1. Երեք հրացանակիրներ

Chapter 37

Երկրորդ մաս VI. Վրեժի բաղձանք

Երեկոյան միլեդին հրամայեց՝ հենց որ դ’Արտանյանը գա, առաջնորդել իր մոտ։ Բայց նա չեկավ։

Առավոտյան Քեթին նորից գնաց երիտասարդի մոտ և պատմեց նրան ամեն բան, ինչ որ տեղի էր ունեցել նախորդ օրը։ Դ’Արտանյանը ժպտաց։ Դա միլեդիի խանդոտ զայրույթն էր, ահա թե ինչի էր հասել նա իր վրիժառությամբ։

Երեկոյան միլեդին երեկվանից ավելի շատ էր վրդովված և նորից կրկնեց հրամանը գասկոնացու մասին, բայց այդ օրն էլ նա իզուր էր սպասում նրան։ Հետևյալ օրը Քեթին ներկայացավ դ’Արտանյանին, բայց արդեն ոչ ուրախ ու կայտառ, ինչպես նախորդ երկու օրերին, այլ ընդհակառակն, մահու չափ տխուր։ Արտանյանը հարցրեց խեղճ աղջկան, թե ինչ է պատահել նրան։ Պատասխանի փոխարեն Քեթին մի նամակ հանեց գրպանից և մեկնեց նրան։

Այդ նամակը գրված էր միլեդիի ձեռքով, բայց այս անգամ ուղղված էր ոչ թե կոմս դը Վարդին, այլ իրեն՝ դ’Արտանյանին։

Գասկոնացին բաց արեց և կարդաց.

«Սիրելի պարոն դ’Արտանյան, լավ բան չէ մոռանալ բարեկամներին, մանավանդ, երբ երկարատև անջատում է սպասում։ Այս քանի օր է ես և լորդ Վինտերը սպասում էինք ձեզ, բայց իզուր։ Մի՞թե այսօր էլ նույնը կկրկնվի,

։։։։։։։։։։Ձեզ երախտապարտ

։։։։։։։։։։լեդի Կլարիկ»։

— Միանգամայն հասկանալի է,— ասաց դ’Արտանյանը,— և ես սպասում էի այս նամակին։ Որքան կոմս դը Վարդի հնարավորությունները նվազում են, այնքան իմը բարձրանում է։

— Ուրեմն դուք կգնա՞ք,— հարցրեց Քեթին։

— Լսիր, անուշիկս,— ասաց գասկոնացին՝ աշխատելով իր սեփական աչքում արդարացնել Աթոսին տված խոստումը խախտելու մտադրությունը,— հասկացիր, որ անխոհեմ բան կլիներ չընդունել այսքան որոշակի հրավերը։ Եթե չգնամ, միլեդին չի հասկանա, թե ես ինչու դադարեցրի իմ այցելությունները և գուցե թե որևէ բան գլխի ընկնի, իսկ այդպիսի կնոջ վրեժխնդրությունը ով գիտե, թե ինչի կարող է հասնել։

— Օ՜, աստված իմ,— հառաչեց Քեթին,— դուք կարողանում եք ամեն ինչ այնպես ներկայացնել, որ միշտ իրավացի եք դուրս գալիս։ Բայց դուք երևի նորից կսկսեք սիրաշահել նրան, և եթե այս անգամ նրան դուր եկաք ձեր իսկական անունով, եթե ձեր իսկական դեմքը նրան դուր եկավ, այդ շատ ավելի վատ կլինի, քան առաջ էր։

Հոտառությունը խեղճ աղջկան օգնում էր գուշակելու այն, ինչ տեղի էր ունենալու հետո։

Դ’Արտանյանը որքան կարող էր հանգստացրեց նրան և խոստացավ միլեդիի թովչանքին չենթարկվել։

Նա Քեթիին պատվիրեց լեդի Կլարիկին հայտնել, որ անսահման շնորհակալ է նրա բարեհաճությունից և իրեն դնում է նրա տրամադրության տակ։ Բայց սիրտ չարեց նամակ գրել՝ վախենալով, թե չի կարող ձեռագիրն այնպես փոխել, որ միլեդիի խորաթափանց հայացքը չնկատի։

Ուղիղ ժամը իննին դ’Արտանյանը Արքայական հրապարակում էր։ Նախասենյակում սպասող ծառաները երևի նախազգուշացված էին, որովհետև հենց որ դ’Արտանյանը ներս մտավ, նրանցից մեկն իսկույն վազեց միլեդիին զեկուցելու, թեև հրացանակիրը դեռ չէր էլ հարցրել, թե միլեդին ընդունո՞ւմ է իրեն։

— Ներս խնդրեցեք,— ասաց միլեդին կարճ, բայց այնպիսի սուր ձայնով, որ դ’Արտանյանը դեռ նախասենյակում լսեց այն։

Սպասավորը նրան առաջնորդեց հյուրասենյակ։

— Ոչ ոքի համար ես տանը չեմ,— ասաց միլեդին։— Լսո՞ւմ եք։ Ոչ ոքի համար։

Սպասավորը դուրս գնաց։

Դ’Արտանյանը հետաքրքրությամբ նայեց միլեդիին, նա գունատ էր, աչքերը հոգնած էին թվում՝ արցունքի՞ց արդյոք, թե՞ անքուն գիշերներից։ Սենյակն այնպես լուսավոր չէր, ինչպես լինում էր սովորաբար, բայց, չնայած այդ նախամտածված կիսախավարին՝ դեռատի կինը չկարողացավ թաքցնել տենդագին բորբոքման հետքերը, որ վերջին երկու օրում մաշում էր նրան։

Դ’Արտանյանը մոտեցավ նրան նույնպիսի սիրալիր տեսքով, ինչպես ամեն անգամ։ Անասելի ջանք գործադրելով՝ միլեդին սիրալիր ժպտաց նրան, բայց այդ ժպիտը լավ չէր հարմարվում հուզմունքից աղճատված նրա դեմքին։

Դ’Արտանյանը հարցրեց միլեդիին, թե ինչպե՞ս է զգում նա իրեն։

— Վատ,— պատասխանեց նա,— շատ վատ։

— Այդ դեպքում,— ասաց դ’Արտանյանը,— ես խանգարեցի ձեզ։ Ձեզ, իհարկե, հանգիստ է հարկավոր, և ես իսկույն կգնամ։

— Օ՜, ո՛չ,— ասաց միլեդին,— ընդհակառակն, մնացեք, պարոն դ’Արտանյան, ձեր հաճելի ներկայությունը դուր է գալիս ինձ։

«Օհո՜,— մտածեց դ’Արտանյանը,— սա երբեք այսպես սիրալիր չի եղել. հարկավոր է զգույշ լինել»։

Միլեդին ամենաբարեկամական տոն ընդունեց, որին միայն նա էր ընդունակ, և աշխատում էր անսովոր աշխուժություն տալ խոսակցությանը։ Տենդագին հուզմունքը, որ մի կարճ ժամանակ թողել էր նրան, նորից վերադարձավ, և նրա աչքերը նորից շողացին, այտերը կարմրով ծածկվեցին և շուրթերը շառագունեցին։ Դ’Արտանյանի առջև նորից Ցիրցեան<ref>Ցիրցեա — Հոմերոսի «Ոդիսական» պոեմի նենգ կախարդուհի. նա Ոդիսևսի ուղեկիցներին վերածեց խոզերի, իսկ նրան մեկ տարի բանտեց իր Էյա կղզում։ Նրա անունը դարձել է վտանգավոր գայթակղողի հոմանիշ</ref> էր, որը վաղուց արդեն նվաճել էր նրան իր թովչանքներով։ Սերը, որ նա մարած էր համարում, միայն նիրհել էր, և այժմ նորից արթնացավ նրա սրտում։ Միլեդին ժպտաց, և դ’Արտանյանը զգաց որ ինքը պատրաստ է կործանելու իր հոգին այդ ժպիտի համար։

Մի պահ նա նույնիսկ խղճի խայթ զգաց։

Իսկ միլեդին զրուցասեր էր դարձել։ Նա դ’Արտանյանին հարցրեց, թե սիրուհի ունի՞ արդյոք։

— Ա՜խ,— ասաց դ’Արտանյանը ամենաքնքուշ տոնով, որին միայն ընդունակ էր նա։ Մի՞թե դուք կարող եք այնքան դաժան լինել, որ այդպիսի հարցեր տաք ինձ։ Չէ՞ որ այն օրից, ինչ տեսել եմ ձեզ, ես շնչում եմ միայն ձեզնով և միայն ձեզ համար եմ հառաչում։

Միլեդին ժպտաց տարօրինակ ժպիտով։

— Ուրեմն դուք ինձ սիրո՞ւմ եք,— հարցրեց նա։

— Մի՞թե հարկավոր է, որ ես ասեմ այդ, մի՞թե դուք այդ չեք նկատում։

— Ասենք՝ այո, բայց հո դուք էլ գիտեք, որ սրտում որքան ավելի շատ հպարտություն կա, այնքան ավելի դժվար է նվաճել այն։

— Օ՜, դժվարությունն ինձ չի վախեցնում,— ասաց դ’Արտանյանը։— Ինձ սարսափեցնում է միայն անհնարինը։

— Իսկական սիրո համար ոչ մի անհնարին բան չկա,— առարկեց միլեդին։

— Ո՞չ մի, տիրուհի։

— Ո՛չ մի,— կրկնեց միլեդին։

«Գրողը տանի,— մտածեց դ’Արտանյանը։— Սրա տոնը բոլորովին փոխվել է։ Չլինի՞ սիրահարվել է ինձ այս քմահաճ կինը, և չլինի՞ պատրաստվում է ինձ, անձամբ ինձ ընծայել մի ուրիշ շափյուղա, նման այն մատանուն, որ նա ընծայեց կարծեցյալ դր Վարդին»։

Դ’Արտանյանն իր աթոռը արագ մոտ քաշեց միլեդիի բազկաթոռին։

— Լսեցեք,— ասաց միլեդին,— ի՞նչ կանեիք դուք, որպեսզի ապացուցեիք, որ սիրում եք ինձ։

— Ամեն բան, ինչ դուք պահանջեիք ինձնից։ Հրամայեցեք, ես պատրաստ եմ։

— Ամե՞ն բանի։

— Ամե՛ն բանի,— գոչեց դ’Արտանյանը՝ նախապես իմանալով, որ այդպիսի խոստում տալով մեծ ռիսկ չի անում։

— Լավ։ Այդ դեպքում խոսենք,— ասաց միլեդին իր հերթին բազկաթոռը մոտեցնելով դ’Արտանյանի աթոռին։

— Ես ձեզ լսում եմ, տիրուհի,— ասաց երիտասարդը։

Մի պահ միլեդին լռեց, ասես մտածում ու տատանվում էր, ապա երևի որոշեց ասել։

— Ես մի թշնամի ունեմ,— խոսեց նա։

— Դո՞ւք, տիրուհի,— գոչեց դ’Արտանյանը զարմացած ձևանալով։— Աստվա՜ծ իմ, արդյոք հնարավո՞ր բան է այդ։ Դուք այնքան չքնաղ եք և այդքա՜ն բարի։

— Մահացու թշնամի։

— Իսկապե՞ս։

— Մի թշնամի, որն ինձ այնպես խիստ է վիրավորել, որ հիմա իմ ու նրա միջև մահու կռիվ է։ Կարո՞ղ եմ ես հույս դնել ձեր օգնության վրա։

Դ’Արտանյանն իսկույն հասկացավ, թե ինչ է ուզում իրենից այդ քինախնդիր արարածը։

— Կարող եք, տիրուհի՛,— ասաց նա փքուն տոնով,— իմ սուսերն ու կյանքը ձեզ են պատկանում իմ սիրո հետ միասին։

— Այդ դեպքում,— ասաց միլեդին,— եթե դուք նույնքան մեծահոգի եք, որքան սիրահարված...

Նա մի պահ լռեց։

— Այդ դեպքում ի՞նչ,— հարցրեց դ’Արտանյանը։

— Այդ դեպքում,— շարունակեց միլեդին մի պահ լռելուց հետո,— այդ դեպքում դուք կարող եք այսօրվանից սկսած՝ չվախենալ անհնարին բանից։

— Օ՜, ո՛չ, ես չեմ կարող դիմանալ այս երջանկությանը,— գոչեց դ’Արտանյանը ծունկ չոքելով միլեդիի առաջ և համբույրներով ծածկելով նրա ձեռքերը, որ նա ետ չէր քաշում։

«Դու իմ փոխարեն վրեժ առ այդ անարգ դը Վարդից,— ատամները սեղմած մտածում էր միլեդին,— իսկ հետո ես կկարողանամ ազատվել քեզանից, ամբարտավան հիմար, իմ վրեժի կույր գործիք»։

Դ’Արտանյանը գլուխը բարձրացրեց։

— Ես պատրաստ եմ,— ասաց նա։

— Ուրեմն դուք հասկացա՞ք ինձ, սիրելի դ’Արտանյան,— հարցրեց միլեդին։

— Ես ձեր ցանկությունը կհասկանայի հենց միայն ձեր մի հայացքից։

— Ուրեմն դուք համաձա՞յն եք ինձ համար մերկացնել ձեր սուսերը, որն այնքան մեծ հռչակ է ձեռք բերել։

— Ամեն րոպե։

— Բայց ինչպե՞ս կհատուցեմ ես ձեր այդ ծառայությունը,— ասաց միլեդին։— Ես գիտեմ սիրահարվածներին, դրանք այնպիսի մարդիկ ենք որ ձրի ոչինչ չեն անում։

— Դուք գիտեք, թե ինչպիսի վարձատրություն եմ երազում ես,— պատասխանեց դ’Արտանյանը,— միակ պարգևը, որ արժանի է ձեզ և ինձ։

Եվ նա քնքշորեն իր կողմը քաշեց միլեդիին։

Միլեդին համարյա չդիմադրեց։

— Շահատե՛նչ մարդ,— ասաց նա ժպտալով։

— Օ՜,— գոչեց դ’Արտանյանն՝ իսկապես համակված կրքով, որ այդ կինը կարողանում էր արթնացնել նրա սրտում,— իմ երջանկությունն ինձ այնքան անհավանական է թվում, որ ես վախենում եմ, թե այն կարող է թռչել ինձնից ինչպես երազ, ահա թե ինչու շտապում եմ իրականություն դարձնել այն։

— Դե ուրեմն արժանացեք ձեր երևակայած այդ երջանկությանը։

— Ես ձեր տրամադրության տակ եմ,— ասաց դ’Արտանյանը։

— Ճշմարի՞տ,— հարցրեց միլեդին՝ վանելով կասկածի վերջին ստվերը։

— Ասացեք ինձ այն սրիկայի անունը, որը համարձակվել է արցունք առաջացնել ձեր այդ չքնաղ աչքերում։

— Ո՞վ ասաց ձեզ, որ ես լաց եմ եղել։

— Ինձ թվաց թե...

— Այնպիսի կանայք, ինչպիսին ես եմ, լաց չեն լինում,— ասաց միլեդին։

— Ավելի լավ։ Դե ուրեմն ասացեք, ի՞նչ է նրա անունը։

— Բայց, մտածեցեք, ախր նրա անվան մեջ է թաքնված իմ ամբողջ գաղտնիքը։

— Դե հո պե՞տք է իմանամ ես այդ անունը։

— Այո, պետք է իմանաք։ Այ, տեսնո՞ւմ եք, ինչպես եմ վստահում ես ձեզ։

— Ես երջանիկ եմ։ Ի՞նչ է նրա անունը։

— Դուք ճանաչում եք այդ մարդուն։

— Ճանաչո՞ւմ եմ։

— Այո։

— Հուսով եմ, որ դա իմ բարեկամներից որևէ մեկը չէ՞,— հարցրեց դ’Արտանյանը անվճռականության նշան ցույց տալով, որպեսզի միլեդիին հավատացնի, թե ինքը ոչինչ չգիտե։

— Ուրեմն, եթե դա ձեր ընկերներից որևէ մեկը լիներ, դուք կտատանվեի՞ ք,— գոչեց միլեդին, և սպառնական մի կայծ շողաց նրա աչքերում։

— Ո՛չ, թեկուզ հարազատ եղբայրս լինի,— վրա բերեց դ’Արտանյանը ցնծության պոռթկումով։

Մեր գասկոնացին ոչ մի բան ռիսկի չէր գնում, նա գործում էր համոզված։

— Ինձ դուր է գալիս ձեր նվիրվածությունը,— ասաց միլեդին։

— Ավա՜ղ, մի՞թե այդ է իմ մեջ, ինչ դուր է գալիս ձեզ,— հարցրեց դ’Արտանյանը։

— Ոչ, ես ձեզ էլ եմ սիրում,— ասաց միլեդին բռնելով նրա ձեռքը։

Եվ դ’Արտանյանը զգաց այրող սեղմումը, որից նա ամբողջ մարմնով դողաց, ասես միլեդիի տենդը նրան փոխանցվեց։

— Դուք սիրո՞ւմ եք ինձ,— գոչեց նա։— Օ՜, ինձ թվում է, թե ես խելագարվում եմ։

Եվ նա միլեդիին իր գիրկն առավ։ Կինը նրա համբույրներից խույս տալու փորձեր չարեց, բայց և համբույրներով չպատասխանեց։

Նրա շրթունքները պաղ էին, դ’Արտանյանին թվաց, թե ինքը արձան համբուրեց։

Բայց և այնպես նա արբեցած էր հրճվանքից, տոգորված՝ նրա սիրով։ Նա համարյա հավատում էր միլեդիի քնքուշ զգացմունքներին։ Նա համարյա հավատում էր դը Վարդի կատարած հանցանքին։ Եթե այդ պահին դը Վարդը այդտեղ, իր կողքին լիներ, նա կարող էր սպանել նրան։

Միլեդին օգտվեց այդ պահից։

— Նրա անունը...— սկսեց նա։

— Դը Վա՛րդ, ես գիտեմ,— գոչեց դ’Արտանյանը։

— Ինչպե՞ս իմացաք դուք այդ,— հարցրեց միլեդին նրա ձեռքերը բռնելով և աշխատելով իր հայացքով թափանցել նրա հոգու խորքերը։

Դ’Արտանյանը հասկացավ, որ հրապուրվել ու սխալ է գործել։

— Ասացեք, ասացեք, շուտ,— կրկնում էր միլեդին։— Ինչպե՞ս իմացաք։

— Ինչպես իմացա՞,— կմկմաց դ’Արտանյանը։

— Այո, ինչպե՞ս։

— Երեկ մի տան մեջ ես հանդիպեցի դը Վարդին, և նա ինձ ցույց տվեց մի մատանի, որը, նրա ասելով, դուք եք ընծայել իրեն։

— Սրիկա՛,— գոչեց միլեդին։

Այս խոսքը միանգամայն հասկանալի պատճառով իսկ և իսկ դ’Արտանյանի սրտին դիպավ։

— Ուրե՞մն,— հարցրեց միլեդին։

— Ուրեմն ես ձեր վրեժը կլուծեմ այդ սրիկայից,— պատասխանեց դ’Արտանյանը ամենախրոխտ ձևով։

— Շնորհակալ եմ, իմ քաջ բարեկամ,— ասաց միլեդին,— ե՞րբ կլուծեք իմ վրեժը։

— Վաղը, հենց այս րոպեին, երբ ցանկանաք։

Միլեդին քիչ էր մնում պիտի գոչեր՝ «Հենց այս րոպեին», բայց մտածեց, որ այդպիսի շտապողականություն ցուցաբերելն առանձնապես սիրալիր չէր լինի դ’Արտանյանի նկատմամբ։

Բացի այդ, նա դեռ պետք է հազար նախազգուշական քայլեր աներ և հազար խրատ տար իր պաշտպանին, թե նա ինչպես մարտավկաների ներկայությամբ բացատրություններ տալուց խուսափի։ Նրա բոլոր տարակուսանքները չքացան դ’Արտանյանի մեկ խոսքի շնորհիվ։

— Վաղը,— ասաց նա,— ձեր վրեժը լուծված կլինի, կամ ես կմեռնեմ։

— Ո՛չ,— ասաց միլեդին։— Դուք իմ վրեժը կլուծեք, բայց չեք մեռնի։ Նա վախկոտի մեկն է։

— Կանանց հետ՝ գուցե թե, բայց տղամարդկանց հետ՝ ոչ։ Նրա մասին ես որոշ բան գիտեմ։

— Բայց, եթե չեմ սխալվում, նրա հետ ունեցած ընդհարման ժամանակ դուք բախտից գանգատվելու առիթ չեք ունեցել։

— Բախտը կուրտիզանուհի է, այսօր բարեհաճ է, վաղը կարող է մեջքը դարձնել իմ կողմը։

— Այլ խոսքով ասած՝ դուք արդեն տատանվում եք։

— Ո՛չ, Աստված մի՛ արասցե, ես չեմ տատանվում, բայց արդա՞ր բան կլինի ուղարկել ինձ հնարավոր մահվան, ընծայելով ինձ միայն հույսեր, ուրիշ ոչինչ։

Միլեդին պատասխանեց մի հայացքով, որն ասում էր.

«Ա՜խ, եթե խնդիրը միայն այդ է, ավելի համարձակ եղեք»։

Եվ նա իր հայացքը պարզաբանեց քնքշաբար ասելով.

— Դուք իրավացի եք։

— Օ՜, դուք հրեշտակ եք,— գոչեց դ’Արտանյանը։

— Ուրեմն մենք ամեն ինչի մասին համաձայնությա՞ն եկանք,— հարցրեց միլեդին։

— Բացի նրանից, ինչ ես խնդրում եմ ձեզնից, իմ թանկագինս։

— Բայց եթե ես ասում եմ, որ կարող եք վստահ լինել իմ սիրո՞ւն։

— Ես վաղվա օր չունեմ և սպասել չեմ կարող։

— Կամաց, ես լսում եմ եղբորս քայլերը։ Նա մեզ այստեղ չպետք է տեսնի։

Միլեդին զանգը տվեց։ Եկավ Քեթին։

— Դուրս եկեք այս դռնով,— ասաց միլեդին բաց անելով փոքրիկ գաղտնի դռնակը,— և վերադարձեք ժամը տասնմեկին։ Մենք կվերջացնենք այս խոսակցությունը։ Քեթին ձեզ կառաջնորդի ինձ մոտ։

Այս խոսքերի վրա խեղճ աղջիկը քիչ մնաց պիտի ուշաթափվեր։

— Դեհ, Քեթի, ի՞նչ եք քարացել տեղում, ասես արձան լինեք։ Լսեցի՞ք ինչ ասացի։ Այսօր ժամը տասնմեկին դուք պարոն դ’Արտանյանին կառաջնորդեք ինձ մոտ։

«Երևում է՝ սրա բոլոր տեսակցությունները նշանակվում են ժամը տասնմեկին,— մտածեց դ’Արտանյանը։— Դա նրա համար սովորություն է դարձել»։

Միլեդին մեկնեց իր ձեռքը, որ նա համբուրեց քնքշորեն։

«Բայց,— մտածում էր նա հեռանալիս և հազիվ պատասխանելով Քեթիի կշտամբանքներին,— բայց չլինի՞ հանկարծ խաբված լինեմ ես։ Կասկած չկա, որ այս կինն ընդունակ է ամեն տեսակ ոճրագործության, ուրեմն՝ զգույշ լինենք»։

Comments