Chapter 26
Առաջին մաս XXV. Պորտոսը
Փոխանակ ուղիղ տուն գնալու դ’Արտանյանը ձիուց իջավ պ-րն դը Տրևիլի դռան առաջ և սանդուղքով շտապ վեր վազեց։ Այս անգամ նա որոշել էր դը Տրևիլին պատմել ամեն բան, ինչ տեղի էր ունեցել։ Անկասկած պ-րն դը Տրևիլը կարող էր իրեն մի բարի խորհուրդ տալ այս ամբողջ պատմության առթիվ։ Բացի դրանից, պ-րն դը Տրևիլն ամեն օր տեսնում էր թագուհուն և գուցե թե նրան կհաջողվեր նորին մեծությունից որևէ տեղեկություն ստանալ այն խեղճ կնոջ մասին, որը, ինչպես երևում է, այժմ տուժում էր իր տիրուհուն նվիրված լինելու համար։
Պ-րն դը Տրևիլը երիտասարդի պատմությունը լսեց այնպիսի լրջությամբ, որը ցույց էր տալիս, որ նա այդ արկածների մեջ ավելի մեծ բան է տեսնում, քան սիրային ինտրիգն է։
— Հը՜մ,— ասաց նա, երբ դ’Արտանյանը վերջացրեց։— Միանգամայն ակներև է, որ այստեղ խառն է նորին սրբազնության մատը։
— Բայց ի՞նչ անել,— հարցրեց դ’Արտանյանը։
— Ոչինչ, առայժմ վճռականապես ոչինչ, բացի մի բանից. հնարավորին չափ շուտ հեռանալ Փարիզից, որի մասին ես արդեն ձեզ ասել եմ։ Ես թագուհուն կտեսնեմ, կպատմեմ նրան խեղճ կնոջ անհայտացման մանրամասնությունները, որի մասին նա, իհարկե, չգիտե։ Այդ մանրամասնությունները նրա ձեռքը մի որևէ թել կտան, և գուցե թե, երբ դուք վերադառնաք, ես կկարողանամ բարի լուրեր հաղորդել ձեզ։ Ձեր հույսը դրեք ինձ վրա։
Դ’Արտանյանը գիտեր, որ պ-րն դը Տրևիլը, թեպետև գասկոնացի էր, սովորություն չուներ խոստում տալու, բայց եթե պատահում էր, որևէ բան էր խոստանում, ապա անում էր ավելին, քան խոստացել էր։ Եվ ահա, երիտասարդը գլուխ խոնարհեց նրան, շնորհակալությամբ համակված և անցյալի, և ապագայի համար, իսկ հարգարժան կապիտանը, որն իր կողմից աշխույժ մասնակցություն էր ունենում այդ քաջ ու վճռական պատանու կյանքին, բարեկամաբար սեղմեց նրա ձեռքը և բարի ճանապարհ մաղթեց։
Վճռելով անհապաղ կատարել պ-րն դը Տրևիլի խորհուրդները՝ դր Տրևիլը գնաց Գերեզմանափորների փողոցը, որպեսզի հետևի ճամպրուկը դասավորելուն։ Տանը մոտենալով նա տեսավ պ-րն Բոնասիեին, որ խալաթը հագին կանգնած էր շեմքում։ Այն ամենը, որ զգույշ Պլանշեն նախորդ օրը ասել էր իրեն տանտիրոջ նենգ հատկությունների մասին, այժմ դր Տրևիլի միտքը եկան, և նա Բոնասիեին նայեց շատ ավելի մեծ ուշադրությամբ, քան առաջ։ Իսկապես, բացի դեղնավուն և հիվանդագին գունատությունից, որը ցույց էր տալիս մաղձոտություն և հնարավոր է, պատահական պատճառ ուներ, դր Տրևիլը նրա դեմքի ծալքերի մեջ նկատեց ինչ-որ դավաճանական ու խորամանկ բան։ Խարդախ մարդը այնպես չի ծիծաղում, ինչպես ազնիվ մարդը, կեղծավորը լալիս է ո՛չ այն արցունքներով, որով լալիս է անկեղծ մարդը։ Ամեն մի կեղծիք դիմակ է, իսկ դիմակը, որքան էլ լավ պատրաստված լինի այն, միշտ կարելի է տարբերել իսկական դեմքից, եթե ավելի մեծ ուշադրությամբ նայես նրան։ Եվ ահա դ’Արտանյանին թվաց՝ Բոնասիեն դիմակ է կրում, այն էլ՝ ամենազզվելի դիմակ։
Դրա համար էլ, ենթարկվելով այդ մարդու նկատմամբ տածած իր զզվանքին, նա ուզում էր կողքով անցնել, առանց նրա հետ խոսելու, սակայն, ինչպես և նախորդ օրը, պարոն Բոնասիեն ինքը ձայն տվեց նրան։
— Է՛ ինչպե՞ս եղավ, երիտասա՛րդ,— ասաց նա,— կարծեմ վատ չեք անցկացրել գիշերը։ Արդեն առավոտյան ժամը յոթն է, գրողը տանի, երևում է, դուք մի քիչ փոխել եք սովորությունը և տուն եք վերադառնում այն ժամանակ, երբ ուրիշները նոր են միայն դուրս գալիս տնից։
— Այ, ձեզ այդպիսի կշտամբանք անել չի լինի, պարոն Բոնասիե,— ասաց երիտասարդը։— Դուք ուղղակի ողջախոհ մարդու օրինակ եք։ Ճշմարիտ է, երբ ջահել ու գեղեցիկ կին ունես, բախտի հետևից վազելու կարիք չկա, բախտն ինքն է գալիս քո տուն, ճիշտ չե՞մ ասում, պարոն Բոնասիե։ Բոնասիեն սփրթնեց քաթանի պես և խեթ ժպտաց։
— Հա՛, հա,— ծիծաղեց նա,— դուք շատ կատակաբան մարդ եք։ Բայց, գրողը տանի, այդ որտե՞ղ եք թափառել դուք այս գիշեր, իմ պատանի բարեկամ։ Երևում է՝ սայլուղիներն այնքան էլ հարմար չեն զբոսանքի համար։
Դ’Արտանյանը նայեց իր կոշիկներին, որոնք մինչև ճտքերի վերևը ցեխոտված էին, բայց այդ ժամանակ պատահաբար նրա հայացքն ընկավ Բոնասիեի կոշիկների ու գուլպաների վրա։ Թվում էր, որ նրանք էլ եղել էին հենց միևնույն ցեխի մեջ, երկուսի ոտքերն էլ ցեխոտված էին միևնույն ձևով։
Եվ հանկարծ դ’Արտանյանի գլխում մի միտք ծագեց։ Այն հաստլիկ, ցածրահասակ, ճերմակած մարդը, մուգ շորերով այն մարդը, որ նման է եղել սպասավորի և որի հետ կառեթին ուղեկցող զինված ձիավորները արհամարհանքով են վերաբերվելիս եղել, ինքը՝ Բոնասիեն է եղել։ Ամուսինը ղեկավարել է իր կնոջ առևանգումը։
Դ’Արտանյանի մեջ բուռն ցանկություն առաջացավ բռնել Բոնասիեի կոկորդից ու խեղդել նրան, բայց ինչպես արդեն ասել ենք, նա շատ զգույշ երիտասարդ էր և կարողացավ զսպել իրեն։ Սակայն նրա դեմքն այնպես նկատելի փոխվեց, որ Բոնասիեն վախեցավ ու ետ-ետ քաշվեց, բայց նա կանգնած էր դռան փակ փեղկերի դիմաց, ուստի այդ խոչընդոտը նրան ստիպեց մնալ իր տեղում։
— Դուք բարեհաճում եք կատակ անել, բարեկամս,— ասաց դ’Արտանյանը,— բայց ինձ թվում է, որ եթե իմ կոշիկները մաքրման կարիք են զգում, ապա ձեր գուլպաներն ու կոշիկներն էլ խոզանակ են պահանջում։ Մի՞թե դուք էլ, պարոն Բոնասիե, արկածներ որոնելով զբոսնել եք ինչ-որ մի տեղ։ Գիտե՞ք ինչ, դա շատ աններելի բան կլիներ ձեր հասակի մարդու համար, որը, մանավանդ, այնպիսի ջահել ու գեղեցիկ կին ունի, ինչպիսին ձեր կինն է։
— Օ՜, ոչ, տերը մի՛ արասցե,— պատասխանեց Բոնասիեն,— երեկ ես գնացել էի Սեն Մանդե, որպեսզի տեղեկություններ իմանամ մի սպասուհու մասին,— ախր ինձ խիստ անհրաժեշտ է սպասուհի ունենալ, և որովհետև հիմա ճանապարհները լավը չեն, ես այնտեղից բերել եմ այս ցեխը, որը դեռ մաքրելու ժամանակ չեմ ունեցել։
Այնտեղը, որ Բոնասիեն նշեց որպես իր թափառումների կետ, մի նոր ապացույց էր, որը հաստատում էր դ’Արտանյանի կասկածները։ Բոնասիեն Սեն Մանդեի անունը տվեց, որովհետև Սեն Մանդեն և Սեն Կլուն միանգամայն հակառակ ծայրերումն էին գտնվում։
Այս ենթադրությունը դ’Արտանյանի առաջին մխի-թարությունը եղավ։ Եթե Բոնասիեն գիտե, թե որտեղ է իր կինը, ուրեմն կարելի է որոշ միջոցներ գործադրելով ստիպել նրան՝ լեզուն բաց անել և իր գաղտնիքն ասել։ Կարևոր էր միայն այդ ենթադրությունը հաստատել։
— Ներեցեք ինձ իմ անքաղաքավարության համար, ամենահարգելի պարոն Բոնասիե,— ասաց դ’Արտանյանը,— բայց գիտե՞ք, ոչ մի բան այնպես չի ծարավեցնում մարդուն, ինչպես անքուն գեշերը, և ես գժվելու չափ ծարավ եմ զգում։ Թույլ տվեք ինձ մի բաժակ ջուր խմել ձեր մոտ, դե հո հարևանին չեք մերժի մի այդպիսի հասարակ բան։
Առանց տանտիրոջ թույլտվությանը սպասելով դ’Արտանյանը արագ տուն մտավ և մի թռուցիկ հայացք ձգեց անկողնու վրա։ Անկողինը ճմրթված չէր։ Բոնասիեն չէր պառկել, նշանակում է՝ նա հենց նոր է տուն վերադարձել, մեկ կամ երկու ժամ առաջ։ Նշանակում է՝ նա իր կնոջն ուղեկցել է մինչև այնտեղ, ուր տարել են նրան, կամ, համենայն դեպս, մինչև առաջին փոստակայանը։
— Շնորհակալ եմ ձեզնից, պարոն Բոնասիե,— ասաց երիտասարդը՝ բաժակը ցամաքեցնելով,— այս էր ամենը, ինչ ինձ հարկավոր էր։ Այժմ ես կգնամ իմ սենյակը և Պլանշեին կհրամայեմ իմ կոշիկները մաքրել, իսկ երբ կվերջացնի, եթե ցանկանում եք, կուղարկեմ, որպեսզի ձեր կոշիկներն էլ մաքրի։
Եվ նա մենակ թողեց արդուզարդի վաճառականին, որը բոլորովին շշմել էր այդ տարօրինակ հրաժեշտից և ինքն իրեն հարց էր տալիս, թե արդյոք չխճճվե՞ց իր սեփական ստի մեջ։
Սանդուղքի վերին հարթակում դ’Արտանյանը հանդիպեց վախեցած Պլանշեին։ — Ա՜խ, տեր իմ,— գոչեց նա իր պարոնին տեսնելուն պես։— Դարձյալ նորություն։ Ես անհամբեր ձեզ եմ սպասում։ Ի՞նչ է եղել,— հարցրեց դ’Արտանյանը։
— Պատրաստ եմ գրազ գալու, որ դուք չեք կարող իմանալ, թե ով է եկել մեզ մոտ, երբ դուք այստեղ չէիք։
— Այդ ե՞րբ։
— Կես ժամ առաջ, երբ դուք պարոն դը Տրևիլի մոտ էիք։
— Ո՞վ է եկել, շուտ ասա տեսնենք։
— Պարոն դը Կավուան։
— Պարոն դը Կավուա՞ն։
— Նա ինքն անձամբ։
— Նա եկել էր ինձ ձերբակալելո՞ւ։
— Ինձ թվաց, որ դրա համար, չնայած նրա քաղցր տեսքին։
— Ուրեմն նա քա՞ղցր տեսք ուներ։
— Ինչպես ասեմ, տեր իմ, ուղղակի ինչպես մեղր։
— Մի՞թե։
— Նա ասաց, որ նորին սրբազնությունը ձեզ բարիք է ցանկանում և ձեզ խնդրում է բարեհաճեք Պալե-Ռոյալ գնալ։
— Իսկ ի՞նչ պատասխանեցիր դու նրան։
— Որ այդ անհնարին է, քանի որ դուք տանը չեք, ինչում նա ինքն էլ կարող էր համոզվել։
— Իսկ ի՞նչ պատասխանեց նա։
— Որ դուք անպայման օրվա ընթացքում գնաք նրա մոտ։ Հետո նա շշուկով ավելացրեց. «Ահա քո պարոնին, որ նորին սրբազնությունը շատ լավ է տրամադրված իր նկատմամբ և գուցե թե այդ տեսակցությունից է կախված իր բախտը»։
— Կարդինալը բավական անշնորհք է հնարել այդ ծուղակը,— քմծիծաղով ասաց երիտասարդը։
— Հենց դրա համար էլ ես այն նկատեցի և պատասխանեցի, թե դուք, երբ վերադառնաք, շատ կափսոսաք։ «Ու՞ր է գնացել»,— հարցրեց պարոն դը Կավուան։ «Տուր, Շամպայն»,— պատասխանեցի ես. «Իսկ ե՞րբ»։ «Ե-րեկ երեկոյան...»,— ասացի ես։
— Պլանշե, բարեկամս,— ընդհատեց նրան դ’Արտանյանը,— իսկապես դու անգին մարդ ես։
— Հասկանում եք, տեր իմ, ես մտածեցի, որ եթե դուք ուզենաք տեսնել պարոն դը Կավուային, ապա միշտ էլ կարող եք ժխտել ինձ, որ դուք ամենևին էլ չեք գնացել։ Այդ դեպքում սուտ խոսած կլինեի ես, իսկ ես չէ՞ որ ազնվական չեմ, այնպես որ ինձ թույլատրված է սուտ ասել։
— Հանգստացիր, Պլանշե, դու ճշմարտախոս մարդու անունը չես կորցնի, կես ժամից մենք մեկնում ենք։
— Ես հենց նոր, տեր իմ, ուզո՞ւմ էի այդ նույնը խորհուրդ տալ ձեզ։ Բայց ո՞ւր ենք գնում, եթե գաղտնիք չէ։
— Հասկանալի է՝ ո՛չ այն կողմը, որ դու ասել ես պարոն դը Կավուային։ Ի դեպ, երևի դու ևս շտապում ես որևէ բան իմանալ Գրիմոյի, Մուշկետոնի ու Բազենի մասին, ինչպես ես եմ ուզում իմանալ, թե ինչ պատահեց Աթոսին, Պորտոսին և Արամիսին։
— Իհարկե, տեր իմ,— ասաց Պլանշեն,— և ես պատրաստ եմ մեկնելու թեկուզ հենց հիմա։ Իմ կարծիքով այս րոպեին գավառի օդը ինձ և ձեզ համար ավելի օգտակար է, քան Փարիզի օդը, դրա համար էլ...
— Դրա համար էլ պատրաստվիր, Պլանշե, և գնանք։ Որևէ կասկածից խուսափելու համար ես առաջ կգնամ ոտքով, դատարկաձեռն։ Ես ու դու կհանդիպենք գվարդիականների զորանոցում։ Ի դեպ, Պլանշե, կարծես դու իրավացի ես մեր տանտիրոջ նկատմամբ, դա իսկապես մեծ սրիկա է։ — Ահա՜։ Դե ուրեմն հավատացեք ինձ, տեր իմ, երբ ես մի բան եմ ասում։ Մարդուն ես դեմքից կարող եմ ճանաչել։
Ինչպես պայմանավորվել էին, դ’Արտանյանը առաջինը ցած իջավ։ Հետո, որպեսզի ինքն իրեն կշտամբելու բան չունենա, վերջին անգամ մտավ իր երեք ընկերների բնակարանները։ Նրանցից ոչ մի տեղեկություն չկար։ Միայն Արամիսի անունով ստացվել էր բուրավետած մի նամակ, որ գրված էր մանր, գեղեցիկ ձեռագրով։ Դ’Արտանյանը հանձն առավ տանել այն հասցեատիրոջը։ Տասը րոպե անց՝ Պլանշեն հասավ նրան գվարդիականների զորանոցի ախոռում։ Դ’Արտանյանը իզուր ժամանակ չկորցնելով ինքն արդեն թամբել էր իր ձին։
— Դուք կարծում եք, որ եթե մեզնից յուրաքան-չյուրը երկու ձի ունենա, ավելի արա՞գ կգնանք,— զարմացած հարցրեց Պլանշեն։
— Ոչ, պարոն կատակախոս,— առարկեց դ’Արտանյանը,— բայց չորս ձիերով մենք կարող ենք ետ բերել երեք ընկերներին, եթե միայն ողջ-առողջ գտնենք նրանց։
— Որը մեծ հաջողություն կլիներ,— պատասխանեց Պլանշեն։— Ի դեպ, երբեք չպետք է հուսահատվել, պետք է հույս դնել աստծո ողորմածության վրա։
— Ամմե՜ն,— ասաց դ’Արտանյանը ձի նստելով։
Գվարդիականների զորանոցից դուրս գալով՝ նրանք բաժանվեցին տարբեր կողմեր, մեկը պետք է Փարիզից դուրս գար Լավիլիետի ուղեկալով, մյուսը՝ Մոնմարտրի, որպեսզի հետո միանան Սեն Դենիից այն կողմ։ Երկուսն էլ այս ստրատեգիական մանևրը միանգամայն ճշտությամբ կատարելով՝ հաջողությամբ պսակեցին, դ’Արտանյանը և Պլանշեն միսսին հասան Պիերֆիտ։
Պետք է ասել, որ Պլանշեն ցերեկն ավելի քաջ էր լինում, քան գիշերը։
Սակայն բնածին զգուշությունը ոչ մի րոպե չէր հեռանում նրանից։ Նա առաջին ճանապարհորդության չար արկածներից ոչ մեկը չէր մոռացել և հանդիպող ամեն մի մարդու թշնամու տեղ էր դնում։ Դրա հետևանքով նա շուտ-շուտ վերցնում էր գլխարկը, որի համար խիստ նկատողություն ստացավ դ’Արտանյանից, որը վախենում էր, թե Պլանշեի այդ չափից դուրս քաղաքավարության պատճառով կարող են նրան մի ինչ-որ աննշան անձի ծառա համարել։
Սակայն, արդյոք այն պատճառով, որ բոլոր անցորդները զգացվել էին Պլանշեի պարկեշտությունից, թե՞ այս անգամ ոչ ոք չէր ուղարկվել դ’Արտանյանի ճանապարհը փակելու, համենայնդեպս, այսպես թե այնպես, մեր երկու ճանապարհորդները առանց որևէ արկածի հասան Շանտիլիե և մոտեցան Գրան-Սեն Մարտեն հյուրանոցին, այն նույն հյուրանոցին, որտեղ նրանք կանգ էին առել առաջին ճանապարհորդության ժամանակ։
Հյուրանոցի տերը տեսնելով երիտասարդին, որին հետևում էր սպասավորը երկու պահեստի ձիերով, հարգալից դիմավորեց նրան շեմքում։ Դ’Արտանյանը, որն արդեն տասնմեկ լյո ճանապարհ էր անցել, հարմար համարեց կանգ առնել այստեղ, անկախ նրանից, Պորտոսը հյուրանոցումն է, թե ոչ։ Բացի դրանից, թերևս անզգուշություն կլիներ անմիջապես տեղեկություններ հարցնել հրացանակրի մասին։ Այսպես մտածելով՝ դ’Արտանյանը առանց որևէ բան հարցնելու ձիուց իջավ, ձիերը թողեց սպասավորի խնամքին, մտավ այն փոքրիկ սենյակը, որ նախատեսված էր ընդհանուր դահլիճում մնալ չցանկացող այցելուների համար և հյուրանոցի տիրոջից պահանջեց մի շիշ լավ գինի ու հնարավորին չափ լավ նախաճաշ։ Այս հանգամանքն ավելի ամրապնդեց այն հարգանքը, որ առաջին իսկ հայացքից հյուրանոցի տերն զգաց իր հյուրի նկատմամբ։
Եվ այսպես դ’Արտանյանի պատվերները կատարվեցին հեքիաթային արագությամբ։
Գվարդիական գունդը հավաքագրվում էր թագավորության լավագույն ազնվականներից, և դ’Արտանյա-նը, որ ճանապարհորդում էր ծառայի ուղեկցությամբ և չորս հիանալի ձիերով, չնայած իր զգեստի հասարակ լինելուն, անխուսափելիորեն պետք է ուժեղ տպավորություն թողներ։ Հյուրանոցի տերը ցանկացավ անձամբ սպասարկել նրան։ Այդ բանը տեսնելով՝ դ’Արտանյանը պատվիրեց երկու բաժակ բերել և խոսակցություն սկսեց։
— Է՛, սիրելի պանդոկապետ,— սկսեց նա երկու բաժակներն էլ լցնելով,— ես ձեզնից խնդրեցի ամենալավ գինին, և եթե դուք ինձ խաբել եք, ապա, ազնիվ խոսք, դրանով իսկ ձեզ պատժած կլինեք, որովհետև ես մենակ խմել չեմ սիրում, և դուք էլ ինձ հետ միասին պիտի խմեք այն։ Դե՛հ, վերցրեք բաժակը և խմենք։ Ի՞նչ կենաց խմենք, որպեսզի մեզնից ոչ մեկը չնեղանա։ Եկեք խմենք ձեր հյուրանոցի բարգավաճման կենացը։
— Մեծ պատիվ է, ձերդ ողորմածություն,— ասաց հյուրանոցի տերը,— խոնարհաբար շնորհակալ եմ բարի ցանկության համար։
— Միայն թե այս բանում մոլորության մեջ չընկնեք,— առարկեց դ’Արտանյանը,— այս կենացով ես թերևս ավելի շատ իմ շահը նկատի ունեմ, քան դուք կարծում եք։ Մարդուն լավ են ընդունում միայն այն հյուրանոցներում, որոնք բարգավաճում են, իսկ որոնք վատ վիճակում են, այնտեղ լիակատար անկարգություն է տիրում, և ճանապարհորդը իր հյուրանոցատիրոջ սուղ պայմանների զոհն է դառնում։ Ախր ես շատ եմ ճանապարհորդում, այն էլ մեծ մասամբ այս ճանապարհով, դրա համար էլ ուզում եմ, որ բոլոր հյուրանոցատերերը հաջողության մեջ լինեն։
— Ա՜յ թե ինչու, տեր իմ, ինձ թվում է, որ ես առաջին անգամը չէ, ինչ պատիվ եմ ունենում տեսնելու ձեզ,— ասաց հյուրանոցի տերը։
— Բա՜ն ասացիր։ Ես մի տասն անգամ անցել եմ Շան-տիլիեով և այդ տասն անգամից առնվազն երեք թե չորս անգամ կանգ եմ առել ձեզ մոտ։ Սպասեք... հա, ախր ես մի տասը-տասներկու օր առաջ էլ այստեղ էի։ Ես ուղեկցում էի իմ հրացանակիր ընկերներին, և եթե ուզում եք, կարող եմ ձեզ հիշեցնել, որ նրանցից մեկը վեճի բռնվեց մի ինչ-որ անծանոթ մարդու հետ, որն առաջինն էր նեղացրել նրան։
— Այո, այո, ճշմարիտ է,— ասաց հյուրանոցի տերը,— ես էլ լավ եմ հիշում այդ պատմությունը։ Ձերդ ողորմածությունը խոսում է պարոն Պորտոսի մասին, չէ՞։
— Այո, հենց այդպես է իմ ուղեկցի անունը։ Ողորմա՜ծ Աստված, չլինի՞ որևէ դժբախտություն է պատահել նրան, սիրելի պանդոկապետ։
— Բայց դուք, ձերդ ողորմածություն, ինքներդ էլ պետք է նկատեիք, որ նա ճանապարհը շարունակել չկարողացավ։
— Այդ ճշմարիտ է, նա խոստացավ հասնել մեր հետևից, բայց այդպես էլ մենք նրան չտեսանք։
— Նա մեզ պատիվ արեց այստեղ մնալու։
— Ինչպե՞ս, այստե՞ղ է մնացել։
— Այո, տեր իմ, այս հյուրանոցում, և ճիշտն ասած, մենք շատ ենք անհանգստացած։
— Ինչո՞վ։
— Նրա որոշ ծախսերով։
— Ի՞նչ կա անհանգստանալու։ Նա իր բոլոր պարտքերը կվճարի։
— Օ՜, տեր իմ, դուք իսկապես սպեղանի եք դնում իմ վերքին։ Մենք նրան շատ ենք պարտք տվել, և դեռ այսօր առավոտյան բժիշկը մեզ հայտարարեց, որ եթե պարոն Պորտոսը իր վարձը չվճարի, նա իմ օձիքից կբռնի, որովհետև ես եմ բժշկին կանչել։
— Բայց մի՞թե Պորտոսը վիրավորված է։
— Չեմ կարող ձեզ ասել այդ, տեր իմ։
— Ինչպե՞ս թե չեք կարող։ Չէ՞ որ դուք նրա մասին ավելի լավ տեղեկություն պիտի ունենաք, քան որևէ մեկ ուրիշը։
— Այդ ճշմարիտ է, տեր իմ, բայց մեր պայմանները մեզ թույլ չեն տալիս ասել այն ամենը, ինչ որ գիտենք, մանավանդ, եթե մեզ նախազգուշացրել են, որ լեզվի պատճառով մենք կարող ենք ականջներս վճարել։
— Լավ, իսկ ես կարո՞ղ եմ Պորտոսին տեսնել։
— Իհարկե, տեր իմ։ Սանդուղքով բարձրացեք երկրորդ հարկ և բախեցեք առաջին համարի դուռը։ Միայն թե նախազգուշացրեք, որ այդ դուք եք։
— Նախազգուշացնել, որ ե՞ս եմ։
— Այո, այո, թե չէ՝ ձեզ կարող է դժբախտություն պատահել։
— Ձեր կարծիքով ի՞նչ դժբախտություն կարող է պատահել ինձ։
— Պարոն Պորտոսը կարող է ձեզ իմ ծառաներից որևէ մեկի տեղը դնել և ցասումի մոլուցքով բռնված՝ սուսերը ձեր կուրծքը խրել կամ կրակել ձեր գլխին։
— Այդ ի՞նչ եք արել դուք նրան։
— Մենք նրանից փող ենք խնդրել։
— Ա՜խ, գրողը տանի, հիմա հասկանում եմ։ Դա այնպիսի մի խնդիրք է, որին Պորտոսը շատ վատ է վերաբերվում, երբ փող չի ունենում, բայց, որքան ինձ հայտնի է, նա փող ունի։
— Հենց մենք էլ այդպես ենք կարծում, տեր իմ։ Որովհետև մեր ձեռնարկությունը կարգ ու կանոն ունի, և մենք ամեն շաբաթ հաշիվներն ամփոփում ենք, շաբաթվա վերջին մենք հաշիվ ներկայացրինք նրան, բայց երևում է անհաջող րոպեի հանդիպեցինք, որովհետև հենց որ փողի մասին ծպտուն հանեցինք, նա մեզ գրողի ծոցն ուղարկեց։ Ճշմարիտ է, նախորդ օրը նա թուղթ էր խաղացել...
— Ա՜խ, նա խաղացե՜լ էր։ Այդ ո՞ւմ հետ։
— Տե՜ր իմ աստված, ո՞վ է իմանում։ Մի ինչ-որ անցորդ պարոն էր, որին նա առաջարկեց մի պարտիա լանդսկնեխտ խաղալ։
— Հենց բանն էլ այդ է։ Երևի խեղճը բոլոր փողերը տանուլ է տվել։
— Մինչև իսկ իր ձին, տեր իմ, որովհետև երբ անծանոթը պատրաստվում էր գնալու, մենք նկատեցինք, որ նրա ծառան թամբում է պարոն Պորտոսի ձին։ Մենք դիտողություն արինք դրա համար, բայց նա ասաց, որ մենք քթներս խցկում ենք ոչ մեր գործի մեջ և որ ձին իրեն է պատկանում։ Մենք իսկույն տեղեկացրինք պարոն Պորտոսին, բայց նա ասաց, որ մենք ստոր մարդիկ ենք, եթե կասկածում ենք ազնվականի խոսքին, և որ, եթե նա ասում է ձին իրեն է պատկանում, նշանակում է այդպես էլ կա։
— Այդպիսին է Պորտոսը,— մրմնջաց դ’Արտանյանը։
— Այն ժամանակ,— շարունակեց հյուրանոցի տերը,— ես նրան պատասխանեցի, թե, քանի որ, ինչպես երևում է, մեզ վիճակված չէ ընդհարվել վճարի հարցով, ես հույս ունեմ, որ նա գոնե բարի կլինի և կփոխադրվի իմ եղբայրակցի մոտ, այն է՝ «Ոսկե Արծիվ» հյուրանոցի տիրոջ մոտ։ Բայց պարոն Պորտոսը հայտարարեց, թե իմ հյուրանոցը ավելի լավն է, և ինքն ուզում է այստեղ մնալ։ Դա այնքան շոյող պատասխան էր, որ ես այլևս պնդել չէի կարող։ Ուստի ես սահմանափակվեցի նրանով, որ խնդրեցի ազատել իր զբաղեցրած սենյակը, որ ամենալավն է հյուրանոցում, և բավարարվեք չորրորդ հարկի մի լավ, փոքրիկ սենյակով։ Բայց սրան պարոն Պորտոսը պատասխանեց, թե ինքը րոպե առ րոպե սպասում է իր սիրուհուն, որ արքունիքի ամենաբարձրաստիճան տիկիններից մեկն է, հետևապես ես պետք է հասկանամ, որ այն սենյակը, որին նա պատվի է արժանացնում իր ներկայությամբ, դեռ էլի շատ աղքատիկ է այդպիսի մի անձի համար։ Սակայն լիովին ընդունելով նրա խոսքերի իրավացիությունը, ես, այ-նուամենայնիվ, գտա, որ ստիպված եմ պնդել իմ առաջարկը։ Այն ժամանակ նա, նույնիսկ նեղություն չքաշելով վեճի բռնվել ինձ հետ, ատրճանակը հանեց, դրեց սեղանի վրա և հայտարարեց, որ մի այլ սենյակ կամ մի այլ հյուրանոց փոխադրվելու մասին առաջին իսկ խոսքը լսելուն պես՝ ինքը կփշրի այն մարդու գանգը, ով անզգուշություն կունենա իր գործերին խառնվելու։ Դրա համար էլ, տեր իմ, այդ ժամանակվա-նից ոչ ոք նրա մոտ չի գնում, բացի իր սպասավորից։
— Ուրեմն Մուշկետոնն այստե՞ղ է։
— Այո, տեր իմ, մեկնելուց հինգ օր հետո նա վերադարձավ և նույնպես վատ տրամադրության մեջ էր։ Երևում է՝ ճանապարհին նա էլ անախորժությունների էր հանդիպել։ Դժբախտաբար նա ավելի ճարպիկ է, քան իր պարոնը, և նրա համար ամեն ինչ տակն ու վրա է անում. մտածելով, որ իր խնդրածը կարող են մերժել, նա ամեն բան, ինչ հարկավոր է, վերցնում է առանց հարցնելու։
— Այո,— ասաց դ’Արտանյանը,— ես միշտ նկատել եմ, որ Մուշկետոնը հազվագյուտ չափով նվիրված սպասավոր է և հազվագյուտ չափով հասկացող։
— Միանգամայն հնարավոր է, տեր իմ, բայց ենթադրեցեք, որ ես տարեկան գեթ չորս անգամ հանդիպեմ այդպիսի նվիրվածության և այդպիսի հասկացողության, այդ դեպքում ես բոլորովին կսնանկանամ։
— Ոչ, այդ այդպես չէ, որովհետև Պորտոսը ձեզ կվճարի։
— Հը՜մ...— թերահավատորեն ծոր տվեց պանդոկապետը։
— Նա վայելում է մի շատ անվանի տիկնոջ բարեհաճությունը, և այդ տիկինը նրան դժվարին դրության մեջ չի թողնի այնպիսի մի չնչին բանի համար, ինչպիսին նրա պարտքն է։
— Եթե ես համարձակվեի ասել, թե ինչ եմ մտածում դրա մասին...
— Ի՞նչ եք մտածում։
— Կասեմ ավելին. ինչ գիտեմ։
— Ի՞նչ գիտեք։
— Նույնիսկ ավելին, ինչին համոզված եմ...
— Ինչի՞ն եք համոզված դուք։ Պատմեցեք։
— Ես ձեզ կասեի, որ գիտեմ, թե ով է այդ անվանի տիկինը։
— Դո՞ւք։
— Այո, ես։
— Ին՞չ միջոցով իմացաք դուք։
— Օ՜, տեր իմ, եթե ես կարողանայի հույս դնել ձեր համեստության վրա...
— Խոսեցեք, ազնվականի ազնիվ խոսք եմ տալիս ձեզ, որ չեք զղջա վստահելու համար։
— Դե ուրեմն, տեր իմ, ինչպես ինքներդ էլ հասկա-նում եք, անհանգստությունը ստիպում է շատ բան անել։
— Եվ ի՞նչ եք արել դուք։
— Օ՜, այնպիսի մի բան չենք արել, որ պարտատիրոջ իրավունքից ավելի լինի։
— Այսի՞նքն։
— Պարոն Պորտոսը մեզ մի նամակ տվեց այդ դքսու-հու անունով և հրամայեց փոստով ուղարկել։ Այն ժամանակ նրա սպասավորը դեռ չէր եկել։ Նկատի ունենալով, որ նա սենյակից դուրս գալ չէր կարող, ստիպված էր այդ հանձնարարությունը մեզ անել։
— Հետո՞։
— Փոխանակ նամակը փոստով ուղարկելու, որը երբեք լիովին հուսալի չի լինում, ես օգտվեցի նրանից, որ մեր մարդկանցից մեկը պիտի գնար Փարիզ, և նրան պատվիրեցի նամակն անձամբ հանձնել դքսուհուն։ Չէ՞ որ այդ հենց նշանակում էր կատարել պարոն Պորտոսի ցանկությունը, որն այնքան շատ անհանգստանում էր այդ նամակի համար, այդպես չէ՞։
— Մոտավորապես այդպես է։
— Եվ ահա, տեր իմ, հայտնի՞ է ձեզ, թե ով է այդ անվանի տիկինը։
— Ո՛չ, ես նրա մասին լսել եմ Պորտոսից, ուրիշ ոչինչ։
— Հայտնի՞ է ձեզ, թե ով է այդ դքսուհի կոչեցյալը։
— Կրկնում եմ, որ նրան չեմ ճանաչում։
— Դա Շատլեի դատախազի պառավ կինն է, տեր իմ, տիկին Կոկնարը, որն ամենաքիչը հիսուն տարեկան կլինի և որը դեռ իրեն խանդոտ էլ է ձևացնում։ Ախր ինձ էլ զարմանալի էր թվում, անվանի անձ է և ապրում է Արջի փողոցո՞ւմ։
— Որտեղի՞ց գիտեք դուք այդ ամենը։
— Նրանից, որ նամակը ստանալով՝ նա խիստ բարկացել է և ասել, թե պարոն Պորտոսը ցանցառ մարդ է և երևի սուսերի այդ հարվածը մի որևէ կնոջ պատճառով է ստացել։
— Ուրեմն նա սուսերի հարվա՞ծ է ստացել։
— Օ՜, տեր աստված, այս ի՞նչ ասացի ես։
— Դուք ասացիք, որ Պորտոսը սուսերի հարված է ստացել։
— Այդ, իհարկե, այդպես է, բայց, ախր, նա ինձ խստիվ արգելել է դրա մասին պատմել։
— Ինչո՞ւ որ։
— Ինչո՞ւ։ Նրա համար, տեր իմ, որ նա պարծենում էր, թե սուսերը կխրի այն անծանոթի կուրծքը, որի հետ կռվի էր բռնվել, երբ դուք գնում էիք, բայց դուրս եկավ հակառակը, այդ անծանոթը պառկեցրեց պարոն Պորտոսին, չնայած նրա բոլոր պարծենկոտություններին։ Եվ ահա, պարոն Պորտոսը, որ շատ հպարտ է բոլորի հետ, բացի այդ դքսուհուց, որի գութը շարժել էր ցանկացել իր գլխին եկածը պատմելով, ուրիշ ոչ ոքի չի ուզում խոստովանել, որ սուսերի հարված է ստացել։
— Նշանակում է՝ սուսերի այդ հարվա՞ծն է պահում նրան անկողնում։
— Այո, և շատ լավ հարված, կարող եմ հավատացնել ձեզ։ Երևում է՝ ձեր բարեկամի հոգին մեխերով է ամրացված մարմնին։
— Ուրեմն դուք ներկա՞ եք եղել։
— Ես հետաքրքրությունից դրդված գնացի նրանց հետևից և մենամարտը տեսա, բայց այնպես, որ կռվող-ներն ինձ չնկատեցին։
— Եվ ինչպե՞ս եղավ կռիվը։
— Օ՛, կռիվը երկար չքաշեց, կարող եմ ձեզ հավատաց-նել։ Նրանք գրավեցին իրենց տեղերը, անծանոթը մի հարձակում գործեց և այնպես արագ, որ երբ պարոն Պորտոսն ուզում էր ետ մղել հարվածը, սուսերն արդեն նրա կուրծքն էր խրվել երեք մատնաչափ խորությամբ։ Նա ընկավ մեջքի վրա։ Անծանոթն իսկույն սուսերի ծայրը դեմ արավ նրա կրծքին, և պարոն Պորտոսը, տեսնելով, որ ինքն ամբողջովին հակառակորդի ձեռքումն է, իրեն պարտված ճանաչեց։ Դրանից հետո անծանոթը հարցրեց, թե ի՛նչ է նրա անունը, և իմանալով որ անունը Պորտոս է, ոչ թե դ’Արտանյան, առաջարկեց հենվել իր թևին, տարավ նրան մինչև հյուրանոց, ինքը թռավ ձիու վրա և անհետացավ։
— Նշանակում է այդ անծանոթը դ’Արտանյանի հե՞տ էր ուզում կռվի բռնվել։
— Կարծես թե՝ այո։
— Եվ դուք չգիտեք, թե հետո ինչ եղավ նրան։
— Ոչ, ես երբեք չեմ տեսել նրան, ոչ դրանից առաջ, ոչ հետո։
— Շատ լավ։ Ես իմացա ամեն բան, ինչ ինձ հարկավոր էր։ Ուրեմն դուք ասում եք, որ Պորտոսի սենյակը երկրորդ հարկում է, առաջին համարը։
— Այո, տեր իմ, հյուրանոցի ամենալավ սենյակը, այն սենյակը, որ ես հիմա արդեն մի տասն անգամ վարձով տված կլինեի։
— Լավ, հանգստացեք,— ծիծաղելով ասաց դ’Արտանյանը։— Պորտոսը ձեզ կվճարի դքսուհի Կոկնարի դրամով։
— Օ՜, տեր իմ, ինչ ուզում է թող լինի նա, դատախազի կին, թե դքսուհի, միայն թե բաց անի իր քսակի բերանը, բայց ո՛չ, նա ամենայն վճռականությամբ հայտարարել է, որ պարոն Պորտոսի պահանջները և նրա դավաճանու-թյունները ձանձրացրել են իրեն և ինքը ոչ մի սու չի ուղարկի նրան։
— Եվ դուք նրա պատասխանը հաղորդե՞լ եք ձեր տնվորին։
— Ոչ, ոչ մենք այդ չենք ասել, չէ՞ որ եթե ասեինք, նա կհասկանար, թե ինչ ձևով ենք կատարել իր հանձնարարությունը։
— Նշանակում է մինչև հիմա էլ նա սպասում է փողի՞ն։
— Հենց բանն էլ այդ է, որ սպասում է։ Հենց երեկ երկրորդ նամակը գրեց նրան, բայց այս անգամ նամակը փոստով ուղարկեց իր ծառան։
— Ուրեմն դուք ասում եք, որ դատախազի կինը պառավ է ու տգե՞ղ։
— Առնվազն հիսուն տարեկան կլինի, տեր իմ, և ինչպես Պորտոսն էր ասում, ամենևին էլ գեղեցիկ չէ։
— Այդ դեպքում հանգիստ եղեք, վերջիվերջո նա կփափկի։ Բացի այդ, Պորտոսը չէր կարող այնքան էլ շատ պարտք մնալ ձեզ։
— Ինչպե՞ս թե չէր կարող։ Քսան պիստոլ, չհաշված բժշկի վարձը։ Օ՜, նա ոչ մի բանից չի զրկում իրեն, իսկույն երևում է, որ սովոր է լավ ապրելու։
— Լավ, եթե սիրուհին նրան լքի, բարեկամներ կգտնվեն, կարող եմ երաշխավորել։ Այնպես որ, սիրելի պանդոկապետ, մի անհանգստացեք և շարունակեցեք վերաբերվել նրան այն ուշադրությամբ, որ պահանջում է նրա դիրքը։
— Տեր իմ, դուք խոստացաք չհիշատակել դատախազի կնոջ մասին և ոչ մի խոսք չասել նրա վերքի մասին։
— Կարող եք չհիշեցնեք ինձ այդ, ես ձեզ խոսք եմ տվել։
— Ախր նա կսպանի ինձ, եթե իմանա։
— Մի՛ վախենաք, իրականում նա այնքան սոսկալի չէ, ինչպես թվում է։
Այս ասելով՝ դ’Արտանյանը սկսեց սանդուղքով վեր բարձրանալ հյուրանոցի տիրոջը թողնելով մի փոքր հանգստացած երկու բանի համար, որոնք նա, ըստ երևույթին, թանկ էր գնահատում, այն է՝ իր քսակի և կյանքի համար։
Վերևում, մի դռան վրա, որն ամբողջ միջանցքում ամենից ավելի նկատելին էր, սև թանաքով գրված էր մի ահագին թվանշան՝ 1։ Դ’Արտանյանը այդ դուռը բախեց, և երբ ներսից առաջարկություն եղավ՝ գնալ իր բանին, մտավ սենյակ։
Պորտոսը անկողնում պառկած՝ Մուշկետոնի հետ լանդսկնեխտ էր խաղում, որպեսզի ձեռքը վարժեցնի, մինչդեռ օջախի առաջ ուրախ պտտվում էր մի շամփուր, որին մի լոր էր խրված, իսկ ընդարձակ բուխարու երկու անկյուններում եռում էին երկու կաթսա, որոնցից գինու սոուսով եփվող ճագարի ու ձկան բուրմունք էր գալիս, որ դուրեկան շոյում էր մարդու հոտառությունը։ Ամբողջ սեղանը և կամոդի երեսը ծածկված էին դատարկ շշերով։
Ընկերոջը տեսնելով՝ Պորտոսն ուրախության ճիչ արձակեց, իսկ Մուշկետոնը հարգալից վերկենալով՝ իր տեղը զիջեց դ’Արտանյանին և գնաց նայելու կաթսաները, որոնք, ըստ երևույթին, նրա հատուկ հսկողության տակ էին գտնվում։
— Ա՜խ, գրողը տանի, այդ դո՞ւք եք,— ասաց Պորտոսը դ’Արտանյանին։— Բարի գալուստ։ Խնդրում եմ ներող լինեք, որ ես վեր չեմ կենում։ Ի դեպ,— ավելացրեց նա թեթևակի անհանգստությամբ նայելով դ’Արտանյանին,— ձեզ հայտնի՞ է, թե ինչ է պատահել ինձ։
— Ոչ։
— Հյուրանոցի տերը ոչինչ չի՞ ասել ձեզ։
— Ես նրան հարցրի, թե որտեղ եք դուք և իսկույն վեր բարձրացա։
Պորտոսը, ըստ երևույթին, ազատ շունչ քաշեց։
— Իսկ ի՞նչ է պատահել ձեզ, սիրելի Պորտոս,— հարցրեց դ’Արտանյանը։
— Այն, որ հարձակվելով իմ հակառակորդի վրա, որին ես արդեն սուսերի երեք հարված էի տվել և պատ-րաստվելով չորրորդ հարվածով վերջ տալ նրա կյանքին՝ հանկարծ մի քարի դիպչելով սայթաքեցի և ծունկս դուրս ընկավ։
— Ի՜նչ եք ասում։
— Պատվովս եմ երդվում։ Եվ դա այն անբանի բախտիցն էր, թե չէ, երդվում եմ, ես տեղն ու տեղը պիտի վերջ տայի նրան։
— Իսկ ո՞ւր գնաց նա։
— Ճիշտն ասած՝ չգիտեմ։ Նա մի լավ բաժին ստացավ և գնաց՝ առանց մանր դրամը պահանջելու։ Է՛, իսկ դո՞ւք, սիրելի դ’Արտանյան, ձե՞զ հետ ինչ պատահեց։
— Նշանակում է,— շարունակեց դ’Արտանյանը,— ձեր ոտքը դուրս ընկնելու պատճառո՞վ է, որ դուք մնացել եք անկողնում, սիրելի Պորտոս։
— Երևակայեցեք՝ այդպիսի մի դատարկ բան։ Ասենք մի քանի օրից հետո ես ոտքի վրա կլինեմ։
— Բայց ինչո՞ւ դուք չհրամայեցիք ձեզ Փարիզ տանել։ Ախր այստեղ երևի ձեզ համար շատ ձանձրալի կլինի։
— Հենց այդ էլ ուզում էի անել, բայց պետք է մի բան խոստովանեմ ձեզ, սիրելիս։
— Ի՞նչ։
— Այ թե ինչ. քանի որ ես այստեղ իսկապես շատ էի տխրում, ինչպես դուք ասացիք, և որովհետև գրպանումս էին ձեզնից ստացած յոթանասունհինգ պիստոլը, ես այստեղ իջևանած մի ազնվականի հենց այնպես, զվարճության համար խնդրեցի բարձրանալ ինձ մոտ և առաջարկեցի զառ խաղալ։ Նա համաձայնեց, և ահա իմ յոթանասունհինգ պիստոլը իմ գրպանից անցավ նրա գրպանը, էլ չեմ խոսում ձիու մասին, որ նույնպես նա տարավ իր հետ։ Է՛, իսկ դուք ինչպե՞ս եք, սիրելի դ’Արտանյան։
— Ի՛նչ արած, սիրելի Պորտոս, չի կարելի ամեն բա-նի մեջ հաջողություն ունենալ,— ասաց դ’Արտանյա-նը։— Լսե՞լ եք առածը՝ «Ում չի հաջողվում խաղի մեջ, հաջողվում է սիրո մեջ»։ Սիրո մեջ ձեզ խիստ շատ է հաջողվում, դրա համար էլ բախտը վրեժ է առնում խաղի մեջ։ Բայց ձեզ համար ի՞նչ բան է բախտի հեղհեղուկությունը։ Մի՞թե դուք չունեք ձեր դքսուհին, որը, իհարկե, չի հապաղի օգնության հասնել ձեզ։
— Ա՛յ, հենց դրա համար էլ ես այդպես ձախորդ եմ խաղի մեջ,— ամենաանբռնազբոսիկ ձևով ասաց Պորտոսը,— ես գրել եմ նրան, որ մի հիսուն լուիդոր ուղարկի ինձ, որն իմ ներկա դրության մեջ խիստ անհրաժեշտ է ինձ։
— Եվ ի՞նչ։
— Ի՛նչ ասեմ։ Երևի նա իր կալվածքներից որևէ մեկում է գտնվում. ոչ մի պատասխան չստացա։
— Ի՜նչ եք ասում։
— Այո, պատասխան չկա։ Երեկ էլ մի նամակ եմ ուղարկել նրան. առաջինից ավելի խիստ։ Բայց, ախր, դուք այստե՜ղ եք, սիրելի բարեկամս, խոսենք ձե՛ր մասին։ Ճիշտն ասած՝ ես արդեն սկսել էի մի քիչ անհանգստանալ, թե ինչ պատահեց ձեզ։
— Բայց ամեն բանից երևում է, սիրելի Պորտոս, որ հյուրանոցի տերը վատ չի վարվում ձեզ հետ,— ասաց դ’Արտանյանը՝ հիվանդին մատնացույց անելով լիքը կաթսաները և դատարկ շշերը։
— Դե թո՜ղ,— պատասխանեց Պորտոսը։— Երեք թե չորս օր առաջ այդ սրիկան հաշիվ էր բերել ինձ, և ես դուրս գցեցի նրան իր հաշվի հետ միասին։ Այնպես որ հիմա ես այստեղ նստած եմ որպես հաղթող, ինչպես յուրատեսակ նվաճող, ուստիև հարձակումից ապահով լինելու համար զինված եմ մինչև ատամներս։
— Բայց երևում է, դուք երբեմն գրոհներ եք ունե-նում,— ծիծաղելով ասաց դ’Արտանյանը։ Եվ նա կրկին մատնացույց արավ շշերն ու կաթսաները։
— Դժբախտաբար՝ ո՛չ ես,— պատասխանեց Պորտոսը։— Անպիտան ոտքս ինձ անկողնումն է պահում։ Այդ Մուշկետոնն է, որ մեկ-մեկ տեղազննության է գնում և ուտելեղեն ճարում։ Մուշկետոն, բարեկամս,— շարունակեց Պորտոսը,— ինչպես տեսնում եք, մեզ օժանդակ ուժ է եկել, ուստի հարկավոր է լրացնել մեր պարենի պաշարը։
— Մուշկետո՛ն,— ասաց դ’Արտանյանը,— դուք պետք է մի ծառայություն մատուցեք ինձ։
— Ի՞նչ ծառայություն, տեր իմ։
— Տեր այդ եղանակը սովորեցրեք Պլանշեին։ Կարող է պատահել, որ ես էլ պաշարողական դրության մեջ ընկնեմ, և չէր խանգարի, եթե նա կարողանար նույնպի-սի հարմարություններ ստեղծել ինձ համար, ինչպի-սին դուք եք ստեղծել ձեր տիրոջ համար։
— Աստվա՜ծ իմ,— համեստորեն ասաց Մուշկետոնը,— ախր սրանից ավելի հեշտ բան չկա, տեր իմ։ Հարկավոր է ճարպիկ լինել, պրծավ գնաց։ Ես գյուղում եմ մեծացել, և հայրս պարապ ժամանակ որսագողություն էր անում։
— Իսկ մնացած ժամանա՞կ ինչ էր անում։
— Զբաղվում էր մի արհեստով, որը ես միշտ էլ բավական շահավետ էի համարում։
— Բայց ի՞նչ արհեստ։
— Դա կաթոլիկների և հուգենոտների պատերազմի ժամանակ էր։ Տեսնելով, որ կաթոլիկները հուգենոտներին են կոտորում, իսկ հուգենոտները՝ կաթոլիկներին և այդ ամենը հանուն հավատի, հայրս իր համար հնարել էր խառն հավատ, որը նրան թույլ էր տալիս լինել մերթ կաթոլիկ, մերթ հուգենոտ։ Եվ ահա նա սովորաբար հրացանն ուսը գցած ման էր գալիս ճանապարհների եզրի թփերի հետևը և երբ տեսնում էր, որ մի միայնակ կաթոլիկ է անցնում, բողոքականի հավատն իսկույն գերակշռում էր նրա հոգում։ Նա հրացանը նշան էր բռնում անցորդի վրա, իսկ հետո, երբ այդ անցորդն արդեն իրենից մի տասը քայլ հեռավորության վրա էր լինում, զրույց էր սկսում նրա հետ, և այդ զրույցի հետևանքը լինում էր այն, որ համարյա միշտ ճանապարհորդը տալիս էր քսակը, որպեսզի իր կյանքը փրկի։ Հասկանալի բան է, որ երբ հուգենոտ էր պատահում, հորս մեջ հանկարծ այնպիսի մի սեր էր բռնկում դեպի կաթոլիկական եկեղեցին, որ նա ուղղակի չէր կարողանում հասկանալ, թե ինչպե՛ս մի քառորդ ժամ առաջ իր մեջ կարող էին կասկածներ ծագել մեր սուրբ կրոնի գերազանցության մասին։ Պետք է ձեզ ասեմ, տեր իմ, որ ես կաթոլիկ եմ, որովհետև հայրս, հավատարիմ մնալով իր կանոններին, իմ մեծ եղբորը հուգենոտ էր դարձրել։
— Իսկ ինչպե՞ս վերջացրեց իր կյանքը այդ պատվարժան մարդը,— հարցրեց դ’Արտանյանը։
— Օ՜, տեր իմ, ամենաողբալի ձևով։ Մի անգամ մի նեղ շավղում ընկնում է մի հուգենոտի ու մի կաթոլիկի արանքը, որոնց հետ նա արդեն գործ էր ունեցել և որոնք ճանաչել էին նրան։ Եվ ահա այդ երկուսը միանալով հենց այդտեղ էլ հորս կախել էին ծառից։ Դրանից հետո նրանք եկել էին առաջին իսկ հանդիպած գյուղի պանդոկը և սկսել պարծենալ իրենց քաջագործություններով, իսկ ես ու եղբայրս հենց այդ ժամանակ, այդ նույն պանդոկում նստած խմում էինք։
— Եվ ի՞նչ արիք դուք,— հարցրեց դ’Արտանյանը։
— Մենք լուռ լսեցինք նրանց,— պատասխանեց Մուշկետոնը, իսկ հետո, երբ պանդոկից դուրս գալով նրանք տարբեր կողմեր գնացին, եղբայրս բռնեց այն ճանապարհը, որով կաթոլիկը գնաց, իսկ ես այն ճանապարհը, որով հուգենոտը գնաց։ Երկու ժամից հետո ամեն ինչ վերջացած էր, մեզնից յուրաքանչյուրն արեց իր գործը, միաժամանակ հիանալով մեր հոր հեռատեսու-թյամբ, որը զգուշության համար մեզ դաստիարակել էր տարբեր հավատներով։
— Ճշմարիտ է, Մուշկետոն, երևում է, ձեր հայրը շատ խելամիտ մարդ է եղել։ Ուրեմն ասում եք, որ պարապ ժամերին այդ ազնիվ մարդը որսագողությա՞մբ էր զբաղվում։
— Այո, տեր իմ, և նա է ինձ սովորեցրել թակարդներ դնել ու կարթ գցել։ Դրա համար էր, երբ մեր անպիտան հյուրանոցատերը սկսեց մեզ կերակրել առատ, բայց կոպիտ սնունդով, որը պիտանի է միայն ռամիկ մարդու համար, բայց հարմար չի այնպիսի նուրբ ստամոքսներին, ինչպիսին մերն է, ես կամաց-կամաց անցա իմ նախկին արհեստին։ Իշխանի անտառներում զբոսնելով. ես սկսեցի թակարդներ դնել շավիղներում կամ պառկելով նորին բարձրության լճերի ափին՝ կարթեր էի գցում ջրի մեջ և հիմա, փառք Աստծու, ինչպես տեսնում եք, մենք պակասություն չունենք ո՛չ կաքավի, ո՛չ ճագարի, ո՛չ տեսակ-տեսակ ձկների, որոնք թեթև ու առողջարար ուտելիքներ են հիվանդ մարդու համար։
— Լավ, իսկ գինի՞ն,— հարցրեց դ’Արտանյանը։— Ո՞վ է գինի մատակարարում ձեզ։ Հյուրանոցի տե՞րը։
— Ինչպե՞ս ասեմ ձեզ։ Ե՞վ այո, և՝ ոչ։
— Ինչպե՞ս թե՝ և՛ այո, և՛ ոչ։
— Նա, ճիշտ է, մեզ գինի է մատակարարում, բայց ինքն էլ չգիտե, որ պատիվ ունի այդ անելու։
— Պարզ բացատրեցեք, Մուշկետոն, ձեզ հետ զրուցելը շատ խրատական բան է։
— Դե լսեցեք, տեր իմ։ Իմ ճանապարհորդությունների ժամանակ եղավ, որ ես հանդիպեցի մի իսպանացու, որը շատ աշխարհներ էր տեսել, եղել էր նաև Նոր Աշխարհում<ref>Այն ժամանակներում Նոր Աշխարհ էր կոչվում Ամերիկան (ծ. թ.)։</ref>։
— Ի՞նչ կապ ունի Նոր Աշխարհը այն շշերի հետ, որ կան այս սեղանին շարված ու այն կամոդում։
— Համբերություն, տեր իմ, ամեն բան իր ժամանակն ունի։
— Ճշմարիտ է, Մուշկետոն, վստահում եմ ձեզ և լսում։
— Այդ իսպանացին ուներ մի ծառա, որ ուղեկցել էր նրան Մեքսիկայում ճանապարհորդելու ժամանակ։ Այդ ծառան իմ հայրենակիցն էր, և մենք շուտով մտերմացանք, մանավանդ, որ բնավորությամբ էլ շատ նման էինք իրար։ Երկուսս էլ աշխարհում ամենից ավելի որսն էինք սիրում, և նա ինձ պատմում էր, թե պամպասներում տեղացիներն ինչպես են վագրեր ու վայրի ցուլեր որսում սովորական օղակի օգնությամբ, որը նրանք գցում են այդ զարհուրելի կենդանիների վիզը։ Սկզբում ես չէի ուզում հավատալ, թե կարելի է հասնել ճարպկության այնպիսի աստիճանի, որ մարդ քսան-երեսուն քայլ հեռավորությունից պարանը նետի իր ուզած տեղը, բայց շուտով ստիպված եղա ընդու-նելու, որ այդ ճիշտ է։ Իմ այդ ընկերը շիշը դնում էր երեսուն քայլ հեռավորության վրա և ամեն անգամ կարողանում էր պարանի օղակը գցել նրա վիզը։ Ես էլ սկսեցի վարժություններ անել, և որովհետև բնությունն ինձ որոշ ընդունակություններ է տվել, հիմա ես պարանը ուզածդ մեքսիկացուց վատ չեմ նե-տում։ Դե ուրեմն, պա՞րզ է։ Մեր հյուրանոցի տերը գինու մի հարուստ մառան ունի, բայց բանալին միշտ իր մոտ է պահում։ Մառանը մի օդանցք ունի։ Ահա հենց այդ օդանցքից էլ ես նետում եմ պարանը։ Հիմա ես գիտեմ, թե որտեղ է լավ գինին և հանում եմ այնտեղից իմ պաշարը։ Այ թե, տեր իմ, ինչ կապ ունի նոր Աշխարհը այն շշերի հետ, որ կան մեր սեղանին ու կամոդում։ Իսկ հիմա չե՞ք ցանկանա փորձել մեր գինին և ասել ձեր կարծիքը նրա մասին։
— Շնորհակալ եմ, բարեկամս, շնորհակալ եմ, դժբախտաբար ես հենց նոր եմ նախաճաշել։
— Դե, ի՛նչ արած, Մուշկետոն,— ասաց Պորտոսը,— սեղան բաց արա և մինչ ես ու դու նախաճաշ կանենք, դ’Արտանյանը կպատմի մեզ, թե ինչեր են պատահել իրեն այս տասն օրվա ընթացքում։
— Սիրով,— պատասխանեց դ’Արտանյանը։
Մինչ Պորտոսն ու Մուշկետոնը նախաճաշում էին առողջացող մարդու ախորժակով և եղբայրական սրտակցությամբ, որ մարդկանց մերձեցնում է դժբախտության պահին, դ’Արտանյանը նրանց պատմեց, թե ինչպես Արամիսը վիրավորված լինելով ստիպված եղավ մնալ Կրևկերում, ինչպես Աթոսը մնաց Ամիենում, պաշտպանվելով այն մարդկանցից, որոնք նրան մեղադրում էին կեղծ դրամ ծախսելու մեջ, և ինչպես ինքը՝ դ’Արտանյանը ստիպված եղավ կոմս դը Վարդի փորը պատռել, որպեսզի կարողանա Անգլիա ընկնել։
Սակայն այսքանով էլ վերջացավ դ’Արտանյանի ան-կեղծությունը։ Նա միայն պատմեց, որ Մեծ Բրիտանիայից բերել է չորս հիանալի ձի, մեկը՝ իր համար, իսկ մյուսները՝ ընկերների, և, վերջապես, Պորտոսին հայտնեց, որ նրա ձին արդեն կանգնած է հյուրանոցի ախոռում։
Այդ պահին ներս մտավ Պլանշեն և իր տիրոջը հայտնեց, որ ձիերը հանգստացել են, և կարելի կլինի գիշերել Կլերմոնում։
Քանի որ դ’Արտանյանն արդեն Պորտոսի կողմից համարյա հանգիստ էր և շտապում էր շուտ իմանալ, թե ինչ է պատահել մյուս ընկերներին, նա սեղմեց հիվանդի ձեռքը և ասաց, որ գնում է իր որոնումները շարունակելու։ Ի դեպ, նա մտածում էր վերադառնալ այդ նույն ճանապարհով և մի շաբաթից Պորտոսին վերցնել իր հետ, եթե մինչ այդ հրացանակիրը գնացած չլինի Գրան-Սեն Մարտեն հյուրանոցից։
Պորտոսը պատասխանեց, որ ամենայն հավանականությամբ ոտքի դուրս ընկածը իրեն թույլ չի տա ավելի շուտ մեկնել։ Բացի այդ, ինքը պետք է մնա Շանտիլիեում, որպեսզի պատասխան ստանա իր դքսուհուց։
Դ’Արտանյանը շուտափույթ ու բարեհաջող պատասխան ցանկացավ նրան, ապա մի անգամ ևս Մուշկետոնին պատվիրելով լավ խնամել Պորտոսին, հյուրանոցի տիրոջ հետ հաշիվը փակեց և ճանապարհ ընկավ Պլանշեի հետ, որն արդեն ազատվել էր ձիերից մեկի հոգսից։