Chapter 57
Երկրորդ մաս XXVII. Դասական ողբերգության փորձված միջոցը
Մի րոպե լռությունից հետո, որի ժամանակ միլեդին աչքի տակով դիտում էր իր պատմությունն ունկնդրող երիտասարդին, նա շարունակեց.
— Համարյա երեք օր ես ոչինչ չէի կերել ու չէի խմել և ծանր տանջանքներ էի կրում, երբեմն ասես մի ինչ֊որ ամպ ճնշում էր ճակատս և աչքերս մթագնում, դա զառանցանքն էր սկսվում։
Վրա հասավ երեկոն։ Այնպես էի թուլացել, որ րոպե առ րոպե անզգա վիճակի մեջ էի ընկնում, և ամեն անգամ, երբ անզգայանում էի, շնորհակալություն էի հայտնում աստծուն, կարծելով, թե մեռնում եմ։
Այդպիսի մի ուշագնացության ժամանակ լսեցի, որ դուռը բացվեց, ես սարսափից ուշքի եկա։
Նա ներս մտավ մի մարդու հետ, որի երեսը ծածկված էր դիմակով։ Նա ինքն էլ երեսին դիմակ ուներ, բայց ես ճանաչեցի նրա քայլերը, ճանաչեցի նրա վեհաշուք տեսքը, որով դժոխքը օժտել է նրան ի դժբախտություն մարդկության։
«Դեհ, ինչպե՞ս,— հարցրեց նա ինձ,— համաձա՞յն եք արդյոք տալու այն երդումը, որ ես պահանջում էի ձեզնից»։
«Դուք ինքներդ ասացիք, որ պուրիտանները հավատարիմ են իրենց խոսքին։ Դուք լսեցիք, որ ես խոսք տվի այստեղ, երկրի վրա ձեզ հանձնել մարդկային դատաստանին, իսկ այն աշխարհում՝ Աստծու դատաստանին»։
«Ուրեմն դուք համառո՞ւմ եք»։
«Երդվում եմ աստծու առաջ, որը լսում է ինձ, ես ամբողջ աշխարհը կվկայակոչեմ ձեր ոճրագործությանը և կվկայակոչեմ այնքան ժամանակ, մինչև որ վրեժ լուծող մարդ կգտնեմ»։
«Դուք անառա՛կ կին եք,— գոռաց նա բարձր ձայնով,— և կենթարկվեք այն պատժին, որ դրվում է այդպիսի կանանց վրա։ Խարանված լինելով աշխարհի աչքի առաջ, որին դիմում եք դուք, դե փորձեցեք ապացուցել այդ աշխարհին, որ դուք ոճրագործ չեք և խելագար չեք»։
Ապա նա դարձավ դիմակավոր մարդուն։
«Դահի՜ճ, կատարիր քո գործը»,— հրամայեց նա։
— Օ՜, նրա անունը, ի՞նչ է նրա անունը,— գոչեց Ֆելտոնը։— Ասացե՛ք ինձ նրա անունը։
— Եվ ահա, չնայած իմ ճիչերին, չնայած իմ դիմադրությանը (ես սկսել էի հասկանալ, որ մահից ավելի ծանր դժբախտություն է կանգնած իմ առաջ), դահիճը բռնեց ինձ, գետին տապալեց ու ճզմեց իր ձեռքերի տակ։ Ես խեղդվում էի հեկեկանքից, համարյա անզգայացել էի, օգնության էի կանչում աստծուն, որը չէր լսում իմ պաղատանքը... Եվ հանկարծ ես ցավի ու ամոթի մի հուսակտուր ճիչ արձակեցի. դահճի շիկացած երկաթը կպավ իմ ուսին։
Ֆելտոնը սպառնալից ճիչ արձակեց։
— Նայեցեք,— ասաց միլեդին և վեր կացավ թագուհու վեհաշուք տեսքով,— նայեցեք, Ֆելտոն, ինչպիսի նոր տանջանք են հնարել մի դեռատի անմեղ աղջկա համար, որը չարագործի բռնության զոհ է դարձել։ Սովորեցեք ճանաչել մարդկանց սիրտը և այսուհետև առանց մտածելու անարդար վրեժխնդրության գործիք մի դարձեք։
Միլեդին արագ շարժումով բացեց իր հագուստը, պատռեց իր կուրծքը ծածկող բատիստը և շինծու ցասումից ու ամոթից շիկնելով՝ երիտասարդին ցույց տվեց անջնջելի կնիքը, որ անարգում էր այդ գեղեցիկ ուսը։
— Բայց ես այդտեղ շուշան եմ տեսնում,— զարմացավ Ֆելտոնը։
Ամբողջ ստորությունն էլ հենց դրա մեջ է,— պատասխանեց միլեդին։— Եթե սա անգլիական խարան լիներ... Հարկ կլիներ ապացուցել, թե ո՛ր դատարանն է ինձ դատապարտել խարանման, և ես կարող էի գանգատ տալ պետության բոլոր դատարաններին։ Բայց ֆրանսիական խարանը... Օ՜, դրանով ես խարանված էի անհուսալի կերպով։
Այս արդեն չափից ավելի էր Ֆելտոնի համար։
Գույնը գցած, անշարժացած, միլեդիի սոսկալի խոստովանությունից ճնշված, կուրացած այդ կնոջ գերբնական գեղեցկությունով, որն իր մերկությունը ցույց էր տալիս անպատկառությամբ, սակայն նա այդ ընդունում էր որպես նրա հոգու հատուկ վեհություն, Ֆելտոնը ծունկ չոքեց նրա առաջ, ինչպես անում էին առաջին քրիստոնյաները անարատ սուրբ նահատակների առաջ, որոնց քրիստոնեությունը հալածող կայսրերը կրկեսում գցում էին գազանների առաջ՝ արնածարավ ամբոխին զվարճություն պատճառելու համար։ Խարանը դադարել էր գոյություն ունենալ նրա համար, մնացել էր միայն գեղեցկությունը...
— Ներեցե՜ք, ներեցե՜ք,— գոչեց Ֆելտոնը։— Օ՜, ներեցեք ինձ։
Միլեդին նրա աչքերում կարդաց՝ սիրում եմ, սիրում եմ...
— Ներել ձե՞զ, ի՞նչը,— հարցրեց նա։
— Ներեցեք ինձ, որ ես հարել եմ ձեզ հալածողներին։
Միլեդին ձեռքը մեկնեց նրան։
— Այդպես չքնա՜ղ, այդպես ջահե՜լ,— գոչեց Ֆելտոնը՝ համբույրներով ծածկելով նրա ձեռքը։
Միլեդին ընծայեց նրան այնպիսի մի հայացք, որը ստրուկին թագավոր է դարձնում։
Ֆելտոնը պուրիտան էր, նա բաց թողեց այդ կնոջ ձեռքը և սկսեց համբուրել նրա ոտքերը։
Նա արդեն չէր սիրում, այլ աստվածացնում էր նրան։
Երբ հոգեկան զմայլանքի այդ ակնթարթն անցավ, երբ միլեդիին ասես վերադարձավ ինքնատիրապետումը, որ նա ոչ մի րոպե չէր կորցնում, երբ Ֆելտոնը տեսավ, թե ինչպես ամոթխածության վարագույրը նորից ծածկեց սիրո գանձը, որն այնպես խնամքով թաքցվում էր նրա հայացքից, որպեսզի ավելի բուռն փափագի այն, նա ասաց.
— Այժմ ինձ մնում է միայն մեկ բան հարցնել ձեզ, ի՞նչ է ձեր իսկական դահճի անունը։ Իմ կարծիքով միայն մեկն է եղել դահիճ, մյուսն հանդիսացել է նրա գործիքը, ուրիշ ոչինչ։ — Ինչպե՜ս, եղբայր իմ,— գոչեց միլեդին։—Դեռ հարկավոր է, որ ես քեզ ասե՞մ նրա անունը։ Իսկ ինքդ գլխի չընկա՞ր։
— Ուրեմն այդ նա՞ է,— հարցրեց Ֆելտոնը.— Դարձյա՞լ նա... ինչպե՜ս, ուրեմն իսկական հանցավորը...
— Իսկական հանցավորը Անգլիան ավերողն է, իսկական հավատացյալներին հալածողը, քանի֊քանի կանանց պատիվը հափշտակողը, նա, որն իր այլասերված սրտի քմահաճույքով մտադիր է այնքա՜ն անգլիացիների արյուն թափել, ով այսօր հովանավորում է բողոքականներին, իսկ վաղը կմատնի նրանց...
— Բեկինգհե՜մը։ Ուրեմն դա Բեկինգհեմն է,— ցասումով գոչեց Ֆելտոնը։
Միլեդին ձեռքերով ծածկեց երեսը, որպես թե ուժ չուներ տանելու այն ամոթալի հիշողությունը, որ առաջացրեց նրա մեջ այդ անունը։
— Բեկինգհեմը՝ այս հրեշտակային արարածի դահի՜ճ,— գոչեց Ֆելտոնը։— Եվ դո՛ւ, աստվա՛ծ, շանթ չտեղացիր նրա գլխին։ Եվ դու թույլ տվիր, որ նա մնա անվանի, մեծարված մարդ ու ամենազոր, որպեսզի կործանի մեզ բոլորիս։
— Աստված էլ երես է դարձնում նրանից, ով ինքն իրենից երես է դարձնում,— ասաց միլեդին։
— Նշանակում է նա ուզում է իր գլխին թափել այն պատիժը, որ արժանի է նզովյալներին,— ավելի ու ավելի բորբոքվելով շարունակեց Ֆելտոնը։— Ուզում է, որ մարդկային վրեժխնդրությունը որոշի երկնային արդարադատությունը։
— Մարդիկ վախենում ու խնայում են նրան։
— Օ՜, ես չեմ վախենում և չեմ խնայի նրան,— ասաց Ֆելտոնը։
Միլեդին զգաց, թե ինչպես իր սիրտը լցվեց ուրախությամբ։
— Բայց ինչպե՞ս է եղել, որ իմ հովանավորը, իմ հայրը, լորդ Վինտերը մասնակից է դարձել այդ ամենին,— հարցրեց Ֆելտոնը։
— Լսեցեք, Ֆելտոն, չէ՞ որ աշխարհում ստոր ու արգահատելի մարդկանց կողքին կան նաև ազնիվ ու մեծահոգի մարդիկ։ Ես ունեի մի փեսացու, մի մարդ, որին ես սիրում էի, և ինքն էլ սիրում էր ինձ... Ձեզ նման քաջարի սիրտ ուներ նա, Ֆելտոն, այնպիսի մարդ էր, ինչպես դուք։ Ես գնացի նրա մոտ և ամեն ինչ պատմեցի։ Նա ինձ ճանաչում էր և ոչ մի րոպե չտատանվեց։ Դա մի նշանավոր ազնվական էր, ամեն կողմից Բեկինգհեմին հավասար մի մարդ։ Նա ինձ ոչինչ չասաց, սուսերը կապեց, փաթաթվեց թիկնոցի մեջ և գնաց Բեկինգհեմի պալատը։
— Այո, այո, հասկանում եմ,— վրա բերեց Ֆելտոնը։— Թեև, երբ գործ ունես այդպիսի մարդկանց հետ, սուսեր հարկավոր չէ, այլ՝ դաշույն։
— Բեկինգհեմը մի օր առաջ որպես արտակարգ դեսպան գնացել էր Իսպանիա՝ արքայադստեր ձեռքը խնդրելու Կառլոս I թագավորի համար, որն այն ժամանակ դեռ Ուելսի իշխանն էր։ Իմ փեսացուն վերադարձավ դատարկաձեռն։ «Լսեցեք,— ասաց նա ինձ,— այդ մարդը գնացել է, և ես առայժմ վրեժ լուծել չեմ կարող։ Մինչև, նրա գալը մենք պսակվենք՝ ինչպես որոշել էինք, իսկ հետո ձեր հույսը դրեք լորդ Վինտերի վրա, որը կարող է պաշտպանել իր պատիվը և իր կնոջ պատիվը։
— Լորդ Վինտե՜ր,— գոչեց Ֆելտոնը։
— Այո, լորդ Վինտեր,— կրկնեց միլեդին։— Այժմ ձեզ համար ամեն ինչ հասկանալի է, այնպես չէ՞։ Բեկինգհեմը չվերադարձավ մոտ մեկ տարի։ Նրա վերադարձից մեկ շաբաթ առաջ լորդ Վինտերն անակնկալ վախճանվեց՝ թողնելով ինձ իր միակ ժառանգուհին։ Թե ով էր հասցրել այդ հարվածը, միայն ամենագետ աստծուն է հայտնի, ես ոչ ոքի չեմ մեղադրում...
— Օ՜, ստորության ինչպիսի՜ անդունդ,— զարհուրանքով գոչեց Ֆելտոնը։
— Լորդ Վինտերը մեռավ՝ առանց մի բան ասելու իր եղբորը։ Սոսկալի գաղտնիքը բոլորից ծածուկ պիտի մնար, մինչև որ նա չշանթահարեր մեղավորին։ Ձեր հովանավորի համար ցավալի էր, որ իր ավագ եղբայրը ամուսնացել է կայք ու կարողություն չունեցող մի ջահել աղջկա հետ։ Ես հասկացա, որ չեմ կարող հույսս դնել այն մարդու պաշտպանության վրա, որը հուսախաբ է եղել ժառանգություն ստանալու իր սպասումներում։ Մեկնեցի Ֆրանսիա՝ հաստատ որոշելով այնտեղ անցկացնել իմ կյանքի մնացորդը։ Բայց իմ ամբողջ կարողությունն Անգլիայումն է։ Պատերազմի պատճառով երկու պետությունների միջև հաղորդակցությունը դադարեց. ես կարիքի մեջ ընկա և ստիպված եղա վերադառնալ այստեղ։ Վեց օր առաջ ափ իջա Պորտսմուտում։
— Հետո՞,— հարցրեց Ֆելտոնը։
— Հետո՞։ Հավանորեն Բեկինգհեմն իմացել է իմ գալը, խոսել է լորդ Վինտերի հետ, որն առանց այդ էլ վատ էր տրամադրված իմ նկատմամբ և ասել է նրան, թե նրա հարսը հասարակաց կին է, խարանված ոճրագործ։ Ամուսինս այլևս ողջ չէ, որպեսզի իր ազնիվ ու արդար ձայնը բարձրացնի ինձ պաշտպանելու համար։ Լորդ Վինտերը հավատացել է նրա բոլոր ասածներին և առանձնապես սիրով է հավատացել, քանի որ այդ ձեռնտու է իրեն։ Նա հրամայել է ինձ ձերբակալել ու բերել այստեղ և ահա հանձնել է ձեր հսկողությանը։ Մնացածը ձեզ հայտնի է. երկու օր հետո նա ինձ աքսորում է այստեղից, երկու օր հետո նա ինձ հավիտենապես թշվառության է մատնում։ О՜, հավատացեք, այս չար մտադրությունը շատ լավ է ծրագրված։ Ցանցը հյուսված է շատ վարպետորեն և իմ պատիվը խորտակված է։ Դուք ինքներդ տեսնում եք, Ֆելտոն, որ ինձ հարկավոր է մեռնել։ Ուրեմն տվեք ինձ դանակը, Ֆելտոն։
Այս ասելով միլեդին ասես ուժասպառ ու թուլացած ընկավ երիտասարդ սպայի գիրկը։ Ֆելտոնը, սիրուց, ցասումից և մինչ այդ իրեն անծանոթ հաճույքից հարբած՝ բերկրանքով գրկեց նրան ու սեղմեց իր սրտին, դողալով այդ չքնաղ բերանի շնչառությունից, խելակորույս լինելով այդ ալեկոծվող կրծքի հպումից։
— Ո՛չ, ո՛չ,— գոչեց նա։— Ո՛չ, դու պետք է ապրես բոլորից հարգված ու անբիծ, դու պետք է ապրես, որպեսզի տոնես քո թշնամիների դեմ տարած հաղթանակը։
Միլեդին հրեց նրան ձեռքի դանդաղ շարժումով, միաժամանակ հրապուրելով նրան իր հայացքով։ Բայց Ֆելտոնը նորից իր գիրկն առավ նրան, և նրա աչքերը աղոթում էին միլեդիին որպես աստվածության։
— Ա՜խ, մա՛հ, մա՛հ,— ասաց միլեդին՝ իր ձայնին տալով հոգնատանջ արտահայտություն և աչքերը փակելով։— Ա՜խ, ավելի լավ է մահ, քան խայտառակություն։ Ֆելտոն, եղբայր իմ, բարեկամս, աղաչում եմ։
— Ո՛չ,— գոչեց Ֆելտոնը։— Ո՛չ, դու պետք է ապրես, և պետք է ապրես վրեժդ առած։
— Ֆելտոն, իմ շրջապատին ես դժբախտություն եմ բերում։ Թող ինձ, Ֆելտոն։ Թող որ ես մեռնեմ։
— Եթե այդպես է, մենք կմեռնենք միասին,— ասաց Ֆելտոնը՝ համբուրելով կալանավորուհու շուրթերը։
Դուռն արագ բախեցին։ Այս անգամ միլեդին իսկապես ետ հրեց Ֆելտոնին։
— Լսո՞ւմ ես,— ասաց նա։— Մեզ ականջ են դրել, այստեղ են գալիս։ Ամեն ինչ կորած է, մենք կործանված ենք։
— Ոչ,— ասաց Ֆելտոնը։— Այդ ժամապահն է բախում, ինձ նախազգուշացնում է, որ դետքը գալիս է։
— Այդ դեպքում վազեցեք դռան մոտ և ինքներդ բացեք այն։
Ֆելտոնը հնազանդվեց, այդ կինն արդեն տիրապետել էր նրա բոլոր մտքերին, նրա ամբողջ հոգուն։
Նա դուռը բաց արեց, և նրա առաջ դուրս եկավ պահակային պարեկախմբի հրամանատար սերժանտը։
— Ի՞նչ է պատահել,— հարցրեց երիտասարդ լեյտենանտը։
— Դուք հրամայեցիք ինձ դուռը բաց անել, եթե լսեմ, որ դուք օգնություն եք կանչում, բայց մոռացաք բանալին թողնել ինձ,— ասաց զինվորը։— Ես լսեցի ձեր ձայնը, բայց բառերը չհասկացա, ուզեցի դուռը բանալ, բայց այն ներսից փակված էր, այն ժամանակ ես կանչեցի սերժանտին։
— Պատիվ ունեմ ներկայանալու,— արձագանքեց սերժանտը։
Ֆելտոնը շփոթված ու շշմած կանգնել էր և չէր կարողանում ոչ մի խոսք ասել։
Միլեդին հասկացավ, որ անհրաժեշտ է ընդհանուրի ուշադրությունն իր վրա դարձնել, նա վազեց սեղանի մոտ, թռցրեց դանակը, որ Ֆելտոնը դրել էր այնտեղ, և աղաղակեց.
— Իսկ ի՞նչ իրավունքով եք դուք ինձ խանգարում մեռնել։
— Աստվա՜ծ իմ,— գոչեց Ֆելտոնը, տեսնելով, որ նրա ձեռքում փայլատակեց դանակը։
Այդ րոպեին միջանցքում խայթող քրքիջ լսվեց։
Աղմուկից արթնացած բարոնը երևաց շեմքում, խալաթը հագին, սուսերը թևի տակ սեղմած։
— Ա֊ա՜...— ծոր տվեց նա։— Դեհ, ուրեմն, մենք հասանք ողբերգության վերջին գործողությանը։ Տեսնո՞ւմ եք, Ֆելտոն, դրաման, ինչպես ես ձեզ ասել էի, իրար հետևից անցավ բոլոր փուլերը։ Բայց հանգիստ եղեք, արյուն չի թափվի։
Միլեդին հասկացավ, որ ինքը կորած է, եթե անհապաղ իր արիության սոսկալի ապացույցը չտա Ֆելտոնին։
— Դուք սխալվում եք, միլորդ, արյուն կթափվի, և թող այս արյունը ընկնի նրանց վրա, ովքեր պատճառ դարձան նրա թափվելուն։
Ֆելտոնը մի ճիչ արձակելով վազեց դեպի միլեդին, բայց ուշացավ. միլեդին հարված տվեց իրեն։
Սակայն, երջանիկ պատահականության շնորհիվ, ավելի ճիշտ՝ միլեդիի ճարպկության շնորհիվ դանակն իր ճանապարհին հանդիպեց նրա կորսետի պողպատե թիթեղներից մեկին, որոնք այն տարիներին զրահի նման պաշտպանում էին կանանց կուրծքը։ Դանակը շորը պատռելով սահեց և շեղակի խրվեց մաշկի ու կողոսկրի արանքը։
Այնուամենայնիվ միլեդիի հագուստն իսկույն արյունոտվեց։
Միլեդին ընկավ հատակին և ասես ուշագնաց եղավ։ Ֆելտոնը դուրս քաշեց դանակը։
— Նայեցեք, միլորդ,— ասաց նա մռայլորեն,— ահա այն կինը, որ իմ պահպանության տակ էր և իրեն զրկեց կյանքից։
— Հանգիստ եղեք, Ֆելտոն, նա չի մեռել,— ասաց Վինտերը։— Դևերն այդպես հեշտությամբ չեն մեռնում, մի՛ հուզվեք, գնացեք իմ սենյակը և սպասեցեք ինձ այնտեղ։
— Բայց միլորդ...
— Գնացե՛ք, ես ձեզ հրամայում եմ։
Ֆելտոնը հնազանդվեց իր պետին, բայց սենյակից դուրս գալիս դանակը թաքցրեց իր ծոցում։
Ինչ վերաբերում է լորդ Վինտերին, նա բավականացավ նրանով, որ կանչեց միլեդիին սպասարկող կնոջը, և երբ նա եկավ, նրա խնամքին հանձնեց միլեդիին, որը դեռ պառկած էր ուշաթափ, և ինքը դուրս գնաց։
Բայց որովհետև, հակառակ ենթադրության, վերքը կարող էր լուրջ լինել, նա իսկույն ձիավոր ուղարկեց բժշկին կանչելու։