Chapter 32
Երկրորդ մաս I. Անգլիացիները և ֆրանսիացիները
Նշանակված ժամին ընկերներն իրենց չորս ծառաների հետ ներկայացան Լյուքսեմբուրգյան պալատի ետնամասում ցանկապատված ամայի վայրում, որտեղ այծեր էին արածում։ Աթոսը հովվին ինչ֊որ մանր դրամ տվեց, և սա հեռացավ։ Ծառաներին պատվիրված էր պահակ կանգնել։
Շուտով նույն ամայի դաշտը հասավ մարդկանց մի խումբ, ներս մտավ և միացավ հրացանակիրներին։ Ապա, ըստ անգլիական սովորության, փոխադարձաբար միմյանց ներկայացան։
Անգլիացիները, որոնք ամենաբարձր ծագմամբ մարդիկ էին, ոչ միայն զարմացան, այլև անհանգստացան, երբ լսեցին իրենց հակառակորդների տարօրինակ անունները։
— Դա մեզ ոչինչ չի ասում,— ասաց լորդ Վինտերը, երբ երեք ընկերները տվին իրենց անունները,— այսուամենայնիվ մենք չենք իմանում ով եք դուք և կռիվ չենք սկսի այդպիսի անուն կրող մարդկանց հետ։ Դրանք ինչ֊որ հովիվների անուններ են։
— Ինչպես դուք էլ երևի կռահում եք, միլորդ, դրանք հնարովի անուններ են,— ասաց Աթոսը։
— Եվ այդ ավելի մեծ ցանկություն է առաջացնում մեզ իմանալու ձեր իսկական անունները, պատասխանեց անգլիացին։
— Բայց դուք մեզ հետ խաղացիք առանց իմանալու մեր անունները,— նկատեց Աթոսը,— և նույնիսկ մեզնից երկու ձի տարաք։
— Դուք իրավացի եք, բայց այն ժամանակ մենք ռիսկի էինք ենթարկում միայն դրամը։ Իսկ հիմա ռիսկի ենք ենթարկում մեր կյանքը։ Խաղալ ամեն մեկի հետ կարելի է, կռվել միայն հավասարի հետ։
— Այդ ճշմարիտ է,— ասաց Աթոսը և անգլիացիներից նրան, որը պետք է մենամարտեր իր հետ, մի կողմ կանչելով շշուկով տվեց նրան իր անունը։
Պորտոսն ու Արամիսն էլ միևնույնն արին։
— Բավարարվա՞ծ եք արդյոք,— հարցրեց Աթոսն իր հակառակորդին,— և համարո՞ւմ եք արդյոք ինձ բավական նշանավոր, որպեսզի պատիվ անեք ինձ՝ ձեր սուսերը խաչաձևելու իմի հետ։
— Այո, պարոն,— գլուխ տալով պատասխանեց անգլիացին։
— Լավ։ Իսկ հիմա ես ձեզ մի բան կասեմ,— սառը շարունակեց Աթոսը։
— Ի՞նչ բան,— զարմացավ անգլիացին։
— Ավելի լավ կլիներ, եթե դուք չպահանջեիք, որ ես բաց անեի իմ անունը։
— Ինչո՞ւ։
— Որովհետև ինձ համարում են մեռած, որովհետև ես պատճառներ ունեմ ցանկանալու, որ ոչ ոք չիմանա, թե ես ողջ եմ, և որովհետև հիմա ես ստիպված պիտի լինեմ ձեզ սպանել, որպեսզի իմ գաղտնիքը աշխարհով մեկ չլինի։
Անգլիացին նայեց Աթոսին, մտածելով, թե նա կատակ է անում, բայց Աթոսը կատակ անելու մասին չէր էլ մտածում։
— Դուք պատրա՞ստ եք, պարոնայք, հարցրեց Աթոսը միաժամանակ դառնալով և՛ իր ընկերներին, և՛ հակառակորդներին։
— Այո,— միանգամից պատասխանեցին անգլիացիներն ու ֆրանսիացիները։
— Այդ դեպքում սկսենք։
Եվ նույն ակնթարթին ութ սուսերներ շողացին մայր մտնող արևի շողերի տակ։ Մենամարտը սկսվեց կատաղորեն, որը միանգամայն բնական էր այնպիսի մարդկանց համար, որոնք կրկնակի թշնամիներ էին իրար։
Աթոսը կռվում էր այնպես հանգիստ և այնպես մեթոդիկ, որ ասես սուսերամարտության դահլիճում լիներ։
Պորտոսը, որին Շանտիլիեի դեպքն ըստ երևույթին բուժել էր ավելորդ ինքնավստահությունից, իր խաղը վարում էր շատ զգույշ ու խորամանկորեն։
Արամիսը, որը պետք է վերջացներ իր պոեմի երրորդ երգը, շտապում էր, որպես մի մարդ, որը քիչ ժամանակ ունի։
Աթոսը առաջինը սպանեց իր հակառակորդին, նա միայն մեկ հարված տվեց, բայց, ինչպես և նախազգուշացրել էր, այդ հարվածը մահացու եղավ, սուսերը հակառակորդի սիրտն էր խրվել։
Նրանից հետո Պորտոսը կանաչի վրա պառկեցրեց իր հակառակորդին, նա նրա ազդրն էր ծակել։ Այլևս դիմադրելու փորձ չանելով՝ անգլիացին նրան հանձնեց իր սուսերը, և Պորտոսը վիրավորին վերցնելով տարավ կառեթ։
Արամիսը իր հակառակորդին այնպես ուժեղ էր նեղել, որ սա մի հիսուն քայլ նահանջելով վերջիվերջո փախավ որքան ուժ ուներ և ծառաների ծաղրի տակ կորավ֊թաքնվեց։
Ինչ վերաբերում է դ’Արտանյանին, սա վարպետորեն ու պարզ ձևով պաշտպանողական խաղ էր վարում։ Ապա իր հակառակորդին հոգնեցնելով՝ մի ուժեղ հարվածով նրա ձեռքից դուրս գցեց սուսերը։ Տեսնելով, որ զինաթափված է, բարոնը մի քայլ նահանջեց, բայց սայթաքեց և ընկավ երեսի վրա։
Դ’Արտանյանը մի ոստյունով մոտ ցատկեց և սուսերը դեմ արավ կոկորդին։
— Ես կարող էի սպանել ձեզ, պարոն,— ասաց նա անգլիացուն,— դուք իմ ձեռքումն եք, բայց ձեր քրոջ պատվին ես ձեզ եմ նվիրում ձեր կյանքը։
Դ’Արտանյանը լիակատար ցնծության մեջ էր. նա իրականացրել էր նախապես մտածած ծրագիրը, որի մասին մտածելն անգամ մի քանի ժամ առաջ նրա դեմքին այնքան ուրախ ժպիտներ էր առաջացնում։
Զմայլված այն բանից, որ գործ ունի այդպիսի մեղմաբարո մարդու հետ, անգլիացին կրծքին սեղմեց դ’Արտանյանին, հազար ու մի սիրալիր խոսքեր ասաց երեք հրացանակիրներին, և որովհետև Պորտոսի հակառակորդն արդեն կառք էր փոխադրված, իսկ Արամիսի հակառակորդը փախուստի էր դիմել, բոլորը սկսեցին զբաղվել սպանվածով։
Հուսալով, թե վերքը մահացու չէ, Պորտոսը և Արամիսը սկսեցին նրա հագուստը հանել։ Այդ ժամանակ նրա գոտու տակից ընկավ պինդ լցված մի քսակ։ Դ’Արտանյանն այդ քսակը վերցրեց և մեկնեց լորդ Վինտերին։
— Ի՞նչ պիտի անեմ ես այդ, գրողը տանի,— հարցրեց անգլիացին։
— Կվերադարձնեք սպանվածի ընտանիքին,— պատասխանեց դ’Արտանյանը։
— Շատ հարկավո՛ր է դա նրա ընտանիքին։ Նրա ընտանիքը ժառանգաբար տասնհինգ հազար լուիդոր ռենտա կստանա։ Թողեք այդ քսակը ձեր ծառաներին։
Դ’Արտանյանը քսակը գրպանը դրեց։
— Իսկ հիմա, իմ երիտասարդ բարեկամ, որովհետև հուսով եմ, որ դուք թույլ կտաք ինձ՝ իմ բարեկամ կոչել ձեզ,— ասաց լորդ Վինտերը,— եթե ձեզ հաճելի է, ես հենց այս երեկո ձեզ կներկայացնեմ իմ քույր լեդի Կլարիկին։ Ես ուզում եմ, որ նա ևս ձեզ շնորհ բերի իր բարեհաճությունը, և որովհետև արքունիքում նա լավ ընդունելություն ունի, կարող է պատահել, որ ապագայում նրա մի խոսքը օգուտ բերի ձեզ։
Դ’Արտանյանը գոհունակությունից կարմրատակեց և որպես համաձայնության նշան՝ գլուխ տվեց։
Այդ ժամանակ Աթոսը մոտեցավ դ’Արտանյանին։
— Ի՞նչ եք ուզում անել այդ քսակը,— շշուկով հարցրեց նա երիտասարդին։
— Ես ուզում էի ձեզ տալ այն, սիրելի Աթոս։
— Ի՞նձ։ Իսկ ինչո՞ւ ինձ։
— Որովհետև դուք եք սպանել նրա տիրոջը։ Սա հաղթողի ավարն է։
— Ես դառնամ թշնամու ժառանգո՞րդը։ Ինչի՞ տեղ եք դնում ինձ։
— Այդպես է պատերազմական սովորությունը,— ասաց դ’Արտանյանը։— Ինչո՞ւ պետք է նույն սովորությունը չլինի մենամարտում։
— Ես երբեք այդպես չեմ վարվել նույնիսկ պատերազմի դաշտում,— ասաց Աթոսը։
Պորտոսը ուսերը թոթվեց, Արամիսը որպես հավանության նշան՝ ժպտաց։
— Եթե այդպես է, ասաց դ’Արտանյանը,— կտանք մեր սպասավորներին, ինչպես առաջարկեց լորդ Վինտերը։
— Լավ,— համաձայնեց Աթոսը,— կտանք սպասավորներին, բայց ո՛չ մեր։ Կտանք անգլիացիների սպասավորներին։
Աթոսը քսակը վերցրեց և նետեց կառապանին։
— Ձեզ և ձեր ընկերներին։
Այս մեծահոգի վարմունքը այնպիսի մի մարդու կողմից, որը միջոցներ ամենևին չուներ, հիացմունք պատճառեց նույնիսկ Պորտոսին, և ֆրանսիական առատաձեռնությունը, որի մասին հետո ամենուրեք պատմում էին լորդ Վինտերն ու նրա բարեկամը, հիացնում էր բացարձակապես բոլորին, եթե չհաշվենք պարոններ Գրիմոյին, Մուշկետոնին, Պլանշեին և Բազենին։
Դ’Արտանյանին հրաժեշտ տալիս լորդ Վինտերը նրան հաղորդեց իր քրոջ հասցեն։ Նա ապրում էր Արքայական հրապարակում, այն ժամանակվա մոդայիկ թաղամասում, N 6 տանը։ Ի դեպ, լորդ Վինտերը պատրաստակամություն հայտնեց լինել այնտեղ, որպեսզի ինքն անձամբ ներկայացնի երիտասարդին։ Դ’Արտանյանը նրան տեսակցություն նշանակեց ժամը ութին, Աթոսի մոտ։
Առաջիկա այցելությունը միլեդիին՝ շատ էր հուզում մեր երիտասարդ գասկոնացու միտքը։ Նա հիշում էր, թե մինչև այժմ ինչպիսի տարօրինակ դեր է խաղացել միլեդին իր կյանքում։ Նա համոզված էր, որ միլեդին կարդինալի գործակալներից մեկն է, այնուամենայնիվ ինչ֊որ անհաղթահարելի մղում էր զգում դեպի նա, մեկը այն զգացմունքներից, որոնց մասին մարդ ինքն իրեն հաշիվ տալ չի կարողանում։ Նա երկյուղ էր կրում միայն մի բանից. չլինի թե միլեդին ճանաչի, որ ինքը հենց Մենգի և Դուվրի երիտասարդն է, հետևաբար՝ հոգով ու մարմնով նվիրված է թագավորին, և այս հանգամանքը նրա աչքում իրեն կզրկեր որոշ առավելություններից, մինչդեռ այժմ միլեդին նրան ճանաչում էր ոչ ավելի, քան ինքն էր նրան ճանաչում, և խաղի մեջ նրանց շանսերը հավասար էին։ Ինչ վերաբերում է սիրային ինտրիգին, որ սկսվել էր միլեդիի և կոմս դը Վարդի միջև, ապա այդ շատ էլ չէր մտահոգում ինքնավստահ պատանուն, թեև կոմսը երիտասարդ էր, գեղեցիկ, հարուստ և կարդինալի մոտ մեծ համարում ուներ։
Քսանամյա հասակը հո մի բան նշանակում է, մանավանդ, եթե դուք ծնվել եք Տարբում։
Ամենից առաջ դ’Արտանյանը գնաց տուն և ամենայն խնամքով սկսեց զբաղվել իր հարդարանքով։ Ապա նորից գնաց Աթոսի մոտ և սովորության համաձայն ամեն ինչ պատմեց նրան։ Աթոսը լսեց նրա պլանները, գլուխն օրորեց և դառնացած տեսքով նրան խորհուրդ տվեց զգույշ լինել։
— Ինչպե՞ս,— ասաց նա,— դուք հենց նոր զրկվել եք մի կնոջից, որը ձեր ասելով բարի էր, չքնաղ, կատարելություն, և ահա արդեն ուրիշի հետևի՞ց եք ընկել։
Դ’Արտանյանը զգաց կշտամբանքի իրավացիությունը։
— Տիկին Բոնասիեին ես սրտով էի սիրում,— առարկեց նա,— իսկ միլեդիին սիրում եմ բանականությամբ։ Եվ ես ձգտում եմ նրա տուն ընկնել գլխավորապես նրա համար, որ պարզեմ, թե նա ինչ դեր է խաղում արքունիքում։
— Ի՞նչ դեր։ Ախր հենց ձեր պատմածներից էլ դժվար չէ այդ հասկանալ։ Նա կարդինալի գաղտնի գործակալն է, մի կին, որը ձեզ ծուղակի մեջ կքաշի, որտեղ դուք ձեր գլուխը կդնեք, ուրիշ ոչինչ։
— Հը՜մ։ Ճիշտ որ, սիրելի Աթոս, դուք իրերը խիստ մռայլ լույսի տակ եք տեսնում։
— Ի՛նչ արած, սիրելիս, ես կանանց չեմ հավատում, դրա համար ես պատճառներ ունեմ, և մանավանդ, չեմ հավատում շիկահերներին։ Կարծեմ դուք ասում էիք, որ միլեդին շիկահեր է։
— Այո, նա այնպիսի խարտյաշ մազեր ունի, որպիսին ես երբեք չեմ տեսել։
— Խե՛ղճ դ’Արտանյան,— հառաչելով ասաց Աթոսը։
— Լսեցեք, ես ուզում եմ պարզել, թե ով է նա։ Հետո, երբ կիմանամ այն, ինչ ուզում եմ իմանալ, կհեռանամ։
— Պարզեցեք,— անտարբեր ասաց Աթոսը։
Նշանակված ժամին լորդ Վինտերը ներկայացավ, բայց Աթոսը նախապես այդ իմանալով՝ անցել էր մյուս սենյակը։ Եվ անգլիացին դ’Արտանյանին մենակ գտնելով՝ իսկույն էլ տարավ նրան, որովհետև արդեն ժամը ութին մոտ էր։
Սպասում էր մի շքեղ կառեթ, որին լծված մի զույգ հիանալի ձիերն իսկույն հասցրին նրանց Արքայական հրապարակ։
Լեդի Կլարիկը դ’Արտանյանին սառն ընդունեց։ Նրա առանձնատունն աչքի էր ընկնում իր շքեղությամբ։ Չնայած անգլիացիների մեծ մասը պատերազմի վտանգից դրդված հեռացել էր Ֆրանսիայից կամ հեռանալու վրա էր, միլեդին հենց նոր ահագին գումար էր ծախսել իր տունը նորոգելու համար, և այդ ցույց էր տալիս, որ անգլիացիներին արտաքսելու ընդհանուր կարգադրությունը նրան չէր վերաբերում։
— Ձեր առջև,— ասաց լորդ Վինտերը՝ քրոջը ներկայացնելով դ’Արտանյանին,— այն երիտասարդն է, որի ձեռքումն էր իմ կյանքը, բայց չուզեց օգտվել այդ առավելությունից, թեև մենք կրկնակի թշնամիներ էինք, քանի որ ես առաջինն էի վիրավորել նրան և քանի որ ես անգլիացի եմ։ Ուրեմն շնորհակալություն հայտնեցեք նրան, տիրուհի, եթե դուք գեթ մի որևէ չափով կապված եք ինձ հետ։
Միլեդին թեթևակի մռայլվեց, հազիվ նշմարելի մի ամպ սահեց նրա ճակատով, իսկ շուրթերին երևաց այնպիսի մի տարօրինակ ժպիտ, որ դ’Արտանյանը, նրա դեմքի այդ բարդ խաղը նկատելով, ցնցվեց։
Լորդը ոչինչ չնկատեց, նա հենց այդ պահին շուռ էր եկել փաղաքշելու միլեդիի կապկին, որը ձիգ էր տալիս նրա կամզոլից։
— Բարի գալուստ, պարոն,— ասաց միլեդին մի չլսված մեղմ ձայնով, որը զարմանալիորեն հակասում էր այն վատ տրամադրությանը, որ հենց նոր նկատեց դ’Արտանյանը,— դուք այսօր իմ երախտագիտության հավիտենական իրավունքն եք նվաճել։
Այդ պահին անգլիացին նորից դարձավ նրանց կողմը և սկսեց պատմել մենամարտի մասին, բաց չթողնելով ոչ մի մանրամասնություն։ Միլեդին նրան լսում էր մեծ ուշադրությամբ և, չնայած իր զգացմունքները թաքցնելու բոլոր ջանքերին, դժվար չէր նկատել, որ այդ պատմությունը դուրեկան չէ նրան։
Նա մերթ կարմրում էր, մերթ գունատվում և իր փոքրիկ ոտքերով անհամբերությամբ թխկթխկացնում էր հատակը։
Լորդ Վինտերը ոչինչ չէր նկատում։ Պատմությունը վերջացնելով նա մոտեցավ սեղանին, որտեղ մատուցարանի վրա դրված էին մի շիշ իսպանական գինի և բաժակներ։ Նա երկու բաժակ լցրեց և նշանացի դ’Արտանյանին առաջարկեց խմել։
Դ’Արտանյանը գիտեր, որ անգլիացու կենացը խմելուց հրաժարվելը նշանակում է խիստ վիրավորել նրան։ Ուստի մոտեցավ սեղանին և վերցրեց երկրորդ բաժակը։ Բայց նա շարունակում էր հայացքով հետևել միլեդիին և հայելու մեջ տեսավ, թե ինչպես փոխվեց նրա դեմքը։ Այժմ, երբ միլեդին կարծում էր, թե այլևս ոչ ոք իրեն չի նայում, ինչ֊որ դաժանության մի արտահայտություն աղավաղեց նրա դիմագծերը։ Նա կատաղաբար կրծում էր իր թաշկինակը։
Այդ պահին ներս մտավ այն ջահել ու սիրունիկ աղախինը, որին առաջ էլ դ’Արտանյանը տեսել էր։ Նա անգլերեն լեզվով ինչ֊որ բան ասաց լորդ Վինտերին, և վերջինս դ’Արտանյանից թույլտվություն խնդրեց գնալու, ասելով, որ անհետաձգելի մի գործ սպասում է իրեն և կրկին անգամ քրոջը հանձնարարելով ներողություն խնդրել իր փոխարեն։ Դ’Արտանյանը սեղմեց նրա ձեռքը և նորից մոտեցավ միլեդիին։ Վերջինիս դեմքը զարմանալի արագությամբ նախկին սիրալիր արտահայտությունը ստացավ, սակայն թաշկինակի վրա մնացած մի քանի կարմիր բծերը վկայում էին, որ նա շրթունքները կծել է արյունոտելու չափ։
Նրա շրթունքները սքանչելի էին, կարմիրի ինչպես կորալը։
Զրույցն աշխուժացավ։ Միլեդին, ըստ երևույթին, միանգամայն տիրապետեց իրեն։ Նա դ’Արտանյանին պատմեց, որ լորդ Վինտերը իր եղբայրը չի, այլ իր ամուսնու եղբայրը, ինքն ամուսնացած է եղել ընտանիքի կրտսեր անդամի հետ, որը մեռել է, թողնելով մի երեխա, և այդ երեխան լորդ Վինտերի միակ ժառանգն է, եթե միայն լորդ Վինտերը չամուսնանա։ Այս ամենը դ’Արտանյանին ասում էր, որ կա մի վարագույր, որի ետևում մի ինչ֊որ գաղտնիք է թաքնված, սակայն վարագույրը բացել նա դեռևս չէր կարողանում։
Մի կես ժամվա զրույցից հետո դ’Արտանյանը համոզվեց, որ միլեդին իր հայրենակիցն է, նա ֆրանսերեն խոսում էր այնքան ճիշտ ու այնքան գեղեցիկ, որ դրա մասին ոչ մի կասկած չէր մնում։
Դ’Արտանյանը հազար ու մի սիրալիր խոսքեր ասաց, հավատացնելով, որ ինքը նվիրված է նրան։ Լսելով այս բոլոր ցնդաբանությունները, որ թափում էր մեր գասկոնացին, միլեդին բարեհաճ ժպտում էր։ Վերջապես հասավ հեռանալու ժամանակը։ Դ’Արտանյանը հրաժեշտ տվեց և հյուրասենյակից դուրս եկավ որպես ամենաերջանիկ մարդը մահկանացուների մեջ։
Սանդուղքի վրա նրա դիմացը դուրս եկավ սիրունիկ աղախինը։ Կողքով անցնելիս նրա թևը կպավ դ’Արտանյանին, և աղջիկը մինչև ականջները կարմրելով՝ ներողություն խնդրեց այնպիսի քնքուշ ձայնով, որ ներողությունն իսկույն շնորհվեց նրան։
Հետևյալ օրը դ’Արտանյանը նորից եկավ, և նրան ավելի լավ ընդունեցին, քան նախորդ օրը։ Այս անգամ լորդ Վինտերը տանը չէր և ամբողջ երեկոն հյուրին զբաղեցնում էր միայն միլեդին։ Ըստ երևույթին, նա շատ էր հետաքրքրվում երիտասարդով, հարցրեց, թե որտեղացի է նա, ովքեր են նրա ընկերները և արդյոք մտադրություն չի՞ ունեցել ծառայության մտնելու կարդինալի մոտ։
Այստեղ դ’Արտանյանը, որն, ինչպես արդեն մեզ հայտնի է, իր քսանամյա հասակում շատ զգույշ երիտասարդ էր, հիշեց իր կասկածները միլեդիի նկատմամբ։ Նա միլեդիի առաջ մեծ գովասանքով արտահայտվեց նորին սրբազնության մասին և ասաց, որ չէր վարանի մտնել կարդինալի գվարդիան, քան թե թագավորի, եթե պարոն դ՚Կավուային նույնքան լավ ճանաչելիս լիներ, որքան ճանաչում է պարոն դը Տրևիլին։
Միլեդին շատ բնական ձևով խոսակցությունը փոխեց և ամենաանտարբեր ձևով հարցրեց դ’Արտանյանին, թե նա երբևիցե եղե՞լ է Անգլիայում։
Դ’Արտանյանը պատասխանեց, որ պարոն դը Տրևիլի հանձնարարությամբ գնացել է այնտեղ ձիեր գնելու բանակցություններ վարելու համար և նույնիսկ որպես նմուշ չորս ձի է բերել։
Խոսակցության ընթացքում միլեդին երկու թե երեք անգամ շրթունքները կծեց, այս գասկոնացին խորամանկ խաղ է խաղում։
Նույն ժամին, ինչպես նախորդ օրը, դ’Արտանյանը գնաց։ Միջանցքում նորից նրան հանդիպեց սիրունիկ Քեթին. այդպես էին կոչում աղախնին։ Նա դ’Արտանյանին նայեց այնպիսի արտահայտությամբ, որը չհասկանալ չէր կարելի, սակայն դ’Արտանյանն այնքան էր տարված նրա տիրուհով, որ նկատում էր միայն այն, ինչ տիրուհուց էր գալիս։
Դ’Արտանյանը միլեդիի մոտ գնաց նաև մյուս օրը, երրորդ օրը և ամեն երեկո միլեդին ավելի ու ավելի սիրալիր էր ընդունում նրան։
Ամեն երեկո՝ մերթ միջանցքում, մերթ նախասենյակում, մերթ սանդուղքի վրա նրա դիմացն էր դուրս գալիս սիրունիկ աղախինը։
Սակայն, ինչպես արդեն ասացինք, դ’Արտանյանը ոչ մի ուշադրություն չէր դարձնում Քեթիի այդ համառության վրա։