Chapter 29
Առաջին մաս XXVIII. Վերադարձ
Աթոսի այս զարհուրելի պատմությունը ցնցել էր դ’Արտանյանին, սակայն շատ բան այս կիսախոստովանությունից դեռ լրիվ պարզ չէր։ Ամենից առաջ այդ պատմությունն արել էր բոլորովին հարբած մի մարդ՝ կիսով չափ հարբած մի մարդու։ Բայց և այնպես, չնայած այն մշուշին, որ լողում է մարդու գլխում երկու֊երեք շիշ բուրգունդականից հետո, դ’Արտանյանը, հետևյալ առավոտ արթնանալով, երեկվա խոստովանության յուրաքանչյուր խոսքը հիշում էր այնպես պարզ, որ ասես այդ բառերն իրար հետևից տպավորվել էին նրա ուղեղում։ Անորոշությունը նրա մեջ միայն ավելի ջերմ ցանկություն էր առաջացրել լիովին պարզելու ամեն ինչ, և նա իր ընկերոջ մոտ գնաց երեկվա խոսակցությունը վերսկսելու հաստատ որոշումով։ Սակայն Աթոսն արդեն բոլորովին ուշքի էր եկել, այսինքն՝ դարձել էր աշխարհի ամենախորաթափանց և ամենաանթափանց մարդը։
Սեղմելով դ’Արտանյանի ձեռքը՝ հրացանակիրն ինքը կանխեց նրա մտադրությունը։
— Երեկ ես խիստ հարբած էի, սիրելիս,— ասաց նա։— Այդ բանը ես հասկացա այսօր, զգալով, որ լեզուս հազիվ է պտտվում բերանումս և զարկերակս խիստ արագ է խփում։ Կարող եմ գրազ գալ, որ հազար ու մի անհավատալի բաներ եմ պատմել ձեզ։
Այս ասելով, նա ընկերոջը նայեց այնպիսի խորաթափանց հայացքով, որ դ’Արտանյանը շփոթվեց։
— Ամենևին ոչ,—առարկեց նա։— Որքան ես հիշում եմ, դուք մի առանձին բան չեք ասել։
— Մի՞թե։ Զարմանալի՜ է։ Իսկ ինձ թվում էր, թե մի շատ տխուր պատմություն եմ արել ձեզ։
Եվ նա երիտասարդին նայեց այնպես, ասես ուզում էր նրա սրտի խորքը թափանցել։
— Ո՛վ գիտե,— ասաց դ’Արտանյանը,— երևի ես ձեզնից էլ ավելի հարբած եմ եղել, ոչ մի բան չեմ հիշում։
Սակայն այս խոսքերն ամենևին չգոհացրին Աթոսին, և նա շարունակեց.
— Դուք, իհարկե, նկատել եք, սիրելի բարեկամս, որ ամեն մի մարդ յուրահատուկ ձևով է հարբած լինում, մեկը թախիծի մեջ է ընկնում, մյուսը՝ ուրախ տրամադրության մեջ։ Ես, օրինակ, երբ հարբում եմ, թախծոտ եմ դառնում և սիրում եմ զարհուրելի պատմություններ անել, որոնք մի ժամանակ լսել եմ իմ դայակից։ Դա իմ թերությունն է և, խոստովանում եմ, լուրջ թերությունը, բայց եթե սա մի կողմ թողնենք, ես խմել կարողանում եմ։
Այս ամենը Աթոսն ասում էր այնպիսի բնական տոնով, որ դ’Արտանյանի վստահությունը խախտվեց։
— Ա՜խ, ճիշտ որ,— ասաց երիտասարդ գասկոնացին՝ փորձելով բռնել նորից իր ձեռքից փախչող ճշմարտությունը,— հիշում եմ ախր, ոնց որ երազիս մեջ, որ մենք խոսում էինք կախվածների մասին։
— Ահա տեսնո՞ւմ եք,— ասաց Աթոսը գունատվելով, բայց ջանալով ժպտալ։— Այդպես էլ գիտեի, կախաղանը իմ մշտական մղձավանջն է։
— Այո, այո,— շարունակեց դ’Արտանյանը,— հիմա ես սկսում եմ մտաբերել, այո, խոսքը վերաբերում էր... սպասեք մի րոպե... խոսքը վերաբերում էր մի կնոջ։
— Հենց այդ է, որ կա,— պատասխանեց Աթոսը արդեն մահու չափ սփրթնելով— այդ իմ սիրած թեման է՝ պատմություն անել շիկահեր կնոջ մասին, և եթե ես այդ պատմությունն անում եմ, նշանակում է հարբած եմ մահու չափ։
— Ճշմարիտ է,— հաստատեց դ’Արտանյանը,— պատմություն մի շիկահեր կնոջ մասին, բարձրահասակ, գեղեցիկ, խորունկ աչքերով։
— Այո, այն էլ կախաղան հանված։
— Իր իսկ ամուսնու ձեռքով, որը ձեր ծանոթ ազնվականներից մեկն է,— ավելացրեց դ’Արտանյանը՝ սևեռուն նայելով Աթոսի աչքերին։
— Այ, տեսնո՞ւմ եք, ինչպիսի հեշտությամբ կարելի է ստվեր գցել մարդու վրա, երբ ինքդ էլ չգիտես, թե ինչ ես ասում,— ասաց Աթոսը ուսերը թոթվելով և ասես ինքն իրեն խղճալով։— Վճռված բան է, դ’Արտանյան, այլևս ես երբեք չեմ խմի, խիստ վատ սովորություն է այդ։
Դ’Արտանյանը ոչինչ չպատասխանեց։
— Հա, իսկապես,— ասաց Աթոսը՝ հանկարծ անցնելով ուրիշ թեմայի,— շնորհակալ եմ այն ձիու համար, որ բերել եք ինձ։
— Դուր եկա՞վ ձեզ,— հարցրեց դ’Արտանյանը։
— Այո, բայց այնքան էլ դիմացկուն չէ։
— Սխալվում եք։ Այդ ձիով ես տասը լյո ճանապարհն անցել եմ մեկ ու կես ժամից էլ պակաս ժամանակում, և դրանից հետո նա այնպիսի տեսք է ունեցել, ասես միայն Սեն Սյուլպիս հրապարակի շուրջն է մի պտույտ գործել։
— Իսկապե՞ս։ Այդ դեպքում ես երևի պիտի զղջամ։
— Զղջա՞ք։
— Այո. ես այդ ձին ձեռքից բաց թողի։
— Ինչպե՞ս։
— Այսպես պատահեց*. այս առավոտ ես արթնացա ժամը վեցին։ Դուք քնած էիք մեռածի պես, և ես չգիտեի ինչով զբաղվեմ։ Երեկվա խնջույքից դեռ ուշքի չէի եկել։ Իջա դահլիճ, տեսնեմ՝ այնտեղ մեր անգլիացիներից մեկը ուզում է ձի գնել մի ձիավաճառից, որովհետև իր ձին երեկ սատկել էր։ Մոտեցա և լսեցի, որ մի մուգ շիկավուն ձիու համար հարյուր պիստոլ է առաջարկում։ «Գիտե՞ք ինչ, պարոն,— ասացի ես,— ես էլ մի ձի ունեմ վաճառելու»։
«Եվ սքանչելի ձի է,— պատասխանեց նա,— եթե այն ձին է, որի սանձը երեկ բռնել էր ձեր բարեկամի ծառան»։ «Ինչպե՞ս եք կարծում, հարյուր պիստոլ արժե՞ այդ ձին»։ «Արժե։ Իսկ դուք այդ գնով կտա՞ք»։ «Ոչ, բայց ես կարող եմ մեր խաղի մեջ դնել այն»։ «Մեր խաղի՞»։ «Այո, զառ գցելու խաղի»։ Ասելն ու անելը մեկ եղավ, և ես ձին տանուլ տվի։ Բայց հետո թամբը ետ շահեցի։
Դ’Արտանյանի դեմքը մռայլվեց։
— Սա ձեզ վշտացնո՞ւմ է,— հարցրեց Աթոսը։
— Անկեղծ ասած՝ այո։ Այդ ձիերով մեզ պետք է ճանաչեին ճակատամարտի օրը։ Դրանք ես նվեր էի ստացել որպես ուշադրության նշան։ Դուք իզուր եք արել այդ բանը, Աթոս։
— Դե լավ, սիրելի բարեկամս, երևակայեցեք, թե դուք եք իմ տեղը,— առարկեց հրացանակիրը,— ձանձրույթից մեռնում էի, և հետո, ճիշտն ասած՝ անգլիական ձիեր ես չեմ սիրում։ Եթե բանը միայն այն է, որ որևէ մեկը մեզ պետք է ճանաչեր, ապա դրա համար թամբն էլ բավական է. բավական աչքի ընկնող թամբ է։ Ինչ վերաբերում է ձիուն, մենք կարող ենք արդարացնել նրա անհայտացումը։ Վերջիվերջո ձիերը մահկանացու արարածներ են։ Ասենք թե՝ իմ ձին սատկել է խլախտից կամ քոսից։ Դ’Արտանյանը շարունակում էր փքված մնալ։
— Ցավալի է,— շարունակեց Աթոսը,— դուք, ինչպես երևում է, շատ եք դողում այդ կենդանիների վրա, այնինչ ես դեռ իմ պատմությունը չեմ վերջացրել։
— Էլի ի՞նչ եք արել որ։
— Երբ ես իմ ձին տանուլ տվի,— ինը տասի դիմաց, բա՛,— մտքովս անցավ խաղալ ձեր ձիու վրա։
— Բայց հուսով եմ, որ դուք այդ միտքը չիրականացրիք։
— Ընդհակառակը, ես այն իսկույն իրականացրի։
— Եվ ի՞նչ,— գոչեց դ’Արտանյանը։
— Խաղացի և տարվեցի։
— Իմ ձի՞ն։
— Ձեր ձին, յոթ՝ ութի դիմաց։ Միայն մեկ կետով ավելի էր... Լսե՞լ եք առածը։
— Աթոս, դուք գժվել եք, երդվում եմ։
— Գիտե՞ք ինչ, սիրելի դ’Արտանյան, այդ բանը ինձ երեկ պիտի ասեիք, երբ ես ձեզ իմ հիմար պատմություններն էի անում, և ոչ թե այսօր։ Ես ձին տանուլ տվի իր ամբողջ սարք ու կարգով, որ ունի նա։
— Բայց դա սոսկալի՜ բան է։
— Սպասեցեք, դուք դեռ բոլորը չգիտեք։ Ես հիանալի խաղացող կդառնայի, եթե կարողանայի չափը չանցնել։ Բայց ես չափն անցնում եմ այնպես, ինչպես խմած ժամանակ, և ահա ես չափն անցա։
— Բայց էլի ինչի՞ վրա կարող էիք խաղալ։ Չէ՞ որ ձեզ այլևս ոչինչ չէր մնացել։
— Սխալ ես, սիրելիս, սխալ ես։ Մեզ մնում էր այդ ադամանդը, որ շողշողում է ձեր մատին, և որը ես դեռ երեկ նկատել էի։
— Այս ադամանդը,— գոչեց դ’Արտանյանը՝ շտապ շոշափելով մատանին։
— Եվ որովհետև մի ժամանակ ես էլ ադամանդներ ունեի և դրանց արժեքը հասկանում եմ, այդ ադամանդը գնահատեցի հազար պիստոլ։
— Հուսով եմ,— ասաց դ’Արտանյանը վախից կիսամեռ եղած,— որ դուք ոչ մի բանով չեք հիշատակել իմ ադամանդը։
— Ընդհակառակն, սիրելի բարեկամս։ Հասկացեք, այդ ադամանդը մեր հույսի միակ աղբյուրն էր մնացել, ես կարող էի նրանով ետ շահել մեր թամբերը, ձիերը և դեռ վրան էլ փող տանել ճանապարհի համար։
— Աթոս, ես դողում եմ,— ասաց դ’Արտանյանը։
— Եվ ահա, ես անգլիացուն ասացի ձեր ադամանդի մասին։ Պարզվեց, որ նա էլ ուշադրություն է դարձրել դրա վրա։ Ախր, իսկապես, սիրելիս, այդ ի՛նչ բան է։ Դուք ձեր մատին երկնքից ցած բերած աստղ եք կրում և ուզում եք, որ ոչ ոք չնկատի այն։ Այդ անկարելի բան է։
— Վերջացրեք, սիրելի բարեկամս, վերջացրեք,— ասաց դ’Արտանյանը։— Անկեղծ եմ ասում, ձեր սառնասրտությունը սպանիչ է։
— Այսպես ուրեմն, մենք այդ ադամանդը տասը խաղադրույքի բաժանեցինք, ամեն մի ձեռքը հարյուր պիստոլ։
— Ախ, հասկանում եմ, ուզում եք կատակ անել և փորձել ինձ,— ասաց դ’Արտանյանը, որին զայրույթը այնպես էր բռնել մազերից, ինչպես Միներվան<ref>Միներվա — հռոմեական ռազմի աստվածուհի, որը նույնացվում է հունական աստվածուհի Աթենասի հետ։</ref> Աքիլլեսին՝ «Իլիական»֊ում։
— Չէ, ես կատակ չեմ անում, գրողը տանի, կուզենայի իմանալ, ի՛նչ կանեիք դուք, եթե իմ տեղը լինեիք։ Երկու շաբաթ ես մարդու երես չէի տեսել և բոլորովին վայրենացել էի շշերի հետ զրուցելով։
— Դա դեռ պատճառ չէ, որ իմ ադամանդի վրա խաղայիք,— առարկեց դ’Արտանյանը ջղաձգաբար սեղմելով ձեռքը։
— Դե դուք վերջը լսեցեք։ Տասը դրույք, յուրաքանչյուրը՝ հարյուր պիստոլ։ Տասներեքերորդ քայլում ես տանուլ տվի ամեն ինչ, տասներեքերորդին, տասներեք թիվը ինձ համար միշտ ճակատագրական է եղել։ Հենց հուլիսի տասներեքին է, որ...
— Գրողը տանի,— գոչեց դ’Արտանյանը տեղից վեր կենալով։ Այսօրվա պատմությունը նրան ստիպել էր երեկվանը մոռանալ։
— Համբերություն,— ասաց Աթոսը։— Ես իմ պլանն ունեի։ Անգլիացին թեթևամիտ մարդ է։ Առավոտյան ես տեսել էի, թե ինչպես էր նա խոսում Գրիմոյի հետ, և Գրիմոն ինձ ասել էր, որ անգլիացին իրեն առաջարկում էր ծառայության մտնել իր մոտ։ Եվ ահա ես նրա հետ խաղում եմ Գրիմոյի վրա, անխոս֊անմռունչ Գրիմոյի, որ բաժանել էինք տասը դրույքի։
— Ա՜յ ճարպիկ բան,— ասաց դ’Արտանյանը ակամա ծիծաղով բռնվելով։
— Գրիմոյի վրա, Գրիմոյի, լսո՞ւմ եք։ Եվ ահա Գրիմոյի տասը դրույքի շնորհիվ, որն ամբողջությամբ մի դուկատ էլ չարժե, ես ադամանդը ետ շահեցի։ Դե դուք սրանից հետո ասացեք, թե համառությունը լավ բան չէ։
— Պատվովս եմ երդվում, շատ զվարճալի բան է,— թեթևացած գոչեց դ’Արտանյանը՝ ծիծաղից կողը բռնելով։
— Դուք, իհարկե, հասկացնում եք, որ խիստ տաքացած լինելով՝ ես նորից ադամանդի վրա խաղացի։
— Ախ, ա՜յ թե ինչ,— ասաց դ’Արտանյանը, որի դեմքը նորից մռայլվեց։
— Ես ետ շահեցի ձեր թամբը, հետո՝ ձեր ձին, հետո՝ իմ թամբը, հետո՝ իմ ձին, հետո՝ նորից տանուլ տվի։ Կարճ ասած՝ ես նորից բռնեցի ձեր թամբը, հետո՝ իմը։ Այ թե ինչպես եղավ։ Սա արդեն հիանալի քայլ էր, և ես դրա վրա կանգ առա։
Դ’Արտանյանը շունչ առավ այնպես, ասես ամբողջ պանդոկը ցած ընկավ նրա ուսերից։
— Նշանակում է՝ ադամանդը մնում է իմ տրամադրության տա՞կ,— վախվխելով հարցրեց նա։
— Ձեր լիակատար տրամադրության տակ, սիրելի բարեկամս, և դեռ ձեր Բուցեֆալի<ref>Բուցեֆալ — Ալեքսանդր Մակեդոնացու պատանեկան հասակի ձիու անունը (ծ. թ.)։</ref> և իմ ձիու թամբերն էլ վրան։
— Բայց մեր ինչի՞ն են պետք թամբերն առանց ձիերի։
— Այդ առթիվ իմ գլխում մի միտք է ծագել։
— Աթոս, դուք վախեցնում եք ինձ։
— Լսեցեք, դ’Արտանյան, դուք կարծեմ վաղուց չեք խաղացել։
— Եվ խաղալու ոչ մի ցանկություն էլ չունեմ։
— Երդում մի՛ տվեք։ Ուրեմն, ասում եմ, դուք վաղուց չեք խաղացել, հետևապես, պետք է որ ձեր բախտը բերի։
— Ենթադրենք այդպես։ Հետո՞։
— Հետո՞։ Անգլիացին ու իր ընկերները դեռ այստեղ են։ Ես նկատեցի, որ նա թամբերը շատ է ափսոսում։ Իսկ դուք, երևում է, շատ եք ափսոսում ձեր ձին։ Ձեր տեղը լինեի, ես թամբը խաղի մեջ կդնեի ձիու դիմաց։
— Բայց նա չի համաձայնի մի թամբի վրա խաղալ։
— Դրեք երկուսն էլ, գրողը տանի, ես ձեզ պես եսասեր չեմ։
— Դուք կանեի՞ք այդ,— անվճռականորեն ասաց դ’Արտանյանը՝ իր կամքին հակառակ վարակվելով նրա վստահությունից։
— Պատվովս եմ երդվում, դա միակ քայլն է։
— Բայց, գիտե՞ք ինչ, ձիերը կորցնելուց հետո ինձ համար խիստ կարևոր է գոնե թամբերը պահել։
— Այդ դեպքում ձեր ադամանդը դրեք խաղի մեջ։
— Օ՜, դա ուրիշ բան է, ո՛չ մի դեպքում։
— Գրողը տանի,— ասաց Աթոսը։— Ես ձեզ կառաջարկեի Պլանշեին դնել խաղի մեջ, բայց որովհետև այդպիսի մի բան արդեն տեղի է ունեցել, անգլիացին երևի չի համաձայնի։
— Գիտե՞ք ինչ, սիրելի Աթոս,— ասաց դ’Արտանյանը,— ես վճռականապես գերադասում եմ ոչ մի բան ռիսկի չդնել։
— Ափսո՜ս,— սառն ասաց Աթոսը,— անգլիացու գրպանները լիքն են պիստոլներով։ Տե՜ր իմ աստված, սիրտ արեք գոնե մի քայլ։ Մի քայլն ի՛նչ է որ, մի րոպեի բան։
— Իսկ եթե տարվե՞մ։
— Կտանե՛ք։
— Լավ, իսկ եթե տարվե՞մ։
— Է՛հ, թամբերը կտաք։
— Դե՛հ, լավ, ինչ կլինի՝ կլինի, մի քայլ կանենք,— ասաց դ’Արտանյանը։
Աթոսը գնաց անգլիացուն որոնելու և գտավ ախոռում, որտեղ նա հիացմունքով դիտում էր թամբերը։ Հարմար առիթ էր։ Աթոսը առաջարկեց իր պայմանները, երկու թամբը մեկ ձիու դիմաց կամ հարյուր պիստոլի,— որն ուզենա։ Անգլիացին արագ հաշվեց, երկու թամբը միասին երեք հարյուր պիստոլ արժեն։ Նա սիրով համաձայնեց։
Դ’Արտանյանը սրտի դողով զառերը նետեց։ Կանգնեց երեք։ Դ’Արտանյանը սփրթնեց, և Աթոսը դրանից վախենալով բավարարվեց նրանով, որ ասաց.
— Լավ քայլ չէր, բարեկամս։ Դուք, պարոն, ձիերը կստանաք իրենց լրիվ սարքով։
Անգլիացին ցնծության մեջ էր և նույնիսկ չուզեց զառերը խառնել. նա իր հաղթանակին այնքան էր վստահ, որ զառերը սեղանին նետեց առանց նրանց նայելու։ Դ’Արտանյանը երեսը շուռ էր տվել, որպեսզի իր սրտնեղությունը ծածկի։
— Ա՜յ քեզ բան,— ինչպես միշտ՝ հանգիստ խոսեց Աթոսը,— ի՜նչ բացառիկ քայլ, այսպիսի բան ես իմ կյանքում միայն չորս անգամ եմ տեսել. կանգնեց երկու։
Անգլիացին շուռ եկավ և զարմանքից քար կտրեց։ Դ’Արտանյանը շուռ եկավ և ուրախությունից քար կտրեց։
— Այո,— շարունակեց Աթոսը,— ընդամենը չորս անգամ եմ տեսել, մի անգամ պարոն դը Կրեկի մոտ, մի ուրիշ անգամ ինձ մոտ, իմ դղյակում... մի խոսքով, երբ ես դղյակ ունեի։ Երրորդ անգամ տեսել եմ պ֊րն դը Տրևիլի մոտ, երբ նա մեզ բոլորիս հաղթեց, և վերջապես չորրորդ անգամ մի պանդոկում, որտեղ ինքս էի նետում և տանուլ տվի հարյուր լուիդոր և ընթրիք։
— Ուրեմն, պարոն դ’Արտանյան, դուք ձեր ձին ե՞տ եք վերցնում,— հարցրեց անգլիացին։
— Հասկանալի է,— պատասխանեց դ’Արտանյանը։
— Ուրեմն չե՞մ կարող ետ շահել։
— Մենք պայմանավորվեցինք ետ շահելու համար չխաղալ, ինքներդ հիշում եք։
— Այդ ճշմարիտ է, ձին կհանձնվի ձեր ծառային։
— Մի րոպե,— ասաց Աթոսը,— ձեր թույլտվությամբ, պարոն, ես ուզում եմ մի խոսք ասել իմ բարեկամին։
— Խնդրեմ։
Աթոսը դ’Արտանյանին մի կողմ տարավ։
— Հը, ի՞նչ կա էլի,— հարցրեց դ’Արտանյանը,— ուզում եք, որ խաղը շարունակե՞մ։
— Ոչ, ես ուզում եմ, որ մտածեք։
— Ինչի՞ մասին։
— Դուք ուզում եք ձին ետ վերցնել, չէ՞։
— Իհարկե։
— Սխալ կանեք։ Ես լինեի՝ հարյուր պիստոլը կվերցնեի։ Դուք հո գիտեք, որ թամբերը գրել եք ձիու կամ հարյուր պիստոլի դիմաց, որը ցանկանաք։
— Այո։
— Ես կվերցնեի հարյուր պիստոլը։
— Իսկ ես ձին կվերցնեմ։
— Կրկնում եմ՝ դուք սխալ կանեք։ Ի՞նչ ենք անելու մենք մի ձին երկու հոգով։ Հո ես չեմ կարող նստել ձեր գավակին, այդ դեպքում մենք նման կլինենք Էյմոնի երկու զավակներին<ref>Էյմոնի երկու զավակներ — չորս եղբայրներից երկուսը՝ Կարլոս Մեծի անհնազանդ վասալներից, միջնադարյան «Էյմոնի չորս զավակները...» վեպի հերոսները, որոնք չորսով հեծել էին կախարդական ձիուն։</ref>, որոնք կորցրել էին իրենց եղբորը։ Եվ ոչ էլ դուք կարող եք վիրավորել ինձ, ձին նստած ճեմել իմ կողքին, երբ ես ոտքով լինեմ։ Ես առանց տատանվելու կվերցնեի հարյուր պիստոլը։ Փարիզ հասնելու համար մեզ փող է հարկավոր։
— Ես շատ բարձր եմ գնահատում այդ ձին, Աթոս։
— Եվ իզուր, բարեկամս։ Այն կարող է սայթաքել ու ոտքը կոտրել, կարող են ոտքերը ցավել, նա կարող է գարի ուտել այնպիսի մսուրից, որից խլախտով հիվանդ ձի է կերել, և ահա կկորչի քո ձին, ավելի ճիշտ՝ կկորչեն քո հարյուր պիստոլները։ Տերը պետք է ձիուն կերակրի, այնինչ պիստոլներն իրենք են կերակրում տիրոջը։
— Բայց մենք ինչո՞վ տուն կգնանք։
— Մեր ծառաների ձիերով, գրողը տանի։ Մեր տեսքից այնպես էլ ամեն մարդ կհասկանա, որ մենք հասարակ մարդ չենք։
— Լա՜վ տեսք կունենանք մենք այդ անպետք ձիերի վրա, երբ գնալիս լինենք Արամիսի և Պորտոսի կողքով, որոնք կշորորան իրենց հիանալի ձիերի վրա։
— Արամիսի և Պորտոսի՞,— գոչեց Աթոսը ծիծաղելով։
— Ի՞նչ կա որ,— հարցրեց դ’Արտանյանը, չհասկանալով Աթոսի ծիծաղի պատճառը։
— Ոչինչ, ոչինչ, շարունակենք մեր խոսակցությունը,— ասաց Աթոսը։
— Ուրեմն, ձեր կարծիքով...
— Պետք է վերցնել հարյուր պիստոլը, դ’Արտանյան։ Հարյուր պիստոլով մենք մինչև ամսի վերջը քեֆի մեջ կլինենք։ Մենք բոլորս էլ շատ հոգնած ենք, և վատ չէր լինի մի քիչ հանգստանայինք։
— Հանգստանա՜լ։ Օ՜, ո՛չ, Աթոս, Փարիզ վերադառնալուն պես ես իսկույն կսկսեմ որոնել այն անբախտ կնոջը։
— Առավել ևս։ Մի՞թե դուք կարծում եք, թե այդ գործում ձին այնքան օգտակար կլինի ձեզ, որքան զրնգուն ոսկե դրամները։ Վերցրեք հարյուր պիստոլը, բարեկամս, վերցրեք հարյուր պիստոլը։
Դ’Արտանյանին հենց միայն մեկ պատճառաբանություն էր պակասում, որպեսզի համաձայներ։ Վերջին պատճառաբանությունը նրան համոզիչ թվաց։ Բացի այդ, նա վախենում էր, որ եթե շարունակի համառել, Աթոսի աչքում եսասեր կերևա։ Եվ նա զիջեց ու որոշեց վերցնել հարյուր պիստոլը, որն իսկույն անգլիացին վճարեց նրան։
Այժմ արդեն երկու ընկերներին ոչ մի բան չէր խանգարում մեկնել։ Պանդոկապետի հետ հաշիվը փակեցին՝ բացի Աթոսի ձիուց տալով նաև վեց պիստոլ։ Դ’Արտանյանն ու Աթոսը նստեցին Պլանշեի և Գրիմոյի ձիերը, իսկ ծառաները ճանապարհ ընկան ոտքով, գլխներին դրած տանելով նաև թամբերը։
Որքան էլ վատն էին ձիերը, այնուամենայնիվ նրանք շուտով անցան իրենց ծառաներից և առաջինը հասան Կրևկեր։ Դեռ հեռվից նրանք տեսան Արամիսին, որը տխուր֊տրտում նստել էր լուսամուտի առաջ, ինչպես հեքիաթի «Աննա քույրիկը» և նայում էր հորիզոնը ծածկող փոշու քուլաներին։
— Է՜յ, Արամի՜ս, ի՜նչ ես տնկվել այդտեղ,— ձայն տվին երկու ընկերները։
— Ա՜խ, այդ դո՞ւք եք, դ’Արտանյան ... այդ դո՞ւք եք, Աթոս,— ասաց երիտասարդը։— Ես նստել ու մտածում եմ, ինչպե՞ս անցողական է լավ բանն այս աշխարհում, և իմ անգլիական ձին, որ հենց նոր անհայտացավ փոշու ամպերի մեջ, այս աշխարհի անհաստատության կենդանի օրինակը դարձավ։ Մեր ամբողջ կյանքը կարելի է արտահայտել երեք բառով. Erat, est, fuit<ref>Եղել է, կա, կլինի (լատ.)։</ref>։
— Այլ խոսքով ասա՞ծ,— հարցրեց դ’Արտանյանը, որն արդեն սկսել էր իսկությունը հասկանալ։
— Այլ խոսքով ասած՝ ինձ խաբեցին, վաթսուն լուիդոր մի ձիու համար, որը նրա քայլքից դատելով, մի ժամում կարող է հինգ լյո ճանապարհ վազել։
Դ’Արտանյանը և Աթոսը ծիծաղից թուլացան։
— Խնդրում եմ չբարկանաք ինձ վրա, սիրելի դ’Արտանյան,— ասաց Արամիսը,— գիտե՞ք, կարիքը օրենք չի ճանաչում։ Բացի այդ, ես ինքս ամենից ավելի եմ տուժել, որովհետև այն անխիղճ միջնորդը ինձնից առնվազն հիսուն լուիդոր գողացավ։ Ա՛յ, դուք ավելի տնտեսող մարդիկ եք. ինքներդ նստել եք ծառաների ձիերը, իսկ ծառաներին պատվիրել եք ձեր սքանչելի նժույգները բերել սանձից քաշելով, հանդարտ, շուտ֊շուտ դադար տալով։
Այդ պահին մի ինչ֊որ ֆուրգոն, որ մի քանի վայրկյան առաջ երևացել էր Ամիենի ճանապարհին, կանգ առավ պանդոկի առաջ, և նրանից դուրս եկան Պլանշեն ու Գրիմոն՝ թամբերը գլխներին բռնած։ Ֆուրգոնը դատարկ Փարիզ էր վերադառնում, և ծառաները խոստացել էին վարձի փոխարեն ամբողջ ճանապարհին խմեցնել ֆուրգոնը քշողներին։
— Ինչպե՞ս թե,— զարմացավ Արամիսը նրանց տեսնելով։— Միայն թամբե՞րն են մնացել։
— Հիմա հասկանո՞ւմ եք,— հարցրեց Աթոսը։
— Բարեկամներս, դուք վարվել եք ճիշտ այնպես, ինչպես ես եմ արել։ Ես էլ թամբը պահել եմ, ինքս էլ չգիտեմ ինչու։ Է՜յ, Բազե՛ն, վերցրեք իմ նոր թամբը և դրեք այս պարոնների թամբերի կողքին։
— Իսկ դուք ինչպե՞ս ազատվեցիք ձեր քահանաներից,— հարցրեց դ’Արտանյանը։
— Հետևյալ օրը ես նրանց ճաշի հրավիրեցի. ի դեպ, այստեղ հիանալի գինի կա։ Եվ նրանց այնպես խմեցրի, որ կյուրեն ինձ արգելեց բաժանվել զինվորական մարդկանցից, իսկ ճիզվիտը խնդրեց միջնորդել, որ իրեն էլ հրացանակիր ընդունեն։
— Բայց միայն առանց դիսերտացիայի,— գոչեց դ’Արտանյանը։— Առանց դիսերտացիայի, ես պահանջում եմ դիսերտացիան վերացնել։
— Այն օրից,— շարունակեց Արամիսը,— իմ կյանքը շատ հաճելի է անցնում։ Ես սկսել եմ միավանկ տողերով պոեմ գրել։ Դա բավական դժվար բան է, բայց ամեն բանի գլխավոր արժանիքը հենց դժվարությունն է։ Բայց բովանդակությունը սիրային է, ես ձեզ կկարդամ առաջին երգը, դա չորս հարյուր տողից է բաղկացած և կարդացվում է մեկ րոպեում։
— Գիտե՞ք ինչ, սիրելի Արամիս,— ասաց դ’Արտանյանը լատիներեն չէր սիրում,— դժվարության արժանիքին ավելացրեք հակիրճության արժանիքը, և դուք կարող եք համոզված լինել, որ ձեր պոեմը առնվազն երկու արժանիք կունենա։
— Բացի դրանից,— շարունակեց Արամիսը,— նա ազնիվ կրքերով է տոգորված, դուք ինքներդ կհամոզվեք դրանում։ Այդպես ուրեմն, բարեկամներս, նշանակում է՝ մենք Փարիզ ենք վերադառնում։ Բրա՛վո։ Ես պատրաստ եմ։ Մենք նորից կտեսնենք մեր պանծալի Պորտոսին, ես ուրախ եմ։ Չեք կարող երևակայել, թե ինչպես էի կարոտում ես այդ պարզամիտ հսկային։ Ա՛յ, նա չի ծախի իր ձին, թեկուզ մի ամբողջ թագավորություն առաջարկեն նրան։ Կուզենայի շուտ տեսնել, թե որքան գեղեցիկ է նա իր նժույգի վրա, այն էլ նոր թամբով նժույգի։ Հավատացած եմ, որ նա նման կլինի Մեծ Մողոլին<ref>Մեծ Մողոլ — տիտղոս, որը տալիս էին թյուրքական կառավարիչներին Մեծ Մողոլների միապետությունում՝ Հնդկաստանում, որոնք իրենց տոհմածառը սերում էին Չինգիզ խանի տոհմից։ («Մողոլ» — «մոնղոլ» բառի աղճատված ձևը)։</ref>։
Բարեկամները մի ժամ դադար առան, որպեսզի ձիերը հանգստանան։ Արամիսը պանդոկապետի հետ հաշիվը փակեց, Բազենին ֆուրգոն նստեցրեց իր ընկերների հետ, և բոլորը ճանապարհ ընկան Պորտոսի մոտ։
Պորտոսն արդեն առողջացել էր, այնքան գունատ չէր, որքան դ’Արտանյանի առաջին այցելության ժամանակ և նստած էր մի սեղանի առաջ, որի վրա չորս հոգու ուտելիք կար, թեև ինքը մենակ էր։ Ճաշը բաղկացած էր գերազանց պատրաստված մսեղենից, ընտիր գինիներից և սքանչելի մրգերից։
— Բարի գալո՜ւստ, պարոնա՛յք,— ասաց Պորտոսը տեղից վեր կենալով,— լավ ժամանակին եկաք, ես հենց նոր եմ սեղան նստել, և դուք կճաշեք ինձ հետ։
— Օհո՜,— ասաց դ’Արտանյանը,— կարծես այս շշերը նրանցից չեն, որ Մուշկետոնը որսում էր իր պարանով։ Ահա այս էլ հորթի միս, այս էլ ֆիլե...
— Ես կազդուրվում եմ...— ասաց Պորտոսը,— ես, գիտե՞ք, կազդուրվում եմ։ Ախր ոչ մի բան այնքան չի մաշում մարդուն, որքան այդ անիծյալ հոդախախտումը։ Իսկի պատահե՞լ է, որ դուք ոտքի հոդախախտում ստանաք, Աթոս։
— Բայց հիշում եմ, որ Ֆերու փողոցում տեղի ունեցած ընդհարման ժամանակ ես սուսերով վիրավորվեցի և այդ վերքից երկուս ու կես շաբաթ հետո ինձ զգում էի ճիշտ այնպես, ինչպես դուք հիմա։
— Բայց կարծեմ այս ճաշը միայն ձեզ համար չի՞ նախատեսվել, սիրելի Պորտոս,— հարցրեց Արամիսը։
— Ոչ,— ասաց Պորտոսը։— Ես սպասում էի մոտերքում ապրող մի քանի ազնվականի, բայց նրանք հենց նոր մարդ էին ուղարկել ասելու, որ չեն գալու։ Դուք կփոխարինեք նրանց, և ես դրանից ոչինչ չեմ կորցնի։ Է՜յ, Մուշկետո՛ն, աթոռներ բեր և շշերի թիվը կրկնապատկիր։
— Գիտե՞ք թե մենք ինչ ենք ուտում հիմա,— հարցրեց Աթոսը մի քանի րոպե հետո։
— Ինչպես չէ,— ասաց դ’Արտանյանը։— Ինչ վերաբերում է ինձ, ես ուտում եմ գիրացրած հորթի միս՝ կանկարով և ուղեղով համեմված։
— Իսկ ես՝ ոչխարի ֆիլե,— ասաց Պորտոսը։
— Իսկ ես՝ հավի կուրծք,— ասաց Արամիսը։
— Դուք բոլորդ էլ սխալվում եք, պարոնայք,— լրջորեն առարկեց Աթոսը։— Դուք ուտում եք ձիու միս։
— Դե լա՜վ,— ասաց դ’Արտանյանը։
— Ձիու մի՜ս,— կրկնեց Արամիսը՝ զզվանքով դեմքը ծռմռելով։
Միայն Պորտոսն էր, որ ոչինչ չպատասխանեց։
— Այո, ձիու միս։ Ճիշտ չէ՞, Պորտոս, որ մենք ձիու միս ենք ուտում։ Եվ այն էլ գուցե թե թամբն էլ հետը։
— Ոչ, պարոնայք, ես թամբը պահել եմ,— ասաց Պորտոսը։
— Իսկապես, մենք բոլորս էլ մի պտուղ ենք,— ասաց Արամիսը։— Ասես պայմանավորված լինենք։
— Ի՛նչ արած,— ասաց Պորտոսը,— այդ ձին անհարմարության զգացում էր առաջացնում իմ հյուրերի մեջ, և ես չէի ուզում ստորացնել նրանց։
— Մանավանդ ձեր դքսուհին դեռևս հանքային ջրերումն է, չէ՞,— հարցրեց դ’Արտանյանը։
— Դեռևս այո,— պատասխանեց Պորտոսը։— Եվ այն էլ, գիտե՞ք, իմ ձին այնպես էր դուր եկել նահանգապետին— դա մեկն է այն պարոններից, որոնց ես այսօր սպասում էի ճաշին— որ ես նրան տվի։
— Նրան տվի՞ր,— գոչեց դ’Արտանյանը։
— Օ՜, աստված իմ։ Այո, հենց այդպես, տվի,— ասաց Պորտոսը,— որովհետև ձին անվիճելիորեն արժեր հարյուր հիսուն լուիդոր, իսկ այն գծուծ մարդը ութսունից ավելի վճարել չէր համաձայնում։
— Առանց թամբի՞,— հարցրեց Արամիսը։
— Այո, առանց թամբի։
— Նկատեցեք, պարոնայք,— ասաց Աթոսը,— որ Պորտոսը, ինչպես միշտ, մեզնից ավելի ձեռնտու գործ է բռնել։
Հնչեցին ծիծաղի բարձրագոչ պոռթկումներ, որոնք բոլորովին շփոթեցրին խեղճ Պորտոսին, բայց նրան բացատրեցին այդ ծիծաղի պատճառը, և նա էլ, ինչպես միշտ, միացավ նրան աղմուկով։
— Ուրեմն մենք բոլորս փող ունե՞նք,— հարցրեց դ’Արտանյանը։
— Բացի ինձնից,— առարկեց Աթոսը,— Արամիսի իսպանական գինին ինձ այնպես դուր եկավ, որ ես պատվիրեցի մեր ծառաների ֆուրգոնին բարձել մի վաթսուն շիշ, և այդ խիստ թեթևացրեց իմ քսակը։
— Իսկ ես,— ասաց Արամիսը,— երևակայեցեք, ես մինչև վերջին սուն տվի Մոնդիդիեի եկեղեցուն ու Ամիենի վանքին, և բացի մի քանի անհետաձգելի պարտքեր վճարելուց, նաև պատարագներ պատվիրեցի, պարոնայք, որ պետք է կատարեն ինձ և ձեզ համար և որոնք, ես հավատացած եմ, մեզ բոլորիս օգուտ կբերեն։
— Իսկ իմ հոգախախտո՞ւմը,— ասաց Պորտոսը։— Դուք կարծում եք այդ հոդախախտումն ինձ վրա ոչինչ չնստե՞ց։ Էլ չեմ խոսում Մուշկետոնի վերքի մասին, որի համար ես ստիպված էի բժիշկ հրավիրել օրական երկու անգամ և այն էլ նա կրկնակի վարձ էր ստանում այն պատճառով, որ այդ անասուն Մուշկետոնը վերք էր ստացել այնպիսի տեղից, որը սովորաբար ցույց են տալիս միայն բժշկին։ Ես նրան զգուշացրել եմ, որ այսուհետև այդպիսի վերք չստանա։
— Դե՛հ, ինչ արած,— ասաց Աթոսը՝ նշանակալից նայելով դ’Արտանյանին ու Արամիսին,— տեսնում եմ, որ դուք հիանալի եք վարվել խեղճ տղայի հետ։ Բարեսիրտ տիրոջն այդպես էլ վայել է։
— Կարճ ասած,— շարունակեց Պորտոսը,— իմ բոլոր ծախսերը վճարելուց հետո ինձ մոտ էլի մոտ երեսուն էքյու կմնա։
— Իսկ ինձ մնացել է մոտ տասը պիստոլ,— ասաց Արամիսը։
— Ուրեմն, երևում է, մենք հարուստ մարդիկ ենք ձեր համեմատությամբ,— ասաց Աթոսը։— Ինչքա՞ն է մնացել ձեր հարյուր պիստոլից, դ’Արտանյան։
— Հարյուր պիստոլի՞ց։ Ամենից առաջ այդ հարյուր պիստոլից հիսունը տվել եմ ձեզ։
— Մի՞թե։
— Չե՞ք հիշում, գրողը տանի։
— Ա՜խ, այո, հիշեցի, միանգամայն ճիշտ է։
— Վեց պիստոլ վճարել եմ պանդոկապետին։
— Ի՜նչ անասունն է այդ պանդոկապետը։ Ինչո՞ւ տվիք նրան վեց պիստոլ։
— Ախր դուք ինքներդ ասացիք, որ վեց պիստոլ տամ նրան։
— Ճշմարիտ ես ասում, ես չափից ավելի բարեսիրտ մարդ եմ։ Կարճ ասած՝ որքա՞ն է մնացորդը։
— Քսանհինգ պիստոլ,— ասաց դ’Արտանյանը։
— Իսկ ինձ մոտ... — ասաց Աթոսը գրպանից ինչ֊որ մանրուք հանելով,— ինձ մոտ...
— Ձեզ մոտ ոչինչ չկա...
— Իսկապես այնքան քիչ է, որ նույնիսկ չարժե խառնել ընդհանուր գումարին։
— Հիմա եկեք հաշվենք, որքան ունենք բոլորս միասին։ Պորտո՞ս։
— Երեսուն էքյու։
— Արամի՞ս։
— Տասը պիստոլ։
— Դո՞ւք, դ’Արտանյան։
— Քսանհինգ։
— Որքա՞ն է ընդամենը,— հարցրեց Աթոսը։
— Չորս հարյուր յոթանասունհինգ լիվր,— ասաց դ’Արտանյանը, որը հաշվում էր Արքիմեդի պես։
— Փարիզ հասնելուց հետո մեզ էլի չորս հարյուր լիվրից ավելի գումար մնացած կլինի,— ասաց Պորտոսը,— չհաշված թամբերը։
— Իսկ ի՞նչ կանենք էսկադրոնային ձիերը,— հարցրեց Արամիսը։
— Ի՛նչ կա որ։ Մեր ծառաների չորս ձիերը կդարձնենք երկու ձի տերերի համար և խաղի մեջ կդնենք դրանք։ Չորս հարյուր լիվրը կես ձի կդառնա ոտքով գնացողներից մեկի համար, հետո մենք թափ կտանք մեր գրպանները և մնացորդները կտանք դ’Արտանյան, նա թեթև ձեռք ունի, կգնա խաղալու առաջին իսկ խաղատանը, այ թե ինչ։
— Դեհ, եկեք ճաշենք,— ասաց Պորտոսը,— ճաշը պաղում է։
Եվ այսպես, ապագայի նկատմամբ հանգիստ լինելով, չորս ընկերները փառավորապես ճաշեցին, որի մնացորդները տվին պ.պ. Մուշկետոնին, Բազենին, Պլանշեին և Գրիմոյին...
Փարիզում դ’Արտանյանին սպասում էր պարոն դը Տրևիլի նամակը, որը տեղեկացնում էր, թե նրա խնդիրը բավարարված է, և թագավորը ողորմածաբար թույլատրում է նրան մտնելու հրացանակիրների շարքերը։
Քանի որ հենց այս էր այն ամենը, ինչ երազում էր դ’Արտանյանը, չխոսելով, իհարկե, տիկին Բոնասիեին գտնելու ցանկության մասին, ապա նա ցնծությամբ շտապեց իր ընկերների մոտ, որոնցից բաժանվել էր ընդամենը մի կես ժամ առաջ և նրանց գտավ խիստ տխուր ու մտախոհ վիճակում։ Երեքն էլ խորհրդի էին հավաքվել Աթոսի մոտ, իսկ այդ նշան էր, որ դրությունը լուրջ է։
Պ֊րն դը Տրևիլը հենց նոր նրանց հայտնել էր, որ նորին մեծությունը հաստատ որոշել է ռազմական գործողությունները սկսել մայիսի մեկին, ուստի նրանք պետք է անհապաղ ձեռք բերեն ամբողջ անհրաժեշտ հանդերձանքը։
Չորս փիլիսոփաները բոլորովին շփոթված իրար էին նայում, երբ խոսքը կարգապահությանն էր վերաբերում, պ֊րն դը Տրևիլը կատակ անել չէր սիրում։
— Իսկ որքա՞ն կարժենա այդ հանդերձանքը,— հարցրեց դ’Արտանյանը։
— Օ՜, դրությունը շատ վատ է,— ասաց Արամիսը։— Մենք հենց նոր հաշիվ արինք, այն էլ շատ խնայողաբար, սպարտացու պես, բայց և այնպես պարզվեց, որ յուրաքանչյուրիս առնվազն հազար հինգ հարյուր լիվր է հարկավոր։
— Հազար հինգ հարյուրը բազմապատկած չորսով կանի վեց հազար լիվր,— ասաց Աթոսը։
— Ինձ թվում է,— ասաց դ’Արտանյանը,— որ եթե մեզնից յուրաքանչյուրը հազար լիվր ունենա... ճիշտ է, ես հաշվում եմ ո՛չ որպես սպարտացի, այլ որպես դատախազ<ref>«Դատախազ» բառը ֆրանսերենում ունի նաև «տնտես» նշանակությունը (վանքում)։</ref>...
«Դատախազ» խոսքի վրա Պորտոսը նկատելիորեն աշխուժացավ։
— Գիտե՞ք ինչ,— ասաց նա,— ես մի ծրագիր ունեմ։
— Դա էլ մի բան է։ Ես ծրագրի ստվեր էլ չունեմ,— ասաց Աթոսը։— Ինչ վերաբերում է դ’Արտանյանին, պարոնայք, ապա մեր շարքերը մտնելու երջանկությունը նրան զրկել է բանականությունից։ Հազար լի՜վր։ Հավատացնում եմ ձեզ, որ հենց միայն ինձ հարկավոր է երկու հազար։
— Չորս անգամ երկու՝ ութ,— վրա բերեց Արամիսը։— Ուրեմն մեր հանդերձավորման համար հարկավոր է ութ հազար լիվր։ Թեև, ճիշտ է, թամբեր մենք արդեն ունենք։
— Եվ բացի դրանից,— ասաց Աթոսը մի պահ սպասելով, մինչև դ’Արտանյանը, որը գնում էր պ֊րն դը Տրևիլին շնորհակալություն հայտնելու, դուռը ծածկի իր հետևից,— և բացի դրանից, այն սքանչելի ադամանդը, որ շողշողում է մեր ընկերոջ մատին։ Գրողը տանի։ Դ’Արտանյանն այնքան լավ ընկեր է, որ հազիվ թե իր ընկերներին դժվարին դրության մեջ թողնի, երբ իր մատին այդպիսի մի գանձ է կրում։