1. Երեք հրացանակիրներ

Chapter 23

Առաջին մաս XXII. Մերլեզոնյան բալետ

Հաջորդ օրն ամբողջ Փարիզը խոսում էր հենց միայն այն պարահանդեսի մասին, որը քաղաքի ավագները տալու էին ի պատիվ թագավորի ու թագուհու, և որտեղ թագավորն ու թագուհին պետք է պարեին նշանավոր Մերլեզոնի բալետը՝ թագավորի սիրելի բալետը։

Եվ իրոք, դեռ մի շաբաթ առաջ քաղաքի խորհրդարանում ամեն տեսակ պատրաստություններ էին սկսվել այդ հանդիսավոր երեկոյի համար։ Քաղաքի ատաղձագործը տախտակամած էր պատրաստում, որի վրա պիտի տեղավորվեին հրավիրված տիկինները։ Քաղաքի նպարավաճառը դահլիճը զարդարել էր սպիտակ մեղամոմի երկու հարյուր մոմերով, որ այն ժամանակվա համար չտեսնված շքեղություն էր համարվում։ Վերջապես հրավիրված էին քսան ջութակահար, այն էլ սովորականից կրկնակի անգամ բարձր վճարով, որովհետև, ինչպես ասված էր հաշվետվության մեջ, նրանք պիտի նվագեին ամբողջ գիշեր։

Առավոտյան ժամը տասին թագավորական գվարդիայի լեյտենանտ պ-րն դը Լա Կոստը ոստիկանական երկու սպայի և մի քանի հրաձիգի ուղեկցությամբ ներկայացավ քաղաքի քարտուղար Կլեմանին և պահանջեց նրանից քաղաքային խորհրդարանի բոլոր դարպասների բանալիները։ Բանալիննրը անհապաղ հանձնվեցին։ Նրանցից յուրաքանչյուրն ուներ մի պիտակ, որի օգնությամբ կարելի էր տարբերել մյուսներից, և այդ րոպեից պարոն դը Լա Կոստի վրա էր ընկնում դարպասների և դեպի խորհրդարան տանող բոլոր ծառուղիների պաշտպանությունը։

Ժամը տասնմեկին ներկայացավ գվարդիայի կապիտան Դյուալիեն, հիսուն հրաձիգների ուղեկցությամբ, որոնց անմիջապես դասավորեց խորհրդարանում, յուրաքանչյուրին նշանակելով մի դռան առաջ։

Ժամը երեքին եկան երկու գվարդիական վաշտեր, մեկը ֆրանսիական, մյուսը՝ շվեյցարական։ Ֆրանսիական գվարդիականների վաշտի կեսը պ-րն Դյուալիեի զինվորներն էին, կեսը՝ պ-րն Դեզեսարի։

Երեկոյան ժամը վեցին ժամանել սկսեցին հրավիրվածները։ Հենց որ ներս էին մտնում, նրանց տեղավո-րում էին նրանց համար պատրաստված տախտակամածի վրա։

Ժամը իննին եկավ Փարիզի պառլամենտի առաջին պրեզիդենտի կինը։ Քանի որ տոնախմբության ժամանակ նա թագուհուց հետո ամենաբարձրաստիճան անձն էր, քաղաքի պարոնայք ավագները դիմավորեցին նրան և առաջնորդեցին դեպի այն օթյակը, որը գտնվում էր թագուհու համար նախատեսված օթյակի դիմաց։

Ժամը տասին սուրբ Հովհաննու եկեղեցու կողմի փոքրիկ դահլիճում արծաթազարդ բուֆետի մոտ, որը պահպանում էին չորս նետաձիգ, թագավորի համար թեթև ուտելեղենի սեղան բացվեց։

Կեսգիշերին լսվեցին բարձր աղաղակներ և ողջույնների աղմուկ, այդ թագավորն էր գնում Լուվրից խորհրդարան տանող փողոցներով, որոնք պայծառ լուսավորված էին գույնզգույն լապտերներով։

Այն ժամանակ քաղաքի ավագները մահուդե մանտիա-ներով զգեստավորված և վեց սերժանտի առաջնորդությամբ, որոնք ձեռքներին ջահեր ունեին բռնած, դուրս եկան թագավորին դիմավորելու սանդուղքի վրա, որտեղ առևտրական դասի ավագը ողջույնի խոսք ասաց։ Նորին մեծությունը ներողություն խնդրեց այդպես ուշ գալու համար և որպես արդարացում պատճառ բերեց կարդինալին, որը նրան մինչև ժամը տասնմեկը զբաղեցրել էր պետական գործերի մասին խոսելով։

Թագավորը տոնական զգեստով էր։ Նրան ուղեկցում էին նորին արքայական մեծություն Օռլեանի դուքսը, կոմս դը Սուասոնը, մեծ պրիոր դուքս դը Լոնգվիլը, դուքս դ’Էլբեֆը, կոմս դ’Արկուրը, կոմս դը Լա Ռոշ-Գյույոնը, պ-րն դը Լիանկութը, պ-րն դը Բարադան, կոմս դը Կրամայլը և ասպետ դը Սուվրեն։ Բոլորը նկատեցին, որ թագավորը տրտում է և ինչ-որ բանով մտահոգված։

Մի սենյակ պատրաստված էր թագավորի համար, մեկը՝ նրա եղբոր՝ Օռլեանի դքսի համար։ Ամեն, մի սենյակում դիմակահանդեսի հագուստ կար։ Սույն բանն արված էր թագուհու և պրեզիդենտի կնոջ համար։ Թագավորի և Օռլեանի դքսի շքախմբի ասպետներն ու տի-կինները պետք է հագնվեին այդ նպատակի համար նախապատրաստված երկու սենյակներում։

Նախքան սենյակ մտնելը թագավորը հրամայեց, որ երբ կարդինալը գա, անհապաղ իմաց տան իրեն։

Թագավորի գալուց հետո, կես ժամ անց, նորից հնչեցին ողջույնի ձայներ, որոնք ազդարարում էին թագուհու գալուստը։ Ավագները վարվեցին այնպես, ինչպես քիչ առաջ, սերժանտների առաջնորդությամբ նրանք շտապեցին դիմավորելու իրենց բարձրաստիճան հյուրին։

Թագուհին դահլիճ մտավ։ Բոլորը նկատեցին, որ նա ևս, ինչպես և թագավորը, տրտում և, որ գլխավորն է, հոգնած տեսք ունի։

Հենց այն րոպեին, երբ թագուհին ներս էր մտնում, փոքրիկ օթյակի վարագույրը, որ մինչ այդ քաշված էր մնացել, կիսաբաց եղավ, և բացվածքից երևաց իսպանական գրանդի<ref>Գրանդ — բարձրաստիճան ազնվականության ժառանգական սիտղոս Իսպանիայում մինչև 1931թ. (ծ. խ.)։</ref> պես հագնված կարդինալի գունատ դեմքը։ Նրա աչքերը գամվեցին թագուհու աչքերին, և նրա շուրթերով սահեց մի դիվային ժպիտ, ադամանդե զարդը թագուհու վրա չէր։

Միառժամանակ թագուհին կանգնած ընդունում էր քաղաքի ավագների ողջույնները և պատասխանում տիկինների ողջույններին։

Հանկարծ դահլիճի դռներից մեկում երևաց թագավորը կարդինալի հետ միասին։ Կարդինալը կամացուկ ինչ-որ բան էր ասում, թագավորը շատ գունատված էր։ Թագավորը անցավ բազմության միջով առանց դիմակի, կամզոլի ժապավեններն անփութորեն կապած և մո-տեցավ թագուհուն։

— Տիրուհի,— ասաց նա հուզմունքից փոխված ձայնով,— այդ ինչո՞ւ, թույլ տվեք հարցնել, դուք չեք կրում ադամանդե զարդը։ Չէ՞ որ գիտեիք, ինձ հաճելի կլիներ տեսնել այդ զարդը ձեզ վրա։

Թագուհին ոտ նայեց և տեսավ կարդինալին, որը մի կողմ կանգնած ժպտում էր չարախինդ։

— Ձերդ մեծություն,— պատասխանեց թագուհին հուզված ձայնով,— ես վախենում էի, թե ամբոխի մեջ որևէ բան կպատահի նրան։

— Եվ դուք սխալ եք գործել։ Այդ զարդը ես ձեզ նվիրել եմ նրա համար, որ կրեք ձեզ վրա։ Կրկնում եմ, տիրուհի, դուք սխալ եք գործել։

Թագավորի ձայնը դողում էր ցասումից։ Բոլորը նայում ու լսում էին զարմացած, չհասկանալով, թե ինչ է կատարվում։

— Արքա,— ասաց թագուհին,— զարդը գտնվում է Լուվրում, ես կարող եմ մարդ ուղարկել բերելու, և ձերդ մեծության ցանկությունը կատարված կլինի։

— Ուղարկեցեք, տիրուհի, ուղարկեցեք, և որքան կարելի է՝ շուտ, որովհետև մի ժամ հետո բալետը սկսվելու է։

Թագուհին գլուխ տվեց ի նշան հնազանդության և հետևեց տիկիններին, որոնք նրան պիտի առաջնորդեին իր համար նախատեսված սենյակը։

Թագավորն էլ անցավ իր սենյակը։

Մի րոպե դահլիճում տագնապ ու անհանգստություն տիրեց։

Դժվար չէր նկատել, որ թագավորի ու թագուհու միջև ինչ-որ բան տեղի ունեցավ, բայց երկուսն էլ խոսում էին այնքան կամաց, որ ոչ ոք ոչ մի խոսք չլսեց, որովհետև բոլորն էլ հարգանքից դրդված՝ մի քանի քայլ ետ էին քաշվել։ Ջութակահարները նվագում էին ամբողջ ուժով, բայց ոչ ոք ականջ չէր դնում։

Առաջինը թագավորը մտավ դահլիճ, նա որսորդական շքեղ հագուստով էր։ Նորին բարձրություն Օռլեանի դուքսը և մյուս անվանի անձինք էլ հագնված էին նրա պես։ Այդ հագուստը չափազանց շատ էր սազում թագավորին, և իսկապես, այդ զուգսով նա իր թագավորու-թյան ամենավսեմ ազնվականն էր թվում։

Կարդինալը մոտեցավ թագավորին և մեկնեց նրան մի ինչ-որ տուփիկ։ Թագավորը բաց արեց և տեսավ նրա մեջ ադամանդե զարդերից երկուսը։

— Այս ի՞նչ է նշանակում,— հարցրեց նա կարդինալին։

— Ոչինչ,— պատասխանեց նա,— բայց եթե թագուհին իր վրա կապի զարդը, որին ես կասկածում եմ, դուք, արքա, հաշվեցեք ադամանդները, և եթե միայն տասը հատ լինի, հարցրեք նորին մեծությանը, թե ով կարող էր նրանից հափշտակել ահա այս երկուսը։

Թագավորը հարցական հայացքով նայեց կարդինալին, բայց ժամանակ չեղավ նրան հարց տալու. բոլորի շուրթերից հիացմունքի ճիչ դուրս թռավ։ Եթե թագավորը իր թագավորության ամենավսեմ ազնվականն էր թվում, ապա թագուհին, անկասկած, Ֆրանսիայի ամենաչքնաղ կինն էր։

Իսկապես, որսորդական հագուստը զարմանալիորեն սազում էր նրան։ Նրա գլխին ֆետրե գլխարկ էր՝ երկնագույն փետուրներով, թավշյա լիֆը զմրուխտի գույն ուներ և ադամանդե կոճակներ, իսկ երկնագույն ատլասե շրջազգեստն ամբողջովին արծաթազարդ էր։ Ձախ ուսին շողշողում էր ադամանդե զարդը՝ ամրացված շրջազգեստի ու փետուրների գույնի ժապավենի վրա։

Թագավորը դողաց ուրախությունից, իսկ կարդինալը՝ ցասումից։ Բայց նրանք այնքան հեռու էին թագուհուց, որ զարդերը հաշվել չէին կարող։ Թագուհին կրում էր զարդերը, բայց քանի՞սն էին նրանք, տա՞սը, թե՞ տասներկուսը։

Այդ պահին ջութակահարներն ազդարարեցին բալետի սկիզբը։ Թագավորը մոտեցավ պրեզիդենտի տիկնոջը, որի հետ նա պետք է պարեր, իսկ նորին բարձրություն Օռլեանի դուքսը՝ թագուհուն։ Բոլորն իրենց տեղերը գրավեցին, և բալետը սկսվեց։

Թագավորը պարում էր թագուհու դիմաց և ամեն անգամ նրա կողքով անցնելիս հայացքով կլանում էր այդ զարդերը, որոնք ոչ մի կերպ հաշվել չէր կարողանում։ Կարդինալի ճակատը ծածկված էր քրտինքով։

Բալետը տևեց մեկ ժամ. այն տասնվեց պատկեր ուներ։

Երբ բալետը վերջացավ, պարընկերներից ամեն մեկը ամբողջ դահլիճի ծափահարության տակ իր պարընկերուհուն տարավ նշանակված տեղը, բայց թագավորը, օգտվելով իր արտոնությունից, թողեց իր դամային և շտապ մոտեցավ թագուհուն։

— Շնորհակալ եմ ձեզնից, տիրուհի,— ասաց նա,— որ այդպես ուշադիր եք դեպի իմ ցանկությունները, բայց, կարծեմ, ադամանդներից երկուսը պակասում է, և ահա ես դրանք վերադարձնում եմ ձեզ։

— Ինչպե՜ս, արքա,— զարմացած ձևանալով բացական-չեց դեռատի թագուհին,— դուք ինձ էլի՞ երկու ադամանդ եք ընծայում։ Բայց այդ դեպքում ես կունենամ տասնչորս հատ։

Թագավորը հաշվեց, իրոք, բոլոր տասներկու ադամանդներն էլ նորին մեծության վրա էին։

Թագավորը մոտ կանչեց կարդինալին։

— Դե՛հ, պարոն կարդինալ, ի՞նչ է նշանակում այս,— հարցրեց թագավորը խիստ տոնով։

— Այդ նշանակում է, արքա,— պատասխանեց կարդինալը,— որ ես ցանկանում էի այդ երկու ադամանդն ընծայել նորին մեծությանը, բայց չէի համարձակվում անձամբ առաջարկել և ահա դիմեցի այս միջոցին։

— Ես առավել ևս շնորհապարտ եմ ձերդ սրբազնությանը,— պատասխանեց Աննա Ավստրիացին այնպիսի մի ժպիտով, որն ասում էր, թե կարդինալի հնարամիտ սիրալիրությունն ամենևին չի խաբել իրեն,— քանի որ այս երկու ադամանդը երևի ձեզ նույնքան են նստել, որքան մյուս տասներկուսը նստել են նորին մեծությանը։

Ապա թագավորին ու կարդինալին գլուխ տալով՝ թագուհին ուղղվեց դեպի այն սենյակը, որտեղ նա իր զգեստն էր հագնում և որտեղ պետք է շորերը փոխեր։

Այն հանգամանքը, որ մենք այս գլխի սկզբում ստիպված եղանք մեր ուշադրությունը հատկացնել մեր նկարագրած բարձրաստիճան անձնավորություններին, մեզ միառժամանակ հեռացրեց այն անձից, որին Աննա Ավստրիացին պարտական էր իր այդ չտեսնված հաղթանակով կարդինալի նկատմամբ և որը՝ շփոթության մեջ, բոլորին անհայտ, դռներից մեկի մոտ ամբոխին խառնված դիտում էր այս տեսարանը, որ հասկանալի էր միայն չորս մարդու թագավորին, թագուհուն, նորին սրբազանությանը և իրեն։

Թագուհին մտավ իր սենյակը։

Դ’Արտանյանն արդեն պատրաստվում էր հեռանալու, երբ հանկարծ զգաց, որ մեկը կամացուկ դիպավ իր ուսին։ Նա շուռ եկավ և տեսավ մի դեռատի կնոջ, որը նշանացի առաջարկեց հետևել իրեն։ Կնոջ դեմքը ծածկված էր սև թավիշե կիսադիմակով, սակայն, չնայած այդ նախազգուշական միջոցին, որն, ի դեպ, ձեռք էր առնվել ավելի շուտ ուրիշների, քան նրա համար, դ’Արտանյանը իսկույն ճանաչեց իր մշտական ուղեկ-ցորդին՝ աշխույժ ու սրամիտ տիկին Բոնասիեին։

Նախորդ օրը նրանք միայն շատ կարճ ժամանակով էին իրար տեսել բարապան Ժերմենի մոտ, որտեղ կանչել էր նրան դ’Արտանյանը։ Դեռատի կինը այնքան էր շտապում թագուհուն հաղորդել իր սուրհանդակի բարեհաջող վերադարձի ուրախ լուրը, որ սիրահարները հազիվ կարողացան մի երկու խոսք փոխանակել միայն։ Ուստի և դ’Արտանյանը հետևեց տիկին Բոնասիեին երկու զգացմունքի մղումով՝ սիրո և հետաքրքրու-թյան։ Ճանապարհին, երբ միջանցքներում մարդիկ նոսրանում էին, դ’Արտանյանը փորձում էր կանգնեցնել դեռատի կնոջը, բռնել նրա ձեռքը, հիացմունքով դիտել նրան գեթ մի ակնթարթ, սակայն թռչնակի պես ժիր կինը ամեն անգամ դուրս էր պրծնում նրա ձեռքից, և երբ դ’Արտանյանն ուզում էր խոսել, կինը հրամայական ու թովիչ շարժումով մատը դնում էր իր շուրթերին, և այդ հիշեցնում էր դ’Արտանյանին, որ իրեն տիրապետում է մի իշխանություն, որին ինքը պիտի հնազանդվի կուրորեն և որն արգելում է իրեն թեկուզ ամենափոքր տրտունջ։ Վերջապես, անհամար անցքեր ու միջանցքներ անցնելուց հետո տիկին Բոնասիեն բաց արեց մի ինչ-որ դուռ և երիտասարդին տարավ կատարելապես խավար մի սենյակ։ Այստեղ նա նորից դ’Արտանյանին մի նշան արեց, որը պատվիրում էր լուռ մնալ, և բաց անելով վարագույրի տակ ծածկված մի ուրիշ դուռ, որից հանկարծ ներս հորդեց պայծառ լույսի մի խուրձ, ինքը անհայտացավ։

Մի րոպե դ’Արտանյանը անշարժ կանգնած մնաց, ինքն իրեն հարց տալով, թե որտե՞ղ է գտնվում, բայց շուտով հարևան սենյակից ներս թափանցող լույսը, այնտեղից եկող ջերմ ու անուշաբույր օդը, երկու թե երեք կնոջ խոսքերը, որոնք հնչում էին մեծարանքով և միաժամանակ նրբագեղորեն, «ձերդ մեծություն» դիմումը, որ կրկնվեց մի քանի անգամ,— այս ամենը անսխալ կերպով հասկացրին նրան, որ ինքը գտնվում է թագուհու սենյակին կից կաբինետում։

Երիտասարդ դ’Արտանյանը թաքնվեց ստվերում և սկսեց սպասել։

Թագուհին ուրախ ու երջանիկ էր թվում, որ, ըստ երևույթին, շատ էր զարմացնում նրան շրջապատող տիկիններին, որոնք, ընդհակառակը, սովոր էին համարյա միշտ տեսնել նրան տխուր ու մտահոգ։ Թագուհին իր ուրախությունը բացատրում էր տոնակատարության շքեղությամբ, բալետի պատճառած բավականությամբ, և որովհետև թույլատրված չի հակաճառել թագուհուն ծիծաղելիս լինի նա, թե լալիս, ուստի բոլորը, գովաբանում էին Փարիզ քաղաքի ավագների սիրալիրությունը։ Դ’Արտանյանը թագուհուն չէր ճանաչում, բայց շուտով նրա ձայնը տարբերեց մյուսների ձայնից սկզբում թեթևակի օտար առոգանությունից, ապա այն հրամայական տոնից, որ ակամա հնչում է բարձրաստիճան անձանց ամեն մի խոսքի մեջ։ Նա լսում էր, թե ինչպես թագուհին մերթ մոտենում է բաց դռանը, մերթ հեռանում և նույնիսկ երկու-երեք անգամ տեսավ մի ինչ-որ ստվեր, որ փակում էր լույսը։

Եվ հանկարծ վարագույրի միջից դուրս եկավ հիասքանչ ճերմակ մի ձեռք։ Դ’Արտանյանը հասկացավ, որ դա պարգև է, նա ծունկ չոքեց, բռնեց այդ ձեռքը և հարգանքով շրթունքները հպեց նրան։ Հետո ձեռքն անհետացավ, դ’Արտանյանի բռան մեջ թողնելով մի մատանի։

Դուռը իսկույն ծածկվեց, և դ’Արտանյանը մնաց լիակատար խավարի մեջ։

Նա մատանին դրեց մատին և սկսեց սպասել. հասկանում էր, որ սա դեռ վերջը չէ։

Նվիրվածության պարգևից հետո պետք է գար սիրո պարգևը։

Բացի այդ, թեև բալետը վերջացել էր, երեկույթը նոր էր սկսվում, ընթրիքը նշանակված էր ժամը երեքին, իսկ սուրբ Հովհաննու աշտարակի ժամացույցը նոր էր խփել երկուսից երեք քառորդ անց։

Իսկապես, հարևան սենյակում ձայների աղմուկն աստիճանաբար նվազեց, հեռացավ, ապա նորից բացվեց այն կաբինետի դուռը, որտեղ գտնվում էր դ’Արտանյանը, և ներս վազեց տիկին Բոնասիեն։

— Դո՜ւք։ Վերջապե՜ս,— գոչեց դ’Արտանյանը։

— Լռեցե՜ք,— ասաց դեռատի կինը ձեռքը սեղմելով նրա բերանին։— Լռեցեք և գնացեք նույն ճանապարհով, որով եկել եք։

— Բայց որտե՞ղ և ե՞րբ կտեսնեմ ես ձեզ,— գոչեց դ’Արտանյանը։

— Դուք այդ կիմանաք այն երկտողից, որ կգտնեք ձեր տանը։ Դե, գնացե՛ք, գնացե՛ք։

Այս ասելով նա միջանցքի դուռը բաց արեց և դ’Արտանյանին դուրս բերեց սենյակից։

Դ’Արտանյանը հնազանդվեց ինչպես երեխա, առանց դիմադրության, առանց գեթ մի բառով առարկելու, և այդ ցույց էր տալիս, որ նա իսկապես սիրահարված էր։

Comments