Chapter 5
Առաջին մաս V. Թագավորական հրացանակիրները և պարոն կարդինալի գվարդիակաները
Դ’Արտանյանը Փարիզում ոչ մի ծանոթ չուներ։ Դրա համար էլ նա Աթոսի հետ մենամարտելու գնաց առանց մարտավկայի, որոշելով բավարարվել հակառակորդի մարտավկաներով։ Ի դեպ, նա նախապես հաստատ որոշել էր ամեն տեսակ թույլատրելի ձևերով ներողություն խնդրել քաջ հրացանակրից, իհարկե, չդրսևորելով ոչ մի թուլություն։ Այս բանը նա որոշել էր՝ երկյուղելով այն ծանր հետևանքներից, որ կարող էր ունենալ այսպիսի մենամարտը, երբ ավյունով լի երիտասարդ մարդը կռվի է բռնվում վիրավորված և թուլացած հակառակորդի հետ։ Եթե ինքը պարտվի, հակառակորդը կրկնակի ցնծության մեջ կլինի, իսկ եթե ինքը հաղթող դուրս դա, իրեն կմեղադրեն ուխտադրժության մեջ, կասեն, որ իր հաջողությունը շատ հեշտությամբ է ձեռք բերվել։
Ի դեպ, կամ մենք վատ ենք նկարագրել մեր արկածախնդիր երիտասարդի բնավորությունը, կամ թե ընթերցողն արդեն պետք է նկատած լինի, որ դ’Արտանյանն այնքան էլ սովորական մարդ չէր։ Ուստի և, թեպետ ինքն իրեն շարունակ կրկնում էր, որ իր կործանումն անխուսափելի է, բայց և այնպես չէր կարողանում անտրտունջ հնազանդվել մահվան անխուսափելիությանը, ինչպես այդ կաներ մեկ ուրիշը, նվազ համարձակ և ավելի նվազ հանգիստ մարդ։ Նա խորհում էր այն մարդկանց բնավորության տարբերությունների մասին, ում հետ որ պիտի կռվեր, և աստիճանաբար դրությունն ավելի ու ավելի պարզ էր դառնում նրա համար, նա հույս ուներ, որ ներողություն խնդրելով կնվաճի Աթոսի բարեկամությունը, որի խիստ դեմքը և ազնվատես կեցվածքը լավագույն տպավորությունն էին թողել իր վրա։ Նա իրեն հանգստացնում էր այն հույսով, թե Պորտոսին կվախեցնի լանջագոտու պատմությունով, որ եթե ինքը տեղն ու տեղը չսպանվի, կարող է պատմել բոլորին, իսկ այդպիսի պատմությունը, մանավանդ եթե համապատասխան ձևով արվի, չի կարող Պորտոսին ծիծաղի առարկա չդարձնել ընկերների ու բարեկամների աչքում։ Իսկ ինչ վերաբերում է խորամանկ Արամիսին, ապա նա դ’Արտանյանին առանձնապես վախ չէր ներշնչում։ Եթե նույնիսկ ենթադրենք, որ հերթը նրան էլ հասնի, ապա դ’Արտանյանը հաստատ որոշել էր նրա հախիցը գալ կամ թե, ինչպես Կեսարն էր խորհուրդ տալիս վարվել Պոմպեոսի զինվորների հետ, երեսին մի հարված տալով՝ աղճատել նրա գեղեցկությունը, որով Արամիսն այնպես ակներևորեն հպարտանում էր։
Բացի դրանից, դ’Արտանյանի մեջ ապրում էր մի անսասան վճռականություն՝ հիմնված իր հոր խոր-հուրդների վրա, որոնց էությունը հետևյալն էր, «Չհնազանդվել ոչ ոքի, բացի թագավորից, կարդինալից և պարոն դը Տրևիլից»։ Ահա թե ինչու դ’Արտանյանը ոչ թե քայլում, այլ թռչում էր դեպի Դեշո վանքը։ Դա մի լքված շինություն էր՝ ջարդված լուսամուտներով, շրջապատված ամայի դաշտով, որն անհրաժեշտության դեպքում ծառայում էր նույն նպատակին, ինչ Պրե-օ-Կ-լերը.<ref>Մարգագետին՝ Սեն Ժերմեն դը Պրե եկեղեցու առաջ, ուսանողական զբոսանքների ու մենամարտերի վայրը։</ref> այնտեղ սովորաբար կռվում էին այն մարդիկ, ովքեր ժամանակ կորցնել չէին կարող։
Երբ դ’Արտանյանը մոտենում էր վանքի մոտ գտնվող ամայի դաշտին, կեսօրվա ժամը խփեց։ Աթոսը նրան սպասել էր ընդամենը հինգ րոպե, հետևապես դ’Արտանյանն անբասիր ճշտապահ էր եղել և մենամարտի օրենքների ամենախիստ դատավորն էլ առիթ չէր ունենա կշտամբելու նրան։
Աթոսը, որին վերքն ավելի ծանր ցավ էր պատճառում, թեև դը Տրևիլի բժիշկը նոր է փաթաթել այն, մի քարի նստած՝ հակառակորդին էր սպասում, ինչպես միշտ՝ հանգիստ ու արժանապատվությամբ լի։ Տեսնելով դ’Արտանյանին՝ նա հարգալից վեր կացավ և մի քանի քայլ արեց դեպի նա։ Դ’Արտանյանն էլ իր հերթին մոտեցավ հակառակորդին, գլխարկը ձեռքում բռնած այնպես, որ նրա փետուրը քարշ էր գալիս գետնին։
— Պարոն,— ասաց Աթոսը,— ես մարդ եմ ուղարկել երկու ընկերներիս հետևից, որոնք մի մարտավկաները կլինեն։ Բայց այդ ընկերներս դեռ չեն եկել։ Ես զարմանում եմ, որ ուշացել են. նրանք այդպիսի սովորություն չունեն։
— Ես մարտավկաներ չունեմ,— ասաց դ’Արտանյանը։— Ես հենց երեկ եմ Փարիզ եկել և այստեղ ոչ մի ծանոթ չունեմ՝ բացի պարոն դը Տրևիլից, որին ներկայանալ խորհուրդ է տվել իմ հայրը, որը մի ժամանակ պատիվ է ունեցել պարոն դը Տրևիլի ընկերը լինելու։
Աթոսը մի պահ մտքի մեջ ընկավ։
— Դուք ծանոթ եք միայն պարոն դը Տրևիլի՞ հետ,— հարցրեց նա։
— Այո՛, պարոն, ես միայն նրա հետ եմ ծանոթ։
— Ա՜յ քեզ պատմություն,— խոսեց Աթոսը՝ դիմելով ավելի շատ ինքն իրեն, քան թե զրուցակցին։— Ա՜յ քեզ պատմություն։ Բայց եթե ես ձեզ սպանեմ, երեխաներ լափողի համբավ կհանեմ։
— Ամենևին էլ այդպես չէ, պարոն,— առարկեց դ’Արտանյանը՝ գլուխ տալով այնպիսի մի ձևով, որը զուրկ չէր արժանապատվությունից։— Ամենևին էլ այդպես չէ, քանի որ դուք պատիվ եք անում կռվելու ինձ հետ, չնայելով ձեր վերքին, որը անտարակույս, տանջում է ձեզ։
— Իսկապես՝ շատ է տանջում։ Եվ դուք, պետք է խոստովանեմ, անասելի ցավ պատճառեցիք ինձ։ Բայց ես սուսերս կբռնեմ ձախ ձեռքով, ինչպես միշտ անում եմ նման դեպքերում։ Չկարծեք, թե այդպիսով ձեր դրությունը կթեթևանա, ես երկու ձեռքով էլ ազատորեն գործում եմ։ Դա նույնիսկ որոշ անհարմարություն կստեղծի ձեզ համար։ Ձախլիկը շատ է նեղում հակառակորդին, եթե վերջինս պատրաստված չէ դրան։ Ցա-վում եմ, որ նախապես ձեզ տեղյակ չեմ պահել այս հանգամանքին։
— Դուք, պարոն,— խոսեց դ’Արտանյանը,— անչափ սիրա-լիր եք, և ես խորապես երախտապարտ եմ ձեզ։
— Ես, իսկապես, հուզված եմ ձեր խոսքերից,— ասաց Աթոսը նրբին հարգանքով։— Ավելի լավ է խոսենք մի ուրիշ բանի մասին, եթե դուք դեմ չեք։ Ա՜խ, անիծված, ինչպես ցավ պատճառեցիք դուք ինձ... Ուսս այրվում է ուղղակի։
— Եթե դուք ինձ թույլ տայիք...— վարանելով մրմն-ջաց դ’Արտանյանը։
— Ի՞նչ թույլ տայի, պարոն։
— Ես վերքեր բուժելու հրաշագործ սպեղանի ունեմ։ Այդ սպեղանին մայրս է տվել ինձ, և ես այն ար-դեն փորձել եմ ինձ վրա։
— Եվ ի՞նչ։
— Այն, որ ամենաշատը մի երեք օրում դուք առողջացած կլինեք, ես համոզված եմ դրան, իսկ այդ երեք օրն անցնելուց հետո, երբ դուք ապաքինված կլինեք, պարոն, ես մեծ պատիվ կհամարեմ ինձ իմ սուսերը խաչաձևելու ձերի հետ։
Դ’Արտանյանն այս խոսքերն ասաց այնպիսի պարզությամբ, որը պատիվ էր բերում նրա պարկեշտությանը և միաժամանակ առիթ չէր տալիս կասկածելու նրա անվեհերությանը։
— Երդվում եմ աստծով, պարոն,— պատասխանեց Աթոսը,— այդ առաջարկությունն իմ սրտովն է, ոչ այն պատճառով, որ ես համաձայն եմ դրան, այլ՝ որ մի ամբողջ մղոնի վրա դրանից ազնվականի ազնվություն է բուրում։ Այդպես էին խոսում ու գործում Կարլոս Մեծի<ref>Կառլոս Մեծ (742-814) — Կառլոս I Մեծ, ֆրանկների արքան 768 թ.-ից, 800-814 թթ.՝ միապետ։</ref> ժամանակների զինվորները, որոնց օրինակին պետք է հետևի ամեն մի ասպետ։ Բայց մենք, դժբախտաբար, մեծ կայսեր ժամանակներում չենք ապրում։ Մենք ապրում ենք հարգարժան պարոն կարդինալի օրոք, և երեք օրվա ընթացքում, որքան էլ մենք խնամքով թաքցնելու լինենք մեր գաղտնիքը, հայտնի կդառնա, որ մենք պատրաստվում ենք մենամարտելու, և մեզ կխանգարեն իրականացնելու մեր մտադրությունը։ Այո, բայց այս պորտաբույծները, ինչպես տեսնում եմ, բոլորովին կորել են։
— Եթե դուք շտապում եք, պարոն,— ասաց դ’Արտանյա-նը նույնպիսի պարզությամբ, ինչպես մի րոպե առաջ առաջարկել էր նրան երեք օրով հետաձգելու մենամարտը,— եթե դուք շտապում եք և եթե ձեզ հաճելի է անհապաղ վերջ իմ կյանքին, խնդրում եմ ձեզ, մի՛ քաշվեք։
— Ձեր այդ խոսքերը նույնպես իմ սրտովն են,— ասաց Աթոսը սիրալիր գլուխ տալով դ’Արտանյանին։— Դրանք խելոք և, անտարակույս, ազնիվ մարդու խոսքեր են։ Ես, պարոն, շատ եմ սիրում ձեզ նման մարդկանց և տեսնում եմ, որ եթե մենք միմյանց չսպանենք, հետագայում ինձ համար շատ հաճելի է լինելու զրուցել ձեզ հետ։ Սպասենք իմ բարեկամներին, խնդրում եմ ձեզ. ես չեմ շտապում, և այդպես ավելի հարմար կլինի։ Ախ, ահա, կարծեմ նրանցից մեկը գալիս է։
Իսկապես, այդ րոպեին Վոժիրար փողոցի ծայրում երևաց Պորտոսի վիթխարի կերպարանքը։
— Ինչպե՜ս,— գոչեց դ’Արտանյանը։— Ձեր առաջին մարտավկան պարոն Պորտո՞սն է։
— Այո։ Այն ինչ-որ հաճելի՞ չէ ձեզ։
— Ո՛չ, ո՛չ։
— Ահա և երկրորդը։
Դ’Արտանյանը շուռ եկավ այն կողմը, ուր ցույց տվեց Աթոսը, և ճանաչեց Արամիսին։
— Ինչպե՜ս,— գոչեց նա այնպիսի տոնով, որ ավելի մեծ զարմանք էր արտահայտում, քան առաջին անգամ։— Ձեր երկրորդ մարտավկան էլ պարոն Արամի՞սն է։
— Իհարկե։ Մի՞թե ձեզ հայտնի չէ, որ մեզ երբեք իրարից անջատ չեն տեսնում և որ, ինչպես հրացանա-կիրները, այնպես էլ գվարդիականները, պալատում և քաղաքում մեզ կոչում են Աթոս, Պորտոս, Արամիս, կամ՝ երեք անբաժաններ։ Ի դեպ, որովհետև դուք եկել եք Դաքսից թե Պո...
— Տարբից,— ուղղեց դ’Արտանյանը։
— ...ձեզ ներելի է չիմանալ այս մանրամասնությունները։
— Ազնիվ խոսք,— ասաց դ’Արտանյանը,— ձեր մականունները, ողորմած պարոններ, շատ հաջող են և ինձ հետ պատահած այս պատմությունը, եթե միայն տարածվելու լինի, ապացույց կծառայի, որ ձեր բարեկամությունը հիմնված է ձեր բնավորությունների ոչ թե տարբերության, այլ նմանության վրա։
Այդ ժամանակ Պորտոսը ավելի մոտենալով՝ ձեռքի շարժումով ողջունեց Աթոսին, ապա շուռ գալով, զար-մանքից քարացած մնաց, հենց որ ճանաչեց դ’Արտանյանին։
Ի միջի այլոց հիշատակենք, որ Պորտոսն այդ ժա-մանակ արդեն փոխել էր իր լանջագոտին և թիկնոցը վրան չէր առել։
— Այդպե-ե-ե՜ս,— ծոր տվեց նա։— Այս ի՞նչ է նշանակում։
— Ես մենամարտում եմ այս պարոնի հետ,— ասաց Աթոսը՝ ձեռքով ցույց տալով դ’Արտանյանին և միևնույն ժամանակ ասես ողջունելով Պորտոսին։
— Բայց ե՛ս էլ հենց սրա հետ եմ մենամարտելու,— ասաց Պորտոսը։
— Միայն ժամը մեկին,— հանգստացնող տոնով ասաց դ’Արտանյանը։
— Բայց ե՛ս էլ հենց սրա հետ եմ մենամարտելու,— իր հերթին հայտարարեց Արամիսը՝ նրան մոտենալով։
— Միայն ժամը երկուսին,— նույնպես հանգիստ ասաց դ’Արտանյանը։
— Բայց դու ի՞նչ առիթով ես մենամարտելու, Աթոս,— հարցրեց Արամիսը։
— Իսկապես՝ դժվարանում եմ պատասխանել,— ասաց Աթոսը։— Նա իմ ուսին հրելով խիստ ցավեցրեց։ Իսկ դո՞ւ, Պորտոս։
— Իսկ ես մենամարտում եմ հենց նրա համար, որ մե-նամարտում եմ,— կարմրատակելով պատասխանեց Պորտոսը։
Աթոսը, որի աչքից ոչ մի բան վրիպել չէր կարող, նկատեց գասկոնացու շուրթերի վրայով սահող մի նուրբ ժպիտ։
— Մենք վիճեցինք հագուստի պատճառով,— ասաց դ’Արտանյանը։
— Իսկ դո՞ւ, Արամիս։
— Ես մենամարտում եմ աստվածաբանական մի հարցում անհամաձայնության համար,— ասաց Արամիսը՝ դ’Արտանյանին նշան անելով, որ նա թաքցնի մենամարտի իսկական պատճառը։
Աթոսը նկատեց, որ գասկոնացու շուրթերով նորից մի ժպիտ սահեց։
— Մի՞թե,— նորից հարցրեց Աթոսը։
— Այո, Ավգուստինոս Երանելու<ref>Ավգուստինոս Ավրելիոս (354-430) — քարոզիչ, կրոնի փիլիսոփա։</ref> մի տեղի վերաբերյալ մեր կարծիքները բաժանվեցին։
«Սա, անկասկած, խելացի տղա է»,— մտածեց Աթոսը։
— Իսկ այժմ, ողորմած պարոններ,— ասաց դ’Արտանյանը,— քանի որ դուք բոլորդ հավաքվել եք այստեղ, թույլ տվեք ինձ ներողություն խնդրել ձեզնից։
«Ներողություն» բառի վրա Աթոսի դեմքը մռայլվեց, Պորտոսի շրթունքների վրայով արհամարհական մի ժպիտ սահեց, իսկ Արամիսը բացասաբար շարժեց գլուխը։
— Դուք ինձ չհասկացաք, պարոններ,— ասաց դ’Արտանյանը գլուխը բարձրացնելով։ Այդ րոպեին արևի ճառագայթն ընկնելով նրա գլխին՝ ստվեր էր գցել նրա նուրբ ու համարձակ դիմագծերին։— Ես ձեզնից ներողություն խնդրեցի այն դեպքի հասար, եթե ես հնարավորություն չեմ ունենա երեքիդ էլ գոհացում տալու։ Չէ՞ որ պարոն Աթոսը առաջինը իրավունք ունի սպանելու ինձ, և այդ կարող է ինձ զրկել հնարավորությունից՝ իմ պատվի պարտքը հատուցելու ձեզ, պարոն Պորտոս։ Իսկ այն պարտավորությունը, որ տվել եմ ձեզ, պարոն Արամիս, համարյա թե ոչինչ է դառնում։ Իսկ հիմա, ողորմած պարոններ, նորից կրկնում եմ, խնդրում եմ ներեք ինձ, բայց միայն սրա համար...Չսկսե՞նք արդյոք։
Այս ասելով՝ երիտասարդ գասկոնացին համարձակորեն դուրս քաշեց սուսերը։
Արյունը գլուխն էր խփել։ Այդ րոպեին նա պատրաստ էր իր սուսերը մերկացնելու թագավորության բոլոր հրացանակիրների դեմ, ինչպես այժմ մերկաց-րել էր Աթոսի, Պորտոսի և Արամիսի դեմ։
Ժամը տասներկուսից անց էր քառորդ։ Արեգակը կանգնած էր զենիթում, և մենամարտի համար ընտրված վայրը ողողված էր նրա կիզիչ ճառագայթներով։
— Շոգ է,— ասաց Աթոսը իր հերթին մերկացնելով սուսերը։— Այնինչ կամզոլս հանել չեմ կարող. զգում եմ, որ վերքիցս արյուն է ծորում և վախենում եմ իմ հակառակորդին շփոթեցնել արյան տեսքից, որն ինքը չի թափել։
— Այո, պարոն,— պատասխանեց դ’Արտանյանը։— Ե՛ս թա-փած լինեմ այդ արյունը, թե մեկ ուրիշը, կարող եմ ձեզ հավատացնել, որ ձեզ պես մի քաջ ազնվականի արյունը տեսնելը ինձ միշտ էլ ցավ կպատճառի։ Ես էլ կմենամարտեմ առանց կամզոլս հանելու, ինչպես դուք։
— Հրաշալի՜ է,— գոչեց Պորտոսը,— բայց բավական է սիրալիրություններ անել։ Մի՛ մոռացեք, որ մենք մեր հերթին ենք սպասում։
— Խոսեցեք ձեր անունից, Պորտոս, երբ այդպիսի անհեթեթություններ եք ասում,— ընդհատեց նրան Արամիսը։— Ինչ վերաբերում է ինձ, ապա իմ կարծիքով այս երկու պարոնների բոլոր ասածները միանգամայն վայել են ազնվականին։
— Պատրաստ եմ ծառայելու ձեզ, պարոն,— ասաց Աթոսը իր տեղում կանգնելով։
— Ես ձեր խոսքին էի միայն սպասում,— պատասխանեց դ’Արտանյանը՝ սուսերը խաչաձևելով նրա հետ։
Բայց դեռ չէին զրնգացել նրանց սուսերները իրար դիպչելով, երբ կարդինալի գվարդիականների մի ջոկատ պարոն դը Ժյուսակի հրամանատարությամբ եր-ևաց վանքի պատի անկյունից։
— Կարդինալի գվարդիականնե՜րը,— միաբերան գոչեցին Պորտոսն ու Արամիսը։— Սրերը պատյա՜նը, պարոննե՜ր, սրերը պատյա՜նը։
Սակայն արդեն ուշ էր։ Հակառակորդները բռնվել էին այնպիսի մի դիրքով, որ նրանց մտադրության նկատմամբ ոչ մի կասկած չէր կարող լիներ։
— Է՜յ,— գոչեց դը Ժյուսակը՝ մի քայլ անելով նրանց կողմը և ձեռքի նշանով իր ստորադրյալներին հրամայելով հետևել իր օրինակին։— Է՜, հրացանակիրնե՛ր, դուք հավաքվել եք այստեղ մենամարտելո՞ւ։ Իսկ հրովարտակները մոռացե՞լ եք։
— Դուք չափազանց սիրալիր եք, պարոնայք գվարդիա-կաններ,— ասաց Աթոսը սրտնեղած, որովհետև դը Ժյուսակը երկու օր առաջ տեղի ունեցած հարձակման մասնակից էր եղել։— Եթե մենք ձեզ հանդիպեինք մենամարտելու պահին, կարող եմ հավատացնել, որ մենք ձեզ չէինք խանգարի։ Ազատ թողեք մեզ և դուք առանց մի ջանք գործադրելու լիակատար բավականություն կստանաք։
— Ողորմած պարոննե՜ր,— ասաց դը Ժյուսակը,— ես մեծ ափսոսանքով ստիպված եմ հայտարարելու ձեզ, որ այդ անհնարին է։ Մեզ համար՝ ամենից առաջ պարտքն է։ Սրերը պատյանները դրեք և հետևեցեք մեզ։
— Ողորմած պարոն,— ասաց Արամիսը՝ տնազ անելով դը Ժյուսակին,— մենք մեծագույն բավականությամբ կհամաձայնեինք ձեր սիրալիր առաջարկությանը, եթե այդ մեզնից լիներ կախված։ Սակայն, դժբախտաբար, այդ անհնարին է, պարոն դը Տրևիլը մեզ արգելել է անել այդ։ Գնացեք ձեր ճանապարհով, և այդ ամենալավն է, որ մնում է անել ձեզ։
Ծաղրը կատաղեցրեց դը Ժյուսակին։
— Եթե դուք չենթարկվեք,— գոչեց նա,— մենք կգրոհենք ձեզ վրա։
— Նրանք հինգ հոգի են,— կիսաձայն ասաց Պորտոսը,— իսկ մենք՝ միայն երեք։ Մենք նորից պարտություն կկրենք կամ թե ստիպված կլինենք հենց այստեղ մեռնել, որովհետև, հայտարարում եմ ձեզ, պարտված տեսքով ես կապիտանի աչքին երևալ չեմ կարող։
Աթոսը, Պորտոսը և Արամիսը նույն վայրկյանին մոտեցան իրար, իսկ դը Ժյուսակը շարում էր իր զինվորներին։
Այդ մեկ րոպեն բավական էր դ’Արտանյանին. նա վճիռ ընդունեց։ Դա այն դեպքերից մեկն էր, որը վճռում է մարդու բախտը։ Նա պետք է ընտրություն աներ թագավորի և կարդինալի միջև, և մեկ անգամ ընտրություն անելով՝ պետք է միշտ իր ընտրյալի կողմը պահեր։ Կռվի մեջ մտնել նշանակում էր չենթարկվել օրենքին, նշանակում էր կյանքը վտանգի տակ դնել, նշանակում էր դառնալ մինիստրի թշնամին, որն ավելի հզոր էր, քան ինքը՝ թագավորը։ Այս ամենը երիտասարդը հասկացավ մի ակնթարթում։ Եվ ի պատիվ նրա՝ մենք պետք է ասենք, որ ոչ մի վայրկյան նա չտատանվեց։
— Պարոննե՛ր,— ասաց նա դառնալով Աթոսին ու նրա ընկերներին։— Թույլ տվեց ինձ ուղղել ձեզ։ Դուք ասացիք, որ երեք հոգի եք։ Բայց ինձ թվում է, որ մենք չորս հոգի ենք։
— Բայց դուք հրացանակիր չեք,— առարկեց Պորտոսը։
— Այդ ճշմարիտ է,— համաձայնեց դ’Արտանյանը։— Իմ հագին հրացանակրի համազգեստ չկա, բայց հոգով ես հրացանակիր եմ։ Իմ սիրտը հրացանակրի սիրտ է, ես այդ զգում եմ և գործում եմ որպես հրացանակիր։
— Հեռու քաշվեցե՛ք, երիտասա՜րդ,— գոռաց դը Ժյուսակը, որը երևի դ’Արտանյանի շարժումներից ու դեմ-քի արտահայտությունից հասկացել էր նրա մտադրությունը։— Դուք կարող եք հեռանալ։ Մենք չենք առարկում։ Փրկեցեք ձեր կաշին։ Շտապեցե՛ք։
Դ’Արտանյանը տեղից չշարժվեց։
— Դուք իսկապես որ հիանալի տղա եք,— ասաց Աթոսը՝ նրա ձեռքը սեղմելով։
— Շո՛ւտ, շո՛ւտ, վճռեցե՛ք,— ձայն տվեց դը Ժյուսակը։
— Շո՛ւտ,— ասացին Պորտոսն ու Արամիսը,— հարկավոր է մի որևէ բան ձեռնարկել։
— Այս երիտասարդը լի է մեծահոգությամբ,— ասաց Աթոսը։
Բայց երեքին էլ անհանգստացնում էր դ’Արտանյանի ջահելությունը և անփորձությունը։
— Մենք երեք հոգի կլինենք, որոնցից մեկը վիրավոր է, և դրան ավելացրած մի պատանի, համարյա երեխա, այնինչ կասեն, թե մենք չորս հոգի ենք եղել։
— Այո, բայց նահանջե՜լն էլ,— գոչեց Պորտոսը։
— Այդ անկարելի է,— ասաց Աթոսը։
Դ’Արտանյանը հասկացավ նրանց անվճռականության պատճառը։
— Ողորմած պարոննե՛ր,— ասաց նա,— վարձեցեք ինձ, և ես պատվովս եմ երդվում, որ չեմ հեռանա այստեղից, եթե մենք պարտվելու լինենք։
— Ի՞նչ է ձեր անունը, քաջ տղա,— հարցրեց Աթոսը։
— Դ’Արտանյան, պարոն։
— Ուրեմն՝ Աթո՛ս, Պորտո՛ս, Արամի՛ս, դ’Արտանյան, առա՜ջ,— գոչեց Աթոսը։
— Դե, ի՞նչ կասեք, պարոնայք,— հարցրեց դը Ժյուսակը։— Կբարեհաճե՞ք վճիռ ընդունել վերջապես։
— Ամեն ինչ վճռված է, պարո՛ն,— պատասխանեց Աթոսը։
— Իսկ ո՞րն է վճիռը,— հարցրեց դը Ժյուսակը։
— Մենք պատիվ կունենանք գրոհելու ձեզ վրա,— ասաց Արամիսը մի ձեռքով գլխարկը բարձրացնելով, մյուսով սուսերը մերկացնելով։
— Ա՜յ թե ինչ, դուք դիմադրո՞ւմ եք,— գոչեց դը Ժյուսակը։
— Գրող ու ցա՛վ։ Ձեզ այդ զարմացնո՞ւմ է։
Եվ բոլոր ինը կռվողներն էլ կատաղորեն հարձակվեցին իրար վրա, ի դեպ, չմոռանալով գործողության որոշ կարգ սահմանել։
Աթոսը կռվում էր ոմն Կայուզակի հետ, որը կարդինալի սիրելին էր, Պորտոսին բաժին էր ընկել Բիկարան, իսկ Արամիսը դեմ առ դեմ էր կանգնել երկու հակառակորդների հետ։
Ինչ վերաբերում է դ’Արտանյանին, ապա նրա հակառակորդն էր ինքը՝ դը Ժյուսակը։
Երիտասարդ գասկոնացու սիրտն այնպես ուժեղ էր խփում, որ պատրաստ էր կուրծքը ճեղքելու։ Սակայն աստված էլ տեսնում էր ո՛չ վախից,— նա վախի նշույլ անգամ չէր զգում,— այլ հուզմունքից։ Նա կռվում էր կատաղած վագրի պես, սլանում էր իր հակառակորդի շուրջը, հազար անգամ փոխում էր տակտիկան ու տեղը։ Դը Ժյուսակը, ինչպես ասում էին այն ժամանակ, «սուսերի վարպետ» էր, այն էլ բազմափորձ։ Այնուամենայնիվ նա մեծագույն դժվարությամբ էր պաշտպանվում իր ճկուն ու ճարպիկ հակառակորդից, որն ամեն րոպե, անտեսելով ընդունված կանոնները, հարձակվում էր միաժամանակ բոլոր կողմերեց, միևնույն ժամանակ ետ վանելով հարվածները, որպես մի մարդ, որը խնամքով պաշտպանում է իր կաշին։
Այդ պայքարը վերջիվերջո դը Ժյուսակին համբերությունից հանեց։ Կատաղելով այն բանից, որ ինքը չի կարողանում հաշիվ տեսնել մի հակառակորդի հետ, որին պատանի էր համարում, նա տաքացավ և սկսեց իրար հետևից սխալներ գործել։ Դ’Արտանյանը, որը մեծ փորձ չուներ, բայց տեսությունը լավ էր հիշում, կրկնապատկեց իր շարժումների արագությունը։ Ժյուսակը որոշելով վերջ տալ նրան՝ մի կտրուկ հարձակում գործեց, ցանկանալով մի զարհուրելի հարված հասցնել հակառակորդին։ Սակայն դ’Արտանյանը ճարպկորեն ետ վանեց հարվածը և այն պահին, երբ դը Ժյուսակն ուղղվում էր, գասկոնացին օձի պես դուրս պրծավ նրա ձեռքի տակից և սուրը խրեց նրա կուրծքը։ Դը Ժյուսակը տապալվեց գետին։
Հակառակորդից ազատվելով՝ դ’Արտանյանը մի արագ ու տագնապալի հայացք գցեց կռվի դաշտի վրա։
Արամիսն արդեն կարողացել էր հաշիվ մաքրել իր հակառակորդներից մեկի հետ, բայց երկրորդը խիստ նեղում էր նրան։ Այնուամենայնիվ Արամիսի դրությունը բարենպաստ էր, նա դեռ կարող էր պաշտպանվել։
Բիկարան և Պորտոսը ճարպկորեն էին գործածում սուսերը։ Պորտոսն արդեն վիրավորված էր թիակից, Բիկարան՝ ազդրից։ Ոչ մեկի, ոչ մյուսի վերքը մահացու չէին, և նրանք երկուսն էլ ավելի մեծ կատաղությամբ էին շարունակում փայլել սուսերամարտության արվեստի մեջ։
Աթոսը, որ երկրորդ վերքն էր ստացել Կայուզակից, վայրկյան առ վայրկյան ավելի էր գունատվում, բայց ոչ մի քայլ չէր նահանջում։ Նա միայն սուսերը փոխադրել էր մյուս ձեռքը և կռվում էր ձախ ձեռքով։
Դ’Արտանյանը, համաձայն այն ժամանակներում ընդունված մենամարտի կանոնների, իրավունք ուներ կռվողներից մեկին օգնելու։ Կանգ առնելով վարան-մունքի մեջ և չիմանալով, թե ում է ավելի հարկավոր իր оգնությունը՝ նա հանկարծ որսաց Աթոսի հայացքը։ Այդ հայացքը տանջալից պերճախոս էր։ Աթոսը ավելի շուտ կմեռներ, քան թե օգնության կկանչեր։ Սակայն նայել նա կարող էր և հայացքով կարող էր օգնություն խնդրել։ Դ’Արտանյանը հասկացավ այդ և առաջ նետվելով՝ կողքից հարձակվեց Կայուզակի վրա։
— Այս կո՜ղմը, պարոն գվարդիական, ես կսպանեմ ձեզ։
Կայուզակը շուռ եկավ։ Օգնությունը ժամանակին էր հասել։ Աթոսը, որին մինչև այդ պահում էր միայն իր չտեսնված արիությունը, իջավ մեկ ծնկի վրա։
— Նզո՜վք,— գոչեց նա։— Չսպանե՛ք դրան, երիտասարդ։ Ես դեռ պետք է հին հաշիվ մաքրեմ դրա հետ, երբ կապաքինվեմ և առողջ կլինեմ։ Զինաթափ արեք դրան, ձեռքից դուրս գցեք սուսերը։ Ահա այդպես։ Հիանալի՜ է, հիանալի՜։
Այս բացականչությունը Աթոսի կրծքից դուրս թռավ այն պահին, երբ նա տեսավ, թե ինչպես Կայուզակի սուսերը մի քսան քայլ հեռու նետվեց։ Դ’Արտանյանը և Կայուզակը միաժամանակ վազեցին նրա հետևից, մեկը՝ իր սուսերը ետ վերցնելու, մյուսը՝ նրան տիրելու համար։ Դ’Արտանյանը, որ ավելի արագավազ էր, առաջինը տեղ հասավ և ոտքը դրեց շեղբի վրա։
Կայուզակը նետվեց այն գվարդիականի մոտ, որին սպանել էր Արամիսը, ճանկեց նրա մարտասուսերը և ետ վազեց դեպի դ’Արտանյանը, սակայն ճանապարհին ընկավ Աթոսի վրա, որն այդ կարճ ժամանակամիջոցում կարողացել էր շունչ առնել։ Վախենալով, թե դ’Արտանյանը կսպանի իր թշնամուն՝ Աթոսը ցանկանում էր վերսկսել կռիվը։
Դ’Արտանյանը հասկացավ, որ խանգարել Աթոսին՝ կնշանակեր վիրավորել նրան։ Եվ իրոք, մի քանի վայրկյանից Կայուզակն ընկավ. Աթոսի սուսերը խրվել էր նրա կոկորդը։
Նույն այդ պահին Արամիսը սուսերի ծայրը դեմ տվեց իր տապալված հակառակորդի կրծքին՝ ստիպելով նրան իրեն պարտված ճանաչել։ Մնում էին Պորտոսը և Բիկարան։ Պորտոսը կատակաբանում էր. հարցնելով Բիկարային, թե նրա կարծիքով ժամը քանի՞սը կլինի, և շնորհավորելով, որ նրա եղբայրը Նավարյան գնդում վաշտ է ստացել։ Սակայն նրա այս բոլոր ծաղրանքները ոչ մի օգուտ չէին բերում։ Բիկարան մեկն էր այն երկաթյա մարդկանցից, որոնք ընկնում են միայն սպանված։
Մինչդեռ արդեն ժամանակն էր վերջացնելու։ Կարող է պահակախումբ գալ և ձերբակալել մենամարտի բոլոր մասնակիցներին՝ առողջներին ու վիրավորներին, ռոյալիստներին ու կարդինալիստներին։ Աթոսը, Արամիսը և դ’Արտանյանը շրջապատեցին Բիկարային՝ առաջարկելով նրան անձնատուր լինել։ Մեն-մենակ բոլորի դեմ, ազդրից էլ վիրավորված լինելով՝ Բիկարան, այնուամենայնիվ, մերժեց։ Սակայն Ժյուսակը, որ բարձրացել էր արմունկների վրա, ձայն տվեց նրան, որ անձնատուր լինի։ Բիկարան գասկոնացի էր, ինչպես դ’Արտանյանը։ Նա Ժյուսակի առաջարկությանը խուլ մնաց և միայն ծիծաղեց։ Շարունակելով կռ-վել նա երկու հարձակումների միջև ընկած կարճ ժամանակամիջոցում սուսերի ծայրով մի կետ ցույց տվեց գետնի վրա։
— Այստե՜ղ,— ասաց նա՝ նմանեցնելով Աստվածաշնչի խոսքերին,— այստե՛ղ կմեռնի Բիկարան, մեկը նրանցից, որք ընդ նմա։
— Բայց նրանք չորս հոգի են քո դեմ, իսկ դու մեն-մենակ։ Անձնատուր եղիր, հրամայում եմ քեզ։
— Քանի որ դու հրամայում ես, այլ բան է,— ասաց Բիկարան։ — Դու իմ բրիգադիրն ես, և ես պարտավոր եմ հնազանդվել։
Եվ անակնկալ ետ ցատկելով՝ նա երկու կտոր արեց իր սուսերը, որպեսզի հակառակորդին չհանձնի։ Սուսերի կտորները վանքի պարսպի վրայով դուրս նետելով՝ նա ձեռքերը կրծքին խաչեց՝ սուլելով կարդինալական ինչ-որ երգ։
Արիությունը միշտ հարգանք է հարուցում, եթե նույնիսկ դա թշնամու արիությունն է։ Հրացանակիրները իրենց սուսերով պատիվ տվին համարձակ գվարդիականին, ապա սուսերը խրեցին պատյանները։ Դ’Արտանյանը հետևեց նրանց օրինակին, ապա Բիկարայի՝ ոտքերի վրա մնացած միակ գվարդիականի օգնությամբ նա վանքի գավիթը տարավ Ժյուսակին, Կայուզակին և Արամիսի հակառակորդներից նրան, որը միայն վիրավորված էր։ Չորրորդ գվարդիականը, ինչպես ասացինք, սպանված էր։ Ապա մուտքի մոտի զանգերը քաշելով և հինգ սուսերներից չորսն իրենց հետ վերցրած՝ նրանք ուրախությունից շշմած շարժվեցին դեպի պ-րն դը Տրևիլի տուն։
Նրանք քայլում էին թև-թևի տված, զբաղեցնելով փողոցի ամբողջ լայնքը, զրուցելով իրենց հանդիպող հրացանակիրների հետ, այնպես որ, վերջիվերջո դա նմանվեց մի հաղթական երթի։ Դ’Արտանյանը զմայլանքի մեջ էր։ Նա քայլում էր Աթոսի ու Պորտոսի մեջտեղով՝ սիրալիր գրկած նրանց։
— Եթե ես դեռ հրացանակիր էլ չեմ,— ասաց նա դը Տրևիլի տան շեմքում՝ դառնալով իր նոր բարեկամներին,— համենայնդեպս կարող եմ արդեն ինձ համարել հրացանակիրների աշակերտ, ճիշտ չէ՞։