1. Երեք հրացանակիրներ

Chapter 40

Երկրորդ մաս IX. Տեսիլք

Եվ ահա ժամը չորսին չորս ընկերները հավաքվեցին Աթոսի մոտ։ Հանդերձավորման հոգսը վերջացել էր, և այժմ յուրաքանչյուրի դեմքը արտացոլում էր միայն յուրաքանչյուրի սեփական ու գաղտնի հոգսերը, որովհետև երջանկության ամեն մի րոպե իր մեջ պարունակում է ապագայի տագնապը։

Հանկարծ ներս մտավ Պլանշեն, բերելով երկու նամակ հասցեագրված դ’Արտանյանին։

Մեկը փոքրիկ էր, երկարավուն, կնքված կանաչ մոմի գեղեցիկ կնիքով, որի վրա փորագրված էր աղավնի՝ կտուցին կանաչ ոստ։

Երկրորդը մեծ էր, քառակուսի, վրան՝ նորին սրբազնության դուքս կարդինալի ահեղ զինանիշը։

Փոքրիկ նամակը տեսնելով՝ դ’Արտանյանի սիրտն ուրախ թրթռաց, նրան թվաց, թե ձեռագիրը ճանաչում է։ Ճիշտ է, այդ ձեռագիրը նա միայն մեկ անգամ էր տեսել, բայց այն ամուր տպավորվել էր նրա հիշողության մեջ։

Եվ նա վերցրեց փոքրիկ նամակն ու արագ բաց արեց։

«Առաջիկա չորեքշաբթի օրը,— ասված էր նամակում,— երեկոյան ժամը վեցից մինչև յոթը եղեք Շայո տանող ճանապարհին և ուշադիր նայեցեք անցնող կառեթների ներսը, բայց եթե դուք թանկ եք գնահատում ձեր կյանքը և այն մարդկանց կյանքը, ովքեր սիրում են ձեզ, ոչ մի խոսք չասեք և չանեք ոչ մի շարժում, որը կարող է ցույց տալ, թե դուք ճանաչեցիք այն անձին, որն իրեն մեծագույն վտանգի է ենթարկում թեկուզ մի ակնթարթ ձեզ տեսնելու համար»։

Ստորագրություն չկար։

— Սա ծուղակ է, դ’Արտանյան,— ասաց Աթոսը,— չգնաք այնտեղ։

— Բայց ինձ թվում է, թե ես ձեռագիրը ճանաչում եմ,— առարկեց դ’Արտանյանը։

— Ձեռագիրը կարելի է կեղծել,— շարունակեց Աթոսը։— Տարվա այս ժամանակ Շայո տանող ճանապարհը երեկոյան ժամը վեցին֊յոթին բոլորովին ամայի է լինում։ Դա միևնույն է, թե զբոսանքի գնաս Բոնդի անտառը։

— Իսկ ի՞նչ կասեք, եթե մենք միասին գնանք այնտեղ,— առաջարկեց դ’Արտանյանը։— Գրողը տանի, հո չորսիս էլ միանգամից չեն կարող կուլ տալ, դեռ մեր չորս ծառաները, ձիերն ու զենքերն էլ հետը։

— Եվ հենց դա մի հարմար առիթ կլինի մեր հանդերձանքը ցույց տալու,— ավելացրեց Պորտոսը։

— Բայց եթե այդ գրել է մի կին,— առարկեց Արամիսը,— և եթե այդ կինը չի ուզում, որ իրեն տեսնեն, ապա դուք դրանով անվանարկում եք նրան, դ’Արտանյան, մտածեցեք սրա մասին։ Դա ազնվականին անվայել վարմունք կլինի։

— Մենք հետևում կմնանք,— առաջարկեց Պորտոսը,— միայն դ’Արտանյանը կմոտենա կառեթին։

— Այդ այդպես է, բայց արագ թափով սլացող կառեթի միջից շատ հեշտ է ատրճանակ կրակել։

— Ոչի՜նչ,— ասաց դ’Արտանյանը,— գնդակը հեռու կանցնի, իսկ մենք կհասնենք կառեթի հետևից և մեջը եղածներին կկոտորենք։ Համենայն դեպս մեր թշնամիները մի քանի մարդով կպակասեն։

— Ճիշտ է ասում,— համաձայնեց Պորտոսը։— Ես կողմնակից եմ կռվին։ Վերջիվերջո հարկավո՞ր է փորձել մեր զենքը։

— Լավ, ինչ կա որ, վայելենք մենք այդ բավականությունը,— ասաց Արամիսը իր սովորական թեթև ու անհոգ տոնով։

— Ինչպես ձեզ հաճելի է,— ասաց Աթոսը։

— Պարոննե՛ր,— ասաց դ’Արտանյանը,— արդեն ժամը չորս և կեսն է, և մենք հազիվ կարող ենք մինչև վեցը հասնել Շայոյի ճանապարհը։

— Բացի այդ,— ավելացրեց Պորտոսը,— եթե մենք շատ ուշ դուրս գանք, ապա ոչ ոք մեզ չի տեսնի, իսկ դա շատ ցավալի բան կլինի։ Ուրեմն՝ գնանք պատրաստվենք ճանապարհ ընկնելու, պարոննե՛ր։

— Բայց դուք երկրորդ նամակը մոռացաք,— ասաց Աթոսը։— Մինչդեռ, կնիքին որ նայում ես, այդ նամակը, իմ կարծիքով, արժանի է բաց անելու։ Խոստովանում եմ, սիրելի դ’Արտանյան, որ այդ նամակն ինձ ավելի շատ է անհանգստացնում, քան այն, որ այնպես քնքշանքով դուք պահեցիք ձեր ծոցում։

Դ’Արտանյանը կարմրատակեց։

— Լավ,— ասաց երիտասարդ գասկոնացին,— եկեք տեսնենք, պարոններ, թե ինչ է ուզում ինձնից նորին սրբազնությունը։

Դ’Արտանյանը նամակը բաց արեց և կարդաց.

«Պարոն դ’Արտանյանը, թագավորական գվարդիական՝ Դեզեսարի վաշտից, այսօր երեկոյան ժամը ութին մոտ հրավիրվում է կարդինալի պալատ։ ։։։։։։։։։։Լա Ուդինիեր, գվարդիայի կապիտան»։

— Գրողը տանի,— ասաց Աթոսը։— Ահա այդ տեսակցությունը ավելի վտանգավոր կլինի այն մյուսից։

— Ես երկրորդ տեսակցությանը կգնամ առաջինը վերջացնելուց հետո,— ասաց դ’Արտանյանը։— Մեկը նշանակված է ժամը յոթին, մյուսը՝ ութին։ Երկուսին էլ կարելի է հասնել։

— Հը՜մ։ Ես լինեի, չէի գնա,— ասաց Արամիսը։— Բարեկիրթ ասպետը չի կարող չգնալ այն տեսակցությանը, որը նշանակել է մի տիկին, բայց խելամիտ ազնվականը կարող է մի արդարացում գտնել նորին սրբազնությանը չներկայանալու համար, մանավանդ եթե հիմքեր ունի ենթադրելու, որ իրեն ամենևին էլ սիրալիր վերաբերմունքի համար չեն հրավիրում։

— Ես համաձայն եմ Արամիսի հետ,— ասաց Պորտոսը։

— Պարոննե՛ր,— պատասխանեց դ’Արտանյանը,— ես արդեն մի անգամ պարոն դը Կավուայի միջոցով նույնանման հրավեր եմ ստացել նորին սրբազնությունից։ Ես այդ հրավերն արհամարհեցի, և հետևյալ օրն ինձ հետ մեծ դժբախտություն պատահեց։ Կոնստանցիան անհայտացավ։ Ինչ ուզում է լինի՝ ես կգնամ։

— Եթե հաստատ որոշել եք, գնացեք,— ասաց Աթոսը։

— Իսկ Բաստի՞լը,— հարցրեց Արամիսը։

— Բա՜ն ասացիք։ Դուք ինձ դուրս կքաշեք այնտեղից,— ասաց դ’Արտանյանը։

— Իհարկե,— միաձայն վրա բերին Արամիսն ու Պորտոսը իրենց հատուկ հիանալի վստահությամբ և այնպիսի տոնով, ասես դա ամենահասարակ բանը լիներ։— Իհարկե, մենք ձեզ դուրս կքաշենք այնտեղից, բայց քանի որ երկու օրից մեկնելու ենք, ապա ավելի լավ կլիներ դուք առայժմ այդ Բաստիլն ընկնելու ռիսկը չանեիք։

— Եկեք այսպես անենք,— ասաց Աթոսը,— այսօր ամբողջ երեկոն սրան մենակ չթողնենք, իսկ երբ սա կգնա կարդինալի պալատ, մեզնից յուրաքանչյուրը երեք հրացանակիրների հետ դիրք կգրավի նրա դռներից մեկի առաջ։ Եթե տեսնենք, որ այնտեղից որևէ կասկածելի փակ կառեթ է դուրս գալիս, կհարձակվենք նրա վրա։ Վաղուց է, որ մենք ընդհարում չենք ունեցել կարդինալի գվարդիականների հետ, և երևի պարոն դը Տրևիլը մեզ հանգուցյալ է համարում։

— Կեցցե՛ք, Աթոս, դուք ստեղծված եք գնդապետ լինելու համար,— ասաց Արամիսը։— Ի՞նչ կասեք այս ծրագրին, պարոննե՛ր։

— Հիանալի ծրագիր է,— միաձայն գոչեցին երիտասարդները։

— Դե ուրեմն,— ասաց Պորտոսը,— ես վազում եմ զորանոց և ընկերներին նախազգուշացնում, որ ժամը ութի մոտ պատրաստ լինեն։ Հանդիպման վայր ենք նշանակում կարդինալի պալատի առջևի հրապարակը։ Իսկ դուք առայժմ ծառաներին պատվիրեցեք ձիերը թամբել։

— Բայց ես ձի չունեմ,— ասաց դ’Արտանյանը։— Ասենք ես կարող եմ ձի բերել տալ պարոն դը Տրևիլի ախոռից։

— Հարկավոր չէ,— ասաց Արամիսը,— վերցրեք իմ ձիերից մեկը։

— Բայց դուք քանի՞ ձի ունեք,— հարցրեց դ’Արտանյանը։

— Երեք,— ժպտալով պատասխանեց Արամիսը։

— Սիրելիս,— ասաց Աթոսը,— ես համոզված եմ, որ դուք ձիերով ավելի լավ եք ապահովված, քան Ֆրանսիայի ու Նավարայի բոլոր բանաստեղծները։

— Լսեցեք ինձ, սիրելի Արամիս, երևի դուք ինքներդ էլ չեք իմանում, թե ինչ պիտի անեք երեք ձին։ Ուղղակի չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ եք երեքը միանգամից գնել։

— Բանն այն է, որ երրորդ ձին հենց այսօր առավոտյան ինձ համար բերեց մի ինչ֊որ սպասավոր, առանց լիվրեի, որը չուզեց ասել, թե ում մոտ է ծառայում և հայտնեց, որ հրաման է ստացել իր պարոնից...

—... Կամ իր տիրուհուց,— ընդհատեց նրան դ’Արտանյանը։

— Այդ կարևոր չէ...— ասաց Արամիսը շիկնելով։— Եվ հայտնեց, որ իր տիրուհուց հրաման է ստացել այդ ձին բերել իմ ախոռը, բայց չասել, թե ով է ուղարկել այն։

— Չէ, միայն բանաստեղծների հետ են այդպիսի բաներ պատահում,— լուրջ տոնով ասաց Աթոսը։

— Այդ դեպքում այլ կերպ անենք,— ասաց դ’Արտանյանը։— Դուք ո՞ր ձին եք հեծնելու։ Ա՞յն, որ գնել եք, թե՞ այն, որ ձեզ ընծայել են։

— Հասկանալի է, այն, որ ընծայել են։ Դուք հո հասկանում եք, դ’Արտանյան, որ ես չեմ կարող վիրավորանք հասցնել...

—... անհայտ նվիրատուին,— շարունակեց դ’Արտանյան։

— Կամ՝ խորհրդավոր նվիրատու տիկնոջը,— ուղղեց նրան Աթոսը։

— Նշանակում է այն ձին, որ գնել եք դուք, այժմ ձեզ հարկավոր չէ։

— Համարյա թե։

— Իսկ դուք ինքնե՞րդ եք ընտրել այն։

— Այն էլ շատ մեծ խնամքով։ Ինչպես ձեզ հայտնի է, ձիավորի ապահովությունը համարյա միշտ կախված է իր ձիուց։

— Դե ուրեմն այդ ձին զիջեցեք ինձ այն գնով, որով ձեռք եք բերել դուք։

— Ես ինքս էլ ուզում էի առաջարկել ձեզ, սիրելի դ’Արտանյան, այն պայմանով, որ դուք ինձ վերադարձնեք ձին, երբ ինքներդ կցանկանաք։

— Իսկ որքա՞ն է նստել ձեզ այդ ձին։

— Ութ հարյուր լիվր։

— Ահա քառասուն կրկնակի պիստոլ, սիրելի բարեկամս,— ասաց դ’Արտանյանը՝ գրպանից հանելով փողերը։— Ես գիտեմ, որ ձեր պոեմների համար հենց այսպիսի դրամ են վճարում ձեզ։

— Ուրեմն դուք հարո՞ւստ եք,— զարմացավ Արամիսը։

— Հարուստ եմ, հարուստ՝ ինչպես Կրեսոսը, սիրելիս։

Եվ դ’Արտանյանը գրպանի մեջ զնգզնգացրեց իր պիստոլների մնացորդը։

— Ձեր թամբն ուղարկեցեք հրացանակիրների զորանոց և մյուս ձիերի հետ ձեր ձին էլ կբերեն։

— Շատ լավ։ Բայց շուտով ժամը հինգը կլինի, հարկավոր է շտապել։

Քառորդ ժամ անց՝ Ֆերու փողոցի ծայրում երևաց Պորտոսը՝ իսպանական մի հրաշալի հովատակ նստած։ Նրա հետևից գնում էր Մուշկետոնը նստած օվերնյան մի ձի, որը թեև փոքրիկ էր, բայց՝ նույնպես շատ գեղեցիկ։ Պորտոսը ուրախության և հպարտության մարմնացումն էր։

Նրա հետ միաժամանակ փողոցի մյուս ծայրում երևաց Արամիսը՝ նստած անգլիական հիանալի մի նժույգ, նրա հետևից ռուանյան ձին նստած գնում էր Բազենը՝ հետն էլ սանձից բռնած տանելով մեկլենբուրգյան մի ամրակազմ ձի։ Այդ դ’Արտանյանի ձին էր։

Երկու հրացանակիրներն իրար հանդիպեցին դռան մոտ։ Աթոսը և դ’Արտանյանը նրանց էին նայում լուսամուտից։

— Գրողը տանի,— ասաց Արամիսը,— ձեր ձին սքանչելի ձի է, սիրելի Պորտոս։

— Այո,— պատասխանեց Պորտոսը,— սա այն ձին է, որ հենց սկզբից պիտի ուղարկեին ինձ։ Ամուսնու հիմար կատակի պատճառով փոխել էին, բայց ամուսինը պատժվեց, իսկ ես ամեն տեսակ բավարարություն ստացա։

Շուտով երևացին նաև Պլանշեն ու Գրիմոն, սանձից բռնած բերելով իրենց տերերի ձիերը։ Դ’Արտանյանն ու Աթոսը դուրս եկան տնից, հեծնեցին ձիերը, և չորս ընկերները ճանապարհ ընկան՝ Աթոսը այն ձիով, որով նա պարտական էր իր կնոջը, Արամիսը՝ սիրուհուն, Պորտոսը՝ դատախազի կնոջը, իսկ դ’Արտանյանը՝ իր հաջողությանը, որ բոլոր սիրուհիներից ամենաքավն էր։

Սպասավորներն էլ գնում էին նրանց հետևից։

Ինչպես Պորտոսը նախատեսել էր, հեծելախումբը ուժեղ տպավորություն գործեց, և եթե տիկին Կոկնարը կարողանար տեսնել, թե իսպանական հովատակի վրա որքան վեհաշուք է երևում իր սիրեկանը, չէր ափսոսա իր ամուսնու դրամի սնդուկից արյուն բաց թողնելը։

Լուվրի մոտ չորս ընկերները հանդիպեցին պարոն դը Տրևիլին, որը Սեն Ժերմենից էր վերադառնում։ Նա կանգնեցրեց հրացանակիրներին, որպեսզի հիացմունքով դիտի նրանց փայլուն հանդերձավորումը, և անմիջապես մի քանի հարյուր դատարկապորտներ հավաքվեցին նրանց շուրջը։

Դ’Արտանյանն օգտվեց դրանից և պարոն դը Տրևիլին պատմեց խոշոր կարմիր կնիքով և դքսական զինանիշով նամակի մասին։ Ինքնին հասկանալի է, որ մյուս նամակի մասին նա ոչ մի խոսք չասաց։

Պարոն դը Տրևիլը հավանություն տվեց ընկերների ընդունած որոշմանը և հավաստիացրեց, որ եթե հաջորդ օրը դ’Արտանյանն իր մոտ չգնա, նա ինքը միջոցներ ձեռք կառնի գտնելու երիտասարդին, որտեղ էլ լինի նա։

Այդ րոպեին Սամարացի կնոջ վանքի ժամացույցը վեցը զարկեց։ Ընկերները ներողություն խնդրեցին, ասելով, որ շտապ տեսակցություն ունեն, և պարոն դը Տրևիլին հրաժեշտ տվին։

Ձիերը սրարշավ բաց թողնելով՝ նրանք դուրս եկան Շայո տանող ճանապարհը։ Սկսել էր մթնել, կառքերն այս ու այն կողմ էին գնում։ Դ’Արտանյանը մի քանի քայլ հեռու կանգնած իր ընկերների պաշտպանության տակ՝ նայում էր կառեթների ներսը, բայց ոչ մի ծանոթ դեմք չէր տեսնում։

Վերջապես, մի քառորդ ժամ սպասելուց հետո, երբ աղջամուղջն արդեն համարյա թանձրացել էր, երևաց մի կառեթ, որն արագ մոտենում էր Սևրի կողմից։ Նախազգացումը դ’Արտանյանին ասաց, որ հենց այդ կառեթի մեջ է այն անձը, որն իրեն տեսակցություն է նշանակել, և երիտասարդն ինքն էլ զարմացավ, զգալով, թե ինչպես ուժգին բաբախել սկսեց սիրտը։ Համարյա նույն րոպեին կառեթի լուսամուտից դուրս ցցվեց մի կնոջ գլուխ, շուրթերին սեղմված երկու մատները ասես պահանջում էին լռություն պահել և միաժամանակ համբույր էին ուղարկում։ Դ’Արտանյանը մի մեղմ, ուրախ ճիչ արձակեց։ Այդ կինը,— կամ ավելի ճիշտ՝ այդ տեսիլքը, որովհետև կառեթը սլանում էր կայծակի արագությամբ,— տիկին Բոնասիեն էր։

Հակառակ իր ստացած նախազգուշացման, դ’Արտանյանը մի ակամա շարժումով իր ձին բաց թողեց սրարշավ և մի քանի վայրկյանում հասավ կառեթին, բայց լուսամուտն արդեն ամուր վարագուրված էր։ Տեսիլքը չքացել էր։

Միայն այժմ դ’Արտանյանը հիշեց նախազգուշացումը. «Եթե դուք թանկ եք գնահատում ձեր կյանքը և այն մարդկանց կյանքը, որոնք սիրում են ձեզ, ոչ մի շարժում չանեք ե ձևացրեք, թե ոչինչ չեք տեսել»։

Նա կանդ առավ՝ վախից դողալով ոչ թե իր համար, այլ խեղճ կնոջ համար։ Երևի այս տեսակցությունը նշանակելով՝ նա մեծ վտանգի է ենթարկել իրեն։

Կառեթը շարունակում էր նույն արագությամբ առաջ սլանալ։ Հետո նա նետվեց Փարիզի մեջ և անհայտացավ։

Դ’Արտանյանը քարացած կանգնած մնաց և չգիտեր, թե ինչ մտածի։ Եթե դա տիկին Բոնասիեն էր և վերադառնում էր Փարիզ, ապա ինչի՞ համար էր այդ ակնթարթային տեսակցությունը, հայացքների այդ արագընթաց փոխանակությունը, այդ աննկատելի համբույրը։ Իսկ եթե այդ նա չէր, որ նույնպես միանգամայն հնարավոր էր, որովհետև կիսախավարի մեջ հեշտ էր սխալվել, եթե այդ նա չէր, ապա սա իր դեմ սարքած որոգայթի սկիզբը չէր արդյոք և արդյոք թշնամիները որպես հրապուրանքի առարկա չէի՞ն օգտագործել այն կնոջը, որի նկատմամբ իր սերը նա ոչ ոքից չէր թաքցրել։

Դ’Արտանյանի ուղեկիցները մոտեցան նրան։ Նրանք երեքն էլ հիանալի տեսել էին, թե ինչպես կառեթի լուսամուտից դուրս նայեց մի կնոջ գլուխ, սակայն, բացառությամբ Աթոսի, նրանցից ոչ ոք չէր ճանաչում տիկին Բոնասիեին։ Աթոսի կարծիքով դա հենց նա էր, բայց նա դ’Արտանյանի պես լարված չէր նայել կառեթի ներսը, ուստիև նրա խորքում չէր նկատել երկրորդ գլուխը, տղամարդու գլուխը։

— Եթե այդպես է,— ասաց դ’Արտանյանը,— ուրեմն, ըստ երևույթին, նրանք մի բանտից մի ուրիշ բանտ են փոխադրում նրան։ Բայց ի՞նչ են ուզում անել այդ խեղճ կնոջ հետ, և արդյոք երբևիցե կհանդիպե՞մ ես նրան։

— Բարեկամս,— լրջորեն խոսեց Աթոսը,— հիշեցեք, որ այստեղ, երկրիս երեսին միայն մեռելներին հանդիպել չի կարելի։ Մենք արդեն մի բան գիտենք դրա մասին, չէ՞։ Ուրեմն, եթե ձեր սիրած կինը չի մեռել, եթե հենց նրան տեսանք մենք կառեթում, ապա ուրեմն վաղ թե ուշ դուք կգտնեք նրան։ Եվ գուցե թե,— ավելացրեց նա իրեն հատուկ մռայլ տոնով,— գուցե թե այդ շատ ավելի շուտ կլինի, քան դուք եք ուզում։

Ժամացույցը խփեց յոթն անց կեսը, կառեթը նամակում նշված ժամից քսան րոպե ուշ էր անցել։ Ընկերները դ’Արտանյանին հիշեցրին, որ նա դեռ մի այցելություն էլ ունի, միաժամանակ նշելով, որ դեռ ուշ չէ այդ այցելությունից հրաժարվելը։

Բայց դ’Արտանյանը և՛ համառ էր, և՛ հետաքրքրասեր։ Նա հաստատ վճռել էր գնալ կարդինալի պալատը և իմանալ, թե ինչ է ուզում ասել իրեն նորին սրբազնությունը։ Ոչ մի բան չէր կարող ստիպել, որ նա փոխի իր որոշումը։

Նրանք հասան Սենտ Օնորե փողոցը և կարդինալի պալատի հրապարակում գտան իրենց կանչած տասներկու հրացանակիրներին, որոնք այնտեղ զբոսնում ու սպասում էին ընկերներին։ Եվ միայն այստեղ նրանց բացատրեցին, թե ինչու էին կանչել։

Դ’Արտանյանը արքայական հրացանակիրների գնդում մեծ համբավ ուներ, բոլորը գիտեին, որ ժամանակին նա իր տեղն է գրավելու այնտեղ և նախապես իրենց ընկերոջ տեղն էին դնում։ Դրա համար էլ բոլորն ուրախությամբ համաձայնեցին մասնակցել այն գործին, որի համար հրավիրված էին։ Բացի այդ, խոսքը վերաբերում էր կարդինալին ու նրա մարդկանց անախորժություն պատճառելու հնարավորությանը, իսկ այդ պատվարժան ազնվականները միշտ էլ պատրաստ էին այդպիսի մի ձեռնարկության։

Աթոսը նրանց բաժանեց երեք խմբի, մեկի հրամանատարությունը ստանձնեց ինքը, երկրորդը դրեց Արամիսի տրամադրության տակ, երրորդը՝ Պորտոսի, ապա խմբերից ամեն մեկը տեղավորվեց պալատի մոտերքում, դռներից մեկի դիմաց։

Ինչ վերաբերում է դ’Արտանյանին, ապա նա խրոխտ ներս մտավ գլխավոր դռնից։

Չնայած երիտասարդ գասկոնացին իր համար ուժեղ պաշտպանություն ուներ, բայց և այնպես լայն սանդուղքի աստիճաններով բարձրանալիս նա այնքան էլ հանգիստ չէր զգում իրեն։ Միլեդիի նկատմամբ նրա արարքը դավաճանության պես մի բան էր, իսկ նա շատ էր կասկածում, որ գոյություն ունեն քաղաքական բնույթի ինչ֊որ հարաբերություններ, որոնք այդ կնոջը կապում են կարդինալի հետ։ Բացի դրանից, դը Վարդը, որին նա այնպես դաժանորեն տրորել էր, նորին սրբազնության նվիրված մարդկանցից մեկն էր, իսկ դ’Արտանյանը գիտեր, որ եթե նորին սրբազնությունը սարսափելի էր իր թշնամիների համար, ապա միաժամանակ ջերմորեն կապված էր իր բարեկամների հետ։

«Եթե դը Վարդը կարդինալին պատմել է մեր ընդհարման մասին, որ կասկածից վեր է, ապա ես պետք է համարյա թե դատապարտված համարեմ ինձ,— մտածում էր դ’Արտանյանը գլուխն օրորելով։— Բայց այդ դեպքում ինչո՞ւ էր կարդինալը սպասում մինչև այսօր։ Ասենք շատ պարզ է, միլեդին ինձնից գանգատվել է նրան այն կեղծ֊թախծալի տեսքով, որն այնպես սազում է նրան, և այս վերջին հանցանքը լցրել է համբերության բաժակը։ Բարեբախտաբար,— մտածում էր դ’Արտանյանը,— իմ բարեկամները կանգնած են ներքևում և չեն թողնի ինձ տանել, փորձ կանեն փրկել։ Բայց պարոն դը Տրևիլի հրացանակիրների վաշտը չի կարող միայնակ կռվել կարդինալի դեմ, որի ձեռքումն է ամբողջ Ֆրանսիայի զորքը և որի առջև թագուհին անզոր է, իսկ թագավորը՝ կամազուրկ։ Դ’Արտանյան, բարեկամս, դու քաջ ես, դու հիանալի հատկություններ ունես, բայց կանայք կկործանեն քեզ»։

Այս էր այն տխուր հետևությունը, որ արեց նա, երբ մտավ նախասենյակ և նամակը տվեց ծառայողին։ Վերջինս նրան առաջնորդեց ընդունարան և ինքը չքացավ պալատի խորքում։

Ընդունարանում կային կարդինալի գվարդիականներից հինգ թե վեց հոգի։ Տեսնելով դ’Արտանյանին, որը, ինչպես նրանց հայտնի էր, վիրավորել էր Ժյուսակին, նայեցին նրան մի տեսակ տարօրինակ ժպիտով։

Այդ ժպիտը դ’Արտանյանին վատ նախանշան թվաց։ Բայց մեր գասկոնացուն վախեցնելն այնքան էլ հեշտ բան չէր, կամ, ավելի ճիշտ, իր գավառի բնակիչներին հատուկ հսկայական ինքնասիրության շնորհիվ նա չէր սիրում մարդկանց ցույց տալ այն, ինչ կատարվում է իր հոգում, եթե այն, ինչ այնտեղ կատարվում էր, վախ էր հիշեցնում։ Նա հպարտ֊հպարտ անցավ պարոնայք գվարդիականների կողքով և ձեռքերը կողերին կանթելով կանգ առավ սպասողական դիրքով, որ զուրկ չէր վեհությունից։

Ծառայողը վերադարձավ և նշանով դ’Արտանյանին առաջարկեց հետևել իրեն։ Երիտասարդին թվաց, թե գվարդիականները սկսեցին փսփսալ իր հետևից։

Նա միջանցքն անցավ, ապա անցավ մի մեծ դահլիճ, մտավ գրադարան և կանգ առավ ինչ֊որ մարդու առաջ, որը գրասեղանի մոտ նստած գրում էր։

Ծառայողը դուրս գնաց առանց մի բառ ասելու։ Դ’Արտանյանը կանգնել ու նայում էր այդ մարդուն։

Սկզբում նրանց թվաց, թե իր առջև դատավոր է, որն ինչ֊որ գործ է ուսումնասիրում, բայց շուտով նկատեց, որ սեղանի մոտ նստած մարդը գրում, կամ ավելի ճիշտ՝ ուղղում է անհավասար երկարությամբ տողերը, մատներով վանկերը հաշվելով։ Նա հասկացավ, որ իր առջև նստած մարդը բանաստեղծ է։ Մի րոպե անց՝ բանաստեղծը ծածկեց իր ձեռագիրը, որի շապիկին գրված էր. «Միրամ, ողբերգություն հինգ գործողությամբ», և գլուխը բարձրացրեց։

Դ’Արտանյանը ճանաչեց կարդինալին։

Comments