Chapter 18
Առաջին մաս XVII. Բոնասիեի ամուսինները
Արդեն երկրորդ անգամն էր, որ կարդինալը թագավորի հետ խոսելիս հիշատակում էր ադամանդե զարդը։ Լյուդովիկոս XIII-ին զարմացրեց նրա այս հետևողականությունը, և նա մտածեց, որ այս խորհուրդի տակ մի գաղտնիք կա թաքնված։
Շատ անգամ էր թագավորն իրեն վիրավորված զգացել այն պատճառով, որ կարդինալը, ունենալով հիանալի ոստիկանություն, թեպետև այդ ոստիկանությունը մեր այժմյան ոստիկանության կատարելությանը չէր հասնում, ավելի լավատեղյակ էր թագավորի ընտանեկան գործերին, քան հենց ինքը՝ թագավորը։ Այս անգամ թագավորը մտածեց, որ Աննա Ավստրիացու հետ ունեցած զրույցը լույս կսփռի իրեն անհասկանալի ինչ-որ հանգամանքների վրա։ Նա հույս ուներ, որ այնուհետև կվերադառնա կարդինալի մոտ, տեղյակ լինելով ինչ-որ գաղտնիքների, որոնք հայտնի կլինեն նորին սրբազնությանը կամ անհայտ։ Երկու դեպքում էլ այդ հանգամանքը իրեն պետք է շատ բարձրացներ իր մինիստրի աչքում։
Լյուդովիկոս XIII-ը գնաց թագուհու մոտ և, ըստ իր սովորության, խոսակցությունը սկսեց սպառնալիքներով, որոնք վերաբերում էին թագուհու մերձավորներին։ Աննա Ավստրիացին լսում էր գլխահակ, թողնելով, որ ցասումի հեղեղը տեղա՝ հուսալով, թե վերջիվերջո վախճան կունենա այդ։ Սակայն թագավորի ցանկացածն այդ չէր։ Թագավորը կռիվ էր ուզում, որի բորբոքված պահին կարող էր լույս սփռվել, միևնույն է, թե ինչպիսի։ Նա համոզված էր, որ կարդինալը մի ինչ-որ գաղտնի միտք ունի և որ նա իր համար պատրաստում է այն սոսկալի անակնկալներից մեկը, որոնց չգերազանցված վարպետն էր նա։ Թագավորի համառ մեղադրանքները նրան հասցրին ցանկացած նպատակին։
— Ձերդ մեծություն,— բացականչեց Աննա Ավստրիացին, որին համբերությունից հանել էին աղոտ ակնարկները։— Ինչո՞ւ դուք ուղղակի չեք ասում այն, ինչ որ կա ձեր հոգում։ Ի՞նչ եմ արել ես։ Ի՞նչ հանցանք եմ գործել։ Չի կարող պատահել, որ ձերդ մեծությունն այս ամբողջ աղմուկը բարձրացնելիս լինի այն նամակի համար, որ ես գրել եմ եղբորս։
Թագավորը միանգամից չիմացավ, թե ինչ պատասխանի այսպիսի ուղղակի հարցին։ Նա մտածեց, որ հիմա հենց իսկ և իսկ ժամանակն է ասելու այն խոսքերը, որ պետք է ասեր միայն տոնակատարության նախորդ օրը։
— Տիրուհի,— խոսեց նա հանդիսավոր կերպով։— Մոտ օրերս քաղաքային խորհրդարանում պարահանդես է սարքվելու։ Ես անհրաժեշտ եմ համարում, որ դուք, ի հարգանք մեր պանծալի ավագների, այդ պարահանդեսին ներկայանաք տոնական շքեղ հագուստով և անպայման այն ադամանդե զարդով, որ ես ընծայեցի ձեզ ձեր ծննդյան օրը։ Ահա իմ պատասխանը։
Այդ պատասխանը զարհուրելի էր։ Աննա Ավստրիացին մտածեց, թե թագավորին ամեն ինչ հայտնի է, և նա միայն կարդինալի պնդումով այս ամբողջ շաբաթ ծածկամիտ է եղել։ Ի դեպ, այդպիսի ծածկամտություն թագավորի բնավորության մեջ կար։ Թագուհին սոսկալի գունատվեց և իր չքնաղ ձեռքով, որն այժմ ասես մոմից լիներ կերտված, հենվեց փոքրիկ սեղանին։ Սարսափով լի աչքերով թագավորին նայելով՝ նա ոչ մի խոսք չասաց։
— Դուք լսո՞ւմ եք, տիրուհի,— հարցրեց թագավորը՝ հրճվելով նրա շփոթությունից, թեպետև չէր հասկանում դրա պատճառը։— Լսո՞ւմ եք։
— Լսում եմ, տեր իմ,— թոթովեց թագուհին։
— Դուք կլինե՞ք այդ պարահանդեսին։
— Այո։
— Եվ ձեզ վրա կլինի՞ ադամանդե զարդը։
— Այո։
Թագուհին ավելի ևս գունատվեց։ Թագավորն այդ նկատեց և նրա տագնապից արբենալով այն պաղ դաժա-նությամբ, որ կազմում էր նրա բնավորության ամենաանդուրեկան կողմերից մեկը, ասաց.
— Այդպես ուրեմն, վճռված է։ Ահա այն ամենը, ինչ ես ուզում էի ասել ձեզ։
— Բայց ե՞րբ է նշանակված պարահանդեսը,— հարց-րեց Աննա Ավստրիացին։
Լյուդովիկոս XIII-ը զգաց, որ ինքը չպետք է պատասխանի այդ հարցին. թագուհու ձայնը նման էր մեռնողի ձայնի։
— Շատ շուտով, տիրուհի,— պատասխանեց թագավորը։— Բայց ես ստույգ օրը չեմ հիշում, հարկավոր կլինի կարդինալին հարցնել։
— Նշանակում է՝ նորին սրբազնությո՞ւնն է ձեզ խորհուրդ տվել պարահանդես տալ,— բացականչեց թագուհին։
— Այո, տիրուհի։ Բայց ինչի՞ համար է այդ հարցը,— զարմանքով հարցրեց թագավորը։
— Եվ նա էլ ձեզ խորհուրդ է տվել հիշեցնե՞լ ինձ ադամանդե զարդի մասին։
— Ի՛նչ ասեմ ձեզ...
— Այդ նա է, ձերդ մեծություն, նա է։
— Միևնույն չէ՞, նա է, թե՝ ես։ Չլինի՞ հանցավոր բան եք համարում դուք այդ խնդիրքը։
— Ո՛չ, տեր իմ։
— Նշանակում է՝ դուք կլինե՞ք։
— Այո։
— Հիանալի է,— ասաց թագավորը դիմելով դեպի դու-ռը։— Հուսով եմ՝ դուք կկատարեք ձեր խոստումը։
Թագուհին ռևերանս<ref>Ռևերանս — հնում ազնվական դասի մեջ ընդունված սովորություն, որ՝ ավագին կամ բարձրաստիճան մարդուն ողջունելիս ծունկը ծալում էին։ Արևելյան ժողովուրդների մեջ դրան փոխարինում էր երկրպագությունը (ծ. թ.)։</ref> արեց ո՛չ այնքան հետևելով ընդունված կարգին, որքան այն պատճառով, որ ծնկները ծալվում էին։
Թագավորը դուրս գնաց շատ գոհ։
— Ես կորա՜ծ եմ,— շշնջաց թագուհին։— Կորա՜ծ եմ։ Կարդինալն ամեն ինչ գիտե։ Այդ նա է իմ դեմ լարում թագավորին, որը դեռևս ոչինչ չգիտե, բայց շուտով ամեն ինչ կիմանա։ Ես կորած եմ, Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ...
Նա ծնկները ծալեց բարձի վրա և դողդոջուն ձեռքերով երեսը ծածկելով՝ սուզվեց աղոթքի մեջ։
Դրությունն իսկապես զարհուրելի էր։ Դուքս Բեկինգհեմը վերադարձել էր Լոնդոն, տիկին դը Շևրյոզը գտնվում էր Տուրում։ Գիտենալով, որ իրեն հետևում են շատ ավելի համառ, քան երբևիցե, թագուհին աղոտ կերպով հասկանում էր, որ պալատական տիկիններից մեկը մատնում է իրեն, բայց չէր իմանում, թե հատկապես որը։ Լա Պորտը Լուվրի սահմաններից դուրս գալու հնարավորություն չուներ։ Թագուհին աշխարհում չէր կարող ոչ ոքի վստահել։
Պարզ պատկերացնելով, թե որքան մեծ է այն դժբախտությունը, որ սպառնում է իրեն, և թե որքան մենակ է ինքը, թագուհին չդիմացավ և սկսեց հեկեկալ։
— Արդյոք չե՞մ կարող որևէ բանով օգնել ձերդ մեծությանը,— հանկարծ արտասանեց կարեկցությամբ լի մի քնքուշ ձայն։
Թագուհին թափով շուռ եկավ. այդ ձայնն անհնար էր շփոթել. այդպես խոսել կարող էր միայն բարեկամը։
Եվ իրոք, թագուհու սենյակը տանող դռներից մեկում կանգնած էր սիրունիկ տիկին Բոնասիեն։ Նա հարևան փոքրիկ սենյակում զբաղված էր թագուհու հագուստն ու սպիտակեղենը հավաքելով և դեռ նոր էր ներս մտել, երբ եկել էր թագավորը։ Այսպիսով՝ նա ամեն ինչ լսել էր։ Թագուհին տեսնելով, որ ինքը մենակ չէ, մի բարձր մի ճիչ արձակեց։ Շփոթմունքի մեջ նա միանգամից չճանաչեց այդ փոքրիկ կնոջը, որին իր մոտ ծառայության էր նշանակել Լա Պորտը։
— Օ՜, մի՛ վախեցեք, ձերդ մեծություն,— ասաց դե-ռատի կինը՝ մատները կոտրտելով և լաց լինելով, երբ տեսավ իր տիրուհու հուսահատ վիճակը։— Ես հոգով ու մարմնով նվիրված եմ ձերդ մեծությանը, և որքան էլ հեռու եմ ձեզնից, որքան էլ չնչին է իմ կոչումը, ինձ թվում է, թե ես ձերդ մեծությանը փորձանքից դուրս բերելու հնարը գտել եմ։
— Դո՞ւք։ Օ՜, երկինք։ Դո՞ւք,— գոչեց թագուհին։— Բայց նայեցեք իմ աչքերին։ Ինձ դավաճաններ են շրջապատում։ Կարո՞ղ եմ արդյոք վստահել ձեզ։
— Ձերդ մեծություն,— բացականչեց դեռատի կինը ծնկելով։— Հոգովս եմ երդվում, որ ես պատրաստ եմ մեռնելու ձերդ մեծության համար։
Այս բացականչությունը դուրս թռավ նրա սրտի խորքից, և անկեղծության ոչ մի կասկած չէր թողնում։
— Այո,— շարունակեց տիկին Բոնասիեն,— այո, այստեղ կան դավաճաններ։ Բայց սուրբ կույսի անունով երդվում եմ, որ չկա ձերդ մեծությանն ավելի նվիր-ված մարդ, քան ես եմ։ Այն զարդը, որի մասին հարց-նում էր թագավորը, դուք տվել եք դուքս Բեկինգհեմին, ճիշտ չէ՞։ Այդ զարդը գտնվում էր այն վարդա-գույն փայտե տուփիկի մեջ, որը դուքսը տարավ իր հետ։ Թե՞ ես սխալվում եմ, ճիշտ չե՞մ ասում։
— Օ՜, Աստված իմ,— շշնջաց թագուհին, որի ատամները վախից կփկփում էին։
— Դե ուրեմն,— շարունակեց տիկին Բոնասիեն,— այդ զարդը հարկավոր է վերադարձնել։
— Այո, իհարկե հարկավոր է։ Բայց ինչպե՞ս, ինչ-պե՞ս անել այդ,— գոչեց թագուհին։
— Հարկավոր է մարդ ուղարկել դքսի մոտ։
— Բայց ո՞ւմ։ Ո՞ւմ կարելի է վստահել։
— Վստահեցեք ինձ, ձերդ մեծություն։ Արեք ինձ այդպիսի պատիվ, իմ թագուհի, և ես սուրհանդակ կգտնեմ։
— Բայց հարկ կլինի գրել...
— Այդ անհրաժեշտ է։ Թեկուզ երկու խոսք ձերդ մեծության ձեռքով գրված և ձեր անձնական կնիքը։
— Բայց այդ երկու խոսքը իմ դատավճիռը կդառնան՝ ամուսնալուծություն, աքսոր։
— Այո, եթե ընկնեն մի սրիկայի ձեռքը։ Բայց ես երաշխավորում եմ, որ այդ տողերը կհանձնվեն հասցեատիրոջը։
— Օ՜, Աստվա՜ծ իմ։ Ես ստիպված եմ ձեզ վստահել իմ կյանքը, պատիվը, իմ բարի անունը։
— Այո, տիրուհի, ստիպված եք։ Եվ ես կփրկեմ ձեզ։
— Բայց ինչպե՞ս։ Գոնե բացատրեցեք ինձ։
— Իմ ամուսնուն երկու թե երեք օր առաջ ազատել են։ Ես դեռ չեմ տեսել նրան։ Դա մի հասարակ, բարեսիրտ մարդ է, որին հավասարապես խորթ են և՛ ատելությունը, և՛ սերը։ Նա կանի ամեն բան, ինչ ես ուզենամ, նա ճանապարհ կընկնի առանց իմանալու, թե ինչ է տա-նում և ձերդ մեծության նամակը նշված հասցեատիրոջը կհանձնի, չիմանալով, որ այն ձերդ մեծության նամակն է։
Թագուհին ջերմագին սեղմեց դեռատի կնոջ երկու ձեռքը, նայելոմ նրան այնպես, ասես ուզում էր կարդալ այն ամենը, ինչ թաքնված էր նրա սրտի խորքում։ Սակայն չքնաղ աչքերի մեջ տեսնելով միայն անկեղծություն՝ նա քնքշորեն համբուրեց նրան։
— Արա այդ,— բացականչեց նա,— և դու կփրկես իմ կյանքը, կփրկես իմ պատիվը։
— Օ՜, մի՛ չափազանցեք այն ծառայությունը, որ ես բախտ ունեմ մատուցելու ձեզ։ Ես ոչինչ չունեմ փր-կելու, չէ՞ որ ձերդ մեծությունը պարզապես նողկալի բանսարկությունների զոհ է։
— Այդ ճշմարիտ է, զավակս,— ասաց թագուհին։— Եվ դու միանգամայն իրավացի ես։
— Դե ուրեմն տվեք ինձ նամակը, ձերդ մեծություն։ Ժամանակը չի սպասում։
Թագուհին մոտեցավ փոքրիկ սեղանին, որի վրա կային թանաք, թուղթ և գրիչներ։ Նա մի երկու տող գրեց, նամակը կնքեց իր կնիքով և մեկնեց տիկին Բոնասիեին։
— Լավ,— ասաց թագուհին,— բայց մենք մոռացել ենք մի շատ կարևոր բան։
— Ի՞նչ բան։
— Դրամի մասին։
Տիկին Բոնասիեն շիկնեց։
— Այո, ճիշտ որ,— ասաց նա։— Եվ ես պետք է խոստովանեմ, որ իմ ամուսինը...
— Քո ամուսինը փող չունի։ Դու ա՞յդ էիր ուզում ասել։
— Ոչ, փող նա ունի, բայց շատ ժլատ է. դա նրա գլխավոր արատն է։ Բայց թող ձերդ մեծությունը չանհանգստանա, մենք մի միջոց կհնարենք...
— Բանն այն է, որ ես էլ փող չունեմ...— ասաց թագուհին։ (Ովքեր տիկին Մոտվիլի հուշերը կարդան, նրանց այս պատասխանը չի զարմացնի)։— Բայց սպասիր...
Աննա Ավստրիացին մոտեցավ իր արկղիկին։
— Վերցրու այս մատանին,— ասաց նա։ — Ասում են սա շատ թանկ արժե։ Սա ընծայել է ինձ իմ եղբայրը, Իսպանիայի թագավորը։ Այն անձամբ ինձ է պատկանում, և կարող եմ ազատ տնօրինել։ Վերցրու այս մատանին, փող դարձրու, և թող քո ամուսինը գնա։
— Մի ժամից ձեր ցանկությունը կատարված կլինի։
— Դու տեսնում ես հասցեն,— շշնջաց թագուհին այնպես կամաց, որ դժվար էր բառերը հասկանալ.— «Միլորդ դուքս Բեկինգհեմին, Լոնդոն»։
— Նամակը կհանձնվի անձամբ նրա ձեռքը։
— Մեծահոգի՜ զավակս,— բացականչեց թագուհին։
Տիկին Բոնասիեն թագուհու ձեռքը համբուրեց, նամակը թաքցրեք կորսաժի մեջ և թեթև թռչունի պես դուրս թռավ։
Տասը րոպե անց նա արդեն տանն էր։ Իսկապես որ, ինչպես թագուհուն ասաց, նա ամուսնու ազատվելուց հետո նրան չէր տեսել։ Չգիտեր նաև այն փոփոխությունը, որ տեղի էր ունեցել կարդինալի նկատմամբ նրա վերաբերմունքի մեջ. այդ փոփոխությանն առանձնապես նպաստել էր կոմս Ռոշֆորի երկու թե երեք այցելությունը, քանի որ հիմա Ռոշֆորը դարձել էր Բոնասիեի ամենամոտիկ բարեկամը։
Կոմսն առանց դժվարության Բոնասիեին ստիպեց հավատալ, որ նրա կնոջ հափշտակումը կատարվել է առանց որևէ վատ մտքի, և այն հանդիսանում է բացառապես քաղաքական նախազգուշություն։
Տիկին Բոնասիեն ամուսնուն գտավ մենակ, խեղճը դժվարությամբ էր տունը կարգի բերել։ Կահույքը համարյա ամբողջովին կոտրտված էր, պահարանները՝ համարյա դատարկ, ըստ երևույթին, արդարադատությունը չի դասվում այն երեք բաների թվին, որոնց մասին Սողոմոն արքան ասում է, որ նրանք իրենցից հետո հետք չեն թողնում։ Ինչ վերաբերում է սպասուհուն՝ նա փախել էր իր տիրոջ ձերբակալությունից անմիջապես հետո։ Խեղճ աղջիկն այնպես էր վախեցել, որ Փարիզից մի շնչում հասել էր իր ծննդավայրը՝ Բուրգունդիա։
Արդուզարդի հարգարժան վաճառականը տուն գալուն պես իսկույն կնոջը տեղեկացրել էր իր բարեհաջող վերադարձի մասին, և կինը շնորհավորելով՝ հայտնել էր, որ կօգտվի առաջին իսկ հարմար րոպեից, որը կկարողանա խլել իր պարտականություններից և կգա տեսնվելու ամուսնու հետ։
Այդ առաջին րոպեին հարկ եղավ սպասել ամբողջ հինգ օր, որ ուրիշ հանգամանքներում պարոն Բոնասիեին խիստ երկար կթվար։ Սակայն կարդինալի հետ ունեցած խոսակցությունը և կոմս Ռոշֆորի այցելությունները նրան խորհրդածությունների առատ սնունդ էին տվել, իսկ, ինչպես հայտնի է, ոչ մի բան այնպես չի կարճացնում ժամանակը, ինչպես խորհրդածությունները։
Դրան ավելացրեք, որ Բոնասիեի մտորումները շատ վարդագույն էին։ Ռոշֆորը նրան անվանում էր իր բարեկամը, իր սիրելի Բոնասիեն և չէր դադարում հավատացնել, որ կարդինալը շատ լավ կարծիքի է նրա մասին։ Եվ արդուզարդի վաճառականն արդեն իրեն տեսնում էր հարստության ու մեծարանքի ճանապարհին։
Տիկին Բոնասիեն նույնպես շատ էր խորհել այդ ժամանակամիջոցում, բայց պետք է խոստովանել, որ նրա մտքերը փառասիրությունից հեռու էին։ Իր կամքին հակառակ՝ նրա մտքերը շարունակ վերադառնում է գեղեցիկ ու համարձակ պատանուն, որն, ըստ երևույթին, սիրահարվել էր բուռն կրքով։ Տասնութ տարեկան հասակում ամուսնանալով պ-րն Բոնասիեի հետ, շարունակ ապրելով իր ամուսնու բարեկամների շրջապատում, որոնք ընդունակ չէին որևէ զգացմունք ներշնչելու դեռատի կնոջը, որն ավելի բարձր հոգի ուներ, քան կարելի էր սպասել նրա դրության մեջ եղած կնոջից, տիկին Բոնասիեն էժանագին հրապույրի չէր ենթարկվում։ Սակայն այն տարիներին, ավելի քան երբևէ, ազնվական կոչումը սովորական քաղաքացիների վրա ուժեղ տպավորություն էր գործում, իսկ դ’Արտանյանն ազնվական էր։ Բացի դրանից, նա կրում էր գվարդրականի համազգեստ, որը հրացանակրի համազգեստից հետո ամենից ավելի բարձր էին դասում բոլոր կանայք։ Դ’Արտանյանը, կրկնում ենք, գեղեցիկ էր, երիտասարդ ու ձեռներեց։ Սիրո մասին նա խոսում էր ինչպես սիրահարված մարդ, որը ծարավի է սեր նվաճելու։ Այսքանը բավական էր քսաներեքամյա մի գլուխ պտտեցնելու համար, իսկ տիկին Բոնասիեն հասել էր իր կյանքի իսկ և իսկ այդ երջանիկ տարիքին։
Դրա համար էլ երկու ամուսինները, թեպետ և մի ամբողջ շաբաթ չէին տեսնվել,— իսկ այդ ժամանակամիջոցում նրանց գլխով զգալի իրադարձություններ էին անցել,— այնուամենայնիվ իրար հանդիպեցին յուրաքանչյուրն իր մտքերի մեջ խորասուզված։ Այսպես թե այնպես պարոն Բոնասիեն անկեղծ ուրախություն ապրեց և գրկաբաց ընդառաջ գնաց կնոջը։
Տիկին Բոնասիեն ճակատը դեմ արավ նրան՝ համբուրելու։
— Մենք խոսելու բան ունենք,— ասաց նա։
— Ինչի՞ մասին,— զարմանքով հարցրեց Բոնասիեն։
— Ես պետք է մի շատ կարևոր բան ասեմ ձեզ,— սկսեց տիկին Բոնասիեն։
— Հա՛, ի դեպ, ես ևս պետք է մի քանի բավական լուրջ հարցեր տամ ձեզ,— ընդհատեց նրան Բոնասիեն։— Բացատրեցեք ինձ խնդրեմ, ինչու էին փախցրել ձեզ։
— Հիմա խոսքը դրա մասին չէ,— պատասխանեց տիկին Բոնասիեն։
— Հապա ինչի՞ մասին։ Իմ կալանավորմա՞ն։
— Այդ մասին ես իմացա միևնույն օրը։ Բայց դուք ոչ մի հանցանք չունեիք, դուք որևէ ինտրիգի խառը չէիք, վերջապես, դուք ոչինչ չգիտեիք, որը կարողանար անվանարկել ձեզ կամ որևէ մեկ ուրիշին, և ես այդ դեպքին տվի միայն այն նշանակությունը, որին նա արժանի էր։
— Ձեր համար հե՜շտ է խոսել, տիկին,— ասաց Բոնասիեն՝ նեղանալով կնոջ անբավարար ուշադրությունից։— Բայց ձեզ հայտնի՞ է, թե ինչ քաշեցի ես Բաստիլում մի ամբողջ օր ու գիշեր։
— Օր ու գիշերն արագ է անցնում։ Չխոսենք ձեր կալանքի մասին և վերադառնանք այն բանին, ինչը ինձ այստեղ է բերել։
— Ինչպե՞ս թե՝ «ինչը ինձ այստեղ է բերել»։ Մի թե ձեզ այստեղ բերողը ձեր ամուսնուն տեսնելու ցանկությունը չի եղել, քանի որ մի ամբողջ շաբաթ դուք ինձնից անջատված եք եղել,— հարցրեց արդուզարդի վաճառականը, որը կարգին նեղացել էր։
— Իհարկե՝ ամենից առաջ այդ։ Բայց, դրանից զատ, մի ուրիշ բան էլ կա։
— Ասացե՛ք։
— Դա չափազանց կարևոր գործ է, որից գուցե կախված է մեր ամբողջ ապագա բախտը։
— Մեր դրությունը, տիկին Բոնասիե, շատ է փոխվել այն ժամանակվանից, ինչ ես ու դուք չենք տեսնվել, և ես չեմ զարմանա, եթե մի քանի ամսից մեր վիճակը շատ շատերի նախանձը շարժի։
— Այո, մանավանդ, եթե դուք ճշտորեն կատարեք այն, ինչ ես ձեզ կասեմ։
— Ի՞նձ։
— Այո, ձեզ։ Հարկավոր է մի բարի, սուրբ գործ անել, և միաժամանակ կարելի կլիներ շատ փող վաստակել։
Տիկին Բոնասիեն գիտեր, որ փողի անունը տալով՝ ինքը դիպած կլինի իր ամուսնու ամենաթույլ լարին։ Սակայն ինչ մարդ էլ լիներ, թեկուզ և արդուզարդի վաճառական, մի տասը րոպե կարդինալ Ռիշելիեի հետ խոսելով, արդեն բոլորովին ուրիշ մարդ էր դառնում։
— Շա՞տ փող։
— Շատ։
— Ինչքա՞ն կլինի,
— Կարող է ամբողջ հազար պիստոլ լինել։
— Նշանակում է այն, ինչ ուզում եք խնդրել, շատ կարևոր բան է։
— Այո։
— Իսկ ի՞նչ պիտի անեմ ես։
— Դուք պետք է անհապաղ ճանապարհ ընկնեք։ Ես ձեզ կտամ մի նամակ, որը դուք պետք է պահեք աչքի լույսի պես և հանձնեք անձամբ այն մարդուն, ում ուղարկվում է։
— Իսկ ո՞ւր եմ գնալու։
— Լոնդոն։
— Ե՞ս։ Լոնդո՞ն։ Կատա՞կ եք անում։ Ես Լոնդո-նում ոչ մի գործ չունեմ։
— Բայց ուրիշին հարկավոր է, որ դուք գնաք Լոնդոն։
— Ո՞վ է այդ ուրիշը։ Նախազգուշացնում եմ ձեզ, որ ես այլևս ոչ մի բան չեմ անի կուրորեն և որ ես ոչ միայն ուզում եմ իմանալ, թե ինչ ռիսկի եմ դիմում, այլև՝ ում համար եմ ռիսկ անում։
— Մի նշանավոր անձ ուղարկում է ձեզ Լոնդոն, և մի նշանավոր անձ սպասում է ձեզ այնտեղ։ Պարգևատրությունը ձեր բոլոր սպասումները կգերազանցի, ահա այն ամենը, ինչ ես կարող եմ խոստանալ ձեզ։
— Նորի՜ց ինտրիգ։ Մշտակա՜ն ինտրիգներ։ Շնորհակալությո՛ւն։ Հիմա ինձ խաբել չես կարող, պարոն կարդինալը որոշ բան բացատրել է ինձ։
— Կարդինա՞լը,— գոչեց տիկին Բոնասիեն։— Դուք տեսնվե՞լ եք կարդինալի հետ։
— Այո, նա ինձ իր մոտ կանչեց,— հպարտ-հպարտ ասաց պարոն Բոնասիեն։
— Եվ դուք ընդունեցի՞ք այդ հրավերը, անզգույշ մարդ։
— Պետք է խոստովանեմ, որ ես չէի կարող ընտրություն անել՝ գնալ, թե չգնալ։ Ինձ տարան երկու ոստիկան։ Պետք է խոստովանեմ նաև, որ այն ժամանակ ես դեռ չէի ճանաչում նորին սրբազնությանը, ուստի, եթե կարողանայի ազատվել այդ այցելությունից, շատ ուրախ կլինեի։
— Նա կոպի՞տ վարվեց ձեզ հետ, սպառնո՞ւմ էր։
— Նա ձեռք տվեց ինձ և անվանեց իր բարեկամը, իր բարեկամը, լսու՞մ եք, տիկին։ Ես մեծ կարդինալի բարեկամն եմ։
— Մեծ կարդինալի՞։
— Չլինի՞ ուզում եք ժխտել նրա այդ տիտղոսը։
— Ես ոչինչ չեմ ժխտում, բայց ասում եմ ձեզ, որ մինիստրի ողորմածությունը հաստատուն բան չէ, և որ միայն խելագար մարդը իր բախտը կկապի մինիստրի հետ։ Կա մի իշխանություն, որ նրա ուժից էլ բարձր է կանգնած, իշխանությունը, որն հաստատված է ո՛չ մարդու քմահաճույքի վրա կամ որևէ դեպքի վրա։ Ահա հենց այդպիսի իշխանությանը պետք է ծառայել։
— Շատ եմ ափսոսում, տիկին, բայց ինձ համար չկա մի ուրիշ իշխանություն, բացի մեծ մարդու իշխանությունից, որին ես պատիվ ունեմ ծառայելու։
— Դուք ծառայում եք կարդինալի՞ն։
— Այո, տիկին, և որպես նրա ծառա՝ ես թույլ չեմ տա, որ դուք խառնվեք պետության անվտանգության դեմ ուղղված ինտրիգներին և որ դուք, դու՛ք օգնեք այն կնոջ ինտրիգներին, որը ֆրանսիացի չլինելու սրտով պատկանում է Իսպանիային։ Բարեբախտաբար մենք ունենք մեծ կարդինալ, և նրա արթուն աչքը հսկում է ամեն ինչին և թափանցում է մարդկանց սրտի խորքը։
Բոնասիեն բառ առ բառ կրկնեց այն խոսքերը, որ լսել էր Ռոշֆորից։ Նա մտքում պահել էր այդ խոսքերը և հենց առիթի էր սպասում նրանցով փայլելու։ Բայց խեղճ դեռատի կինը, որ հույս էր դրել իր ամուսնու վրա և այդ հույսով էլ խոստում էր արել թագուհուն, այժմ դողում էր և այն վտանգի սարսափից, որ քիչ էր մնացել ինքն իր գլխին բերեր, և իր անօգնականության գիտակցությունից։ Այնուամենայնիվ, իմանալով իր ամուսնու թույլ կողմերը, մանավանդ նրա ագահությունը, նա դեռ հույսը չէր կտրում, թե կկարողանա ստիպել նրան իր կամքը կատարել։
— Ա՜խ, նշանակում է դուք կարդինալի՞ստ եք, պարոն,— բացականչեց նա։— Ա՜խ, նշանակում է դուք ծա-ռայում եք նրանց, ովքեր տանջում են ձեր կնո՞ջը, վիրավորում ձեր թագուհո՞ւն։
— Մեկ մարդու շահերը ոչինչ են ընդհանուրի բարօ-րության հանդեպ։ Ես նրանց կողմն եմ, ովքեր փրկում են պետությունը,— փքված-փքված արտասանեց Բոնասիեն։
Դրանք նույնպես կոմս Ռոշֆորի խոսքերն էին, որ նա պահել էր մտքում և այժմ ասելու առիթ էր գտել։
— Բայց դուք գաղափար ունե՞ք, թե ինչ բան է պետություն, որի մասին խոսում եք,— ուսերը թոթվելով հարցրեց տիկին Բոնասիեն։ — Ավելի լավ է մնացեք հասարակ քաղքենի, առանց ձեր խելքին զոռ տալու, և կանգնեք նրանց կողմը, ովքեր ձեզ ավելի մեծ շահ են խոստանում։
— Ի՛նչ իմանաս,— ծոր տվեց Բոնասիեն՝ ձեռքով խփելով իր կողքին ընկած լիքը քսակին, որը զրնգաց արծաթի զնգոցով։— Ի՞նչ կասեք սրան, մեծարգո քարոզիչ։
— Որտեղի՞ց են այդ փողերը։
— Գլխի չե՞ք ընկնում։
— Կարդինալի՞ց։
— Նրանից և իմ բարեկամ Ռոշֆորից։
— Կոմս Ռոշֆորի՞ց։ Բայց հենց նա էր, որ փախցրել էր ինձ։
— Միանգամայն հնարավոր է։
— Եվ դուք փո՞ղ եք ընդունում այդ մարդուց։
— Դուք չասացի՞ք, որ այդ առևանգումը զուտ քաղաքական պատճառ ուներ։
— Բայց այդ առևանգման նպատակն էր՝ ստիպել ինձ, որ մատնեմ իմ տիրուհուն, տանջանքների միջոցով ինձնից կորզել այնպիսի խոստովանություններ, որոնք կարող էին սպառնալ իմ օգոստափառ տիրուհու պատվին, գուցեև կյանքին։
— Տիկի՛ն,— ասաց Բոնասիեն,— ձեր օգոստափառ տիրուհին ուխտադրուժ իսպանուհի է, և ամեն բան, ինչ անում է կարդինալը, իրավացի է անում։
— Պարո՛ն,— բացականչեց դեռատի կինը,— ես գիտեի, որ դուք վախկոտ եք, ագահ և հիմար։ Բայց չգիտեի, որ դուք նաև սրիկա եք։
— Տիկի՛ն,— խոսեց Բոնասիեն, որն առաջին անգամն էր իր կնոջը տեսնում այդպիսի ցասումի մեջ և վախենում էր ընտանեկան փոթորկի։— Տիկի՛ն, ի՞նչ եք ասում դուք։
— Ասում եմ, որ դուք սրիկա՛ եք,— շարունակեց տիկին Բոնասիեն, նկատելով, որ ինքը նորից սկսում է ազդեցություն ձեռք բերել իր ամուսնու նկատմամբ։— Նշանակում է դուք սկսել եք քաղաքականությա՞մբ զբաղվել, այն էլ դարձել եք կարդինալի՞ կողմնակիցը։ Նշանակում է դուք հոգով ու մարմնով վաճառվել եք սատանային, այն էլ փողի՞ համար։
— Ոչ թե սատանային, այլ կարդինալին։
— Այդ միևնույն բանն է,— գոչեց դեռատի կինը։— Ով ասում է «Ռիշելիե», ասում է «սատանա»։
— Լռեցե՛ք, տիկին, լռեցե՛ք, ձեզ կարող են լսել։
— Այո, իրավացի եք, և ես կամաչեմ ձեր վախկոտության համար։
— Բայց, ախր ի՞նչ եք պահանջում ինձնից։
— Ես արդեն ասացի, պահանջում եմ, որ դուք հենց այս րոպեին ճանապարհ ընկնեք և ազնվորեն կատարեք այն հանձնարարությունը, որին ես արժանացնում եմ ձեզ։ Այս պայմանով ես պատրաստ եմ ամեն ինչ մոռանալ և ներել ձեզ։ Դեռ ավելին,— նա ամուսնուն մեկնեց իր ձեռքը,— ես ձեզ կվերադարձնեմ իմ բարեկամությունը։
Բոնասիեն վախկոտ էր ու ագահ, բայց իր կնոջը սիրում էր. նա հուզվեց։ Հիսուն տարեկան ամուսնու համար դժվար է երկար ժամանակ բարկացած լինել իր քսաներեքամյա կնոջ վրա։ Տիկին Բոնասիեն տեսավ, որ ամուսինը տատանվում է։
— Դե՛, ինչպե՞ս։ Որոշեցի՞ք։
— Բայց, սիրելիս, մտածեցեք ախր. ի՞նչ եք պահանջում ինձնից։ Լոնդոնը հեռու է, շա՜տ հեռու Փարիզից, բացի այդ, կարող է պատահել, որ ձեր հանձնարարությունը կապված է վտանգի հետ։
— Միևնույնը չէ՞, քանի որ դուք խուսափում եք նրանցից։
— Գիտե՞ք ինչ, տիկին Բոնասիե,— ասաց արդուզարդի վաճառականը։— Գիտե՞ք ինչ. ես կտրականապես հրաժարվում եմ։ Ինտրիգները վախեցնում են ինձ։ Ախր ես տեսել եմ Բաստիլը։ Բը՜ռ-ռ-ռ։ Զարհուրելի բան է Բաստիլը։ Բավական է, որ միտքս ընկնի, մարմինս փշաքաղվում է։ Ինձ սպառնում էին կտտանքներով։ Իսկ դուք գիտե՞ք ինչ բան է կտտանքը։ Ոտքիդ մատների արանքով փայտե բիզեր են խփում, մինչև որ ոսկորներդ ճռճռան։ Ո՛չ, կտրականապես ո՛չ։ Չե՛մ գնում։ Ինձ արդեն թվում է, թե ընդհանրապես մինչև այժմ ես սխալ կարծիք եմ ունեցել ձեր մասին. ինձ թվում է, թե դուք տղամարդ եք, այն էլ ամենակտրիճ տղամարդկանցից մեկը։
— Իսկ դուք, դուք կի՛ն եք, ողորմելի կին՝ հիմար ու բթամիտ։ Ա՜խ, դուք վախենո՞ւմ եք։ Լա՛վ։ Այդ դեպքում ես հենց այս րոպեին թագուհու անունից կստիպեմ ձերբակալել ձեզ, և ձեզ կնստացնեն հենց նույն Բաստիլում, որից դուք այդպես վախենում եք։
Բոնասիեն խորասուզվեց մտքերի մեջ։ Նա հանգամանորեն ծանր ու թեթև արեց մտքում, թե ում կողմից է ավելի մեծ վտանգ սպառնում՝ կարդինալի՞, թե՞ թագուհու։ Կարդինալի ցասումը որքա՜ն ավելի վտանգավոր էր։
— Կհրամայեք թագուհու անունով ձերբակալել ինձ,— ասաց նա վերջապես։— Իսկ ես կտամ նորին սրբազնության անունը։
Այստեղ միայն տիկին Բոնասիեն հասկացավ, որ չափից ավելի առաջ է գնացել և սարսափեց։ Ահը սրտում նայեց ամուսնու բութ դեմքին, որի վրա դրոշմված էր սարսափահար հիմարի անսասան վճռականությունը։
— Լավ,— ասաց տիկին Բոնասիեն։— Հնարավոր է վերջիվերջո, որ դուք եք իրավացի։ Տղամարդը քաղաքանությունից ավելի շատ է հասկանում, մանավանդ դուք, պարոն Բոնասիե, քանի որ ձեզ վիճակվել է զրուցել կարդինալի հետ։ Բայց և այնպես,— ավելացրեց նա,— ինձ շատ ցավ է պատճառում, որ իմ ամուսինը, որի սիրո վրա, ինձ թվում էր, թե կարող եմ հույս դնել, չի ցանկանում կատարել իմ քմահաճույքները։
— Ձեր քմահաճույքները կարող են շատ հեռուն գնալ,— հովանավորական տոնով ասաց Բոնասիեն։— Եվ ես մի քիչ վախենում եմ դրանցից։
— Ստիպված եմ հրաժարվել իմ մտքից,— հառաչելով ասաց դեռատի կինը։— Թող այդպես լինի։ Այլևս սրա մասին չխոսենք։
— Գոնե եթե մի կարգին ասեիք ինձ, թե ես ինչ պիտի անեի Լոնդոնում,— մի պահ լռելուց հետո խոսեց Բոնասիեն, մի քիչ ուշ մտաբերելով, որ Ռոշֆորն իրեն պատվիրել է իմանալ կնոջ գաղտնիքները։
— Կարիք չկա, որ դուք այդ իմանաք,— պատասխանեց դեռատի կինը, որին այժմ զսպում էր անվստահությունը,— մի դատարկ բանի համար էր, մի անմիտ զարդի, որ երբեմն կանայք այնքան փափագում են ունենալ, մի գնում պիտի արվեր, որով կարելի էր լավ փող վաստակել։
Բայց որքան ավելի համառորեն էր երիտասարդ կինը աշխատում թաքցնել իր մտքերը, այնքան ավելի էր Բոնասիեն համոզվում, որ այդ գաղտնիքը, որն իրենից թաքցնում էր կինը, կարևոր նշանակություն ունի։ Ուստի նա որոշեց անհապաղ վազել կոմս Ռոշֆորի մոտ և նրան իմաց տալ, որ թագուհին մարդ է որոնում Լոնդոն ուղարկելու համար։
— Ներեցեք, թանկագինս, բայց ես պետք է մենակ թողնեմ ձեզ, ասաց նա։— Չիմանալով, որ դուք այսօր գալու եք, ես տեսակցություն եմ նշանակել իմ բարեկամի հետ։ Երկար չեմ մնա այնտեղ, և եթե դուք ինձ մի քանի րոպե սպասեք, ես իմ բարեկամի հետ գործս կվերջացնեմ և իսկույն կվերադառնամ, և որովհետև արդեն մթնում է, ձեզ կուղեկցեմ մինչև Լուվր։
— Շնորհակալ եմ ձեզնից, պարոն,— պատասխանեց տիկին Բոնասիեն։— Դուք այնքան քաջ չեք, որ կարողանաք որևէ օգնություն ցույց տալ ինձ։ Ես կարող եմ մենակ վերադառնալ Լուվր։
— Ինչպես ձեզ հաճելի կլինի, տիկին Բոնասիե,— ասաց արդուզարդի նախկին վաճառականը։— Արդյոք շուտո՞վ կտեսնեմ ես ձեզ։
— Երևի եկող շաբաթ հնարավորություն կունենամ մի փոքր ազատվելու ծառայությունից և դրանից կօգտվեմ, որ կարգի բերեմ մեր իրերը, որոնք, պետք է կարծել, մի քիչ վնասվել են։
— Լավ, կսպասեմ։ Դուք ինձ վրա չե՞ք բարկանում։
— Ե՞ս։ Ամենևին։
— Նշանակում է՝ ցտեսությո՞ւն։
— Ցտեսություն։
Բոնասիեն համբուրեց կնոջ ձեռքը և շտապ հեռացավ։
— Հը՜մ,— խոսեց տիկին Բոնասիեն, երբ մուտքի դուռը ծածկվեց ամուսնու հետևից և ինքը մենակ մնաց,— այս հիմարին հենց կարդինալիստ դառնալն էր պակաս։ Իսկ ես երաշխավորում էի թագուհուն, ես էլ խոստում էի անում իմ դժբախտ տիրուհուն... Օ՜, Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ, նա ինձ կհամարի այն ստոր արարածներից մեկը, որոնք վխտում են պալատում, և որոնց տեղավորել են թագուհու շուրջը, որպեսզի լրտեսեն նրան։ Ա՜խ, պարոն Բոնասիե, ես երբեք առանձնապես չեմ սիրել ձեզ, իսկ հիմա՝ ավելի վատ. ես ատում եմ ձեզ և խոսք եմ տալիս, որ հաշիվ կմաքրեմ ձեզ հետ։
Այս խոսքերն ասաց թե չէ, առաստաղում լսվեց մի թխկոց, որ նրան ստիպեց գլուխը բարձրացնել։
— Թանկագին տիկին Բոնասիե՛,— առաստաղից լսվեց ինչ-որ մեկի ձայնը,— բաց արեք սանդուղքի գլխի փոքրիկ դռնակը, և ես կիջնեմ ձեզ մոտ։