1. Երեք հրացանակիրներ

Chapter 55

Երկրորդ մաս XXV. Կալանավորման չորրորդ օրը

Հետևյալ օրը Ֆելտոնը մտնելով միլեդիի մոտ՝ տեսավ, որ նա կանգնած է բազկաթոռի վրա, ձեռքին մի պարան՝ հյուսված բատիստե թաշկինակներից, որոնք նեղ շերտերով պատառոտված ու ոլորված էին և ծայրերը կապված իրար։ Երբ Ֆելտոնի բանալուց դուռը ճռռաց, միլեդին թեթևորեն ցած թռավ բազկաթոռից և փորձեց թաքցնել պարանը։

Երիտասարդ սպան սովորականից ավելի գունատ էր, և անքնությունից կարմրած նրա աչքերը ցույց էին տալիս, որ նա գիշերն անհանգիստ է անցկացրել։

Սակայն դեմքի արտահայտությունից կարելի էր եզրակացնել, որ նա զինված է ամենաանսասան խստությամբ։

Նա դանդաղորեն մոտեցավ միլեդիին, որը նստել էր բազկաթոռին, և բարձրացնելով մահաբեր պարանի ծայրը, որը միլեդին պատահաբար կամ գուցե դիտմամբ չէր թաքցրել, սառը հարցրեց.

— Այս ի՞նչ բան է, տիկին։

— Սա՞։ Ոչինչ,— պատասխանեց միլեդին այն տրտում արտահայտությամբ, որ նա այնպես հմտորեն կարողանում էր տալ իր ժպիտին,— ձանձրույթը կալանավորի մահացու թշնամին է, ես ձանձրանում էի և դրա համար էլ հյուսեցի այս պարանը։

Ֆելտոնը հայացքը դարձրեց պատին, որի մոտ դրված էր բազկաթոռը։ Բազկաթոռի վերևում տեսավ ոսկեզօծ մի կեռ, որ խփված էր պատին որպես հագուստի կամ զենքի կախիչ։

Նա ցնցվեց, և միլեդին նկատեց այդ. թեև աչքերը խոնարհած էին, բայց ոչ մի բան խույս չէր տալիս նրանից։

— Իսկ ի՞նչ էիք անում դուք բազկաթոռին կանգնած հարցրեց Ֆելտոնը։

Ձեր ի՞նչ գործն է։

— Ես ուզում եմ իմանալ այդ,— պնդեց Ֆելտոնը։

— Մի՛ հարցնեք, դուք գիտեք, որ մեզ իսկական քրիստոնյաներիս արգելված է սուտ խոսել։

Դե ուրեմն ես ինքս կասեմ, թե ինչ էիք անում դուք, կամ ավելի ճիշտ՝ ինչ էիք ուզում անել. դուք ուզում էիք ի կատար ածել այն կործանարար մտադրությունը, որ փայփայում եք ձեր մտքում։ Հիշեցեք, տիկին, որ եթե աստված արգելում է սուտ խոսել, ապա ավելի խիստ արգելում է ինքնասպանությունը։

— Երբ աստված տեսնում է, որ իր արարածներից մեկը անարդար հալածանքի է ենթարկվում և ստիպված է ընտրություն անել կամ ինքնասպանություն, կամ անարգանք, ապա, հավատացեք, աստված կների նրա ինքնասպանությունը,— ասաց միլեդին խորապես համոզված տոնով,— չէ՞ որ այդ դեպքում ինքնասպանությունը նահատակի մահ է։

— Դուք կամ չափազանցնում եք, կամ ամեն ինչ չեք ասում։ Ասացեք ամեն ինչ, տիկին, ի սեր աստծո, բացատրեցեք։

— Պատմել ձեզ իմ դժբախտությունները, որպեսզի դուք այն հնարովի բա՞ն համարեք, հայտնել ձեզ իմ մտքերը, որպեսզի դուք հաղորդեք ինձ հալածողի՞ն, ո՛չ, ողորմած պարոն։ Եվ մանավանդ, ի՞նչ արժե ձեզ համար մի թշվառ, դատապարտված կնոջ կյանքը կամ մահը։ Չէ՞ որ դուք պատասխանատու եք միայն իմ մարմնի համար, այնպես չէ՞։ Եվ բավական է, որ դուք ներկայացնեք իմ դիակը, բավական է, որ ճանաչեն, թե այդ իմ դիակն է, էլ ուրիշ ոչինչ չեն պահանջի ձեզնից, գուցե նույնիսկ կրկնակի պարգև կստանաք։

— Ե՞ս, տիկին, ե՞ս,— գոչեց Ֆելտոնը։— Եվ դուք կարող եք ենթադրել, որ ես կհամաձայնեմ պարգև՞ ստանալ ձեր կյանքի համար։ Դուք չեք մտածում, թե ինչ եք ասում։

_ Մի՛ խանգարեք ինձ, Ֆելտոն, մի՛ խանգարեք,— ոգևորվելով ասաց միլեդին։— Յուրաքանչյուր զինվոր պետք է փառասեր լինի, չէ՞։ Դուք լեյտենանտ եք, բայց իմ դագաղի հետևից կարող եք քայլել կապիտանի աստիճանով։

— Ի՞նչ եմ արել ես ձեզ, որ դուք ինձ վրա այդպիսի պատասխանատվություն եք դնում աստծո և մարդկանց առջև,— նրա խոսքերից ցնցված խոսեց Ֆելտոնը։— Մի քանի օրից դուք կհեռանաք այu ամրոցից, տիկին, ձեր կյանքն այլևս իմ հսկողության տակ չի լինի, և այն ժամանակ,— ավելացրեց նա հառաչելով,— այն ժամանակ վարվեցեք նրա հետ ինչպես կուզենաք։

— Նշանակում է դուք, աստվածավախ մարդ,— գոչեց միլեդին՝ ասես չկարողանալով զսպել իր բարոյական ցասումը,— դուք, որին արդար են համարում, ուզում եք միայն մի բան, որ ձեզ չմեղադրեն իմ մահվան համար, որ իմ մահը ձեզ ոչ մի անհանգստություն չպատճառի։

— Ես պետք է պաշտպանեմ ձեր կյանքը, տիկին, և ես կպաշտպանեմ այն։

— Բայց հասկանո՞ւմ եք դուք, թե ինչ պարտականություն եք կատարում։ Դուք դաժանաբար եք վարվում, եթե նույնիսկ ես մեղավոր լինեմ, բայց ի՞նչ անուն կտաք դուք ձեր արարքին, եթե ես արդար եմ։

— Ես, տիկին, զինվոր եմ և կատարում եմ ինձ տված հրամանը։

— Դուք կարծում եք, թե ահեղ դատաստանի օրը աստված կուրորեն հնազանդվող դահիճներին ջոկելո՞ւ է անարդար դատավորներից։ Դուք չեք ուզում, որ ես սպանեմ իմ մարմինը, և դառնում եք այն մարդու կամակատարը, որն ուզում է կործանել իմ հոգին։

— Հավատացնում եմ ձեզ,— ասաց Ֆելտոնը, որը սկսել էր տատանվել,— ձեզ ոչ մի վտանգ չի սպառնում, և ես լորդ Վինտերի համար պատասխանատու եմ, ինչպես ինքս ինձ համար։

— Անմի՜տ,— գոչեց միլեդին։— Խեղճ անմիտ է նա, ով համարձակվում է երաշխավորել ուրիշի համար, երբ ավելի իմաստուն, ավելի աստվածահաճ մարդիկ չեն համարձակվում երաշխավորել իրենց համար։ Անմիտ է նա, ով բռնում է ուժեղ ու երջանիկ մարդու կողմը, որպեսզի ճնշի թույլին ու թշվառին։

— Անհնարին է, տիկին, անհնարին է,— կիսաձայն ասաց Ֆելտոնը, որը հոգու խորքում գիտակցում էր նրա առարկության ամբողջ ճշմարտությունը։— Քանի դուք կալանավոր եք, իմ ձեռքով ազատություն չեք ստանա, քանի կենդանի եք, իմ ձեռքով կյանքից չեք զրկվի։

— Այո՛,— գոչեց միլեդին,— բայց ես կզրկվեմ նրանից, ինչ կյանքից էլ թանկ է ինձ համար, ես կզրկվեմ պատվից, և ձեզ, Ֆելտոն, ես աստծու և մարդկանց առջև ձեզ պատասխանատու կդարձնեմ իմ խայտառակության, իմ անարգանքի համար։

Այս անգամ Ֆելտոնը, որքան էլ անտարբեր էր կամ ջանում էր անտարբեր երևալ, չկարողացավ դիմանալ այն գաղտնի ազդեցությանը, որին արդեն սկսել էր ենթարկվել, տեսնել իր առջև այդ կնոջը, որն այդպես գեղեցիկ է, անաղարտ, ասես անարատ տեսիլք լինի, տեսնել նրան մերթ արցունք թափելիս, մերթ սպառնալիս և միաժամանակ զգալ նրա գեղեցկության հմայքն ու վշտի ուժը, դա խիստ շատ էր նրա պես երազողի համար, խիստ շատ էր այն մտքի համար, որը բորբոքված էր մոլեգին հավատի բերկրանքից, խիստ շատ էր այն սրտի համար, որը վառվում էր աստծու նկատմամբ բորբոքուն սիրով և մարդկանց նկատմամբ՝ այրող ատելությամբ։

Միլեդին նկատեց այդ հուզմունքը, անգիտակցաբար զգաց երիտասարդ մոլեռանդի արյան մեջ փոթորկվող հակադիր կրքերի բոցը։ Ինչպես հմուտ զորավարը, որը տեսնելով, որ թշնամին պատրաստ է նահանջելու, հաղթական աղաղակով հարձակվում է նրա վրա, այդպես էլ միլեդին վեր կացավ, գեղեցիկ՝ ինչպես հնադարյան քրմուհի, ոգեշնչված՝ ինչպես քրիստոնեական կույս։ Նրա պարանոցը բացվել էր, մազերը՝ ցրվել, հայացքը վառվել էր այն կրակով, որն արդեն խռովություն էր գցել երիտասարդ պուրիտանի զգացմունքների մեջ։ Մի ձեռքով ամոթխածաբար շորը բռնած իր կրծքին, մյուսն առաջ մեկնած՝ նա մի քայլ արավ դեպի երիտասարդը և երգեց իր դուրեկան ձայնով, որին ուզած ժամանակ կարողանում էր տալ կրքոտ ու ահեղ արտահայտություն։

<poem> ։։։։։։։։։։Զոհին երախը ձգեք Բահալի, ։։։։։։։։։։Առյուծին տվեք նահատակի դին, ։։։։։։։։։։Պատիժ կստանաք տեր Բարձրյալից, ։։։։։։։։։։Նրան եմ կոչում, աղաչում կրկին... </poem>

Այս տարօրինակ դիմումը լսելով՝ Ֆելտոնն անակնկալից քար կտրեց։

— Ո՞վ եք դուք, ո՞վ,— գոչեց նա ձեռքերն աղաչական ծալելով։— Երկնքի առաքեա՞լն եք դուք, թե՞ դժոխքի սպասավորը, հրեշտա՞կ եք դուք, թե՞ դև, Էլո՞ա եք կոչվում դուք, թե Իշտար<ref>Իշտար (Աշտարտ) — պտղաբերության, մայրության և սիրո փյունիկյան աստվածուհի։</ref>։

— Մի՞թե դու չես ճանաչել ինձ, Ֆելտոն։ Ես ոչ հրեշտակ եմ, ոչ դև։ Ես հողի դուստրն եմ, հավատով՝ քո քույրը, ուրիշ ոչինչ։

— Այո, այո, ես դեռ կասկածում էի, այժմ հավատում եմ։

— Հավատում ես, բայց դարձել ես գործակիցը այդ Բեհեղզեբուղի<ref>Բեհեղզեբուղ — ըստ աստվածաշնչյան լեգենդի՝ դևերի տիրակալը, նշանակում է «վնասաբեր»։</ref> վիժվածքի, որին կոչում են լորդ Վինտեր։ Հավատում ես, բայց ինձ թողնում ես իմ թշնամիների ձեռքում, Անգլիայի թշնամու, աստծո թշնամու ձեռքում։ Հավատում ես, բայց և այնպես ինձ մատնում ես նրան, ով աշխարհը լցնում ու ապականում է իր հերետիկոսությամբ, իր անառակությամբ, մատնում ես նողկալի Սարդանապալին<ref>Սարդանապալ — Ասորեստանի լեգենդար տիրակալ, դաժանության և անառակության մարմնավորումը։</ref>, որին հոգով կույրերը կոչում են դուքս Բեկինգհեմ, իսկ հավատացյալները կոչում են նեռ։

— Ես ձեզ մատնում եմ Բեկինգհեմի ձե՞ռքը։ Ե՞ս։ Այդ ի՞նչ եք ասում։

— Աչքեր ունեցողները չեն տեսնի,— գոչեց միլեդին։— Ականջներ ունեցողները չեն լսի։

— Այո, այո,— ասաց Ֆելտոնը և ձեռքը քսեց քրտնած ճակատին, ասես ցանկանալով արմատախիլ անել վերջին կասկածը։— Այո, ես ճանաչում եմ այն ձայնը, որ լսում եմ երազումս։ Այո, ես ճանաչում եմ հրեշտակի գծերը, որ ամեն գիշեր երևում է ինձ և իմ անքուն հոգուն ասում է բարձրաձայն. «Խփիր, փրկիր Անգլիան, փրկիր ինքդ քեզ, որովհետև դու կմեռնես առանց մեղմացնելու տիրոջ ցասումը»։ Խոսեցե՛ք, խոսեցե՛ք,— գոչեց Ֆելտոնը,— հիմա ես հասկանում եմ ձեզ։

Ահասարսուռ մի ուրախություն վայրկենապես շողաց միլեդիի աչքերում ինչպես կայծակի բռնկում։

Որքան էլ արագ անցավ ուրախության այդ չարագույժ ճառագայթը, Ֆելտոնը նկատեց այն և ցնցվեց, ասես այն լուսավորեց այդ կնոջ սրտի անդունդը։

Հանկարծ Ֆելտոնը հիշեց լորդ Վինտերի նախազգուշացումները միլեդիի թովչանքի մասին և այդ կնոջ առաջին փորձերը հրապուրելու ուղղությամբ։ Նա մի քայլ ետ գնաց և գլուխը կախ գցեց, չդադարելով նայել նրան։ Ասես այդ տարօրինակ արարածից հմայված՝ Ֆելտոնը չէր կարողանում աչք հեռացնել նրանից։

Միլեդին այնքան խորաթափանց էր, որ ճիշտ ըմբռնեց նրա անվճռականության իմաստը։ Նրա թվացող հուզմունքի տակ թաքնված սառցային պաղարյունությունը ոչ մի րոպե չէր լքում նրան։ Նախքան Ֆելտոնը նորից կխոսեր և դրանով նրան կստիպեր խոսակցությունը շարունակել նույն ոգեշնչությամբ, որ չափազանց դժվար բան էր, միլեդին ձեռքերը ցած գցեց, ասես կանացի թուլությունը հաղթեց ոգեշնչությանը։

— Ոչ,— ասաց նա,— ես չեմ կարող Հուդիթ լինել, Վետուլիան ազատել Օլոֆերնից։ Ամենաբարձրյալի սուրը խիստ ծանր է իմ ձեռքի համար։ Ուրեմն թողեք ես մեռնեմ, որպեսզի ազատվեմ անարգանքից, թողեք, որ ես փրկություն գտնեմ նահատակի մահվան մեջ։ Ես ոչ ձեզնից ազատություն եմ խնդրում, ինչպես կաներ ոճրագործը, ոչ վրեժխնդրություն, ինչպես կաներ կռապաշտը։ Թողեք, որ ես մեռնեմ, ուրիշ ոչինչ։ Աղաչում եմ ձեզ, ծունկ չոքած գթություն եմ հայցում, թողեք, որ ես մեռնեմ, և իմ վերջին շունչը օրհնանք կլինի իմ փրկարարին։

Այս հեզ, աղերսական ձայնը լսելով, այս երկչոտ, խորտակված հայացքը տեսնելով՝ Ֆելտոնը նորից մոտեցավ նրան։ Կամաց֊կամաց գայթակղիչը նրա առաջ կանգնեց նորից այն մոգական զարդերով, որոնք կազմում էին նրա գեղեցկությունը, հեզությունը, արցունքները, և մանավանդ միստիկական հեշտասիրության անհաղթահարելի հրապույրը, որ ամենակործանիչն է բոլոր կրքերից։

— Ավա՜ղ,— ասաց Ֆելտոնը,— ես միայն խղճալ կարող եմ ձեզ, ապացուցեք, որ դուք զոհ եք։ Սակայն լորդ Վինտերը ծանր մեղադրանքներ է բարդում ձեզ վրա։ Դուք քրիստոնյա եք, դուք հավատակից քույր եք ինձ համար։ Ես ձգտում եմ դեպի ձեզ, ես, որ երբեք ոչ ոքի չեմ սիրել բացի իմ բարերարից, ես, որ կյանքում ոչ ոքի չեմ հանդիպել բացի մատնիչներից ու անօրեններից։ Բայց դուք, տիկին, դուք այնքան չքնաղ եք և այնպիսի անմեղ տեսք ունեք... Երևի դուք որևէ անօրեն բան եք արել, որ լորդ Վինտերն այդպես հալածում է ձեզ։

— Ովքեր աչքեր ունեն, չեն տեսնի,— կրկնեց միլեդին՝ ձայնի մեջ անասելի թախիծ դնելով,— ովքեր ականջներ ունեն, չեն լսի։

— Եթե այդպես է, խոսեցե՛ք, խոսեցե՛ք ուրեմն,— գոչեց երիտասարդ սպան։

— Ձեզ վստահել իմ խայտառակությունը,— ասաց միլեդին հուզմունքից շառագունելով։— Չէ՞ որ հաճախ մեկի հանցանքը մի ուրիշի համար խայտառակություն է լինում... Ես, մի կին, իմ խայտառակությունը վստահեմ ձե՞զ, մի տղամարդու՞։ Օ՜,— շարունակեց նա ամոթխածաբար ձեռքով ծածկելով իր չքնաղ աչքերը։— Օ՜, երբեք, երբեք ես ի վիճակի չեմ լինի վստահելու այդ։

— Ի՞նձ, ձեր եղբո՞րը,— ասաց Ֆելտոնը։

Միլեդին երկար նայեց նրան այնպիսի արտահայտությամբ, որ երիտասարդ սպան տատանման տեղ դրեց, բայց իրականում դա միայն ցույց էր տալիս, որ միլեդին դիտում է նրան և ցանկանում է կախարդել։

Ֆելտոնը աղաչական տեսքով ձեռքերը ծալեց։

— Դե լավ,— խոսեց միլեդին,— ես կվստահեմ իմ եղբորը, ես սիրտ կանեմ։

Այդ րոպեին լսվեցին լորդ Վինտերի քայլերը, բայց այս անգամ միլեդիի խստաբարո տեգրը չբավականացավ միայն դռան մոտով անցնելով, ինչպես նախորդ օրը, այլ կանգ առավ և մի քանի խոսք փոխանակեց ժամապահի հետ։ Հետո դուռը բացվեց, և նա երևաց շեմքում։

Դռան հետևում տեղի ունեցող այդ կարճ խոսակցության ժամանակ Ֆելտոնը մի կողմ ցատկեց, և երբ լորդ Վինտերը ներս մտավ, նա միլեդիից մի քանի քայլ հեռու էր կանգնած։ Բարոնը ներս մտավ դանդաղորեն և քննախույզ հայացք գցեց միլեդիի և երիտասարդ սպայի վրա։

— Դուք ինչ֊որ վաղուց եք այստեղ, Ջո՛ն,— ասաց նա։— Չլինի՞ իր հանցագործություններն է պատմում ձեզ այդ կինը։ Եթե այդպես է, ես չեմ զարմանում, որ ձեր խոսակցությունն այսպես երկար է տևում։

Ֆելտոնը ցնցվեց, և միլեդին հասկացավ, որ ինքը կորած է, եթե օգնության չհասնի ապուշ կտրած պուրիտանին։

— Ա՜, վախենում եք, թե ձեր գերին դո՞ւրս կպրծնի ձեր ձեռքից,— խոսեց նա։— Հարցրեք ձեր հարգարժան բանտապահին, թե հենց նոր ինչ ողորմածություն էի խնդրում ես նրանից։

— Դուք նրանից ողորմածությո՞ւն էիք խնդրում,— կասկածանքով հարցրեց բարոնը։

— Այո, միլորդ,— հաստատեց շփոթված երիտասարդը։

— Իսկ ի՞նչ էր խնդրում,— հարցրեց լորդ Վինտերը։

— Նա ինձնից մի դանակ էր խնդրում և խոստանում էր մի րոպեից ետ տալ դռան լուսամուտի միջով,— պատասխանեց Ֆելտոնը։

— Բայց մի՞թե այստեղ թաքնված կա որևէ մեկը, որին այս գեղեցիկ տիկինը մորթել է ուզում,— հարցրեց լորդ Վինտերը իր ծաղրական և արհամարհական տոնով։

— Այստեղ ես եմ գտնվում,— պատասխանեց միլեդին։

— Ես ձեզ թույլատրելի եմ ընտրություն անել Ամերիկան կամ Տայբերնը,— ասաց լորդ Վինտերը։— Ընտրեցեք Տայբերնը, միլեդի, հավատացեք՝ պարանը դանակից հուսալի է։

Ֆելտոնը սփրթնեց և մի քայլ առաջ գնաց, հիշելով, որ երբ ինքը սենյակ մտավ, միլեդին ձեռքին պարան ուներ։

— Դուք իրավացի եք,— ասաց միլեդին,— ես արդեն մտածել եմ դրա մասին։— Եվ ճնշված ձայնով ավելացրեց.— Ես դեռ էլի կմտածեմ։

Ֆելտոնը զգաց, թե ինչպես իր ամբողջ մարմնով դող անցավ, հավանորեն այդ բանը չվրիպեց լորդ Վինտերի հայացքից։

— Չհավատաս դրան, Ջո՛ն,— ասաց նա։— Ջո՛ն, բարեկամս, ես վստահել եմ քեզ, զգույշ եղիր, ես նախազգուշացրել եմ քեզ։ Ի դեպ, արիացիր, զավակս, երեք օրից մենք կազատվենք այս արարածից, և այնտեղ, ուր կուղարկեմ սրան, ոչ ոքի վնասել չի կարող սա։

— Դու լսո՜ւմ ես,— բարձր գոչեց միլեդին, որպեսզի բարոնը կարծի, թե նա դիմում է աստծուն, իսկ Ֆելտոնը հասկացավ, որ իրեն է դիմում։

Ֆելտոնը գլուխը կախեց և մտքի մեջ ընկավ։

Բարոնը սպային թևանցուկ անելով տարավ նրան դեպի դուռը՝ ուսի վրայից շարունակ նայելով միլեդիին և աչք չհեռացնելով նրանից, մինչև որ հեռացան սենյակից։

«Պարզվում է, որ ես դեռ այնքան հաջողություն չեմ ունեցել իմ գործում, որքան ենթադրում էի,— մտածեց միլեդին, երբ դուռը ծածկվեց նրանց հետևից։— Վինտերը հրաժարվել է իր սովորական հիմարությունից և չտեսնված զգուշություն է ցուցաբերում։ Ահա թե ինչ է նշանակում վրեժի ծարավ և ինչպես է նա կատարելագործում մարդու բնավորությունը։ Է՛հ, իսկ Ֆելտոո՞նը... Ֆելտոնը տատանվում է։ Ա՜խ, նա այնպիսի մարդ չէ, ինչպիսին այն նզովյալ դ’Արտանյանն է։ Պուրիտանը աստվածացնում է միայն անարատ կույսերին և պաշտում է նրանց՝ ձեռքերը ծալելով աղոթողի պես։ Այնինչ հրացանակիրը սիրում է կանանց, և սիրում է նրանց իր գրկի մեջ առնելով»։

Սակայն միլեդին անհամբեր սպասում էր Ֆելտոնի վերադարձին. նա չէր կասկածում, որ այդ օրը դեռ էլի է տեսնելու նրան։ Վերջապես մեր նկարագրած այս տեսարանից մեկ ժամ անց՝ դռան մոտ մեղմ խոսակցություն լսեց, շուտով դուռը բացվեց, և նրա առաջ կանգնեց Ֆելտոնը։

Երիտասարդն արագորեն սենյակ մտավ, իր հետևից դուռը կիսաբաց թողնելով, և միլեդիին նշան արեց, որ նա լռի։ Նրա դեմքը մեծ անհանգստություն էր արտահայտում։

— Ի՞նչ եք ուզում ինձնից,— հարցրեց միլեդին։

— Լսեցեք,— կամացուկ խոսեց Ֆելտոնը,— ես ժամապահին հեռացրել եմ, որպեսզի իմ ձեզ մոտ գալը բոլորից գաղտնի մնա և ոչ ոք ականջ չդնի մեր զրույցին։ Բարոնը հենց նոր մի սոսկալի բան պատմեց ինձ։

Միլեդին ժպտաց հնազանդ զոհի իր ժպիտով և գլուխն օրորեց։

— Կամ դուք դև եք,— շարունակեց Ֆելտոնը,— կամ բարոնը, իմ բարերարը, իմ հայրը հրեշ է։ Ես ձեզ ճանաչում եմ ընդամենը չորս օր, իսկ նրան արդեն երկու տարի է սիրում եմ։ Դրա համար էլ ինձ ներելի է տատանվել ձեր միջև ընտրություն անելիս։ Մի վախեցեք իմ խոսքերից, ինձ անհրաժեշտ է համոզվել, որ դուք ճշմարտությունն եք ասում։ Այսօր կեսգիշերից հետո ես կգամ ձեզ մոտ, և դուք կհամոզեք ինձ։

— Ո՛չ, Ֆելտոն, ո՛չ, եղբայր իմ,— պատասխանեց նա,— ձեր զոհաբերությունը խիստ մեծ է, և ես հասկանում եմ, թե ինչ արժե այն ձեզ համար։ Ո՛չ, ես կործանված եմ, դուք էլ մի՛ կործանեք ձեզ ինձ հետ։ Իմ մահը շատ ավելի պերճախոս կլինի իմ կյանքից, և դիակի լռությունը ձեզ ավելի լավ կհամոզի, քան կալանավորի խոսքերը։

— Լռեցեք, տիկին,— գոչեց Ֆելտոնը։— Մի ասեք ինձ այդ բանը։ Ես եկել եմ, որպեսզի դուք խոստանաք ինձ, ազնիվ խոսք տաք, երդվեք այն ամենով, ինչ սուրբ է ձեզ համար, որ ձեռք չեք բարձրացնի ձեր կյանքի վրա։

— Ես չեմ ուռում խոստանալ,— պատասխանեց միլեդին,— ոչ ոք այնպես չի հարգում երդումը, ինչպես ես, և եթե ես խոստանում եմ, պետք է խոսքս կատարեմ։

— Դե խոստացեք գոնե սպասել, ձեռք չբարձրացնել ձեզ վրա, մինչև մենք նորից կտեսնվենք։ Եվ եթե ինձ հետ տեսնվելուց հետո էլ դուք առաջվա պես համառեք ձեր մտադրության մեջ, այդ դեպքում, ի՛նչ արած, դուք ազատ կլինեք վարվելու ինչպես ինքներդ եք ուզում, և ես ինքս կտամ ձեզ այն զենքը, որ խնդրում էիք։

— Լավ, ձեր սիրուն կսպասեմ։

— Երդվեցեք։

— Երդվում եմ մեր աստծով։ Գո՞հ եք։

— Լավ։ Մինչև գալիք գիշերը։

Եվ նա դուրս նետվեց սենյակից, դուռը փակեց իր հետևից և սկսեց միջանցքում սպասել, զինվորի նիզակը ձեռքին, ասես փոխարինելով ժամապահին։

Երբ զինվորը վերադարձավ, Ֆելտոնը նրան տվեց իր զենքը։

Մոտենալով դռան լուսամուտին՝ միլեդին տեսավ, թե ինչպիսի մոլեգնությամբ Ֆելտոնը խաչակնքեց երեսը և ինչպես ցնծությունից իրեն կորցրած գնաց միջանցքով։

Նա վերադարձավ իր տեղը՝ չար արհամարհանքի ժպիտը շուրթերին, հայհոյանքով կրկնելով աստծո անունը, որով հենց նոր երդվեց, առանց երբևէ հավատալու աստծուն։

— Իմ աստվա՞ծը,— ասաց նա։— Անմի՜տ մոլեռանդ։ Իմ աստվածը ես եմ և նա, ով կօգնի ինձ վրեժ առնելու ինձ համար։

Comments