1. Երեք հրացանակիրներ

Chapter 27

Առաջին մաս XXVI. Արամիսի դիսերտացիան

Դ’Արտանյանը Պորտոսին ոչինչ չասաց՝ ո՛չ նրա վերքի, ո՛չ էլ դատախազի կնոջ մասին։ Չնայած իր երիտասարդությանը՝ մեր գասկոնացին շատ զգույշ տղա էր։ Նա ձևացնում էր, թե իբր հավատում է պարծենկոտ հրացանակրի բոլոր պատմածներին, որովհետև համոզված էր, որ ոչ մի բարեկամություն չի դիմանա գաղտնիքը մերկացնելուն, մանավանդ, եթե այդ գաղտնիքը մարդու ինքնասիրությունն է շոյում։ Մյուս կողմից մենք միշտ էլ բարոյական որոշ գերազանցություն ենք ունենում նրանց նկատմամբ, ում կյանքը մեզ հայտնի է։ Դրա համար էլ դ’Արտանյանը իր ապագա ինտրիգների ծրագիրը կազմելով և որոշելով Աթոսին, Պորտոսին և Արամիսին դարձնել իր հաջողության զենքը՝ ամենևին դեմ չէր իր ձեռքում հավաքելու անտեսանելի թեյերը, որոնց օգնությամբ նա մտածում էր կառավարել իր երեք ընկերներին։

Սակայն ամբողջ ճանապարհին մի խոր վիշտ ճմլում էր նրա սիրտը. նա շարունակ մտածում էր դեռատի տիկին Բոնասիեի մասին, որը պատրաստ էր վարձատրելու երիտասարդին իր նվիրվածության համար։ Ի դեպ, շտապենք վերապահություն անել, որ այդ վիշտը երիտասարդի մեջ ծագել էր ոչ այնքան կորցրած երջանկության ափսոսանքից, որքան այն երկյուղից, թե ջահել կնոջը կարող է որևէ դժբախտություն պատահել։ Դ’Արտանյանը տարակույս չուներ, որ տիկին Բոնասիեն կարդինալի վրեժխնդրության զոհն է դարձել, իսկ նորին սրբազնության վրեժխնդրությունը, ինչպես հայտնի է, սոսկալի էր լինում։ Թե ինչ ձևով էր ինքը մինիստրի բարեհաճությանն արժանացել այդ նա չգիտեր, և գվարդիայի կապիտան դը Կավուան, ամենայն հավանականությամբ, այդ կբացատրեր նրան, եթե տանը գտած լիներ։

Ոչ մի բան այնպես չի մաշում ժամանակը և այնպես չի կարճացնում ճանապարհը, ինչպես ամենակուլ համառ միտքը։ Այդ ժամանակ մարդու արտաքին գոյությունը նման է նիրհի, իսկ այդ միտքը ասես երազ լինի։ Նրա ազդեցության տակ ժամանակը իր հաշիվն է կորցնում, իսկ տարածությունը՝ իր հեռավորությունը։ Դուք դուրս եք գալիս մի տեղից և հասնում եք մի ուրիշ տեղ, ուրիշ ոչինչ։ Ձեր անցած ճանապարհից հիշողության մեջ ոչինչ չի մնում, բացի անորոշ մշուշից, որի մեջ ճախրում են հազարավոր խառնակ պատկերներ՝ ծառեր, լեռներ, դաշտեր։ Ահա հենց այդպիսի պատրանքի մեջ ընկած, հնազանդվելով իր ձիու ցանկացած ընթացքին, դ’Արտանյանն անցավ այն վեց թե յոթ լյու, որ Շանտիլիեն բաժանում է Կրևկերից, և հասնելով այդ գյուղը, միանգամից մոռացավ այն ամենը, ինչ տեսել էր ճանապարհին։

Միայն այստեղ նա ուշքի եկավ, թափ տվեց գլուխը, տեսավ այն պանդոկը, որտեղ թողել էր Արամիսին և ձիուն խթանելով՝ արագ քշեց ու կանգ առավ պանդոկի դռան առաջ։ Այս անգամ նրան դիմավորեց ոչ թե պանդոկապետը, այլ տիրուհին։ Դ’Արտանյանը մարդու դեմքին նայեր՝ կհասկանար, թե նա ինչ մարդ է։ Նա մի հայացք գցեց պանդոկապանուհու լիքը, գոհունակ դեմքին և հասկացավ, որ դրա մոտ ձևանալու կարիք չկա. այդպիսի բարեհոգի տեսք ունեցող կնոջից ոչ մի վատ բան սպասել չէր կարելի։

— Ամենապատվելի տիրուհի,— ասաց դ’Արտանյանը,— չե՞ք կարող ասել ինձ, թե որտեղ է գտնվում իմ ընկերներից մեկը, որին մենք մի տասն օր առաջ ստիպված եղանք թողնել այստեղ։

— Մի գեղեցիկ երիտասա՞րդ, որ կլինի քսաներեք֊քսանչորս տարեկան, հեզաբարո, սիրալիր, բարեկազմ։

— Եվ բացի այդ ամենից՝ ուսից վիրավորված։

— Այո, այո։

— Ուրե՞մն...

— Նա դեռ այստեղ է, տեր իմ։

— Ա՜յ, այդ լավ է,— գոչեց դ’Արտանյանը ձիուց իջնելով և սանձը նետելով Պլանշեին։— Տիրուհի, դուք հարություն տվիք ինձ։ Որտեղ է նա, իմ սրտին այնքան թանկ այդ Արամիսը։ Ես ուզում եմ գրկել նրան։ Խոստովանում եմ, որ չեմ համբերում, ուզում եմ շուտ տեսնել նրան։

— Ներեցեք ինձ, տեր իմ, բայց ես կասկածում եմ, թե նա կարող է հենց այս րոպեին ընդունել ձեզ։

— Այդ ինչո՞ւ։ Մի՞թե նրա մոտ կին կա։

— Տե՜ր Հիսուս Քրիստոս։ Այդ ինչե՞ր եք ասում։ Խեղճ տղա։ Ո՛չ, տեր իմ, նրա մոտինը կին չէ։

— Հապա ո՞վ է։

— Մոնդիգիեի քահանան և Ամիենի վանքի ճիզվիտների վանահայրը։

— Ողորմա՜ծ աստված,— գոչեց դ’Արտանյանը։— Չլինի՞ խեղճ երիտասարդի դրությունը ծանրացել է։

— Ո՛չ, տեր իմ, ընդհակառակն։ Բայց հիվանդությունից հետո աստծո օրհնությունն իջավ նրա վրա, և նա որոշեց հոգևոր կոչում ընդունել։

— Ա՜խ, այո,— ասաց դ’Արտանյանը,— ախր ես մոռացել էի, որ նա միայն ժամանակավորապես է հրացանակիր դարձել։

— Բայց դուք, տեր իմ, անպայմա՞ն ուզում եք տեսնել նրան։

— Ավելի, քան երբևիցե։

— Այդ դեպքում անցեք բակը, թեքվեք դեպի աջ, սանդուղքով բարձրացեք երրորդ հարկ, մտեք համար հինգ սենյակը։

Դ’Արտանյանը նետվեց նշված ուղղությամբ և գտավ սանդուղքը, մեկը այն արտասանդուղքներից, որոնք դեռ հանդիպում են հին պանդոկների բակերում։ Սակայն պարզվեց, որ ապագա աբբատի սենյակը մտնելն այնքան էլ հեշտ բան չէր, Արամիսի սենյակի մուտքը պահպանվում էր ավելի խիստ, քան Արմիդայի<ref>Արմիդա — XVI դարի իտալացի բանաստեղծ Տորկվատո Տասսոյի (1544֊1595) «Ազատագրված Երուսաղեմ» պոեմի հերոսուհին։ Իր կախարդական այգիներում նա բանտել էր խաչակիր ասպետ Ռենոյին։</ref> այգիները։ Բազենը պահակ էր կանգնել միջանցքում և անվեհերաբար փակեց նրա ճամփան, քանի որ երկար տարիների փորձություններից հետո խեղճը, վերջապես, մոտ էր իր փափագած նպատակին։

Իսկապես, Բազենը միշտ երազում էր հոգևոր անձի սպասավոր լինել և անհամբեր սպասում էր իր երևակայության մեջ շարունակ պատկերվող այն պահին, երբ, վերջապես, Արամիսը ցած կնետի թիկնոցը և կապա<ref>Կապա — հոգևորականի երկարափեշ զգեստ (ծ. թ.)։</ref> կհագնի։ Հրացանակրի մոտ նրան պահում էին միմիայն երիտասարդի ամենօրյա խոստումները, թե՝ մոտ է այդ պահը։ Թե չէ՝ Բազենի ասելով, այդ ծառայությունը նրա հոգին անխուսափելիորեն դեպի կորուստ էր տանում։

Եվ այսպես, այժմ Բազենը երանության գագաթնակետին էր հասել։ Ամեն բանից երևում էր, որ այս անգամ տերը չէր հրաժարվելու իր խոսքից։ Ֆիզիկական և հոգեկան ցավերի միացումը վաղուց փափագած ներգործությունն էր ունեցել. Արամիսը, որ միաժամանակ տառապում էր և՛ հոգով, և՛ մարմնով, վերջապես իր հայացքն ու միտքը դարձրել էր կրոնի վրա, երկնային նախազգուշացում համարելով իրեն պատահած երկու դժբախտությունները՝ սիրած կնոջ հանկարծակի անհայտացումը և ուսից ստացած վերքը։

Հասկանալի է, որ այսպիսի հոգեվիճակում Բազենի համար չէր կարող ավելի անհաճո բան լինել, քան դ’Արտանյանի լույս ընկնելը, որը կարող էր նորից իր տիրոջը քաշել աշխարհիկ կյանքի ջրապտույտի մեջ, որն այնքան երկար ժամանակ հրապուրել էր նրան։ Բազենը որոշեց արիաբար պաշտպանել դուռը, բայց որովհետև պանդոկապանուհին արդեն մատնել էր նրան, և այլևս չէր կարող ասել, թե Արամիսը տանը չի, ուստի փորձեց նորեկին ապացուցել, թե ծայրահեղ անպարկեշտություն կլինի խանգարել իր տիրոջը բարեպաշտական զրույցի պահին, որ սկսվել է դեռ առավոտյան և, Բազենի ասելով, երեկոյից շուտ վերջանալ չէր կարող։

Սակայն դ’Արտանյանը ամենափոքր ուշադրություն անգամ չդարձրեց Բազենի ճառաբանության վրա և, առանց վեճի բռնվելու իր ընկերոջ ծառայի հետ, ուղղակի մի ձեռքով մի կողմ հրեց նրան, իսկ մյուսով դարձրեց №5 սենյակի դռան բռնակը։

Դուռը բացվեց, և դ’Արտանյանը ներս մտավ։

Արամիսը երկար ու սև հագուստով, կլոր տափակ գլխարկը գլխին, որ խիստ նման էր փեղույրի, նստած էր երկարավուն սեղանի մոտ, որի վրա թափված էին թղթի փաթեթներ և ահագին ֆոլիանտներ<ref>Ֆոլիանտ — մեծ չափսի ստվարածավալ դիրք (ծ. խ.)։</ref>։ Նրա աջ կողմում նստած էր ճիզվիտական վանքի վանահայրը, ձախ կողմում՝ Մոնդիդիեի քահանան։ Վարագույրները կիսով չափ քաշված էին և ներս էին թողնում խորհրդավոր լույս, որը նպաստում էր բարեպաշտական խոհերին։ Աշխարհիկ բոլոր առարկաները, որոնք կարող էին աչքի ընկնել մի երիտասարդի սենյակում, մանավանդ, եթե այդ երիտասարդը հրացանակիր է, չքացել էին ասես կախարդական ուժով, և Բազենը, երևի վախենալով, թե այդպիսի առարկաների տեսքը կարող է իր տիրոջ միտքը շեղել դեպի աշխարհիկ կյանքը, հավաքել էր սուսերը, ատրճանակները, փետրազարդ գլխարկը, բոլոր տեսակի հագուստներն ու ժանյակները։

Այդ բոլորի փոխարեն մի մութ անկյունում պատին խփված մեխից կախված էր մի ինչ֊որ բան, որը դ’Արտանյանին թվաց ինքնաձաղկման խարազան։

Բացվող դռան աղմուկի վրա Արամիսը գլուխը բարձրացրեց և ճանաչեց իր ընկերոջը, սակայն ի մեծ զարմանս դ’Արտանյանի, նրա գալը, ըստ երևույթին, հրացանակրի վրա մի առանձին տպավորություն չգործեց, այնքա՜ն հեռու էին նրա մտքերը աշխարհիկ բաներից։

— Բարի օր, սիրելի դ’Արտանյան,— ասաց Արամիսը,— հավատացեք, ես շատ ուրախ եմ, որ տեսնում եմ ձեզ։

— Ես ևս,— ասաց դ’Արտանյանը,— թեև ես դեռ լիովին վստահ չեմ, թե խոսում եմ Արամիսի հետ։

— Իսկ և իսկ իր հետ, բարեկամս, իսկ և իսկ իր հետ։ Բայց ի՞նչը կարող էր ձեզ այդպիսի կասկած ներշնչել։

— Ես վախեցա, թե սենյակները խառնել եմ և մտածեցի, թե ընկել եմ մի ինչ֊որ հոգևոր անձի սենյակ, իսկ հետո տեսնելով ձեզ այս պարոնների հետ, ընկա մի այլ թյուրիմացության մեջ, ինձ թվաց, թե դուք ծանր հիվանդ եք։

Երկու սևազգեստ մարդիկ էլ հասկացան դ’Արտանյանի ակնարկը և սպառնագին հայացքներ գցեցին նրա վրա, սակայն դ’Արտանյանը չշփոթվեց։

— Գուցե ես խանգարո՞ւմ եմ ձեզ, սիրելի Արամիս,— շարունակեց դ’Արտանյանը։— Ինչպես երևում է՝ դուք խոստովանություն եք անում այս պարոններին։

— Խանգարում եք ի՞նձ։ Օ՜, ո՛չ, ընդհակառակն, սիրելի բարեկամս, երդվում եմ՝ ոչ։ Եվ որպես իմ խոսքերի ապացույց՝ թույլ տվեք իմ ուրախությունն արտահայտել, որ ձեզ տեսնում եմ ողջ ու անվնաս...

«Վերջապես գլխի ընկավ,— մտածեց դ’Արտանյանը։— Ի՛նչ կա որ, կարող էր ավելի վատ լինել»։

— Քանզի իմ բարեկամը վերջերս մի մեծ վտանգից փրկվեց,— գորովագին շարունակեց Արամիսը՝ դառնալով երկու հոգևորականներին և ցույց տալով դ’Արտանյանին։

— Գոհունակություն հայտնեք աստծուն, տե՛ր,— պատասխանեցին երկու հոգևորականները գլուխ տալով դ’Արտանյանին։

— Ես չհապաղեցի անել այդ, արժանապատիվ հայրեր,— պատասխանեց երիտասարդը՝ ինքն էլ գլուխ տալով նրանց։

— Դուք լավ ժամանակին եկաք, սիրելի դ’Արտանյան,— ասաց Արամիսը,— և մասնակցելով մեր վեճին, դուք մեզ կօգնեք ձեր գիտելիքներով։ Ամիենի վանքի պարոն վանահայրը, Մոնդիդիեի պարոն Կյուրեն և ես քննում ենք մի քանի աստվածաբանական հարցեր, որոնք վաղուց են զբաղեցնում մեր ուշադրությունը, և ես երջանիկ կլինեի լսելու ձեր կարծիքը։

— Զինվորական մարդու կարծիքը ոչ մի կշիռ չունի,— պատասխանեց դ’Արտանյանը փոքր֊ինչ անհանգստացած խոսակցության այդպիսի ընթացքից,— և, հավատացեք ինձ, դուք լիովին կարող եք վստահել այս պարոնների գիտնականությանը։

Երկու սևազգեստ մարդիկ կրկին գլուխ տվին նրան։

— Ընդհակառակն,— առարկեց Արամիսը,— ձեր կարծիքը շատ թանկ կլինի մեզ համար։ Խոսքն ահա թե ինչի մասին է. պարոն վանահայրը գտնում է, որ իմ դիսերտացիան պետք է լինի առավելապես դոգմատիկ և դիդակտիկ։

— Ձեր դիսերտացիա՞ն։ Ուրեմն դուք դիսերտացիա՞ եք գրում։

— Իհարկե,— պատասխանեց ճիզվիտը,— առաջիկա ձեռնադրության համար դիսերտացիան պարտադիր է։

— Ձեռնադրությո՞ւն,— գոչեց դ’Արտանյանը, որը չէր հավատացել այն ամենին, ինչ ասել էին սկզբում պանդոկապանուհին, ապաճ Բազենը,— ձեռնադրությո՜ւն։

Եվ զարմանքից քար կտրած նա մի հայացք գցեց իր առջև նստած մարդկանց վրա։

— Այդպես ուրեմն...— շարունակեց Արամիսը՝ բազկաթոռի մեջ ընդունելով այնպիսի մի գեղեցիկ կեցվածք, ասես գտնվում էր մի անվանի տիկնոջ ննջարանում՝ առավոտյան ընդունելությանը, հիանալով իր ճերմակ, կնոջ ձեռքերի պես փափուկ ձեռքով, որ նա վեր էր բարձրացրել, որպեսզի արյունը ցած հոսի,— այդպես ուրեմն, դ’Արտանյան, ինչպես արդեն դուք լսեցիք, պարոն վանահայրը կցանկանար, որ իմ դիսերտացիան դոգմատիկ լինի, մինչդեռ ես կգերադասեի, որ այն լինի մտահայեցական։ Ահա թե ինչու պարոն վանահայրը ինձ առաջարկել է մի թեմա, որը դեռ ոչ ոք չի քննել և որը,— ես լիովին ընդունում եմ այդ,— մեկնաբանությունների ամենալայն ասպարեզ է ներկայացնում։ «Utraque manus in benedicendo clericis inferioribus necessaria esi»...

Դ’Արտանյանը, որի խորագիտակությունը հայտնի է մեզ, այդ մեջբերումը լսեց նույն անխռով տեսքով, ինչպես լսում էր պ֊րն դը Տրևիլին, երբ նա խոսում էր ընծայի մասին, կարծելով, թե այն դ’Արտանյանը ստացել է Բեկինգհեմից։

— Իսկ այդ նշանակում է,— շարունակեց Արամիսը, ցանկանալով դյուրացնել նրա խնդիրը,— «Ստորին աստիճանի հոգևորականներին օրհնության համար անհրաժեշտ են երկու ձեռքերն էլ»։

— Սքանչելի՜ թեմա է,— գոչեց ճիզվիտը։

— Սքանչելի և դոգմատիկ,— հաստատեց քահանան, որը լատիներենում մոտավորապես այնքան էր ուժեղ, որքան դ’Արտանյանը և ուշի ուշով հետևում էր ճիզվիտին, որպեսզի կարողանա քայլել նրա հետքերով և արձագանքի պես կրկնել նրա խոսքերը։

Ինչ վերաբերում է դ’Արտանյանին, ապա երկու սևազգեստների հիացմունքը նրան կատարյալ տարակուսանքի մեջ էր գցել։

— Այո, սքանչելի, prorsus admirabile<ref>Ուղղակի սքանչելի (լատ.)։</ref>,— շարունակեց Արամիսը,— սակայն դա պահանջում է եկեղեցու հայրերի և սուրբ գրքի խորը ուսումնասիրություն։ Այնինչ,— ես հեզաբար խոստովանում եմ այս գիտական կրոնավորների առաջ,— գիշերային հերթապահությունները և թագավորական ծառայությունն ինձ ստիպել են մի փոքր աչքաթող անել պարապմունքները։ Ուստիև ինձ համար, facilius natans<ref>Հեշտ լողացողիս (լատ.)։</ref> համար ավելի դյուրին կլինի թեման վերցնել իմ ընտրությամբ, որը աստվածաբանական այդ դժվարին հարցերի համար կլինի այն, ինչ բարոյականությունն է մետաֆիզիկայի և փիլիսոփայության համար։

Դ’Արտանյանը խիստ ձանձրանում էր, նույնպես և կյուրեն։

— Երևակայեցեք, ինչպիսի՜ ներածություն,— գոչեց ճիզվիտը։

— Ներածություն,— կրկնեց կյուրեն, որպեսզի մի բան ասած լինի։

— Quemadmodum inter coelorum immensitaten<ref>Ինչպես երկնային անընդգրկելիության մեջ (լատ.)։</ref>.

Արամիսը մի հայացք գցեց դ’Արտանյանի կողմը և տեսավ, որ իր ընկերը հորանջում է՝ մինչև իսկ ծնոտը դուրս գցելու վտանգի հասած։

— Եկեք ֆրանսերեն խոսենք, հայր իմ,— ասաց նա ճիզվիտին,— այդ դեպքում պարոն դ’Արտանյանը կկարողանա ավելի լավ գնահատել մեր զրույցը։

— Այո,— հաստատեց դ’Արտանյանը,— ես հոգնել եմ ճանապարհին և այդ լատիներենը դուրս է թռչում իմ ըմբռնողությունից։

— Լավ,— ասաց ճիզվիտը մի փոքր վարանելով, մինչդեռ կյուրեն ուրախությունից իրեն կորցրած՝ շնորհակալության հայացքներ էր գցում դ’Արտանյանի վրա։— Այդպես ուրեմն, տեսնենք ինչ կարելի է դուրս բերել այս գլոսսայից<ref>Գլոսսա — անհասկանալի բառի կամ արտահայտության մեկնություններ լուսանցքում կամ բնագրում (ծ խ.)։</ref>։ Մովսեսը Աստծու ծառան է... նա միմիայն ծառան է, հասկացեք այս։ Մովսեսն օրհնում է երկու ձեռքով։ Երբ հրեաները հաղթում են իրենց թշնամիներին, նա պատվիրում է բռնել իր երկու ձեռքերը, հետևապես նա օրհնում է երկու ձեռքով։ Բացի դրանից, ավետարանում էլ ասված է. «impօnite մանա» և ոչ թե՝ «մանւմ»՝ «դրեք ձեռքերը» և ոչ թե «ձեռքը»։

— Դրեք ձեռքերը,— կրկնեց կյուրեն՝ մի համապատասխան շարժում անելով։

— Իսկ սուրբ Պետրոսին,— շարունակեց ճիզվիտը,— որի փոխանորդներն են պապերը, ասված է հակառակը. «porrige digitos» — «դրեք մատները»։ Այժմ հասկանո՞ւմ եք։

— Իհարկե,— պատասխանեց Արամիսը, որը հիացած էր զրույցից,— բայց դա շատ նուրբ բան է։

— Մատնե՜րը,— կրկնեց ճիզվիտը։— Սուրբ Պետրոսը մատներով է օրհնում։ Հետևապես պապն էլ օրհնում է մատներով։ Բայց քանի՞ մատով է օրհնվում նա։ Երեք. հանուն Հոր և Որդվո և Հոգվույն սրբո։

Բոլորը խաչակնքեցին, Դ’Արտանյանն էլ հարկ համարեց հետևել ընդհանուրի օրինակին,

— Պապը սուրբ Պետրոսի փոխանորդն է և իր մեջ մարմնացնում է աստվածային երեք ընդունակություն։ Մնացածը, հոգևորականության ordines iferiores<ref>Ստորին աստիճաններն են (լատ.)։</ref>, օրհնում են սուրբ հրեշտակների և հրեշտակապետների անունով։ Իսկ հոգևորականության ամենացածր աստիճանի մարդիկ, ինչպես օրինակ՝ մեր սարկավագներն ու տիրացուները, օրհնում են ցողիչներով, որոնք արտահայտում են անթիվ֊անհամար օրհնող մատները։ Պարզեցրած ձևով այսպիսին է թեման, Argumentum omni denudatum ornamento<ref>Ապացույցը զուրկ է ամեն մի պճնանքից (լատ.)։</ref>։ Ես սրանից կկազմեի երկու այնպիսի հատորներ, ինչպիսին այս է,— ավելացրեց ճիզվիտը։

Եվ ոգևորության մեջ նա ձեռքը խփեց սուրբ Հովհան Ոսկեբերանի հատորին, որի ծանրության տակ ճկում էր սեղանը։

Դ’Արտանյանը ցնցվեց։

— Իհարկե,— սկսեց Արամիսը,— ես գնահատում եմ այդպիսի թեմայի գեղեցկությունը, բայց միաժամանակ խոստովանում եմ, որ իմ ուժից վեր եմ համարում։ Ես ընտրել եմ մի ուրիշ տեքստ։ Ասացեք ինձ, սիրելի դ’Արտանյան, դուր կգա՞ ձեզ. «Non inutile est desiderium in oblatione», այսինքն՝ «Որոշ ողորմածություն է իջնում նրա վրա, ով զոհ է մատուցանում աստծուն»։

— Սպասեցեք,— գոչեց ճիզվիտը,— սպասեցեք։ Այդ տեքստը մոտենում է հերետիկոսության։ Համարյա նույնպիսի դրույթ կա «Allgumtinus»֊ում, հերետիկոս Յանսենի<ref>Յանսեն Կոռնելիուս (1585֊1638) — Հոլանդացի աստվածաբան։ Հետմահու հրատարակված «Ավգուստինուս» գրքում շարադրված են նրա հայացքները Ավգուստինուսի ուսմունքի մասին։ Յանսենիզմի՝ կրոնաբարոյական հոսանքի հիմնադիր, որը մոտ է բողոքականությանը։</ref> գրքում, որը վաղ թե ուշ կայրվի դահճի ձեռքով։ Զգուշացե՛ք, իմ երիտասարդ բարեկամ, դուք մոտ եք կեղծ գիտությանը։ Դուք կկործանեք ձեզ, իմ երիտասարդ բարեկամ։

— Դուք կկործանեք ձեզ,— կրկնեց կյուրեն՝ վշտահար օրորելով գլուխը։

— Դուք շոշափեցիք այն տխրահռչակ հարցը՝ կամքի ազատության մասին, որը կործարանար գայթակղություն է հանդիսանում։ Դուք բոլորովին մոտեցաք պելագիացիների և կիսապելագիացիների<ref>Պելագիացիներ և կիսապելագիացիներ — Պելագիա (մոտ. 360֊422) վանականի հետևորդներ, որոնք դավանում էին կամքի և ընտրության իրավունքի ազատության՝ դրանով իսկ նվազեցնելով եկեղեցու մասնակցությունը մարդու բարոյական կատարելության գործում, որը դիտվում է որպես հերետիկոսություն։</ref> հերետիկոսությանը։

— Բայց, արժանապատիվ հայր...— ուզեց սկսել Արամիսը, որ մի փոքր շշմել էր իր վրա տեղացող փաստարկներից։

— Ինչպե՞ս կարող եք ապացուցել,— ընդհատեց նրան ճիզվիտը, որ պետք է ափսոսալ աշխարհը, երբ քեզ զոհաբերում ես աստծուն։ Լսեցեք այսպիսի մի դիլեմա. աստվածն աստված է, իսկ աշխարհը՝ ստանա։ Ափսոսալ աշխարհը՝ նշանակում է ափսոսալ սատանային։ Այս է իմ եզրակացությունը։

— Ինչպես և իմ,— ասաց կյուրեն։

— Ներեցեք, բայց...— նորից խոսեց Արամիսը։

— Desideras diabolum<ref>Ափսոսալ սատանային (լատ.)։</ref>, թշվառակա՜ն,— գոչեց ճիզվիտը։

— Նա ափսոսում է սատանայի՜ն։ Օ՜, իմ երիտասարդ բարեկամ, մի՛ ափսոսացեք սատանային, աղաչո՜ւմ եմ ձեզ,— ողբաց կյուրեն։

Դ’Արտանյանը զգում էր, որ բթանում է։ Նրան թվում էր, թե ինքը գտնվում է գժանոցում և հիմա ինքն էլ կխելագարվի, ինչպես արդեն խելագարվել են իր առջև նստած այդ մարդիկ։ Սակայն նա ստիպված էր լռել, որովհետև չէր հասկանում այն լեզուն, որով խոսում էին։

— Բայց մի ինձ էլ լսեցեք,— ասաց Արամիսը քաղաքավարությամբ, բայց արդեն մի փոքր գրգռված տոնով,— ես չեմ ասում, թե ափսոսում եմ։ Ո՛չ, ես երբեք չեմ արտասանի այդ խոսքերը, որովհետև դրանք չեն համապատասխանում ճշմարիտ հավատի ոգուն...

Ճիզվիտը ձեռքերը բարձրացրեց դեպի երկինք, և կյուրեն էլ նույնն արեց։

— Բայց, համենայն դեպս, համաձայնեցեք, որ վայել չէ զոհաբերել աստծուն այն, ինչից դուք վերջնականապես կշտացել եք։ Ասացե՛ք, դ’Արտանյան, ճիշտ չե՞մ ասում։

— Հասկանալի է, որ իրավացի եք, գրողը տանի,— գոչեց դ’Արտանյանը։

Կյուրեն և ճիզվիտը վեր թռան աթոռներից։

— Ահա իմ ելակետը սիլլոգիզմն<ref>Սիլլոգիզմ — մտահանգում։</ref> է. աշխարհը զուրկ չէ հրապույրներից, ես հեռանում եմ աշխարհից, հետևապես զոհաբերություն եմ անում։ Իսկ սուրբ գրքում ուղղակի ասված է. «Զոհ մատուցեցեք աստծուն»։

— Այդ ճշմարիտ է,— ասացին հակառակորդները։

— Եվ հետո,— շարունակեց Արամիսը՝ ականջը տրորելով, որպեսզի այն կարմրի, ինչպես առաջ ձեռքերն էր բարձրացնում, որպեսզի ճերմակեն,— և հետո, ես ռոնդո<ref>Ռոնդո — բանաստեղծության մի տեսակ միջնադարի և Վերածնության դարաշրջանի արևմտաեվրոպական գրականության մեջ, որը, որպես կանոն, բաղկացած էր 13 տողից և 2 հանգից (ծ. խ.)։</ref> եմ դրել այդ թեմայով։ Անցյալ տարի ես այն ցույց տվի պարոն Վուատյուրին<ref>Վենսան Վուատյուր (1597֊1648) — ֆրանսիացի բանաստեղծ, որը մեծ համբավ ուներ Փարիզի և Լյուդովիկոս XIII֊ի արքունի գրական ֊ազնվականական սալոններում։</ref>, և այդ մեծ մարդը շատ գովեստներ տվեց ինձ։

— Ռոնդո՜,— արհամարհանքով ասաց ճիզվիտը։

— Ռոնդո՜,— մեքենաբար կրկնեց կյուրեն։

— Կարդացեք, կարդացեք այն մեզ համար,— գոչեց դ’Արտանյանը,— դա մի փոքր կզվարճացնի մեզ։

— Ո՛չ, ախր նա կրոնական բովանդակություն ունի,— պատասխանեց Արամիսը,— դա չափածո աստվածաբանություն է։

— Ի՜նչ սատանայական բան,— ասաց դ’Արտանյանը։

— Ահա նա,— ասաց Արամիսը համեստորեն, որը սակայն զերծ չէր կեղծավորության թեթև երանգից. <poem> Դու, որ թախծում ես սգալով անուրջները քո, Եվ քարշ ես տալիս կյանքդ անուրախ, Քո վշտին վերջ ու սահման կդրվի, Երբ արարչին կտաս արցունքները քո, Դու, որ թախծում ես։ </poem>

Դ’Արտանյանը և կյուրեն հիացած էին։ Ճիզվիտը պնդում էր իր կարծիքը։

— Աստվածաբանական խոսքի մեջ զգույշ եղեք աշխարհիկ ոգուց։ Ինչ է ասում սուրբ Ավգուստինուսը. Severus sit clericorum sermc<ref>Թող անողոք լինի կղերի խոսքը (լատ.)։</ref>։

— Այո՛, որպեսզի քարոզը հասկանալի լինի,— ասաց կյուրեն։

— Այսպես,— շտապեց միջամտել ճիզվիտը, տեսնելով, որ իր արբանյակը մոլորվել է,— այսպես, ձեր դիսերտացիան դուր կգա տիկիններին, ուրիշ ոչինչ։ Նա կունենա նույնպիսի հաջողություն, ինչպես պարոն Պատրյուի<ref>Օլիվիե Պատրյու (1604֊1681) — ֆրանսիացի փաստաբան, որը հայտնի էր իր պերճախոսությամբ. ակադեմիայի անդամ, որտեղ իր ընտրության առթիվ նա արտասանեց իր նշանավոր ճառը։ Հետագայում նման ելույթները դարձան պարտադիր։</ref> մի որևէ պաշտպանական ճառ։

— Աստված տա, որ այդպես լինի,— հափշտակությամբ գոչեց Արամիսը։

— Ա՛յ, տեսնո՞ւմ եք,— ասաց ճիզվիտը,— աշխարհը դեռ բարձր է խոսում ձեր մեջ, խոսում է altissima voce<ref>Ամենաբարձր ձայնով (լատ.)։</ref>։ Դուք դեռ աշխարհական եք, իմ երիտասարդ բարեկամ, և ես վախենում եմ, որ աստծո շնորհը իր ներգործությունը չանի։

— Հանգիստ եղեք, հայր սուրբ, ես պատասխանատու եմ ինձ համար։

— Աշխարհի՜կ ամբարտավանություն։

— Ես ճանաչում եմ ինձ, հայր սուրբ, իմ վճիռն անսասան է։

— Ուրեմն դուք համառորեն ուզում եք շարունակե՞լ ձեր աշխատանքն այդ թեմայով։

— Ես իմ կոչումն եմ համարում քննության առնել հենց այս թեման և ո՛չ որևէ մեկ ուրիշը։ Ուստիև շարունակում եմ իմ աշխատանքը և հուսով եմ, որ վաղը դուք բավարարված կլինեք այն ուղղումներով, որ ես կմտցնեմ համաձայն ձեր ցուցումների։

— Աշխատեցեք առանց շտապելու,— ասաց կյուրեն,— մենք ձեզ թողնում ենք հիանալի տրամադրության մեջ։

— Այո,— ասաց ճիզվիտը,— արտը ցանված է, և հարկ չկա երկյուղ կրելու, որ սերմերի մի մասն ընկել է քարերի վրա կամ թափվել է ճանապարհին և որ երկնային թռչունները կարող են կտցահարել մնացած մասը։

«Այ գրողը տանի քեզ քո լատիներենի հետ»,— մտածեց դ’Արտանյանը, զգալով, որ այլևս դիմանալ չի կարողանում։

— Մնաս բարով, զավակս,— ասաց կյուրեն,— մինչև վաղը։

— Մինչև վաղը, քաջ տղա,— ասաց ճիզվիտը,— դուք խոստանում եք դառնալ եկեղեցու լուսատու աստղերից մեկը։ Աստված չանի՜, որ այդ աստղը կլանող բոց դառնա։

Դ’Արտանյանը, որն արդեն մի ամբողջ ժամ անհամբերությունից եղունգներն էր կրծոտում, այժմ սկսեց մատները կրծել։

Սև կապայավոր երկու մարդիկ վեր կացան, գլուխ տվին Արամիսին ու դ’Արտանյանին և ուղղվեցին դեպի դուռը։ Բազենը, որն ամբողջ ժամանակ կանգնած էր այնտեղ և բարեպաշտ ցնծությամբ լսում էր այդ գիտական վեճը, շտապեց նրանց ընդառաջ, վերցրեց քահանայի ժամագիրքը, ճիզվիտի աղոթագիրքը և հարգալից առաջ քայլեց՝ ճանապարհ բանալով նրանց համար։

Արամիսը ճանապարհ դնելով նրանց հետ միասին իջավ սանդուղքով, բայց և իսկույն բարձրացավ դ’Արտանյանի մոտ, որը դեռևս մի տեսակ շշմած էր։

Մենակ մնալով՝ ընկերները մի պահ անհարմար լռություն պահեցին, բայց որևէ մեկը պետք է ընդհատեր այդ լռությունը, և որովհետև դ’Արտանյանը, ըստ երևույթին, որոշել էր այդ պատիվը վերապահել իր ընկերոջը, Արամիսը առաջինը խոսեց։

— Ինչպես տեսնում եք,— ասաց նա,— ես վերադարձել եմ իմ նվիրական մտքերին։

— Այո, աստծու շնորհն իր ազդեցությունն է ունեցել ձեզ վրա, ինչպես հենց նոր ասաց այն պարոնը։

— Օ՜, աշխարհից հեռանալու միտքը իմ մեջ վաղուց է ծագել, և դուք շատ անգամ եք այդ լսել ինձնից, չէ՞, բարեկամս։

— Իհարկե, բայց, խոստովանում եմ, ես կարծում էի, թե դուք կատակ եք անում։

— Այդպիսի կատակներ անե՞լ։ Ի՜նչ եք ասում, դ’Արտանյան։

— Է՛հ, գրողը տանի, բայց մենք մահվան հետ էլ կատակ ենք անում։

— Եվ իզուր, դ’Արտանյան, որովհետև մահը այն դուռն է, որ տանում է դեպի կործանում կամ դեպի փրկություն։

— Համաձայն եմ, բայց ի սեր աստծո, Արամիս, աստվածաբանական վեճեր չսկսենք։ Կարծում եմ այն բաժինը, որ դուք ստացաք, ձեզ լիովին բավական է այսօր։ Իսկ ինչ վերաբերում է ինձ, ես համարյա մոռացել եմ այն սակավ լատիներենը, որն, ի դեպ, երբեք էլ չեմ իմացել և բացի դրանից, խոստովանում եմ, որ առավոտյան ժամը տասից ես ոչինչ չեմ կերել և գայլի պես քաղցած եմ։

— Մենք իսկույն կճաշենք, սիրելի բարեկամս։ Միայն չմոռանաք, որ այսօր ուրբաթ է, իսկ այդպիսի օրերին ես ոչ միայն միս չեմ ուտում, այլև չեմ համարձակվում նայել նրա վրա։ Եթե դուք համաձայն եք գոհանալու իմ ճաշով, ապա այն բաղկացած է խաշած կանաչեղենից և պտուղներից։

— Ինչ եք հասկանում դուք կանաչեղեն ասելով,— անհանգիստ հարցրեց դ’Արտանյանը։

— Կանաչեղեն ասելով հասկանում եմ սպանախ,— պատասխանեց Արամիսը,— բայց ձեզ համար ես ճաշին կավելացնեմ ձու, որ կանոնի մեջ խախտում է հանդիսանում, որովհետև ձվից ճուտ է դուրս գալիս, հետևապես այն էլ կարող է միս համարվել։

— Այնքան էլ շքեղ ճաշկերույթ չի լինի, բայց ցանկանալով ձեզ հետ լինել ես կհամաձայնեմ դրան։

— Շնորհակալ եմ այդ զոհաբերության համար,— ասաց Արամիսը,— բայց եթե այն օգուտ չբերի ձեր մարմնին, անտարակույս օգուտ կբերի ձեր հոգուն։

— Ուրեմն, Արամիս, դուք հաստա՞տ հոգևոր կոչում եք ընդունում։ Ի՞նչ կասեն մեր ընկերները, ի՞նչ կասի պարոն դը Տրևիլը։ Նրանք ձեզ դասալիք կհամարեն, նախազգուշացնում եմ։

— Ես հոգևոր կոչում չեմ ընդունում, այլ վերադառնում եմ նրան։ Եթե ես դասալիք եմ, ապա հենց դասալիք եմ եկեղեցուց, որին լքեցի հանուն աշխարհի։ Դուք հո գիտեք, որ ես ինձ վրա բռնություն եմ գործադրել, երբ հագել եմ հրացանակրի թիկնոցը։

— Ոչ դրա մասին ես ոչինչ չգիտեմ։

— Ձեզ հայտնի չէ՞, թե ինչ պատճառով եմ ես հեռացել սեմինարիայից։

— Ամենևին։

— Դե ուրեմն, ահա իմ պատմությունը։ Նույնիսկ սուրբ գրքում ասված է, «Խոստովանեցեք միմյանց», և ահա, դ’Արտանյան, ես խոստովանություն եմ անում։

— Իսկ ես նախօրոք թողություն եմ տալիս ձեր մեղքերին։ Տեսնո՞ւմ եք ինչ բարի սիրտ ունեմ ես։

— Սուրբ բաների մասին կատակ մի՛ արեք, բարեկամս։

— Լավ, լավ, պատմեցեք, լսում եմ ձեզ։

— Ես սեմինարիայում դաստիարակվում էի ինը տարեկան հասակից։ Երեք օր էր մնում, որ իմ քսան տարին լրանա, և ես պիտի դառնայի աբբատ ու դրանով ամեն ինչ վերջանար։ Բայց ահա, մի անգամ, երեկոյան, երբ ես իմ սովորության համաձայն գտնվում էի մի տան մեջ, որտեղ սիրով ժամանակ էի անց կացնում,— ի՛նչ կարող ես անել, ես երիտասարդ էի և թուլությունների ենթակա,— ինչ֊որ մի սպա, որը միշտ ուշադիր դիտում էր, թե ինչպես եմ ես Վարք սրբոց կարդում տանտիրուհու համար, անակնկալ ու առանց զեկուցման մտավ սենյակ։ Հենց այդ երեկո ես Հուդիթի պատմությունից մի օրինակ էի բերել և ոտանավոր էի կարդում իմ տիկնոջ համար, որը գովասանքներ չէր խնայում և գլուխն իմ ուսին հակած՝ ինձ հետ միասին կարդում էր ոտանավորը։ Այդ դիրքը որ, խոստովանում եմ, մի քիչ ավելի ազատ էր, դուր չեկավ սպային։ Նա ոչինչ չասաց, բայց երբ ես դուրս եկա, նա էլ դուրս եկավ իմ հետևից։

«Պարոն աբբա՛տ,— ասաց նա՝ ինձ հասնելով,— ձեզ դո՞ւր է գալիս, երբ ձեզ խփում են մահակով»։

«Չեմ կարող պատասխանել ձեր այդ հարցին, պարոն,— ասացի ես,— որովհետև մինչև այժմ ոչ ոք և երբեք չի համարձակվել խփել ինձ»։

«Դե ուրեմն, լսեցեք ինձ, պարոն աբբատ. եթե դուք նորից մտնեք այս տունը, որտեղ ես այսօր հանդիպեցի ձեզ, ես կհամարձակվեմ անել այդ»։

Կարծում եմ՝ ես վախեցա։ Խիստ գունատվեցի, ոտքերս ծալվում էին, պատասխան էի որոնում, բայց չգտա և լուռ մնացի։

Սպան պատասխանի էր սպասում, և տեսնելով, որ ես լռում եմ, քրքջաց, շուռ եկավ և նորից մտավ այն տունը։ Ես վերադարձա սեմինարիա։

Ես իսկական ազնվական եմ և, ինչպես դուք նկատած կլինեք, սիրելի դ’Արտանյան, տաքարյուն եմ։ Վիրավորանքը սոսկալի ծանր էր և չնայած ոչ ոք դրա մասին չգիտեր, ես զգում էի, որ այն ապրում է իմ սրտի խորքում և այրում է ինձ։ Սուրբ հայրերին ասացի, թե հոգևոր աստիճան ստանալու համար ինձ լրիվ պատրաստ չեմ համարում, և իմ խնդրանքով ձեռնադրությունը մեկ տարով հետաձգվեց։

Գնացի Փարիզ, սուսերամարտի ամենալավ ուսուցչի մոտ, պայմանավորվեցի ամեն օր դասեր առնել նրանից և ամբողջ տարին դասեր էի առնում։ Մի տարի անց, ուղիղ այն օրը, երբ ինձ հասցվել էր այդ վիրավորանքը, ես մեխին կախեցի իմ կապան, հագնվեցի ինչպես վայել է ազնվականին և գնացի ինձ ծանոթ մի տիկնոջ պարահանդեսին, որտեղ պետք է լիներ նաև իմ հակառակորդը։ Դա Ֆրան֊Բուրժուա փողոցում էր. Ֆորս բանտից ոչ հեռու։

Սպան, իրոք, այնտեղ էր։ Ես նրան մոտեցա այն պահին, երբ նա քնքշանքով նայելով մի կնոջ սիրային երգ էր երգում նրա համար։ Երգի երկրորդ տան կեսին ընդհատեցի նրան։

«Պարո՛ն,— ասացի ես,— դուք դեռ էլի՞ դեմ կլինեք, եթե ես գնամ Պայեն փողոցի ձեզ հայտնի տունը։ Դուք դեռ մտադիր եք մահակի հարվածներո՞վ հյուրասիրել ինձ, եթե իմ մտքովն անցնի չլսել ձեր պահանջը»։

Սպան զարմացած նայեց ինձ, ապա ասաց.

«Ի՞նչ եք ուզում ինձնից, պարոն, ես ձեզ չեմ ճանաչում»։

«Ես այն երիտասարդ աբբատն եմ,— պատասխանեցի ես, որը Վարք սրբոց էր կարդում և թարգմանում «Հուդիթը» հանգով»։

«Ա՛խ, հա՜։ Հիշում եմ,— հեգնաբար ժպտալով ասաց սպան։— Բայց ի՞նչ եք ցանկանում դուք»։

«Ես ցանկանում եմ, որ դուք բարեհաճեք դուրս գալ ինձ հետ մի փոքրիկ զբոսանքի»։

«Վաղը առավոտյան, եթե դուք անպայման ցանկանում եք այդ, և այն էլ մեծ բավականությամբ»։

«Ո՞չ, ոչ թե վաղը առավոտյան, այլ հենց հիմա»։

«Եթե դուք անպայման պահանջում եք...»։

«Այո, պահանջում եմ»։

«Այդ դեպքում գնանք։ Տիկիննե՛ր,— դարձավ նա կանանց,— չանհանգստանաք, ես իսկույն կսպանեմ այս պարոնին, կվերադառնամ և կավարտեմ ձեզ համար երգի վերջին տունը»։ Մենք դուրս գնացինք։ Ես նրան տարա Պայեն փողոցը, ճիշտ այնտեղ, որտեղ ուղիղ մի տարի առաջ այդ նույն ժամին նա ինձ արել էր այն հաճոյախոսությունը, որի մասին ես պատմեցի ձեզ։ Սքանչելի լուսնյակ գիշեր էր։ Մենք սուսերներս մերկացրինք և առաջին իսկ հարձակումին ես նրան տեղն ու տեղը սպանեցի...

— Գրողը տանի,— ասաց դ’Արտանյանը։

— Որովհետև տիկինները չտեսան իրենց երգչի վերադարձը,— շարունակեց Արամիսը,— և որովհետև նրան գտան Պայեն փողոցում սուսերի հարվածով սպանված, բոլորը հասկացան, որ այդ իմ ձեռքի գործն է, և դեպքը մեծ աղմուկ բարձրացրեց։ Դրա հետևանքով ես ստիպված էի միառժամանակ հրաժարվել կապայից։ Աթոսը, որի հետ ես ծանոթացա այդ ժամանակ, և Պորտոսը, որն ինձ, ի լրումն սուսերամարտի դասերի, էլի մի շարք հիանալի ձևեր սովորեցրեց, ինձ համոզեցին հրացանակրի թիկնոց խնդրել։ Թագավորը շատ էր սիրում իմ հորը, որը սպանվել էր Արրասի<ref>Արրաս — քաղաք Ֆրանսիայի Հյուսիսում։ Բազմիցս պաշարվել է Հենրիխ IV֊ի օրոք։</ref> պաշարման ժամանակ, և ինձ շնորհեց այդ թիկնոցը։ Դուք արդեն հասկանում եք, որ այժմ ինձ համար հասել է եկեղեցու գիրկը վերադառնալու ժամանակը։

— Իսկ ինչո՞ւ հենց հիմա, ոչ մի քիչ առաջ կամ հետո։ Ի՞նչ է պատահել ձեզ, և ի՞նչն է ձեզ այդպիսի չար մտքեր ներշնչում։

— Այս վերքը, սիրելի դ’Արտանյան, ի վերուստ նախազգուշացում է ինձ համար։

— Այդ վե՞րքը։ Դատարկ բան։ Վերքն արդեն ապաքինվել է, և ես համոզված եմ, որ այժմ դուք ավելի շատ ցավ եք զգում ո՛չ այդ վերքից։

— Հապա ո՞ր վերքից,— շառագունելով հարցրեց Արամիսը։

— Դուք սրտի վերք ունեք, Արամիս, ավելի տանջալից, ավելի արյունոտ վերք, որ հասցրել է ձեզ մի կին։

— Դե լա՜վ,— ասաց նա իր շփոթությունը թաքցնելով անփութության քողով,— արժե՞ խոսել այդպիսի բաների մասին։ Սիրային վիշտը տանջի ի՞նձ։ Vanitas vanitatum<ref>Ունայնություն ունայնությանց (լատ.)։</ref>։ Ի՞նչ է, ձեր կարծիքով գժվե՞լ եմ ես, այն էլ ո՞ւմ համար։ Մի ինչ֊որ թեթևամիտ աղջկա կամ սպասուհու համար, որի հետևից ես քարշ էի գալիս, երբ կայազորում էի... Գարշա՜նք։

— Ներեցեք, սիրելի Արամիս, բայց ինձ թվում է, որ դուք ավելի բարձր էիք նշան բռնում։

— Բա՞րձր։ Իսկ ո՞վ եմ ես, որ այդպիսի փառասիրություն ունենամ։ Մի խեղճ հրացանակիր, աղքատ ու աննկատ մի մարդ, որը ատում է կախում ունենալը և աշխարհում իրեն իր տեղում չի զգում։

— Արամի՛ս, Արամի՛ս,— գոչեց դ’Արտանյանը թերահավատությամբ նայելով ընկերոջը։

— Հող էի և հող կդառնամ։ Կյանքը լի է վշտով ու դառնությամբ,—շարունակեց Արամիսը մռայլվելով։— Երջանկության հետ նրան կապող բոլոր թելերը կտրվում են մարդու ձեռքում, և ամենից առաջ ոսկե թելերը։ Օ՜, սիրելի դ’Արտանյան,— ասաց Արամիսը թեթև դառնությամբ,— լսեցեք ինձ, թաքցրեք ձեր վերքերը, երբ վերք կունենաք դուք։ Լռությունը թշվառների վերջին ուրախությունն է։ Ոչ ոքի մի՛ ասեք ձեր վիշտը։ Հետաքրքրասերները խմում են մեր արցունքները, ինչպես ճանճերն են խմում վիրավոր եղնիկի արյունը։

— Ավա՜ղ, սիրելի Արամիս,— ասաց դ’Արտանյանը իր հերթին խոր հառաչանք արձակելով,— ախր դուք իմ սեփական պատմությունն եք անում ինձ։

— Ինչպե՞ս։

— Այո՛։ Հենց նոր ինձնից հափշտակեցին մի կնոջ, որին ես սիրում էի, որին ես պաշտում էի։ Չգիտեմ՝ որտեղ է նա, ուր են տարել, գուցե բանտումն է, գուցե՝ սպանված։

— Բայց դուք գոնե մի մխիթարություն ունեք, որ նա ձեզնից հեռացել է իր կամքին հակառակ, դուք գիտեք, որ եթե նրանից տեղեկություն չկա, ապա դա այն պատճառով, որ նրան արգելված է ձեզ հետ կապվել, մինչդեռ ես...

— Մինչդեռ ի՞նչ։

— Ոչինչ, ոչինչ,— ասաց Արամիսը։

— Ուրեմն դուք ընդմի՞շտ հրաժարվում եք աշխարհից, այդ վերջնականապես ու հաստա՞տ է վճռված։

— Ընդմիշտ։ Այսօր դեռ դուք իմ բարեկամն եք, վաղը դուք ինձ համար կլինեք միայն ուրվական կամ բոլորովին կդադարեք գոյություն ունենալ ինձ համար։ Իսկ աշխարհը ինձ համար դամբարան է, ուրիշ ոչինչ։

— Գրողը տանի, ի՜նչ թախծալի բաներ եք ասում։

— Ի՛նչ արած։ Իմ կոչումն է մղում ինձ, նա ինձ վեր է բարձրացնում։

Դ’Արտանյանը ժպտաց և ոչինչ չպատասխանեց։

— Եվ այսուամենայնիվ,— շարունակեց Արամիսը,— քանի դեռ ես երկրի վրա եմ, կուզենայի խոսել ձեզ հետ ձեր մասին, մեր բարեկամների մասին։

— Իսկ ես,— պատասխանեց դ’Արտանյանը,— կուզենայի խոսել ձեզ հետ հենց ձեր մասին, բայց դուք արդեն այնքա՜ն հեռու եք ամեն ինչից։ Սերը արհամարհանք է հարուցում ձեր մեջ, ընկերները ձեզ համար ուրվական են, աշխարհը դամբարան։

— Ավա՜ղ։ Դրանում դուք ինքներդ էլ կհամոզվեք,— ասաց Արամիսը հառաչելով։

— Դե ուրեմն թողնենք այս խոսակցությունը և եկեք այրենք այն նամակը, որ ամենայն հավանականությամբ ձեզ հաղորդում է ձեր ասած թեթևսոլիկի կամ սպասուհու մի նոր դավաճանության մասին։

— Ի՞նչ նամակ,— աշխույժ գոչեց Արամիսը։

— Մի նամակ, որ ձեր անունով եկել է, երբ դուք բացակա էիք և որը տվել են ինձ՝ ձեզ հանձնելու։

— Իսկ ումի՞ց է այն։

— Չգիտեմ։ Երևի մի ինչ֊որ լալկան սպասուհուց կամ անմխիթար թեթևամիտ կնոջից, գուցե և տիկին դը Շևրյոզի սպասուհուց, որը ստիպված է եղել իր տիրուհու հետ գնալ Տուր և իր նամակին ավելի մեծ կարևորություն տալու համար օծանելիքով բուրավետած թուղթ է վերցրել և այն կնքել է դքսուհու թագակիր կնիքով։

— Այդ ի՞նչ եք ասում։

— Այս ի՛նչ բան է, կարծես թե կորցրել եմ այդ նամակը,— խորամանկորեն ասաց դ’Արտանյանը, ձևացնելով թե փնտրում է այն։— Դեռ լավ է, որ այս աշխարհը դամբարան է, որ մարդիկ, ուրեմն և կանայք, ուրվականներ են, և սերը՝ մի զգացմունք, որի մասին դուք ասում եք գարշանք։

— Ա՜խ, դ’Արտանյան, դ’Արտանյան,— գոչեց Արամիսը,— դու սպանում ես ինձ։

— Ահա, վերջապես գտա,— ասաց դ’Արտանյանը։

Եվ նա գրպանից հանեց նամակը։

Արամիսը վեր թռավ, նրա ձեռքից խլեց նամակը, կարդաց, ավելի ճիշտ կլանեց այն, և նրա դեմքը շողաց։

— Երևում է այդ սպասուհին հիանալի լեզու ունի,—ասաց դ’Արտանյանը։

— Շնորհակալ եմ, դ’Արտանյան,— գոչեց Արամիսը հափշտակությամբ։— Նա ստիպված է եղել վերադառնալ Տուր։ Նա ինձ չի դավաճանել, նա առաջվա պես սիրում է ինձ։ Մոտ արի, բարեկամս, մոտ արի, թող որ գրկեմ քեզ, ես շնչասպառ եմ լինում երջանկությունից։

Եվ երկու բարեկամներ մի կատաղի պար սկսեցին Հովհան Ոսկեբերանի շուրջը, տրորելով դիսերտացիայի թերթերը, որոնք թափվել էին հատակին։

Այդ րոպեին ներս մտավ Բազենը, որը ձվածեղ և սպանախ էր բերում։

— Վազի՛ր, թշվառակա՜ն,— գոռաց Արամիսը՝ նրա երեսին շպրտելով իր կնգուղիկը,— գնա այնտեղ, որտեղից եկել ես, տար այդ գարշելի բանջարեղենն ու ձվածեղը։ Պահանջիր կարմրացրած նապաստակ, գիրացրած աքլոր, սխտորով տապակած ոչխարի միս և չորս շիշ բուրգունդական։

Բազենը, որ նայում էր տիրոջը և չէր հասկանում, թե ինչ փոփոխություն է կատարվել, տխուր֊տրտում՝ ձվածեղը թափեց սպանախի մեջ, իսկ սպանախը՝ հատակին։

— Ահա մի հարմար պահ՝ ձեր կյանքը արքայից֊արքային նվիրաբերելու համար,— ասաց դ’Արտանյանը,— եթե ցանկանում եք հաճելի բան անել նրա համար. «Non unutile desiderium in oblatione»։

— Գրողի ծո՜ցը գնացեք դուք ձեր լատիներենով։ Եկեք խմե՜նք, սիրելի դ’Արտանյան, եկեք խմե՜նք, գրողը տանի, եկեք խմե՜նք ու խմե՜նք և պատմեցեք ինձ ամեն բան, ինչ կատարվում է այնտեղ։

Comments