Chapter 48
Երկրորդ մաս XVII. Հրացանակիրների խորհուրդը
Ամեն ինչ եղավ այնպես, ինչպես նախատեսել էր Աթոսը. բաստիոնում ոչ ոք չկար, բացի մի տասներկու սպանված ֆրանսիացիներից ու լարոշելցիներից։
— Պարոնայք,— ասաց Աթոսը, որն իր վրա էր վերցրել արշավի հրամանատարությունը,— մինչև Գրիմոն սեղան կբացի, մենք սկսենք հրացաններն ու փամփուշտները հավաքել։ Մանավանդ՝ հավաքելիս մենք կարող ենք ազատ զրույց անել. այս պարոնները,— ավելացրեց նա ցույց տալով սպանվածներին,— մեզ չեն լսի։
— Իսկ ավելի լավ չի՞ լինի սրանց փոսի մեջ գցել,— առաջարկեց Պորտոսը,— բայց, իհարկե, նախապես համոզվելով, որ նրանց գրպանները դատարկ են։
— Այո,— ասաց Աթոսը,— դա Գրիմոյի գործն է։
— Դե ուրեմն թող Գրիմոն նրանց խուզարկի և պատի վրայից ցած գցի,— ասաց դ’Արտանյանը։
— Ոչ մի դեպքում,— առարկեց Աթոսը,— նրանք կարող են մեզ պետք գալ։
Այս մեռելները կարող են պե՞տք գալ մեզ,— զարմացավ Պորտոսը։— Դու խելքդ թռցնում ես, սիրելի բարեկամս։
— «Մի՛ դատեք աճապարանոք», ասում են Ավետարանը և պարոն կարդինալը,— պատասխանեց Աթոսը։— Քանի՞ հրացան է, պարոննե՛ր։
— Տասներկու,— պատասխանեց Արամիսը։
— Քանի՞ փամփուշտ։
— Մոտ հարյուր։
— Այդքանը մեզ բավական է։ Լցնենք հրացանները։
Չորս ընկերները գործի անցան։
Նրանք վերջին հրացանն էին լցնում, երբ Գրիմոն նշանով հասկացրեց, որ սեղանը պատրաստ է։
Աթոսը հավանության նշան արավ և մատով ցույց տվեց պահակային աշտարակը, որտեղ, ինչպես Գրիմոն հասկացավ, նա պետք է պահակ կանգներ։
Եվ որպեսզի Գրիմոյի համար տխուր չլինի պահակակետում կանգնելը, Աթոսը նրան թույլատրեց իր հետ վերցնել հաց, երկու կոտլետ և մի շիշ գինի։
— Իսկ հիմա սեղան նստենք,— հրավիրեց Աթոսը։
Չորս ընկերները ծալապատիկ նստեցին գետնին, ինչպես նստում են թուրքերը կամ դերձակները։
— Դե՛, հիմա որ այլևս վախ չունեք, թե ձեզ կլսեն,— ասաց դ’Արտանյանը,— հուսով եմ, որ դուք մեզ հաղորդակից կանեք ձեր գաղտնիքին։
— Ես կարծում եմ, պարոննե՛ր, որ ձեզ և՛ բավականություն եմ պատճառում, և՛ փառք,— սկսեց Աթոսը։— Ես ձեզ ստիպեցի մի սքանչելի զբոսանք կատարել։ Ահա ձեզ համեղ նախաճաշ, ահա և այնտեղ, ինչպես ինքներդ էլ կարող եք տեսնել հրակնատների միջով, հինգ հարյուր մարդ հանդիսատեսներ, որոնք մեզ համարում են խելացնորներ կամ հերոսներ՝ հիմարների երկու կարգ, որոնք շատ նման են իրար։
— Լավ, իսկ գաղտնի՞քը,— հարցրեց դ’Արտանյանը։
— Իմ գաղտնիքն այն է,— պատասխանեց Աթոսը,— որ երեկ երեկոյան ես տեսա միլեդիին։
Այդ վայրկյանին դ’Արտանյանը բաժակը բերանն էր տանում, բայց միլեդիի անունը լսելիս նրա ձեռքն այնպես ուժեղ դողաց, որ նա ստիպված եղավ բաժակը գետնին դնել, որպեսզի գինին չթափվի։
— Դուք տեսաք ձեր...
— Սը՜սս,— ընդհատեց Աթոսը,— դուք մոռանում եք, սիրելի բարեկամս, որ այս պարոններին հայտնի չեն իմ ընտանեկան գործերը ինչպես ձեզ։ Այսպես ուրեմն, ես տեսա միլեդիին։
— Իսկ ո՞րտեղ,— հարցրեց դ’Արտանյանը։
— Այստեղից մոտավորապես երկու լյո հեռու, «Կարմիր Աղավնատուն» հյուրանոցում։
— Այդ դեպքում ես կորած եմ,— ասաց դ’Արտանյանը։
— Ո՛չ, դեռ այնքան էլ չէ,— առարկեց Աթոսը,— որովհետև հիմա նա հավանորեն արդեն հեռացել է Ֆրանսիայի ափերից։
Դ’Արտանյանը թեթևացած շունչ քաշեց։
— Վերջիվերջո ո՞վ է նա, այդ միլեդին,— հետաքրքրվեց Պորտոսը։
— Մի թովիչ կին,— պատասխանեց Աթոսը և կում արավ փրփրած գինին։— Սրիկա պանդոկապետ,— գոչեց նա,— շամպայնի փոխարեն անժույան գինի է խցկել մեր զամբյուղը և կարծում է, թե մեզ կարելի է խաբել... Այո,— շարունակեց նա,— մի թովիչ կին, որը շատ բարեհաճ վերաբերմունք է ունեցել դեպի մեր բարեկամ դ’Արտանյանը, բայց սա ինչ֊որ վատություն է արել նրան, և նա փորձել է վրեժ լուծել սրանից. մի ամիս առաջ մարդասպաններ է ուղարկել սրան սպանելու, մի շաբաթ առաջ փորձել է թունավորել, իսկ երեկ կարդինալից սրա գլուխը խնդրեց։
— Ինչպե՜ս, իմ գլո՞ւխը խնդրեց,— գոչեց դ’Արտանյանը վախից սփրթնելով։
— Այդ սուրբ ճշմարտություն է,— վրա բերեց Պորտոսը,— ես ինքս լսեցի իմ ականջներով։
— Ես նույնպես,— ասաց Արամիսը։
— Եթե այդպես է, անօգուտ բան է պայքարը շարունակել,— ասաց դ’Արտանյանը հուսահատությամբ ձեռքը ցած թողնելով։— Ավելի լավ է մի գնդակ արձակեմ ճակատիս և ամեն ինչին վերջ տամ։
— Դա վերջին հիմարությունն է, որին կարելի է դիմել,— ասաց Աթոսը,— չէ՞ որ դա միակ անուղղելի միջոցն է։
— Բայց ինձ համար անխուսափելի է կործանումը, քանի որ այդպիսի հզոր թշնամիներ ունեմ,— ասաց դ’Արտանյանը։— Նախ՝ Մենգի անծանոթը, ապա՝ դը Վարդը, որին ես սուսերի երեք հարված եմ հասցրել, հետո' միլեդին, որի գաղտնիքը ես պատահաբար բաց եմ արել և, վերջապես, կարդինալը, որին խանգարել եմ վրեժ լուծել։
— Է՛, շա՞տ են որ դրանք. ընդամենը չորս հոգի,— ասաց Աթոսը։— Մենք ևս չորս ենք. նշանակում է՝ մեկին մեկ... Գրողը տանի, Գրիմոյի տված նշաններից երևում է, որ հիմա մենք շատ ավելի մեծ թվով թշնամիների հետ պիտի գործ ունենանք... Ի՞նչ է պատահել, Գրիմn, նկատի ունենալով դրության լրջությունը՝ ես ձեզ թույլ եմ տալիս խոսել, բարեկամս, միայն թե խնդրում եմ շատախոս չլինել։ Ի՞նչ եք տեսնում դուք։
— Ջոկատ։
— Քանի՞ հոգի։
— Քսան։
— Ովքե՞ր են։
— Տասնվեց հող փորողներ և չորս զինվոր։
— Քանի՞ քայլ են հեռու այստեղից։
— Հինգ հարյուր։
— Լավ, մենք դեռ կարող ենք ուտել այս հավը և մի֊մի բաժակ խմել քո կենացը, դ’Արտանյան։
— Քո կենա՜ցը,— վրա բերին Պորտոսն ու Արամիսը։
— Է՛հ, թող այդպես լինի, իմ կենացը։ Միայն չեմ կարծում, թե ձեր ցանկությունները մեծ օգուտ կբերեն ինձ։
— Մի՛ վհատվիր,— ասաց Աթոսը։— Ալլահը մեծ է, ինչպես ասում են Մահմեդի հետևորդները, և ապագան նրա ձեռքում է։
Իր բաժակը ցամաքեցնելով և կողքին դնելով՝ Աթոսը ծուլորեն վեր կացավ, վերցրեց առաջին իսկ ձեռքն ընկած հրացանը և մոտեցավ հրակնատին։
Պորտոսը, Արամիսն ու դ’Արտանյանը հետևեցին նրա օրինակին, իսկ Գրիմոն հրաման ստացավ կանգնել չորս ընկերների հետևում և կրակած հրացանները նորից լցնել։
Քիչ անց՝ ջոկատը երևաց։ Նա քայլում էր խրամատի երկարությամբ, որը հաղորդակցության միակ ուղին էր բաստիոնի ու քաղաքի միջև։
— Գրողը տանի, արժե՞ր, որ մենք անհանգստանայինք բահերով, թիերով ու քլունգներով զինված մի երկու տասնյակ քաղաքացիների պատճառով,— ասաց Աթոսը։— Բավական էր, որ Գրիմոն նրանց նշան աներ, թե՛ հեռու կորեք, և ես համոզված եմ, որ նրանք մեզ հանգիստ կթողնեին։
— Կասկածում եմ,— ասաց դ’Արտանյանը։— Նրանք շատ վճռականորեն են քայլում մեր կողմը։ Բացի այդ, քաղաքացիներին ուղեկցում են հրացաններով զինված բրիգադիրը և չորս զինվոր։
— Այդ նրա համար են այդպես քաջ ձևանում, որովհետև դեռ մեզ չեն տեսել,— առարկեց Աթոսը։
— Խոստովանում եմ, ազնիվ խոսք, ես չէի ուզի կրակել այդ խեղճ քաղաքացիների վրա,— ասաց Արամիսը։
— Վատ է այն քահանան, որը խղճում է հերետիկոսներին,— ասաց Պորտոսը։
— Իսկապես, Արամիսն իրավացի է,— համաձայնեց Աթոսը,— հիմա ես կգնամ և կնախազգուշացնեմ նրանց։
— Ո՞ւր է տանում ձեզ սատանան,— փորձեց կանգնեցնել նրան դ’Արտանյանը։— Ձեզ կգնդակոծեն, բարեկամս։
Սակայն Աթոսը ոչ մի ուշադրություն չդարձրեց այդ նախազգուշացման վրա և բարձրացավ պատի մեջ բացված անցքը։ Մի ձեռքով հրացանը բռնած, մյուսով՝ գլխարկը, նա դիմեց զինվորներին և հող փորողներին, որոնք նրա անակնկալ լույս ընկնելուց զարմացած կանգ առան բաստիոնից մի հիսուն քայլ հեռավորության վրա։
— Պարոնա՛յք,— հարգալից ողջույնով ձայն տվեց Աթոսը,— ես և իմ մի քանի ընկերները հենց հիմա նախաճաշում ենք բաստիոնում։ Իսկ դուք ինքներդ գիտեք, ի՛նչը կարող է լինել ավելի անհաճո, քան երբ ձեզ անհանգստացնում են նախաճաշի ժամանակ։ Ուստի խնդրում ենք ձեզ, եթե դուք անպայման պիտի լինեք այստեղ, սպասել, մինչև մենք նախաճաշը վերջացնենք հետո գալ, և կամ, որ ամենից ավելի լավ կլինի, խելքի գալ, թողնել խռովարարներին և բարեհաճել մեզ հետ միասին ֆրանսիական թագավորի կենացը խմել։
— Զգուշացե՛ք, Աթոս,— գոռաց դ’Արտանյանը։— Մի՞թե չեք տեսնում, որ նշան են բռնում ձեզ։
— Տեսնում եմ, տեսնում,— պատասխանեց Աթոսը,— բայց այդ քաղքենիները շատ վատ կրակող են և չեն կարող ինձ գնդակ դիպցնել։
Իսկապես, հենց այդ րոպեին չորս կրակոց լսվեց, բայց գնդակները շրմփացին կողքի քարերին, ոչ մեկն Աթոսին չդիպավ։
Նույն վայրկյանին ի պատասխան որոտացին չորս կրակող, որոնք ավելի լավ էին ուղղված, քան հարձակվողների կրակոցները, երեք զինվոր ընկան սպանված, իսկ մեկ հող փորող վիրավորված էր։
— Գրիմո՛, տուր մյուս հրացանը,— հրամայեց Աթոսն առանց տեղից ցած իջնելու։
Գրիմոն իսկույն հրամանը կատարեց։ Աթոսի երեք ընկերները նորից լցրին հրացանները։ Առաջին համազարկին հետևեց երկրորդը. բրիգադիրը և երկու հող փորողները տեղն ու տեղն սպանվեցին, իսկ մյուսները փախուստի դիմեցին։
— Առա՜ջ, պարոննե՛ր, գրոհի,— գոչեց Աթոսը։
Չորս ընկերները դուրս նետվեցին բերդի պատերից, վազեցին մինչև կռվի դաշտը, վերցրին չորս հրացանն ու բրիգադիրի նիզակը, վստահ լինելով, որ փախստականները մինչև քաղաք հասնելն այլևս կանգ չեն առնի, ավարը վերցրած՝ վերադարձան բաստիոն։
— Լցրեք հրացանները, Գրիմո՛,— հրամայեց Աթոսը։— Իսկ մենք, պարոններ, վերսկսենք մեր նախաճաշը և շարունակենք մեր խոսակցությունը։ Ինչի՞ վրա կանգ առանք։
— Ես հիշում եմ,— ասաց դ’Արտանյանը, որը խիստ մտահոգված էր, թե ուր պետք է գնացած լինի միլեդին։— Դուք ասում էիք, որ միլեդին հեռացել է Ֆրանսիայի ափերից։
— Նա գնացել է Անգլիա,— լրացրեց Աթոսը։
— Իսկ ի՞նչ նպատակով։
— Նպատակ ունենալով սպանել Բեկինգհեմին կամ որևէ մարդասպան ուղարկել նրան սպանելու։
Դ’Արտանյանը զարմանքի և ցասումի ճիչ արձակեց։
— Ի՜նչ ստորություն,— գոչեց նա։
— Է՛, ինչ վերաբերում է նրան, հավատացեք, ես ամենևին չեմ անհանգստանում,— ասաց Աթոսը։— Հիմա, Գրիմո,— շարունակեց նա դառնալով իր ծառային,— քանի որ հրացաններն արդեն լցրել եք, վերցրեք բրիգադիրի նիզակը, անձեռոցիկը կապեցեք ծայրին և խրեցեք մեր բաստիոնի աշտարակի գլուխը, որպեսզի այդ խռովարար լարոշելցիներն իմանան, որ գործ ունեն թագավորի քաջ ու հավատարիմ զինվորների հետ։
Գրիմոն անտրտունջ հնազանդվեց։ Մի րոպե անց՝ մեր չորս ընկերների գլխավերևում ծածանվեց սպիտակ գրոշը։ Ծափահարությունների մի որոտ դիմավորեց նրանց. ճամբարի կեսը հավաքվել էր հողաթմբի վրա։
— Ինչպե՜ս,— նորից խոսեց դ’Արտանյանը,— մի՞թե ձեզ չի անհանգստացնում, որ նա կսպանի Բեկինգհեմին կամ մարդ կուղարկի սպանելու։ Չէ՞ որ դուքսը մեր բարեկամն է։
— Դուքսը անգլիացի է, դուքսը կռվում է մեր դեմ։ Թող նա ինչ ուզում է անի դքսին. դա ինձ այնքան քիչ է զբաղեցնում, որքան մի դատարկ շիշը։— Եվ Աթոսը մի կողմ շպրտեց շիշը, որի պարունակությունը հենց նոր մինչև վերջին կաթիլը լցրել էր իր բաժակը։
— Ո՛չ, սպասեք,— ասաց դ’Արտանյանը,— ես Բեկինգհեմին բախտի քմահաճույքին չեմ թողնի։ Նա մեզ հիանալի ձիեր նվիրեց։
— Իսկ գլխավորը՝ հիանալի թամբեր,— վրա բերեց Պորտոսը, որի թիկնոցի վրա այդ պահին փայլփլում էր իր թամբի տրեզը։
— Բացի այդ, աստված մեղավորի դարձն է ուզում և ոչ թե նրա մահը,ասաց Արամիսը։
— Ամմե՜ն,— եզրափակեց Աթոսը։— Մենք դրան կվերադառնանք հետո, եթե ձեզ հաճելի կլինի։ Իսկ այն ժամանակ ես ամենից ավելի մտահոգված էի, և վստահ եմ, որ դուք ինձ կհասկանաք, դ’Արտանյան, մտահոգված էի նրանով, որ այդ կնոջից խլեմ այն արտոնագիրը, որ նա պոկել էր կարդինալից և որի օգնությամբ ուզում էր անպատիժ կերպով ազատվել ձեզնից, գուցե և բոլոր չորսիցս։
— Այդ ի՛նչ է, դև՞ է նա, թե՛ ինչ,— վրդովվեց Պորտոսը իր պնակը մեկնելով Արամիսին, որը տապական էր կտրտում։
— Իսկ այդ թուղթը,— հարցրեց դ’Արտանյանը,— այդ արտոնագիրը մնաց նրա մո՞տ։
— Ո՛չ, այն անցավ իմ ձեռքը, բայց չեմ կարող ասել, թե այդ հեշտությամբ կատարվեց։
— Թանկագի՜ն Աթոս,— զգացված գոչեց դ’Արտանյանը,— ես արդեն հաշիվը կորցրել եմ, թե քանի անգամ իմ կյանքով պարտական եմ ձեզ։
— Ուրեմն դու մեզնից բաժանվեցիր, որպեսզի ներկայանաս նրա՞ն,— հարցրեց Արամիսը։
— Ճիշտ այդպես։
— Եվ կարդինալի տված թուղթը ձեզ մո՞տ է,— հարցրեց դ’Արտանյանը։
— Ահա այն,— պատասխանեց Աթոսը և իր թիկնոցի գրպանից հանեց թանկագին թուղթը։
Դ’Արտանյանը դողդոջուն ձեռքերով բացեց այն, նույնիսկ չփորձելով թաքցնել իրեն բռնած դողը, և կարդաց.
«Այն, ինչ արել է սույնը ներկայացնողը, արել է իմ հրամանով և պետության բարօրության համար։ ։։։։։։։։։։5 դեկտեմբերի 1628թ. Ռիշելիե»։
— Այո, իսկապես որ,— ասաց Արամիսը,— այդ մեղքերի թողություն է բոլոր կանոններով։
— Հարկավոր է պատառոտել այս թուղթը,— ասաց դ’Արտանյանը, որին թվում էր, թե իր մահվան դատավճիռն է կարդում։
— Ո՛չ, ընդհակառակն, հարկավոր է աչքի լույսի պես պահել այն,— առարկեց Աթոսը։— Ես այս թուղթը ոչ ոքի չեմ տա, թեկուզ ոսկու մեջ թաղեն ինձ։
— Իսկ ի՞նչ կանի հիմա միլեդին,— հարցրեց երիտասարդը։
— Նա երևի կգրի կարդինալին,— անփույթ տոնով պատասխանեց Աթոսը,— որ մի անիծյալ հրացանակիր, Աթոս անունով, խլել է իրենից արտոնագիրը։ Այդ նույն նամակում նա կարդինալին խորհուրդ կտա ազատվել նաև այդ հրացանակրի երկու ընկերներից՝ Պորտոսից ու Արամիսից։ Կարդինալը կհիշի, որ դրանք հենց այն մարդիկն են, որոնց ինքը միշտ հանդիպում է իր ճանապարհին, և ահա մի գեղեցիկ օր նա կհրամայի ձերբակալել դ’Արտանյանին, և որպեսզի նա մենակ չտխրի, մեզ էլ կուղարկի Բաստիլ նրան ընկերություն անելու։
— Դու ինչ֊որ մռայլ կատակ ես անում, սիրելի բարեկամ,— ասաց Պորտոսը։
— Ես ամենևին կատակ չեմ անում,— ասաց Աթոսը։
— Բայց դու գիտե՞ս,— ասաց Պորտոսը,— այդ նզովյալ միլեդիի վիզը ոլորելը ավելի քիչ մեղք է, քան այս խեղճ հուգենոտներին սպանելը, որոնց հանցանքը միայն այն է, որ նրանք ֆրանսերեն են երգում նույն սաղմոսները, ինչ մենք երգում ենք լատիներեն։
— Ի՞նչ կասի դրա մասին մեր աբբատը,— հանգիստ հարցրեց Աթոսը։
— Կասեմ, որ բաժանում եմ Պորտոսի կարծիքը,— պատասխանեց Արամիսը։
— Ես՝ առավել ևս,— ասաց դ’Արտանյանը։
— Բարեբախտաբար հիմա նա հեռու է,— շարունակեց Պորտոսը։— Խոստովանում եմ, նա ինձ շատ պիտի նեղեր, եթե այստեղ լիներ։
— Անգլիայում լինելով էլ նա ինձ նեղում է այնպես, ինչպես եթե Ֆրանսիայում լիներ,— ասաց Աթոսը։
— Նա ինձ նեղում է ամենուրեք,— եզրակացրեց դ’Արտանյանը։
— Բայց քանի որ նա քո ձեռքն էր ընկել, ինչո՞ւ դու նրան չխեղդեցիր, ինչո՞ւ չկախեցիր,— հարցրեց Պորտոսը։— Չէ՞ որ միայն մեռելներն են, որ չեն վերադառնում։
— Դուք այդպե՞ս եք կարծում,— պատասխանեց Աթոսը մռայլ ժպիտով, որի նշանակությունը հասկանալի էր միայն դ’Արտանյանին։
— Իմ մեջ մի լավ միտք ծագեց,— հայտարարեց դ’Արտանյանը։
— Ասացեք,— վրա բերին հրացանակիրները։
— Ի զե՜ն,— գոչեց Գրիմոն։
Երիտասարդները վեր թռան ու վերցրին հրացանները։
Այս անգամ մոտենում էր քսան թե քսանհինգ մարդուց բաղկացած մի փոքրիկ ջոկատ, բայց արդեն հող փորողներ չէին, այլ կայազորի զինվորներ։
— Չվերադառնա՞նք արդյոք ճամբար,— առաջարկեց Պորտոսը,— կարծում եմ՝ մեր ուժերը հավասար չեն։
— Այդ անկարելի է երեք պատճառով,— պատասխանեց Աթոսը։— Առաջինն այն է, որ մենք նախաճաշը չենք վերջացրել, երկրորդը՝ որ դեռ մենք կարևոր բաների մասին պիտի խոսենք և երրորդ պատճառն այն է, որ դեռ տասը րոպե կա նշանակված ժամից։
— Բայց անհրաժեշտ է կռվի պլան կազմել,— ասաց Արամիսը։
— Պլանը շատ պարզ է,— ասաց Աթոսը։— Հենց որ թշնամին մի կրակոցի հեռավորության վրա լինի, մենք կրակ կբացենք։ Եթե նա շարունակի հարձակվել, մենք նորից կկրակենք և այդպես այնքան կշարունակենք, քանի դեռ հրացանները լցնելու բան կա։ Եթե ողջ մնացածները շարունակեն գրոհել, կթողնենք, որ իջնեն փոսը, և նրանց գլխին շուռ կտանք այն պատի բեկորը, որը մի հրաշքով կանգուն է մնացել։
— Կեցցե՛ս,— գոչեց Պորտոսը։— Դու իսկ և իսկ զորավար լինելու համար ես ծնվել, Աթոս, և կարդինալը, թեկուզ և նա իրեն զինվորական հանճար է կարծում, ոչինչ է քո համեմատությամբ։
— Պարոննե՛ր, խնդրում եմ երկուսով մեկ նշանի չկրակեք,— նախազգուշացրեց Աթոսը։— Թող յուրաքանչյուրը ճիշտ նշան բռնի մեկ հակառակորդի վրա։
— Ես նշան եմ բռնել իմ դիմացինին,— ասաց դ’Արտանյանը։
— Ես էլ իմին,— ասաց Պորտոսը։
— Ես idem<ref>Նույնպես (լատ.)։</ref>,— արձագանքեց Արամիսը։
— Կրա՜կ,— հրաման տվեց Աթոսը։
Չորս կրակոցը միաձուլվեցին իրար, և չորս զինվոր ցած ընկան։
Իսկույն թմբուկը խփեցին, և ջոկատը սկսեց գրոհել վազքով։
Կրակոցները հաջորդում էին իրար, բոլորն էլ նույնքան դիպուկ։ Բայց լարոշելցիները, ասես իմանալով մեր բարեկամների սակավաթիվ լինելը, արդեն ցրիվ շարքով շարունակում էին առաջ շարժվել։
Երեք կրակոցից էլի երկու մարդ ընկան, բայց և այնպես ողջ մնացածները քայլերը չէին դանդաղեցնում։
Մինչև Բաստիոն հասան տասներկու թե տասնհինգ մարդ։ Վերջին համազարկը դիմավորեց նրանց, սակայն այդ էլ չկանգնեցրեց. նրանք պառկեցին փոսի մեջ և արդեն ուզում էին անցքի միջով ներս խցկվել։
— Դե՛հ, բարեկամնե՛րս,— ասաց Աթոսը,— մեկ հարվածով վերջ տանք սրանց. դեպի պա՜տը։
Չորս ընկերները Գրիմոյի հետ միասին սկսեցին հրացանների փողերով հրել խարխլված պատի մի մեծ կտոր, որը հազիվ կանգուն էր մնացել։ Պատը թեքվեց և իր հիմքից անջատվելով՝ խլացուցիչ դղրդոցով ընկավ փոսը։ Մի զարհուրելի ճիչ լսվեց, փոշու ամպ բարձրացավ երկինք և ամեն ինչ վերջացավ։
— Դե՛հ, ինչպե՞ս, բոլորի՞ն ճզմեցինք,— հարցրեց Աթոսը։
— Այո, ազնիվ խոսք, կարծես բոլորին,— ասաց դ’Արտանյանը։
— Ո՛չ,— ասաց Պորտոսը,— ահա երկու թե երեք հոգի փախչում են վիրավորված։
Իսկապես, այդ թշվառականներից երեք֊չորս հոգի արնաշաղախ ու վիրավոր հաղորդանցքով փախչում էին դեպի քաղաք։ Դա էր մնացել ուղարկված ջոկատից։
Աթոսը նայեց ժամացույցին։
— Պարոննե՛ր,— ասաց նա,— արդեն մի ժամ է, ինչ մենք այստեղ ենք. և արդեն գրազը տարել ենք։ Բայց պետք է լավ խաղացողներ լինել, բացի այդ, դ’Արտանյանը դեռ իր միտքը չի հայտնել մեզ։
Եվ հրացանակիրն իրեն հատուկ սառնասրտությամբ նստեց նախաճաշը վերջացնելու։
— Իմ մի՞տքը,— հարցրեց դ’Արտանյանը։
— Այո, դուք ասում էիք, որ մի լավ բան եք մտածել,— պատասխանեց Աթոսը։
— Ախ, ճիշտ որ, հիշեցի, ես երկրորդ անգամ կգնամ Անգլիա և կներկայանամ Բեկինգհեմին։
— Դուք այդ չե՛ք անի, դ’Արտանյան,— սառն ասաց Աթոսը։
— Ինչո՞ւ։ Չէ՞ որ արդեն մի անգամ ես եղել եմ այնտեղ։
— Այո, բայց այն ժամանակ պատերազմ չկար, այն ժամանակ Բեկինգհեմը մեր դաշնակիցն էր, ոչ թե թշնամին։ Այն, ինչ դուք ուզում եք անել, դավաճանություն կհամարեն։
Դ’Արտանյանը հասկացավ, որ այդ առարկությունը համոզիչ է և լռեց։
— Կարծեմ ես մի լավ բան եմ մտածել,— ասաց Պորտոսը։
— Լսենք ինչ է մտածել Պորտոսը,— առաջարկեց Արամիսը։
— Ես պարոն դը Տրևիլից արձակուրդ կխնդրեմ մի որևէ պատրվակով, որ կհնարեք դուք, ես այդպիսի բաների վարպետ չեմ։ Միլեդին ինձ չի ճանաչում, և ես կարող եմ առանց կասկած հարուցելու մտնել նրա մոտ։ Իսկ երբ այդ գեղեցկուհուն գտա, իսկույն կխեղդեմ։
— Դե՜հ, ի՛նչ կա որ... գուցեև ես կհամաձայնեմ Պորտոսի առաջարկությունն ընդունելու,— ասաց Աթոսը։
— Ֆո՛ւ, սպանել մի կնո՜ջ,— դժգոհեց Արամիսը։— Ո՛չ, ա՛յ, իմ գլխում ամենաճիշտ միտքը ծագեց։
— Ասացե՛ք, Արամիս, ի՞նչ միտք ծագեց ձեր գլխում,— հարցրեց Աթոսը, որ մեծ հարգանք էր տածում երիտասարդ հրացանակրին։
— Հարկավոր է թագուհուն նախազգուշացնել։
— Ա՜խ , իսկապես որ,— բացականչեցին Պորտոսն ու դ’Արտանյանը և վերջինս ավելացրեց.— Իմ կարծիքով մենք գտել ենք ճիշտ միջոցը։
— Նախազգուշացնել թագուհո՜ւն,— կրկնեց Աթոսը։— Իսկ ինչպե՞ս կարող ենք անել այդ։ Մի՞թե մենք կապեր ունենք արքունիքում։ Մի՞թե մենք կարող ենք որևէ մեկին ուղարկել Փարիզ, այնպես, որ այդ հայտնի չդառնա ամբողջ ճամբարին։ Այստեղից Փարիզ հարյուր քառասուն լյո ճանապարհ է. դեռ մեր նամակը Անժեր չհասած՝ մեզ արդեն բանտ կնստեցնեն։
— Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես վստահելի ճանապարհով նամակը հասցնել նորին մեծություն թագուհուն, այդ ես ինձ վրա եմ վերցնում,— կարմրելով ասաց Արամիսը։— Ես Տուրում ճանաչում եմ մի շատ ճարպիկ տիկնոջ։
Արամիսը Աթոսի դեմքին ժպիտ նկատելով լռեց։
— Ա՜յ քեզ բան, դուք դե՞մ եք այս առաջարկությանը, Աթոս,— զարմացավ դ’Արտանյանը։
— Ես բոլորովին չեմ մերժում այն,— պատասխանեց Աթոսը,— միայն ուզում էի Արամիսին ասել, որ նա ճամբարը թողնել չի կարող, իսկ մենք բացի մեզնից ուրիշ ոչ ոքի վրա հույս դնել չենք կսրող. մեր սուրհանդակի մեկնելուց հետո երկու ժամ չանցած՝ բոլոր կապուցինները, բոլոր լրտեսները, կարդինալի բոլոր արբանյակները անգիր կիմանան ձեր նամակը և այն ժամանակ կձերբակալեն ձե՛զ էլ ձեր ճարպիկ տիկնոջն էլ։
— Էլ չխոսենք նրա մասին,— ավելացրեց Պորտոսը,— որ թագուհին Բեկինգհեմին կփրկի, բայց մեզ չի փրկի։
— Պարոննե՛ր, այն, ինչ ասաց Պորտոսը, զուրկ չէ առողջ դատողությունից,— հաստատեց դ’Արտանյանը։
— Օհո՜, այն ի՞նչ է կատարվում քաղաքում,— հարցրեց Աթոսը։
— Տագնապի ազդանշան են տալիս։
Ընկերները ականջ դրին, իսկապես թմբկահարության ձայնը նրանց էր հասնում։
— Այ, կտեսնեք, նրանք մի ամբողջ գունդ կուղարկեն մեր դեմ,— ասաց Աթոսը։
— Ի՞նչ է, մտադիր եք ամբողջ գնդի դե՞մ կանգնել,— հարցրեց Պորտոսը։
— Ինչո՞ւ չէ,— պատասխանեց հրացանակիրը,— ես ինձ շատ լավ եմ զգում, և մի ամբողջ բանակի դեմ կկանգնեի, եթե միայն մենք էլի մի դյուժին շշերի պաշար լինեինք վերցրած։
— Ազնիվ խոսք, թմբկահարության ձայնը մոտենում է,— նախազգուշացրեց դ’Արտանյանը։
— Թող մոտենա,— ասաց Աթոսը,— այս տեղից մինչև քաղաք քառորդ ժամից ավելի ճանապարհ է, հետևապես՝ քաղաքից այստեղ էլ նույնքան ժամանակ հարկավոր կլինի։ Այդքան ժամանակ մեզ բավական է մի որևէ որոշում ընդունելու համար։ Եթե մենք այստեղից գնանք, այլևս ոչ մի տեղ խոսակցության համար այսպիսի հարմար տեղ չենք գտնի։ Եվ գիտե՞ք, պարոններ, հենց հիմա իմ գլխում մի հիանալի միտք ծագեց։
— Դե ասացեք։
— Թույլ տվեք նախ անհրաժեշտ կարգադրություններ անել Գրիմոին։
Աթոսը ձեռքի նշանով մոտ կանչեց իր սպասավորին և բաստիոնում ընկած մեռելները ցույց տալով հրամայեց.
— Գրիմո, վերցրեք այս պարոններին, դեմ տվեք պատին, գլխներին գլխարկներ դրեք և հրացանները տվեք ձեռքները։
— Օ՜, մեծ մարդ,— գոչեց դ’Արտանյանը,— ես ձեզ հասկանում եմ։
— Դուք հասկանո՞ւմ եք,— հարցրեց Պորտոսը։
— Իսկ դո՞ւ, Գրիմո, հասկանո՞ւմ ես,— հարցրեց Արամիսը։
Գրիմոն դրական նշան արեց։
— Այդ է այն ամենը, ինչ պահանջվում է,— եզրակացրեց Աթոսը։— Վերադառնանք իմ մտքին։
— Բայց ես շատ կուզենայի իմանալ, թե սրա էությունն ինչ է,— շարունակեց պնդել Պորտոսը։
— Դրա կարիքը չկա։
— Այո՛, այո՛, լսենք Աթոսին,— միաբերան ասացին դ’Արտանյանը և Արամիսը։
— Այդ միլեդին, այդ կինը, այդ նողկալի արարածը, այդ դևը, ինչպես կարծեմ դուք ասում էիք, դ’Արտանյան, մի տեգր ունի։
— Այո, ես նույնիսկ լավ եմ ճանաչում նրան և կարծում եմ, որ նա այնքան էլ լավ չի տրամադրված դեպի իր հարսը։
— Դա վատ չէ,— ասաց Աթոսը,— իսկ եթե ատեր նրան, ավելի լավ կլիներ։
— Այդ դեպքում հանգամանքները միանգամայն համապատասխանում են մեր ցանկություններին։
— Բայց ես շատ կուզենայի հասկանալ, թե ինչ է անում Գրիմոն,— կրկնեց Պորտոսը։
— Լռեցեք, Պորտո՛ս,— ընդհատեց նրան Արամիսը։
— Ի՞նչ է նրա տեգոր անունը։
— Լորդ Վինտեր։
— Որտե՞ղ է հիմա նա։
— Հենց պատերազմի լուրը տարածվեց, նա վերադարձավ Լոնդոն։
— Հենց այդպիսի մարդ էլ հարկավոր է մեզ,— շարունակեց Աթոսը։— Հենց նրան է, որ պետք է նախազգուշացնել։ Մենք նրան իմաց կտանք, որ իր հարսը պատրաստվում է մեկին սպանել, և կխնդրենք աչքից բաց չթողնել նրան։ Հույս ունեմ, որ Լոնդոնում կա մի որևէ ուղղիչ հիմնարկություն, ինչպիսին է սուրբ Մագթաղինացու ապաստանը կամ ապաշխարող անառակների տունը։ Նա կհրամայի այնտեղ պահել իր հարսին, և ահա այն ժամանակ մենք կարող ենք հանգիստ լինել։
— Այո,— համաձայնեց դ’Արտանյանը,— այնքան ժամանակ, քանի դեռ նա այնտեղից դուրս չի պրծել։
— Դուք, իսկապես, խիստ շատ բան եք պահանջում, դ’Արտանյան,— ասաց Աթոսը,— ես ձեզ ասացի այն ամենը, ինչ կարողացել էի մտածել. այլևս ուրիշ միտք չունեմ, այդպես էլ իմացեք։
— Իսկ ես գտնում եմ,— իր կարծիքն ասաց Արամիսը,— որ ամենից լավն այն կլինի, եթե մենք տեղեկացնենք և՛ թագուհուն, և՛ լորդ Վինտերին։
— Այո, բայց մենք նամակներն ո՞ւմ հետ կուղարկենք Տուր և Լոնդոն։
— Ես Բազենի համար երաշխավորում եմ,— ասաց Արամիսը։
— Իսկ ես՝ Պլանշեի,— հայտարարեց դ’Արտանյանը։
— Իսկապես,— վրա բերեց Պորտոսը,— եթե մենք չենք կարող ճամբարը թողնել, ապա մեր ծառաներին այդ չի արգելվում։
— Միանգամայն ճիշտ է,— հաստատեց Արամիսը,— և հենց այսօր մենք նամակներ կգրենք, փող կտանք նրանց, և նրանք ճանապարհ կընկնեն։
— Փող կտաք նրա՞նց,— հարցրեց Աթոսը,— բայց մի՞թե դուք փող ունեք։
Չորս ընկերներն իրար նայեցին, և նրանց դեմքերը, որ սկսել էին պայծառանալ, նորից մռայլվեցին։
— Նայեցեք,— ձայն տվեց դ’Արտանյանը,— ես սև ու կարմիր կետեր եմ տեսնում, ահա, շարժվում են։ Իսկ դուք, Աթոս, գնդի մասին էիք խոսում, բայց դա մի ամբողջ բանակ է։
— Այո, դուք իրավացի եք։ Ահա նրանք,— ասաց Աթոսը։— Ինչպես են դուր գալիս ձեզ այդ խորամանկները. գաղտագողի են գալիս, ո՛չ թմբուկ են զարկում, ո՛չ փող են փչում։ Իսկ դու արդեն վերջացրե՞լ ես, Գրիմո։
Գրիմոն դրական նշան արեց և ցույց տվեց մի դյուժին դիակներ, որոնց նա կանգնեցրել էր պատի երկարությամբ, ամենագեղեցիկ դիրքերով. ոմանք կանգնած էին հրացաններն ուսերին, ուրիշներն ասես նշան էին բռնում, իսկ ոմանք էլ մերկացրած սուսեր էին բռնել ձեռքներին։
— Կեցցե՛ս,— հավանություն տվեց Աթոսը,— ա՛յ, սա պատիվ է բերում քո երևակայությանը։
— Բայց և այնպես,— նորից սկսեց Պորտոսը,— ես շատ կուզենայի իմանալ, թե սա ինչի՛ համար է։
— Նախ եկեք գնանք այստեղից,— առաջարկեց դ’Արտանյանը,— իսկ հետո դու կհասկանաս։
— Սպասեցեք, պարոննե՛ր, սպասեցեք մի րոպե։ Ժամանակ տանք Գրիմոյին, որ սեղանը հավաքի։
— Օհո՜,— գոչեց Արամիսը։— Սև ու կարմիր կետերը նկատելիորեն մեծանում են, և ես միանում եմ դ’Արտանյանի կարծիքին. ինձ թվում է, մենք չպետք է ժամանակ կորցնենք, այլ հարկավոր է շուտ վերադառնալ ճամբար։
— Այո, հիմա ես էլ նահանջելու դեմ ոչինչ չունեմ,— ասաց Աթոսը։— Մենք գրազ էինք եկել մեկ ժամով, բայց արդեն մեկ ու կես ժամ է այստեղ ենք։ Հիմա արդեն ոչ ոք մեզ ոչինչ ասել չի կարող։ Գնա՛նք պարոննե՛ր, գնա՛նք։
Գրիմոն արդեն նախաճաշի մնացորդները զամբյուղն էր լցրել, ձեռքն առել ու առաջ էր վազում։
Չորս ընկերները դուրս եկան նրա հետևից և արդեն մի տասը քայլ էին արել, երբ հանկարծ Աթոսը գոչեց.
— Է՛, գրողը տանի, այս ի՞նչ ենք անում մենք, պարոննե՛ր։
— Որևէ բա՞ն ես մոռացել,— հարցրեց Արամիսը։
— Իսկ դրո՞շը։ Գրողը տանի, չի՛ կարելի դրոշը թշնամուն թողնել, եթե նույնիսկ դա սովորական անձեռոցիկ է։
Աթոսը նետվեց բաստիոն, բարձրացավ աշտարակ և դրոշը վերցրեց, բայց որովհետև լարոշելցիներն արդեն մոտեցել էին կրակոցի հեռավորության չափ, մահացու կրակ բաց արին այն մարդու վրա, որն ասես զվարճության համար իրեն գնդակների տակ էր դրել։
Բայց Աթոսը կարծես կախարդված լիներ, գնդակները սուլելով անցնում էին կողքով, և ոչ մեկը չդիպավ նրան։
Աթոսը թիկունքը դարձրեց քաղաքի պաշտպանների կողմը և դրոշը թափահարելով ողջունեց ճամբարի պաշտպաններին։ Երկու կողմերից բարձր աղաղակներ լսվեցին. մի կողմից կատաղության ճիչեր, մյուս կողմից՝ ցնծության։
Առաջին համազարկին հաջորդեց երկրորդը, և երեք գնդակ անձեռոցիկը ծակծկելով իսկական դրոշ դարձրին այն։
Ամբողջ ճամբարը գոռում էր.
— Իջե՜ք, իջե՜ք։
Աթոսը ցած իջավ։ Անհանգիստ սպասող ընկերները ուրախուրախ դիմավորեցին նրան։
— Գնա՛նք, Աթո՛ս, գնա՛նք,— շտապեցնում էր դ’Արտանյանը,— արագացնենք մեր քայլերը։ Հիմա, երբ արդեն մենք ամեն բան մտածել ու որոշել ենք, բացի նրանից, թե որտեղից պիտի դրամ գտնենք, հիմար բան կլիներ, եթե մեզ սպանեին։
Բայց Աթոսը շարունակում էր գնալ հանդիսավոր քայլով, չարձագանքելով ընկերների հորդորանքներին, և սրանք, տեսնելով, որ համոզելն ավելորդ է, իրենք էլ իրենց քայլերը հարմարեցրին նրան։
Գրիմոն ու իր զամբյուղը շատ էին առաջ անցել, և արդեն գնդակները նրանց հասնել չէին կարող։
Մի րոպե անց՝ կատաղի կրակոցներ լսվեցին։
— Այս ի՞նչ է նշանակում, n՞ւմ վրա են կրակում նրանք,— զարմացավ Պորտոսը։— Ես պատասխան կրակոցի սուլոցներ չեմ լսում և այնտեղ մարդ չեմ տեսնում։
— Նրանք կրակում են մեր մեռելների վրա,— բացատրեց Աթոսը։
— Բայց մեր մեռելները նրանց չեն պատասխանի։
— Հենց բանն էլ այդ է։ Այն ժամանակ նրանք կմտածեն, թե իրենց համար դարան է սարքված, կսկսեն խորհրդակցել, բանագնաց կուղարկեն, իսկ երբ, վերջապես, կհասկանան, թե ինչ է սարքված, արդեն մեզ վրա կրակել չեն կարող։ Ահա թե ինչու կարիք չկա շտապելու և կողի ծակոց վաստակելու։
— Ա՜, հիմա ես հասկանում եմ,— հիացմունքով ասաց Պորտոսը։
— Դե՛հ, փառք աստծո,— ասաց Աթոսը ուսերը թոթվելով։
Ֆրանսիացիները տեսնելով, որ չորս ընկերները մոտենում են հանդարտ քայլերով, ցնծագին աղաղակեցին։
Նորից կրակոցներ ճայթեցին, բայց այս անգամ գնդակները սկսեցին շրմփալ մեր բարեկամների կողքի քարերին և չարագույժ սուլել նրանց ականջներում։ Վերջապես լարոշելցիները բաստիոնը գրավեցին։
— Շատ վատ կրակողներ են,— ասաց Աթոսը։— Նրանցից քանիսի՞ն պառկեցրինք մենք, մեկ դյուժին։
— Եթե ոչ տասնհինգ։
— Իսկ քանիսի՞ն ճզմեցինք։
— Ութ կամ տասը հոգի։
— Եվ փոխարենը՝ ոչ մի չանգռվա՞ծք։ Բայց ոչ... Այս ի՞նչ է ձեր ձեռքը, դ’Արտանյան։ Արյո՞ւն։
— Դատարկ բան է,— պատասխանեց դ’Արտանյանը։
— Մոլորված գնդա՞կ է դիպել։
— Գնդակ էլ չի։
— Ի՞նչ է ուրեմն։
Մենք արդեն ասել ենք, որ Աթոսը դ’Արտանյանին սիրում էր որպես հարազատ որդու, այդ մռայլ, խստաբարո մարդը երբեմն զուտ հայրական հոգատարություն էր ցուցաբերում պատանու նկատմամբ։
— Չանգռվածք է,— բացատրեց դ’Արտանյանը։— Մատս ճզմվեց պատի քարի տակ և մատանու աչքը մաշկս չանգռեց։
— Ահա թե ինչ է նշանակում ադամանդ կրել, ողորմած պարոն,— արհամարհական տոնով նկատեց Աթոսը։
— Ա՜խ, ճիշտ որ, մատանու աչքն ադամանդ է,— գոչեց Պորտոսը։— Էլ ինչո՞ւ եք գանգատվում, թե փող չունենք, գրողը տանի։
— Այո, ճիշտ որ,— վրա բերեց Արամիսը։
— Բրա՛վո, Պորտո՛ս, այս անգամ իսկապես լավ միտք եկավ գլուխդ։
— Իհարկե,— ասաց Պորտոսը Աթոսի գովասանքից հպարտացած,— քանի որ կա ադամանդ, ուրեմն կարելի է այն ծախել։
— Բայց սա թագուհու ընծան է,— առարկեց դ’Արտանյանը։
— Ուրեմն՝ ավելի մեծ հիմք կա գործի գնելու այն,— ասաց Աթոսը,— որ թագուհու ընծան կփրկի նրա սիրեցյալին՝ Բեկինգհեմին, այդ միանգամայն արդարացի բան կլինի, իսկ որ այն կփրկի մեզ նրա բարեկամներին, միանգամայն բարոյական բան կլինի, ուստի և ադամանդը կծախենք։ Ի՞նչ է կարծում սրա մասին պարոն աբբատը։ Պորտոսի կարծիքը չեմ հարցնում, այն արդեն հայտնի է։
— Ես կարծում եմ,— կարմրատակելով ասաց Արամիսը,— քանի որ այդ մատանին սիրածից չի ստացվել, հետևապես սիրո գրավական չէ, դ’Արտանյանը կարող է ծախել այն։
— Սիրելի բարեկամս, դուք խոսում եք որպես բարեպաշտության մարմնացում։ Ուրեմն ձեր կարծիքով...
— ... պետք է ադամանդը ծախել,— պատասխանեց Արամիսը։
— Դե՛հ, լա՛վ,— ուրախ համաձայնեց դ’Արտանյանը։— Ադամանդը կծախենք, և այլևս դրա մասին չարժե խոսել։
Կրակոցները շարունակվում էին, բայց մեր բարեկամներն արդեն այնքան էին հեռու, որ գնդակները նրանց չէին հասնի, և լարոշելցիները կրակում էին միայն սրտները հովացնելու համար։
— Ճիշտ որ, լավ ժամանակին այդ միտքը ծագեց Պորտոսի գլխում, ահա մենք տեղ հասանք։ Ուրեմն, պարոններ, այլևս ոչ մի խոսք այս ամենի մասին։ Ահա նայում են մեզ, գալիս են մեզ ընդառաջ և հանդիսավոր ընդունելություն կսարքեն։
Իսկապես, ինչպես ասացինք, ամբողջ ճամբարը հուզված էր, ավելի քան երկու հազար մարդ ասես ներկայացման հանդիսատեսներ լինեին և դիտում էին չորս ընկերների հաջողությամբ ավարտված համարձակ ելույթը։ Այդ ելույթի իսկական դրդապատճառը, իհարկե, ոչ ոք չգիտեր։
Ճամբարի գլխին ողջույնների դժժոց էր կանգնած։
— Կեցցե՜ն գվարդիականները։ Կեցցե՜ն հրացանակիրները։
Պարոն դը Բյուզինյին առաջինը մոտեցավ, սեղմեց Աթոսի ձեռքը և խոստովանեց, որ գրազը տանուլ է տվել։ Դը Բյուզինյիից հետո մոտեցան դրագունն ու շվեյցարացին, իսկ նրանցից հետո էլ առաջ նետվեցին նրանց բոլոր ընկերները։ Շնորհավորանքներին, գրկախառնություններին, ողջույններին և լարոշելցիների հասցեին ուղղված անսպառ ծաղրին ու կատակներին վերջ չկար։ Այնպիսի աղմուկ բարձրացավ, որ կարդինալը կարծեց, թե խռովություն է սկսվել և իր գվարդիայի կապիտան Լա Ուդինիերին ուղարկեց իմանալու, թե ինչ է պատահել ճամբարում։
Ամբողջ պատահածը նրան պատմեցին ամենացնծագին արտահայտություններով։
— Ի՞նչ է պատահել,— հարցրեց կարդինալը, երբ Լա Ուդինիերը վերադարձավ։
— Բանն այն է, ձերդ պայծառափայլություն, որ երեք հրացանակիր ու մի գվարդիական գրազ են եկել պարոն դը Բյուզինյիի հետ, թե իրենք նախաճաշ կանեն Սեն Ժերվե բաստիոնում, և այդ նախաճաշի ժամանակ երկու ժամ դիմացել են թշնամու հարձակումներին և ինչքա՜ն լարոշելցիներ են սպանել։
— Դուք իմացա՞ք այդ հրացանակիրների անունները։
— Այո, ձերդ պայծառափայլություն։
— Ասացեք։
— Դրանք են պարոններ Աթոսը, Պորտոսը և Արամիսը։
— Էլի նույն երեք քաջերը,— ինքն իրեն ասաց կարդինալը։— Իսկ գվարդիականը։
— Պարոն դ’Արտանյանը։
— Դարձյալ նույն խորամանկ պատանին։ Ուղղակի անհրաժեշտ է, որ այդ չորս ընկերներն ինձ մոտ անցնեն ծառայության։
Երեկոյան կարդինալը պարոն դը Տրևիլի հետ զրուցելիս շոշափեց առավոտյան այդ քաջագործությունը, որն ամբողջ ճամբարում խոսակցության նյութ էր դարձել։ Պարոն դը Տրևիլը այդ արկածի մասին լսած լինելով հենց մասնակիցների բերանից, ամենայն մանրամասնությամբ պատմեց այն նորին սրբազնությանը, չմոռանալով նաև անձեռոցիկի էպիզոդը։
— Հիանալի է, պարոն դը Տրևիլ,— ասաց կարդինալը,— ուղարկեցեք ինձ, խնդրում եմ, այդ անձեռոցիկը, ես կհրամայեմ երեք ոսկեթել շուշան ասեղնագործել նրա վրա և այն որպես դրոշակ կհանձնեմ ձեր հրացանակիրներին։
— Ձերդ սրբազնություն, այդ անարդարություն կլինի գվարդիականների նկատմամբ,— առարկեց պարոն դը Տրևիլը,— չէ՞ որ դ’Արտանյանը իմ հրամանատարության ներքո չէ, այլ Դեզեսարի։
— Դե նրան վերցրեք ձեզ մոտ,— առաջարկեց կարդինալը։— Քանի որ այդ չորս քաջերն այդպես սիրում են իրար, արդարացի կլինի, որ միասին էլ ծառայեն։
Նույն երեկոյան պարոն դը Տրևիլը այդ հաճելի նորությունը հայտնեց երեք հրացանակիրներին ու դ’Արտանյանին և չորսին էլ հաջորդ օրը նախաճաշի հրավիրեց իր մոտ։
Դ’Արտանյանի ուրախությանը չափ չկար։ Ինչպես հայտնի է, նրա բաղձանքն էր հրացանակիր դառնալ։
Նրա երեք ընկերները նույնպես շատ էին ուրախացել։
— Ազնիվ խոսք, դու փայլուն մտքի տեր ես եղել,— ասաց դ’Արտանյանը Աթոսին,— և իրավացի էիր, մենք այնտեղ փառք ձեռք բերինք և միաժամանակ շատ կարևոր խոսակցություն ունեցանք...
— ... որը հիմա կարող ենք շարունակել առանց որևէ կասկած հարուցելու, չէ՞ որ այսուհետև մենք աստծո զորությամբ կարդինալիստի համբավ կունենանք։
Նույն երեկոյան դ’Արտանյանը գնաց պարոն Դեզեսարի մոտ՝ նրան իր հարգանքը մատուցելու և հայտնելու կարդինալի ցույց տված ողորմածությունը։
Երբ Դեզեսարը, որը շատ էր սիրում դ’Արտանյանին, այդ իմացավ, երիտասարդին իր օժանդակությունն առաջարկեց, ուրիշ գունդ փոխադրվելը մեծ ծախսերի հետ էր կապված, քանի որ պետք էր նոր հանդերձանք ձեռք բերել։
Դ՚Արտանյանը հրաժարվեց նրա օգնությունից, բայց հարմար առիթից օգտվելով՝ խնդրեց Դեզեսարից, որ նա պատվիրի գնահատել ադամանդը, և մատանին նրան տալովս խնդրեց դրամի վերածել այն։
Հաջորդ օրը առավոտյան ժամը ութին Դեզեսարի սպասավորը ներկայացավ դ’Արտանյանին և հանձնեց նրան մի տոպրակ ոսկի, որի մեջ կար յոթ հազար լիվր։
Դա թագուհու ադամանդի արժեքն էր։