Chapter 52
Երկրորդ մաս XXI. Սպան
Այդ ժամանակ կարդինալը տեղեկություններ էր սպասում Անգլիայից, սակայն, բացի անհաջող և սպառնագին տեղեկություններից, ուրիշ ոչ մի լուր չէր գալիս։
Որքան էլ խիտ էր պաշարված Լա֊Ռոշելը, որքան էլ անտարակուսելի էր թվում այդ պաշարման հաջողությունը՝ շնորհիվ ձեռք առած միջոցների և մանավանդ շնորհիվ այն պատնեշի, որ մակույկներին խանգարում էր թափանցել պաշարված քաղաքը, այնուամենայնիվ պաշարումը կարող էր դեռ շատ երկար տևել ի մեծ խայտառակություն թագավորի զորքերի և ի մեծ անբավականություն կարդինալի, որին, ճիշտ է, այլևս հարկավոր չէր Լյուդովիկոս XIII֊ին գժտեցնել Աննա Ավստրիացու հետ, որովհետև այդ արդեն արված էր, բայց պետք էր հաշտեցնել պարոն Բասոմպիերին, որը գժտված էր դուքս Անգուլեմի հետ։
Ինչ վերաբերում է թագավորի եղբորը, ապա նա միայն սկսել էր պաշարումը, իսկ այն ավարտելու հոգսը թողել կարդինալին։
Քաղաքը, չնայած իր քաղաքագլխի արտակարգ տոկունությանը, ուզում էր հանձնվել, ուստի և խռովության փորձ արեց, սակայն քաղաքագլուխը հրամայեց խռովարարներին կախաղան հանել։ Ահա դատաստանը հանգստացրեց նույնիսկ ամենատաքգլուխներին, և նրանք որոշեցին, որ ավելի լավ է սովամահ լինել, այդպիսի մահը նրանց թվում էր ավելի դանդաղ ու ավելի քիչ հավանական, քան կախաղան բարձրանալը։
Պաշարողները մերթընդմերթ բռնում էին այն սուրհանդակներին, որոնց լարոշելցիներն ուղարկում էին Բեկինգհեմի մոտ, կամ այն լրտեսներին, որոնց Բեկինգհեմն էր ուղարկում լարոշելցիների մոտ։ Երկու դեպքում էլ դատաստանը շատ կարճ էր լինում, կարդինալն արտասանում էր միայն մեկ բառ՝ «կախել»։ Թագավորին հրավիրում էին մահապատիժը դիտելու։ Նա գալիս էլ ալարկոտ քայլվածքով և կանգնում մի հարմար տեղ, որպեսզի ամբողջ արարողությունը տեսնի իր բոլոր մանրամասնություններով։ Սա չէր խանգարում թագավորին խիստ տխուր լինել և ամեն րոպե խոսել Փարիզ վերադառնալու մասին, բայց և այնպես մի փոքր զբաղեցնում էր նրան և ստիպում ավելի համբերությամբ շարունակել պաշարումը, և եթե սուրհանդակներ ու լրտեսներ ձեռքը չէին ընկնում, նորին սրբազնությունը, չնայած իր ողջ հնարամտությանը, շատ դժվարին դրության մեջ էր ընկնում։
Ժամանակն անցնում էր, իսկ լարոշելցիներն անձնատուր չէին լինում։ Վերջին սուրհանդակը, որին բռնել էին պաշարողները, նամակ էր տանում Բեկինգհեմին։ Ճիշտ է, նամակում ասված էր, որ քաղաքը ծայր աստիճանի է հասել, բայց եզրակացության մեջ ասված չէր՝ «եթե երկու շաբաթվա ընթացքում ձեր օգնությունը չհասնի, մենք կհանձնվենք», այլ ասված էր. «Եթե երկու շաբաթվա ընթացքում ձեր օգնությունը չհասնի, ապա երբ գա, մենք բոլորս սովից մեռած կլինենք»։ Այսպես ուրեմն, լարոշելցիները հույս էին դրել միայն Բեկինգհեմի վրա։ Բեկինգհեմը նրանց փրկիչն էր։ Ակներև էր, որ եթե նրանց համար միանգամայն պարզ լիներ, որ Բեկինգհեմի վրա այլևս հույս դնել չի կարելի, հույսի հետ միասին կկորցնեին նաև իրենց արիությունը։
Դրա համար էլ կարդինալը մեծ անհամբերությամբ էր Անգլիայից տեղեկություն սպասում, որ Բեկինգհեմը Լա֊Ռոշել չի գա։
Քաղաքը գրոհով գրավելու հարցը հաճախ էր քննարկվում թագավորական խորհրդում, բայց միշտ էլ մերժվում էր. նախ Լա֊Ռոշելն անառիկ էր թվում, երկրորդ կարդինալը, ինչ էլ որ ասելու լիներ, շատ լավ էր հասկանում, որ այդպիսի արյունահեղությունը, երբ ֆրանսիացիները պետք է կռվեն հենց ֆրանսիացիների դեմ, քաղաքականության մեջ ամբողջ վաթսուն տարով ետ դառնալ կնշանակեր, իսկ կարդինալը իր ժամանակի համար առաջադեմ մարդ էր, ինչպես այժմ ընդունված է արտահայտվել։ Եվ իսկապես, Լա֊Ռոշելի ջախջախումը և երեք֊չորս հազար հուգենոտների կոտորածը, որոնք ավելի շուտ կսպանվեին, քան կհամաձայնեին անձնատուր լինել, 1628 թվականին շատ նման կլիներ 1572 թվականի Բարդուղիմեոսյան գիշերվան։ Վերջապես այդ ծայրահեղ միջոցը, որից ինքը թագավորը որպես մոլի կաթոլիկ ամենևին չէր խորշում, միշտ էլ մերժում էին պաշարող գեներալները, որոնք պատճառաբանում էին, թե Լա֊Ռոշելը չի կարելի գրավել այլ կերպ, քան սովահար անելով։
Կարդինալը չէր կարողանում իրենից վանել այն ակամա վախը, որ ներշնչել էր նրան իր սոսկալի պատվիրակուհին. նա ևս նկատել էր այդ կնոջ տարօրինակ հատկությունները, որը մերթ օձ էր թվում, մերթ՝ առյուծ։ Արդյոք չի՞ դավաճանել նա իրեն։ Չի՞ մեռել արդյոք։ Համենայնդեպս նա բավական լավ ուսումնասիրել էր այդ կնոջը և գիտեր, որ անկախ նրանից, թե իր կողմն է տրամադրված նա թե իր դեմ, իր բարեկամն է թե թշնամին, նա պարապ չէր մնա, եթե միայն խոշոր խոչընդոտներ չէին հարկադրում նրան պարապ մնալ։ Բայց որտեղի՞ց կարող էին ծագել այդպիսի խոչընդոտներ։ Հենց այս է, որ կարդինալն իմանալ չէր կարողանում։
Ի դեպ նա, ո՛չ առանց հիմքի, մեծ հույս էր դնում միլեդիի վրա, նա գլխի էր ընկնում, որ այդ կնոջ անցյալում զարհուրելի բաներ կան թաքնված, որոնք ծածկել կարող է միայն իր կարմիր թիկնոցը, և զգում էր, որ այս կամ այն պատճառով այդ կինը նվիրված է իրեն, որովհետև միմիայն իր մեջ կարող է աջակցություն և պաշտպանություն գտնել իրեն սպառնացող վտանգից։
Այսպես, նա որոշել էր մենակ շարունակել կռիվը և սպասել կողմնակի օգնության, ինչպես երջանիկ պատահականությանն են սպասում։ Նա շարունակում էր բարձրացնել նշանավոր պատնեշը, որը պետք է սովամահ աներ Լա֊Ռոշելի բնակչությանը։ Այս սպասումով նայելով դժբախտ քաղաքին, որը իր մեջ պարունակում էր այնքան մեծ աղետներ և այնքան հերոսական առաքինություններ, կարդինալը հիշում էր խոսքերը Լյուդովիկոս XI֊ի, որն իր քաղաքական նախորդն էր այնպես, ինչպես ինքն էր Ռոբեսպիերի քաղաքական նախորդը, հիշում էր հովանավոր Տրիստանի<ref>Տրիստան — Լյուդովիկոս Xl֊ի ժամանակների (1461֊1483) պետական գործիչ։</ref> կանոնը՝ «Բաժանիր, որ տիրես»։
Երբ Հենրիխ IV֊ը Փարիզը պաշարել էր, հրամայեց քաղաքի պարիսպների վրայից հաց և ուտելիքներ ներս գցել։ Իսկ կարդինալը հրամայեց ներս գցել նամակներ, որոնցով նա լարոշելցիներին բացատրում էր, թե որքան անարդար, եսասիրական, դաժան է նրանց պետերի վարքագիծը։ Այդ պետերն առատ հաց ունեին, բայց բնակչությանը չէին բաժանում, նրանք հետևում էին այն կանոնին (նրանք էլ իրենց կանոնն ունեին), թե կարևոր չէ, թե կանայք, ծերունիներն ու երեխաները մեռնեն, միայն թե ողջ և ուժեղ մնան տղամարդիկ, որոնք պարտավոր են պաշտպանել իրենց քաղաքը։ Այն ժամանակներում այս կանոնը թեև դեռ բոլորի կողմից ընդունված չէր, բայց արդյո՞ք այն պատճառով, որ բնակիչներն անզոր էին դիմադրելու դրան, թե՞ հենց այդ բնակիչների անձնվիրության հետևանքով՝ տեսությունից արդեն պրակտիկա էր դարձել։ Կարդինալի քաղաք նետած նամակները խախտում էին հավատը այդ կանոնի արդարության մասին։ Այդ նամակները տղամարդկանց հիշեցնում էին, որ մահվան դատապարտված երեխաները, կանայք ու ծերունիները իրենց երեխաներն են, կանայք, հայրերը, որ ավելի արդարացի կլիներ, եթե ընդհանուր աղետը բոլորը հավասար կրեին, և այն ժամանակ միանման դրությունը բնակիչներին կհանգեցներ միահամուռ որոշումների։
Ներս նետած այդ նամակները հենց այն ներգործությունն էին ունենում, ինչ սպասում էր նրանց կազմողը, բնակիչներից շատերին տրամադրում էին սեպարատ բանակցություններ սկսելու թագավորական բանակի հետ։
Բայց հենց այն ժամանակ, երբ կարդինալն արդեն տեսնում էր, որ իր փորձած միջոցը պտուղներ է տալիս, և ուրախանում էր, որ գործադրել է այդ միջոցը, հենց այդ ժամանակ Լա֊Ռոշելի բնակիչներից մեկը, որը կարողացել էր թագավորական զորքերի գիծն անցնել,—միայն աստծուն է հայտնի, թե ինչպես էր հաջողվել այդ նրան, քանի որ այնքան մեծ էր Բասոմպիերի, Շոմբերգի և դուքս Անգուլեմի զգոնությունը, որոնց իր հերթին ուշի֊ուշով հսկում էր կարդինալը,— Լա֊Ռոշելի բնակիչներից մեկը, ասում ենք, ուղիղ Պորտսմուտից կարողացել էր անցնել քաղաք և հաղորդեց, որ ինքն այնտեղ տեսել է մի մեծ նավատորմ, որը պատրաստ է դուրս գալու ոչ ուշ, քան մեկ, շաբաթ հետո։ Դեռ ավելին. Բեկինգհեմը քաղաքագլխին հայտնում էր, որ վերջապես մեծ դաշինք է կնքվելու Ֆրանսիայի դեմ և միաժամանակ Ֆրանսիա են ներխուժելու անգլիական, կայսերական ու իսպանական զորքերը։ Այդ նամակը կարդացվում էր քաղաքի բոլոր հրապարակներում, նրա պատճենները կախվում էին բոլոր փողոցների խաչմերուկներում, և նույնիսկ նրանք, ովքեր արդեն բանակցություն էին սկսել թագավորական բանակի հետ, բանակցությունն ընդհատեցին, որոշելով սպասել այդքան հանդիսավորապես խոստացված օգնությանը։
Այդ անակնկալ հանգամանքը Ռիշելիեի մեջ արթնացրեց նախկին անհանգստությունը և ակամա նրան ստիպեց նորից հայացքը դարձնել ծովի այն կողմը։
Մինչ այդ թագավորական բանակը, որին խորթ էին նրա միակ և իսկական գլխավորի տագնապները, ուրախ կյանք էր վարում։ Ճամբարում ուտելեղենն էլ, փողն էլ առատ էր։ Բոլոր զորամասերը մրցում էին իրար հետ և՛ քաջության մեջ, և՛ զանազան զվարճությունների մեջ։ Լրտեսներ բռնել և կախաղան հանել նրանց, վտանգավոր արշավներ կատարել դեպի պատնեշ ու ծով, հնարել ամենավտանգավոր ձեռնարկումներ և սառնարյուն կերպով կատարել դրանք,— ահա թե ինչով էր իր ժամանակը սպառում բանակը և ինչն էր կարողանում կարճեցնեք օրերը, որոնք երկար էին թվում ոչ միայն սովից ու սպասումից տանջվող լարոշելցիներին, այլև կարդինալին, որն այնքան համառորեն պաշարել էր նրանց։ Կարդինալը շարունակ շրջում էր ձիով, ինչպես հասարակ հեծելազորային, մտախոհ հայացք էր նետում իր կարծիքով անասելի դանդաղ բարձրացող այն ամրություններին, որոնք նրա ղեկավարությամբ կառուցում էին Ֆրանսիայի բոլոր ծայրերից հրավիրված ինժեներները։ Եթե իր շրջագայությունների ժամանակ պատահում էր դը Տրևիլի գնդի որևէ հրացանակրի, երբեմն մոտենում էր նրան, ուշադիր հայացք գցում նրա վրա և տեսնելով, որ դա մեր չորս ընկերներից ոչ մեկը չէ, իր խորաթափանց հայացքը և սուր միտքը որևէ այլ բանի վրա էր դարձնում։
Մի անգամ սպանիչ ձանձրույթից տանջվելով, այլևս չհուսալով, որ քաղաքի հետ բանակցությունները կվերսկսվեն, և դեռևս տեղեկություն չստանալով Անգլիայից, կարդինալը տանից դուրս եկավ միմիայն Կայուզակի և Լա Ուդինիերի ուղեկցությամբ, ձին քշեց ավազոտ ափի երկարությամբ, անձնատուր լինելով անընդգրկելի երազանքներին և դիտելով օվկիանոսի անծայրածիր տարածությունը։ Դանդաղորեն բարձրանալով մի բլուր՝ նա քիչ հեռու, ցանկապատի հետևում տեսավ յոթ մարդ, որոնք պառկել ու տաքանում էին արեգակի ճառագայթների տակ, որը տարվա այդ ժամանակ հազվադեպ էր երևում, իսկ այդ մարդկանց շուրջը թափված էին դատարկ շշեր։ Այդ մարդկանցից չորսը մեր հրացանակիրներն էինք, որոնք պատրաստվել էին լսելու իրենցից մեկի հենց նոր ստացած նամակի ընթերցումը։ Այդ նամակն այնքան կարևոր էր, որ նրա պատճառով հրացանակիրները խաղաթղթերն ու զառերը թողել էին թմբուկի վրա։
Մյուս երեքն զբաղված էին նրանով, որ կոլիուրյան գինու հսկայական ծղոտապատ շշի բերանից մաքրում էին խեժը։ Դրանք երիտասարդների ծառաներն էին։
Կարդինալը, ինչպես արդեն ասացինք, մռայլ տրամադրության մեջ էր, իսկ երբ նա այդպիսի տրամադրության մեջ էր ընկնում, ոչ մի բան այնքան չէր ուժեղացնում նրա մռայլությունը, որքան ուրիշների ուրախությունը։ Բացի այդ, նա ուներ մի տարօրինակ համոզմունք, միշտ երևակայում էր, թե ուրիշների ուրախության պատճառը հենց այն է, ինչ տխրեցնում է իրեն։ Կայուզակին ու Լա Ուդինիերին կանգ առնելու նշան անելով՝ կարդինալը ձիուց իջավ և ուղղվեց դեպի կասկածելի զվարճասերները, հուսալով, որ իր քայլերը խլացնող ավազի և հայացքներից իրեն ծածկող ցանկապատի շնորհիվ կհաջողվի մի քանի բառ լսել այն խոսակցությունից, որ իրեն խիստ հետաքրքրական էր թվում։ Երբ արդեն ցանկապատից մի տասը քայլ էր հեռու, ճանաչեց գասկոնացու առոգանությունը, և որովհետև դեռ առաջ նկատել էր, որ դրանք հրացանակիրներ են, ապա այլևս չէր կասկածում, որ մյուս երեքն էլ նրանք էին, որոնց կոչում էին անբաժան ընկերներ, այսինքն՝ Աթոսը, Պորտոսը և Արամիսը։
Հեշտ է պատկերացնել, թե դրանից հետո որքան ավելի ուժեղացավ նրանց խոսակցությունը լսելու նրա ցանկությունը։ Նրա աչքերը տարօրինակ արտահայտություն ստացան, և նա կատվի քայլերով գաղտագողի մոտեցավ ցանկապատին։ Բայց հազիվ էր մի քանի անորոշ հնչյուն որսացել առանց որևէ որոշակի իմաստի, մեկ էլ հանկարծ մի բարձր, բեկբեկուն ձայն նրան ստիպեց ցնցվել և գրավեց հրացանակիրների ուշադրությունը։
— Սպա՜,— գոչեց Գրիմոն։
— Դուք կարծեմ խոսեցիք, սրիկա՛,— ասաց Աթոսը արմունկի վրա բարձրանալով և Գրիմոյի վրա դարձնելով զայրույթից շողացող աչքերը։
Գրիմոն այլևս ոչ մի բառ չավելացրեց, այլ միայն ցուցամատը մեկնեց ցանկապատի կողմը, այդ շարժումով հայտնելով կարդինալի ու նրա շքախմբի գալստյան մասին։
Մի ոստյունով հրացանակիրները ոտքի ցատկեցին և հարգալից գլուխ տվին։
Կարդինալը, ըստ երևույթին, կատաղած էր։
— Կարծես թե պարոնայք հրացանակիրները պահա՞կ են կարգել իրենց հսկելու համար,— նկատեց նա։— Չլինի՞ ցամաքային ճանապարհով մոտենում են անգլիացիները, կամ հրացանակիրները իրենց ավագ սպաներ են համարում։
— Ձերդ պայծառափայլություն,— պատասխանեց Աթոսը, որովհետև ընդհանուր շփոթության մեջ միայն նա էր պահպանել իսկական ազնվականի այն հանգստությունն ու սառնասրտությունը, որ երբեք չէր լքում նրան,— ձերդ պայծառափայլություն, հրացանակիրները, երբ նրանք ծառայության մեջ չեն, կամ երբ նրանց ծառայությունը վերջացած է, խմում են ու զառ խաղում և իրենց ծառաների համար շատ բարձրաստիճան սպաներ են։
— Ծառանե՜ր,— մռնչաց կարդինալը։— Այն ծառաները, որոնց հրամայված է նախազգուշացնել իրենց տերերին, երբ մոտիկով անցնում է որևէ մեկը, արդեն ծառաներ չեն, այլ ժամապահներ։
— Սակայն ձերդ սրբազնությունն էլ տեսնում է, որ եթե մենք այդ նախազգուշությունը ձեռք չառնեինք, փախցրած կլինեինք առիթը ցույց տալու ձեզ մեր հարգանքը և մեր շնորհակալությունը հայտնելու ձեր ողորմածության համար, նրա համար, որ դուք միացրիք մեզ բոլորիս... Դ’Արտանյան,— շարունակեց Աթոսը,— դուք հենց նոր ասում էիք, թե ցանկանում եք առիթ գտնել նորին սրբազնությանն արտահայտելու ձեր երախտագիտությունը, առիթը ներկայացել է, դեհ, օգտվեցեք այդ առիթից։
Այս ասվեց այն անխռով սառնարյունությամբ, որով աչքի էր ընկնում Աթոսը վտանգի պահերին և ծայրահեղ քաղաքավարությամբ, որ երբեմն նրան ավելի վեհափայլ արքա էր դարձնում, քան ի ծնե արքաներն են։
Դ’Արտանյանը մոտեցավ և շնորհակալության մի քանի խոսք մրմնջաց, որոնք կարդինալի մռայլ հայացքի տակ արագ պաղեցին նրա լեզվի վրա։
— Միևնույն է, պարոնայք,— խոսեց Ռիշելիեն, որին, ըստ երևույթին, Աթոսի դիտողությունի ամենևին չէր շեղել իր սկզբնական մտադրությունից,— միևնույն է, պարոնայք, ես չեմ սիրում, որ հասարակ զինվորները, հենց միայն նրա համար, որ առավելություն ունեն արտոնյալ զորամասում ծառայելու, անվանի ազնվականներ ձևանան. նրանք պետք է պահպանեն նույնպիսի կարգ, ինչպես բոլորը։
Աթոսը թողեց, որ կարդինալը վերջացնի իր այս խոսքը և որպես համաձայնության նշան՝ գլուխ տալով պատասխանեց.
— Հուսով եմ, ձերդ պայծառափայլություն, որ մենք ոչ մի բանով չենք խախտել կարգը։ Այժմ մենք ծառայություն չենք կրում և մտածում էինք, որ ծառայությունից ազատ լինելով՝ կարող ենք մեր ժամանակը տնօրինել ինչպես ինքներս կուզենանք։ Եթե ձերդ սրբազնությանը հաճելի կլինի երջանկացնել մեզ մի որևէ հատուկ հրամանով, մենք պատրաստ ենք հնազանդվելու։ Ձերդ սրբազնությունը տեսնում է,— շարունակեց Աթոսը հոնքերը կիտելով, որովհետև այդ հարցաքննությունը սկսում էր նրան համբերությունից հանել,— մենք մեզ հետ զենք ենք վերցրել, որպեսզի պատրաստ լինենք ամենափոքր տագնապի դեպքում անգամ։
Եվ նա կարդինալին մատով ցույց տվեց չորս հրացանները, որոնք բուրգ էին կազմել թմբուկի մոտ, որի վրա խաղաթղթերն ու զառերն էին դրված։
— Հավատացած եղեք, ձերդ սրբազնություն,— ավելացրեց դ’Արտանյանը,— որ մենք ձեզ ընդառաջ կգնայինք, եթե կարողանայինք ենթադրել, որ դուք եք մոտենում մեզ այդքան փոքր շքախմբով։
Կարդինալը բեղերն ու շրթունքներն էր կրծոտում։
— Գիտե՞ք արդյոք, թե ինչի եք նման դուք միշտ բոլորդ միասին, ահա ինչպես այժմ, զինված և ձեր ծառաների կողմից պաշտպանված,— հարցրեց կարդինալը։— Դուք նման եք չորս դավադիրների։
— Միանգամայն ճիշտ է, ձերդ պայծառափայլություն,—հաստատեց Աթոսը,— մենք իրոք դավադրություն ենք սարքում, ինչպես ձերդ սրբազնությունն էլ մի առավոտ կարողացավ համոզվել, միայն թե այդ դավադրությունը կազմում ենք լարոշելցիների դեմ։
— Է՜, քաղաքագետ պարոններ,— խոսեց կարդինալը՝ իր հերթին հոնքերը կիտելով,— ձեր ուղեղներում թերևս շատ գաղտնիքների լուծում կգտնվեր, եթե դրանք կարելի լիներ կարդալ այնպես հեշտությամբ, ինչպես դուք էիք կարդում մի նամակ, որը թաքցրիք, երբ տեսաք, որ ես մոտենում եմ։
Արյունը խփեց Աթոսի երեսին, նա մի քայլ արեց դեպի կարդինալը։
— Կարելի է մտածել, ձերդ պայծառափայլություն, որ դուք իսկապես կասկածում եք մեզ և իսկապես հարցաքննության եք ենթարկում։ Եթե այդպես է, ապա թող ձերդ սրբազնությունը բարեհաճի բացատրել, և մենք գոնե կիմանանք, թե ինչպես պետք է վարվենք։
— Ի՛նչ մի զարմանալի բան կլիներ, եթե սա իսկապես հարցաքննություն լիներ,— ասաց կարդինալը։— Ձե՛զ նման մարդիկ չեն ենթարկվել հարցաքննության, պարոն հրացանակիր, և պատասխան տվել։
— Ահա հենց դրա համար էլ ես ասացի ձերդ սրբազնությանը, որ ձեր կամքն է հարցաքննել մեզ, և պատրաստ ենք պատասխանելու։
— Այն ի՞նչ նամակ էր, պարոն Արամիս, որ դուք սկսել էիք կարդալ և հետո թաքցրիք։
— Նամակ՝ մի կնոջից, ձերդ պայծառափայլություն։
— Օ՜, հասկանում եմ,— ասաց կարդինալը,— այդ կարգի նամակների մասին պետք է լռություն պահպանել։ Սակայն հոգևորական անձի կարելի է ցույց տալ, իսկ ես, ձեզ հո հայտնի՞ է, որ հոգևոր կոչում ունեմ։
— Ձերդ պայծառափայլություն,— խոսեց Աթոսը հանգիստ, որ առավել ևս սոսկալի էր, քանի որ այդ ձևով պատասխանելով իր գլուխն էր վտանգի ենթարկում,— այդ նամակը մի կնոջից է, բայց այն ստորագրված չէ ո՛չ Մարիոն Դելորմ<ref>Մարիոն Դելորմ — հռչակված էր գեղեցկությամբ ու սիրային պատմություններով, օգտվում էր Ռիշելիեի հովանավորությունից։</ref>, ո՛չ տիկին դ’Էգիլիոն։
Կարդինալը մահու պես սփրթնեց, և նրա աչքերը բռնկեցին չարագուշակ փայլով։ Նա հետ նայեց՝ ասես Կայուզակին ու Լա Ուդինիերին հրաման տալու համար։ Աթոսը նկատեց այդ շարժումը և մի քայլ արեց դեպի հրացանները, որոնց վրա սևեռված էին նաև իր երեք ընկերների հայացքները, քանի որ նրանք ևս ամենևին տրամադիր չէին թույլ տալու, որ իրենց ձերբակալեն։ Կարդինալի կողմը, հաշված նաև իրեն, երեք հոգի էին, իսկ հրացանակիրները իրենց ծառաների հետ ութ հոգի էին, Կարդինալը մտածեց, որ խաղն անհավասար կլինի, մանավանդ նրա համար, որ Աթոսն ու ընկերները իրոք գաղտնի համաձայնության էին գալիս, ուստի դիմեց այն անակնկալ շրջադարձներից մեկին, որոնք նա միշտ պատրաստ ուներ, նրա ամբողջ ցասումը լուծվեց մի ժպիտի մեջ։
— Դեհ, լա՛վ, լա՛վ,— ասաց նա։— Դուք քաջ երիտասարդներ եք, հպարտ՝ օրը ցերեկով և նվիրված՝ գիշերվա խավարում։ Վատ բան չէ, որ մարդ իրեն պաշտպանում է, երբ այնքան լավ պաշտպանում է ուրիշներին։ Պարոնայք, ես ամենևին չեմ մոռացել այն գիշերը, երբ դուք պաշտպանում էիք ինձ «Կարմիր Աղավնատան» ճանապարհին։ Եթե այն ճանապարհին, որով ես հիմա գնում եմ, որևէ վտանգ սպառնալիս լիներ, ես ձեզ կխնդրեի ուղեկցել ինձ, բայց որովհետև վտանգ չի նախատեսվում, մնացեք այստեղ, վերջացրեք ձեր շշերը, ձեր խաղը և ձեր նամակը։ Մնաք բարով, պարոններ։
Նստելով իր ձին, որ մոտ էր բերել Կայուզակը, նա ձեռքը թափահարելով հրաժեշտ տվեց և առաջ սլացավ։
Չորս երիտասարդները քար կտրած, առանց մի խոսք ասելու ճանապարհ դրին նրան հայացքով, մինչև որ նա տեսողությունից ծածկվեց։
Ապա իրար նայեցին։
Բոլորը շվարած էին, նրանք գիտեին, որ չնայած բարեկամական հրաժեշտին՝ կարդինալը հեռացավ կատաղած։
Միայն Աթոսն էր, որ ժպտում էր տիրական, արհամարհական ժպիտով։ Երբ կարդինալն այնքան հեռացավ, որ չէր կարող ո՛չ լսել, ո՛չ էլ տեսնել նրանց, Պորտոսը, որ շտապում էր որևէ մեկի գլխին թափել իր զայրույթը, գոռաց.
— Այդ ապուշ Գրիմոն ուշ իմաց տվեց։
Գրիմոն ուզում էր ինչ֊որ բան ասել, բայց Աթոսը մատը բարձրացրեց, և Գրիմոն լռեց։
— Դուք նամակը կտայի՞ք, Արամիս,— հարցրեց դ’Արտանյանը։
— Ես,— պատասխանեց Արամիսը ամենահաճելի, քնքուշ ձայնով,— այսպիսի որոշում էի ընդունել, եթե նա պահանջեր այն, ես մի ձեռքով նրան պիտի տայի նամակը, իսկ մյուսով սուսերս պիտի խրեի կարդինալի կուրծքը։
— Ես այդպես էլ սպասում էի,— ասաց Աթոսը,— ահա թե ինչու միջամտեցի խոսակցությանը։ Ճիշտ որ այդ մարդը շատ անզգույշ է վարվում տղամարդկանց հետ այդպես խոսելով։ Կարելի է կարծել, թե նա միշտ գործ է ունեցել միայն կանանց և երեխաների հետ։
— Սիրելի Աթոս, ես հիացած եմ ձեզնով, բայց վերջիվերջո մենք, համենայնդեպս, իրավացի չէինք,— առարկեց դ’Արտանյանը։
— Ինչպե՞ս թե իրավացի չէինք,— վրդովվեց Աթոսը։— Ո՞ւմ է պատկանում այն օդը, որ մենք շնչում ենք, օվկիանոսը, որին մենք նայում ենք, ավազը, որի վրա մենք պառկել ենք։ Ո՞ւմ է պատկանում ձեր սիրուհու նամակը։ Մի՞թե կարդինալին։ Երդվում եմ պատվովս, այդ մարդը երևակայում է, թե ինքը տիրապետում է ամբողջ աշխարհին։ Դուք կանգնել էիք նրա առաջ և շշմած ու ընկճված ինչ֊որ բան էիք մրմնջում... Կարելի էր կարծել, որ արդեն Բաստիլը երևում է ձեր աչքին, և որ մի հսկա Մեդուզա<ref>Մեդուզա — կին֊հրեշ հին հունական առասպելաբանության մեջ, որի հայացքի ներքո ամեն ինչ քարանում էր։</ref> պատրաստվում է քար դարձնել ձեզ։ Դե ասացեք, մի՞թե սիրահարված լինելը նշանակում է դավադրություն սարքել։ Դուք սիրահարված եք մի կնոջ, որին կարդինալը փակել է բանտում, իսկ դուք ուզում եք կորզել նրան կարդինալի ձեռքից։ Դուք խաղ եք խաղում նորին սրբազնության հետ, այդ նամակը ձեր հաղթաթուղթն է։ Ինչո՞ւ պետք է դուք հակառակորդին ցույց տաք ձեր խաղաթղթերը։ Այդպես ոչ ոք չի անում։ Թող նա ինքը գլխի ընկնի, թե կարող է։ Մենք ինչպե՞ս ենք գլխի ընկնում նրա խաղը։
— Իսկապես,— համաձայնեց դ’Արտանյանը,— այն ամենը, որ դուք ասում եք, Աթոս, միանգամայն իրավացի է։
— Այդ դեպքում այլևս ոչ մի խոսք այն մասին, ինչ հիմա տեղի ունեցավ այստեղ, և թող Արամիսը շարունակի կարդալ իր ազգականուհու նամակը այն տեղից, որտեղ ընդհատեց կարդինալը։
Արամիսը գրպանից հանեց նամակը, նրա երեք ընկերները գլխին հավաքվեցին, իսկ ծառաները նորից խմբվեցին շշերի շուրջը։
— Դուք կարդացել եք միայն մեկ֊երկու տող,— ասաց դ’Արտանյանը,— ուրեմն հենց սկզբից էլ սկսեցեք։
— Սիրով,— պատասխանեց Արամիսը։
«Սիրելի զարմիկ, ես կարծես կորոշեմ գնալ Ստենե, որտեղ իմ քույրը մեր դեռատի սպասուհուն տեղավորել է կարմելիտուհիների տեղական վանքում։ Խեղճը հնազանդվել է իր բախտին, գիտե, որ չի կարող ապրել մի այլ տեղ առանց իր հոգին կործանարար վտանգի ենթարկելու։ Սակայն, եթե մեր ընտանեկան գործերը կարգավորվեն այնպես, ինչպես մենք ենք ցանկանում, նա, կարծում եմ, սիրտ կանի կործանել իր հոգին և կվերադառնա նրանց մոտ, ում կարոտում է, մանավանդ նա գիտե, որ իր մասին շարունակ մտածում են։
Իսկ առայժմ նա այնքան էլ դժբախտ չէ, նրա միակ ցանկությունն է նամակ ստանալ իր սիրեցյալից։ Ես գիտեմ, որ այդպիսի ապրանքը հեշտությամբ չի թափանցում վանքի պատերից ներս, սակայն, ինչպես արդեն ապացուցել եմ ձեզ, սիրելի զարմիկ, ես այնքան էլ անշնորհք չեմ և կստանձեմ այդ հանձնարարությունը։ Իմ քույրը շնորհակալություն է հայտնում ձեզ, որ դուք միշտ հիշում եք իրեն։ Մի ժամանակ նա շատ էր անհանգստանում, բայց հիմա հանգստացել է, իր կողմից վստահելի մարդ ուղարկելով այնտեղ, որպեսզի որևէ անակնկալ բան չպատահի։
Մնաք բարով, սիրելի զարմիկ, գրեցեք ձեր մասին որքան կարելի է հաճախ, այսինքն՝ ամեն անգամ, երբ դուք հուսալի հնարավորություն կունենաք մի լուր ուղարկելու մեզ։ Համբուրում եմ ձեզ։
։։։։։։։։։։Մարի Միշոն»։
— Օ՜, որքան եմ պարտական ես ձեզ, Արամիս,— գոչեց դ’Արտանյանը։— Թանկագի՜ն Կոնստանցիա։ Վերջապես ես տեղեկություն ունեմ նրա մասին։ Նա ողջ է, նա վանքի պատերի մեջ է, հեռու վտանգից, նա Ստենեում է։ Ի՞նչ եք կարծում, Աթոս, որտե՞ղ է այդ։
— Լոթարինգիայում, Էլզասի սահմանից մի քանի լյո հեռավորության վրա։ Հենց որ պաշարումը վերջանա, մենք կարող ենք սլանալ այնտեղ։
— Եվ պետք է հուսալ, որ այդ ուշ չի լինի,— վրա բերեց Պորտոսը։— Այսօր առավոտյան կախեցին մի լրտեսի, որը ցուցմունք էր տվել, թե լարոշելցիներն արդեն իրենց կոշիկների կաշվովն են սնվում։ Եթե ընդունենք, որ կաշին ուտելուց հետո նրանք կանցնեն ներբանին, ապա ես չգիտեմ, թե դրանից հետո էլ ինչ կմնա նրանց, թերևս միայն այն, որ կսկսեն իրար խժռել։
— Խե՜ղճ անմիտներ,— ասաց Աթոսը՝ ցամաքեցնելով բորդոյան գինու բաժակը, որը թեև այն ժամանակ այնպիսի մեծ համբավ չուներ, ինչպես այժմ, բայց այժմվանից էլ պակաս անվան չէր արժանի։— Խե՜ղճ անմիտներ։ Կարծես կաթոլիկությունն ամենահարմարը և ամենահաճելին չէ բոլոր դավանանքների մեջ... Բայց և այնպես քաջ մարդիկ են նրանք,— եզրակացրեց Աթոսը բաժակը դատարկելով և լեզուն չլթացնելով,— բայց այդ ի՞նչ եք անում դուք, Արամիս, գրողը տանի,— շարունակեց նա։— Ձեր գրպա՞նն եք դնում այդ նամակը։
— Այո,— ասաց դ’Արտանյանը,— Աթոսն իրավացի է, նամակը պետք է վառել։ Բայց եթե վառենք, ո՛վ գիտե, գուցե և կարդինալը մոխրի՞ն էլ խոսեցնելու գաղտնիքներ ունի։
— Երևի ունի,— ասաց Աթոսը։
— Ուրեմն ինչ եք ուզում անել այդ նամակը,— հարցրեց Պորտոսը։
— Մոտ եկեք, Գրիմո,— հրամայեց Աթոսը։
Գրիմոն վեր կացավ և մոտեցավ։
— Որպես պատիժ նրա համար, որ դուք առանց թույլտվության խոսեցիք, այս թղթի կտորը պիտի ուտեք, սիրելիս։ Հետո, որպես վարձատրություն այն ծառայության համար, որ կմատուցեք մեզ, դուք կխմեք այս մի բաժակ գինին։ Ահա ձեզ նախ նամակը։ Լավ ծամեցեք այն։
Գրիմոն ժպտաց և աչքերը հառելով բաժակին, որն Աթոսը լցրեց մինչև պռունկները, թուղթը ծամեց և կուլ տվեց։
— Բրա՛վո, կեցցե՛ս, Գրիմո,— գովեց նրան Աթոսը։— Իսկ հիմա վերցրեք բաժակը։ Լավ, կարող եք շնորհակալություն չհայտնել։
Գրիմոն անձայն կուլ տվեց մի բաժակ բորդոյան գինին, սակայն դեպի երկինք դարձրած նրա աչքերը այդ հաճելի զբաղմունքի ընթացքում խոսում էին շատ արտահայտիչ, թեպետ և համր լեզվով։
— Դե՛հ, այժմ,— ասաց Աթոսը,— եթե կարդինալի գլխում խորամանկ միտք չծագի Գրիմոյի փորը ճղել, կարծում եմ, որ մենք կարող ենք շատ թե քիչ հանգիստ լինել։
Իսկ այդ ժամանակ նորին սրբազնությունը շարունակում էր իր թախծոտ զբոսանքը և բեղի տակ մրմնջում։
— Կտրականապես անհրաժեշտ է, որ այդ չորս ընկերները ծառայության անցնեն ինձ մոտ։