Chapter 3
Առաջին մաս III. Ունկնդրություն
Պարոն դը Տրևիլը շատ վատ տրամադրության մեջ էր, բայց և այնպես հարգանքով ընդունեց երիտասարդին, որը համարյա մինչև գետին գլուխ տվեց նրան և ժպիտը դեմքին լսեց նրա ողջույնը։ Պատանու բեարնական առոգանությունը պարոն դը Տրևիլին հիշեցրեց իր երիտասարդությունն ու հայրենի վայրերը, մի հիշողություն, որն ընդունակ է ամեն հասակում ուրախացնելու մարդուն։ Բայց և իսկույն մոտեցավ ընդունարանի դռանը և ձեռքը վեր բարձրացնելով, որ կարծես նշան էր, թե դ’Արտանյանից թույլտվություն է խնդրում նախ վերջացնել մյուսների հետ, իսկ հետո արդեն զրույց սկսել նրա հետ, նա երեք անգամ ձայն տվեց՝ ամեն անգամ ձայնն ավելի բարձրացնելով այնպես, որ նրա այդ ձայնի մեջ հնչեց հրամայականից մինչև ցասումի հասնող հնչերանգի ամբողջ գամման։
— Աթո՛ս, Պորտո՛ս, Արամի՛ս։
Երկու հրացանակիրներն էլ, որոնց հետ մենք արդեն ծանոթացել ենք և որոնց պատկանում էին վերջին երկու անունները, իսկույն անջատվեցին ընկերներից և մտան կաբինետ, որի դուռը, հենց որ շեմքն անցան, իսկույն փակվեց նրանց հետևից։ Հրացանակիրների կեցվածքը, թեև նրանք այնքան էլ հանգիստ չէին, իր անբռնազբոսիկությամբ, որ լի էր միաժամանակ և՛ արժանապատվությամբ, և՛ հնազանդությամբ, հիացմունք առաջացրեց դ’Արտանյանի մեջ, որն այդ մարդկանց համարում էր կիսաստվածներ, իսկ նրանց պետին` ամպրոպաբեր Յուպիտեր, որը պատրաստ էր շանթ ու կայծակ տեղալու։
Երբ երկու հրացանակիրները ներս մտան, և դուռը նրանց ետևից փակվեց, երբ ընդունարանում կրկին ուժեղացավ խոսակցությունների աղմուկը, որոնց համար հավանորեն նոր սնունդ էր հանդիսացել հրացանակիրներին կանչելը, երբ, վերջապես, պ-րն Տրևիլը հոնքերը խոժոռած երեք թե չորս անգամ լուռ քայլեց կաբինետի երկարությամբ Պորտոսի ու Արամիսի կողքով, որոնք լուռ կանգնել էին ձգված, ասես ստուգատեսի, դը Տրևիլը հանկարծ կանգ առավ նրանց դիմաց և ոտից գլուխ մի ցասումնալից հայացք գցելով նրանց վրա ասաց.
— Հայտնի՞ է արդյոք ձեզ, պարոննե՛ր, թե ինչ ասաց ինձ թագավորը, այն էլ ոչ վաղուց քան երեկ երեկոյան։ Հայտնի՞ է արդյոք ձեզ այդ։
— Ո՛չ, կարճ լռությունից հետո պատասխանեցին երկու հրացանակիրները։— Ոչ, տեր, մեզ ոչինչ հայտնի չէ։
— Բայց մենք հույս ունենք, որ դուք մեզ պատիվ կանեք հաղորդելու այդ,— ավելացրեց Արամիսը վերին աստիճանի հարգալից և գեղանիորեն գլուխ խոնարհելով։
— Նա ինձ ասաց, որ այսուհետև իր համար հրացանա-կիրներ պիտի ընտրի պարոն կարդինալի գվարդիականներից։
— Պարոն կարդինալի գվարդիականների՞ց։ Ինչպե՞ս թե,— գոչեց Պորտոսը։
— Նա եկել է այն եզրակացության, որ իր թթված գինուն հարկավոր է լավ գինի ավելացնել։
Երկու հրացանակիրներն էլ մինչև ականջները կարմրեցին։ Դ’Արտանյանը չգիտեր ուր չքվի և պատրաստ էր գետնի տակն անցնելու։
— Այո՛, այո՛,— շարունակեց պ-րն դը Տրևիլը ավելի ու ավելի տաքանալով։— Եվ նորին մեծությունը միանգամայն իրավացի է, որովհետև, պատվովս եմ երդվում, պարոնայք հրացանակիրները ողորմելի դեր են խաղում արքունիքում։ Երեկ երեկոյան պարոն կարդինալը շախմատ խաղալիս ցավակցական տոնով, որը շատ դիպավ իմ սրտին, սկսեց պատմել, թե այդ անիծյալ հրացանակիրները, այդ թոկից փախածները— նա այս խոսքերն ասաց մի առանձին ծաղրով, որն ինձ ավելի քիչ դուր եկավ — այդ կռվարարները,— ավելացրեց նա՝ ինձ նայելով իր վայրի կատվի աչքերով,— թույլատրված ժամից ավելի երկար են մնացել Ֆերուն փո-ղոցի մի պանդոկում։ Շրջայցի ժամանակ նրա գվար-դիականները,— թվում էր, թե հիմա նա կքրքջա իմ երեսին,— ստիպված են եղել ձերբակալել այդ գիշերային հանգիստը խանգարողներին։ Գրող ու ցա՛վ։ Դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ է նշանակում այդ։ Ձերբակա-լել հրացանակիրների՜ն։ Դուք եղել եք այդ խմբում, այո՛, դո՛ւք, մի՛ ժխտեք, ձեզ ճանաչել են, և կարդինալը տվեց ձեր անունները։ Ե՛ս եմ մեղավոր, ես ի՛նքս եմ մեղավոր. չէ՞ որ ես եմ մարդիկ ընտրում ինձ համար։ Ա՛յ, թեկուզ հենց դուք, Արամի՛ս, ինչո՞ւ դուք ինձնից հրացանակրի կամզոլ խնդրեցիք, երբ ձեզ կապան ավելի է սազում։ Կամ դուք, Պորտոս, ձեզ այդպիսի փառավոր ոսկեկար լանջագոտին հարկավոր է երևի նրանից ծղոտե սուսեր կախելո՞ւ համար։ Իսկ Աթոսը... Ես Աթոսին չեմ տեսնում։ Որտե՞ղ է նա։
— Տեր իմ,— թախիծով պատասխանեց Արամիսը,— նա հիվանդ է, շատ է հիվանդ։
— Հիվա՞նդ է։ Շա՞տ է հիվանդ, ասում եք։ Իսկ ի՞նչ է նրա հիվանդությունը։
— Երկյուղ կա, թե ծաղիկ հիվանդություն է, տեր իմ,— ասաց Պորտոսը՝ ցանկանալով ինքն էլ մի խոսք ասած լինել։— Եվ դա շատ ցավալի բան է. այդ հիվանդությունը կարող է այլանդակել նրա դեմքը։
— Ծաղի՞կ։ Ա՛յ թե հետաքրքիր բան եք պատմում դուք, Պորտոս։ Նրա տարիքին ծաղի՞կ ընկնել։ Ո՛չ, ո՛չ... Նա երևի վիրավորված է կամ՝ սպանված... Ա՜խ, եթե ես կարողանայի իմանալ... Գրո՛ղ ու ցա՛վ։ Պարոնայք հրացանակիրներ, ես չեմ ափսոսում, որ իմ մարդիկ թափառելիս են եղել կասկածելի տեղերում, կռիվներ են սարքել փողոցներում և սուսերը գործի են դրել մութ անկյուններում։ Ես վերջիվերջո չեմ ափսոսում, որ իմ մարդիկ ծաղրի առարկա են եղել պարոն կարդինալի գվարդիականների համար։ Այդ գվարդիականները հանգիստ տղաներ են, կարգին, ճարպիկ։ Նրանց ձերբակալելու հարկ չկա, բացի այդ, նրանք չեն էլ թույլ տա ձերբակալել իրենց։ Ես դրանում համոզված եմ։ Նրանք կգերադասեին տեղն ու տեղը մեռնել, քան թեկուզ մեկ քայլ նահանջել։ Փրկվել, փախչել, ծլկել դրան ընդունակ են միայն թագավորի հրա-ցանակիրները։
Պորտոսը և Արամիսը դողում էին ցասումից։ Նրանք պատրաստ էին խեղդելու պ-րն դը Տրևիլին, եթե հոգու խորքում չզգային, որ իրենց նկատմամբ ջերմ սերն է միայն նրան ստիպում այդպես խոսել։ Նրանք կրունկներով թխկացնում էին գորգին, արյունոտելու չափ կծում էին շրթունքները և ամբողջ ուժով սեղմում իրենց սուսերների դաստակները։
Ընդունարանում լսել էին, որ կանչում են Աթոսին, Պորտոսին ու Արամիսին և պ-րն դը Տրևիլի ձայնից հասկացել էին, որ նա խիստ զայրացած է։ Հետաքրքրությամբ բորբոքված մարդկանց մի տասը գլուխ սեղմվեց դռանը, ցանկանալով ոչ մի բառ չփախցնել, և երեսները սփրթնում էին ցասումից, մինչդեռ դռան անցքին սեղմված ականջները բաց չէին թողնում ոչ մի ձայն, իսկ շրթունքները մեկը մյուսի հետևից կրկնում էին կապիտանի վիրավորական խոսքերը և դարձնում բոլոր ներկաների սեփականությունը։ Մի ակնթարթում ամբողջ տունը, կաբինետի դռնից մինչև շքամուտքը, վերածվեց քլթքլթացող կաթսայի։
— Ա՜յ թե ինչ։ Թագավորի հրացանակիրները կարդինալի գվարդիականներին թույլ են տալիս ձերբա-կալե՜լ իրենց,— շարունակում էր պ-րն դը Տրևիլը՝ հոգու խորքում ո՛չ պակաս զայրացած, քան իր զինվորները, շեշտելով բառերը և դաշույնի հարվածի պես խրելով իր ունկնդիրների կուրծքը։— Ա՜յ թե ինչ։ Կարդինալի վեց գվարդիականները ձերբակալում են նորին մեծության վեց հրացանակիրների՜ն։ Գրո՛ղ ու ցա՛վ։ Ես մի որոշում եմ ընդունել. այստեղից ուղիղ գնում եմ Լուվր և հրաժարական եմ տալիս, հրաժարվում եմ թագավորի հրացանակիրների կապիտանի կոչումից և խնդրում՝ նշանակել ինձ կարդինալի գվար-դիականների լեյտենանտ։ Իսկ եթե ինձ մերժեն,— գրո՛ղ ու ցա՛վ,— ես աբբատ կդառնամ։
Այս խոսքերն ասելիս պատի հետևից լսվող քրթմն-ջոցը մրրիկ դարձավ։ Ամենուրեք լսվում էին նզովք ու հայհոյանքներ։ Օդը լցվեց այնպիսի աղաղակներով, ինչպես՝ «Գրող ու ցավ», «Աստվածն ու իր բոլոր հրեշտակները», «Մահ ու տարտարոս»։ Դ’Արտանյանը հայացքով որոնում էր, թե չկա մի վարագույր, որի հետևում կարողանար թաքնվել, և սեղանի տակ խցկվելու անհաղթահարելի ցանկություն էր զգում։
— Ճիշտ որ, պարոն կապիտան,— գոչեց Պորտոսը՝ այլևս չկարողանալով զսպել իրեն։— Իսկապես, մենք վեց հոգի էինք վեցի դեմ, բայց մեզ վրա հարձակվեցին գաղտագողի, և նախքան մենք կկարողանայինք մեր սուսերները մերկացնել, մեզնից երկուսն ընկան անշնչացած, իսկ Աթոսը այնպես ծանր վիրավորվեց, որ շատ քիչ էր տարբերվում մեռածներից։ Երկու անգամ նա փորձեց վեր կենալ և երկու անգամ էլ փռվեց գետնին։ Բայց և այնպես մենք անձնատուր չեղանք։ Ո՛չ։ Մեզ զոռով քարշ տվեցին։ Ճանապարհին մենք թաքնվեցինք։ Ինչ վերաբերում է Աթոսին, ապա նրան մեռած էին. համարում և թողեցին, որ հանգիստ պառկի կռվի դաշտում, ենթադրելով, թե կարիք չկա զբաղվել նրանով։ Ահա թե ինչպես եղավ բանը։ Գրողը տանի, կապիտան։ Ամեն կռիվ հո չի կարելի շահել։ Պոմպեոս մեծը տանուլ տվեց Ֆարսալի ճակատամարտը, իսկ Ֆրանցիսկ I թագավորը, որը, ինչպես լսել եմ, մի բան արժեր, տանուլ տվեց Պավիի<ref>Գնեոս Պոմպեոս (106-48 թթ. մ. թ. ա.) — հռոմեացի քաղաքական գոր¬ծիչ և զորավար։ Փարսալ — քաղաք Թեսալիայում։ Այստեղ Պոմպեոսը հաղթանակ է տարել Հուլիոս Կեսարի զորքերի նկատմամբ։ Ֆրանցիսկ I — Ֆրանսիայի թագավոր՝ 1515-1547 թթ.։ 1525 թ. Պավիի (քաղաք՝ Իտալիայում) մոտ տեղի ունեցած ճակատամարտի ժամա¬նակ ջարդվեց իսպանացիների կողմից և գերի ընկավ։ </ref> ճակատամարտը։
— Ես էլ պատիվ ունեմ զեկուցելու,— ասաց Արամիսը,— որ հարձակվողներից մեկին ես սրախողխող արի իր սեփական սուսերով, որովհետև իմ սուսերը առաջին իսկ հարձակման ժամանակ կոտրվեց։ Սպանեցի կամ վիրավորեցի, ինչպես ձեզ հաճելի է, տե՛ր։
— Ես այդ չգիտեի,— ասաց պ-րն դը Տրևիլը փոքր-ինչ մեղմացած։— Պարոն կարդինալը, ինչպես տեսնում եմ, որոշ բան չափազանցրել է։
— Բայց աղաչում եմ ձեզ, տեր,— շարունակեց Արամիսը, տեսնելով, որ դը Տրևիլը մեղմացել է, և արդեն սիրտ անելով դիմել նրան խնդիրքով,— աղաչում եմ ձեզ, տեր, ոչ ոքի չասեք, որ Աթոսը վիրավորվել է։ Նա խիստ կհուսահատվի, եթե այդ բանը հայտնի դառնա թագավորին։ Բայց որովհետև վերքը շատ ծանր է,— ուսը ծակելով սուսերի ծայրը հասել է կրծքին,— կարելի է երկյուղ կրել...
Այդ րոպեին վարագույրի եզրը բարձրացավ, և շեմքում երևաց մի հրացանակիր՝ ազնիվ ու գեղեցիկ դեմքով, բայց մեռածի պես գունատ։
— Աթո՜սը,— գոչեցին երկու հրացանակիրները։
— Աթո՜սը,— նրանց հետևից կրկնեց դը Տրևիլը։
— Դուք կանչել եք ինձ, պարոն կապիտան,— ասաց Աթոսը՝ դառնալով դը Տրևիլին։ Նրա ձայնը հնչում էր թույլ, բայց բոլորովին հանգիստ։— Դուք կանչել եք ինձ, ինչպես հաղորդեցին ընկերներս, և ահա ես շտապեցի ներկայանալ։ Սպասում եմ ձեր հրամանին, տեր իմ։
Այս ասելով, անբասիր հագնված և միշտ զգաստ հրացանակիրը հաստատուն քայլերով մտավ կաբինետ։ Դը Տրևիլը այդպիսի արիությունից մինչև հոգու խորքը զգացված՝ նետվեց նրա մոտ։
— Ես հենց նոր ասում էի այս պարոններին,— ասաց դը Տրևիլը,— որ իմ հրացանակիրներին արգելում եմ առանց անհրաժեշտության կյանքը վտանգի ենթարկել։ Քաջ մարդիկ թանկ են թագավորի համար, իսկ թագավորին հայտնի է, որ հրացանակիրներն ամենաքաջ մարզիկն են աշխարհում։ Ձեր ձեռքը, Աթո՛ս։
Եվ չսպասելով, որ ներս մտնողը պատասխան տա բարեկամական զգացմունքների այդ արտահայտությանը՝ դը Տրևիլը բռնեց Աթոսի աջ ձեռքը, ամբողջ ուժով սեղմեց, չնկատելով, որ Աթոսը, չնայած իր կամքի ուժին՝ ցնցվեց ցավից և ավելի սփրթնեց, թեև այդ անհնարին էր թվում։ Դուռը կիսաբաց էր մնացել։ Բոլորին զարմացրել էր Աթոսի երևալը, որի վերքի մասին, չնայած այդ ամբողջ գործը շրջապատող գաղտնիքին, մեծամասնությանն արդեն հայտնի էր։ Կապիտանի վերջին բառերը ընդունվեցին գոհունակության աղմուկով, և երկու թե երեք գլուխ հիացմունքի պոռթկումով ներս խցկվեցին վարագույրներից։ Դը Տրևիլը, պետք է ենթադրել, չէր զլանա խիստ նկատողությունով կշտամբել ընդունված կարգի այդ խախտման համար, բայց նա հան-կարծ զգաց, թե ինչպես Աթոսի ձեռքը ջղայնորեն ցնցվեց իր ձեռքի մեջ, և հայացքը դարձնելով հրացանակրի վրա՝ տեսավ, որ նա պատրաստ է ուշաթափ լինելու։ Նույն ակնթարթում Աթոսը, որ բոլոր ուժերը ժողովել էր, որպեսզի ցավը հաղթահարի, և այնուամենայ-նիվ չէր կարողացել, շրխկոցով հատակին ընկավ մեռածի նման։
— Բժշկին կանչե՛ք,— գոռաց պ-րն դը Տրևիլը,— իմ բժշկին կամ թագավորի, ամենալավին։ Բժշկին կան-չե՜ք, թե չէ, գրողը տանի, իմ քաջ Աթոսը կմեռնի։
Դը Տրևիլի աղաղակի վրա ընդունարանում հավաքվածները բոլորը լցվեցին կաբինետ, որի դուռը նա մոռացել էր փակել։ Իրարանցում սկսվեց վիրավորի շուրջը։ Սակայն բոլոր ջանքերը իզուր կլինեին, եթե բժիշկը հենց այդ պահին տանը չլիներ։ Ամբոխը դեսուդեն հրելով նա մոտեցավ Աթոսին, որը դեռ պառկած էր ուշաթափ, և որովհետև աղմուկն ու իրարանցումը խանգարում էին նրան, ամենից առաջ խստորեն պահանջեց հիվանդին փոխադրել հարևան սենյակը։ Պ-րն դը Տրևիլն շտապ բաց արեց դուռը և ինքն առաջ անցավ՝ ճանապարհ ցույց տալով Պորտոսին ու Արամիսին, որոնք ձեռքերի վրա դուրս տարան իրենց ընկերոջը։ Նրանց հետևից գնաց բժիշկը, իսկ բժշկի հետևից դուռը փակվեց։
Եվ այդ ժամանակ պ-րն դը Տրևիլի կաբինետը, որ միշտ ներս մտնողներին սարսափ էր ազդում, մի ակնթարթում դարձավ ընդունարանի մի բաժանմունքը։ Բոլորը շատախոսում էին, գոռգոռում, առանց ձայնն իջեցնելու անեծքներ էին տեղում և թունդ արտահայտություններից չվախենալով՝ գրողի ծոցն էին ուղարկում կարդինալին էլ, նրա գվարդիականներին էլ։
Քիչ անց՝ Պորտոսը և Արամիսը վերադարձան։ Վիրավորի մոտ մնացին միայն դը Տրևիլը և բժիշկը։
Վերջապես վերադարձավ նաև պ-րն դը Տրևիլը։ Վիրավորը, նրա ասելով, ուշքի էր եկել։ Բժիշկը գտնում էր, որ հիվանդի վիճակը չպետք է երկյուղ ներշնչի իր բարեկամներին, որովհետև թուլությունը միայն շատ արյուն կորցնելու հետևանք է։
Ապա պ-րն դը Տրևիլը ձեռքով նշան արեց, և բոլորը հեռացան, բացառությամբ դ’Արտանյանի, որը գասկոնացուն հատուկ համառությամբ մնացել էր իր տեղում՝ չմոռանալով, որ իր համար ունկնդրություն է նշանակված։
Երբ բոլորը դուրս եկան և դուռը ծածկվեց, դը Տրևիլը շրջվեց և կանգնեց երիտասարդին դեմ առ դեմ։ Տեղի ունեցած դեպքերն ընդհատել էին նրա մտքի թելը։ Նա հարց տվեց, թե ի՛նչ է ուզում իրենից այդ համառ այցելուն։ Դ’Արտանյանը իր անունը տվեց, որով միանգամից դը Տրևիլի հիշողության մեջ վերականգնեց և՛ անցյալը, և՛ ներկան։
— Ներեցեք, սիրելի հայրենակից,— ասաց նա ժպտալով։— Ես բոլորովին մոռացել էի ձեզ։ Ի՞նչ եք ուզում։ Կապիտանը՝ նույնն է, թե մի ընտանիքի հայր, միայն թե ավելի շատ մարդկանց համար է պատասխանատու, քան սովորական հայրը։ Զինվորները մեծահասակ երեխաներ են, բայց որովհետև ես պահանջում եմ, որ թագավորի և մանավանդ պարոն կարդինալի կարգադրությունները կատարվեն...
Դ'Արտանյանը չկարողացավ ժպիտը թաքցնել։ Այդ ժպիտը պ-րն Տրևիլին ցույց տվեց, որ իր առջև ամենևին էլ հիմարի մեկը չի կանգնած, և անմիջապես գործի անցավ։
— Ես շատ էի սիրում ձեր հորը,— ասաց նա։— Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել նրա որդուն։ Շո՛ւտ ասացեք։ Ինձ ժամանակ քիչ է մնացել։
— Տեր իմ,— դ’Արտանյանը,— Տարբից Փարիզ գնալու ժամանակ ես հույս ունեի, ի հիշատակ այն բարեկամության, որը դուք չեք մոռացել, ձեզնից հրացանակրի թիկնոց խնդրել։ Բայց այն ամենից հետո, ինչ տեսա այստեղ այս երկու ժամվա ընթացքում, հասկացա, որ դա այնքան մեծ ողորմածություն կլիներ, որին, ես վախենում եմ, թե արժանի չեմ լինի։
— Այդ իսկապես ողորմածություն է, երիտասարդ,— պատասխանեց դը Տրևիլը։— Բայց ձեզ համար դա գուցե և այնքան անմատչելի չէ, ինչպես կարծում եք, կամ ձևացնում եք, թե կարծում եք։ Ի դեպ, նորին մեծության կարգադրություններից մեկը նախատեսում է նման դեպք, և ես, դժբախտաբար, ստիպված եմ հաղորդել ձեզ, որ ոչ ոքի հրացանակիր չեն ընդունում, քանի դեռ նա ստուգված չէ մի քանի ճակատամարտերում, որևէ փայլուն սխրագործություն չի կատարել կամ երկու տարի չի ծառայել մի ուրիշ ավելի համեստ գն-դում, քան մերն է։
Դ’Արտանյանը լուռ գլուխ տվեց։ Այն պահից, երբ իմացավ, թե որքան դժվար է հասնել ցանկացածին, նա ավելի շատ էր փափագում հրացանակրի համազգեստ հագնել։
— Սակայն...— շարունակեց դը Տրևիլը իր հայրենակցի վրա հառելով այնպիսի խորաթափանց հայացք, ասես ուզում էր թափանցել նրա սրտի խորքերը,— սակայն դրդված այն հարգանքից, որ տածում եմ դեպի ձեր հայրը, իմ հին բարեկամը, ինչպես արդեն ձեզ ասացի, ես, երիտասարդ, այնուամենայնիվ ուզում եմ մի որևէ բան անել ձեզ համար։ Մեր բեարնյան պատանիները հազվադեպ են հարուստ լինում, և ես չեմ կարծում, թե դրությունը խիստ փոխված լինի այն ժամանակներից ի վեր, երբ ես հեռացել եմ հայրենի վայրերից։ Կարծում եմ, որ ձեզ հետ բերած դրամը դժվար թե բավականացնի ձեր ապրուստին։
Դ’Արտանյանը հպարտորեն ուղղվեց, իր այդ տեսքով հասկացնելով, որ ինքը ոչ ոքից ողորմություն չի խնդրում։
— Լավ, լավ, երիտասարդ,— շարունակեց դը Տրևիլը։ — Այդ ձևերն ինձ ծանոթ են։ Ես Փարիզ եկա գրպանումս ունենալով չորս էքյու և մենամարտի կհրավիրեի ամեն մեկին, ով համարձակվեր ասել, թե ես ի վիճակի չեմ Լուվրը<ref>Լուվր — ֆրանսիական թագավորի պալատը Փարիզում։ Ներկայումս՝ ազգային թանգարան։</ref> գնելու։
Դ’Արտանյանն ավելի բարձրացրեց գլուխը։ Ձին վաճառած լինելու շնորհիվ նա իր կարիերան սկսում էր չորս էքյուով ավելի, քան սկզբնական շրջանում ունեցել էր դը Տրևիլը։
— Այդպես ուրեմն,— շարունակեց կապիտանը,— ձեզ հարկավոր է պահել ձեր բերածը, որքան էլ մեծ գումար լինի այն։ Բայց ձեզ հարկավոր է նաև կատարելագործվել զենքին տիրապետելու արվեստին, դա անհրաժեշտ է ազնվականին։ Ես հենց այսօր նամակ կգրեմ Թագավորական ակադեմիայի պետին, և վաղվանից նա կընդունի ձեզ առանց որևէ վարձ պահանջելու։ Չհրաժարվեք դրանից։ Մեր ջահել ազնվականները, նույնիսկ ամենանշանավորներն ու հարուստները, հաճախ ապարդյուն ջանքեր են թափում այնտեղ ընդունվելու համար։ Դուք կսովորեք ձիավարություն, սուսերամարտ, պարեր։ Օգտակար ծանոթություններ կհաստատեք, իսկ երբեմն-երբեմն կգաք ինձ մոտ՝ զեկուցելու, թե ինչպես են ընթանում ձեր գործերը և ինչով կարող եմ օգնել ձեզ։
Որքան էլ խորթ էին դ’Արտանյանի համար պալատական խորամանկությունները, այնուամենայնիվ նա զգաց այն սառնությունը, որ գալիս էր այդ ընդունե-լությունից։
— Ավա՜ղ,— բացականչեց նա։— Ես տեսնում եմ, թե այժմ որքան է ինձ անհրաժեշտ այն հանձնարարական նամակը, որ տվել էր հայրս։
— Իսկապես,— պատասխանեց դը Տրևիլը,— ես զարմանում եմ, որ դուք այդքան երկար ճանապարհ եք եկել առանց այն միակ կախարդական բանալու, որն այնքան անհրաժեշտ է բեարնացուն։
— Նամակ ունեի ես, տեր իմ, և, փառք Աստծու, գրված էր՝ ինչպես հարկն է,— բացականչեց դ’Արտանյանը։— Բայց այդ նամակը նենգաբար գողացան ինձնից։
Եվ նա պատմեց այն ամենը, ինչ տեղի էր ունեցել Մենգում, ամենայն մանրամասնությամբ նկարագրեց անծանոթ ազնվականին, և նրա խոսքի մեջ զգացվում էր ջերմություն ու անկեղծություն, որոնք հիացնում էին դը Տրևիլին։
— Տարօրինակ պատմություն,— մտախոհ ասաց հրացա-նակիրների կապիտանը։— Դուք, ուրեմն, բարձրաձայն տվեցի՞ք իմ անունը։
— Այո, իհարկե։ Ես այդքան անզգույշ եղա։ Բայց ի՞նչ կասեք. այնպիսի անուն, ինչպիսին ձերն է, ճա-նապարհին պետք է ինձ վահան ծառայեր։ Ինքներդ դատեցեք, թե որքան հաճախ եմ ես պաշտպանվել նրանով։
Շողոքորթությունն այն օրերին ընդունված բան էր, և դը Տրևիլն էլ զգայուն էր գովաբանության նկատմամբ, ինչպես ամեն մի թագավոր կամ կարդինալ։ Ուստի նա չկարողացավ զսպել գոհունակություն արտահայտող ժպիտը, սակայն այդ ժպիտը շուտով մարեց։
— Ասացեք ինձ,— սկսեց նա՝ ինքը վերադառնալով Մենգում տեղի ունեցածին,— ասացեք, արդյոք այդ ազնվական մի թեթև սպի չունե՞ր քունքի վրա։
— Աչք, ինչպես գնդակի հետք։
— Դա պատկառելի տեսքով մի տղամարդ էր։
— Այո։
— Բարձրահասա՞կ։
— Այո։
— Գունա՞տ, մուգ մազերո՞վ։
— Այո, այո։ Ճիշտ այդպես։ Որտեղի՞ց եք ճանաչում դուք այդ մարդուն, տեր իմ։ Ա՜խ, եթե ես երբևիցե գտնեմ նրան... Բայց երդվում եմ ձեզ, որ կգտնեմ նրան, թեկուզ դժոխքում...
— Նա մի կնո՞ջ էր սպասում,— ընդհատեց նրան դը Տրևիլը։
— Նա գնաց, համենայնդեպս, միայն մեկ րոպե խոսելով այն կնոջ հետ, որին սպասում էր։
— Դուք չգիտե՞ք ինչի մասին էին խոսում նրանք։
— Նա մի արկղիկ տվեց այդ կնոջը, ասաց, որ այդ արկղում նա կգտնի իր կարգադրությունները, և առաջարկեց արկղիկը բաց անել միայն Լոնդոնում։
— Այդ կինն անգլուհի՞ էր։
— Այդ մարդը նրան միլեդի էր կոչում։
— Նա է,— շշնջաց դը Տրևիլը։— Այդ նա է։ Իսկ ես կար-ծում էի, թե նա դեռ Բրյուսելումն է։
— Օ՜, տեր իմ,— գոչեց դ’Արտանյանը,— ասացեք ինձ, ո՞վ է նա և որտեղացի, և ես այլևս ոչինչ չեմ խնդրի ձեզնից, նույնիսկ հրացանակիր նշանակել։ Որովհետև ամենից առաջ ես պետք է հաշիվ մաքրեմ նրա հետ։
— Տերը փրկի ձեզ դրանից, երիտասարդ,— գոչեց դը Տրևիլը։— Եթե դուք փողոցում հանդիպեք նրան, շտապեցեք անցնել մյուս կողմը։ Չզարկվեք այդ ժայռին, դուք կփշրվեք ինչպես ապակի։
— Բայց և այնպես,— ասաց դ’Արտանյանը,— եթե միայն ես նրան հանդիպեմ...
— Առայժմ, համենայնդեպս, խորհուրդ չեմ տալիս որոնել նրան,— ասաց դը Տրևիլը։
Հանկարծ դը Տրևիլը մի տարօրինակ կասկածով համակված լռեց։
Այն կրքոտ ատելությունը, որ պատանին արտահայտում էր որպես թե հոր նամակը իրենից հափշտակած մարդու նկատմամբ... Ո՞վ գիտե, արդյոք այդ ատելության տակ որևէ նենգ միտք չի՞ թաքնված։ Արդյոք նորին սրբազնությունը չի ուղարկել այս երիտասարդին։ Արդյոք սա իրեն ծուղակի մեջ գցելու նպատակով չի եկել։ Այո մարդը, որն իրեն անվանում է դ’Արտանյան, արդյոք լրտես չէ՞ք որին ուզում են իր տունը մտցնել, որպեսզի իր վստահությունը նվաճի, իսկ հետո կործանի իրեն, ինչպես պատահել է ուրիշների հետ։ Դը Տրևիլն առաջվանից ավելի ուշադիր նայեց դ’Արտանյանին։ Խելք, խորամանկություն և առերևույթ համեստություն արտահայտող այդ աշխույժ դեմքը այնքան էլ չհանգստացրեց նրան։
«Ճիշտ է, ես գիտեմ, որ սա գասկոնացի է,— մտածեց դը Տրևիլը։— Սակայն սա իր ընդունակությունները նույնպիսի հաջողությամբ կարող է գործադրել կարդինալի օգտին, ինչպես և իմ օգտին։ Փորձենք սրան...»։
— Բարեկամս,— ասաց նա դանդաղորեն,— իմ բարեկամի որդու առաջ— որովհետև ես ճշմարիտ եմ ընդունում այն ամբողջ պատմությունը, որ վերաբերում է ձեր նամակին— իմ բարեկամի որդու առաջ ես ուզում եմ քավել այն սառնությունը, որ դուք իսկույն զգացիք իմ ընդունելության մեջ, և ձեր առջև բաց կանեմ մեր քաղաքականության գաղտնիքը։ Թագավորը և կարդինալը ամենալավ բարեկամներ են։ Առերևույթ բախումները նրանց միջև միայն հիմարներին խաբելու համար են։ Ես չեմ թողնի, որ իմ հայրենակիցը, նման մի գեղեցիկ, հիանալի երիտասարդ, որ ստեղծված է հաջողության համար, զոհ դառնա այդ խաղերին և անախորժ դրության մեջ ընկնի, ինչպես շատերը, որոնք դրանով իրենց գլուխն են կոտրել։ Հիշեցեք, որ ես նվիրված եմ այդ երկու ամենազոր մարդկանց, և որ իմ յուրաքանչյուր քայլը նպատակ ունի ծառայել թագավորին և պարոն կարդինալին, ամենաականավոր մտքերից մեկին, որպիսիք երբևէ ստեղծել է Ֆրանսիան։ Այնուհետև, երիտասարդ, նկատի ունեցեք այս, և եթե ընտանեկան կամ բարեկամական կապերի պատճառով և կամ կրքերի ձայնին ենթարկվելով դուք թշնամական զգացմունքներ եք տածում կարդինալի նկատմամբ, նման այն զգացմունքներին, որոնք երբեմն երևան են գալիս ազնվականներից ոմանց մեջ, ապա ուրեմն եկեք հրաժեշտ տանք իրար։ Ես օգնության կգամ ձեզ բոլոր հանգամանքներում, բայց չեմ ցանկանա, որ մերձենաք ինձ։ Հուսով եմ, համենայնդեպս, որ իմ այս անկեղծությունը ձեզ իմ բարեկամը կդարձնի, որովհետև դուք միակ երիտասարդն եք, որի հետ ես երբևիցե խոսել եմ այսպես։
«Եթե այս աղվեսին կարդինալն է ուղարկել ինձ մոտ,— ինքն իրեն մտածում էր դը Տրևիլը,— ապա իմանալով, թե ինչպես եմ ատում ես իրեն, հավանորեն իր լրտեսին ներշնչած կլինի, որ իմ վստահությունը նվաճելու լավագույնը միջոցը կլինի այն, որ ամեն տեսակ բաներ դուրս տա իր մասին։ Եվ, իհարկե, չնայած իմ հավաստիացումներին, այս խորամանկը հիմա կսկսի ինձ համոզել, թե զզվանք է տածում դեպի նորին սրբազնությունը»։
Սակայն ամեն ինչ տեղի ունեցավ բոլորովին այլ կերպ, քան սպասում էր դը Տրևիլը։ Դ’Արտանյանը պատասխանեց միանգամայն անկեղծորեն։
— Տեր իմ,— ասաց նա պարզորեն։— Ես Փարիզ եմ եկել հենց այդպիսի մտադրություններով։ Հայրս ինձ խորհուրդ է տվել ոչ ոքի չենթարկվել, բացի թագավորից, պարոն կարդինալից և ձեզնից, որոնց նա համարում է Ֆրանսիայի առաջին մարդիկ։
Դ’Արտանյանը, ինչպես կարելի է նկատել, դը Տրևիլի անունը միացրեց առաջին երկու անուններին։ Սակայն այդ ավելացումը, նրա կարծիքով, չէր կարող գործը փչացնել։
— Դրա համար էլ,— շարունակեց նա,— ես խորապես հարգում եմ պարոն կարդինալին և խոնարհվում եմ նրա գործողությունների առաջ,.. Ավելի լավ ինձ համար, եթե դուք, ինչպես հաճեցիք ասել, միանգամայն անկեղծ եք ինձ հետ։ Նշանակում է՝ դուք ինձ պատիվ արիք՝ նկատելով մեր հայացքների նմանությունը։ Բայց եթե դուք որոշ անվստահությամբ եք վերաբերվել ինձ,— իսկ այդ միանգամայն բնական կլիներ,— այդ դեպքում, հասկանալի է, ես այս խոսքերով ինձ կործանում եմ ձեր աչքում։ Բայց միևնույն է, դուք կգնահատեք իմ անկեղծությունը, իսկ ձեր բարի կարծիքն իմ մասին՝ աշխարհում ամենաթանկ բանն է ինձ համար։
Դը Տրևիլը զարմացած էր։ Այդ խորաթափանցությունը, այդ անկեղծությունը հիացմունք էին առաջացնում, բայց և այնպես լիովին չէին փարատում կասկածները։ Որքան ավելի էր արտահայտվում այդ երիտասարդի գերազանցությունը ուրիշ երիտասարդների համեմատությամբ, այնքան ավելի էին մեծանում նրանից զգուշանալու հիմքերը, եթե դը Տրևիլը սխալվում էր նրա նկատմամբ։
— Դուք ազնիվ մարդ եք,— ասաց նա սեղմելով դ’Ար-տանյանի ձեռքը,— սակայն այժմ ես կարող եմ ձեզ համար անել միայն այն, ինչ առաջարկեցի։ Իմ տան դռները միշտ բաց կլինեն ձեր առաջ։ Հետագայում հնարավորություն ունենալով գալու ինձ մոտ ուզած ժամանակ, հետևապես և որսալու բարեպատեհ առիթը, դուք հավանորեն կհասնեք նրան, ինչին ձգտում եք։
— Այլ խոսքով ասած, տեր իմ,— խոսեց դ’Արտանյանը,— դուք սպասում եք, որ ես ցույց տամ, թե արժանի եմ այդ պատվին։ Դե՛, ի՛նչ կա որ,— ավելացրեց նա գասկոնացուն հատուկ անբոնազբոսիկությամբ,— դուք երկար սպասելու հարկ չեք ունենա։
Եվ նա գլուխ տալով պատրաստվեց հեռանալ, ասես մնացածն արդեն միայն իրեն էր վերաբերում։
— Բայց սպասեցեք,— ասաց դը Տրևիլը կանգնեցնելով նրան։ — Ես ձեզ խոստացա նամակ տալ ակադեմիայի պետի անունով։ Թե՞ դուք այնքան հպարտ եք, երիտասարդ, որ չեք կամենա այդպիսի նամակ ընդունել ինձնից։
— Ոչ, տեր իմ,— պատասխանեց դ’Արտանյանը։— Եվ ես խոստանում եմ ձեզ, որ այդ նամակին նույն բախտը չի վիճակվի, ինչ իմ հոր նամակին։ Ես այն կպահեմ այնպիսի խնամքով, որ, երդվում եմ, կհասնի տիրոջը, և վա՜յ նրան, ով կփորձի հափշտակել այն ինձնից։
Այս պարծենկոտությունը դը Տրևիլի շուրթերին ժպիտ առաջացրեց։ Երիտասարդին թողնելով լուսամուտախորշում, որտեղ նրանք զրուցում էին, նա նստեց սեղանի մոտ, որպեսզի գրի խոստացած նամակը։ Դ’Արտանյանն այդ ժամանակ ոչ մի զբաղմունք չունենալով ապակուն ինչ֊որ մարշ էր թկթկացնում ու նայում հրացանակիրներին, որոնք իրար հետևից հեռանում էին տնից, և հայացքով ուղեկցում էր նրանց մինչև փողոցի դարպասը։
Պ-րն դը Տրևիլը, ավարտելով նամակը, կնքեց այն, վեր կացավ և ուղղվեց դեպի երիտասարդը, որպեսզի ծրարը նրան տա։ Բայց հենց նույն վայրկյանին դը Տրևիլը զարմանքով տեսավ, թե ինչպես պատանին հանկարծ ցնցվեց և զայրույթից բռնկվելով՝ կաբինետից դուրս նետվեց՝ ցասումնալից աղաղակելով.
— Ո՛չ, գրողը տանի, այս անգամ դու իմ ձեռքից դուրս չե՛ս պրծնի։
— Ո՞վ, ո՞վ,— հարցրեց դը Տրևիլը։
— Նա, նա՛, հափշտակիչը,— վազելիս պատասխանեց դ’Արտանյանը։— Ա՜խ, սրիկա՛,— և այս ասելով նա չքացավ դռան ետևում։
— Խելագա՛ր է,— մրթմրթաց դը Տրևիլը։— Եթե միայն...— դանդաղորեն ավելացրեց նա,— դա խաղ չէր, որպեսզի փախչի, քանի որ հասկացավ, որ խորամանկությունը չհաջողվեց։