1. Երեք հրացանակիրներ

Chapter 17

Առաջին մաս XVI. Այն մասին, թե ինչպես կանցլեր Սեգիեն չկարողացավ զանգը գտնել, որպեսզի զանգը խփի, ինչպես սովորաբար անում էր

Դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչպիսի տպավորություն թողեցին այս խոսքերը Լյուդովիկոս XIII-ի վրա։ Նա բռնկվեց, բայց և իսկույն գույնը թռավ երեսից։ Եվ կարդինալն անմիջապես հասկացավ, որ մի հարվածով ետ նվաճեց իր կորցրած դիրքերը։

— Դուքս Բեկինգհեմը Փարիզո՞ւմ,— գոչեց թագավորը։— Իսկ ինչո՞ւ էր նա եկել այստեղ։

— Պետք է ենթադրել, որ եկած է եղել դավ նյութելու ձեր թշնամիների՝ իսպանացիների և հուգենոտների հետ։

— Ո՛չ, երդվում եմ՝ ո՛չ։ Եկել է, որպեսզի տիկին դը Շևրյոզի, տիկին դը Լոնգվիլի ե բոլոր այդ Կոնգեների հետ դավադրաբար իմ պատիվն արատավորի։

— Ձերդ մեծություն, ինչպե՞ս եք կարողանում դուք այդպիսի բան մտածել։ Թագուհին այնքան խելամիտ կին է և, գլխավորը, այնքան է սիրում ձերդ մեծությանը։

— Կինը թույլ արարած է, պարոն կարդինալ։ Իսկ ինչ վերաբերում է շատ սիրելուն, ապա ես դրա մասին իմ կարծիքն ունեմ։

— Այնուամենայնիվ,— ասաց կարդինալը,— ես պնդում եմ, որ դուքսը Փարիզ է եկել զուտ քաղաքական նպատակներով։

— Իսկ ես հավատացած եմ, որ բոլորովին այլ նպատակներով։ Բայց եթե թագուհին մեղավոր է, վա՜յ նրան։

— Իսկապես,— ասաց կարդինալը,— որքան էլ ծանր է ինձ համար նույնիսկ մտածել այդպիսի հնարավորության մասին... Ձերդ մեծությունն ինձ մի բան հիշեցրեց. տիկին դը Լանուան, որին ես, հետևելով ձերդ մեծության հրամանին, մի քանի անգամ հարցուփորձ եմ արել, այսօր առավոտյան ինձ հաղորդեց, որ երեկ չէ առաջին գիշերը նորին մեծություն թագուհին շատ ուշ է պառկել քնելու, որ այսօր առավոտյան թագուհին շատ է լաց եղել և որ ամբողջ գիշերը նա գրելիս է եղել։

— Ամեն ինչ հասկանալի է,— գոչեց թագավորը։— Հասկանալի է, որ նրան է գրելիս եղել։ Կարդինալ, ինձ հասցրեք թագուհու թղթերը։

— Բայց ինչպե՞ս ձեռք բերեմ ես նրանց, ձերդ մեծություն։ Ինձ թվում է, որ ո՛չ ես, ո՛չ էլ ձերդ մեծությունը չե՛նք կարող այդ բանը մեզ վրա վերցնել։

— Իսկ ինչպե՞ս վարվեցիք մարշալ դ’Անկրայի կնոջ հետ,— անզուսպ ցասումի պոռթկումով գոչեց թագավորը։— Խուզարկեցեք նրա պահարանները և վերջիվերջո նաև հենց իրեն։

— Մարշալ դ’Անկրայի կինը սոսկ մարշալ դ’Անկրայի կինն է ֆլորենտացի մի ինչ-որ արկածախնդիր, մինչդեռ ձերդ մեծության օգոստափառ ամուսինը Աննա Ավստրիացին է, Ֆրանսիայի թագուհին, այսինքն՝ աշխարհի մեծագույն տիրակալներից մեկը։

— Այդ ավելի ևս սոսկալի է դարձնում նրա հանցանքը, կարդինալ։ Որքան ավելի հեշտությամբ է մոռացել նա իր աստիճանի բարձրությունը, այնքան ավելի խոր է ընկել նա։ Եվ, բացի այդ, ես վաղուց արդեն որոշել եմ վերջ դնել այս բոլոր քաղաքական ու սիրային խարդավանքներին... Նրա մոտ, եթե չեմ սխալվում, ծառայում է ոմն Լա Պո՞րտ։

— Որին ես, պետք է խոստովանեմ, գլխավոր զսպանակն եմ համարում այս գործում,— վրա բերեց կարդինալը։

— Նշանակում է՝ դո՞ւք ևս, ինչպես և ես, կարծում եք, որ նա խաբում է ինձ։

— Ես կարծում եմ և կրկնում եմ, ձերդ մեծություն, որ թագուհին դավ է նյութում թագավորի իշխանության դեմ, բայց ես չասացի՝ նրա պատվի դեմ։

— Իսկ ես ձեզ ասում եմ, դավ է նյութում և՛ մեկի, և՛ մյուսի դեմ։ Ես ձեզ ասում եմ, որ թագուհին ինձ չի սիրում, որ նա ուրիշին է սիրում։ Ես ձեզ ասում եմ, որ նա սիրում է այդ ստոր Բեկինգհեմին։ Ինչո՞ւ դուք նրան չձերբակալեցիք, երբ Փարիզումն էր։

— Ձերբակալել դքսի՞ն։ Ձերբակալել Կառլոս Առաջին թագավորի առաջին մինիստրի՞ն։ Ի՜նչ եք ասում, ձերդ մեծություն։ Ինչպիսի՜ աղմուկ։ Իսկ եթե,— որին ես դարձյալ կասկածում եմ,— իսկ եթե ձերդ մեծության կասկածները գեթ որևէ չափով արդարա-նայի՞ն, ինչպիսի սոսկալի պայթյուն կլիներ, ի՜նչ չլսված խայտառակություն։

— Բայց քանի որ նա ինքն իրեն վտանգի է ենթարկել ինչպես մի շրջմոլիկ, մի գող, հարկավոր էր...

Լյուդովիկոս XIII-ը լռեց՝ ինքն էլ վախենալով նրանից, ինչ պատրաստ էր դուրս թռչելու շուրթերից, և Ռիշելիեն իզուր էր պարանոցը ձգած սպասում այդ խոսքերին, որոնք պաղեցին թագավորի շուրթերին։

— Հարկավո՞ր էր...

— Ոչինչ,— ասաց թագավորը,— ոչինչ... Բայց այն ամբողջ ժամանակամիջոցում, երբ նա եղել է Փարիզում, դուք նրան աչքից բաց չե՞ք թողել։

— Ոչ, ձերդ մեծություն։

— Որտե՞ղ էր ապրում նա։

— Լահարպ փողոցում, № 75 տանը։

— Որտե՞ղ է այդ։

— Լյուքսեմբուրգյան պալատից ոչ հեռու։

— Եվ դուք հավատացա՞ծ եք, որ նա թագուհու հետ չի տեսակցել։

— Ես գտնում եմ, որ թագուհին շատ նվիրված է իր պարտքին։

— Բայց նրանք նամակագրություն ունեն։ Այդ նրան է գրելիս եղել թագուհին ամբողջ օրը։ Դո՛ւքս, ես պետք է ստանամ այդ նամակները։

— Ձերդ մեծություն, մի՞թե...

— Դո՛ւքս, ինչ էլ որ լինի, ես ուզում եմ ստանալ այդ նամակները։

— Բայց ես պետք է ասեմ, ձերդ մեծությանը...

— Մի՞թե դուք էլ եք դավաճանում ինձ, պարոն կարդինալ, որ շարունակ հակառակում եք իմ ցանկություններին։ Մի՞թե դուք էլ դավակից եք իսպանացիներին ու անգլիացիներին, տիկին դը Շևրյոզին ու թագուհուն։

— Ձերդ մեծություն,— հառաչելով ասաց կարդինալը,— ինձ թվում էր, թե ես զերծ եմ այդպիսի կասկածանքներից։

— Պարոն կարդինալ, դուք ինձ լսեցիք, ես ուզում եմ իմ ձեռքում ունենալ այդ նամակները։

— Կա միայն մեկ միջոց...

— Ի՞նչ միջոց։

— Այդ միսիան հանձնարարել կանցլերին, պարոն Սեգիեին<ref>Պիեռ Սեգիե (1588-1672) — Ֆրանսիայի կանցլերը՝ Լյուդովիկոս XIII և Լյուդովիկոս XIV թագավորների օրոք։</ref>։ Դա ամբողջովին նրան վերաբերող գործ է։

— Թող իսկույն մարդ ուղարկեն նրան կանչելու։

— Նա պետք է որ ինձ մոտ լինի։ Ես հենց նրան ինձ մոտ էի կանչել և երբ Լուվր էի գալիս, կարգադրեցի, որ երբ գա, սպասի ինձ։

— Թող անհապաղ մարդ ուղարկեն նրան կանչելու։

— Ձերդ մեծության կամքը կատարված կլինի, բայց...

— Ի՞նչ «բայց»։

— Բայց թագուհին, հնարավոր է, որ կհրաժարվի ենթարկվել։

— Ենթարկվել իմ հրամանների՞ն։

— Այո, եթե համոզված չլինի, որ այդ հրամանը թագավորինն է։

— Դե, ուրեմն, որպեսզի նա չկասկածի, ես ինքս կնախազգուշացնեմ նրան։

— Հուսով եմ՝ ձերդ մեծությունը չի մոռանա, որ ես ամեն հնարավոր բան արի պառակտումը կանխելու համար։

— Այո՛, դուքս, ես գիտեմ, որ դուք շատ զիջողամիտ եք թագուհու նկատմամբ, գուցեև չափից ավելի զիջողամիտ։ Մենք դեռ հետո կանդրադառնանք դրան, նախազգուշացնում եմ ձեզ։

— Երբ հաճելի կլինի ձերդ մեծությանը։ Բայց ես միշտ հպարտ ու երջանիկ կլինեմ ինձ զոհաբերելու, որպեսզի ձեր և Ֆրանսիայի թագուհու միջև հաշտություն ու համաձայնություն լինի։

— Հիանալի է, կարդինալ, հիանալի։ Բայց հիմա մարդ ուղարկեցեք պարոն կանցլերին կանչելու։ Ես գնամ թագուհու մոտ։

Եվ Լյուդովիկոս XIII-ը դուռը բացելով դուրս եկավ այն միջանցքը, որ պալատի այդ մասը միացնում էր Աննա Ավստրիացու շքասենյակի հետ։ Թագուհին նստած էր՝ շրջապատված պալատական տիկիններով, այդտեղ էին տիկին դը Գիտոն, տիկին դը Սաբլեն, տիկին դը Մոնբազուն և տիկին դը Գեմենեն։ Մի անկյունում էլ տեղավորվել էր սենեկապանուհի Էստեֆանիան, որ թագուհու հետ միասին եկել էր Մադրիդից։ Տիկին դը Գեմենեն բարձրաձայն կարդում էր, և բոլորն ուշադրությամբ լսում էին նրան, բացառությամբ թագուհու, որն այս ընթերցանությունը սարքել էր միայն նրա համար, որ հնարավորություն ունենա իր մտքերի ընթացքին ենթարկվելու, ձևացնելով, թե ինքն էլ ունկնդրում է։

Այդ մտքերը թեպետ և ոսկեզօծվել էին սիրո վերջին շողերով, բայց և այնպես լի էին տրտմությամբ։ Զրկված լինելով ամուսնու վստահությունից, հալածվելով կարդինալի ատելությունից, որը թագուհուն չէր կարողանում ներել իր քնքուշ զգացմունքներն անպատասխան թողնելը, Աննա Ավստրիացին իր աչքի առաջ ուներ մայր-թագուհու օրինակը, որին այդ նույն ատելությունը բզկտել էր իր ամբողջ կյանքի ընթացքում, թեև, եթե հավատալու լինեինք այն ժամանակների հուշագրություններին, Մարիա Մեդիչին<ref>Մարիա Մեդիչի (1573-1642) — Մեդիչիների տոհմից, որոնք իշխում էին Ֆլորենցիայում, Ֆրանսիայի թագուհի, Հենրիխ IV-ի երկրորդ կինը (1600 թ.-ից), Լյուդովիկոս XIII-ի մայրը։ Լյուդովիկոս XIII-ի մանկության տարիներին՝ ռեգենտուհի։ 1631 թվականից ապրել է տարագրության մեջ, մահացել Քյոլնում։</ref> սկզբում ընծայել էր կարդինալին այն երջանկությունը, որն այնպես համառորեն մերժում էր նրան Աննա թագուհին։ Աննա Ավստրիացին տեսնում էր, թե ինչպես են ընկնում իր ամենահավատարիմ ծառաները, ամենանվիրված բարեկամները, իր ամենասրտակից մարդիկ։ Ինչպես այն դժբախտ մարդիկ, որոնք դժնդակ ճակատագիր ունեն, նա էլ դժբախտություն էր գցում բոլորի վրա, ում որ ձեռք էր տալիս։ Նրա մտերմությունը ճակատագրական բան էր և հալածանքների առիթ էր դառնում։ Տիկին դը Շևրյոզը և տիկին դը Վերնեն աքսորվել էին, և նույնիսկ Լա Պորտը չէր թաքցնում իր տիրուհուց, որ րոպե առ րոպե ձերբակալման է սպասում։

Թագուհին ամբողջովին ընկղմված էր այս մռայլ մտքերի մեջ, երբ հանկարծ դուռը բացվեց և սենյակ մտավ թագավորը։

Ընթերցողն իսկույն լռեց, բոլոր տիկինները վեր կացան իրենց տեղից, և քար լռություն տիրեց։

Նույնիսկ հարկ չհամարելով ողջունել՝ թագավորը մի քանի քայլ առաջ եկավ և կանգ առավ թագուհու դիմաց։

— Տիրուհի՛,— ասաց նա փոխված ձայնով,— հիմա ձեզ մոտ կգա պարոն կանցլերը։ Նա ձեզ կհաղորդի մի բան, որի մասին ես եմ նրան հանձնարարել տեղյակ դարձնել ձեզ։

Թշվառ թագուհին, որին շարունակ սպառնում էր ամուսնալուծություն, աքսոր և նույնիսկ դատ, գունատվեց, չնայած իր կարմիր շպարին։

— Բայց ո՞րն է այդ այցելության առիթը, ձերդ մեծություն,— չկարողանալով իրեն զսպել հարցրեց թա-գուհին։— Ի՞նչ է ասելու ինձ պարոն կանցլերը, որ չէիք կարող ինքներդ ասել։

Թագավորն առանց պատասխանելու կտրուկ շուռ եկավ կրունկների վրա, և համարյա նույն րոպեին հերթապահ գվարդիական կապիտան Գիտոն զեկուցեց կանց-լերի գալու մասին։

Երբ կանցլերը ներս մտավ, թագավորն արդեն սենյակում չէր, նա դուրս էր գնացել մյուս դռնով։

Կանցլերը ներս մտավ շփոթմունքից կարմրատակած, բայց ժպիտը շուրթերին։ Նկատի ունենալով, որ մեր այս պատմության ընթացքում հավանորեն էլի ենք հանդիպելու նրան, ավելորդ չէր լինի հենց այժմ մեր ընթերցողներին ծանոթացնել նրան։

Կանցլերը բավական հետաքրքիր դեմք էր։ Տիրամոր տաճարի կանոնիկոս<ref>Կանոնիկոս — կաթոլիկական մայր տաճարի քահանա։</ref> դը Ռոշ Լե Մալը, որը մի ժամանակ եղել էր կարդինալի սենեկապետը, պարոն դը Սեգիեի համար երաշխավորել էր նորին սրբազնությանը որպես միանգամայն նվիրված մարդու։ Կարդինալը հավատացել էր այդ երաշխավորությանը և չէր զղջացել։

Պ-րն դը Սեգիեի մասին ամենաբազմապիսի լուրեր էին շրջում։ Իմիջիայլոց պատմում էին հետևյալը։

Փոթորկահույզ երիտասարդությունից հետո նա քաշվել էր վանք, որպեսզի այնտեղ գոնե մի որոշ ժամանակ քավի իր երիտասարդության մեղքերը։

Սակայն այդ սուրբ օթևանը մտնելով՝ խեղճ մեղապարտը չէր կարողացել իր հետևից բավական արագ փակել դուռը, որպեսզի թույլ չտա ներխուժել այն կրքերին, որոնցից ինքը փախչում էր։ Նա շարունակ ենթարկվում էր գայթակղությունների, և վանահայրը, որին նա խոստովանեց իր այդ վիշտը, նրան խորհուրդ տվեց՝ գայթակղիչ դևը վանելու համար նման պահերին ձեռքը գցել զանգի պարանին և որքան ուժ ունի՝ զանգահարել։ Այդ զանգը լսելով՝ վանականները կհասկանան, որ գայթակղությունը փոթորկում է իրենց եղբայրակիցներից մեկին, և ամբողջ միաբանությունը աղոթքի կկանգնի։

Այս խորհուրդը ապագա կանցլերին դուր եկավ։ Նա չար ոգուն նզովում էր աղոթքների մի ամբողջ հեղեղով, որ տեղում էին մյուս վանականները։ Բայց սատանան մի անգամ գրաված դիրքերն այնքան էլ հեշտությամբ չի զիջում։ Որքան ավելի էին ուժեղանում նզովքները, այնքան ավելի էր ուժեղացնում սատանան իր գայթակղությունները, այնպես որ գիշեր-ցերեկ զանգը հնչում էր խլացուցիչ, ազդարարելով, որ ապաշխարող մարդը խիստ ցանկանում է մահացնել իր մարմինը։

Վանականները ոչ մի րոպե հանգիստ չունեին։ Ցերեկը նրանք մի գլուխ վեր ու վար էին անում սան-դուղքով, որ տանում էր աղոթարան, գիշերը բացի սովորական աղոթքից՝ նրանք ստիպված էին լինում մի քսան անգամ դուրս ցատկել մահճակալներից և երեսի վրա փռվել իրենց խցերի հատակին։

Հայտնի չէ՝ սատանա՞ն նահանջեց, թե՞ այդ գործը վանականներին ձանձրացրեց։ Բայց մի երեք ամիս անց՝ ապաշխարողը նորից երևաց աշխարհում, որտեղ նա այնպիսի զարհուրելի դիվահարի համբավ ուներ, որպիսին երբևիցե չի տեսնված աշխարհում։

Վանքից դուրս գալուց հետո դատավորական կոչում ընդունեց, գրավեց իր հորեղբոր տեղը, դառնալով պառլամենտի պրեզիդենտ՝ անցավ կարդինալի կողմը,— որն ապացուցում է նրա հազվագյուտ խորաթափանցությունը,— նշանակվեց կանցլեր, նորին սրբազնության ձեռքում ծառայում էր որպես հավատարիմ գործիք մայր-թագուհու նկատմամբ տածած ատելության և Աննա Ավստրիացու դեմ սարքած որոգայթների գործում։ Նա դատավորներին գրգռում էր Շալեի ամբողջ գործի ընթացքում, պաշտպանում էր «մեծ դահիճ» Լաֆեմային<ref>Իսահակ Լաֆեմա, սինյոր դը Ումոն (1589-1650) — ֆրասիացի իրավաբան, Ռիշելիեի կողմից կարգված խռովարար դասի գործերով զբաղվող դատական հանձնաժողովի անդամ, նա անգթորեն գլխատում էր, որի համար էլ ստացել էր «մեծ դահիճ» մականունը։</ref> ու նրա բոլոր նախաձեռնությունները, վերջիվերջո, լիովին նվաճելով կարդինալի վստահությունը, որը վայելում էր նա ըստ արժանվույն, իր վրա վերցրեց մի արտասովոր հանձնարարություն, որը կատարելու համար էլ այժմ ներկայացել էր թագուհուն։

Երբ նա ներս մտավ, թագուհին դեռ ոտքի էր կանգնած, բայց նրան տեսնելով՝ իսկույն ընկղմվեց բազկաթոռի մեջ, մյուս տիկիններին էլ նշանացի հրամայելով իրենց տեղերը գրավել բարձերի վրա։ Ապա նա հպարտորեն դարձավ ներս մտնողին։

— Ի՞նչ եք ուզում, պարոն,— հարցրեց Աննա Ավստրիացին,— և ի՞նչ նպատակով եք եկել այստեղ։

— Թագավորի հանձնարարությամբ և, չնայած այն խոր հարգանքին, որ ես տածում եմ ձերդ մեծության նկատմամբ, ստիպված եմ մանրամասն խուզարկություն կատարել ձեր թղթերի մեջ։

— Ինչպե՜ս, պարո՛ն,— գոչեց թագուհին։— Խուզարկություն ինձ մո՞տ... ինձ մո՞տ։ Ինչպիսի՜ չլսված ստորություն։

— Խնդրում եմ ներեք ինձ, ձերդ մեծություն։ Սակայն հիմա ես միայն մի գործիք եմ թագավորի ձեռքում։ Մի՞թե նորին մեծությունը հենց նոր այստեղ չի եղել և ձեզ չի խնդրել պատրաստ լինել այս ատելությանը։

— Դեհ, որոնեցե՛ք, պարո՛ն։ Պետք է ենթադրել, որ ես ոճրագործ եմ։ Էստեֆանիա, տվե՛ք իմ բոլոր սեղանների ու դարակների բանալիները։

Կանցլերը ձևի համար պտրտեց արկղերը, թեև հավատացած էր, որ թագուհին այնտեղ չէր պահի ցերեկը գրած կարևոր նամակը։

Մի քսան անգամ սեղանի դարակները հանելուց ու ետ հրելուց հետո կանցլերը, այնուամենայնիվ, ստիպված եղավ մի որոշ անվճռականություն հաղթահարելով վերջին քայլն անել այդ գործում, այսինքն՝ խուզարկել թագուհուն։

Կանցլերը դարձավ Աննա Ավստրիացուն։

— Այժմ,— ասաց նա այնպիսի ձայնով, որի մեջ զգացվում էր շփոթմունք ու հուզմունք,— ինձ մնում է սկսել խուզարկության գլխավոր մասը։

— Ի՞նչ մաս,— հարցրեց թագուհին, որը չէր հասկանում կամ չէր ուզում հասկանալ կանցլերի մտադրությունը։

— Նորին մեծությունը համոզված է, որ այսօր ցերեկը թագուհին մի նամակ է գրել։ Նորին մեծությանը հայտնի է, որ այդ նամակը դեռ հասցեատիրոջը չի ուղարկված։ Այդ նամակը չկա ո՛չ ձեր սեղանի դարակներում, ո՛չ պահարաններում։ Մինչդեռ նա պետք է որևէ տեղ պահված լինի։

— Բայց կհամարձակվե՞ք արդյոք դիպչել ձեր թագուհուն,— ասաց Աննա Ավստրիացին ամբողջ հասակով ուղղվելով և կանցլերի վրա հառելով մի հայացք, որի մեջ սպառնալիք բռնկվեց։

— Ես թագավորի հավատարիմ ծառան եմ և կատարում եմ այն ամենը, ինչ հրամայել է նորին մեծությունը։

— Է՛, այդ ճշմարիտ է,— ասաց Աննա Ավստրիացին։— Եվ պարոն կարդինալի լրտեսներն էլ հավատարիմ են ծառայել նրան։ Ես իրոք այսօր մի նամակ եմ գրել և այդ նամակը ուղարկված չէ։ Նամակն այստեղ է։

Եվ թագուհին իր չքնաղ ձեռքը դրեց կրծքին։

— Այդ դեպքում, ձերդ մեծություն, տվեք ինձ այդ նամակը,— ասաց կանցլերը։

— Ես այն կտամ միայն թագավորին, պարո՛ն,— պատասխանեց Աննան։

— Եթե թագավորը ցանկանար ձերդ մեծությունից անձամբ ստանալ այդ նամակը, նա ինքը կխնդրեր այն ձեզնից։ Բայց, կրկնում եմ, նա ինձ հանձնարարել է պահանջել ձեզնից այդ նամակը, ասելով, որ եթե դուք մերժեք...

— Շարունակեցե՛ք։

— ...նա ինձ հանձնարարել է վերցնել այն ձեզնից։

— Ինչպե՞ս։ Ի՞նչ եք ուզում ասել։

— Որ իմ լիազորությունները հեռու են գնում և ինձ, որպեսզի այդ թղթերը գտնեմ, թույլատրված է նույնիսկ ձերդ մեծությանն անձնական խուզարկություն կատարել։

— Ի՜նչ զարհուրելի բան,— գոչեց թագուհին։

— Ուստի, խնդրում եմ ձեզ, տիրուհի, զիջողամտություն հանդես բերել։

— Ձեր վարմունքը չտեսնված կոպիտ է, հասկանո՞ւմ եք, պարո՛ն։

— Թագավորն է հրամայում, ձերդ մեծություն։ Խնդրում եմ ներեք ինձ։

— Ես չե՜մ հանդուրժի այդ։ Ո՛չ, ո՛չ, մահն ավելի լավ է,— գոչեց թագուհին, որի մեջ եռաց Իսպանիայի ու Ավստրիայի տիրակալների հպարտ արյունը։

Կանցլերը խոնարհ գլուխ տվեց, ապա իրեն տրված խնդրի կատարումից ոչ մի քայլ չնահանջելու ակնհայտ մտադրությամբ, ճիշտ այնպես, ինչպես կաներ բանտի դահիճը, նա մոտեցավ Աննա Ավստրիացուն, որի աչքերից իսկույն ցասումի արցունքներ ցայտեցին։

Թագուհին, ինչպես արդեն ասել ենք, շատ հմայիչ կին էր։

Ուստիև վտանգավոր բան էր որևէ մեկին այդպիսի հանձնարարություն անել, սակայն թագավորը դուքս Բեկինգհեմի նկատմամբ իր խանդից կուրացած՝ այլևս ուրիշ ոչ ոքի չէր խանդում։

Պետք է կարծել, որ կանցլեր Սեգիեն այդ րոպեին աչքերով տխրահռչակ զանգի պարանն էր որոնում, բայց այն չգտնելով՝ նա ձեռքը մեկնեց այնտեղ, որտեղ, թագուհու սեփական խոստովանությամբ, պահված էր նամակը։

Աննա Ավստրիացին մի քայլ ետ գնաց և այնպես գունատվեց, ասես պատրաստ էր մեռնելու։ Որպեսզի չընկնի, նա ձախ ձեռքով հենվեց իր ետևում գտնվող սեղանին, իսկ աջով՝ հանեց իրանակալի տակից նամակն ու մեկնեց կանցլերին։

— Վերցրե՛ք այս նամակը, պարո՛ն,— գոչեց թագուհին հուզմունքից բեկբեկվող ձայնով։— Վերցրեք այն և ազատեցեք ինձ ձեր գարշելի ներկայությունից։

Կանցլերը մի անգամ այն հասկանալի հուզմունքից դողալով վերցրեց նամակը և մինչև գետին գլուխ խոնարհելով դուրս գնաց։

Դեռ նոր էր դուռը ծածկվել նրա հետևից, երբ թագուհին համարյա անշնչացած ընկավ պալատական տիկինների ձեռքերին։

Կանցլերը, առանց նամակին նայելու, տարավ այն թագավորին։ Թագավորի ձեռքը դողում էր՝ նամակը վերցնելիս։ Նա սկսեց որոնել հասցեն, ինչը չկար, խիստ գունատվեց, դանդաղորեն նամակը բացեց և առաջին իսկ բառից տեսնելով, որ այն ուղղված է իսպանական թագավորին, արագորեն աչքի անցկացրեց սկզբից մինչև վերջ։

Դա կարդինալի վրա հարձակվելու մի լիակատար ծրագիր էր։ Թագուհին իր եղբորը և ավստրիական թագավորին, որոնք իրենց վիրավորված էին զգում Ռիշելիեի քաղաքականությունից, քանի որ նա շարունակ ձգտում էր ստորացնել ավստրիական թագավորական տունը, առաջարկում էր Ֆրանսիային սպառնալ պատերազմով և խաղաղություն պահպանելու պայման դնել կարդինալի հրաժարականով։ Սիրո մասին այդ նամակում ոչ մի խոսք չկար։

Թագավորն իսկույն ուրախանալով, մարդ ուղարկեց իմանալու դեռ պալատո՞ւմ է արդյոք կարդինալը։ Նրան պատասխանեցին, որ նորին սրբազանությունը կաբինետում է և սպասում է նորին մեծության կարգադրություններին։

Թագավորն անհապաղ գնաց նրա մոտ։

— Երևակայեցեք, դուքս,— ասաց թագավորը։— Իրավացի դուրս եկաք դո՛ւք և ո՛չ ես։ Ամբողջ ինտրիգն իսկապես քաղաքական բնույթ է կրում, և սիրո մասին այս նամակում ոչ մի խոսք չկա։ Բայց սրա մեջ շատ է խոսվում ձեր մասին։

Կարդինալը նամակը վերցրեց և կարդաց մեծագույն ուշադրությամբ։ Մեկ անգամ վերջացնելուց հետո՝ կրկին կարդաց այն։

— Դեհ, ի՛նչ արած, ձերդ մեծություն,— ասաց նա,— ինքներդ տեսնում եք, թե մինչև ուր են հասնում իմ թշնամիները. ձեզ սպառնում են երկու պատերազմով, եթե ինձ չհեռացնեք։ Արդարև, ձերդ մեծություն, ձեր տեղը լինեի, ես կզիջեի այդքան զորեղ պնդումներին։ Իսկ ես իմ կողմից անչափ երջանիկ կլինեի, եթե հեռու քաշվեի գործերից։

Այդ ի՞նչ եք ասում, դուքս։

— Ասում եմ, ձերդ մեծություն, որ իմ առողջությունը քայքայվում է այս ծայրահեղ լարված պայքարի և անվերջ ջանքերի մեջ։ Ասում եմ, որ ամենայն հավանականությամբ Լա-Ռոշելի պաշարման ժամանակ ես չեմ դիմանա հոգնածությանը, և ավելի լավ կլինի, եթե դուք այնտեղ նշանակեք պարոն դը Կոնդեին, որի համար պատերազմ մղելն իր անմիջական գործն է, և ոչ թե իմ՝ եկեղեցու սպասավորի, որին թույլ չեն տալիս նվիրվել իր կոչմանը, այլ ստիպում են զբաղվել այնպիսի գործերով, որոնց ոչ մի հակում չունի։ Այդ կա-պահովի ձեր երջանկությունը ընտանեկան կյանքում և, չեմ կասկածում, կամրապնդի ձեր փառքը արտասահմանում։

— Հանգիստ եղեք, դուքս,— պատասխանեց թագավորը։— Ես ամեն ինչ հասկանում եմ։ Այս նամակում հիշատակված բոլոր անձինք իրենց արժանի պատիժը կկրեն, դրանից չի խուսափի նաև թագուհին։

— Ա՜խ, այդ ի՛նչ եք ասում, ձերդ մեծություն։ Աստ-ված մի՝ արասցե, որ թագուհին իմ պատճառով գեթ ամենաչնչին անախորժություն կրի։ Թագուհին միշտ էլ ինձ համարել է իր թշնամին, թեև ձերդ մեծությունը կարող է վկայել, որ ես միշտ ջերմորեն պաշտպան եմ կանգնել նրան, նույնիսկ ձերդ մեծության առաջ։ Օ՜, եթե նա դավաճանությամբ վիրավորեր ձերդ մեծության պատիվը, այն ժամանակ ուրիշ բան, ես ինքս առաջինը կասեի՝ «Ո՛չ մի գթություն մեղավորին»։ Բարեբախտաբար դրա մասին խոսք անգամ չկա, և ձերդ մեծությունը նորից կարող է համոզվել դրանում։

— Այդ ճշմարիտ է, պարոն կարդինալ,— ասաց թագավո-րը։— Եվ դուք, ինչպես միշտ, իրավացի եք։ Բայց և այնպես թագուհին արժանի է իմ զայրույթին։

— Դուք ինքներդ եք մեղավոր նրա առաջ, ձերդ մեծություն։ Եվ միանգամայն հասկանալի կլիներ, եթե նա զայրանար ձեզ վրա։ Ձերդ մեծությունը նրա հետ չափազանց դաժան վարվեց։

— Ահա հենց միշտ էլ այսպես եմ վարվելու ես իմ թշնամիների, ինչպես և ձեր թշնամիների հետ, ինչպիսի բարձր դիրք էլ գրավելիս լինեն նրանք, և ինչպիսի վտանգի էլ ենթարկվելու լինեմ ես այդպիսի խստության համար։

— Թագուհին ի՛նձ է թշնամի և ո՛չ ձեզ, ձերդ մեծություն։ Ընդհակառակն, նա ձեզ նվիրված ամուսին է, խոնարհ ու անբասիր։ Թույլ տվեք, ուրեմն, պաշտպանել նրան ձերդ մեծության առջև։

— Դե թող նա զիջողության ճամփան բռնի, թող նա ինքն, անի առաջին քայլը։

— Ընդհակառակն, ձերդ մեծություն, դու՛ք տվեք բարի օրինակը։ Չէ՞ որ դուք եք մեղավոր եղել թագուհուն կասկածելով։

— Ե՞ս անեմ առաջին քայլը,— գոչեց թագավորը։— Ո՛չ մի պայմանով։

— Ձերդ մեծություն, աղաչում եմ ձեզ։

— Եվ, բացի այդ, ինչպե՞ս գտնել մի հարմար առիթ։

— Անելով այնպիսի մի բան, որը կարող է բավականություն պատճառել նրան։

— Բայց ի՞նչ։

— Պարահանդես տվեք։ Դուք գիտեք, թե թագուհին որքան է պար սիրում։ Երաշխավորում եմ, որ ուշադրության այդպիսի դրսևորման առաջ նրա զայրույթը չի դիմանա։

— Պարոն կարդինալ, ձեզ հո հայտնի է, որ ես այդպիսի աշխարհիկ զվարճությունների սիրահար չեմ։

— Քանի որ նա գիտե, թե դուք ինչպիսի զզվանք եք տածում այդպիսի զվարճություններին, առավել ևս շնորհակալ կլինի ձեզնից։ Եվ, բացի այդ, նա առիթ կունենա կրելու այն սքանչելի ադամանդե զարդը, որ դուք ընծայեցիք նրան իր ծննդյան օրը և որով նա դեռ ոչ մի տեղ չի երևացել։

— Տեսնենք, պարոն կարդինալ, տեսնենք,— ասաց թագավորը գոյացած այն գիտակցությունից, որ թագուհին մեղավոր է դուրս եկել իրեն քիչ անհանգստացնող հանցանքում, և անմեղ է այն բանում, ինչից ամենից շատ էր երկյուղ կրում ինքը, ուստի և պատրաստ էր հաշտվելու նրա հետ։— Տեսնենք։ Բայց, երդվում եմ պատվովս, դուք շատ զիջողամիտ մարդ եք։

— Ձերդ մեծություն,— պատասխանեց կարդինալը։— Խստասրտությունը թողեք մինիստրներին։ Զիջողամ-տությունը թագավորների առաքինությունն է. դիմեցեք դրան և դուք կտեսնեք, որ այն օգուտ կբերի։

Այս ասելուց հետո, լսելով, որ ժամացույցը խփեց տասնմեկը, կարդինալը խոնարհ գլուխ տալով գնալու թույլտվություն խնդրեց և թագավորին հրաժեշտ տվեց, աղաչելով նրան հաշտվել թագուհու հետ։

Աննա Ավստրիացին, որ նամակն իրենից վերցնելուց հետո նախատինքների էր սպասում, խիստ զարմացավ, երբ հետևյալ օրը նկատեց, որ թագավորը հաշտվելու փորձեր է անում։ Սկզբում նա պատրաստ էր մերժելու այդ փորձերը, կնոջ հպարտությունը և թագուհու արժանապատվությունը այնքան խորն էին խոցված, որ նա չէր կարողանում միանգամից մոռանալ վիրավորանքը։ Սակայն, ենթարկվելով իր պալատական տիկինների հորդորանքներին, նա վերջիվերջո աշխատեց ձևացնել, թե սկսում է մոռանալ պատահածը։ Թագավորն այդ փոփոխությունից օգտվելով՝ հաղորդեց նրան, որ մտադիր է ամենամոտիկ ապագայում մեծ պարահանդես տալ։

Պարահանդեսը թշվառ Աննա Ավստրիացու համար այնպիսի մի հազվագյուտ բան էր, որ, ինչպես և ենթադրում էր կարդինալը, այդ լուրը ստանալուն պես՝ վիրավորանքի վերջին հետքն էլ ջնջվեց թագուհու եթե ոչ սրտից, ապա գոնե դեմքից։ Նա հարցրեց, թե երբ է նշանակված պարահանդեսը, բայց թագավորը պատասխանեց, թե դրա մասին դեռ պետք է խոսել կարդինալի հետ։

Եվ իրոք, ամեն օր թագավորը հարցնում էր կարդինալին, թե երբ է լինելու այդ տոնակատարությունը, և ամեն օր կարդինալը մի որևէ պատրվակով հրաժարվում էր ճշտորեն ասել։

Այդպես անցավ մի շաբաթ։

Մեր նկարագրած դեպքերից հետո՝ ութերորդ օրը, կարդինալը մի նամակ ստացավ, որն ուղարկված էր Լոնդոնից և պարունակում էր միայն հետևյալ տողերը.

«Ես ձեռք բերի դրանք։ Լոնդոնից մեկնել չեմ կարող, որովհետև դրամս քիչ է։ Ուղարկեցեք ինձ հինգ հարյուր պիստոլ, և հենց որ ստանամ, չորս կամ հինգ օրից կլինեմ Փարիզում»։

Այդ նույն օրը, երբ կարդինալն այս նամակը ստացավ, թագավորը դիմեց նրան սովորական հարցով։

Ռիշելիեն մատների վրա հաշվեց և մտքում ինքն իրեն ասաց.

«Նա գրում է, որ կգա փողն ստանալուց հետո չորս կամ հինգ օրվա ընթացքում։ Հինգ օր կանցնի, մինչև դրամը Լոնդոն հասնի և հինգ օր՝ մինչև նա կգա այս տեղ։ Նշանակում է՝ ընդամենը տասն օր։ Հարկավոր է նկատի ունենալ նաև հակառակ քամին, ամեն տեսակ անհաճո պատահականություններ, տկարություն։ Ենթադրենք՝ տասներկու օր...»։

— Դեհ, ինչպե՞ս, դուքս, հաշվեցի՞ք,— հարցրեց թագավորը։

— Այո, ձերդ մեծություն։ Այսօր սեպտեմբերի քսանն է։ Հոկտեմբերի երեքին քաղաքի ավազները տոնակատարություն են սարքում։ Ամեն ինչ հիանալի է դասավորվում։ Ոչ ոք չի էլ մտածի, թե դուք զիջողություն եք անում թագուհուն։

Ապա մի պահ լռելուց հետո կարդինալն ավելացրեց.

— Ի դեպ, չմոռանաք տոնի նախօրյակին ասել թագուհուն, որ դուք կուզենայիք տեսնել սազո՞ւմ է արդյոք նրան այն ադամանդե զարդը։

Comments