ձայնը, կարծելով, թե նա եկել է իր գիրկը նետվելու, խոստովանելու իր մեղքը և մեռնելու նրա հետ միասին։

Հանկարծ նա ցնցվեց և հայացքը սևեռեց ծովի մի կետին. ծովը իր ամբողջ լայնությամբ փռվել էր նրա առաջ։ Ծովայինի արծվային հայացքով նա նկատեց այն, ինչ մի ուրիշ մարդ այդպիսի տարածության վրա ալիքների մեջ օրորվող ճայի տեղ կդներ. նա նկատեց դեպի Ֆրանսիայի ափերը գնացող նավի առագաստը։

Ֆելտոնը գունատվեց, ձեռքը սեղմեց սրտին, որը պատրաստ էր պայթելու, և հասկացավ միլեդիի ամբողջ դավաճանությունը։

— Մի վերջին ողորմածություն եմ խնդրում ձեզնից, միլո՛րդ,— դարձավ նա բարոնին։

— Ի՞նչ,— հարցրեց լորդ Վինտերը։

— Ասացեք ինձ, ո՞ր ժամն է։

Բարոնը ժամացույցը հանեց։

— Իննից տասը րոպե պակաս,— պատասխանեց նա։

Միլեդին մեկ ու կես ժամով շտապեցրել էր իր մեկնումը։ Հենց որ լսել էր ճակատագրական դեպքը ազդարարող թնդանոթաձգությունը, հրամայել էր խարիսխը քաշել։

Նավը լողում էր պարզ երկնքի տակ, ափից մեծ հեռավորության վրա։

— Այդպես էր աստծու կամքը,— ասաց Ֆելտոնը մոլեռանդի հնազանդությամբ, ուժ չունենալով, սակայն, հայացքը հեռացնել փոքրիկ նավից, և նրան թվում էր, թե տախտակամածի վրա նշմարում է այն կնոջ սպիտակ ուրվականը, որի համար ինքն իր կյանքն էր զոհելու։

Լորդ Վինտերը նայեց Ֆելտոնի հայացքի ուղղությամբ, ապա հարցական հայացք գցեց նրա տանջալից դեմքին և ամեն ինչ հասկացավ։

— Սկզբում դու մենակ պատիժ կկրես, սրիկա՛,— ասաց նա Ֆելտոնին, որը շարունակ ծովին նայելով հնազանդորեն ենթարկվում էր իրեն տանող զինվորներին,— բայց երդվում եմ եղբորս հիշատակով, որին ես ջերմորեն սիրում էի, որ քո դավակիցն էլ չի՛ կարող փրկվել։

Ֆելտոնը գլուխը կախ գցեց և ոչ մի խոսք չասաց։

Իսկ լորդ Վինտերը ցած վազեց սանդուղքով և շտապեց նավահանգիստ։

Comments