1. Երեք հրացանակիրներ

Chapter 54

Երկրորդ մաս XXIII. Կալանավորման երկրորդ օրը

Միլեդին երազ էր տեսնում, թե դ’Արտանյանը, վերջապես իր ձեռքումն է, որ ինքը ներկա է նրա մահապատժին, և այդ թովիչ ժպիտը նրա շուրթերին առաջացնում էր դ’Արտանյանի ատելի արյան տեսքը, որ ժայթքում էր դահճի կացնի տակ։

Նա քնել էր այն կալանավորի պես, որին հանգստացնում է հույսի առաջին առկայծումը։

Առավոտյան, երբ մտան նրա սենյակը, նա դեռ պառկած էր անկողնում, Ֆելտոնը մնաց միջանցքում, նա բերել էր այն կնոջը, որի մասին ասում էր նախորդ օրը և որը հենց նոր էր եկել։ Այդ կինը սենյակ մտավ, մոտեցավ միլեդիին և իր ծառայություններն առաջարկեց նրան։

Միլեդին սովորաբար գունատ էր, և նրա դեմքի գույնը կարող էր խաբել առաջին անգամ նրան տեսնողին։

— Ես դող ունեմ,— ասաց միլեդին,— Ամբողջ գիշեր ոչ մի րոպե աչքս չեմ խփել, սոսկալի տանջվում եմ... Դուք ինձ հետ ավելի մարդկայնորե՞ն կվարվեք, քան վարվում էին այստեղ երեկ։ Ասենք՝ իմ խնդիրքը միայն այն է, որ ինձ թույլ տան անկողնում մնալ։

— Չէի՞ք ցանկանա, որ բժիշկ հրավիրեն,— հարցրեց կինը։

Ֆելտոնն այս խոսակցությունը լսում էր առանց մի բառ ասելու։

Միլեդին մտածեց, որ որքան ավելի շատ մարդ լինի իր շուրջը, այնքան շատերի կարեկցությունը կարող է շարժել և այնքան ավելի կուժեղանա լորդ Վինտերի հսկողությունը։ Բացի դրանից, բժիշկը կարող էր ասել, որ իր հիվանդությունը շինծու է, իսկ միլեդին առաջին խաղը տանուլ տալուց հետո չէր ուզում երկրորդն էլ տանուլ տալ։

— Մարդ ուղարկել բժիշկ կանչելո՞ւ,— խոսեց նա,— ինչի համար։ Այդ պարոնները երեկ հայտարարեցին, թե իմ հիվանդությունը կոմեդիա է, անտարակույս միևնույնը կլինի նաև այսօր։ Չէ որ երեկ երեկոյից մինչև հիմա նրանք կարող էին նաև բժշկին նախազգուշացրած լինել։

— Այդ դեպքում,— միջամտեց համբերությունից դուրս եկած Ֆելտոնը,— ինքներդ ասացեք, տիկին, ինչպե՞ս եք ուզում բուժվել։

— Ա՜խ, աստված իմ, ես գիտե՞մ ինչպես։ Ես զգում եմ, որ հիվանդ եմ, ուրիշ ոչինչ։ Թող ինչ ուզում են տան ինձ, միևնույն է։

— Գնացեք այստեղ հրավիրեցեք լորդ Վինտերին,— հրամայեց Ֆելտոնը, որին ձանձրացրել էին այդ անվերջ գանգատները։

— Օ՜, ո՛չ, ո՛չ,— գոչեց միլեդին։— Մի՛ կանչեք նրան, աղաչում եմ ձեզ, ես ինձ լավ եմ զգում, ինձ ոչ մի բան հարկավոր չէ, միայն թե մի՛ կանչեք նրան։

Նա այդ բացականչության մեջ դրեց այնպիսի ջերմություն, այնպիսի համոզչությունդ որ Ֆելտոնն ակամա ներս մտավ սենյակի շեմքից։

«Նա եկավ»,— մտածեց միլեդին։

— Բայց, տիկին, եթե դուք իսկապես հիվանդ եք,— ասաց Ֆելտոնը,— մենք կկանչենք բժշկին, և եթե դուք մեզ խաբում եք, ի՛նչ արած, ավելի վատ ձեզ համար, բայց, համենայնդեպս, մենք ինքներս մեզ կշտամբելու առիթ չենք ունենա։

Միլեդին ոչինչ չպատասխանեց և չքնաղ գլուխը բարձերի մեջ թաղելով՝ աղեկտուր արցունք թափեց։

Ֆելտոնը մի պահ նրան նայեց իր սովորական անտարբերությամբ, ապա տեսնելով, որ այդ նոպան երկարում է, դուրս գնաց։ Կինը ևս դուրս գնաց նրա հետևից։ Լորդ Վինտերը չէր երևում։

«Կարծես ես սկսում եմ հասկանալ»,— անզուսպ ուրախությամբ ինքն իրեն ասաց միլեդին և թաղվեց վերմակի տակ, որպեսզի, եթե որևէ մեկը գաղտուկ դիտում է իրեն, չնկատի իր այդ ներքին բավականությունը։

Անցավ երկու ժամ։

«Հիմա հիվանդությանը վերջ տալու ժամանակն է,— որոշեց միլեդին։— Վեր կենանք և աշխատենք հենց այսօր մի որևէ բանի հասնել։ Ես ընդամենը տասն օր ունեմ, և երկրորդ օրը այսօր երեկոյան վերջանում է»։

Առավոտյան, երբ մտան միլեդիի սենյակը, նրա համար նախաճաշ բերին։ Միլեդին մտածեց, որ շուտով կգան սեղանը հավաքելու, և այն ժամանակ ինքը նորից կտեսնի Ֆելտոնին։ Միլեդին չէր սխալվել, Ֆելտոնը նորից եկավ և առանց ուշադրություն դարձնելու՝ ձեռք է տվել միլեդին ուտելիքին թե չէ, կարգադրեց սենյակից դուրս տանել սեղանը, որը սովորաբար ներս էին բերում ուտելիքը վրան շարած։

Ֆելտոնը բոլորին թողեց, որ դուրս գնան, իսկ ինքը մնաց սենյակում։ Նրա ձեռքին մի գիրք կար։

Միլեդին կիսով չափ պառկած էր բուխարու մոտ դրված բազկաթոռում։ Նա գունատ էր, գեղեցիկ, հեզ ու հնազանդ, թվում էր, թե նահատակի մահվան սպասող սուրբ կույս է։

Ֆելտոնը մոտեցավ նրան։

— Լորդ Վինտերը— նա էլ կաթոլիկ է ձեզ պես— մտածել էք թե դուք կարող եք նեղանալ, որ ձեր եկեղեցական ծեսերը կատարելու հնարավորությունից զրկված եք և չեք կարող հաճախել ժամերգության։ Դրա համար էլ նա համաձայնություն տվեց, որ դուք ամեն օր կարդաք ձեր պատարագի աղոթքները, որ կգտնեք այս գրքում։

Նկատելով, թե Ֆելտոնն ինչ ձևով գիրքը դրեց միլեդիի կողքի սեղանին, ինչ տոնով նա արտասանեց այդ «ձեր պատարագի» բառերը և ինչպես արհամարհական ժպիտ խաղաց նրա երեսին, միլեդին գլուխը բարձրացրեց և ավելի ուշադիր նայեց սպային։

Եվ ահա նրա խստաբարո սանրվածքից, հագուստի ծայրահեղ պարզությունից, նրա մարմարի պես ողորկ, բայց և նույնքան խիստ ու անթափանց ճակատից միլեդին հասկացավ, որ դա մեկն է այն մռայլ պուրիտաններից, որոնց նա առիթ էր ունեցել հանդիպելու ինչպես Հակոբ թագավորի արքունիքում, այնպես էլ ֆրանսիական թագավորի արքունիքում, որտեղ, չնայած Բարդուղիմեոսյան գիշերվա հիշողությանը, նրանք երբեմն ապաստան էին որոնում։

Նրա գլխում հանկարծ մի միտք ծագեց, ինչպես լինում է միայն հանճարեղ մարդկանց հետ բեկումնային պահին, այն կրիտիկական րոպեներին, երբ վճռվում է նրանց բախտը, նրանց ամբողջ կյանքը։

Այդ երկու՝ «ձեր պատարագը» բառերը և Ֆելտոնի վրա թռուցիկ հայացքը հանկարծ միլեդիի համար պարզեցրին այն բառերի ամբողջ կարողությունը, որոնք նա ասելու էր որպես պատասխան։

Երևակայության իրեն հատուկ արագության շնորհիվ այդ բառերը անմիջապես կազմվեցին նրա մտքում։

— Ես,— ասաց նա նույնպիսի արհամարհանքով, որ նկատել էր նա երիտասարդ սպայի ձայնի մեջ,— ես, պարոն... իմ պատարագի աղոթքնե՞րը։ Լորդ Վինտերը, այդ այլասերված կաթոլիկը, շատ լավ գիտե, որ ես իր դավանանքը չունեմ, դա մի ծուղակ է, որ նա ուզում է սարքել իմ դեմ։

— Հապա ի՞նչ դավանանքի եք դուք, տիկին,— հարցրեց Ֆելտոնը զարմանքով, որը նա, չնայած իրեն տիրապետելու կարողությանը, չէր կարողացել լիովին թաքցնել։

— Ես այդ կասեմ այն օրը,— գոչեց միլեդին շինծու հուզմունքով,— երբ բավականաչափ տուժած կլինեմ իմ դավանանքի համար։

Ֆելտոնի հայացքը միլեդիի համար պարզեց, թե այդ մի նախադասությամբ որքան առաջ գնաց ինքը իր ջանքերի մեջ։

Սակայն երիտասարդ սպան ոչ մի խոսք չասաց, ոչ մի շարժում չկատարեց, և միայն նրա հայացքն էր, որ խոսում էր պերճախոս։

— Ես իմ թշնամիների ձեռքումն եմ,— շարունակեց միլեդին այն խանդավառ տոնով, որ նա նկատել էր պուրիտանների մեջ։— Ապավինում եմ իմ աստծուն։ Կամ աստված կփրկի ինձ, կամ ես կզոհվեմ նրա համար։ Ահա իմ պատասխանը, որ ես կխնդրեմ հաղորդել լորդ Վինտերին։ Իսկ այդ գիրքը,— ավելացրեց նա մատնացույց անելով աղոթագիրքը, բայց չդիպչելով նրան, ասես վախենալով, թե այդպիսի շփումը կպղծի իրեն,— դուք կարող եք տանել և օգտագործել այն, որովհետև դուք, անտարակույս, լորդ Վինտերի կրկնակի գործակիցն եք՝ գործակիցը հալածանքի մեջ և գործակիցը հերետիկոսության մեջ։

Ֆելտոնը ոչինչ չպատասխանեց, գիրքը վերցրեց զզվանքի նույն զգացումով, որն արդեն արտահայտել էր նա և մտածմունքների մեջ հեռացավ։

Երեկոյան ժամը հինգին մոտ եկավ լորդ Վինտերը։ Ամբողջ օրվա ընթացքում միլեդին բավական ժամանակ էր ունեցել իր հետագա անելիքի մասին խորհելու։ Նա իր տեգրոջն ընդունեց որպես մի կին, որն արդեն լիովին տիրապետում է իրեն։

— Կարծես թե,— սկսեց բարոնը միլեդիի դիմաց բազկաթոռում մեկնվելով և ոտքերն անփութորեն մեկնելով բուխարու առաջ գորգի վրա,— կարծես թե մենք մի փոքր շեղում ենք կատարել։

— Ի՞նչ եք ուզում դրանով ասել, ողորմած պարոն։

— Ուզում եմ ասել, որ այն ժամանակից, երբ ես և դուք վերջին անգամ տեսնվեցինք, դուք փոխել եք ձեր դավանանքը։ Չլինի՞ թե ամուսնացել եք մի երրորդ մարդու, մի բողոքականի հետ։

— Բացատրեցեք ինձ, միլորդ,— ասաց միլեդին վեհապանծ տոնով,— հայտարարում եմ ձեզ, որ ես լսում եմ ձեր խոսքերը, բայց չեմ հասկանում։

— Դե, ուրեմն նշանակում է դուք բոլորովին հավատ չունեք, դա նույնիսկ ինձ ավելի է դուր գալիս,— ծաղրանքով ասաց լորդ Վինտերը։

— Իհարկե, այդ ավելի է հարմարվում ձեր կանոններին,— սառն ասաց միլեդին։

— Օ՜ , խոստովանում եմ, որ ինձ համար բոլորովին միևնույն է։

— Եթե նույնիսկ դուք չխոստովանեիք ձեր անտարբերությունը հավատի հարցերում, միլորդ, ձեր անառակությունը և ձեր կամայականությունները կմերկացնեին ձեզ։

— Հը՜մ... Դուք անառակության մասի՞ն եք խոսում, տիկին Մեսալինա, լեդի Մակբեթ<ref>Մեսալինա Վալերիա (մ.թ. I դ.) — Հռոմեական կայսր Կլավդիոսի երրորդ կինը, որ հայտնի էր իր դաժանությամբ ու անառակությամբ։ Լեդի Մակբեթ — անգլիացի մեծ դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրի «Մակբեթ» (1605) ողբերգության հերոսուհիներից, որն աչքի էր ընկնում իր դաժանությամբ ու նենգությամբ։</ref>։ Կամ ես վատ լսեցի ձեզ, կամ թե դուք, գրողը տանի, բացառիկ անամոթն եք։

— Դուք այդպես եք խոսում, որովհետև գիտեք, որ մեզ լսում են,— սառը պատասխանեց միլեդին,— և նրա համար, որ ուզում եք իմ դեմ զինել ձեր բանտապահներին ու ձեր դահիճներին։

— Բանտապահնե՜ր, դահիճնե՜ր։ Այ թե ինչպես եք դուք պաթետիկ տոնի մեջ ընկնում, տիկին, և երեկվա կոմեդիան այսօր ողբերգության է փոխվում։ Ի դեպ, մի շաբաթից դուք կլինեք այնտեղ, որտեղ պետք է լինեք, և իմ մտադրությունը կկատարվի մինչև վերջ։

— Խայտառա՜կ մտադրություն։ Պիղծ մտադրություն,— արտասանեց միլեդին այն զոհի խանդավառությամբ, որը նախատինք է նետում իր դատավորին։

— Ազնիվ խոսք, ինձ թվում է, որ այս անառակը խելագարվում է,— ասաց լորդ Վինտերը և վեր կացավ։— Դե լավ, հանգստացեք, տիկին պուրիտանուհի, թե չէ ես կստիպեմ բանտ նստեցնել ձեզ։ Պատրաստ եմ երդվելու, որ այդ երևի իմ իսպանական գինին է ձեր գլխին խփել։ Ի դեպ, մի՛ հուզվեք, այդպիսի արբեցումը վտանգավոր չէ և կործանարար հետևանքներ չի ունենում։

Եվ լորդ Վինտերը դուրս գնաց, նետելով մի հայհոյանք, որ այդ ժամանակներում սովորական բան էր նույնիսկ բարձր հասարակության մարդկանց համար։

Ֆելտոնը, իրոք, կանգնած էր դռան հետևը և այս ամբողջ խոսակցությունը լսում էր բառ առ բառ։

Միլեդին հասկացել էր այդ։

— Գնա, գնա,— շշնջաց նա իր տեգրոջ հետևից,— քեզ համար կործանարար հետևանքները շատ չեն ուշանա, բայց դու, անմիտ, դրանք կտեսնես միայն այն ժամանակ, երբ այլևս անկարելի կլինի խույս տալ նրանցից։

Նորից լռություն տիրեց։ Անցավ էլի երկու ժամ։ Զինվորներն ընթրիք բերին և տեսան, որ միլեդին բարձրաձայն աղոթք է ածում, այն աղոթքները, որ սովորեցրել էր նրան իր երկրորդ ամուսնու ծառան, որ մոլի պուրիտան էր։ Միլեդին կարծես էքստազի մեջ էր և նույնիսկ ուշադրություն չէր դարձնում իր շուրջը կատարվողի վրա։ Ֆելտոնը նշան արեց, որ նրան չխանգարեն, և երբ ամեն ինչ պատրաստ էր, զինվորների հետ միասին դուրս գնաց։

Միլեդին գիտեր, որ դռան մեջ բացված փոքրիկ լուսամուտով կարող են դիտել իրեն, ուստի իր աղոթքները կարդաց մինչև վերջ և նրան թվաց, թե իր դռան առաջ ժամապահը այլ կերպ է քայլում, քան մինչև հիմա և կարծես ականջ է դնում իրեն։

Այդ երեկո նրան ուրիշ բան հարկավոր էլ չէր, նա վեր կացավ, սեղան նստեց, մի քիչ բան կերավ և խմեց միայն ջուր։

Մի ժամ հետո զինվորները եկան սեղանը տանելու, բայց միլեդին նկատեց, որ այս անգամ Ֆելտոնը նրանց հետ չէր։

Նշանակում է՝ նա վախենում է հաճախ տեսնել միլեդիին։

Միլեդին երեսը դարձրեց դեպի պատը և ժպտաց, այդ ժպիտն արտահայտում էր այնպիսի հաղթանակ, որ կարող էր մատնել նրան։

Նա էլի մի կես ժամ սպասեց։ Հին ամրոցում լռություն էր տիրում, լսվում էր միայն ծովի հավիտենական աղմուկը, օվկիանոսի այդ անընդգրկելի շնչառությունը... Միլեդին իր մաքուր, հնչուն ու մելոդիկ ձայնով երգեց պուրիտանների ամենասիրած սաղմոսի առաջին տունը։

<poem> ։։։։։։։։։։Միզ լքում ես դու, տեր իմ երկնավոր, ։։։։։։։։։։Որ փորձեմ մերոնց կամքը երևի. ։։։։։։։։։։Ապա դառնում ես ջերմ հովանավոր, ։։։։։։։։։։Գթառատ պաշտպան տառապյալների։ </poem>

Այս ոտանավորը շատ հեռու էր կատարյալ լինելուց, սակայն, ինչպես հայտնի է, պուրիտանները բանաստեղծական ջղով պարծենալ չէին կարող։

Միլեդին երգում էր և ականջ դնում, ժամապահը նրա դռան մոտ կանգ առավ որպես մեխված։ Դրանից միլեդին կարող էր եզրակացություն անել, թե ինչպիսի ներգործություն ունեցավ իր երգը։

Եվ նա շարունակեց երգել անասելի ջերմությամբ ու զգացմունքով։ Նրան թվում էր, թե իր երգի հնչյունները տարածվում են հեռու կամարների տակ. և որպես կախարդական թովչանք՝ մեղմացնում էին իր բանտապահների սրտերը։ Սակայն ժամապահը, որ երևի մոլի կաթոլիկ էր, իր վրայից թոթափեց այդ թովչանքը և դռան միջով ձայն տվեց.

— Դե լռեցե՛ք, տիկի՛ն, ձեր երգը թախիծ է տարածում, ինչպես հոգեհանգստի երգը, և եթե բացի այստեղ, կայազորում կանգնելու բավականությունից, մարդ ստիպված լինի նաև այդպիսի բաներ լսելու, էլ բոլորովին դիմանալ չի լինի։

— Լռե՛լ,— խիստ հրաման տվեց մեկը, և միլեդին ճանաչեց Ֆելտոնի ձայնը։— Ի՞նչ եք ձեր քիթը խցկում ուրիշի գործի մեջ, լպի՞րշ։ Մի՞թե ձեզ հրամայված է թույլ չտալ, որ այդ կինը երգի։ Ո՛չ։ Ձեզ հրամայել են հսկել նրան և կրակել, երբ փախչելու փորձ կանի։ Հսկեցեք նրան, եթե նա կմտածի փախչել, սպանեցեք նրան։ Բայց մի՛ շեղվեք ձեզ տված հրամանից։

Աննկարագրելի ուրախության մի արտահայտություն կայծակի բռնկումի պես մի ակնթարթ պայծառացրեց միլեդիի դեմքը, և ասես այդ խոսակցությունը չլսելով, որից նա ոչ մի բառ չէր փախցրել, միլեդին իսկույն նորից երգել սկսեց, իր ձայնին տալով ուժեղ հնչեղություն, այն ամբողջ հրապուրիչ թովչանքը, որով օժտել էր նրան սատանան։

<poem> ։։։։։։։։։։Լինի ծանր մարտ, թե լաց անամոք, ։։։։։։։։։։Կամ շղթա֊կապանք, որ սիրտ է մաշում, ։։։։։։։։։։Կա ջահելություն , հրեղեն աղոթք, ։։։։։։։։։։Նրանք սգավոր օրերն են հաշվում։ </poem>

Միլեդիի ձայնը, որ բացառիկ չափով հնչեղ էր և բուռն խանդավառությամբ տոգորված, սաղմոսի կոպիտ, անճոռնի տողերին տալիս էր մոգական ուժ և այնպիսի արտահայտություն, որպիսին ամենախանդավառ պուրիտաններն էլ հազվադեպ էին գտնում իրենց եղբայրների երգում, թեպետև նրանք այդ երգը զարդարում էին իրենց երևակայության ամբողջ շնչով։ Ֆելտոնին թվում էր, թե ինքը լսում է հրեշտակի երգը, որը մխիթարում էր հրավառ հնոցի մեջ գտնվող երեք հրեա մանուկներին<ref>Նկատի է առնվում աստվածաշնչյան լեգենդն այն մասին, թե ինչպես Բաբելոնի արքա նաբուգոդոնոսորը հրամայել է հրավառ հնոցը նետել երեք պատանու, որոնք մերժել էին խոնարհվել նրա աստվածներին։ Աստված իբր հրեշտակ է ուղարկել, որը նրանց պահպանել է կրակից։</ref>։

Միլեդին շարունակում էր.

<poem> ։։։։։։։։։։Բայց կգա պահը փրկարար ժամի, ։։։։։։։։։։Ով ամենազոր, բարերար աստված, ։։։։։։։։։։Իսկ թե մեզ բախտը հուսախաբ անի, ։։։։։։։։։։Չեն խաբի մահն ու թաղումն անկասկած։ </poem>

Այս տունը, որի մեջ անհաղթահարելի թովչուհին ջանում էր դնել իր ամբողջ հոգին, լրացրեց երիտասարդ սպայի հուզմունքը։ Նա մի կտրուկ շարժումով բաց արեց դուռը և կանգնեց միլեդիի առաջ գունատ, ինչպես միշտ, բայց բորբոքված, թափառուն աչքերով։

— Ինչո՞ւ եք դուք այդպես երգում,— խոսեց նա,— և այդպիսի ձայնով։

— Ներեցեք,— հեզաբար պատասխանեց միլեդին,— ես մոռացել էի, որ իմ երգերն անտեղի են այս տանը։ Գուցե ես վիրավորեցի ձեր կրոնական զգացմունքը, բայց, երդվում եմ, այդ արվել է առանց դիտավորության։ Ներեցեք ինձ իմ մեղքը, որը գուցե և մեծ է, բայց, ճշմարիտ, ակամա մեղք է։

Այդ րոպեին միլեդին այնքան չքնաղ էր, կրոնական էքստազը, որի մեջ ասես նա գտնվում էր, նրա դեմքին տալիս էր այնպիսի երկնային արտահայտություն, որ նրա գեղեցկությամբ կուրացած Ֆելտոնին թվաց, թե ինքն իր առջև տեսնում է մի հրեշտակ, որի երգը հենց նոր լսում էր ինքը։

— Այո, այո,— պատասխանեց նա։— Այո, դուք շփոթում, հուզում եք ամրոցում ապրող մարդկանց։

Խեղճ անմիտն ինքն էլ չէր նկատում իր խոսքերի անկապ լինելը, իսկ միլեդին այդ ժամանակ աշխատում էր իր խորաթափանց հայացքով մտնել նրա սրտի գաղտնարանը։

— Ես այլևս չեմ երգի,— աչքերը ցած թողնելով ասաց միլեդին ամենայն հեզությամբ, որպիսին կարող էր տալ իր ձայնին, ամենայն հնազանդությամբ, որպիսին կարող էր պատկերել իր դիրքով։

— Ո՛չ, ո՛չ, տիկին,— առարկեց Ֆելտոնը,— միայն թե երգեցեք կամաց, մանավանդ գիշերը։

Եվ այս ասելով Ֆելտոնը, զգալով, որ չի կարողանալու երկար ժամանակ պահպանել իր խստությունն այդ կնոջ նկատմամբ, դուրս վազեց սենյակից։

— Դուք լավ արիք, պարոն լեյտենանտ,— ասաց զինվորը։— Նրա երգը տակնուվրա է անում մարդու հոգին։ Ի դեպ, դրան մարդ շուտ է վարժվում, նա այնպիսի՜ հրաշալի ձայն ունի։

Comments