Chapter 25
Առաջին մաս XXIV. Տաղավարը
Ժամը իննին դ’Արտանյանը գվարդիականների զորանոցի մոտ էր և Պլանշեին գտավ կազմ ու պատրաստ։ Չորրորդ ձին էլ արդեն տեղ էր հասել։
Պլանշեն զինված էր իր հրացանով և ատրճանակով։
Դ’Արտանյանը սուսեր ուներ և գոտին խրած երկու ատրճանակ։ Նրանք ձի նստեցին և անաղմուկ դուրս եկան։ Բոլորովին մութ էր և նրանց մեկնումն աննկատ մնաց։ Պլանշեն գնում էր հետևից, իր տիրոջից տասը քայլ հեռավորությամբ։
Դ’Արտանյանն առափնյա փողոցներն անցավ, դուրս եկավ Կոնֆերանս դարպասով և բռնեց Սեն Կլու տանող ճանապարհը, որն այն ժամանակ շատ ավելի գեղեցիկ էր, քան այժմ։
Քանի դեռ նրանք քաղաքում էին, Պլանշեն հարգանքով պահպանում էր այն հեռավորությունը, որ ինքն էր սահմանել իր համար, բայց որքան ճանապարհն ավելի ամայի էր դառնում և մութը թանձրանում, նա աստիճանաբար մոտենում էր իր տիրոջը, այնպես որ, երբ մտնում էին Բուլոնյան անտառը, նա արդեն բնականորեն երիտասարդի կողքին էր։ Մենք չենք թաքցնի, որ բարձր ծառերի ճոճվելը և լուսնի ցոլքերը մութ թավուտի մեջ՝ Պլանշեին կարգին անհանգստացնում էին։ Դ’Արտանյանը նկատեց, որ իր սպասավորն ինչ-որ իրեն լավ չի զգում։
— Է, պարոն Պլանշե, ի՞նչ է պատահել ձեզ,— հարցրեց նա։
— Դուք չե՞ք գտնում, տեր իմ, որ անտառները նման են եկեղեցիների։
— Այդ ինչո՞վ, Պլանշե։
— Նրանով, որ այստեղ էլ, այնտեղ էլ մարդ սիրտ չի անում բարձր խոսել։
— Իսկ ինչո՞ւ սիրտ չես անում բարձր խոսել, Պլանշե։ Որովհետև վախենո՞ւմ ես։
— Այո, տեր իմ, վախենում եմ, թե որևէ մեկը մեզ կլսի։
— Թե որևէ մեկը մեզ կլսի։ Բայց մեր խոսակցության մեջ ոչ մի անառակ բան չկա, սիրելի Պլանշե, և ոչ ոք դրա մեջ դատապարտելի բան չի կարող գտնել։
— Ա՜խ, տեր իմ,— շարունակեց Պլանշեն՝ վերադառնալով իր գլխավոր մտքին,— գիտե՞ք, այդ Բոնասիեի հոնքերի մեջ ինչ-որ խորամանկ բան կա, և նա այնպե՜ս զզվելի ձևով է շարժում շրթունքները։
— Ո՞ր սատանան հիմա քո միտքը գցեց Բոնասիեին։
— Տեր իմ, մարդ միտքն է գցում այն, ինչ կարող է, և ոչ թե այն, ինչ ուզում է։
— Դա նրանից է, Պլանշե, որ դու վախկոտ ես։
— Չի կարելի զգուշությունը շփոթել վախկոտու-թյան հետ, տեր իմ։ Զգուշությունը առաքինություն է։
— Դե դու էլ առաքինի ես, չէ՞, Պլանշե։
— Այն ի՞նչ է փայլում այնտեղ, տեր իմ։ Ասես հրացանի փող լինի։ Չկռացնե՞նք մեր գլուխները, փորձանքից խույս տալու համար։
— Իսկապես,— մրմնջաց դ’Արտանյանը, որը հիշեց դը Տրևիլի խրատները,— իսկապես այս անասունը վերջիվերջո իմ սիրտն էլ ահ է գցելու։
Եվ նա ձին բաց թողեց վարգով։
Պլանշեն իր տիրոջ շարժումը կրկնեց այնպիսի ճշտությամբ, որ ասես նրա ստվերը լիներ, և իսկույն-ևեթ հասավ նրա հետևից։
— Ի՞նչ է, տեր իմ, ամբողջ գիշեր ճամփա ենք գնալու,— հարցրեց նա։
— Ո՛չ, Պլանշե, որովհետև դու արդեն տեղ հասար։
— Ինչպե՞ս թե՝ ես տեղ հասա։ Իսկ դո՞ւք, տեր իմ։
— Ես էլի մի քանի քայլ առաջ կգնամ։
— Եվ ինձ այստեղ մենակ կթողնեք։
— Վախենո՞ւմ ես, Պլանշե։
— Ոչ, տեր իմ, միայն ուզում եմ ձեզ ասել, որ գիշերը խիստ ցուրտ է լինելու, որ ցուրտը հոդացավ է առաջացնում և որ հոդացավով հիվանդ սպասավորը վատ օգնական է մանավանդ այնպիսի կայտառ տիրոջ համար, ինչպիսին դուք եք։
— Լավ, Պլանշե, եթե մրսելիս լինես, մտիր ահա այնտեղ երևացող պանդոկներից մեկը և վաղը առավոտյան ժամը վեցին դռան մոտ սպասիր ինձ։
— Տեր իմ, ես ամենայն հարգանքով կերել ու խմել եմ այն էքյուն, որ այսօր առավոտյան տվիք ինձ, այնպես որ գրպանումս ոչ մի գրոշ չկա, որ մրսելու դեպքում պանդոկ մտնեմ։
— Ահա քեզ կես պիստոլ։ Դեհ, մինչև վաղը։
Դ’Արտանյանը ցած իջավ ձիուց, սանձը նետեց Պլանշեին և թիկնոցի մեջ փաթաթվելով արագ հեռացավ։
— Տե՜ր աստված, ինչպե՜ս եմ մրսում,— գոչեց Պլանշեն, հենց որ տերը աչքից անհայտացավ։ Եվ շտապելով տաքանալ նա անհապաղ բախեց տներից մեկի դուռը, որ զարդարված էր քաղաքամերձ պանդոկի բոլոր արտաքին նշաններով։
Մինչ այդ դ’Արտանյանը, որ թեքվել էր դեպի մի նեղ ճանապարհ, իր ուղին շարունակելով հասավ Սեն Կլու։ Բայց այստեղ էլ նա գլխավոր փողոցով չանցավ, այլ ամրոցը շրջանցելով հասավ մի նեղ առանձնացած նրբանցքի և շուտով կանգնեց նամակում նշված տաղավարի առաջ։ Նա կանգնած էր մի շատ խուլ տեղ։ Նրբանցքի մի կողմում բարձր պատ էր, որի կողքին էլ գտնվում էր տաղավարը, իսկ մյուս կողմում ցանկապատը անցորդներից պաշտպանում էր մի փոքրիկ պարտեզ, որի խորքում երևում էր մի աղքատիկ խրճիթ։
Դ’Արտանյանը հասել էր տեսակցության վայրը, և որովհետև նրան ասված չէր, որ որևէ նշանով իմաց տա իր ներկայությունը, սկսեց սպասել։
Կատարյալ լռություն էր թագավորում. կարելի էր կարծել, թե մայրաքաղաքից հարյուր լյո հեռու ես գտնվում։ Դ’Արտանյանը շուրջը նայելով՝ հենվեց ցանկապատին։ Այդ ցանկապատի, այդ պարտեզի, այդ խրճիթի այն կողմը թանձր խավարը իր ծալքերով պարուրել էր մի անծայրածիր տարածություն, որտեղ քնած էր Փարիզը. դատարկ, սևին տվող Փարիզը, մի անդունդ, որի մեջ փայլփլում էին մի քանի Լուսավոր կետեր, այդ դժոխքի մռայլ աստղերը։
Բայց դ’Արտանյանի համար ամեն ինչ հրապուրիչ էր դառնում, բոլոր մտքերը ժպտում էին, խավարը թափան-ցիկ էր թվում նրան։ Շուտով պիտի սկսվեր իր տեսակցության ժամը։
Եվ իրոք, մի քանի վայրկյան հետո Սեն Կլու աշտարակի զանգը իր լայն, ոռնացող երախից տասը դանդաղ հարվածներ ձգեց։ Սակայն այդ հարվածներից յուրաքանչյուրը— չէ՞ որ նրանցից ամեն մեկը մի մասնիկն էր փափագած ժամի— ներդաշնակորեն էր հնչում երիտասարդի սրտում։
Նրա աչքերը սևեռվել էին պատի մոտի փոքրիկ տաղավարին, որի բոլոր լուսամուտները փակված էին խլափեղկերով, բացի մեկից, որ գտնվում էր երկրորդ հարկում։
Այդ լուսամուտից մեղմ լույս էր ծորում, որն արծաթազօծում էր ցանկապատի այն կողմը խմբովին աճած մի քանի լորենիների դողդողուն տերևները։ Պարզ էր, որ այդքան դուրեկան լուսավորված այդ փոքրիկ լուսամուտի այն կողմում նրան էր սպասում սիրունիկ տիկին Բոնասիեն։ Այս քաղցր մտքով տարված՝ դ’Արտանյանը մի կես ժամ սպասեց առանց ամենափոքր անհամբերության, հայացքը հառած այդ փոքրիկ, չքնաղ բնակարանին։ Դրսից երևում էր ոսկեզօծ քիվով առաստաղի մի մասը, որը ցույց էր տալիս տաղավարի նաև մյուս մասերի շքեղությունը, Սեն-Կլուի աշտարակի զանգը խփեց ժամը տասն անց կեսը։ Այս անգամ դ’Արտանյանը զգաց, որ իր ջղերով ինչ-որ դող անցավ, որ ինքն էլ բացատրել չէր կարող։ Ասենք՝ գուցե նա սկսել էր մրսել և զուտ ֆիզիկական զգացողությունը հոգեկանի տեղ էր դրել։
Հետո նրա մտքով անցավ, թե ինքը նամակը կարդալիս սխալվել է, տեսակցությունը նշանակված է միայն ժամը տասնմեկին։
Նա մոտեցավ լուսամուտին, կանգնեց լույսի շերտի մեջ, գրպանից հանեց նամակը և նորից կարդաց։ Ո՛չ, չի սխալվել, տեսակցությունը, իսկապես, նշանակված էր ժամը տասին։
Նա վերադարձավ իր նախկին տեղը։ Լռությունն ու մենությունը սկսում էին որոշ անհանգստություն ներշնչել նրան։
Ժամը տասնմեկը խփեց։
Դ’Արտանյանը սկսեց անհանգստանալ. իսկապես, չլինի՞ որևէ վատ բան է պատահել տիկին Բոնասիեին։
Նա երեք անգամ ծափ զարկեց՝ սիրահարների սովորական նշանը, սակայն ոչ ոք չպատասխանեց նրանք նույնիսկ արձագանք չեղավ։ Այն ժամանակ փոքր-ինչ սրտնեղած՝ նա մտածեց, թե գուցե իրեն սպասելիս դեռատի կինը քուն է մտել։
Նա մոտեցավ պատին ու փորձեց վերև բարձրանալ, բայց պատը նոր էր սվաղած և դ’Արտանյանն իզուր եղունգները կոտրտեց։
Այդ րոպեին նա նորից ուշադրությունը դարձրեց ծառերի վրա, որոնց տերևները առաջվա պես արծաթազօծված էին լույսից, և որովհետև ծառերից մեկի ճյուղը կախված էր ճանապարհի վրա, դ’Արտանյանը մտածեց, որ այդ ճյուղին բարձրանալով՝ կարող է տեսնել տաղավարի ներսը։
Ծառը բարձրանալը դժվար բան չէր։ Դե, դ’Արտան-յանը հազիվ քսան տարեկան էր, հետևապես, դեռ չէր մոռացել իր պատանեկան վարժությունները։ Մի ակնթարթում նա ծառը բարձրացավ, և թափանցիկ ապակու միջով նրա հայացքը խրվեց տաղավարի խորքը։
Մի սարսափելի տեսարան բացվեց դ’Արտանյանի առաջ, և նրա մարմնով դող անցավ։ Այդ մեղմ լույսը, այդ գեղեցիկ լամպը լուսավորում էր սոսկալի ջարդի մի տեսարան. լուսամուտի ապակիներից մեկը փշրված էր, սենյակի դուռը կոտրված, և նրա փեղկերը կախված էին ծխնիներից, հատակին շուռ էր տված սեղանը, որի վրա, ըստ երևույթին, պատրաստված էր եղել նրբաճաշակ ընթրիք. հատակին թափված էին շշերի կտորտանք, տրորված մրգեր։ Ամեն ինչ այդ սենյակում վկայում էր, որ տեղի էր ունեցել դաժան և հուսահատական պայքար։
Դ’Արտանյանին նույնիսկ թվաց, թե այդ արտակարգ խառնափնթորության մեջ ինքը տեսնում է հագուստի ծվեններ և սփռոցի ու վարագույրների վրա՝ արյան մի քանի հետքեր։
Սրտի արագ թպրտոցով նա շտապ ցած իջավ ծառից։ Ուզում էր տեսնել, փողոցում էլ չկա՞ն արդյոք բռնության հետքեր։
Գիշերային լռության մեջ առաջվա պես հաճելի լույս էր առկայծում։ Եվ այդ ժամանակ դ’Արտանյանը նկատեց այնպիսի մի բան, որ առաջ միանգամից չէր նկատել, որովհետև մինչև այդ ոչ մի բան նրան չէր դրդել այդքան ուշի-ուշով զննել, տեղ-տեղ տրորված, տեղ-տեղ փորփրված գետնին կային մարդկային ոտքերի և ձիերի սմբակների հետքեր։ Բացի դրանից, ըստ երևույթին, Փարիզից եկած կառքի անիվները փափուկ հողի մեջ թողել էին խորը հետք, որը հասնում է մինչև տաղավար, ապա նորից շուռ գալիս Փարիզի կողմը։
Վերջապես դ’Արտանյանը, որը շարունակում էր իր հետազոտությունը, պատի մոտ գտավ կանացի մի պատառոտված ձեռնոց։ Այդ ձեռնոցի այն մասերը, որոնք կեղտոտ գետնին չէին դիպել, աչքի էին ընկնում անբասիր մաքրությամբ։ Դա մեկն էր այն բուրացողված ձեռնոցներից, որ սիրահարները այնքան հաճույքով պոկում են սիրունիկ ձեռքից։
Որքան դ’Արտանյանն ավելի էր շարունակում իր զննումը, այնքան ավելի առատ քրտինք էր պատում նրա ճակատը, սիրտը կծկվում էր սոսկալի տագնապից, շնչառությունը արագանում։ Սակայն ինքն իրեն հանգստացնելու համար նա մտածում էր, թե գուցե այդ տաղավարը ոչ մի առնչություն էլ չունի տիկին Բոնասիեի հետ, որ երիտասարդ կինը իրեն տեսակցություն է նշանակել այդ տաղավարի մոտ, ոչ թե նրա ներսում, որ նրան կարող էին Փարիզում պահած լինել իր պարտականությունները կամ գուցե և ամուսնու խանդը։
Բայց այդ բոլոր մտքերը փշրում, տապալում ու ոչնչացնում էր ներքին ցավի այն զգացմունքը, որը երբեմն տիրում է մեր ամբողջ էությանը և գոռում, բարձր աղաղակում, որ մեր գլխին զարհուրելի դժբախտություն է կախվել։
Եվ դ’Արտանյանն ասես խելքը կորցրած նետվեց մեծ ճանապարհը, գնաց այն ուղիով, որով եկել էր այդտեղ, վազեց մինչև լաստանավը և սկսեց հարցուփորձ անել լաստավարին։
Երեկոյան ժամը յոթին մոտ լաստավարը գետն անց էր կացրել սև ծածկոցի մեջ փաթաթված մի կնոջ, որ, ըստ երևույթին, չէր ուզում, որ իրեն ճանաչեն։ Բայց հենց այդ նախազգուշական միջոցներն էլ լաստավա-րին ստիպել էին ուշադրություն դարձնել նրա վրա, և նա նկատել էր, որ այդ կինը երիտասարդ էր ու գեղեցիկ։
Այն ժամանակ, ինչպես և այժմ, բազմաթիվ երիտասարդ ու գեղեցիկ կանայք էին գնում Սեն Կլու, չցանկանալով սակայն, որ իրենք ճանաչվեն, բայց և այնպես դ’Արտանյանը ոչ մի րոպե չէր կասկածում, որ լաստավարը հենց տիկին Բոնասիեին է տեսել։
Օգտվելով լաստավարի խրճիթում վառվող լամպի լույսից՝ երիտասարդը մի քանի անգամ էլ կարդաց տիկին Բոնասիեի նամակը և համոզվեց, որ ինքը չի սխալվել, որ տեսակցությունը նշանակված է եղել Սեն Կլուում և ոչ մի որևէ այլ տեղ, այն էլ պ-րն դ’Էստրեի տաղավարի մոտ և ո՛չ թե մի այլ փողոցում։
Ամեն ինչ միանալով համոզում էին դ’Արտանյանին, որ նրա նախազգացումը չի խաբել իրեն և որ տեղի է ունեցել մի մեծ դժբախտություն։
Նա ետ վազեց։ Մտածում էր, թե գուցե իր բացակայության ժամանակ տաղավարում որևէ բան է պատահել և հիմա այնտեղ իրեն տեղեկություններ են սպասում։
Նրբանցքը առաջվա պես ամայի էր, և նույն խաղաղ. մեղմ լույսը դուրս էր հորդում լուսամուտից։
Եվ հանկարծ դ’Արտանյանը հիշեց այն համր ու կույր հյուղակը, որը, անտարակույս, որևէ բան տեսել է, իսկ գուցե և կարող է խոսել։
Դռնակը փակ էր, բայց նա ցատկեց ցանկապատի վրայով և, ուշադրություն չդարձնելով շղթայակապ շան հաչոցի վրա՝ մոտեցավ խրճիթին։
Նա դուռը բախեց։ Սկզբում ոչ մի պատասխան չեղավ։ Խրճիթում էլ տիրում էր նույնպիսի համր լռություն, ինչպես տաղավարում։ Բայց այդ խրճիթը նրա վերջին հույսն էր, և նա շարունակեց բախել։
Շուտով ներսում լսվեց թեթև աղմուկ, այնպիսի վեհերոտ աղմուկ, որ ասես ինքն էլ վախենում էր, թե իրեն կլսեն։
Այն ժամանակ դ’Արտանյանը դադարեց բախել և սկսեց խնդրել, ըստ որում նրա ձայնի մեջ լսվում էր այնքան անհանգստություն ու խոստումներ, այնքան վախ ու գուրգուրանք, որ այդ ձայնը ամենավախկոտ մարդուն էլ կարող էր հանգստացնել։ Վերջապես հին, կիսափտած խլափեղկը բացվեց, ավելի ճիշտ՝ կիսաբաց եղավ, և հենց որ անկյունում վառվող փոքրիկ լամպի գունատ լույսը լուսավորեց դ’Արտանյանի ուսափոկերը, սուսերի պատյանն ու ատրճանակների կոթերը, խլափեղկը իսկույն նորից փակվեց։ Սակայն, որքան էլ արագ կատարվեց այս ամենը, դ’Արտանյանը կարողացավ նկատել մի ծերունու գլուխ։
— Աստծու սիրուն, լսեցեք ինձ,— ասաց նա։— Ես այստեղ սպասում էի մի մարդու, բայց նա չկա։ Ես մեռնում եմ անհանգստությունից։ Ասացեք, այս մոտերքում որևէ դժբախտություն չի՞ պատահել։
Լուսամուտը նորից դանդաղորեն բացվեց և նույն դեմքը կրկին երևաց այնտեղ, միայն թե հիմա նա ավելի գունատ էր, քան առաջ։
Դ’Արտանյանը անկեղծորեն պատմեց ծերունուն ամեն ինչ, չտալով միայն անունը։ Նա պատմեց, որ ինքը տեսակցություն էր նշանակել մի կնոջ հետ այս տաղավարի մոտ, որ նրան չգտնելով բարձրացավ ծառը, լամպի լույսով տեսավ սենյակում տիրող ավերածությունը։
Ծերունին լսում էր նրան ուշադիր, գլխով դրական նշան անելով, հետո, երբ դ’Արտանյանը վերջացրեց, նա գլուխը օրորեց այնպիսի մի ձևով, որը ոչ մի լավ բան չէր գուշակում։
— Ի՞նչ եք ուզում ասել,— գոչեց դդ’Արտանյանը։— Ի սեր Աստծո, բացատրեցեք, ի՞նչ է նշանակում այս ամենը։
— Ա՜խ, տե՜ր իմ,— պատասխանեց ծերունին,— ոչ մի բան մի հարցնեք ինձ, որովհետև, եթե ես պատմեմ ձեզ այն, ինչ տեսել եմ, փորձանքից ազատվել չեմ կարող։
— Նշանակում է՝ դուք որևէ բան տեսե՞լ եք,— հարցրեց դ’Արտանյանը։— Եթե այդպես է,— շարունակեց նա մի պիստոլ նետելով ծերունուն,— պատմեցեք, ի սեր աստծո, պատմեցեք ինչ որ տեսել եք, ազնվականի ազնիվ խոսք եմ տալիս, ես գաղտնի կպահեմ ձեր ամեն խոսքը։
Ծերունին դ’Արտանյանի դեմքին կարդաց այնքան անկեղծություն և այնքան թախիծ, որ նրան լսելու նշան արեց և ցածր ձայնով սկսեց պատմությունը։
— Ժամը իննին մոտ ես փողոցում ինչ-որ աղմուկ լսեցի։ Ցանկանալով իմանալ, թե ինչ է պատահել, մո-տեցա դռանը ու մեկ էլ հանկարծ նկատեցի. որ մեկը ուզում է մտնել իմ այգին։ Ես աղքատ եմ և չեմ վախենում, թե կարող են ինձ կողոպտել, դրա համար էլ դուռը բաց արի և մի քանի քայլ հեռավորության վրա տեսա երեք մարդ։ Խավարի մեջ կանգնած էին մի լծված կառեթ և երեք հեծնելու ձի։ Ձիերը, ըստ երևույթին, պատկանում էին այն մարդկանց, որոնք հագնված էին ազնվականի պես։
«Ի՞նչ եք ուզում ինձնից, բարի պարոններ»,— հարցրի ես։
«Դու պետք է որ սանդուղք ունենաս»,— ասաց մեկը, որն իմ կարծիքով նրանց պետն էր։
«Այո, պարոն, մի սանդուղք, որի օգնությամբ ես ծառերից պտուղ եմ քաղում»։
«Տուր մեզ այդ սանդուղքը և գնա տուն։ Ահա քեզ մի էքյու անհանգստացնելու համար։ Միայն թե հիշիր, եթե դու մեկ խոսք էլ դուրս թռցնես բերանիցդ այն ամենի մասին, ինչ կտեսնես ու կլսես,— ախր ես համոզված եմ, ինչքան էլ քեզ սպառնանք, միևնույն է, դու նայելու և լսելու ես,— վերջդ հասել է»։
Այս ասելով, նա ինձ նետեց մեկ էքյու, որը ես վերցրի, և սանդուղքը տարավ։
Դռնակը նրա հետևից փակելով, ես ձևացրի, թե տուն եմ գնում, բայց, իսկապես, իսկույն դուրս եկա հետևի դռնից և խավարի մեջ կուզեկուզ հասա, ահա, այն շամբուկի թփին, որտեղից կարող էի ամեն ինչ տեսնել և աննկատ մնալ։
Երեք մարդ կառեթն անաղմուկ մոտ քշեցին, նրա միջից դուրս բերին մի մարդու, որը կարճահասակ էր, հաստլիկ, արդեն ճերմակած մազերով, հագին մուգ գույնի աղքատիկ հագուստ։ Սա վախվխելով վեր բարձրացավ սանդուղքով, զգուշությամբ նայեց սենյակի ներսը, կամացուկ ցած իջավ և շշուկով ասաց. «Նա է»։
Այն մարդը, որ խոսել էր ինձ հետ, իսկույն մոտեցավ տաղավարի դռանը, բաց արեց այն գրպանից հանած բանալիով, դուռն իր հետևից ծածկեց և անհայտացավ։ Մինչ այդ մյուս երկու մարդիկ սանդուղքով վեր բարձրացան։ Ծերունին մնաց կառեթի դռնակի մոտ, կառապանը լծված ձիերն էր պահում, իսկ ծառան՝ հեծնելու ձիերը։
Հանկարծ տաղավարի ներսից բարձր ճիչեր լսվեցին, մի ինչ-որ կին վազեց լուսամուտի մոտ, բաց արեց այն, ասես ուզում էր ցած թռչել։ Բայց մյուս երկու մարդուն տեսնելով՝ նա ետ ցատկեց, իսկ այն մարդիկ ոստնեցին սենյակի մեջ։
Այլևս ոչինչ չտեսա, բայց լսում էի կոտրատվող կահույքի ճռճռոց։ Կինը գոռում էր և օգնություն կանչում, բայց շուտով նրա ճիչերը լռեցին։ Երեք մարդ մոտեցան լուսամուտին։ Նրանցից երկուսը սանդուղքով ցած իջան, իրենց ձեռքերին բռնած ունենալով կնոջը, և նրան կառեթ նստեցրին։ Նրա հետևից էլ փոքրիկ ծերունին մտավ կառեթը։ Նա, որ մնացել էր տաղավարում, լուսամուտը փակեց և մի րոպե անց՝ դուրս եկավ դռնով։ Նրա երկու ուղեկիցները արդեն ձի նստած՝ նրան էին սպասում։ Ստուգելով, որ կինը կառեթի մեջ է, նա ևս թռավ թամբի վրա, ծառան տեղ գրավեց կառապանի կողքին, երեք ձիավորների ուղեկցությամբ կառեթն իսկույն հեռացավ և սրանով էլ ամեն ինչ վերջացավ։ Սրանից ավելի ես ոչինչ չեմ տեսել և ոչինչ չեմ լսել։
Այս զարհուրելի տեղեկությունից ցնցված՝ դ’Արտանյանը լուռ ու անշարժ մնաց, ցասումի ու խանդի բոլոր դևերը փոթորկում էին նրա սրտում։
— Պարոն,— ասաց ծերունին, որի վրա այդ համր հուսահատությունն ավելի մեծ տպավորություն էր թողել, քան կարող էին ունենալ աղաղակներն ու արցունքները,— դե, ինչ կարիք կա այդպես հուսահատվելու։ Նրանք հո չեն սպանել ձեր սիրուհուն, և այդ է գլխավորը։
— Գեթ մոտավոր չափով գիտե՞ք դուք,— հարցրեց դ’Արտանյանը,— թե ով էր ղեկավարում այդ դժոխային արշավը։
— Ոչ, չեմ ճանաչում նրան։
— Բայց քանի որ դուք նրա հետ խոսել եք, նշանակում է, կարող էիք տեսնել նրան։
— Ախ, դուք նրա նշաններն եք հարցնում։
— Բարձրահասակ, նիհար, թխադեմ, սև բեղեր, սև աչքեր, արտաքինից դատելով՝ ազնվական։
— Այդպե՜ս,— գոչեց դ’Արտանյանը,— նա է։ Դարձյալ նա։ Երևի դա իմ չար ոգին է։ Իսկ մյո՞ւսը։
— Ո՞րը։
— Կարճահասակը։
— Օ՜, նա նշանավոր մարդ չէր, երաշխավորում եմ։ Նա սուսեր չուներ, մյուսներն էլ նրա հետ վարվում էին առանց որևէ հարգանքի։
— Երևի մի որևէ սպասավոր,— մրմնջաց դ’Արտանյանը։— Ա՜խ խե՜ղճ կին, խե՜ղճ կին, տեսնես ի՞նչ են արել նրան։
— Դուք խոստացաք չմատնել ինձ,— ասաց ծերունին։
— Եվ կրկնում եմ իմ խոստումը։ Հանգիստ եղեք, ես ազնվական եմ։ Ազնվականը միայն մեկ խոսք ունի, և ես արդեն տվել եմ ձեզ այդ խոսքը։
Դ’Արտանյանը կոտրված սրտով նորից ուղղվեց դեպի լաստանավը։ Լինում էր րոպե, երբ նա չէր հավատում, թե այն կինը, որի մասին պատմում էր ծերունին, տիկին Բոնասիեն է եղել, և հույս էր դնում, թե վաղը նրան կտեսնի Լուվրում։ Լինում էր րոպե, երբ նրա մտքով անցնում էր, թե գուցե տիկին Բոնասիեն ինտրիգ է ունեցել որևէ մեկ ուրիշի հետ և խանդոտ սիրեկանը նրան բռնել է ու փախցրել։ Նա կորչում էր ենթադրությունների մեջ, մորմոքվում, հուսահատության հասնում։
— Օ՜, եթե իմ բարեկամները հետս լինեին,— գոչեց նա։— Գոնե նրան գտնելու մի հույս կունենայի։ Բայց ո՞վ գիտե, ինչ է պատահել նրանց։ Կեսգիշերվան մոտ էր։ Այժմ հարկավոր էր Պլանշեին գտնել։ Դ’Արտանյանը բախում էր բոլոր պանդոկների դռները, որոնցից գեթ մի թույլ լույս էր երևում։ Բայց նրանցից ոչ մեկում Պլանշեն չկար։
Արդեն վեցերորդ պանդոկում դ’Արտանյանը մտածեց, որ իր որոնումները համարյա անհուսալի են։ Նա իր սպասավորին պատվիրել էր իրեն սպասել միայն առավոտյան ժամը վեցին, և հիմա որտեղ էլ լիներ նա, այդ իր իրավունքն էր։
Մյուս կողմից երիտասարդը մտածեց, որ դեպքի վայրի մոտերքը մնալով՝ ինքն ավելի շուտ կարող է որևէ տեղեկություն ստանալ այդ խորհրդավոր պատմության մասին։ Եվ ահա վեցերորդ պանդոկում, ինչպես ասացինք, դ’Արտանյանը կանգ առավ, պահանջեց մի շիշ գինի, տեղավորվեց ամենամթին անկյունում և որոշեց այդտեղ սպասել մինչև առավոտ։ Սակայն այս անգամ էլ նա հուսախաբ եղավ. թեև շատ ուշադիր ականջ էր դնում, սակայն երդումների, կատակների ու հայհոյանքների մեջ, որ փոխանակում էին իրար հետ այդ պանդոկի հարգարժան հասարակությունը կազմող արհեստավորները, սպասավորներն ու կառապանները, դ’Արտանյանը ոչ մի այնպիսի բան չլսեց, որը կարողանար նրան փախցրած խեղճ կնոջ հետքը գտնելու հույս ներշնչել։ Եվ ահա պարապ մնալով և ցանկանալով կասկած չառաջացնել, ստիպված էր խմել իր մի շիշ գինին, տեղավորվել իր անկյունում և մի կերպ քնել։ Դ’Արտանյանը, ինչպես հիշում ենք, քսան տարեկան էր, իսկ այդ հասակում քունն ունի անհերքելի իրավունքներ, որոնց մասին նա հրամայական պահանջ է ներկայացնում նույնիսկ ամենաանմխիթար սրտերին։ Առավոտյան ժամը վեցին մոտ դ’Արտանյանն արթնացավ այն անհաճո զգացումով, որ սովորաբար մարդ ունենում է գիշերը վատ անցկացնելուց հետո։ Պատրաստվելու շատ բան չուներ. նա շոշափեց իրեն, որպեսզի համոզվի, որ քնած ժամանակ չեն կողոպտել, և տեսնելով, որ մատանին մատին է, քսակը գրպանում և ատրճանակները գոտում, վեր կացավ, գինու փողը վճարեց, հուսալով, որ առավոտյան իր սպասավորի որոնումներն ավելի հաջող կլինեն, քան գիշերն էր։ Իսկապես, առաջին բանը, որ նա տեսավ խոնավ մշուշի մեջ, ազնիվ Պլանշեն էր, որ երկու ձիերի սանձերը բռնած՝ նրան էր սպասում մի փոքրիկ, աղքատիկ պանդոկի առաջ, որի մոտով դ’Արտանյանը գիշերն անցել էր, նույնիսկ չնկատելով նրա գոյությունը։