1. Երեք հրացանակիրներ

Chapter 38

Երկրորդ մաս VII. Միլեդիի գաղտնիքը

Դ’Արտանյանը դուրս եկավ առանձնատնից և չբարձրացավ Քեթիի մոտ, չնայած աղջկա համառ աղաչանքներին։ Նա այդ բանն արեց երկու պատճառով. նախ՝ որպեսզի խուսափի կշտամբանքներից, և երկրորդ որպեսզի մի փոքր կենտրոնանա և կարգի բերի իր մտքերը, ինչպես նաև հնարավորին չափ հասկանա այդ կնոջ մտքերը։

Միակ բանը, որ պարզ էր այդ ամբողջ պատմության մեջ, այն էր, որ Դ’Արտանյանը խենթի պես սիրում էր միլեդիին և որ միլեդին ամենևին չէր սիրում նրան։ Մի պահ դ’Արտանյանը մտածեց, որ իր համար ամենալավ ելքը կլինի գնալ տուն, մի երկար նամակ գրել միլեդիին և խոստովանել, որ ինքն ու դը Վարդը մինչև այժմ եղել են միևնույն անձը, հետևապես, դը Վարդին սպանելը հավասար կլինի ինքնասպանության։ Բայց նրան ևս համակել էր վրիժառության մի դաժան ծարավ։ Նա ուզում էր մեկ անգամ ևս տիրել այդ կնոջը, այս անգամ արդեն իր իսկական անունով, և որովհետև այդ վրիժառությունը նրա աչքում մի որոշ քաղցրություն ուներ, նա ի վիճակի չէր դրանից հրաժարվելու։

Հինգ թե վեց անգամ նա շրջեց Արքայական հրապարակով, ամեն մի տասը քայլից հետո ետ դառնալով, որպեսզի նայի միլեդիի սենյակների լույսին, որ թափանցում էր շերտափեղկի միջով։ Այսօր միլեդին այնպես չէր շտապում ննջարան գնալ, ինչպես առաջին անգամ, այդ ակներև էր։

Վերջապես լույսը մարեց։

Լույսի այդ շողերի հետ չքացան նաև անվճռականության հետքերը դ’Արտանյանի հոգու մեջ։ Նա մտաբերեց առաջին գիշերվա մանրամասնությունները և բորբոքուն սրտով ու այրվող դեմքով մտավ առանձնատուն և նետվեց Քեթիի սենյակը։

Քեթին, որ գունատ էր մահու պես և դողում էր ամբողջ մարմնով, ուզեց պահել իր սիրեկանին, սակայն միլեդին, որ շարունակ ականջ էր դնում, լսեց, թե ինչպես դ’Արտանյանը ներս մտավ և դուռը բաց արեց։

— Ներս եկեք,— ասաց նա։

Այս ամենն արվեց այնպիսի անասելի անպարկեշտությամբ, որ դ’Արտանյանը չէր կարողանում հավատալ լսածին ու տեսածին։ Նրան թվում էր, թե ինքը գործող անձ է դարձել այնպիսի մի ֆանտաստիկական արկածի մեջ, որպիսին մարդ միայն երազումն է տեսնում։

Այսուամենայնիվ նա թափով նետվեց դեպի միլեդին, ենթարկվելով այն ձգողական ուժին, որը ներգործում էր նրա վրա ինչպես մագնիսն է ազդում երկաթի վրա։

Դուռը ծածկվեց նրա հետևից։

Քեթին նետվեց այդ դռան մոտ։

Խանդը, կատաղությունը, վիրավորված հպարտությունը, սիրահարված կնոջ սրտի մեջ փոթորկվող բոլոր կրքերը նրան մղում էին մերկացնելու դ’Արտանյանին, սակայն նա ինքն էլ կկործանվեր, եթե խոստովաներ, որ մասնակից է եղել այդպիսի ինտրիգի, բացի այդ, դ’Արտանյանը ընդմիշտ կորած կլիներ իր համար։ Այս վերջին հանգամանքը, որ սիրո թելադրանքով էր, նրան տրամադրում էր կրկին անգամ և վերջին զոհաբերությունն անել։

Ինչ վերաբերում է դ’Արտանյանին, ապա նա հասել էր իր ցանկությունների գագաթին, միլեդին այժմ նրան սիրում էր ո՛չ որպես իր մրցակցի, նա սիրում էր կամ ձևացնում էր, թե սիրում է որպես հենց իրեն՝ դ’Արտանյանին։ Ճիշտ է, մի ներքին ձայն երիտասարդին ասում էր, որ նա սոսկ վրիժառության գործիք է, որ նրան փաղաքշում են միայն նրա համար, որ մարդ սպանի, բայց հպարտությունը, ինքնասիրությունը, խելացնոր հրապուրանքը լռել էին ստիպում այդ ձայնին, խեղդում էին այդ տրտունջը։ Բացի այդ, մեր գասկոնացին, որը, ինչպես հայտնի է, զուրկ չէր ինքնավստահությունից, մտքում ինքն իրեն համեմատում էր դը Վարդի հետ և ինքն իրեն հարց տալիս, թե ինչո՞ւ չի կարելի սիրել իրեն՝ հենց որպես դ’Արտանյանի։

Եվ ահա նա ամբողջովին անձնատուր էր եղել պահի զգացողություններին։ Միլեդին այլևս նրան չէր թվում սև մտքերով մի կին, որը մի պահ սարսափ էր ազդել նրա վրա։ Դա մի խանդավառ սիրուհի էր, որն ամբողջովին անձնատուր էր եղել սիրուն, ասես թե ինքն էլ բուռն սեր տածելով։ Այսպես անցավ մոտ երկու ժամ։

Մինչ այդ սիրահար զույգի բերկրանքի պոռթկումները մեղմացան։ Միլեդին, որը չուներ մոռացության այն պատճառները, որ դ’Արտանյանն ուներ, առաջինը վերադարձավ իրականության և հարցրեց երիտասարդին, թե նա հնարել է մի որևէ պատրվակ, որպեսզի հաջորդ օրը մենամարտի կանչի կոմս դը Վարդին։

Սակայն դ’Արտանյանի մտքերն այժմ բոլորովին այլ ընթացք էին ստացել, նա հիմարի պես կորցրել էր իրեն և կատակով առարկեց, թե հիմա շատ ուշ ժամ է սուսերամարտության մասին մտածելու համար։

Միլեդիին զբաղեցնող միակ հարցի նկատմամբ այդ անտարբերությունը վախեցրեց նրան, և նա սկսեց ավելի համառ հարցեր տալ։

Այն ժամանակ դ’Արտանյանը, որ երբեք լրջորեն չէր մտածել այդ անիմաստ մենամարտի մասին, փորձեց խոսակցությունը շուռ տալ ուրիշ նյութի, բայց դա արդեն նրա ուժից վեր էր։

Միլեդիի հաստատուն միտքն ու երկաթե կամքը նրան թույլ չտվին դուրս գալ նախապես որոշված սահմաններից։

Դ’Արտանյանն ավելի սրամիտ բան չգտավ, քան խորհուրդ տալ միլեդիին՝ ներել դը Վարդին և հրաժարվել իր դաժան մտադրությունից։

Բայց նրա առաջին իսկ խոսքերից դեռատի կինը ցնցվեց ու ետ քաշվեց նրանից։

— Չլինի՞ թե վախենում եք դուք, սիրելի դ’Արտանյան,— հեգնաբար ասաց նա սուր ձայնով, որը մի տեսակ տարօրինակ հնչեց խավարի մեջ։

— Ինչպե՞ս կարող եք այդպես մտածել, թանկագինս,— պատասխանեց դ’Արտանյանը։— Բայց ի՞նչ կասեք, եթե այդ խեղճ կոմս դը Վարդը ավելի քիչ մեղավոր է, քան կարծում եք դուք։

— Այսպես թե այնպես,— խստորեն ասաց միլեդին,— նա խաբել է ինձ, իսկ քանի որ այդպես է, նա արժանի է մահվան։

— Դե ուրեմն թող նա մեռնի, եթե դուք այդպես եք որոշել,— ասաց դ’Արտանյանն այնպիսի հաստատ տոնով, որ միլեդիին թվաց անսահման նվիրվածությամբ տոգորված։

Եվ նա նորից մոտեցավ երիտասարդին։

Մենք չենք կարող ասել, թե երկա՞ր տևեց արդյոք գիշերը միլեդիի համար, բայց դ’Արտանյանին թվում էր, թե ինքը դեռ երկու ժամ էլ չի անցկացրել նրա հետ, երբ շերտափեղկի միջով առկայծեցին ճառագայթները, որոնք շուտով ամբողջ ննջարանը ողողեցին պայծառ լույսով։

Այն ժամանակ, տեսնելով, որ դ’Արտանյանը պատրաստվում է հեռանալու, միլեդին հիշեցրեց նրան, որ խոստացել է վրեժ լուծել դը Վարդից։

— Ես պատրաստ եմ,— ասաց դ’Արտանյանը,— բայց նախ կուզենայի համոզվել մի բանում։

— Ի՞նչ բանում,— հարցրեց միլեդին։

— Որ դուք սիրում եք ինձ։

— Ինձ թվում է, ես արդեն ապացուցեցի այդ։

— Այո, և ես ձերն եմ հոգով ու մարմնով։

֊— Շնորհակալ եմ ձեզնից, իմ քաջ սիրեկան։ Բայց դուք էլ կապացուցեք, որ սիրում եք ինձ, ինչպես ես ապացուցեցի իմ սերը, այնպես չէ՞։

— Իհարկե,— հաստատեց դ’Արտանյանը,— բայց եթե դուք սիրում եք ինձ, ինչպես ասում եք, մի՞թե գեթ մի փոքր չափով չեք վախենում ինձ համար։

— Ինչո՞ւ պիտի վախենամ։

— Ինչպե՞ս թե ինչու։ Ես կարող եմ վտանգավոր վերք ստանալ, նույնիսկ սպանվել։

— Այդ չի կարող լինել,— ասաց միլեդին,— դուք այնքան քաջ եք և այնպես լավ եք տիրապետում սուսերին։

— Ասացեք, դուք չէի՞ք գերադասի մի ուրիշ միջոց, որը նույն ձևով վրեժ կլուծեր ձեզ համար և ավելորդ կդարձներ մենամարտը։

Միլեդին լուռ նայեց իր սիրեկանին։ Արշալույսի սպիտակ լույսը մի տարօրինակ ու չարագուշակ արտահայտություն էր տալիս նրա աչքերին։

— Իսկապես,— ասաց նա,— ինձ թվում է, թե դուք տատանվում եք։

— Ո՛չ, ես չեմ տատանվում, բայց այն ժամանակից, երբ դուք դադարել եք սիրել այդ խեղճ կոմսին, ճիշտն ասած՝ ես խղճում եմ նրան, և իմ կարծիքով ձեր սիրուց զրկվելը տղամարդու համար այնպիսի դաժան պատիժ է, որ հարկ չկա որևէ այլ պատիժ տալու նրան։

— Ո՞վ ասաց ձեզ, որ ես սիրել եմ նրան,— հարցրեց միլեդին։

— Համենայն դեպս, ես առանց ավելորդ պարծենկոտության կարող եմ մտածել, որ դուք հիմա ուրիշին եք սիրում,— ասաց երիտասարդը քնքուշ տոնով,— և կրկնում եմ, ես կարեկցում եմ կոմսին։

— Դո՞ւք։

— Այո, ես։

— Բայց ինչո՞ւ հատկապես դուք։

— Որովհետև միայն ես գիտեմ, որ...

— Ի՞նչ։

— Որ նա ամենևին էլ այնքան մեղավոր չէ, կամ ավելի ճիշտ՝ մեղավոր չի եղել ձեր նկատմամբ, ինչպես թվում է ձեզ։

— Բացատրեցեք,— ասաց միլեդին անհանգիստ ձայնով,— բացատրեցեք, որովհետև ես, իսկապես, չեմ հասկանում, թե ինչ եք ուզում ասել դրանով։

Նա նայում էր դ’Արտանյանին, որն իր գիրկն էր առել նրան, և միլեդիի աչքերում մի կայծ երևաց։

— Ես արդարամիտ մարդ եմ,— ասաց դ’Արտանյանը վճռելով վերջ տալ այս ամենին,— և այն ժամանակից, երբ ձեր սերը ինձ է պատկանում, այն ժամանակից, երբ ես համոզված եմ ձեր սիրուն, իսկ ես կարող եմ համոզված լինել ձեր սիրուն, չէ՞։

— Այո, իհարկե։ Հետո՞։

— Ահա ուրեմն։ Ես ուրախությունից ինձ կորցրել եմ և ուզում եմ մի խոստովանություն անել։

— Խոստովանությո՞ւն։

— Եթե ես կասկածեի ձեր սիրուն, չէի անի այդ, բայց չէ՞ որ դուք ինձ սիրում եք, իմ չքնաղ սիրուհի։ Ճիշտ չե՞մ ասում, որ դուք ինձ սիրում եք։

— Հասկանալի է՝ սիրում եմ։

— Այդ դեպքում ասացեք, կներեի՞ք դուք ինձ, եթե ձեզ չափազանց սիրելուց մի մեղք գործեի ձեր հանդեպ։

— Հնարավոր է։

Դ’Արտանյանը ամենաքնքուշ ժպիտով ուզեց իր շուրթերը մոտեցնել միլեդիի շուրթերին, բայց միլեդին վանեց նրան։

— Խոստովանություն...— ասաց նա գունատվելով։—Ի՞նչ խոստովանություն է այդ։

— Դուք անցյալ հինգշաբթի այստեղ, այս նույն սենյակում տեսակցություն ունեիք դը Վարդի հետ, չէ՞։

— Ե՞ս։ Ո՛չ։ Այդպիսի բան չի՛ եղել,— ասաց միլեդին այնպիսի հաստատ տոնով և դեմքի այնպիսի խաղաղ արտահայտությամբ, որ եթե դ’Արտանյանը լիովին վստահ չլիներ, կարող էր կասկածել իր ասածին։

— Մի՛ ստեք, իմ չքնաղ հրեշտակ,— ժպիտը դեմքին առարկեց երիտասարդը,— դա անօգուտ բան է։

— Ի՞նչ է նշանակում այս ամենը, ասացեք վերջապես, դուք ինձ սպանում եք։

— Օ՜, հանգստացեք, իմ նկատմամբ դուք ոչ մի մեղք չունեք, և ես արդեն ներել եմ ձեզ։

— Բայց հետո՞, հետո՞։

— Դը Վարդը ոչ մի բանով պարծենալ չի կարող։

— Ինչո՞ւ։ Չէ՞ որ հենց դուք էիք ասում, որ այն մատանին...

— Ի՛մ սեր, այն մատանին ինձ մոտ է։ Կոմս դը Վարդը, որ հինգշաբթի օրը ձեզ մոտ էր, և այսօրվա դ’Արտանյանը միևնույն անձն է։

Անզգույշ երիտասարդը սպասում էր, թե կտեսնի ամոթահար զարմանք, թեթև հուզմունք, որը կվերջանա արցունքներով, բայց նա դաժանորեն սխալված էր, և նրա մոլորությունը երկար չտևեց։

Միլեդին սփրթնած ու զարհուրելի՝ բարձրացավ տեղից և դ’Արտանյանի կրծքին մի ուժեղ հարված տալով դուրս թռավ անկողնուց։

Արդեն բոլորովին լույս էր։

Ցանկանալով ներողություն աղերսել դ’Արտանյանը բռնեց նրա գիշերաշապկի թևքից, որ կարված էր հնդկական նուրբ կտորից, բայց միլեդին ձիգ տվեց, որպեսզի դուրս պրծնի նրա ձեռքից։ Այս ուժեղ ու կտրուկ շարժումից բատիստը պատռվեց, և բացվեցին միլեդիի ուսերը, և նրա ձյունափառ կլորիկ ուսին դ’Արտանյանը անասելի սոսկումով տեսավ մի շուշան ծաղիկ, անջնջելի մի նշան, որ դրել էր դահճի ձեռքը։

— Ողորմա՜ծ աստված,— գոչեց երիտասարդը՝ բաց թողնելով գիշերաշապիկը։

Եվ քարացավ անկողնում՝ լուռ, անշարժ, արյունը պաղած։

Բայց հենց դ’Արտանյանի սոսկումը միլեդիին ասաց, որ նա մերկացված է, անտարակույս երիտասարդն ամեն ինչ տեսել էր։ Այժմ դ’Արտանյանը գիտեր նրա գաղտնիքը, մի զարհուրելի գաղտնիք, որ ոչ ոքի հայտնի չէր։

Միլեդին դարձավ դեպի նա՝ արդեն ոչ որպես կատաղած կին, այլ որպես վիրավոր հովազ։

— Սրիկա՛,— ասաց նա,— բավական չէ, որ ստորաբար դավաճանել ես ինձ, դեռ իմ գաղտնիքն է՞լ իմացար։ Դու կմեռնե՛ս։

Նա մոտ վազեց մի զարդարուն արկղիկի, որ դրված էր նրա հարդասեղանի վրա, բաց արեց այն զայրույթից դողացող ձեռքով, հանեց ոսկեկոթ, սուր բերանով մի դաշույն և ետ նետվեց դեպի կիսամերկ դ’Արտանյանը։

Երիտասարդ գասկոնացին քաջ տղա էր, դա մեզ հայտնի է, բայց նրան էլ սարսափեցրին այդ աղճատված դեմքը, այդ հրեշավոր լայնացած բիբերը, գունատ այտերը և արնակարմիր շրթունքները։ Նա ետ քաշվեց պատի կողմը, ասես օձ էր սողում դեպի իրեն, նրա քրտնած ձեռքը պատահաբար դիպավ իր սուսերին, և նա դուրս քաշեց այն պատյանից։

Սակայն միլեդին, առանց ուշադրություն դարձնելու սուսերի վրա, փորձում էր բարձրանալ մահճակալի վրա, որպեսզի երիտասարդին հարվածի դաշույնով, և կանգ առավ միայն այն ժամանակ, երբ սուսերի ծայրը զգաց իր կրծքին։

Այն ժամանակ նա փորձեց խլել այդ սուսերը, բայց դ’Արտանյանը խանգարելով նրան անել այդ և շարունակ սուսերը դեմ անելով մերթ նրա կրծքին, մերթ աչքերին, ցած սահեց մահճակալից, աշխատելով նահանջել դեպի այն դուռը, որ տանում էր Քեթիի սենյակը։

Իսկ միլեդին գազանային մռնչյունով շարունակում էր կատաղաբար հարձակվել նրա վրա։

Դա արդեն սկսել էր նմանվել իսկական մենամարտի, և դ’Արտանյանը քիչ֊քիչ ուշքի էր եկել։

— Սքանչելի է, իմ գեղեցկուհի, սքանչելի՜ է,— ասում էր նա։— Միայն թե, ի սեր աստծո, մի քիչ հանգստացեք, թե չէ ես ձեր չքնաղ այտերի վրա երկրորդ շուշանը կնկարեմ։

— Սրիկա՛ սրիկա՛,— մռնչում էր միլեդին։

Շարունակելով ետ քաշվել դեպի դուռը՝ դ’Արտանյանը պաշտպանվողական դիրք էր բռնել։

Նրանց բարձրացրած աղմուկի վրա,— միլեդին աթոռներն էր շուռ տալիս, որպեսզի հասնի դ’Արտանյանին, իսկ սա թաքնվում էր նրանց հետևում, որպեսզի պաշտպանվի նրանից,— Քեթին բաց արեց դուռը։ Դ’Արտանյանը, որ շարունակ այնպես էր շարժվում, որպեսզի մոտենա այդ դռանը, արդեն մի երեք քայլ էր հեռու նրանից։ Նա մի ոստյունով միլեդիի սենյակից նետվեց սպասուհու սենյակը և կայծակի արագությամբ դուռը ծածկեց ու իր ամբողջ ծանրությամբ ընկավ նրա վրա՝ մինչև որ Քեթին փակեց այն սողնակով։

Այն ժամանակ միլեդին փորձ արեց կոտրել իր ննջարանը սպասուհու սենյակից բաժանող միջնորմը, ցուցաբերելով կնոջ համար արտասովոր ուժ։ Ապա համոզվելով, որ այդ անհնարին է, սկսեց դաշույնով դուռը ծակծկել, և իրոք, նրա հարվածներից մի քանիսը ծակեցին տախտակը։

Նա ամեն մի հարվածի հետ սոսկալի նզովքներ էր տեղում։

— Շուտ, Քեթի, շուտ,— շշուկով ասաց դ’Արտանյանը, երբ դուռը փակված էր սողնակով,— օգնիր ինձ դուրս գալու տնից։ Եթե մենք նրան ժամանակ տանք ուշքի գալու, նա իր ծառաներին կհրամայի սպանել ինձ։

— Բայց հո չե՛ք կարող այդպես դուրս գնալ,— ասաց Քեթին,— դուք համարյա մերկ եք։

— Այո, ճիշտ որ,— ասաց դ’Արտանյանը՝ նոր միայն նկատելով իր կիսամերկությունը։— Մի որևէ բան տուր ինձ հագնելու, միայն թե շո՛ւտ։ Հասկացիր, որ սա կյանքի և մահու խնդիր է։

Քեթին շատ լավ էր հասկանում այդ։ Նա իսկույն երիտասարդի վրա ձգեց ինչ֊որ կանացի ծաղկավոր զգեստ, մի լայն գլխարկ ու թիկնոց, ապա տվեց մի զույգ մաշիկներ, որ նա հագավ բոբիկ ոտքերին, և ցած տարավ սանդուղքով։ Եվ դա ճիշտ ժամանակին էր, միլեդին արդեն զանգահարել ու արթնացրել էր ամբողջ տունը։ Դռնապանը դ’Արտանյանի առաջ դուռը բաց էր արել հենց այն պահին, երբ միլեդին նույնպես կիսամերկ, լուսամուտից կախվելով գոռաց.

— Բաց չանե՛ք։

Comments