1. Երեք հրացանակիրներ

Chapter 21

Առաջին մաս XX. Ճանապարհորդություն

Գիշերվա ժամը երկուսին մեր չորս արկածախնդիրները Փարիզից դուրս եկան Սեն Դենի դարպասով։ Քանի դեռ շուրջը խավար էր տիրում, նրանք գնում էին լուռ. խավարը, հակառակ իրենց կամքի, ազդում էր նրանց վրա, ամենուրեք նրանց աչքին դարաններ էին երևում։

Արեգակի առաջին ճառագայթների հետ նրանց լեզուները բացվեցինք իսկ արևի հետ միասին վերադարձավ նաև սովորական զվարթությունը։ Նրանց սիրտն ավելի արագ էր զարկում, աչքերը ժպտում էին, ինչպես ճակատամարտի նախօրյակին։ Մի տեսակ զգացվում էր, որ կյանքը, որից գուցե և ստիպված կլինեն բաժանվել, ամենևին էլ վատ բան չէ։

Ի դեպ, զորասյունը բավական ազդու տեսք ուներ. հրացանակիրների սևաթույր նժույգները, նրանց հաստատուն քայլվածքը, մի սովորություն, որ ձեռք էին բերել հեծելավաշտում և զինվորի այդ ազնիվ ընկերներին ստիպում էր առաջ շարժվել համաչափ քայլքով, այս ամենը ինքնին արդեն կարող էր մերկացնել ամենախիստ ծպտվածությունը։

Չորս ընկերների հետևից գնում էին նրանց սպա-սավորները՝ մինչև ատամները զինված։

Ամեն ինչ բարեհաջող անցավ մինչև Շանտիլիա, ուր ընկերները հասան առավոտյան ժամը ութին։ Հարկավոր էր նախաճաշել։ Նրանք ձիերից ցած թռան մի պանդոկի առաջ, որի ցուցանակին պատկերված էր, թե ինչպես սուրբ Մարտինը աղքատին է տալիս իր թիկնոցի կեսը։ Սպասավորներին հրամայեցին ձիերի թամբը չվերցնել և պատրաստ լինել անհապաղ ճանապարհը շարունակելու։

Ընկերները մտան ընդհանուր սենյակը և սեղան նստեցին։

Մի ինչ-որ ազնվական, որը հենց նոր էր եկել Դամարտենի ճանապարհով, նույն սեղանի մոտ նստած նախաճաշում էր։ Նա խոսք բաց արեց եղանակի մասին։ Մեր ճանապարհորդները պատասխանեցին։ Նա խմեց սրանց կենացը։ Սրանք էլ խմեցին նրա կենացը։

Բայց այն պահին, երբ Մուշկետոնը ներս մտնելով զեկուցեց, որ ձիերը պատրաստ են, և ընկերները վեր կացան սեղանից, անծանոթը Պորտոսին առաջարկեց խմել կարդինալի կենացը։ Պորտոսն ասաց, որ պատրաստ է անելու այդ, եթե անծանոթն էլ իր հերթին խմի թագավորի կենացը։ Անծանոթը գոչեց, թե չի ճանաչում ուրիշ թագավոր, բացի նորին սրբազնությունից։ Պորտոսը նրան հարբեցող անվանեց։ Անծանոթը սուսերը դուրս քաշեց։

— Դուք սխալ թույլ տվիք,— ասաց Աթոսը,— բայց ճար չկա, այժմ արդեն նահանջել չի լինի։ Սպանեցեք այդ մարդուն և որքան կարելի է շուտ հասեք մեր հետևից։

Եվ երեք ընկերները թռան իրենց ձիերի վրա ու սլացան ամբողջ թափով, մինչդեռ Պորտոսը իր հակառակորդին երդվում էր ծակծկել նրան սուսերամարտի արվեստում հայտնի բոլոր եղանակներով։

— Այսպես ուրեմն, սա առաջին համարն է,— ասաց Աթոսը, երբ մի հինգ հարյուր քայլ հեռացել էին։

— Բայց ինչո՞ւ այդ մարդը հենց Պորտոսի օձիքից կպավ և ոչ թե մեզնից որևէ մեկի,— հարցրեց Արամիսը։

— Որովհետև Պորտոսը բոլորիցս բարձր էր խոսում, և այդ մարդը նրան պետի տեղ դրեց,— ասաց դ’Արտանյանը։

— Ես միշտ ասել եմ, որ այս երիտասարդ գասկոնաին խելքի ծով է,— մրմնջաց Աթոսը։

Եվ ճամփորդներն առաջ գնացին։

Բովում նրանք երկու ժամով կանգ առան, որպեսզի ձիերին հանգիստ տան, մասամբ էլ հուսալով, թե Պորտոսը կհասնի իրենց հետևից։ Երկու ժամն անցնելուց հետո տեսնելով, որ Պորտոսը չի երևում և նրա մասին ոչ մի տեղեկություն չկա, նրանք առաջ գնացին։

Բովից մի մղոնաչափ անցնելուց հետո, այնպիսի մի վայրում, որտեղ ճանապարհը սեղմվել էր երկու զառիվայրերի միջև, նրանց հանդիպեցին ութը թե տասը մարդ, որոնք оգտվելով նրանից, որ ճանապարհն այստեղ սալահատակած չէր, ձևացրին, թե իբր ճանապարհն են նորոգում։ Իրականում նրանք փոսեր էին փորում և ջանասիրաբար խորացնում էին կավոտ ճանապարհի ակոսահետքերը։

Արամիսը, վախենալով, թե այդ արհեստական ցեխի մեջ իր բոտֆորտները կկեղտոտի, զայրացած գոռաց նրանց վրա։ Աթոսը փորձ արեց լռեցնել նրան, բայց արդեն ուշ էր։ Բանվորները սկսեցին ծաղրել ճանապարհորդներին և իրենց լկտիությամբ նույնիսկ հանդարտաբարո Աթոսին ստիպեցին գլուխը կորցնել և ձին քշել ուղիղ նրանցից մեկի վրա։

Այն ժամանակ այդ բոլոր մարդիկ քաշվեցին դեպի ուղեզրի առուն և զինվեցին այնտեղ թաքցրած հրացաններով։ Մեր յոթ ուղևորները ստիպված եղան բառացիորեն անցնել նրանց խիտ շարքի միջով։ Արամիսը ուսից վիրավորվեց գնդակով, իսկ մի ուրիշ գնդակ խրվեց Մուշկետոնի մարմնի փափուկ մասի մեջ գոտկատեղից մի քիչ ներքև։ Սակայն միայն Մուշկետոնը ցած սահեց ձիուց, իր վերքը տեսնելու հնարավորություն չունենալով՝ նա, ըստ երևույթին, այդ վերքը շատ ավելի ծանր էր համարում, քան իրականում կար։

— Սա դարան է,— ասաց դ’Արտանյանը։— Մենք չենք կրակի, առաջ գնանք։— Արամիսը, թեպետև վիրավոր էր, բռնեց իր նժույգի բաշը, և ձին սլացավ մյուսների հետևից։ Մուշկետոնի ձին էլ հասավ նրանց և, առանց ձիավորի, շարքում իր տեղը գրավեց։

— Մենք պահեստի ձի կունենանք,— ասաց Աթոսը։

— Ես կգերադասեի պահեստի գլխարկ ունենալ,— պատասխանեց դ’Արտանյանը։— Իմ սեփական գլխարկը գն-դակը ցած գցեց։ Դեռ լավ է, որ նամակը, որ տանում եմ ես, այդ գլխարկի մեջ չէր պահված։

— Այդ ամենը հասկանալի է,— նկատեց Արամիսը,— բայց նրանք կսպանեն խեղճ Պորտոսին, երբ նա անցնելիս լինի սրանց մոտով։

— Եթե Պորտոսը ոտքի վրա լիներ,— ասաց Աթոսը,— ապա նա արդեն մեր հետևից հասած կլիներ. ես կարծում եմ, որ դիրք մտնելով՝ հարբեցողը ուշքի է եկել։

Նրանք սլացան էլի մի երկու ժամ, թեև ձիերն այնպես էին տանջվել, որ պետք էր երկյուղ կրել, թե շուտով դուրս կգան շարքից։

Ուղևորները թեքվեցին դեպի գյուղական ճանապարհը, հուսալով, թե այստեղ ավելի լավ կխուսափեն ընդհարումներից։ Սակայն Կրևկերում Արամիսն ասաց, որ այլևս առաջ շարժվելու ուժ չունի։ Եվ իրոք, այստեղ հասնելու համար հարկավոր էր ունենալ նրա արիությունը, որ նա թաքցնում էր արտաքին շքեղության ու նրբին շարժուձևերի տակ։ Րոպե առ րոպե նա գունատվում էր, և ստիպված էին նրան բռնած պահել թամբի վրա։ Նրան ձիուց իջեցրին մի ինչ-որ պանդոկի դռան առաջ և մոտը թողին Բազենին, որը զինված ընդհարումների ժամանակ ավելի շուտ խանգարում էր, քան օգնում։ Հետո նրանք նորից առաջ շարժվեցին, հուսալով, թե կգիշերեն Ամիենում։

— Գրողը տանի,— խոսեց Աթոսը, երբ փոքրիկ խումբը, որն այժմ արդեն բաղկացած էր միայն երկու տերերից ու երկու սպասավորներից, նորից ճանապարհ էր ընկել։— Հիմա արդեն այլևս ես ծուղակի մեջ չեմ ընկնի։ Կարող եմ երաշխավորել, որ այստեղից մինչև Կալե հասնելը այլևս չեն կարող ինձ ստիպել նույնիսկ բերանս բաց անել։ Երդվում եմ...

— Մի՛ երդվեք,— ընդհատեց նրան դ’Արտանյանը։ — Ավելի լավ է մի քիչ ավելի արադ գնանք, եթե միայն ձիերը կդիմանան։

Եվ ճանապարհորդները խթանեցին իրենց ձիերին, որից ձիերն ասես նոր ուժ ու նոր կայտառություն ստացան։

Նրանք Ամիեն հասան կեսգիշերին և ձիերից իջան «Ոսկե Շուշան» հյուրանոցի առաջ։

Պանդոկապետը աշխարհիս ամենահարգևոր մարդը դուրս եկավ։ Նա եկվորներին դիմավորեց մի ձեռքում մոմակալը բռնած, մյուսում՝ իր գիշերային թասակը։ Նա ցանկություն հայտնեց իր երկու հյուրերից յուրաքանչյուրին հասկացնելու մի-մի առանձին հիանալի սենյակ։ Դժբախտաբար այդ սենյակները գտնվում էին հյուրանոցի երկու հակադիր ծայրերում։ Դ’Ատանյանը և Աթոսը հրաժարվեցին։ Հյուրանոցի տերը ասաց, որ ինքը նրանց արժանապատվությանը վայել ուրիշ սենյակներ չունի։ Սակայն ճամփորդները պատասխանեցին, որ իրենք գիշերը անց կկացնեն ընդհա-նուր սենյակում, ներքնակների վրա, որոնք կարելի է փռել հատակին։ Հյուրանոցի տերը փորձեց պնդել իր առաջարկությունը, ճամփորդները չզիջեցին։ Եվ նա ստիպված եղավ հնազանդվել հյուրերի ցանկությանը։

Դեռ նոր էին անկողինները փռել և դուռը փակել, մեկ էլ բակից բախեցին լուսամուտների խլափեղկերը։ Հարցրին, թե ո՛վ է, և ճանաչելով իրենց սպասավորների ձայները, լուսամուտը բաց արին։

Իսկապես՝ նրանք էին՝ Պլանշեն և Գրիմոն։

— Ձիերը մենակ Գրիմոն էլ կարող է պահել,— ասաց Պլանշեն։ — Եթե պարոնները թույլ կտան, ես կպառկեմ այստեղ, դռան առաջ։ Այսպիսով պարոնները կարող են վստահ լինել, որ ոչ ոք իրենց չի մոտենա։

— Իսկ ինչի՞ վրա կպառկես,— հարցրեց դ’Արտանյանը։

— Ահա իմ անկողինը,— պատասխանեց Պլանշեն՝ ցույց տալով մի խտիտ ծղոտ։

— Դու իրավացի ես, եկ այստեղ,— ասաց դ’Արտանյանը։— Հյուրանոցի տիրոջ սփաթը ինձ դուր չեկավ։ Չափից դուրս քաղցրածոր էր։

— Ինձ ևս դուր չեկավ,— ավելացրեց Աթոսը։

Պլանշեն լուսամուտից ներս մտավ և դռան տակ պառկեց, իսկ Գրիմոն գնաց քնելու ախոռում, խոստանալով, որ վաղը առավոտյան ժամը հինգին բոլոր չորս ձիերն էլ պատրաստ կլինեն։

Գիշերը բավական հանգիստ անցավ։ Ճիշտ է, ժամը երկուսին մոտ ինչ-որ մեկը փորձեց դուռը բաց անել, բայց Պլանշեն արթնանալով գոռաց՝ «Ո՞վ է»։ Նրան պատասխանեցին, թե շփոթել են դուռը և հեռացան։

Առավոտյան ժամը չորսին ախոռից կատաղի աղմուկ լսվեց։ Գրիմոն, ինչպես պարզվեց, փորձել էր ձիապան-ներին արթնացնել, և ձիապանները հարձակվել էին նրա վրա ու ծեծել։ Ընկերները լուսամուտը բանալով տեսան, որ խեղճ Գրիմոն ուշաթափ փռված է բակում։ Նրա գլուխը պատռված էր եղանի կոթով։

Պլանշեն իջավ բակ, որպեսզի ձիերը թամբի։ Սա-կայն ձիերի ոտքերը ջարդված էին։ Ճանապարհը շարունակել կարող էր միայն Մուշկետոնի ձին, որը նա-խորդ օրը հինգ թե վեց ժամ քայլել էր առանց ձիավորի, սակայն, ինչ-որ անհասկանալի թյուրիմացությամբ, հեքիմը, որին իբր թե ուղարկել էին հյուրանոցի տիրոջ ձիերից մեկից արյուն առնելու, սխալ-մամբ արյուն էր առել Մուշկետոնի ձիուց։

Դրությունը սկսում էր անհանգստություն առաջացնել. իրար հաջորդող այս բոլոր փորձանքները կարելի էր պատահականություն համարել, սակայն նույնպիսի հավանականությամբ կարելի էր համարել նաև դավադրության արդյունք։ Աթոսը և դ’Արտանյանը փողոց դուրս եկան, իսկ Պլանշեն գնաց իմանալու, թե չի՞ կարելի արդյոք երեք ձի գնել։ Պանդոկի դռան մոտ կանգնած էին երկու թամբած ու սանձված ձիեր՝ կայտառ և ուժեղ։ Դրանք հենց այն էին, ինչ հարկավոր էր։ Պլանշեն հարցրեց, թե որտեղ են այդ ձիերի տերերը։ Նրան պատասխանեցին, որ տերերը գիշերը եղել են այստեղ, այս հյուրանոցում և այժմ պանդոկապետի հետ մաքրում են իրենց հաշիվը։

Աթոսը իջավ, որպեսզի գիշերելու փողը վճարի, իսկ դ’Արտանյանը և Պլանշեն կանգնած մնացին դռան մոտ։

Պանդոկապետը տեղավորված էր ցածր առաստաղով մի սենյակում, որ գտնվում էր շենքի խորքում։ Աթոսին խնդրեցին գնալ այնտեղ։

Ներս մտնելով և ոչինչ չկասկածելով՝ Աթոսը հանեց երկու պիստոլ և մեկնեց պանդոկապետին։ Պանդոկի տերը նստած էր վաճառասեղանի հետևը, որի դարակներից մեկը բաց էր։ Նա դրամները վերցրեց և բռի մեջ շուռումուռ տալով հանկարծ գոռաց, թե դրանք կեղծ դրամներ են, և ինքը կհրամայի իսկույն ձերբակալել Աթոսին ու նրա ընկերներին որպես դրամանենգների։

— Սրիկա՛,— գոռաց Աթոսը մի քայլ անելով դեպի նա։— Ես քո ականջները կկտրեմ։

Բայց հենց նույն րոպեին չորս մարդ մինչև ատամները զինված դուրս թռան կողքի դռնից և հարձակվեցին Աթոսի վրա։

— Ես ծուղակի մեջ ընկա՜,— գոռաց Աթոսը իր թոքերի ամբողջ ուժով։— Դու սլացիր, դ’Արտանյան։ Խթանիր ձիուդ,— և երկու անգամ ատրճանակից կրակեց։

Դ’Արտանյանը և Պլանշեն չհապաղեցին։ Դռան մոտ կապված ձիերն արձակելով՝ նրանք թռան նրանց վրա և խթանելով սրարշավ ճանապարհ ընկան։

— Դու չտեսա՞ր, թե ինչ եղավ Աթոսի հետ,— հարցրեց դ’Արտանյանը Պլանշեին՝ առանց դանդաղեցնելու ընթացքը։

— Ա՜խ, տե՜ր իմ,— պատասխանեց Պլանշեն,— ես տեսա, թե ինչպես նա երկու կրակոցով փռեց հարձակվողներից երկուսին, ապա դռան ապակու միջով այնպես երևաց, թե նա կռվի է բռնվել մյուսների հետ։

— Կեցցե՛ս, Աթոս,— շշնջաց դ’Արտանյանը։— Եվ ինչ-պիսի՜ ցավ, որ ստիպված ենք նրան թողնել մենակ։ Ասենք՝ հնարավոր բան է, որ մի քանի քայլ այն կողմ մեզ էլ նույն վիճակն է սպասում։ Հառա՜ջ, Պլանշե՛, հառա՜ջ։ Դու հիանալի տղա ես։

— Ախր ես ասում էի ձեզ, տեր իմ,— պատասխանեց Պլանշեն,— ասում էի, որ պիկարդացուն կարելի է ճանաչել աստիճանաբար։ Մյուս կողմից էլ՝ ես այստեղ իմ հայրենի վայրերումն եմ, և այդ ինձ սիրտ է տալիս։

Եվ երկուսը՝ է՛լ ավելի ուժեղ խթանելով ձիերին՝ առանց կանգ առնելու արշավեցին մինչև Սենտ Օմեր։ Սենտ Օմերում նրանք ձիերին հանգիստ տվին առանց սանձերը ձեռից բաց թողնելու, վախենալով, թե նոր անակնկալի կհանդիպեն, և հենց փողոցում, ոտքի վրա նախաճաշելով՝ առաջ սլացան։

Մինչև Կալեի դարպասը հարյուր քայլի վրա դ’Արտանյանի ձին ընկավ և այլևս ոտքի կանգնել չէր կարող. արյունը հորդում էր նրա ռունգերից ու աչքերից։ Մնում էր Պլանշեի ձին, բայց այն էլ կանգ էր առել և տեղից շարժել չէր հաջողվում։

Բարեբախտաբար, ինչպես արդեն ասացինք, նրանք քաղաքից ընդամենը մի հարյուր քայլ էին հեռու։ Ձիերը ճանապարհին թողնելով վազեցին նավահանգիստ։ Պլանշեն դ’Արտանյանի ուշադրությունը դարձրեց ինչ-որ ազնվականի վրա, որն, ըստ երևույթին, հենց նոր էր այդտեղ հասել իր սպասավորի հետ և գնում էր նույն ուղղությամբ, ընդամենը մի հիսուն քայլ նրանցից առաջ։

Նրանք շտապեցին հասնել այդ մարդու հետևից, որը, երևում էր, ինչ-որ տեղ էր շտապում։ Նրա բոտֆորտները ծածկված էին փոշու շերտով, և նա սրան-նրան հարցնում էր, թե չի՞ կարող արդյոք ինքը անհապաղ մեկնել Անգլիա։

— Դրանից ավելի հասարակ բան չկա,— պատասխանեց նրան մի նավատեր, որի նավը միանգամայն պատրաստ էր մեկնելու,— բայց այսօր առավոտյան հրաման է եկել՝ ոչ ոքի բաց չթողնել առանց կարդիանալի թույլտվության։

— Ես այդպիսի թույլտվություն ունեմ,— ասաց ազնվականը՝ գրպանից հանելով մի թուղթ։— Ահա այն։

— Թող նավահանգստի պետը նշում անի դրա վրա,— ասաց նավապետը։— Եվ հետո արդեն ուրիշ նավ մի որոնեք բացի իմ նավից։

— Իսկ որտե՞ղ գտնեմ ես նավահանգստի պետին։

— Նա գտնվում է քաղաքից դուրս, իր տանը։

— Եվ այդ տունը...

— Քաղաքից հեռու է մի քառորդ մղոն։ Ահա, այստեղից երևում է, այն բլրի ստորոտի տունն է։

— Լավ,— ասաց եկվորը։

Եվ իր սպասավորի ուղեկցությամբ նա ճանապարհ ընկավ դեպի նավահանգստի պետի տուն։

Մի հիսուն քայլ այդ երկուսին առաջ թողնեըով՝ դ’Արտանյանը և Պլանշեն հետևեցին նրանց։

Երբ քաղաքի սահմաններից դուրս եկան, դ’Արտանյանը քայլերն արագացրեց և մի փոքրիկ անտառի եզրին հասավ եկվոր ազնվականի հետևից։

— Տե՛ր իմ,— սկսեց դ’Արտանյանը։— Դուք, երևում է, շա՞տ եք շտապում։

— Շատ եմ շտապում, տե՛ր իմ։

— Ես չափազանց ափսոսում եմ,— շարունակեց դ’Արտանյանը։ — Սակայն, նկատի ունենալով, որ ես ևս շատ եմ շտապում, ուզում էի խնդրել ձեզ՝ մի լավություն անել ինձ։

— Այսինքն՝ ի՞նչ։

— Ես ուզում էի խնդրել ձեզ, որ ինձ թույլ տաք առաջ անցնել։

— Անկարելի է, տեր իմ,— պատասխանեց ազնվականը։— Ես վաթսուն մղոն ճանապարհն անցել եմ քառասունչորս ժամում, և անհրաժեշտ է, որ վաղը կեսօրին Լոնդոնում լինեմ։

— Ես նույն տարածությունն անցել եմ քառասուն ժամում, և ինձ հարկավոր է վաղը ժամը տասին Լոնդոնում լինել։

— Շատ եմ ափսոսում, տե՛ր իմ, բայց ես առաջինն եմ եկել և առաջինը կգնամ։

— Շատ եմ ափսոսում, տե՛ր իմ, բայց ես երկրորդն եմ եկել և առաջինը կգնամ։

— Թագավորի հրամանո՛վ,— գոչեց ազնվականը.

— Իմ սեփակա՛ն ցանկությամբ,— ասաց դ’Արտանյանը։

— Դուք, երևում է, կռի՞վ եք փնտրում։

— Հապա էլ ուրիշ ի՞նչ։

— Ի՞նչ է հարկավոր ձեզ։

— Դուք ուզո՞ւմ եք իմանալ այդ։

— Հասկանալի է։

— Դե ուրեմն՝ ինձ հարկավոր է այն հրամանը, որ դուք ունեք և որը ես չունեմ, թեև այն չափազանց անհրաժեշտ է ինձ։

— Հուսով եմ, որ դուք կատա՞կ եք անում։

— Ես երբեք կատակ չեմ անում։

— Ճանապարհ տվեք ինձ։

— Դուք չե՛ք անցնի։

— Ա՜յ քաջ պատանի։ Ես կփշրեմ ձեր գլուխը։ Լյուբեն, տո՛ւր ատրճանակները։

— Պլանշե՛,— ասաց դ’Արտանյանը,— հաշիվ տես սպասավորի հետ, իսկ ես գործ կունենամ տիրոջ հետ։

Պլանշեն իր առաջին քաջագործություններից սիրտ առած՝ հարձակվեց Լյուբենի վրա և ուժի ու ճարպկության շնորհիվ տապալեց նրան մեջքի վրա, ծունկը դրեց կրծքին։

— Դուք ձեր գործն արեք, տե՛ր իմ,— ձայն տվեց Պլանշեն։— Ես իմ գործն արդեն արի։

Այս ամենը տեսնելով՝ ազնվականը սուսերը դուրս քաշեց և հարձակվեց դ’Արտանյանի վրա։ Սակայն նա գործ ուներ ուժեղ հակառակորդի հետ։ Երեք վայրկյանում դ’Արտանյանը երեք վերք հասցրեց նրան՝ ամեն մի հարվածին ասելով.

— Ահա՛, սա Աթոսի համար։ Ահա՛, սա Պորտոսի համար։ Ահա՛, սա Արամիսի համար։

Երրորդ հարվածին եկվոր ազնվականը գետին տապալվեց։

Ենթադրելով, որ նա մեռած է կամ ուշաթափ, դ’Արտանյանը մոտեցավ, որպեսզի հրամանը վերցնի նրա-նից։ Սակայն երբ նա ձեռքը մեկնեց խուզարկելու, վիրավորը, որը սուսերը ձեռքից բաց չէր թողել, հարվածեց նրա կրծքին։

— Սա էլ անձամբ ձեզ,— ասաց նա։

— Իսկ այս՝ իմ կողմից։ Վերջին հարվածը՝ որպես նախաճաշ,— կատաղաբար գոռաց դ’Արտանյանը՝ չորրորդ հարվածով սուսերը նրա փորը խրելով ու գետնին մեխելով նրան։

Այս անգամ ազնվականն աչքերը փակեց և գիտակցությունը կորցրեց։

Շոշափելով այն գրպանը, որտեղ եկվորը պահել էր մեկնելու թույլտվությունը, դ’Արտանյանը վերցրեց թուղթը։ Թույլտվությունը գրված էր կոմս դը Վարդի անունով։

Մի վերջին հայացք գցելով գեղեցկատես երիտասարդի վրա, որը հազիվ թե քսանհինգ տարեկանից ավելի լիներ և որին նա թողնում էր այստեղ ուշաթափ վիճակում, գուցեև մեռած, դ’Արտանյանը հառաչեց, մտածելով բախտի տարօրինակությունների մասին, որը մարդկանց ստիպում է ոչնչացնել իրար՝ երրորդ անձնավորության շահերի համար, անձնավորություններ, որոնք բոլորովին օտար են և հաճախ նույնիսկ պատկերացում էլ չունեն այն մարդկանց մասին, որոնք իրար սպանում են իրենց համար։

Սակայն շուտով նրան այս խոհերից հանեց Լյուբենը, որն ամբողջ կոկորդով օգնություն էր գոռում։

Պլանշեն նրա կոկորդից բռնած սեղմում էր ամբողջ ուժով։

— Տե՛ր իմ,— ասաց նա,— քանի ես նրան, ահա, այսպես բռնած եմ, նա կլռի, բայց բավական է, որ բաց թողի, նորից կսկսի գոռալ։ Ես տեսնում եմ, որ սա նորմանդացի է, իսկ նորմանդացիք համառ մարդիկ են։

Եվ իրոք, որքան էլ Պլանշեն ամուր էր սեղմում նրա կոկորդը, Լյուբենն էլի փորձեր էր անում ինչ-որ ձայներ արձակելու։

— Սպասիր,— ասաց դ’Արտանյանը։

Եվ թաշկինակը հանելով խցկեց այդ համառ մարդու բերանը։

— Իսկ հիմա,— առաջարկեց Պլանշեն,— ծառից կապենք սրան։

Նրանք այդ արին ամենայն խնամքով։ Հետո կոմս դը Վարդին էլ քարշ տվին իր սպասավորի մոտ։ Երեկոն իջնում էր։ Վիրավորը և նրա ծառան ոտք ու ձեռքերը կապած՝ գտնվում էին ճանապարհից դուրս, թփերի մեջ, և ակներև էր, որ մինչև առավոտ այդտեղ կմնան։

— Իսկ այժմ՝ նավահանգստի պետի մոտ,— ասաց դ’Արտանյանը։

— Բայց դուք կարծես վիրավորված եք,— նկատեց Պլանշեն։

— Դատարկ բան է։ Զբաղվենք ամենաշտապ գործով, իսկ հետո կվերադառնանք իմ վերքին, ի դեպ, իմ կարծիքով սա վտանգավոր վերք չէ։ Եվ նրանք երկուսն էլ շտապ քայլեցին դեպի հարգարժան պաշտոնյայի տուն։

Նրան զեկուցեցին կոմս դը Վարդի գալու մասին։

Դ’Արտանյանին տարան կաբինետ։

— Դուք ունե՞ք կարդինալի ստորագրությամբ թույլտվություն,— հարցրեց նավահանգստի պետը։

— Այո, տեր իմ,— պատասխանեց դ’Արտանյանը։— Ահա այն։

— Դե, լավ. թույլտվությունը լիովին կարգին է։ Նույնիսկ ցուցում կա՝ աջակցել ձեզ։

— Միանգամայն բնական է,— ասաց դ’Արտանյանը։— Ես նորին սրբազնության մերձավոր մարդկանցից մեկն եմ։

— Նորին սրբազնությունը, երևում է, ցանկանում է ինչ-որ մեկին արգելք հանդիսանալ Անգլիա անցնելու։

— Այո, ինչ-որ դ’Արտանյան անունով բեարնացի ազնվականի, որը եկել է Փարիզից իր երեք ընկերների ուղեկցությամբ, մտադիր լինելով անցնել Լոնդոն։

— Դուք ճանաչո՞ւմ եք նրան։

— Ո՞ւմ։

— Այդ դ’Արտանյանին։

— Շատ լավ եմ ճանաչում։

— Այդ դեպքում ասացեք ինձ նրա նշանները։

— Դրանից հեշտ բան չկա։

Եվ դ’Արտանյանը ամենայն մանրամասնությամբ թվեց կոմս դը Վարդի նշանները։

— Ո՞վ է ուղեկցում նրան։

— Իր սպասավորը՝ Լյուբեն անունով։

— Կհսկենք, և եթե դրանք մեր ձեռքն ընկան, նորին սրբազնությունը կարող է հանգիստ լինել. մենք ուժեղ հսկողությամբ Փարիզ կուղարկենք նրանց։

— Եվ դրանով իսկ,— ասաց դ’Արտանյանը,— դուք կարժանանաք կարդինալի բարեհաճությանը։

— Երբ վերադառնաք, կոմս, դուք կտեսնե՞ք նորին սրբազնությանը։

— Անտարակույս։

— Հաղորդեցեք նրան, խնդրում եմ, որ ես նրա հավատարիմ ծառան եմ։

— Անպայման կհաղորդեմ։

Այս խոստումից ուրախացած՝ նավահանգստի պետը թույլտվության վրա նշում արեց և այն վերադարձրեց դ’Արտանյանին։

Դ’Արտանյանն ավելորդ սիրալիրությունների վրա ժամանակ չկորցրեց. նա գլուխ տվեց նավահանգստի պետին, շնորհակալություն հայտնեց և հեռացավ։

Դուրս գալով ճանապարհ՝ նա և Պլանշեն քայլերն արագացրին և անտառը շրջանցելով՝ քաղաք մտան մյուս դարպասից։

Նավը առաջվա պես կանգնած էր՝ մեկնելու պատրաստ։ Նավատերը ափին սպասում էր։

— Ինչպե՞ս եղավ,— հարցրեց նա տեսնելով դ’Արտանյանին։

— Ահա իմ թույլտվությունը նավահանգստի պետի ստորագրությամբ։

— Իսկ մյուս պարո՞նը։

— Նա այսօր չի մեկնում,— ասաց դ’Արտանյանը։— Բայց դուք հանգիստ եղեք, ես կվճարեմ երկուսիս համար։

— Այդ դեպքում ճանապարհ ընկնենք,— ասաց նավատերը։

— Ճանապարհ ընկնենք,— կրկնեց դ’Արտանյանը։

Նա և Պլանշեն ցատկեցին մակույկի մեջ։ Հինգ րոպե անց նրանք արդեն նավի վրա էին։

Լավ ժամանակին էր։ Նրանք ընդամենը մի կես մղոն էին հեռացել ափից, երբ դ’Արտանյանն ափին նկատեց բռնկում, ապա և նրանց հասավ կրակոցի որոտը։

Այդ թնդանոթի կրակոց էր, որ նավահանգստի փակումն էր նշանակում։

Այժմ ժամանակն էր, որ դ’Արտանյանն իր վերքով զբաղվի։ Բարեբախտաբար, ինչպես և նա ենթադրում էր, վերքը շատ էլ վտանգավոր չէր. սուսերի ծայրը դեմ էր առել կողին և սահել ոսկորի երկարությամբ։ Շապիկն անմիջապես կպել էր վերքին, և ընդամենը մի քանի կաթիլ արյուն էր հոսել։

Դ’Արտանյանը հոգնածությունից ուժասպառ էր եղել։ Նրա համար մի ներքնակ փռեցին տախտակամածին, նա մեկնվեց այդ ներքնակի վրա և իսկույն քուն մտավ։

Հետևյալ օրը լուսաբացին նրանք երեք թե չորս մղոն հեռու էին Անգլիայի ափերից։ Ամբողջ գիշերը թույլ քամի էր փչել, և նավը առաջ էր շարժվել բավա-կան դանդաղ։

Ժամը տասին նավը խարիսխ գցեց Դուվրի նավահանգստում։

Տասն անց կեսին դ’Արտանյանը ոտք դրեց անգլիական հողին և գոչեց.

— Վերջապե՜ս հասա նպատակին։

Բայց այդ դեռ բոլորը չէր. հարկավոր էր Լոնդոն հասնել։ Անգլիայում փոստը կանոնավոր էր աշխատում։ Դ’Արտանյանը և Պլանշեն մեկական ձի վերց-րին։ Առջևից սլանում էր փոստատարը։ Չորս ժամ հետո նրանք հասան մայրաքաղաքի դարպասին։

Դ’Արտանյանը Լոնդոնը չէր տեսել. անգլերեն ոչ մի բառ չէր իմանում, բայց նա մի թղթի կտորի վրա գրել էր դուքս Բեկինգհեմի անունը, և իսկույն նրան ցույց տվին դքսի պալատը։

Դուքսը գտնվում էր Վինձորում, որտեղ թագավորի հետ միասին որս էր անում։

Դ’Արտանյանն իր մոտ կանչեց դքսի սենեկապետին, որը բոլոր ճանապարհորդությունների ժամանակ ուղեկցում էր իր տիրոջը և հիանալի խոսում էր ֆրանսերեն։ Երիտասարդ գասկոնացին նրան բացատրեց, որ ինքը հենց նոր է եկել Փարիզից մի չափազանց կարևոր գործով և անհրաժեշտ է, որ խոսի դքսի հետ։

Այն վստահությունը, որով խոսում էր դ’Արտանյանը, համոզեց Պատրիկին. այդպես էին կոչում մինիստրի սպասավորին։ Նա հրամայեց երկու ձի թամբել և ինքն անձամբ հանձն առավ առաջնորդել երիտասարդ գվարդիականին։ Ինչ վերաբերում է Պլանշեին, խեղճը ձիուց ցած իջնելուց հետո ուղղակի փայտացել էր և հոգնածությունից կիսամեռ եղել։ Դ’Արտանյանը երկաթե ամրություն ուներ։

Վինձորի ամրոց հասնելով՝ նրանք հարցրին, թե որտեղ է դուքսը։ Թագավորը և դուքս Բեկինգհեմը այդտեղից երկու-երեք մղոն հեռու ճահիճներում որս էին անում բազեներով։

Քսան րոպե չանցած դ’Արտանյանը և իր ուղեկիցը հասան հիշյալ վայրը։ Շուտով Պատրիկը լսեց դքսի ձայնը, որ բազեին էր կանչում։

— Ինչպե՞ս կհրամայեք զեկուցել միլորդ դքսին,— հարցրեց Պատրիկը։

— Ասացեք՝ այն երիտասարդն է, որը ձեզ հետ վեճի էր բռնվել Սամարացի կնոջ արձանի դիմաց, Նոր կամրջի վրա։

— Ներկայանալու տարօրինա՜կ ձև։

— Եվ դուք կտեսնեք, որ դա ավելի լավը կլինի, քան որևէ այլ ձև։

Պատրիկը բաց թողեց իր ձին քառատրոփ։ Հասնելով դքսին՝ նա հիշատակված ձևով զեկուցեց, որ մի սուր-հանդակ է սպասում նրան։ Դուքսն իսկույն հասկացավ, որ խոսքը վերաբերում է դ’Արտանյանին և հասկանալով, որ Ֆրանսիայում այնպիսի մի բան է պատահել, որի մասին անհրաժեշտ են համարում հաղորդել իրեն, նա միայն հարցրեց, թե որտե՛ղ է գտնվում այդ նորությունները բերող մարդը։ Հեռվից գվարդիական համազգեստը ճանաչելով՝ նա սրարշավ բաց թողեց իր ձին և հասավ դ’Արտանյանի մոտ։

— Չլինի՞ որևէ դժբախտություն է պատահել թագուհուն,— գոչեց դուքսը, և նրա այդ բացականչության մեջ զգացվում էր նրա ամբողջ սերն ու հոգատարությունը։

— Չեմ կարծում, բայց և այնպես ենթադրում եմ, որ նրան սպառնում է մի մեծ վտանգ, որից փրկել կարող է միայն ձերդ ողորմածությունը։ — Ե՞ս,— գոչեց դուքսը։— Արդյոք ես երջանկություն կունենամ գեթ որևէ չափով օգտակար լինելու նրան։ Խոսեցե՛ք։ Շուտ ասացեք։

— Ահա ձեզ նամակ,— ասաց դ’Արտանյանը։

— Նամա՞կ։ Ումի՞ց։

— Կարծում եմ՝ նորին մեծություն թագուհուց։

— Նորին մեծությունի՞ց,— հարցրեց դուքսը այնպես խիստ գունատվելով, որ դ’Արտանյանը մտածեց՝ չլինի՞ վատ է զգում իրեն։

Դուքսը ծրարը բացեց։

— Այս ի՞նչ է,— հարցրեց նա՝ դ’Արտանյանին մատնացույց անելով նամակի ծակված տեղը։

— Ա՜խ,— ասաց դ’Արտանյանը։— Ես այդ չէի էլ նկատել։ Երևի կոմս դը Վարդի սուսերն է ծակել այդ, երբ այն իմ կուրծքը խրեց։

— Դուք վիրավորվա՞ծ եք,— հարցրեց դուքսը՝ նամակը բանալով։

— Դատարկ բան է,— ասաց դ’Արտանյանը,— մի չանգռվածք։

— Օ՜, երկինք, այս ինչ եմ իմանում,— գոչեց դուքսը։— Պատրի՛կ, մնա այստեղ, կամ՝ ո՛չ, ավելի լավ է հասիր թագավորին, որտեղ էլ լինի նա, և հաղորդիր, որ ես նորին մեծությանն ամենախոնարհաբար խնդրում եմ ներել ինձ, բայց մի չափազանց կարևոր գործ ինձ Լոնդոն է կանչում։ Գնա՛նք, պարոն, գնա՛նք։

Եվ երկուսն էլ ամբողջ թափով սլացան դեպի մայրաքաղաք։

Comments