1. Երեք հրացանակիրներ

Chapter 41

Երկրորդ մաս X. Ահեղ ուրվականը

Կարդինալը արմունկը հենեց ձեռագրի, այտը՝ ձեռքին և մի րոպե նայում էր երիտասարդ գասկոնացուն։ Ոչ ոք այնպիսի խորաթափանց, այնպիսի խորազնին հայացք չի ունեցել, ինչպես կարդինալ Ռիշելիեն, և դ’Արտանյանը զգաց, թե ինչպես մի սարսռեցուցիչ դող անցավ իր մարմնով։

Բայց նա ոչինչ ցույց չտվեց և գլխարկը ձեռքին բռնած սպասում էր առանց ավելորդ հպարտության, բայց և առանց ավելորդ հնազանդության, մինչև նորին սրբազնությունը կբարեհաճի խոսել։

— Պարոն,— ասաց կարդինալը,— այդ դո՞ւք եք բեարնացի դ’Արտանյանը։

— Այո, ձերդ պայծառափայլություն,— պատասխանեց երիտասարդը։

— Տարբում և նրա շրջակայքում դ’Արտանյանների տոհմերի մի քանի ճյուղ են ապրում,— ասաց կարդինալը։— Ո՞ր ճյուղին եք պատկանում դուք։

— Ես զավակն եմ այն դ’Արտանյանի, որը հավատի համար մղված պատերազմին մասնակցել է մեծ արքա Հենրիխի՝ նորին մեծություն թագավորի հոր հետ։

— Այո, այո։ Նշանակում է այդ դո՞ւք եք, որ յոթ թե ութ ամիս առաջ դուրս եք եկել ձեր ծննդավայրից և եկել մայրաքաղաք՝ բախտ որոնելու։

— Այո, ձերդ պայծառափայլություն։

— Դուք անցել եք Մենգով, որտեղ ձեզ հետ ինչ֊որ պատմություն է տեղի ունեցել, չեմ հիշում, թե ինչ, մի խոսքով մի ինչ֊որ պատմություն։

— Ձերդ պայծառափայլություն,— ասաց դ’Արտանյանը,— ինձ հետ...

— Հարկավոր չէ, հարկավոր չէ,— ընդհատեց նրան կարդինալը մի այնպիսի ժպիտով, որն ասում էր, թե ինքն այդ պատմությունն ավելի վատ չգիտե, քան նա, որ ուզում է պատմել,— դուք հանձնարարական նամակ եք ունեցել պարոն դը Տրևիլի անունով, չէ՞։

— Այո, ձերդ պայծառափայլություն, բայց հենց Մենգում տեղի ունեցած այդ դժբախտ պատահարի ժամանակ...

— ... Նամակը կորավ,— շարունակեց կարդինալը։— Այո, ես այդ գիտեմ։ Բայց պարոն դը Տրևիլը հմուտ դիմագետ է, որ մարդկանց ճանաչում է առաջին իսկ հայացքից, և նա ձեզ տեղավորեց իր աներ Դեզեսարի վաշտում, ձեզ հույս տալով, որ ժամանակին կմտնեք հրացանակիրների շարքերը։

— Դուք հիանալի տեղյակ եք, ձերդ պայծառափայլություն,— ասաց դ’Արտանյանը։

— Դրանից հետո դուք բազմապիսի արկածների մեջ եք ընկել, դուք զբոսնել եք Կարտեզինյան վանքի հետևում այնպիսի մի օր, երբ պետք է ուրիշ տեղ լինեիք։ Հետո դուք ձեր ընկերների հետ ճանապարհորդություն կատարեցիք դեպի Ֆորժի ջրերը, նրանք մնացին ճանապարհին, իսկ դուք առաջ գնացիք։ Այդ միանգամայն հասկանալի է, դուք գործ ունեիք Անգլիայում։

— Ձերդ պայծառափայլություն,— զարմանքից շշմած սկսեց դ’Արտանյանը,— ես գնում էի...

— Որսի, Վինձոր կամ մի ուրիշ տեղ, այդ ոչ ոքի գործը չէ։ Եթե ես այդ գիտեմ, ապա միայն նրա համար, որ իմ դիրքը ինձ ստիպում է գիտենալ։ Այնտեղից վերադառնալուց հետո ձեզ ընդունեց մի օգոստափառ անձնավորություն, և ինձ համար հաճելի է տեսնել, որ դուք պահել եք նրա ընծան։

Դ’Արտանյանը ձեռքը գցեց թագուհու ընծայած մատանուն և շտապով քարը շուռ տվեց դեպի ցած, բայց արդեն ուշ էր։

— Այդ դեպքից հետո հաջորդ օրը ձեզ այցելեց Կավուան,— շարունակեց կարդինալը,— և ձեզ խնդրեց ներկայանալ պալատ։ Դուք չգնացիք այդ այցելությանը և սխալ գործեցիք։

— Ձերդ պայծառափայլություն, ես վախենում էի, որ զայրացրած կլինեմ ձերդ սրբազնությանը։

— Ինչի՞ համար, պարոնս։ Նրա՞ համար, որ դուք ձեր մեծավորի հրամանը կատարել էիք ավելի մեծ հմտությամբ և ավելի մեծ քաջությամբ, քան մի ուրիշը կաներ, եթե ձեր տեղը լիներ։ Դուք շնորհազրկությունից էիք վախենում այն ժամանակ, երբ միայն գովասանքի՞ էիք արժանի։ Ես պատժում եմ նրանց, ովքեր չեն հնազանդվում և ոչ թե նրանց, ովքեր ձեզ պես հնազանդվում են... խիստ ջանասիրաբար... Որպես ապացույց հիշեցեք այն օրը, երբ կանչել էի ձեզ, և ձեր հիշողության մեջ վերականգնեցեք այն դեպքերը, որ տեղի ունեցան այդ նույն երեկոյան։

Հենց այդ երեկոյան էր որ փախցրին տիկին Բոնասիեին։

Դ’Արտանյանը ցնցվեց։ Նա հիշեց, որ մի կես ժամ առաջ խեղճ կինը անցավ իր կողքով, անտարակույս այն նույն ուժի մղումով, որը նրան ստիպել էր անհայտանալ։

— Եվ ահա,— շարունակեց կարդինալը,— որովհետև բավական ժամանակ է ձեր մասին ոչինչ չեմ լսում, ուզեցի իմանալ, թե ինչ եք անում դուք։ Ի դեպ, դուք ինձ որոշ չափով երախտապարտ եք. գուցե թե ինքներդ էլ նկատել եք, թե ինչպես էին խնայում ձեզ բոլոր հանգամանքներում։

Դ’Արտանյանը հարգանքով գլուխ տվեց։

— Պատճառը եղել է ոչ միայն արդարության բնական զգացումը,— շարունակեց կարդինալը,— այլև այն, որ ես ձեր նկատմամբ իմ մեջ մի որոշ ծրագիր եմ կազմել...

Դ’Արտանյանի զարմանքն ավելի ու ավելի էր աճում։

— Ես ուզում էի այդ ծրագիրը ձեզ հայտնել այն օրը, երբ դուք ստացաք իմ առաջին հրավերը, բայց չեկաք։ Բարեբախտաբար այդ ուշացումը ոչ մի բանի չի խանգարել, և դուք այսօր կլսեք իմ ծրագիրը։ Նստեցեք այստեղ, իմ դիմաց, պարոն դ’Արտանյան։ Դուք այնքան արժանավոր ազնվական եք, որ հարկ չկա կանգնած լսել ինձ։

Եվ կարդինալը երիտասարդին մատնացույց արեց աթոռը։ Բայց դ’Արտանյանն այնքան էր ապշել այս բոլորից, որ նրա զրուցակիցը ստիպված եղավ կրկնել իր հրավերը։

— Դուք քաջ եք, պարոն դ’Արտանյան,— շարունակեց կարդինալը,— դուք խելամիտ մարդ եք, որ ավելի կարևոր բան է։ Ես սիրում եմ խելք և սիրտ ունեցող մարդկանց։ Մի վախեցեք,— ավելացրեց նա ժպտալով,— սրտով մարդ ասելով ես հասկանում եմ քաջարի մարդ։ Սակայն, չնայած ձեր ջահելությանը, չնայած դուք հենց նոր եք սկսել ապրել, արդեն ունեք զորեղ թշնամիներ, և եթե զգույշ չլինեք, նրանք կկործանեն ձեզ։

— Այո, ձերդ պայծառափայլություն,— պատասխանեց երիտասարդ գասկոնացին,— և դժբախտաբար նրանց համար հեշտ կլինի անել այդ, որովհետև նրանք ուժեղ են և հզոր պաշտպաններ ունեն, մինչդեռ ես բոլորովին մենակ եմ։

— Այդ ճշմարիտ է, բայց որքան էլ մենակ եք, դուք արդեն շատ բան եք արել և դեռ ավելի շատ բան կանեք, ես չեմ կասկածում։ Սակայն, իմ կարծիքով, դուք կարիք ունեք մի մարդու, որը ղեկավարի ձեզ պատահականություններով լի այն ճանապարհին, որ դուք ընտրել եք ձեզ համար, որովհետև, եթե չեմ սխալվում, դուք Փարիզ եք եկել կարիերայի փառասիրական մտադրությամբ։

— Իմ հասակը, ձերդ պայծառափայլություն, խելառ հույսերի հասակ է,— ասաց դ’Արտանյանը։

— Խելառ հույսերը հիմարների համար են, պարոն, իսկ դուք խելացի մարդ եք։ Լսեցեք ինձ, ի՞նչ կասեիք դուք լեյտենանտի աստիճանի մասին իմ գվարդիայում, իսկ պատերազմից հետո՝ վաշտի հրամանատարություն։

— Օ՜, ձերդ պայծառափայլություն։

— Ընդունում եք, չէ՞։

— Ձերդ պայծառափայլություն...— շփոթված սկսեց դ’Արտանյանը։

— Ինչպե՞ս, դուք հրաժարվո՞ւմ եք,— զարմացած գոչեց կարդինալը։

— Ես ծառայում եմ նորին մեծության գվարդիայում, ձերդ պայծառափայլություն, և ոչ մի պատճառ չունեմ դժգոհելու։

— Բայց ինձ թվում է,— առարկեց կարդինալը,— որ իմ գվարդիականները միևնույն ժամանակ նաև նորին մեծության գվարդիականներն են, և որ ֆրանսիական բանակի որ զորամասում էլ դուք ծառայելիս լինեք, հավասարապես ծառայում եք թագավորին։

— Դուք ճիշտ չհասկացաք իմ խոսքը, ձերդ պայծառափայլություն։

— Ձեզ պատճառ է հարկավոր, այնպես չէ՞։ Հասկանում եմ։ Ինչ կա որ։ Դուք ունեք այդ պատճառը։ Աստիճանի բարձրացումը, սկսվող պատերազմը, հարմար առիթ, որ ես ձեզ առաջարկում եմ. այդ մնացած բոլորի համար, իսկ ձեզ համարի հարկավոր պաշտպանություն ունենալու անհրաժեշտությունը, որովհետև, պարոն դ’Արտանյան, ձեզ համար ավելորդ չի լինի իմանալ, որ ինձ լուրջ գանգատներ են հասել ձեր մասին, դուք ձեր բոլոր օրերն ու գիշերները չէ, որ նվիրաբերում եք թագավորին ծառայելուն։

Դ’Արտանյանը կարմրատակեց։

— Ահա այստեղ,— շարունակեց կարդինալը ձեռքը դնելով թղթերի մի կույտի վրա,— ես ունեմ մի գործ, որ ձեզ է վերաբերում, բայց նախքան այն կարդալը կուզենայի զրուցել ձեզ հետ։ Ես գիտեմ, դուք վճռական մարդ եք, և ձեր ծառայությունը, եթե նրան պետք եղած ուղղությունը տրվի, վնասի փոխարեն կարող է մեծ օգուտ բերել ձեզ։ Դե՛հ, մտածեցեք և վճռեցեք։

— Ձեր բարեսրտությունը հուզում է ինձ, ձերդ պայծառափայլություն,— պատասխանեց դ’Արտանյանը,— և ձերդ սրբազնության հոգու վեհության առջև ես ինձ զգում եմ մի ողորմելի ճիճու, բայց եթե դուք, ձերդ պայծառափայլություն, թույլ տաք ինձ անկեղծ խոսել ձեզ հետ...

Դ’Արտանյանը կանգ առավ։

— Խոսեցեք։

— Լավ։ Այդ դեպքում ես ձերդ սրբազնությանը կասեմ, որ իմ բոլոր բարեկամները գտնվում են հրացանակիրների և թագավորի գվարդիականների մեջ, իսկ թշնամիները, ինչ֊որ անհասկանալի ճակատագրական պատահականությամբ, ծառայում են ձերդ սրբազնությանը, այնպես որ, ձերդ պայծառափայլություն, այստեղ ինձ վատ կընդունեին և այնտեղ ինձ վատ կնայեին, եթե ես ընդունեի ձեր առաջարկությունը։

— Չլինի՞ ձեր մեծամտությունն այնքան հեռուն է գնացել, որ դուք երևակայում եք, թե ես ձեզ պակաս աստիճան եմ առաջարկում, քան դուք արժանի եք,— արհամարհական ժպիտով հարցրեց կարդինալը։

— Ձերդ պայծառափայլություն, դուք հարյուրապատիկ ավելի բարի եք իմ նկատմամբ, քան ես արժանի եմ, և ես կարծում եմ, որ, ընդհակառակն, դեռ այնքան բան չեմ արել, որպեսզի արժանի լինեմ ձեր ողորմածությանը։ Շուտով կսկսվի Լա֊Ռոշելի պաշարումը. ձերդ պայծառափայլություն։ Ես կծառայեմ ձերդ սրբազնության աչքի առաջ, և եթե բախտ կունենամ այդ պաշարման ժամանակ ինձ այնպես պահելու, որ արժանի լինեմ ձեր ուշադրությանը, այն ժամանակ գոնե ես մի որևէ սխրագործություն կունենամ, որը կարդարացնի ձեր հովանավորությունը, եթե ձեզ հաճելի լինի հովանավորել ինձ։ Ամեն ինչ իր ժամանակն ունի, ձերդ պայծառափայլություն։ Գուցե թե ապագայում ես իրավունք ձեռք կբերեմ անշահախնդիր կերպով նվիրվելու ձեզ, մինչդեռ այժմ այդ այնպիսի պատկեր կունենա, որպես թե ես վաճառվել եմ ձեզ։

— Այլ խոսքով ասած՝ դուք հրաժարվում եք ծառայել ինձ, պարոն,— ասաց կարդինալը սրտնեղությամբ, որի մեջ, սակայն, մի որոշ հարգանք էր զգացվում։— Լավ, ազատ մնացեք և ձեզ պահեցեք ձեր բարյացակամությունն ու անբարյացակամությունը։

— Ձերդ պայծառափայլություն...

— Բավակա՛ն է, բավակա՛ն,— ասաց կարդինալը,— ես չեմ բարկանում ձեզ վրա, բայց դուք ինքներդ էլ հասկանում եք, որ եթե մենք պաշտպանում ու պարգևատրում ենք մեր բարեկամներին, ապա ոչինչ պարտական չենք թշնամիներին։ Այնուամենայնիվ ես ձեզ մի խորհուրդ կտամ. զգույշ եղեք, պարոն դ’Արտանյան, որովհետև այն պահից, երբ դուք կզրկվեք իմ հովանավորությունից, ձեր կյանքին ոչ ոք մի գրոշ էլ չի տա։

— Կաշխատեմ, ձերդ պայծառափայլություն,— ազնիվ վստահությամբ պատասխանեց դ’Արտանյանը։

Հետագայում, եթե ձեզ մի որևէ դժբախտություն պատահի,— բազմանշանակ ձևով ասաց Ռիշելիեն,— հիշեցեք, որ ես ինքս ձեզ կանչեցի և արեցի ամեն բան, ինչ կարող էի, որպեսզի դժբախտությունը կանխեմ։

— Հետագայում ինչ էլ որ պատահելու լինի, ձերդ սրբազնություն,— պատասխանեց դ’Արտանյանը ձեռքը կրծքին սեղմելով և գլուխ տալով,— ես հավիտենապես երախտապարտ կլինեմ ձեզ նրա համար, ինչ որ դուք այս պահին անում եք ինձ համար։

— Այդպես ուրեմն, պարոն դ’Արտանյան, ինչպես դուք ինքներդ ասացիք, մենք կտեսնվենք պատերազմից հետո։ Ես կհսկեմ ձեզ, որովհետև ինքս էլ այնտեղ եմ լինելու,— ավելացրեց կարդինալը դ’Արտանյանին ցույց տալով այն սքանչելի զրահները, որ նա պիտի հագներ,— և երբ մենք կվերադառնանք, այն ժամանակ մենք ձեզ հետ հաշիվ կտեսնենք։

— Օ՜, ձերդ պայծառափայլություն,— գոչեց դ’Արտանյանը,— վերցրեք ինձնից ձեր զայրույթի ծանրությունը։ Անաչառ եղեք, ձերդ պայծառափայլություն, եթե տեսնեք, որ ես ինձ պահում եմ ինչպես վայել է կարգին մարդուն։

— Երիտասարդ,— ասաց Ռիշելիեն,— եթե ես առիթ ունենամ մի անգամ ևս ասելու ձեզ այն, ինչ ասացի այսօր, խոստանում եմ ասել ձեզ այդ։

Ռիշելիեի վերջին խոսքերը զարհուրելի կասկած էին արտահայտում նրանք դ’Արտանյանին սարսափեցրին ավելի, քան կսարսափեցներ ուղղակի սպառնալիքը, որովհետև դա նախազգուշացում էր։ Այսպես ուրեմն, կարդինալն ուզում էր պաշտպանել նրան նրա գլխին կախված ինչ֊որ դժբախտությունից։ Երիտասարդը, հենց այն է, բերանը բաց էր արել պատասխանելու, բայց կարդինալի գոռոզ շարժումը նրան հասկացրեց, որ ընդունելությունը վերջացած է։

Դ’Արտանյանը դուրս եկավ, բայց երբ շեմքն անցավ, քիչ մնաց պիտի արիությունը լքեր նրան։ Էլի մի փոքր, և նա պիտի ետ դառնար։ Սակայն Աթոսի լուրջ ու խիստ դեմքը հանկարծ կանգնեց նրա մտահայացքի առջև, եթե նա համաձայներ դաշնակցել կարդինալի հետ, Աթոսը ձեռքը չէր տա նրան, Աթոսը կհրաժարվեր նրանից։

Եվ միայն այդ վախն էր, որ ետ պահեց երիտասարդին. այդքան մեծ է իսկապես ազնիվ բնավորության ազդեցությունը իր շրջապատի վրա։

Դ’Արտանյանը իջավ նույն սանդուղքով, որով բարձրացել էր։ Ելքի մոտ նա տեսավ Աթոսին և չորս հրացանակիրներին, որոնք նրա վերադարձին էին սպասում և արդեն սկսել էին անհանգստանալ։

Դ’Արտանյանը շտապեց հանգստացնել նրանց, իսկ Պլանշեն վազեց մյուս պահակակետերին հայտնելու, որ այլևս հարկավոր չէ հսկել, որովհետև նրա պարոնը կարդինալի պալատից դուրս է եկել ողջ և անվնաս։

Երբ ընկերները վերադարձան Աթոսի բնակարան, Արամիսն ու Պորտոսը հարցրին նրա տարօրինակ տեսակցության մասին, բայց դ’Արտանյանը միայն ասաց, որ կարդինալն իրեն առաջարկեց լեյտենանտի աստիճանով մտնել իր գվարդիան և ինքը հրաժարվեց։

— Եվ ճիշտ ես արել,— միաձայն ասացին Պորտոսն ու Արամիսը։

Աթոսը խորը մտածմունքի մեջ ընկավ և ոչինչ չպատասխանեց։ Բայց երբ նրանք երկուսով մնացին, նա իր ընկերոջն ասաց.

— Դուք արել եք այն, ինչ պետք է անեիք, դ’Արտանյան, բայց կարող է պատահել, սխալ եք գործել։

Դ’Արտանյանը հոգոց հանեց, որովհետև այդ ձայնը համապատասխանում էր իր սրտի գաղտնի ձայնին, որն ասում էր, որ իրեն մեծ դժբախտություններ են սպասում։

Հետևյալ օրն անցավ մեկնումի նախապատրաստությունների մեջ։ Դ’Արտանյանը գնաց պ֊րն դը Տրևիլին հրաժեշտ տալու։ Այն ժամանակ դեռ բոլորը կարծում էին, թե գվարդիականների և հրացանակիրների անջատումը շատ երկար չի տևելու, որովհետև հենց այդ օրը թագավորը պառլամենտի նիստումն էր և ենթադրում էր, որ կմեկնի հաջորդ օրը առավոտյան։ Ուստի պարոն դը Տրևիլը բավարարվեց նրանով, որ դ’Արտանյանին հարցրեց, թե իր օգնության կարիքը չի՞ զգում արդյոք։ Բայց դ’Արտանյանը հպարտ պատասխանեց, որ ինքն ունի ամեն բան, ինչ անհրաժեշտ է։

Գիշերը Դեզեսարի գվարդիական վաշտի զինվորները հանդիպում ունեցան պարոն դը Տրևիլի հրացանակիրների հետ, որոնց հետ արդեն մտերմացել էին։ Նրանք բաժանվում էին այն հույսով, որ նորից կհանդիպեն, երբ այդ հաճելի կլինի աստծուն և այն դեպքում, եթե այդ հաճելի կլինի նրան։ Ուստի, հասկանալի է, որ գիշերն անցավ անասելի փոթորկալի, որովհետև նման դեպքերում ծայրահեղ մտահոգությունը կարելի է հաղթահարել միայն ծայրահեղ անհոգությամբ։

Լուսադեմին, փողերի առաջին իսկ կանչով ընկերները բաժանվեցին, հրացանակիրները վազեցին պարոն դը Տրևիլի զորանոցները, գվարդիականները՝ պարոն Դեզեսարի, և երկու կապիտաններն անհապաղ իրենց վաշտերը տարան Լուվր, որտեղ թագավորը զորատես էր կազմակերպել։

Թագավորը տխուր էր և հիվանդ էր երևում, որ մի փոքր մեղմացնում էր նրա դեմքի մեծամիտ արտահայտությունը։ Իսկապես, նախորդ օրը, պառլամենտի նիստի ժամանակ թագավորը տենդի նոպա էր ունեցել։ Բայց և այնպես նա չէր փոխել նույն երեկոյան դուրս գալու որոշումը և, որքան էլ հակառակն էին համոզում նրան, ցանկացել էր իր զորքերի զորատես կազմակերպել, հուսալով, որ կամքի ուժով կհաղթահարի իրեն տիրապետող հիվանդությունը։

Զորատեսից հետո գվարդիականները արշավի դուրս եկան մենակ, որովհետև հրացանակիրները պետք է ճանապարհ ընկնեին միայն թագավորի հետ, և դա Պորտոսին հնարավորություն տվեց իր շքեղ հանդերձանքով երևալու Արջի փողոցում։

Դատախազի կինը տեսավ Պորտոսին նոր հագուստի մեջ, հիանալի ձիու վրա, երբ նա անցնում էր լուսամուտի առջևով։ Նա չափազանց շատ էր սիրում Պորտոսին, ուստի չէր կարող առանց հրաժեշտի բաց թողնել նրան։ Ձեռքի նշանով նա խնդրեց իջնել ձիուց և մտնել իր մոտ։ Պորտոսը վեհաշուք տեսք ուներ. նրա ոտքերի խթանները զրնգում էին, զրահը շողշողում էր, սուսերն անխնա զարկվում էր ոտքերին։ Այս անգամ նա այնպիսի ահարկու տեսք ուներ, որ գրագիրների մտքով էլ չանցավ ծիծաղել։

Հրացանակրին տարան պարոն Կոկնարի կաբինետը, և դատախազի մանրիկ, մոխրագույն աչքերը զայրույթով փայլեցին, երբ տեսավ, թե ինչպես է Պորտոսը շողշողում ամբողջովին նոր հանդերձանքի մեջ։ Ի դեպ, մի հանգամանք փոքր֊ինչ մխիթարում էր պարոն Կոկնարին. բոլորն ասում էին, որ արշավը շատ վտանգավոր է լինելու, և նա այն հույսն էր փայփայում, որ Պորտոսը կսպանվի։

Պորտոսը մի քանի սիրալիր խոսք ասաց պարոն Կոկնարին և հրաժեշտ տվեց նրան։ Պարոն Կոկնարն ամեն տեսակ հաջողություն մաղթեց նրան։ Ինչ վերաբերում է տիկին Կոկնարին, ապա նա չկարողացավ իր արցունքները զսպել, բայց նրա վիշտը վատ մտքով չբացատրվեց, որովհետև բոլորը գիտեին, թե որքան ջերմ է կապված նա իր ազգականների հետ, որոնց պատճառով միշտ կատաղի վեճեր էր ունենում ամուսնու հետ։

Բայց իսկական հրաժեշտը տեղի ունեցավ տիկին Կոկնարի ննջարանում և իսկապես դա շատ սրտահույզ հրաժեշտ էր։

Քանի դեռ դատախազի կինը կարող էր հայացքով հետևել իր սիրածին, թափահարում էր թաշկինակը՝ լուսամուտից դուրս ցցվելով այնքան հեռու, որ ասես ուզում էր դուրս թռչել այնտեղից։ Պորտոսը սիրո այդ բոլոր զեղումներն ընդունում էր նման տեսարանների սովոր մարդու տեսքով և միայն այն ժամանակ, երբ պիտի շուռ գար փողոցի անկյունով, գլխարկը վեր բարձրացրեց ու թափահարեց որպես հրաժեշտի նշան։ Ինչ վերաբերում է Արամիսին, նա մի երկար նամակ էր գրում։ Ո՞ւմ։ Դա ոչ ոք չգիտեր։ Քեթին, որը հենց այդ երեկո պիտի մեկներ Տուր, սպասում էր հարևան սենյակում։

Աթոսը մանր կումերով խմում էր իսպանական գինու վերջին շիշը։

Այդ ժամանակ դ’Արտանյանն արդեն արշավի էր դուրս եկել իր վաշտի հետ։

Հասնելով Սենտ Անտուան արվարձանը՝ նա շուռ եկավ և ուրախ նայեց Բաստիլին, բայց որովհետև միայն Բաստիլին էր նայում, չնկատեց միլեդիին, որը մի ճերմակ ձի նստած՝ մատով դ’Արտանյանին էր ցույց տալիս կասկածելի արտաքինով ինչ֊որ երկու անծանոթ մարդկանց։ Այս մարդիկ իսկույն մոտեցան շարքերին, որպեսզի ավելի լավ տեսնեն և հարցական նայեցին միլեդիին։ Վերջինս նշանով պատասխանեց, որ հենց դա է, և համոզվելով, որ այժմ արդեն իր հրամանը կատարելիս ոչ մի սխալմունք չի լինի, իր ձիուն խթանեց և անհայտացավ։

Երկու անծանոթները վաշտի հետևից գնացին և Սենտ Անտուանի ուղեկալի մոտ նստեցին երկու թամբած ձիեր, որոնց սանձերը բռնած նրանց էին սպասում առանց լիվրեի սպասավորները։

Comments