Chapter 4
Առաջին մաս IV. Աթոսի ուսը, Պորտոսի լանջագոտին և Արամիսի թաշկինակը
Դ’Արտանյանը կատաղածի պես մի երեք ոստյունով սլացավ ընդունարանի միջով և դուրս նետվեց սանդուղքի հարթակը, որով ուզում էր ամբողջ թափով ցած վազել, բայց հանկարծ դիպավ մի հրացանակրի, որը պ-րն դը Տրևիլի տնից դուրս էր գալիս կողքի դռնով։ Հրացանակիրը ճչաց կամ ավելի ճիշտ՝ ոռնաց ցավից։
— Ներեցեք ինձ,— ասաց դ’Արտանյանը՝ մտադիր լինելով շարունակել իր ճամփան — ներեցեք ինձ, բայց ես շտապում եմ։
Դեռ նա չէր իջել հաջորդ հարթակը, երբ մի երկաթե ձեռք բռնեց նրա լանջագոտին և տեղն ու տեղը կանգնեցրեց։
— Դուք շտապո՜ւմ եք,— գոչեց հրացանակիրը մեռյալի պես սփրթնած,— և այդ պատրվակով մարդկանց վրա եք ընկնում, ասում եք «ներեցեք» և դրանով էլ հարցն սպառվա՞ծ եք համարում։ Ամենևին էլ այդպես չէ, երիտասարդ։ Չլինի՞ կարծում եք, որ եթե այսօր պարոն դը Տրևիլը խիստ խոսեց մեզ հետ, ապա դա ձեզ իրավունք է տալիս բանի տեղ չդնել մեզ։ Սխալվում եք, երիտասարդ։ Դուք պարոն Տրևիլը չե՛ք։
— Հավատացեք ինձ,— պատասխանեց դ’Արտանյանը ճանաչելով Աթոսին, որը վիրակապվելուց հետո վերադառնում էր տուն,— հավատացեք ինձ, դա ես պատահաբար արի, և պատահաբար անելով ասացի. «Ներեցեք ինձ»։ Իմ կարծիքով այդ բավական է։ Եվ հիմա ես կրկնում եմ, ու թերևս դա ավելորդ էլ է, որ ես շտապում եմ, շատ եմ շտապում։ Ուստի խնդրում եմ ձեզ բաց թողեք ինձ, մի՛ ուշացրեք։
— Պարո՛ն,— ասաց Աթոսը՝ բաց թողնելով դ’Արտանյա-նի լանջագոտին,— դուք անտաշ մարդ եք։ Իսկույն երևում է, որ հեռվից եք եկել։
Դ’Արտանյանն արդեն մի երեք աստիճան ցած էր իջել, բայց Աթոսի խոսքերը նրան ստիպեցին կանգ առնել։
— Գրողը տանի, պարոն,— գոչեց նա։— Թեպետև ես հեռվից եմ եկել, բայց դուք չէ, որ ինձ կարգին վարվեցողություն պիտի սովորեցնեք, նախազգուշացնում եմ ձեզ։
— Ո՛վ գիտի,— ասաց Աթոսը։
— Ա՜խ, եթե ես այսպես շտապելիս չլինեի,— գոչեց դ’Արտանյանը,— և եթե ես վազելիս չլինեի մի մարդու հետևից...
— Դե ուրեմն, պարոն Աճապարող, դուք ինձ կգտնեք առանց իմ հետևից վազելու, լսու՞մ եք։
— Բայց որտե՞ղ, չէի՞ք բարեհաճի ասել։
— Դեշո վանքի մոտ։
— Ո՞ր ժամին։
— Տասներկուսին մոտ։
— Տասներկուսին մո՞տ։ Լավ, կլինեմ այնտեղ։
— Աշխատեցեք ինձ սպասել չտալ։ Տասներկուսից քառորդ անց ես հենց ճամփին կթռցնեմ ձեր ականջները։
— Լավ,— գոչեց դ’Արտանյանը։— Ես կներկայանամ տասներկուսին տաս պակաս։
Եվ դիվահարի պես սկսեց վազել, դեռևս հուսալով, թե կհասնի այն անծանոթի հետևից, որն առանձնապես շատ հեռու գնացած լինել չէր կարող, որովհետև քայ-լում էր դանդաղ։
Բայց դարպասի մոտ նա տեսավ Պորտոսին, որը զրուցում էր ժամապահի հետ։ Երկու զրուցակիցների միջև մնում էր մի ազատ տարածություն, որով կարող էր անցնել մեկ մարդ։ Դ’Արտանյանին թվաց, թե այդ տարածությունը բավական է, և առաջ նետվեց՝ հուսալով անցնել նրանց միջով։ Սակայն դ’Արտանյանը հաշվի չէր առել քամին։ Այն վայրկյանին, երբ նա պատրաստվում էր զրուցակիցների արանքով ցատկելու, քամին փքեց Պորտոսի երկար թիկնոցը, և դ’Արտանյանը խճճվեց նրա ծալքերի մեջ։ Պորտոսը, ըստ երևույթին, ծանրակշիռ պատճառներ ուներ չբաժանվելու իր հագուստի այդ կարևոր մասից, և փոխանակ ձեռքից բաց թողնելու փեշը, որ բռնել էր, նա քաշեց այն իր կողմը, այնպես, որ դ’Արտանյանը համառ Պորտոսի հանցանքով մի ինչ-որ պտուտաշարժում կա-տարելով բոլորովին փաթաթվեց թիկնոցի թավիշի մեջ։
Լսելով այն նզովքները, որ տեղում էր հրացանակիրը, դ’Արտանյանը կույրի պես շոշափում էր ծալքերը՝ ճգնելով դուրս պրծնել թիկնոցի տակից։ Նա ամենից ավելի երկյուղ էր կրում, թե որևէ կերպ կարող է վնաս պատճառել շքեղ լանջագոտուն, որի մասին մենք արդեն պատմել ենք։ Սակայն վախվխելով աչքերը բանալով՝ նա տեսավ, որ իր քիթը դեմ է առել Պորտոսի մեջքին, ուղիղ երկու թիակների միջև, այլ խոսքով ասած՝ հենց լանջագոտուն։
Ավա՜ղ, ինչպես շատ բան այս աշխարհում, որ միայն դրսից է փայլում, այնպես էլ Պորտոսի ոսկեկար լանջագոտին փայլում էր միայն առջևի կողմից, իսկ հետևի կողմից պատրաստված էր հասարակ գոմեշի կաշվից։ Պորտոսը, որպես իսկական պարծենկոտ, հնարավորություն չունենալով ամբողջովին ոսկեկար լանջագոտի ձեռք բերել, ձեռք էր բերել մի լանջագոտի, որը գոնե առջևի կողմից ոսկեկար էր։ Այս տեղից էլ նրա հնարովի մրսածությունը և թիկնոց կրելու ան-հրաժեշտությունը։
— Սատանա՛,— գոռում էր Պորտոսը՝ անասելի ջանքեր գործադրելով, որպեսզի ազատվի դ’Արտանյանից, որը պրպտում էր նրա թիկունքում։— Խելագարվե՞լ եք դուք, ի՞նչ եք մարդկանց վրա ընկնում։
— Ներեցեք,— խոսեց դ’Արտանյանը՝ դուրս նայելով հսկայի արմունկի տակից։— Բայց ես շատ եմ շտապում։ Ես շտապում եմ մի մարդու հետևից հասնելու...
— Դուք, ի՛նչ է, ձեր աչքերը տա՞նն եք մոռանում, երբ վազում եք մեկի հետևից,— գոռում էր Պորտոսը։
— Ո՛չ,— նեղացած ասաց դ’Արտանյանը։— Ոչ, և իմ աչքերը ինձ հնարավորություն են տալիս նույնիսկ տեսնելու այն, ինչ ուրիշները չեն տեսնում։
Հասկացա՞վ արդյոք Պորտոսը, թե՞ չհասկացավ, սակայն նա լիակատար ազատություն տվեց իր ցասումին։
— Պարո՛ն,— մռնչաց նա։— Նախազգուշացնում եմ ձեզ. եթե դուք վիրավորեք հրացանակիրներին, ձեր բանը քոթակով կվերջանա։
— Քոթակով,— հարցրեց դ’Արտանյանը։— Խիստ չի՞ ասված։
— Ասել է մի մարդ, որ սովոր է նայելու իր թշնամիների երեսին։
— Բա՜ն ասացիք։ Ինձ շատ լավ հայտնի է, որ դուք ձեր թիկունքը ոչ ոքի ցույց չեք տա։
Եվ պատանին իր սրամիտ կատակից հիացած՝ առաջ շարժվեց՝ քրքրջալով ամբողջ կոկորդով։
Պորտոսը կատաղի ցասումով մի շարժում արեց, մտադիր լինելով հարձակվել իրեն վիրավորողի վրա։
— Հետո, հետո,— ձայն տվեց դ’Արտանյանը։— Երբ ձեզ վրա թիկնոց չի լինի։
— Նշանակում է՝ ժամը մեկին, Լյուքսեմբուրգյան պալատի ետևում։
— Հրաշալի, ժամը մեկին,— պատասխանեց դ’Արտանյանը շրջվելով փողոցի անկյունը։ Սակայն ոչ այն փողոցով, որով նա վազեց, ոչ էլ այն փողոցով, որն այժմ նրա հայացքի առաջ էր, ոչ մի շունչ չէր երևում։ Որքան էլ դանդաղ էր քայլում անծանոթը, այնուամենայնիվ նա կարողացել էր անհայտանալ կամ մտնել տներից մեկը։ Դ’Արտանյանը բոլոր հանդիպողներին հարցուփորձ էր անում նրա մասին, իջավ գետանցը, վերադարձավ Սենի և Ալ Խաչի փողոցներով։ Ոչինչ չկար, ուղղակի ոչինչ։ Այնուամենայնիվ այս վազվզոցը նրան օգուտ տվեց, որքան նրա ճակատը քրտնում էր, այնքան սիրտը պաղում էր։
Նա խորասուզվեց անցյալի իրադարձությունների մեջ։ Դրանք շատ էին և բոլորն էլ անբարենպաստ։ Ընդամենը առավոտվա ժամը տասնմեկն էր, բայց այդ առավոտ արդեն նա զրկվել էր դը Տրևիլի շնորհից, քանի որ դը Տրևիլը չէր կարող սանձարձակություն չհամարել դ’Արտանյանի անակնկալ հեռացումը։ Բացի այդ՝ նա իր վզին էր փաթաթել երկու մենամարտ այնպիսի մարդկանց հետ, որոնցից յուրաքանչյուրը կարող էր երեք դ’Արտանյան սպանել, մի խոսքով՝ երկու հրացանակիրների հետ, այսինքն՝ այնպիսի էակների, որոնց նկատմամբ ինքն այնպիսի երկյուղածություն էր զգում, որ սրտի խորքում նրանց բոլոր մարդկանցից բարձր էր դասում։
Դրությունն անուրախ էր։ Համոզված լինելով, որ Աթոսն իրեն կսպանի, նա, միանգամայն հասկանալի է, այնքան էլ չէր անհանգստանում Պորտոսի հետ մենամարտելու մասին։ Այնուամենայնիվ, որովհետև հույսը ամենավերջին բանն է, որ մարում է մարդու հոգում, նա սկսեց հուսալ, որ թեկուզ և սոսկալի վերքեր կստանա, բայց և այնպես ողջ կմնա, և այս դեպ-քում, հուսալով, որ ապագայում էլ ապրելու է, արդեն նախատում էր իրեն իր սխալների համար։
«Ի՜նչ անխելք, անտաշն եմ ես։ Այն խեղճ ու քաջ Աթոսը հենց մեջքից էր վիրավորված, իսկ ես ոչխարի պես հենց մեջքին խփեցի գլխով։ Միայն զարմանալ կարելի է, որ հենց տեղն ու տեղը չսպանեց ինձ. նա իրավունք ուներ այդպես անելու։ Երևի զարհուրելի ցավ պատճառեցի ես նրան։ Ինչ վերաբերում է Պորտո-սին, о՜, ինչ վերաբերում է Պորտոսին, աստված վկա, դա մի զվարճալի բան է...»։
Եվ երիտասարդը, չնայած իր մռայլ մտքերին, չկարողացավ ծիծաղը զսպել, բայց միաժամանակ իր շուրջն էր նայում, թե արդյոք որևէ մեկին վիրավորական չի՞ թվա միայնակ մարդու այդ պատճառազուրկ ծիծաղը։
«Ինչ վերաբերում է Պորտոսին, ապա զվարճալի բան է։ Բայց և այնպես ես հիմար եմ։ Մի՞թե կարելի է այդպես մարդկանց վրա ընկնել,— մի մտածե՜ք,— և նայել նրանց թիկնոցի տակը՝ տեսնելու այն, ինչ որ չկա այնտեղ։ Նա կներեր ինձ, իհարկե, կներեր, եթե ես նրա օձիքից չկպչեի այն անիծյալ լանջագոտու պատմությունով։ Ճիշտ է, ես միայն ակնարկ արի, բայց ինչպիսի՜ ճարպիկ ակնարկ։ Ա՜խ, գրողի տարած գասկո-նացի եմ ես. նույնիսկ դժոխքում, կրակի վրա էլ ես կսրախոսեմ։ Սիրելի բարեկամս, դ’Արտանյան,— շարունակեց նա՝ միանգամայն հասկանալի սիրալիրությամբ դիմելով ինքն իրեն,— եթե դու ողջ մնաս, որ բավական անհավանական բան է, պետք է այսուհետև օրինակելի, խելամիտ լինես։ Այսուհետև բոլորը պետք է հիանան քեզանով և մատով ցույց տան քեզ։ Քաղաքավարի և սի-րալիր լինելը չի նշանակում վախկոտ լինել, նայիր թեկուզ Արամիսին։ Արամիսը ինքը հեզությունն է, քաղաքավարության մարմնացումը։ Բայց մի՞թե որևէ մեկի մտքով կանցնի Արամիսին վախկոտ անվանել։ Իհարկե ոչ։ Եվ այսուհետև ես ամեն բանում պետք է նրանից օրինակ վերցնեմ։ Ախ, ահա հենց ինքը»։
Դ’Արտանյանը շարունակելով իր հետ խոսել հասել էր դ’Էգիլիոնի առանձնատանը և այնտեղ էլ տեսավ Արամիսին, որը հենց ուղիղ տան առաջ կանգնած զրուցում էր կարդինալի երկու գվարդիականների հետ։ Արամիսն էլ իր հերթին նկատեց դ’Արտանյանին։ Նա չէր մոռացել, որ այս առավոտ պ-րն դը Տրևիլը այդ պատանու ներկայությամբ այդքան խիստ հանդիմանություն էր արել։ Այդ մարդը, որն հնարավորություն էր ունեցել լսելու, թե ինչպիսի նախատինքներ են տեղում հրացանակիրների վրա, Արամիսին հաճելի մարդ չէր և նա այնպես ձևացրեց, թե նրան չի նկատում։ Այնինչ դ’Արտանյանը, տարված պարկեշտության ու բարեկրթության օրինակ դառնալու իր պլաններով, մոտեցավ երիտասարդներին և ամենասիրալիր ժպիտը դեմքին, նրբին շարժումներ անելով ողջունեց նրանց։ Արամիսը թեթևակի գլուխ տվեց, բայց առանց ժպիտի։ Եվ այդ րոպեին երեքն էլ խոսակցությունն ընդհատեցին։
Դ’Արտանյանն այնքան հիմար չէր, որ չնկատեր իր ավելորդ լինելը։ Բայց դեռ բավականաչափ հմուտ չէր բարձր հասարակության վարվեցողությանը, որպեսզի մի ելք գտներ այն անհարմար դրությունից, որի մեջ ընկնում է մարդ, երբ մոտենում է իրեն քիչ ծանոթ մարդկանց և խառնվում մի խոսակցության, որն իրեն չի վերաբերում։ Նա հենց մի հարմար միջոց էր որոնում, որպեսզի առանց իր արժանապատվությունը վնասելու հեռանա այնտեղից, երբ հանկարծ նկատեց, որ Արամիսը մի թաշկինակ գցեց և, երևի ցրվածության պատճառով, ոտքը դրեց նրա վրա։ Դ’Արտանյանին թվաց, թե անհարմար վիճակից դուրս գալու առիթ է գտել։ Նա կռացավ և ամենասիրալիր ձևով թաշկինակը դուրս քաշեց հրացանակրի ոտքի տակից, որքան էլ նա ամուր էր սեղմել այն։
— Ահա ձեր թաշկինակը, պարոն,— ասաց նա ամենապարկեշտ ձևով,— դուք երևի կափսոսայիք, եթե կորցնեիք այն։
Թաշկինակն, իրոք, շքեղորեն ասեղնագործված էր և նրա մի անկյունում երևում էին թագ ու զինանիշ։ Արամիսն ամբողջովին կարմրատակեց և ավելի շուտ թռցրեց թաշկինակը գասկոնացու ձեռքից, քան թե վերցրեց։
— Այդպես, այդպես,— բացականչեց գվարդիականներից մեկը,— այժմ մեր ծածկամիտ Արամիսն այլևս չի փորձի մեզ հավատացնել, թե ինքը վատ հարաբերությունների մեջ է տիկին դը Բուա-Տրասիի հետ, քանի որ այդ երիտասարդ տիկինն այնքան սիրալիր է եղել, որ սրան է տվել իր թաշկինակը։ Արամիսը դ’Արտանյանի վրա գցեց այնպիսի մի հայացք, որը մարդուն պարզ հասկացնում է, թե նա ինքն իր համար մի մահացու թշնամի վաստակեց, բայց և իսկույն անցավ իր սովորական քաղցրավուն տոնին։
— Սխալվում եք, պարոնայք,— ասաց նա։— Այս թաշկինակն ամենևին էլ ինձ չի պատկանում, և ես չգիտեմ, թե ինչու այս պարոնի խելքին փչեց հատկապես ինձ տալ այն և ոչ թե ձեզնից որևէ մեկին։ Ասածիս լավագույն ապացույց կարող է ծառայել այն, որ իմ թաշկինակը գրպանումս է։
Այս ասելով, նա գրպանից հանեց իր սեփական թաշկինակը, որը նույնպես շատ գեղեցիկ էր, կարված նուրբ բատիստից,— իսկ բատիստն այն տարիներին շատ թանկ էր,— սակայն առանց որևէ ասեղնագործության ու զինանիշի, միայն անկյունում՝ տիրոջ անվան սկզբնատառը։
Այս անգամ դ’Արտանյանը լուռ մնաց. նա հասկացավ իր սխալը։ Սակայն Արամիսի ընկերները չուզեցին հավատալ, չնայած նրա բոլոր հավաստիացումներին։ Նրանցից մեկը շինծու լրջությամբ դարձավ հրացանակրին։
— Եթե բանն այդպես է, ինչպես դու ես ասում, սի-րելի Արամիս,— ասաց նա,— ես ստիպված պիտի լինեմ պա-հանջել քեզանից այդ թաշկինակը։ Ինչպես քեզ հայտնի է, Բոլա-Տրասին իմ մերձավոր բարեկամն է, և ես չեմ ցանկանում, որ որևէ մեկը պարծենա նրա կնոջը պատկանող իրերով։
— Դու այնպես չես խնդրում այդ, ինչպես պետք է,— պատասխանեց Արամիսը։— Եվ ընդունելով քո պահանջի իրավացիությունը, այնուամենայնիվ, ես կմերժեմ այն, նկատի ունենալով պահանջելու ձևը։
— Իսկապես,— վարանելով ասաց դ’Արտանյանը,— ես չտեսա, որ թաշկինակը պարոն Արամիսի գրպանից ըն-կավ։ Պարոն Արամիսը ոտքը դրեց նրա վրա, և ես էլ կար-ծեցի, թե թաշկինակը նրան է պատկանում։
— Եվ սխալվել եք,— սառն արտասանեց Արամիսը, ասես չնկատելով, որ դ’Արտանյանը ցանկանում է մեղմել իր մեղքը։
— Ի դեպ,— շարունակեց Արամիսը՝ դառնալով այն գվարդիականին, որը մեջ էր բերել իր մտերմությունը Բուա-Տրասիի հետ։— Ես հիշեցի, թանկագինս, որ կոմս Բուա-Տրասիի հետ ես ավելի պակաս քնքուշ բարեկամությամբ չեմ կապված, քան դու, նրա մերձավոր բա-րեկամդ, այնպես որ... թաշկինակը նույնպիսի հաջողությամբ կարող էր ընկնել քո գրպանից, ինչպես իմից։
— Ո՛չ, երդվում եմ պատվովս,— գոչեց գվարդիականը։
— Դու պատվովդ կերդվես, իսկ ես կերաշխավորեմ ազնիվ խոսքով, և մեզնից մեկը ակներևաբար ստախոս կլինի։ Գիտե՞ս ինչ, Մոնտարան, արի, ավելի լավ է կի-սենք այն։
— Թաշկինա՞կը։
— Այո։
— Հրաշալի է,— բացականչեցին գվարդիական երկու ընկերները։— Սողոմոնի դատաստան<ref>Սողոմոնի դատաստան — նշանակում է իմաստուն և արդարացի դատ։ Սողոմոնը՝ Դավիթ թագավորի որդին, Հրեական թագավորության թագավորը (մոտ՝ 965-928 մ.թ.ա.), ըստ ավանդության եղել է հնադարի մեծագույն իմաստուններից մեկը։</ref>։ Արամիս, դու իսկապես որ մարմնացած իմաստություն ես։
Երիտասարդները քրքջացին, և ամբողջ գործը, ինչ-պես պարզ է ամեն մեկին, սրանով էլ վերջացավ։ Մի քանի րոպեից խոսակցությունն ընդհատվեց, և զրուցակիցները սրտագին իրար ձեռք սեղմելով բաժանվեցին։ Գվարդիականները մի կողմ գնացին, Արամիսը՝ մյուս։
«Ահա այս ազնիվ մարդու հետ հաշտվելու հարմար ժամանակ»,— մտածեց դ’Արտանյանը, որն այս խոսակցության ամբողջ ընթացքում մի կողմ էր կանգնած։ Եվ բարի մղումին ենթարկվելով նա շտապեց hասնելու հրացանակրի հետևից, որը գնում էր այլևս առանց ուշադրություն դարձնելու դ’Արտանյանի վրա։ — Պարո՛ն,— ձայն տվեց դ’Արտանյանը հրացանակրի հետևից հասնելով,— հուսով եմ, որ դուք կներեք ինձ։
— Ողորմած տեր,— ընդհատեց նրան Արամիսը,— թույլ տվեք ասել ձեզ, որ այս գործում դուք վարվեցիք այնպես, ինչպես վայել չէր ազնիվ մարդուն։
— Ինչպե՜ս, ողորմած տեր,— գոչեց դ’Արտանյանը։— Դուք կարող եք ենթադրել, որ...
— Ես ենթադրում եմ, պարոն, որ դուք հիմար մարդ չեք, և ձեզ, թեպետև դուք Գասկոնից եք եկել, պետք է հայտնի լինի, որ առանց պատճառի թաշկինակի վրա ոտք չեն դնում։ Փարիզը, գրողը տանի, բատիստի թաշկինակներով չի սալահատակված։
— Պարոն, դուք իզուր եք ջանում ստորացնել ինձ,— գոչեց դ’Արտանյանը, որի կռվարար բնավորությունը սկսում էր հաղթել խաղաղ մտադրություններին։— Ես, իսկապես, Գասկոնից եմ եկել, և քանի որ ձեզ հայտնի է, կարիք չկա հիշեցնել, որ գասկոնացիներն այնքան էլ համբերատար մարդիկ չեն։ Այնպես որ, մի անգամ ներողություն խնդրելով թեկուզ իրենց արած հիմարության համար, նրանք համոզված են լինում, որ պետք եղածից կրկնակի ավել հիմարություն գործեցին։
— Պարո՛ն, ես այս ամենևին էլ ձեզ հետ կռվի բռնվելու ցանկությամբ չասացի։ Ես, փառք աստծո, մի ինչ-որ կռվարար չեմ, և որպես հրացանակիր ծառայում եմ միայն ժամանակավորապես։ Կռվի եմ բռնվում միայն, երբ ստիպված եմ լինում, և միշտ էլ մեծ տհա-ճությամբ։ Բայց այս անգամ կատակ բան չէ. այստեղ խոսքը վերաբերում է մի տիկնոջ, որին դուք անվանարկեցիք։
— Մե՜նք անվանարկեցինք,— գոչեց դ’Արտանյանը։
— Ինչո՞ւ դուք ինձ տվեցիք այդ թաշկինակը։
— Ինչպե՞ս վայր գցեցիք այդ թաշկինակը։
— Ես արդեն ասել եմ, պարոն, և կրկնում եմ, որ այդ թաշկինակն իմ գրպանից չի ընկել։
— Ուրեմն, պարոն, դուք երկու անգամ սուտ խոսեցիք, որովհետև ես ինքս տեսա, թե ինչպես այն ընկավ հենց ձեր գրպանից։
— Ա՜խ, ա՜յ թե ինչպես եք համարձակվում խոսել, պարոն գասկոնացի... Ես ձեզ կսովորեցնեմ, թե ինչպես պետք է պահեք ձեզ։
— Իսկ ես ձեզ ետ կուղարկեմ պատարագ մատուցելու, պարոն աբբատ։ Դուրս քաշեցեք ձեր սուսերը, խնդրեմ, և հենց այս րոպեին։
— Ո՛չ, ո՛չ, սիրելի բարեկամս, համենայն դեպս ո՛չ այստեղ։ Չե՞ք տեսնում, որ մենք դ’Էգիլիոնների տան դիմացն ենք գտնվում, որը լի է կարդինալի կամակատարներով։ Ո՞վ կվստահեցնի ինձ, որ հենց նորին սրբազնությունը չի հանձնարարել ձեզ իրեն տանել իմ գլուխը։ Իսկ գիտե՞ք, ես ծիծաղելի չափով թանկ եմ գնահատում իմ գլուխը։ Ինձ թվում է, որ այն բավական լավ է նստած իմ ուսերին։ Ուստիև ես, հանգիստ եղեք, համաձայն եմ սպանելու ձեզ, բայց սպանելու անաղմուկ, մի ծածուկ տեղ, որտեղ դուք չեք կարող որևէ մեկի մոտ պարծենալ ձեր մահով։
— Թող այդպես լինի։ Միայն թե շատ էլ ինքնավստահ մի՛ լինեք և ձեզ հետ վերցրեք ձեր թաշկինակը. ձեզ է պատկանում այն թե ոչ, բայց կարող է պետք գալ ձեզ։
— Դուք, պարոն, գասկոնացի՞ եք,— հեգնանքով հարցրեց Արամիսը։
— Այո՛։ Եվ գասկոնացիք սովորաբար մենամարտը չեն հետաձգում զգուշանալու նկատառումներով։
— Զգուշավորությունը, պարոն, հրացանակրի համար ավելորդ հատկություն է, այդ ես գիտեմ, բայց անհրաժեշտ է եկեղեցու սպասավորին։ Եվ որովհետև ես միայն ժամանակավորապես եմ հրացանակիր, ուստի գերադասում եմ զգուշավոր լինել։ Ժամը երկուսին ես պատիվ կունենամ հանդիպելու ձեզ պարոն դը Տրևիլի տանը։ Այնտեղ ես ձեզ կասեմ հարմար տեղը մենամարտի համար։
Երիտասարդները գլուխ տվին իրար, ապա Արամիսը գնաց այն փողոցով, որը տանում էր դեպի Լյուքսեմբուրգյան պալատ, իսկ դ’Արտանյանը տեսնելով, որ բավական ուշ է, քայլեց Դեշո վանքի կողմը։
«Ի՞նչ կարող ես անել,— խորհրդածում էր նա ինքն իրեն։— Ոչինչ չի կարելի ուղղել։ Միակ մխիթարությունն այն է, որ եթե սպանվեմ, ապա կսպանվեմ հրացանակրի ձեռքով»։