Chapter 50
Երկրորդ մաս XIX. Չար ճակատագիր
Միլեդին զայրույթից իրեն կորցրած դեսուդեն էր նետվում տախտակամածի վրա, ինչպես կատաղած մի առյուծ, որին նավ էին բարձել։ Նա ցանկանում էր ծովը նետվել, լողալով ափ դուրս գալ, նա չէր կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ դ’Արտանյանը վիրավորել է իրեն, Աթոսը՝ սպառնացել, և որ ինքը Ֆրանսիայից հեռացել է առանց վրեժ առնելու նրանցից։ Շուտով այս միտքը նրա համար այնքան անտանելի դարձավ, որ անտեսելով այն վտանգները, որոնց կարող էր ենթարկվել, սկսեց նավապետին խնդրել, որ ափ իջեցնի իրեն։ Բայց նավապետը, որն շտապում էր շուտ դուրս գալ ֆրանսիական ու անգլիական ռազմանավերի միջև իր համար ստեղծված դրությունից, nր նման էր չղջիկի դրությանը մկների ու թռչունների միջև, շտապում էր հասնել Անգլիայի ափը։ Ուստի կտրականապես մերժեց այն ինչ նա համարում էր կանացի քմահաճույք։ Ի դեպ, նա իր ուղևորուհուն, որին կարդինալը հանձնել էր իր հատուկ խնամքին, խոստացավ, որ եթե ծովը և ֆրանսիացիները թույլատրեն, նրան ափ կհանի բրետոնական նավահանգիստներից մեկում՝ Լորիանում կամ Բրեստում։ Սակայն փչում էր հակառակ քամի, ծովը փոթորկահույզ էր և ստիպված էին շարունակ խուսանավել։ Շարանտից դուրս գալուց ինն օր հետո դառնացումից ու կատաղի չարությունից սփրթնած՝ միլեդին հեռվում տեսավ միայն Ֆինիստերի կապտավուն ափերը։
Նա հաշվեց, որ Ֆրանսիայի այդ անկյունից մինչև կարդինալի մոտ գնալը կպահանջի առնվազն երեք օր։ Դրան ավելացրեք էլի մեկ օր ափ դուրս գալու համար, կանի չորս օր, այդ չորս օրը ավելացրեք անցած ինն օրվան, կստացվի տասներեք կորցրած օրեր։ Տասներեք օր, որի ընթացքում Լոնդոնում կարող էին այնքա՜ն կարևոր իրադարձություններ լինել։ Նա մտածում էր, որ կարդինալն, անտարակույս, խիստ կզայրանա, եթե ինքը վերադառնա, հետևապես, ավելի հակված կլինի ուրիշների գանգատները լսելու իր մասին, քան թե իր գանգատները՝ նրանց մասին։ Դրա համար էլ, երբ նավն անցնում էր Լորիանի ու Բրեստի մոտով, նա այլևս չպնդեց, որ նավապետն իրեն ափ իջեցնի, իսկ նավապետն էլ իր հերթին դիտմամբ չհիշեցրեց նրան այդ։ Այսպես, միլեդին շարունակեց իր ուղին և հենց այն օրը, երբ Պլանշեն Պորտսմուտում նավ էր նստում՝ Ֆրանսիա մեկնելու համար, նորին սրբազնության պատվիրակը հանդիսավոր կերպով մտավ այդ նավահանգիստը։
Ամբողջ քաղաքն արտակարգ հուզմունքի մեջ էր. ջուրն էին իջեցնում հենց նոր կառուցված չորս խոշոր նավ։ Ծովապատնեշին կանգնած էր Բեկինգհեմը՝ ամբողջովին ոսկու մեջ, իր սովորության համաձայն զարդարված ադամանդներով ու թանկագին քարերով, գլխարկին՝ մի սպիտակ փետուր, որ իջնում էր դեպի պարանոցը։ Նա շրջապատված էր համարյա նույնքան շքեղազարդ շքախմբով։
Ձմեռային այն բացառիկ սքանչելի օրերից մեկն էր, երբ Անգլիան հիշում է, որ աշխարհում արև կա։ Արդեն մարող, բայց դեռևս հոյակապ լուսատուն մայր էր մտնում երկինքն ու ծովը շառագունելով հրավառ շողերով՝ աշտարակների ու քաղաքի հին տների վրա գցելով իր վերջին ոսկե ճառագայթը, որ լուսամուտներում շողշողում էր ինչպես հրդեհի հրացոլք։ Միլեդին շնչելով ծովային օդը, որն այնքան ավելի թարմ ու բուրումնավետ էր դառնում, որքան նա մոտենում էր ափին, դիտելով այդ ահեղ նախապատրաստությունները, որոնք նրան հանձնարարված էր ոչնչացնել, այդ բանակի ամբողջ հզորությունը, որը նա պետք է կործաներ մի քանի տոպրակ ոսկով, նա միայնակ, նա, այդ կինը, մտքում իրեն համեմատում էր Հուդիթի հետ, որը թափանցել էր Ասորեստան, ցիների ճամբարը և տեսել մեծաթիվ ռազմիկներ, մարտակառքեր, ձիեր ու զենք, որոնք նրա ձեռքի մի շարժումով պիտի ցնդեին որպես ծուխ։
Նավը հասավ խարսխակայան, բայց երբ պատրաստվում էր խարիսխ գցելու, մի զինված կատեր մոտեցավ նրան և պահականավ ձևանալով՝ իջեցրեց մի մակույկ, որն ուղղվեց դեպի նավի եզրասանդուղքը։ Մակույկում նստած էին մի սպա, բոցմանը և ութ թիավար։ Սպան միայնակ բարձրացավ նավի տախտակամածը, որտեղ նրան դիմավորեցին այնպիսի մեծ հարգանքով, որ ներշնչում է զինվորական համազգեստը։
Սպան մի քանի րոպե խոսեց նավապետի հետ և նրան կարդալու տվեց մի քանի թուղթ, որից հետո նավապետի հրամանով նավի ամբողջ անձնակազմին և ուղևորներին կանչեցին տախտակամած։
Երբ բոլորը շարվեցին, սպան բարձր ձայնով հարցրեց, թե որտեղից է գալիս նավը, ինչ ճանապարհ է անցել, որտեղ է կանգ առել, և նրա բոլոր հարցերին նավապետը պատասխանեց առանց տատանվելու և առանց դժվարության։ Ապա սպան սկսեց մեկ առ մեկ դիտել տախտակամածի վրա եղած մարդկանց և հասնելով միլեդիին՝ շատ ուշադիր նայեց նրան, բայց ոչ մի խոսք չասաց։
Հետո նորից մոտեցավ նավապետին, էլի ինչ֊որ բան ասաց նրան և ասես նրա պարտականություններն իր վրա վերցնելով ինչ֊որ հրաման տվեց, որ անձնակազմն իսկույն կատարեց։ Նավն առաջ շարժվեց փոքրիկ կատերի ուղեկցությամբ, որը լողում էր նրան զուգընթաց, սպառնալով նավին իր վեց թնդանոթների փողերով, իսկ մակույկն ընթանում էր նավի հետևից և նրա համեմատությամբ հազիվ նկատելի մի կետ էր թվում։
Երբ սպան դիտում էր միլեդիին, վերջինս, ինչպես հեշտ է պատկերացնել, լափում էր նրան իր հայացքով։ Բայց որքան էլ խորաթափանց էր այդ կնոջ հրաբորբոք հայացքը, որը կարողանում էր կարդալ մարդկանց սիրտը, այս անգամ հանդիպեց այնպիսի մի անտարբեր դեմքի, որ նրա քննախույզ հայացքը ոչինչ չկարողացավ հայտնաբերել։ Սպան, որը միլեդիի առաջ կանգնելով լուռ ու մեծ ուշադրությամբ ուսումնասիրում էր նրան, կարող էր լինել քսանհինգ֊քսանվեց տարեկան։ Նրա դեմքը գունատ էր, աչքերը երկնագույն, փոքր֊ինչ ներս ընկած։ Գեղեցիկ, ուղիղ գծագրությամբ բերանը շարունակ պինդ փակված էր, խիստ դուրս ցցված կզակը ցույց էր տալիս այն կամքի ուժը, որ սովորական բրիտանացու համար ավելի շուտ համառություն է հանդիսանում։ Ճակատը, որը փոքր֊ինչ ուռուցիկ էր, ինչպես բանաստեղծների, երազողների ու զինվորների ճակատն է լինում, հազիվ ծածկված էր կարճ ու նոսր մազերով, որոնք, ինչպես և դեմքի ստորին մասը ծածկող մորուքը, մուգ շագանակագույն գեղեցիկ գույն ունեին։
Երբ նավը և նրան ուղեկցող կատերը նավահանգիստ մտան, արդեն մութ էր։ Գիշերային խավարն ավելի ևս թանձր էր թվում մառախուղից, որը կայմերի ազդանշանային լապտերները և ծովապատնեշի լույսերը պարուրել էր մշուշով այնպես, ինչպես լուսինն է պարուրվում անձրևային եղանակը սկսվելուց առաջ։ Օդը խոնավ էր ու պաղ։
Միլեդին, այդ առողջ ու տոկուն կինը, ակամա դող զգաց։
Սպան հրամայեց ցույց տալ իրեն միլեդիի իրերը, հրամայեց դրանք իջեցնել մակույկ, և երբ այդ արվեց, միլեդիին ևս հրավիրեց իջնել այնտեղ առաջարկելով նրան իր օգնությունը։
Միլեդին նայեց նրան և վարանմունքի մեջ կանգ առավ։
— Ո՞վ եք դուք, ողորմած պարոն,— հարցրեց նա։— Եվ ինչո՞ւ դուք այնքան սիրալիր եք, որ հատուկ ուշադրության եք արժանացնում ինձ։
— Դուք այդ կարող եք հասկանալ իմ համազգեստից, տիրուհի, ես անգլիական նավատորմի սպա եմ,— պատասխանեց երիտասարդը։
— Բայց մի՞թե սովորաբար այդպես է արվում, մի՞թե անգլիական նավատորմի սպաները իրենց տրամադրում են Մեծ Բրիտանիայի որևէ նավահանգիստ ժամանող իրենց հայրենակից կանանց և իրենց սիրալիրությունն այնտեղ են հասցնում, որ ափ են իջեցնում նրանց։
— Այո, միլեդի, բայց սովորաբար այդ արվում է ո՛չ սիրալիրության համար, այլ նախազգուշության նպատակով, պատերազմի ժամանակ օտարերկրացիներին տանում են նրանց հատկացված հյուրանոցը, որտեղ նրանք մնում են հսկողության տակ, մինչև որ ամենաճշգրիտ տեղեկություններն են հավաքվում նրանց մասին։
Այս խոսքերն ասվեցին անբասիր քաղաքավարությամբ և ամենահանգիստ տոնով, սակայն նրանք չհամոզեցին միլեդիին։
— Բայց ես օտարերկրացի չեմ, ողորմած պարոն,— ասաց նա այնպիսի մաքուր անգլերենով, որպիսին երբևիցե հնչել է Պորտսմուտից մինչև Մանչեստր,— իմ անունն է լեդի Կլարիկ, և այդ միջոցը...
— Այս միջոցը, միլեդի, ընդհանուր է բոլորի համար, և դուք իզուր եք պնդում, որ ձեզ համար բացառություն արվի։
— Այդ դեպքում, ողորմած պարոն, ես կհետևեմ ձեզ։
Հենվելով սպայի թևին՝ նա սկսեց իջնել սանդուղքով, որի ցածում մակույկը սպասում էր։ Սպան իջավ նրա հետևից։ Նավախելում փռված էր մի մեծ թիկնոց։ Սպան միլեդիին նստեցրեց նրա վրա և ինքն էլ նստեց կողքին։
— Թիավարեցե՛ք,— հրամայեց նա նավաստիներին։
Ութ թին միանգամից սուզվեցին ջուրը, նրանց հարվածները միաձուլվեցին մի ձայնի մեջ, նրանց շարժումը ձուլվեց մի թափի մեջ, և մակույկը ասես թռչում էր ջրի վրայով։
Հինգ րոպեից մակույկը հասավ ափ։
Սպան ափ ցատկեց և ձեռքը մեկնեց միլեդիին։
Նրանց սպասում էր մի կառեթ։
— Այս կառեթը մե՞զ է հատկացված,— հարցրեց միլեդին։
— Այո, տիրուհի,— պատասխանեց սպան։
— Մի՞թե հյուրանոցը շատ հեռու է։
— Քաղաքի մյուս ծայրում։
— Գնանք,— ասաց միլեդին և առանց տատանվելու կառեթ նստեց։
Սպան նայեց, որ եկվոր տիկնոջ բոլոր իրերը խնամքով կապվեն կառեթի ետնամասում, և երբ այդ արվեց, նստեց միլեդիի կողքին ու դռնակը փակեց։
Կառապանն առանց հրամանի սպասելու և նույնիսկ առանց հարցնելու թե ուր պիտի գնալ, ձիերը քառատրոփ քշեց, և կառեթը սլացավ քաղաքի փողոցներով։
Այս տարօրինակ ընդունելությունը միլեդիին խոր մտածմունքի մեջ գցեց։ Համոզվելով, որ երիտասարդ սպան խոսակցության մեջ մտնելու ամենաչնչին ցանկություն անգամ չի ցուցաբերում, նա ետ ընկավ կառեթի մի անկյունում և սկսեց քննել իր մտքում ծագող բոլոր հնարավոր ենթադրությունները։
Բայց մի քառորդ ժամ անց, զարմանալով, որ իրենք այդքան երկար ճանապարհ են գնում, կռացավ դեպի կառեթի լուսամուտը՝ ցանկանալով տեսնել, թե ուր են տանում իրեն։ Տներ այլևս չէին երևում, խավարի մեջ ծառերը թվում էին իրար հետևից վազող խոշոր, սև֊սև ուրվականներ։
Միլեդին ցնցվեց։
— Բայց մենք արդեն քաղաքից դուրս ենք,— ասաց նա։
Երիտասարդ սպան լուռ էր։
— Ես այլևս չե՛մ գնա, եթե դուք չասեք, թե ուր եք ինձ տանում։
Նրա սպառնալիքը նույնպես անպատասխան մնաց։
— Օ՜, այդ արդեն չափից գուրս է,— գոչեց միլեդին։— Օգնեցե՜ք։ Օգնեցե՜ք։
Ոչ ոք նրա կանչին չարձագանքեց, կառեթը շարունակում էր արագ գլորվել ճանապարհով, իսկ սպան ասես արձան էր դարձել։
Միլեդին նայեց սպայի դեմքին այն ահեղ արտահայտությամբ, որը հատուկ էր նրան այլ պարագաններում և շատ քիչ էր պատահում, որ պետք եղած տպավորությունը չգործեր։ Ցասումից նրա աչքերը փայլատակում էին մթության մեջ։
Երիտասարդ սպան առաջվա պես մնաց անվրդով։
Միլեդին փորձեց դռնակը բանալ և դուրս ցատկել։
— Զգուշացեք, տիրուհի,— սառնարյուն ասաց երիտասարդ սպան,— դուք մահացու ջարդվածք կստանաք։
Միլեդին անզոր ցասումից շնչասպառ լինելով նորից նստեց, սպան կռացավ ու նայեց նրան, ասես նա զարմացել էր, տեսնելով, որ այդ դեմքը, որը քիչ առաջ այնքան գեղեցիկ էր, աղճատվել է կատաղի զայրույթից և համարյա այլանդակվել։ Նենգամիտ կինը հասկացավ, որ ինքը կործանում է իրեն՝ հնարավորություն տալով տեսնել իր հոգու խորքը։ Նա իր դեմքին հեզ արտահայտություն տվեց և խոսել սկսեց ողբագին ձայնով.
— Ասացեք ինձ, ի սեր աստծո, իմ նկատմամբ գործադրվող այս բռնությունը ո՞ւմ պետք է վերագրեմ ես, ձե՞զ, ձեր կառավարությա՞նը, թե՞ մի որևէ թշնամու։
— Ձեր նկատմամբ, տիրուհի, ոչ մի բռնություն չի գործադրվում, և այն, ինչ պատահեց ձեզ հետ, սոսկ նախազգուշական միջոց է, որ մենք ստիպված ենք գործադրել Անգլիա եկող յուրաքանչյուր անձի նկատմամբ։
— Ուրեմն դուք ինձ բոլորովին չե՞ք ճանաչում։
— Ես առաջին անգամն է, որ պատիվ ունեմ տեսնելու ձեզ։
— Եվ, ասացեք ինձ ճշմարիտը, դուք ոչ մի պատճառ չունե՞ք ինձ ատելու։
— Ոչ մի, երդվում եմ։
Երիտասարդ սպայի ձայնը հնչում էր այնպես հանգիստ, այնպես սառնարյուն և նույնիսկ մեղմ, որ միլեդին հանգստացավ։
Վերջապես, մոտ մեկ ժամվա ճանապարհ գնալուց հետո, կառեթը կանգ առավ մի երկաթյա վանդակի առաջ, որ փակում էր տրորված ճանապարհը, որը տանում էր դեպի մռայլադեմ մի մենավոր հսկա ամրոց։ Կառեթի անիվները գլորվել սկսեցին մանր ավազի վրայով, միլեդիի խուլ աղմուկ լսեց և հասկացավ, որ դա ժայռոտ ափին զարկվող ծովի աղմուկն է։ Կառեթն անցավ երկու կամարների տակով և, վերջապես, կանգ առավ մի մթին, քառանկյունի բակում։ Կառեթի դռնակն իսկույն լայն բացվեց, երիտասարդ սպան թեթևորեն ցատկեց, ձեռքը մեկնեց միլեդիին, որը հենվեց նրա ձեռքին և բավական հանգիստ դուրս եկավ։
— Այնուամենայնիվ ես գերի եմ,— խոսեց միլեդին շուրջը նայելով, ապա հայացքը դարձնելով երիտասարդ սպային և մի դյութիչ ժպիտ նվիրելով նրան։— Բայց վստահ եմ, որ այդ երկար չի տևի,— ավելացրեց նա,— իմ խելքը և ձեր պարկեշտությունը դրա գրավականն են։
Այդ շողոքորթ խոսքին ոչ մի պատասխան չտալով,— սպան գրպանից հանեց մի արծաթե սուլիչ, որպիսիք գործ են ածում բոցմանները ռազմանավերում, և երեք անգամ սուլեց, ամեն անգամ այլ ձևով. եկան ծառաները, քրտնամխած ձիերն արձակեցին և կառեթը ծածկի տակ փոխադրեցին։
Սպան նույնքան քաղաքավարի ու հանգիստ՝ միլեդիին հրավիրեց մտնել տուն։ Միլեդին նույն ժպիտը դեմքին թևանցուկ արեց նրան և նրա հետ միասին ներս մտավ մի ցածրիկ դռնով, որտեղից միայն խորքում լուսավորված կամարակապ մի միջանցք տանում էր դեպի ոլորապտույտ քարե սանդուղքը։ Այդ սանդուղքով վեր բարձրանալով միլեդին և սպան կանգ առան մի ծանր դռան առաջ։ Երիտասարդ սպան բանալին խրեց փականքի մեջ, դուռը ծանրորեն դարձավ ծխնիի վրա և բաց արեց միլեդիի համար նախատեսված սենյակը։
Միլեդին մի հայացքով դիտեց ամբողջ սենյակը, մինչև վերջին մանրամասնությունները։
Նրա կահավորությունը հավասարապես հարմար էր և՛ բանտի, և՛ ազատ մարդու բնակության համար, սակայն լուսամուտների երկաթաճաղերը և դռան արտաքին սողնակները ավելի շատ հասկանալ էին տալիս, որ դա բանտ է։
Մի րոպե հոգեկան ուժերը լքեցին այդ կնոջը, որը, սակայն, կոփված էր ամենաուժեղ փորձություններով։ Նա ընկավ բազկաթոռին, ձեռքերը խաչեց կրծքին ու գլուխը կախ գցեց, սրտի դողով սպասելով, թե հիմա սենյակ կմտնի դատավորը և կսկսի հարցաքննել։
Սակայն ոչ ոք ներս չմտավ բացի ծովային հետևակի երկու֊երեք զինվորից, որոնք ներս բերին սնդուկներն ու արկղները, դրին սենյակի մի անկյունում և լուռ հեռացան։
Սպան նույն անփոփոխ հանգստությամբ, առանց մի բառ արտասանելու զինվորներին հրամաններ էր տալիս ձեռքի շարժումներով կամ սուլիչով։
Կարելի էր կարծել, թե այդ մարդու և նրա ստորադրյալների հարմար խոսք գոյություն չուներ կամ ավելորդ էր դարձել։
Վերջապես միլեդին չդիմացավ և լռությունը խախտեց։
— Ի սեր աստծո, ողորմած պարոն, բացատրեցեք, ի՞նչ է նշանակում այս ամենը,— հարցրեց նա։— Ազատեցեք ինձ տարակուսանքներից։ Ես բավական քաջություն ունեմ դիմանալու ամեն մի վտանգի, որը ես նախատեսում եմ, ամեն իմ դժբախտության, որը ես հասկանում եմ։ Որտե՞ղ եմ ես և որպես ի՞նչ եմ այստեղ։ Եթե ես ազատ եմ, ուրեմն ինչի՞ համար են այս երկաթե ճաղերը և դռները։ Եթե կալանավոր եմ, ապա ո՞րն է իմ հանցանքը։
— Դուք գտնվում եք այն սենյակում, տիկին, որը նախատեսված է ձեզ համար, ես հրաման էի ստացել ընդառաջ գալ ձեզ ծովում և բերել այս ամրոցը։ Այդ հրամանը, իմ կարծիքով, ես կատարեցի զինվորի անշեղությամբ և ազնվականի ամենայն պարկեշտությամբ։ Նրանով, գոնե ներկայումս, ավարտվում է ինձ վրա դրված հոգատարությունը ձեր նկատմամբ, մնացածը վերաբերում է ուրիշ անձի։
— Իսկ ո՞վ է այդ ուրիշ անձը,— հարցրեց միլեդին։— Կարո՞ղ եք ինձ ասել նրա անունը...
Այդ ժամանակ սանդուղքի վրա խթանների բարձր զնգոցներ հնչեցին և ինչ֊որ ձայներ լսվեցին, ապա ամեն ինչ լռեց, և լսվում էր միայն դռանը մոտեցող մի մարդու քայլերի աղմուկը։
— Ահա այդ մյուս անձը, տիկին,— ասաց սպան, ետ քաշվեց դռնից և անշարժացավ հարգալից դիրքով։
Դուռը լայն բացվեց, և շեմքում երևաց մի ինչ֊որ մարդ։
Նա գլխաբաց էր, սուսերը կողքից կախած և ձեռքի մեջ ճմրթում էր թաշկինակը։
Միլեդիին թվաց, թե ճանաչում է կիսախավարի մեջ կանգնած այդ մարդուն։ Նա ձեռքը հենեց բազկաթոռի թևին և առաջ թեքվեց, ցանկանալով համոզվել իր ենթադրության մեջ։ Անծանոթը սկսեց դանդաղորեն մոտենալ, և որքան ավելի էր մտնում լամպի լույսի շերտի մեջ, այնքան միլեդին ակամա ավելի ու էր խրվում բազկաթոռի մեջ։
Երբ այլևս ոչ մի տարակույս չէր մնում, նա բոլորովին ապշած գոչեց.
— Ինչպե՜ս, այդ դո՞ւք եք, եղբայր իմ։
— Այո, իմ չքնաղ տիրուհի,— պատասխանեց լորդ Վինտերը՝ կիսահարգալից, կիսածաղրական խոնարհումով։— Ես ինքս։
— Նշանակում է այս ամրոցը...
— Իմն է։
— Այս սենյա՞կը։
— Ձերն է։
— Ուրեմն ես ձեր գերի՞ն եմ։
— Համարյա։
— Բայց դա նողկալի բռնություն է։
— Բարձրագոչ խոսքերն ավելորդ են, նստենք և հանգիստ զրուցենք, ինչպես վայել է քրոջն ու եղբորը։
Նա դարձավ դեպի դուռը և տեսնելով, որ երիտասարդ սպան հետագա հրամանի է սպասում, ասաց.
— Լավ, շնորհակալ եմ ձեզնից։ Իսկ այժմ, պարոն Ֆելտոն, մենակ թողեք մեզ։