1. Երեք հրացանակիրներ

Chapter 53

Երկրորդ մաս XXII. Կալանավորման առաջին օրը

Վերադառնանք միլեդիին, որին մենք, հայացք նետելով Ֆրանսիայի ափերին, մի պահ աչքաթող էինք արել։

Մենք նրան կգտնենք այն հուսահատ դրության մեջ, ինչպես թողինք, մռայլ խոհերի անդունդի մեջ սուզված, զարհուրելի անդունդ, որի եզրին նա թողել էր համարյա ամեն մի հույս, առաջին անգամն էր, որ նա կասկածում էր, առաջին անգամն էր, որ սարսափում էր։

Երկու անգամ բախտը դավաճանել էր նրան, երկու անգամ նրա գաղտնիքը բացել էին ու մատնել, և երկու անգամն էլ նրա անհաջողության հանցավորը եղել էր ճակատագրական այն ոգին, որին երևի ամենաբարձրյալն աշխարհ էր ուղարկել, որպեսզի հաղթահարի իրեն. դ’Արտանյանը հաղթել էր նրան, այդ անհաղթահարելի չար ոգուն։

Նա ծաղրել էր նրա սերը, ստորացրել էր նրա հպարտությունը, խաբել էր նրա փառասիրական մտքերը և ահա այժմ կործանում է նրա բախտը, զրկել է ազատությունից և նույնիսկ նրա կյանքին է սպառնում։ Դեռ ավելին. նա բարձրացրել էր նրա դիմակի մի անկյունը, այն վահանը, որով նա սովորաբար ծածկվում է, և որը նրան այնպես զորեղ է դարձնում։

Դ’Արտանյանը Բեկինգհեմից հեռացրեց այն փոթորիկը, որով սպառնում էր նրան Ռիշելիեն ի դեմս թագուհու, իսկ ինքը՝ միլեդին ատում էր Բեկինգհեմին, ինչպես ատում է ամեն բան, ինչ առաջ սիրել է։ Դ’Արտանյանը իրեն ներկայացրեց որպես դը Վարդ, որին միլեդին մի պահ բոցավառեց էգ վագրի անզուսպ կրքով, ինչպես լինում է սովորաբար այդպիսի կնոջ կիրքը։ Դ’Արտանյանին հայտնի է նրա սարսափեքի գաղտնիքը, իսկ նա երդվել է, որ ով այդ գաղտնիքն իմանա, իր կյանքով պիտի հատուցի։ Եվ, վերջապես, այն պահին, երբ նրան հաջողվել էր ստանալ այն թուղթը, որի օգնությամբ նա ուզում էր վրեժ առնել իր թշնամուց, այդ թուղթը խլում են նրա ձեռքից։ Եվ դարձյալ նույն դ’Արտանյանն է իրեն պահում բանտարկված և կուղարկի մի որևէ նողկալի Բոտանիբեյ, մի որևէ զզվելի Տայբերն՝ Հնդկական օվկիանոսում...

Անտարակույս այս ամենը նրա հետ պատահել է դ’Արտանյանի ցանկությամբ. էլ ուրիշ ո՞վ կարող էր նրան պատել այնպիսի խայտառակությամբ, եթե ո՛չ դ’Արտանյանը։ Միայն նա կարող էր լորդ Վինտերին հայտնել այդ բոլոր սոսկալի գաղտնիքները, որ նա ճակատագրի բերումով բացել էր իրար հետևից։ Նա է ճանաչում իր տեգրոջը և հավանորեն նամակ է գրել նրան։

Ինչպիսի՜ ատելություն էր եռում նրա մեջ։

Նա նստել է անշարժ, բոցկլտուն հայացքը հառած սենյակի ամայի խորքը։ Մերթընդմերթ նրա կրծքից շնչառության հետ դուրս են թռչում խուլ հառաչանքներ և արձագանքում ալիքների աղմուկին, որոնք բարձրանում, դղրդում ու մռնչոցով զարկվում են ժայռերին, որոնց վրա կառուցված է այդ մռայլ ու գոռոզ ամրոցը։

Տիկին Բոնասիեի, Բեկինգհեմի և, մանավանդ, դ’Արտանյանի դեմ վրիժառության ինչպիսի՜ հիանալի պլաններ է կազմում նրա միտքը, որը լուսավորվում է զայրույթի բուռն բռնկումներով։

Այո, բայց վրեժ առնելու համար պետք է ազատ լինել, իսկ ազատվելու համար, երբ բանտում ես գտնվում, հարկավոր է քանդել պատը, կտրել երկաթավանդակը, ծակել հատակը։ Այդպիսի նախաձեռնությունները մինչև վերջ կարող է հասցնել համբերատար և ուժեղ տղամարդը, բայց կինը՝ այն էլ տենդային բորբոքման մեջ, անհաջողության է մատնված։ Բացի դրանից, այդ ամենի համար հարկավոր է ժամանակ ունենալ, ամիսներ, տարիներ, իսկ նա... նա ընդամենը տասը կամ տասներկու օր ունի, ինչպես ասաց լորդ Վինտերը, նրա ահեղ եղբայրն ու բանտապետը։

Եթե նա տղամարդ լիներ, կաներ այդպիսի փորձ և գուցե թե հաջողության կհասներ։ Ինչո՞ւ է երկինքը նման սխալ գործել այդ փխրուն ու քնքուշ մարմնի մեջ քաջարի ոգի դնելով։

Սրա համար էլ բանտարկության առաջին րոպեները զարհուրելի էին, միլեդին չէր կարողանում հաղթահարել կատաղության ջղաձիգ շարժումները, կանացի թուլությունն իր տուրքն էր տալիս բնությանը։ Բայց քիչ֊քիչ նա սանձեց անմիտ զայրույթի պոռթկումները, նրա մարմնի ցնցող ջղային դողը դադարեց, նա կծիկ եկավ և հանգստացող հոգնած օձի պես սկսեց իր ուժերը հավաքել։

— Դե լա՜վ, լա՜վ։ Ես խելագարվե՞լ եմ, որ այսպիսի կատաղության մեջ եմ ընկել,— ասաց նա նայելով հայելուն, որտեղ արտացոլվում էր նրա հրացայտ հայացքը, որն ասես հարց էր տալիս ինքն իրեն։— Հարկավոր չէ կատաղել, կատաղությունը թուլության նշան է։ Մանավանդ այդ միջոցը երբեք չի հաջողվել ինձ։ Եթե ես ուժ գործադրեի գործ ունենալով կանանց հետ, գուցե թե կարողանայի նրանց հաղթել։ Բայց ես պայքար եմ մղում տղամարդկանց դեմ, և նրանց համար ես ընդամենը մի թույլ կին եմ։ Կռիվ կմղենք կանացի զենքով, իմ ուժը իմ թուլությունն է։

Եվ ասես ցանկանալով համոզվել, թե ինչպիսի փոփոխություններ կարող է տալ իր արտահայտիչ ու շարժուն դեմքին, նա հերթով ընդունեց բոլոր արտահայտությունները՝ սկսած ցասումից, որը աղճատում էր նրա դիմագծերը, և վերջացրած ամենահեզ, ամենաքնքուշ ու շոյող ժպիտով։ Հետո նրա հմուտ ձեռքերը սկսեցին փոփոխել սանրվածքը, որպեսզի ավելի շատացնեն դեմքի հրապույրը։ Վերջապես ինքն իրենից միանգամայն գոհ շշնջաց.

— Դեռ ոչինչ կորած չէ։ Դեռ առաջվա պես գեղեցիկ եմ։

Երեկոյան ժամը ութին մոտ էր։ Միլեդին սենյակում նկատեց մի մահճակալ։ Նա մտածեց, որ մի քիչ հանգիստ առնելը կթարմացնի ոչ միայն իր գլուխն ու մտքերը, այլև դեմքի գույնը։ Սակայն, նախքան քնելու պառկելը, մի ավելի հաջող միտք եկավ գլուխը։ Նա լսել էր, թե ինչպես էին խոսում ընթրիքի մասին։ Իսկ նա արդեն մի ժամից ավելի այդ սենյակումն էր, և հավանորեն շուտով ուտելիք պիտի բերեին իր համար։ Գերին չուզեց ժամանակ կորցնել և որոշեց, որ հենց այդ երեկո փորձ կանի հող շոշափել, կսկսի ուսումնասիրել այն մարդկանց, որոնց հանձնարարված էր հսկել իրեն։

Դռան տակ լույս երևաց, դա ցույց էր տալիս, որ նրա բանտապահները գալիս են։ Միլեդին, որն արդեն վեր էր կացել, նորից շտապ նստեց բազկաթոռին։ Նա գլուխը ետ էր գցել, գեղեցիկ մազերը թափված էին ուսերին, կուրծքը մի փոքր բացվել էր ճմրթված ժանյակների տակից, մի ձեռքն ընկած էր սրտին, իսկ մյուսը կախված էր բազկաթոռից։

Սողնակը շրխկաց, դուռը ճռռաց, և սենյակում քայլեր լսվեցին։

— Դրեք այնտեղ այդ սեղանը,— ասաց մեկը, և միլեդին ճանաչեց Ֆելտոնի ձայնը։

Հրամանը կատարվեց։

— Մոմ բերեք և ժամապահին փոխեցեք,— շարունակեց Ֆելտոնը։

Այս կրկնակի հրամանը որ երիտասարդ սպան տվեց միևնույն անձանց, միլեդիին համոզեց, որ իրեն սպասարկում են հենց նույն մարդիկ, ովքեր հսկում են, այսինքն՝ զինվորներ։

Ֆելտոնի հրամանները կատարվում էին լուռ ու արագ, և այդ ցույց էր տալիս այն անբասիր կարգապահությունը, որի մեջ սպան պահում էր իր ստորադրյալներին։

Վերջապես Ֆելտոնը, որ դեռ չէր նայել միլեդիին, շուռ եկավ դեպի նա։

— Ա֊ա՜, քնած է,— ասաց նա։— Լավ, երբ արթնանա, կընթրի։

Եվ նա մի քանի քայլ արեց դեպի դուռը։

— Ո՛չ, պարոն լեյտենանտ,— կանգնեցրեց Ֆելտոնին մի զինվոր, որը մոտեցել էր միլեդիին և այնպիսի ստոիկյան չէր, ինչպես իր պետը,— այս կինը քնած չէ։

— Ինչպե՞ս թե քնած չէ,— հարցրեց Ֆելտոնը, հապա ի՞նչ է անում։

— Ուշաթափված է։ Դեմքը շատ գունատ է, որքան էլ ականջ եմ դնում, շնչառություն չեմ լսում։

— Դուք իրավացի եք,— համաձայնեց Ֆելտոնը՝ միլեդիին նայելով հենց այնտեղից, որտեղ կանգնած էր և ոչ մի քայլ չմոտենալով նրան։— Զեկուցեք լորդ Վինտերին, որ նրա գերին ուշագնաց է եղել, այս դեպքը նախատեսված չէ, և ես չգիտեմ, թե ինչ պետք է անել։

Զինվորը դուրս գնաց, որպեսզի իր սպայի հրամանը կատարի։ Ֆելտոնը նստեց պատահաբար դռան մոտ դրված բազկաթոռին և սկսեց սպասել առանց մի խոսք ասելու, առանց մի շարժում անելու։ Միլեդին տիրապետում էր կանանց կողմից լավ ուսումնասիրված արվեստին, այն է՝ նայել երկար թարթիչների արանքից, ձևացնելով, թե աչքերը փակ են։ Նա տեսավ Ֆելտոնին, որը նստած էր մեջքը իր կողմը դարձրած։ Առանց հայացքը կտրելու միլեդին մի տասը րոպե դիտեց նրան, և այդ ամբողջ ժամանակամիջոցում նրա հսկիչը ոչ մի րոպե շուռ չեկավ իր կողմը։

Միլեդին հիշեց, որ հիմա լորդ Վինտերը կգա և մտածեց, որ Վինտերի ներկայությունը իր բանտապահին նոր ուժ կտա։ Նրա առաջին փորձը չհաջողվեց։ Միլեդին հաշտվեց դրա հետ որպես մի կին, որը դեռ էլի շատ միջոցներ ունի, նա գլուխը բարձրացրեց, աչքերը բաց արեց և թեթևակի հառաչեց։

Այս հառաչանքը լսելով՝ Ֆելտոնը, վերջապես, ետ նայեց։

— Ա՜, դուք արթնացա՞ք, տիկին,— ասաց նա։— Դե ուրեմն ես այլևս այստեղ անելիք չունեմ։ Եթե ձեզ որևէ բան հարկավոր լինի, զանգ տվեք։

— Ա՜խ, աստվա՜ծ իմ, աստվա՜ծ իմ, որքա՜ն վատ էի զգում ես ինձ,— շշնջաց միլեդին այն քաղցրածոր ձայնով, որը հին կախարդների ձայնի նման դյութում էր բոլոր նրանց, ում նա կործանել էր ուզում։

Եվ բազկաթոռի մեջ ուղղվելով՝ նա ավելի հրապուրիչ և ավելի ազատ դիրք ընդունեց, քան այն, որով պառկած էր մինչ այդ։

Ֆելտոնը վեր կացավ։

— Ձեզ, տիկին, ուտելիք կտան օրական երեք անգամ,— ասաց նա,— առավոտվա ժամը իննին, ապա՝ ցերեկվա մեկին և երեկոյան ժամը ութին։ Եթե այս կարգը ձեզ դուր չի գալիս, կարող եք իմ առաջարկածի փոխարեն ուրիշ ժամեր նշանակել և մենք կհարմարեցնենք ձեր ցանկությանը։

— Բայց մի՞թե ես միշտ մենակ եմ լինելու այս մեծ ու մռայլ սենյակում,— հարցրեց միլեդին։

— Կանչված է մի կին, որը այս մոտերքումն է ապրում։ Վաղը նա կգա ամրոց և երբ ցանկալի լինի նրա ներկայությունը, կգա ձեզ մոտ։

— Շնորհակալ եմ ձեզնից,— հեզաբար պատասխանեց միլեդին։

Ֆելտոնը թեթևակի գլուխ տվեց և քայլեց դեպի դուռը։ Հենց այն րոպեին, երբ նա ուզում էր շեմքն անցնել, միջանցքում երևաց լորդ Վինտերը այն զինվորի ուղեկցությամբ, որին ուղարկել էին զեկուցելու, թե միլեդին ուշաթափվել է։ Լորդը ձեռքին ուներ անուշադրի սպիրտով լի մի սրվակ։

— Հը՛, ի՞նչ կա։ Ի՞նչ է պատահել,— հարցրեց նա ծաղրական ձայնով, տեսնելով, որ իր գերին արդեն վեր է կացել, իսկ Ֆելտոնը պատրաստվում է գնալու։— Նշանակում է հանգուցյալն արդեն հարությո՞ւն է առել։ Գրողը տանի, Ֆելտոն, զավակս, մի՞թե դու չհասկացար, որ քեզ նորելուկի տեղ են դնում և քո առջև խաղում են առաջին գործողությունն այն կոմեդիայի, որ մենք, անտարակույս, բավականություն կունենանք տեսնելու մինչև վերջ։

— Ես այդպես էլ մտածում էի, միլորդ,— պատասխանեց Ֆելտոնը։— Բայց քանի որ գերին, այնուամենայնիվ, կին է, ուզում էի նրա նկատմամբ ցույց տալ այն ուշադրությունը, որ ամեն մի բարեկիրթ մարդ պարտավոր է ցույց տալ կնոջը, եթե ո՛չ նրա պատվին, ապա գոնե իր սեփական արժանապատվությունից ելնելով։

Միլեդին ամբողջ մարմնով դողաց, Ֆելտոնի խոսքերը սառեցնում էին նրա արյունը։

— Ուրեմն նազանքով թափված այդ գեղեցիկ մազերը,— ծիծաղելով ասաց լորդ Վինտերը,— այդ սպիտակ մաշկը, այդ տամուկ հայացքը դեռ չե՞ն հրապուրել քեզ, քարասիրտ մարդ։

— Ոչ, միլորդ,— պատասխանեց պաղարյուն երիտասարդը,— և հավատացեք, կանացի խորամանկությունից ու կոկետությունից մի փոքր ավելին է հարկավոր ինձ շեղելու համար։

— Այդ դեպքում, իմ քաջ լեյտենանտ, թողնենք, որ միլեդին մի ուրիշ միջոց որոնի, իսկ մենք գնանք ընթրելու։ Օ՜, հանգիստ եղիր, նրա երևակայությունը հարուստ է, և միլեդիի կոմեդիայի երկրորդ գործողությունը շուտով կհաջորդի առաջինին։

Այս ասելով լորդ Վինտերը թևանցուկ արեց Ֆելտոնին և շարունակելով ծիծաղել դուրս տարավ նրան։

— Օ՜, ես կգտնեմ այն, ինչ հարկավոր է քեզ,— ատամների արանքից շշնջաց միլեդին,— հանգիստ եղիր, խեղճ ձախորդ վանական, թշվառ նորաթուխ զինվորական, դու զինվորականի համազգեստ չպետք է կրեիր, այլ փարաջա...

— Ի դեպ,— ասաց Վինտերը շեմքում կանգ առնելով,— ջանացեք, միլեդի, որ այս անհաջողությունը ձեզ ախորժակից չզրկի։ Ճաշակեցեք վառեկն ու ձուկը, երդվում եմ պատվովս, որ ես չեմ հրամայել թունավորել դրանք։ Ես գոհ եմ իմ խոհարարից, և որովհետև նա ինձնից ոչ մի ժառանգություն չի սպասում, լիակատար ու անսահման վստահություն ունեմ նրա նկատմամբ։ Օրինակ վերցրեք ինձնից։ Մնաք բարով, սիրելի քույր իմ։ Մինչև ձեր նոր ուշաթափությունը,

Սա այն ծայրահեղն էր, ինչին կարող էր դիմանալ միլեդին, նա ջղաձգաբար ձեռքերը սեղմեց բազկաթոռին, ատամները կրճտացրեց և հայացքով հետևեց դռան շարժումին, որը փակվեց լորդ Վինտերի ու Ֆելտոնի հետևից։ Երբ մենակ մնաց, նորից հուսահատությունը համակեց նրան։ Նայեց սեղանին, տեսավ փայլուն դանակը, մոտ վազեց ու վերցրեց այն։ Բայց նրան սպասում էր դաժան հիասթափություն, դանակի բերանը ծալվող արծաթից էր, իսկ ծայրը՝ կլորացված։

Կիսափակ դռան հետևից ծիծաղի պոռթկում լսվեց և դուռը նորից բացվեց։

— Հա՛֊հա՛֊հա՛—գոչեց լորդ Վինտերը,— հա՛֊հա՛։ Տեսնո՞ւմ ես, սիրելի Ֆելտոն, տեսնո՞ւմ ես։ Ի՞նչ էի ասում ես քեզ. այս դանակը նախատեսված էր քեզ համար, նա կսպաներ քեզ։ Այդ, գիտե՞ս, նրա թուլություններից մեկն է՝ այս կամ այն ձևով ազատվել այն մարդկանցից, ովքեր խանգարում են իրեն։ Եթե ես քեզ լսեի և թույլ տայի պողպատե սուր դանակ տալ նրան, ապա Ֆելտոնի վերջը կգար, նա կմորթեր քեզ, իսկ քեզանից հետո էլ մեզ բոլորիս։ Նայիր, Ջոն, տես ի՜նչ լավ է տիրապետում նա դանակին։

Իսկապես, միլեդին դեռ ջղաձգաբար սեղմված ձեռքում բռնած ուներ հարձակողական զենքը, բայց այդ մեծագույն վիրավորանքից նրա ձեռքը բացվեց, նա զրկվեց ուժից և նույնիսկ կամքից։

Դանակն ընկավ հատակին։

— Դուք իրավացի եք, միլորդ,— ասաց Ֆելտոնը խոր զզվանքի տոնով, որը ծակեց միլեդիի սիրտը,— դուք իրավացի եք, իսկ ես սխալվում էի։

Երկուսն էլ նորից դուրս գնացին։

Այս անգամ միլեդին ավելի ուշադիր ականջ դրեց, քան առաջին անգամ, և սպասեց, մինչև նրանք հեռացան, և քայլերի ձայնը մարեց միջանցքի խորքում։

— Ես կորած եմ,— շշնջաց նա։— Ես ընկել եմ այնպիսի մարդկանց ձեռք, որոնց վրա իմ խորամանկությունները նույնքան քիչ են ազդում, որքան բրոնզե կամ գրանիտե արձանների վրա։ Նրանք անգիր գիտեն ինձ և անխոցելի են իմ ամեն մի զենքի առաջ։ Բայց չի կարելի թույլ տալ, որ այս ամենը վերջանա այնպես, ինչպես նրանք են որոշել։

Իսկապես, ինչպես ցույց էր տալիս միլեդիի վերջին դատողությունը, նրա բնազդական վերադարձը հույսին, ո՛չ վախը, ո՛չ թուլությունը երկար ժամանակ չէին տիրապետում այդ ուժեղ հոգուն։ Միլեդին սեղան նստեց, զանազան խորտիկներ ճաշակեց, մի քիչ իսպանական գինի խմեց և զգաց, որ իր ամբողջ վճռականությունը վերադարձավ։

Նախքան քնելու պառկելը նա վերլուծեց, կշռադատեց, մեկնաբանեց և ուսումնասիրեց ամեն կողմից ամեն ինչ՝ իր զրուցակիցների խոսքերը, վարմունքները, ամենափոքր շարժումները, նույնիսկ լռությունը։ Այդ հմուտ ու հոգատար ուսումնասիրության արդյունքը այն համոզմունքը, որ իրեն տանջող երկու մարդկանցից Ֆելտոնն ավելի հեշտ խոցելի է։ Առանձնապես մի խոսք շարունակ նրա գլուխն էր գալիս. «Եթե ես քեզ լսեի»,— ասաց լորդ Վինտերը Ֆելտոնին։

Նշանակում է Ֆելտոնն իր օգտին է խոսել, քանի որ լորդ Վինտերը նրան չի լսել։

«Թույլ թե ուժեղ,— մտմտում էր միլեդին այնուամենայնիվ այդ մարդու մեջ խղճահարության մի կայծ կա իմ նկատմամբ։ Այդ կայծից ես այնպիսի բոց կբորբոքեմ, որը կմոլեգնի նրա մեջ։ Իսկ լորդ Վինտերն ինձ ճանաչում է. նա վախենում է ինձնից և հասկանում է, թե ինչ կարելի է սպասել ինձնից, եթե երբևիցե ինձ հաջողվի դուրս պրծնել իր ձեռքից, ուստի և անօգուտ բան է նրան նվաճելու փորձ անել... Այ, Ֆելտոնը բոլորովին ուրիշ բան է, նա միամիտ երիտասարդ է, մաքուր հոգու տեր և, ըստ երևույթին, բարեսիրտ. նրան կարելի է մոլորեցնել»։

Եվ միլեդին պառկեց ու քնեց՝ ժպիտը շուրթերին։ Եթե որևէ մեկը տեսներ նրան քնած, կարող էր կարծել, թե դա մի ջահել աղջիկ է և երազում ծաղկեպսակ է տեսնում, որով պիտի զարդարի իրեն առաջիկա տոնի առթիվ։

Comments