1. Երեք հրացանակիրներ

Chapter 51

Երկրորդ մաս XX. Եղբոր զրույցը քրոջ հետ

Մինչ լորդ Վինտերը փակում էր դուռը, բացում էր խլափեղկերը և աթոռն էր մոտեցնում իր հարսի բազկաթոռին, միլեդին մտքի մեջ սուզված ամենաբազմապիսի ենթադրություններ էր անում և վերջապես հասկացավ այն գաղտնի մտադրությունն իր դեմ, որ նա չէր էլ կարող ենթադրել, քանի դեռ հայտնի չէր, թե ումն ձեռքն է ընկել ինքը։ Որքան որ ճանաչում էր իր տեգրոջը, միլեդին եկել էր այն եզրակացության, որ նա իսկական ազնվական է, մոլի որսորդ և անխոնջ խաղամոլ, որ նա սիրում է քարշ գալ կանանց հետևից, բայց ինտրիգներ սարքելու շնորհք չունի։ Ինչպե՞ս կարող էր նա տեղեկանալ իր գալու, մասին և որսալ իրեն։ Ինչո՞ւ է իրեն փակված պահում։

Ճիշտ է, Աթոսն իմիջիայլոց մի քանի խոսք ասաց, որոնցից միլեդին եզրակացրեց, որ կողմնակի մարդիկ լսել են իր խոսակցությունը կարդինալի հետ, բայց նա ոչ մի կերպ չէր կարող ենթադրել, որ Աթոսը կկարողանա այդպես համարձակորեն հակաական դնել իր ճանապարհին։

Միլեդին ավելի շուտ երկյուղ էր կրում, որ ջրի երես են դուրս եկել իր նախկին արարքներն Անգլիայում։ Բեկինգհեմը կարող էր գլխի ընկնել, որ նա է կտրել այն ադամանդե զարդերը, և վրեժ առնել այդ մանր դավաճանության համար։ Բայց Բեկինգհեմն անընդունակ էր ցասումի պոռթկումով որևէ բռնություն գործադրելու մի կնոջ նկատմամբ, մանավանդ եթե այդ կինը, նրա կարծիքով, գործել էր խանդից դրդված։

Այս ենթադրությունը միլեդիին ամենահավանականը թվաց. նա ենթադրեց, որ ուզում են իրենից վրեժ առնել անցյալի համար և ո՛չ թե կանխել գալիքը։ Այսպես թե այնպես նա ուրախ էր, որ ընկել է իր տեգրոջ ձեռքը, որից նա հույս ուներ ավելի հեշտությամբ դուրս պրծնել, և ոչ թե իսկական ու խելացի թշնամու ձեռքը։

— Լավ, խոսենք, սիրելի եղբայրս,— ասաց նա բավական ուրախ տեսքով, հույս ունենալով, որ ինչքան էլ լորդ Վինտերը ծածկամտություն անի, իրեն կհաջողվի այդ խոսակցությունից իմանալ այն ամենը, ինչ անհրաժեշտ է իր հետագա գործողությունների համար։

— Այդպես ուրեմն,— սկսեց լորդ Վինտերը,— այնուամենայնիվ դուք վերադարձա՞ք Անգլիա, հակառակ ձեր որոշման, որն այնքան հաճախ ասում էիք ինձ Փարիզում, թե այլևս երբեք ձեր ոտքը Մեծ Բրիտանիայի հողը չի մտնի։

Միլեդին հարցին հարցով պատասխանեց։

— Ամենից առաջ բացատրեցեք ինձ. ինչպե՞ս եք դուք այնպիսի հսկողություն սահմանել իմ նկատմամբ, որ տեղյակ եք եղել ոչ միայն իմ գալու մասին, այլև իմացել եք, թե ո՛ր օրը և ո՛ր նավահանգիստն եմ ժամանելու։

Լորդ Վինտերը նույն տակտիկան ընտրեց, ինչ որ միլեդին, ենթադրելով, որ եթե իր հարսը այդ տակտիկան է ընտրել, ուրեմն դա ամենալավն է։

— Նախ դուք ինձ պատմեցեք, սիրելի քույր, թե ինչո՞ւ եք դուք բարեհաճել Անգլիա գալ,— ասաց նա։

— Ես եկել եմ ձեզ հետ տեսնվելու,— պատասխանեց միլեդին, չիմանալով, որ այդ պատասխանով ակամա ուժեղացնում է այն կասկածը, որ նրա տեգրոջ մեջ հարուցել էր դ’Արտանյանի նամակը, և ցանկանալով այդ սուտն ասելով արժանանալ իր զրուցակցի բարեհաճությանը։

— Ա՜յ թե ինչ. ինձ հետ տեսնվելո՞ւ,— մռայլ հարցրեց լորդ Վինտերը։

— Այո, իհարկե, ձեզ հետ տեսնվելու։ Ի՞նչ զարմանալի բան կա այդտեղ։

— Ուրեմն ձեզ Անգլիա է բերել միմիայն ինձ հետ տեսնվելու ցանկությո՞ւնը, ուրիշ ոչ մի նպատակ չե՞ք ունեցել։

— Ո՛չ։

— Նշանակում է դուք հենց միայն ինձ համար Լա Մանշն անցնելու նեղությո՞ւնն եք ստանձնել։

— Միայն ձեզ համար։

— Գրողը տանի. ինչպիսի՜ քնքշություն է դա, քույր իմ։

— Բայց մի՞թե ես ձեր ամենամոտիկ ազգականը չեմ,— հարցրեց միլեդին իր ձայնին մի հուզիչ միամտություն տալով։

— Եվ նույնիսկ իմ միակ ժառանգը, այդպես չէ՞,— իր հերթին հարցրեց լորդ Վինտերը շեշտակի նայելով միլեդիին։

Չնայած իր ամբողջ ինքնատիրապետմանը՝ միլեդին ակամա ցնցվեց, և որովհետև լորդ Վինտերը այս խոսքերն ասելիս ձեռքը դրել էր իր հարսի ուսին, այդ դողը չվրիպեց նրա ուշադրությունից։

Հարվածը, իրոք, նպատակին դիպավ և խոր խրվեց։ Միլեդիի առաջին միտքը եղավ այն, որ իրեն մատնել է Քեթին, որ Քեթին պատմել է բարոնին այն շահախնդրական, ուստի և անհարազատ վերաբերմունքի մասին, որին միլեդին անզգուշաբար ազատություն էր տալիս իր սպասուհու ներկայությամբ։ Նա հիշեց նաև իր կատաղի և անզգույշ զայրույթը դ’Արտանյանի դեմ, երբ նա փրկել էր իր տեգրոջ կյանքը։

— Ես չեմ հասկանում, միլորդ,— խոսեց նա՝ ցանկանալով ժամանակ շահել և իր հակառակորդին ստիպել իր մտքերն արտահայտել,— ի՞նչ եք ուզում ասել դրանով։ Եվ արդյոք որևէ թաքնված միտք չկա՞ ձեր խոսքերի մեջ։

— Դե, իհարկե ոչ,— ասաց լորդ Վինտերը շինծու բարեհոգությամբ։— Ձեր մեջ ցանկություն է ծագում տեսնել ինձ, և դուք գալիս եք Անգլիա։ Ես իմանում եմ այդ ցանկության մասին, կամ ավելի ճիշտ՝ կռահում եմ և որպեսզի ձեզ ազատեմ գիշեր ժամանակ նավահանգիստ ժամանելու բոլոր անախորժություններից և ազատեմ ափ իջնելու բոլոր դժվարություններից, իմ սպաներից մեկին ուղարկում եմ ձեզ ընդառաջ։ Ես կառեթ եմ տրամադրում նրան, և նա ձեզ բերում է այստեղ, այս ամրոցը, որի պարետն եմ ես, ուր ես ամեն օր գալիս եմ և որտեղ հրամայում եմ մի սենյակ պատրաստել ձեզ համար, որպեսզի մենք կարողանանք բավարարել իրար տեսնելու մեր փոխադարձ ցանկությունը։ Մի՞թե այս ամենը ձեզ ավելի զարմանալի է թվում, քան այն, ինչ դուք ասացիք ինձ։

— Ոչ, ես զարմանալի եմ համարում միայն այն, որ դուք նախազգուշացված էիք իմ գալու մասին։

— Այդ բոլորովին հասարակ բացատրություն ունի, սիրելի քույր։ Մի՞թե դուք չեք նկատել, որ ձեր նավապետը խարսխակայան հասնելուց առաջ մի մակույկ ուղարկեց նավահանգիստ մտնելու թույլտվություն ստանալու համար։ Այդ մակույկը բերել էր նաև նավամատյանն ու անձնակազմի և ուղևորների ցուցակը։ Ես նավահանգստի պետն եմ, այդ ցուցակը բերին ինձ, և ես կարդացի ձեր անունը։ Սիրտս ինձ թելադրեց այն, ինչ հիմա հաստատեցին ձեր շուրթերը, թե հանուն ինչի դուք ձեզ ենթարկել եք ներկայումս այսքան դժվարին ծովային ճանապարհորդության, և ես ձեզ ընդառաջ ուղարկեցի իմ կատերը։ Մնացածը ձեզ հայտնի է։

Միլեդին հասկացավ, որ լորդ Վինտերը ստում է, և այդ ավելի վախեցրեց նրան։

— Սիրելի եղբայր,— խոսեց նա նորից,— արդյոք միլորդ Բեկինգհեմը չէ՞ր այն մարդը, որին այսօր երեկոյան ես տեսա ծովապատնեշի վրա, երբ նավահանգիստ էինք մտնում։

— Այո, նա էր։ Ա՜, հասկանում եմ, որ նրան տեսնելով դուք հուզվել եք. դուք եկել եք այն երկրից, որտեղ, երևի, այդ մարդու գոյության միտքը հուզում է բոլորին, և պատերազմի նախապատրաստությունները շատ են անհանգստացնում ձեր բարեկամ կարդինալին։

— Իմ բարեկամ կարդինալի՞ն,— գոչեց միլեդին, համոզվելով, որ այդ կողմից ևս լորդ Վինտերն, ըստ երևույթին, գործին լավատեղյակ է։

— Մի՞թե նա ձեր բարեկամը չէ,— անփույթ տոնով հարցրեց բարոնը։— Եթե ես սխալվել եմ, ներողություն եմ խնդրում. ինձ այդպես է թվացել։ Բայց մենք միլորդ դքսին կվերադառնանք հետո, իսկ հիմա չշեղվենք այն խիստ հուզիչ ուղղությունից, որ ընդունեց մեր խոսակցությունը, դուք, ասում եք, եկել եք ինձ տեսնելո՞ւ համար։

— Այո։

— Լավ, ի՛նչ կա որ։ Ես ձեզ պատասխանեցի, որ ամեն ինչ հարմարեցված է ըստ ձեր ցանկության, մենք կարող ենք տեսնվել ամեն օր։

— Ի՞նչ է, ես հավիտենապես այստե՞ղ եմ մնալու,— սոսկումի նշույլով հարցրեց միլեդին։

— Գուցե դուք այստեղ որևէ անհարմարությո՞ւն եք զգում, քույր իմ։ Պահանջեցեք ինչ որ պակասում է, և ես կաշխատեմ տրամադրել ձեզ։

— Ես ոչ սպասուհիներ ունեմ, ոչ սպասավորներ...

— Ամեն ինչ կունենաք, տիրուհի։ Ասացեք ինձ միայն, ինչպես էր ընթանում ձեր կյանքը ձեր առաջին ամուսնու տանը, և թեպետ ես ձեր տեգրն եմ միայն, բայց ձեզ համար նույնպիսի հարմարություններ կստեղծեմ։

— Իմ առաջին ամուսի՞նը,— գոչեց միլեդին՝ շփոթված հայացքը հառելով լորդ Վինտերի վրա։

— Այո, ձեր ֆրանսիացի ամուսինը, ես իմ եղբոր մասին չեմ ասում... Ի դեպ, եթե դուք այդ մոռացել եք, ապա, քանի որ նա կենդանի է, ես կարող եմ գրել նրան, և նա կհայտնի ինձ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները։

— Միլեդիի ճակատը պաղ քրտինքով ծածկվեց։

— Դուք կատակ եք անում,— խոսեց նա խուլ ձայնով։

— Մի՞թե իմ տեսքն այդպիսին է,— հարցրեց բարոնը վեր կենալով և մի քայլ ետ գնալով։

— Կամ, ավելի ճիշտ, դուք վիրավորում եք ինձ,— շարունակեց միլեդին ջղաձգաբար մատները սեղմելով բազկաթոռի թևերին ու բարձրանալով։

— Ես ձեզ վիրավորո՜ւմ եմ,— արհամարհաբար քմծիծաղ տվեց լորդ Վինտերը։— Եվ մի՞թե դուք կարծում եք, տիկին, որ այդ հնարավոր բան է։

— Դուք, ողորմած պարոն, կամ հարբած եք, կամ խելագարվել եք,— ասաց միլեդին։— Հեռու կորեք և մի կին ուղարկեցեք ինձ ծառայություններ անելու համար։

— Կանայք, քույր իմ, խիստ շատախոս են լինում։ Չե՞մ կարող արդյոք ես փոխարինել սպասուհուն։ Այդ ձևով մեր բոլոր ընտանեկան գաղտնիքները մեր մեջ կմնան։

— Լպի՛րշ,— գոռաց միլեդին և ասես զսպանակից մղված նետվեց բարոնի վրա, որը կանգնած էր սպասողական դիրքում, ձեռքերը կրծքին խաչած, բայց և այնպես նրանցից մեկը սուսերի դաստակին դրած։

— Էհե՜,— ասաց նա։— Ես գիտեմ, որ դուք մարդկանց սպանելու սովորություն ունեք, բայց, նախազգուշացնում եմ ձեզ, ես կպաշտպանվեմ, թեկուզ ձեր դեմ։

— Օ՜, դուք ճիշտ եք ասում,— գոչեց միլեդին,— դուք երևի ստորություն կունենաք նույնիսկ ձեռք բարձրացնելու մի կնոջ վրա։

— Այո, գուցե թե։ Մանավանդ ես արդարացում կունենամ, կարծում եմ՝ իմ ձեռքը առաջին տղամարդու ձեռքը չի լինի, որ կբարձրանա ձեզ վրա։

Եվ բարոնը դանդաղ, մեղադրական շարժումով ձեռքը մեկնեց դեպի միլեդիի ձախ ուսը՝ համարյա թե մատը դիպցնելով նրան։

Միլեդին մի ճնշված ճիչ արձակեց, որ նման էր մռնչոցի և ետ֊ետ քաշվեց դեպի սենյակի հեռավոր անկյունը, ինչպես մի հովազ, որ պատրաստվում է ոստյունի։

— Մռնչացեք որքան հաճելի է ձեզ,— ասաց լորդ Վինտերը։ Բայց մի փորձեք կծել, որովհետև, նախազգուշացնում եմ, այդ վատ կվերջանա ձեզ համար. այստեղ չկան դատախազներ, որոնք նախապես որոշում են ժառանգության իրավունքները, չկա թափառաշրջիկ ասպետ, որն ինձ մենամարտի հրավիրեր մի չքնաղ կնոջ պատճառով, որին ես պահում եմ փակված, բայց ես պատրաստի դատավորներ ունեմ, որոնք, եթե հարկ լինի, դատաստան կտեսնեն մի կնոջ նկատմամբ, որն այնքան անպատկառ է, որ ամուսինը դեռ կենդանի՝ սողոսկել է իմ ավագ եղբոր՝ լորդ Վինտերի ամուսնական անկողինը, և այդ դատավորները, նախազգուշացնում եմ ձեզ, կհանձնեն ձեզ դահճի ձեռքը, որը ձեր մի ուսը նման կդարձնի մյուսին։

Միլեդիի աչքերն այնպիսի շանթեր էին արձակում, որ թեպետև լորդ Վինտերը տղամարդ էր և զինված կանգնած էր մի անզեն կնոջ առաջ, բայց և այնպես զգաց, թե ինչպես իր հոգու խորքում երկյուղ շարժվեց։ Այնուամենայնիվ նա շարունակեց խոսել, բայց արդեն եռուն ցասումով։

— Այո, ես հասկանում եմ, որ իմ եղբորից հետո ժառանգությունը ստանալով՝ ձեզ հաճելի կլիներ ժառանգել նաև իմ կարողությունը։ Բայց նախապես իմացեք, դուք կարող եք սպանել ինձ կամ մարդասպան ուղարկել ինձ սպանելու,— ես դրա դեմ նախազգուշական միջոցներ եմ ձեռք առել, այն ամենից, ինչ ես ունեմ, ոչ մի պեննի<ref>Պեննի — անգլիական մանրադրամ։</ref> ձեր ձեռքը չի անցնի։ Մի՞թե դուք, մոտ մեկ միլիոն կարողություն ունենալով, բավականաչափ հարուստ չեք, և ժամանակը չէ՞ արդյոք, որ կանգ առնեք ձեր այդ կործանարար ճանապարհին, եթե դուք չարիք էիք գործում միմիայն այն անելու անհագուրդ ցանկությունից դրդված։ Օ՜, հավատացեք, եթե եղբորս հիշատակը սուրբ չլիներ ինձ համար, ես ձեզ կփտեցնեի որևէ պետական բանտում, կամ կուղարկեի Տայբերն<ref> Տայբերն — հին Լոնդոնի մի թաղամաս, որտեղ հրապարակորեն մահապատժի էին ենթարկում քրեական հանցագործներին։</ref> ամբոխի ծաղրուծանակին ենթարկելու։ Ես կլռեմ, բայց դուք ևս պետք է անտրտունջ տանեք ձեր կալանքը։ Տասնհինգ֊քսան օրից հետո ես բանակի հետ գնալու եմ Լա֊Ռոշել, բայց իմ մեկնելու նախօրյակին ձեր հետևից կգա մի նավ, որը կմեկնի իմ աչքի առաջ և ձեզ կտանի մեր հարավային գաղութները։ Ես մարդ կնշանակեմ ձեզ հսկելու համար և, հանգիստ եղեք, նա գնդակը ձեր ճակատին կարձակի, հենց որ Անգլիա կամ մայրցամաք վերադառնալու առաջին իսկ փորձն անեք։ Միլեդին լսում էր լարված ուշադրությամբ, որից նրա հրացայտ աչքերի բիբերը լայնանում էին։

— Այո, հիմա դուք ապրելու եք այս ամրոցում,— շարունակեց լորդ Վինտերը։— Նրա պատերը հաստ են, դռները՝ երկաթե, լուսամուտների վանդակները՝ հուսալի։ Բացի այդ, ձեր լուսամուտը ուղիղ ծովի վրա է բացվում։ Իմ անձնակազմի մարդիկ, որոնք անվերապահորեն նվիրված են ինձ, պահակություն են անում այս սենյակի առաջ և պահպանում են դեպի բակը տանող բոլոր անցքերը։ Բայց եթե նույնիսկ բակ էլ հասնեք, ստիպված եք լինելու դեռ էլի երեք երկաթյա վանդակներ էլ անցնել։ Խիստ հրաման է տրված՝ փախուստի փորձ ցույց տվող մի քայլ, մի շարժում, մի խոսք—և ձեզ վրա կկրակեն։ Եթե ձեզ սպանեն, անգլիական արդարադատությունը, հուսով եմ, երախտապարտ կլինի ինձ, որ ես իրեն ազատել եմ գլխացավանքից։ Ա՜, ձեր դեմքին նախկին հանգստության ու ինքնավստահության արտահայտությունը երևան եկավ։ Դուք ձեզ ու ձեզ մտածում եք. տասնհինգ֊քսան օր... ոչինչ, իմ միտքը հնարագետ է, մինչ այդ ես մի որևէ բան կմտածեմ։ Ես անսահման խելոք եմ և մի որևէ զոհ կգտնեմ։ Տասնհինգ օրից հետո,— ասում եք դուք ձեր մտքում,— ես այստեղ չեմ լինի։ Դեհ, ի՛նչ կա որ, փորձեցեք։

Միլեդին, տեսնելով, որ լորդ Վինտերը իր մտքերը կռահեց, եղունգները խրեց բռի մեջ, փորձելով իր մեջ խեղդել հոգու ամենափոքր երերումը, որը կարող էր իր դեմքին տալ որևէ այլ արտահայտություն, բացի այն թախծոտ անհանգստության արտահայտությունից, որ ընդունել էր ինքը։

Լորդ Վինտերը շարունակեց.

— Այն սպային, որն իմ բացակայության ժամանակ մնում է այստեղ որպես պետ, դուք արդեն տեսել եք և, հետևապես, արդեն ճանաչում եք նրան։ Նա, ինչպես դուք համոզված կլինեք, կարողանում է հրամանները կատարել. Պորտսմուտից մինչև այստեղ ճանապարհին դուք, իհարկե,— ախր ես ճանաչում եմ ձեզ,— փորձել եք խոսեցնել նրան։ Եվ ի՞նչ կասեք։ Թերևս միայն մարմարե արձանը կկարողանար նրանից ավելի լուռ և ավելի անտարբեր լինել։ Դուք արդեն շատերի վրա եք փորձել ձեր թովչանքի ազդեցությունը և, դժբախտաբար, միշտ էլ հաջողություն եք ունեցել։ Փորձեցեք այս մարդու վրա ևս, և գրողը տանի, եթե դուք հաջողության հասնեք, ես պատրաստ կլինեմ երաշխավորելու, որ դուք ինքը սատանան եք։

Լորդ Վինտերը մոտեցավ դռանը և կտրուկ շարժումով բաց արեց այն։

— Կանչել ինձ մոտ պարոն Ֆելտոնին— կարգադրեց նա և դառնալով միլեդիին՝ ասաց.— Հիմա ես ձեզ կներկայացնեմ նրան։

Երկուսի միջև տիրեց մի տարօրինակ լռություն։ Ապա, այդ լռության մեջ լսվեցին դանդաղ ու համաչափ քայլեր, որոնք մոտենում էին սենյակին։ Շուտով սենյակի կիսախավարի մեջ երևաց մի մարդու կերպարանք, և երիտասարդ լեյտենանտը, որի հետ մենք արդեն ծանոթացել ենք, կանգ առավ շեմքում՝ սպասելով բարոնի հրամանին։

— Ներս եկեք, սիրելի Ջոն,— խոսեց լորդ Վինտերը։— Ներս եկեք և դուռը ծածկեցեք։

Սպան ներս մտավ։

— Իսկ հիմա,— շարունակեց բարոնը,— նայեցեք այս կնոջը. նա երիտասարդ է, գեղեցիկ, նա ունի երկրային բոլոր թովչանքները, և ի՞նչ։ Այս հրեշը, որն ընդամենը քսանհինգ տարեկան է, այնքան շատ ոճիրներ է գործել, որքան դուք մի տարվա ընթացքում էլ չեք գտնի մեր դատարանների արխիվներում։ Նրա ձայնը տրամադրում է իր օգտին, գեղեցկությունը հրապուրանք է ծառայում իր զոհի համար, մարմինը տալիս է այն, ինչ նա խոստանում է, այս բանում պետք է արդարացի լինել, նա կփորձի շողոքորթել ձեզ կամ գուցեև նույնիսկ կփորձի սպանել։ Ես ձեզ դուրս եմ բերել աղքատությունից, ես ձեզ լեյտենանտի աստիճան եմ տվել, մի քանի անգամ ես փրկել եմ ձեր կյանքը,— դուք հիշում եք, թե ինչ հանգամանքներում էր այդ,— ես ձեզ համար ոչ միայն հովանավոր եմ, այլև բարեկամ, ոչ միայն բարերար եմ այլև՝ հայր։ Այս կինը վերադարձել է Անգլիա՝ իմ կյանքի դեմ մահափորձ անելու համար։ Ես այս օձին իմ ձեռքում եմ պահում, և ես ձեզ կանչել ու խնդրում եմ, իմ բարեկամ Ֆելտոն, Ջո՛ն, զավակս, պաշտպանիր ինձ, և մանավանդ ինքդ զգուշացիր այս կնոջից։ Երդվիր քո հոգու փրկությամբ՝ պահպանել սրան այն պատժի համար, որին արժանի է նա։ Ջոն Ֆելտոն, ես հույս եմ դնում քո խոսքին։ Ջոն Ֆելտոն, ես հավատում եմ քո ազնվությանը։

— Միլորդ,— պատասխանեց երիտասարդ սպան՝ միլեդիի վրա գցած հայացքի մեջ դնելով այն ամբողջ ատելությունը, որ նա կարող էր գտնել իր սրտում,— միլորդ, ես երդվում եմ ձեզ, ամեն ինչ կարվի այնպես, ինչպես դուք եք ցանկանում։

Միլեդին այդ հայացքն ընդունեց անտրտունջ զոհի տեսքով։ Անկարելի էր երևակայել ավելի հեզ ու հնազանդ արտահայտություն, քան այն, որ գծված էր նրա չքնաղ դեմքին։ Ինքը՝ լորդ Վինտերն անգամ հազիվ կարող էր ճանաչել, որ դա այն վագրն է, որը դրանից մի րոպե առաջ պատրաստվում էր պայքարի մեջ մտնելու։

— Նա չպետք է դուրս գա այս սենյակից, լսո՞ւմ եք, Ջոն,— շարունակեց լորդ Վինտերը,— նա ոչ մի մարդու հետ նամակագրություն չպետք է ունենա, նա չպետք է խոսի ոչ մի մարդու հետ, բացի ձեզնից, եթե դուք պատիվ անեք իր հետ խոսելու։

— Ես երդվեցի, միլորդ, այդ բավական է։

— Իսկ հիմա, տիրուհի, աշխատեցեք հաշտվել աստծու հետ, որովհետև մարդկային դատաստանը ձեր նկատմամբ ավարտված է։

Միլեդին, ասես այդ դատավճռից ճնշված՝ գլուխը կախ գցեց։

Լորդ Վինտերը ձեռքի շարժումով հրավիրեց Ֆելտոնին և դուրս եկավ սենյակից, Ֆելտոնը ևս դուրս եկավ նրա հետևից և դուռը փակեց։

Մի վայրկյան հետո միջանցքում լսվեցին ծովային հետևակի զինվորի ծանր քայլերը. զինվորը պահակ էր կանգնել տապարը գոտկին խրած, հրացանը ձեռքին։

Միլեդին մի քանի րոպե մնաց միևնույն դիրքում, մտածելով, որ բանալու անցքով կարող են իրեն դիտել։ Հետո նա դանդաղորեն գլուխը բարձրացրեց, և նրա դեմքը նորից սպառնալիքի զարհուրելի արտահայտություն ստացավ։ Նա վազեց դռան մոտ և ականջ դրեց, ապա ցած նայեց լուսամուտից, հեռացավ նրանից, թաղվեց վիթխարի բազկաթոռում և մտքի մեջ ընկավ։

Comments