Chapter 15
Առաջին մաս XIV. Մենգի անծանոթը
Հրապարակում ամբոխը հավաքվել էր ոչ թե սպասելու այն մարդուն, որին պիտի կախեին, այլ հավաքվել էր կախված մարդուն նայելու։
Դրա համար էլ կառեթը, մի պահ կանգ առնելուց հետո, առաջ շարժվեց, ճեղքեց ամբոխը, անցավ Սենտ Օնորեի փողոցը, շուռ եկավ դեպի Բարի Մանուկներ փողոցը և կանգ առավ մի ցածր մուտքի առաջ։
Դուռը բացվեց, և երկու գվարդիական իրենց գիրկն առան Բոնասիեին, որին պահում էր ոստիկանական պաշտոնյան։ Նրան հրեցին մի երկար նախասրահ, ինչ-որ սանդուղքով վերև տարան և թողին նախասենյակում։
Բոնասիեն բոլորովին մեքենաբար էր կատարում այն բոլոր գործողությունները, որ պահանջում էին իրենից։
Նա քայլում էր, ինչպես քայլում են երազում, շրջապատը տեսնում էր ասես մշուշի միջով, լսողությունն ինչ-որ ձայներ էր որսում, բայց նա չէր գիտակցում, թե ի՜նչ ձայներ են դրանք։ Եթե այդ րոպեներին նրան մահապատիժ տային, նա պաշտպանվելու ոչ մի շարժում չէր անի, գթություն աղերսելու ոչ մի ճիչ չէր արձակի։
Նա այնպես էլ պատին հենված, ձեռքերը կախ գցած նստած մնաց նստարանին, հենց այնտեղ, որտեղ նստեցրել էին ոստիկանները։
Բայց աստիճանաբար շուրջը նայելով և չտեսնելով այնպիսի մի առարկա, որը սպառնար իր կյանքին, որը վտանգ ներկայացներ, տեսնելով, որ պատերը ծածկված են փափուկ կաշիով, մետաքսե ծանր, կարմիր վարագույրները հավաքված են ոսկեզօծ քուղերով, իսկ նստարանը, որի վրա ինքը նստած է, բավական փափուկ է և հարմար, հասկացավ, որ երկյուղն իզուր է եղել, և սկսեց գլուխը դարձնել մերթ աջ, մերթ ձախ, մերթ վերև, մերթ ներքև։
Այս շարժումները, որոնք ոչ ոք չէր արգելում, որոշ քաջություն չտվին նրան, և նա սիրտ արավ ծալել նախ մի ոտքը, ապա մյուսը։ Վերջիվերջո, ձեռքերով բազմոցին հենվելով՝ նա փոքր-ինչ վեր բարձրացավ և կարողացավ ոտքի կանգնել։
Այդ պահին պատկառատես մի սպա վարագույրը ետ տարավ՝ շարունակելով խոսել հարևան սենյակում գտնվող ինչ-որ մեկի հետ։ Ապա նա շուռ եկավ դեպի կալանավորը։
— Այդ դու՞ք եք Բոնասիեն,— հարցրեց նա։
— Այո, պարոն սպա,— մրմնջաց արդուզարդի վաճառականը, որի սիրտը սարսափից քիչ էր մնում ճաքի։— Ես եմ, պատրաստ եմ ծառայելու ձեզ։
— Նե՛րս մտեք,— ասաց սպան։
Նա ետ քաշվեց և ճանապարհ տվեց կալանավորին։ Բոնասիեն անտրտունջ հնազանդվեց և մտավ մի սենյակ, որտեղ, ըստ երևույթին, նրան էին սպասում։
Դա մի ընդարձակ կաբինետ էր, որի պատերին կախված էին զանազան տեսակի զենքեր։ Դրսից ոչ մի ձայն չէր հասնում այստեղ։ Թեև սեպտեմբերի վերջերն էր, բայց բուխարիում արդեն կրակ էր վառվում։ Սենյակի կենտրոնը գրավում էր մի քառակուսի սեղան, վրան գրքեր ու թղթեր, որոնց վրա փռված էր Լա-Ռոշել քաղաքի վիթխարի քարտեզը։
Բուխարու մոտ կանգնած էր միջին հասակի մի մարդ հպարտ ու ամբարտավան, խորաթափանց հայացքով, լայն ճակատով։ Նրա նիհարավուն երեսն ավելի էր երկարում սրածայր մորուքից, որի վրա ոլորված էին բեղերը։ Այդ մարդը հազիվ թե երեսունվեց-երեսունյոթ տարեկանից ավելի լիներ, սակայն մորուքի ու մազերի մեջ արդեն ճերմակ էր երևում։ Թեև վրան սուսեր չկար, բայց և այնպես նման էր զինվորականի, իսկ կո-շիկների վրայի թեթև փոշին ցույց էր տալիս, որ այդ օրը նա ձիով ճամփորդություն է կատարել։
Այդ մարդը Արման-Ժան դյու Պլեսին էր, կարդինալ դը Ռիշելիեն, ոչ այնպես, ինչպես ընդունված է մեզ մոտ պատկերացնել նրան, այսինքն՝ ո՛չ կորաքամակ մի ծերունի, որ տառապում է ծանր հիվանդությունով, որ ուժասպառ է, նվազ ձայնով, թաղված խոր բազկաթոռի մեջ, որ ասես վաղաժամ գերեզման լիմի նրա համար, ո՛չ այնպիսի մեկը, որն ապրում է միայն իր խելքի ուժով և Եվրոպայի դեմ պայքար է մղում միայն իր մտքի լարումով, այլ այնպես, ինչպես իրականում եղեք է նա այն տարիներին. ճարպիկ ու սիրալիր ասպետ, որ դեռ այն ժամանակ մարմնով տկար էր, բայց հոգու անընկճելի ուժի զորությամբ դարձել էր իր ժամանակի ամենանշանավոր մարդկանցից մեկը։ Աջակցություն ցույց տալով Նևերի դքսին իր Մանտուանի տիրապետություններում, գրավելով Նիմը, Կաստրը ու Յուզեսը, նա պատրաստվում էր Ռե կղզուց արտաքսել անգլիացիներին և պաշարել Լա-Ռոշելը։
Այսպիսով, առաջին հայացքից ոչ մի բանով չէր երևում, որ նա կարդինալ է, և անձամբ նրան չճանաչող մարդը չէր կարող գլխի ընկնել, թե ով է կանգնած իր առաջ։
Տարաբախտ Բոնասիեն կանգ առավ դռան մեջ, իսկ հենց նոր մեր նկարագրած մարդու հայացքը գամվեց նրա վրա, ասես ցանկանալով թափանցել նրա անցյալի խորքերը։
— Սա՞ է այն Բոնասիեն,— հարցրեց նա մի պահ լռությունից հետո։
— Այո, ձերդ պայծառափայլություն,— պատասխանեց սպան։
— Լավ, տվեք ինձ նրա թղթերը և մենակ թողեք մեզ։
Սպան սեղանից վերցրեց պահանջված թղթերը, տվեց նրան ու խոնարհ գլուխ տալով դուրս գնաց։
Բոնասիեն թղթերին նայելով ճանաչեց, որ դրանք Բաստիլում կատարված հարցաքննության արձանագրություններն են։ Բուխարու մոտ կանգնած մարդը մերթընդմերթ աչքերը բարձրացնում էր թղթերից և ուղղում կալանավորի վրա, և այդ ժամանակ թշվառ Բոնասիեին թվում էր, թե երկու դաշույն ուղիղ իր սիրտն են խրում։
Մի տասը րոպե ընթերցումից և մի տասը վայրկյան զննելուց հետո կարդինալի համար ամեն ինչ պարզ էր։
— Այս արարածի երբեք դավադրությանը չի մասնակ-ցել,— շշնջաց նա։— Բայց և այնպես տեսնենք։
— Դուք մեղադրվում եք պետական դավաճանության մեջ,— դանդաղ խոսեց կարդինալը։
— Այդ ինձ արդեն ասել են, ձերդ պայծառափայլություն,— ասաց Բոնասիեն՝ իր խոսակցին հորջորջելով նույն տիտղոսով, ինչպես սպան։— Բայց երդվում եմ, որ ես ոչինչ չգիտեմ։
Կարդինալը խեղդեց իր ժպիտը։
— Դուք մասնակից եք եղել ձեր կնոջ, տիկին դը Շևրյոզի և դուքս Բեկինգհեմի կազմակերպած դավադրությանը։
— Իրոք, ձերդ պայծառափայլություն,— ասաց Բոնասիեն,— իմ կինը ինձ մոտ տվել է այդ անունները։
— Ի՞նչ առիթով։
— Նա ասում էր, թե կարդինալ դը Ռիշելիեն դուքս Բեկինգհեմին խաբեությամբ Փարիզ է բերել, որպեսզի կործանի նրան, նրա հետ էլ թագուհուն։
— Նա այդպես էլ ասա՞ց,— զայրույթով գոչեց կարդինալը։
— Այո, ձերդ պայծառափայլություն, բայց ես նրան համոզում էի, որ այդպիսի բաներ ասել չի կարելի, և որ նորին սրբազնությունն ընդունակ չէ...
— Լռեցեք, դուք անմիտ մարդ եք,— ասաց կարդինալը։
— Այ, հենց այդ նույն բանն էլ իմ կինն էր ասում, ձերդ պայծառափայլություն։
— Հայտնի՞ է ձեզ, թե ով է փախցրել ձեր կնոջը։
— Ոչ, ձերդ պայծառափայլություն։
— Բայց դուք մեկին կասկածո՞ւմ էիք։
— Այո, ձերդ պայծառափայլություն։ Բայց այդ կասկածները կարծեմ անբավականություն պատկառեցին կոմիսարին, և ես արդեն հրաժարվել եմ դրանից։
— Ձեր կինը փախել է, դուք այդ գիտեի՞ք։
— Ոչ, ձերդ պայծառափայլություն։ Այդ ես իմացա միայն բանտում, պարոն կոմիսարի միջոցով։ Նա շատ սիրալիր մարդ է։
Կարդինալը երկրորդ անգամ խեղդեց ժպիտը։
— Նշանակում է՝ ձեզ հայտնի չէ, թե փախուստից հետո ուր է գնացել ձեր կինը։
— Ամենևին, ձերդ պայծառափայլություն։ Պետք է ենթադրել, որ նա վերադարձել է Լուվր։
— Գիշերվա ժամը մեկին դեռ այնտեղ չի եղել։
— Տե՜ր իմ աստված։ Ուրեմն ի՞նչ է պատահել նրան։
— Այդ կպարզվի, մի՛ անհանգստացեք։ Կարդինալից ոչ մի բան ծածուկ չի մնա։ Կարդինալն ամեն ինչ գիտե։
— Այդ դեպքում, ձերդ պայծառափայլություն, ինչ եք կարծում դուք, կարդինալը չի՞ համաձայնի ինձ ասել, թե ուր է կորել իմ կինը։
— Թերևս։ Բայց դուք պետք է նախապես պատմեք ամեն բան, ինչ որ ձեզ հայտնի է ձեր կնոջ և տիկին դը Շևրյոզի հարաբերությունների մասին։
— Բայց, ձերդ պայծառափայլություն, ես պարզապես ոչինչ չգիտեմ։ Ես երբեք չեմ տեսել այդ կնոջը։
— Երբ դուք գնում էիք Լուվր՝ ձեր կնոջը բերելու, նա ուղիղ տո՞ւն էր վերադառնում։
— Համարյա երբեք։ Նա գործեր էր ունենում ինչ-որ քաթանավաճառների հետ, ուր և ուղեկցում էի նրան։
— Իսկ քանի՞ այդպիսի քաթանավաճառներ կային։
— Երկու, ձերդ պայծառափայլություն։
— Որտե՞ղ էին ապրում նրանք։
— Մեկը՝ Վոժիրար փողոցում, մյուսը՝ Լահարպ փողոցում։
— Դուք ձեր կնոջ հետ նե՞րս էիք մտնում։
— Երբեք։ Ես կնոջս սպասում էի մուտքի մոտ։
— Իսկ նա ինչո՞վ էր բացատրում մենակ ներս մտնելու իր ցանկությունը։
— Ոչ մի բանով չէր բացատրում։ Ասում էր, որ ես սպասեմ, ես էլ սպասում էի։
— Դուք շատ մեղմաբարո ամուսին եք, սիրելի պարոն Բոնասիե ասաց կարդինալը։
«Նա ինձ «սիրելի պարոն Բոնասիե» է կոչում,— մտածեց արդուզարդի վաճառականը։— Գործերը, գրողը տանի, լավ են ընթանում»։
— Դուք կարո՞ղ եք ճանաչել այն դռները, որոնցով նա ներս էր մտնում։
— Այո։
— Հիշո՞ւմ եք համարները։
— Այո։
— Ասացեք։
— Քսանհինգ համարը Վոժիրար փողոցում և յոթա-նասունհինգ համարը Լահարպ փողոցում։
— Լավ,— ասաց կարդինալը։ Եվ սեղանից արծաթե զան-գակը վերցնելով՝ զանգահարեց։ Ներս մտավ միևնույն սպան։
— Գնացե՛ք Ռոշֆորի ետևից,— կիսաձայն հրամայեց Ռիշելիեն,— թող իսկույն այստեղ գա, եթե միայն վերադարձել է։
— Կոմսն այստեղ է,— ասաց սպան։— Նա համառորեն խնդրում է, որ ձերդ սրբազնությունն ընդունի իրեն։
— Թող ներս մտնի,— գոչեց կարդինալը։— Թող ներս մտնի։
Սպան սենյակից դուրս վազեց այնպիսի արագությամբ, ինչպես կարդինալի սպասավորները սովորա-բար աշխատում էին կատարել նրա հրամանները։
— Ա՜խ, «ձերդ սրբազնություն»,— շշնջաց Բոնա-սիեն՝ սարսափից աչքերը չռելով։
Սպայի գնալուց հինգ վայրկյան էլ չանցած՝ դուռը բացվեց և ներս մտավ նոր այցելուն։
— Սա նա՜ է,— գոչեց Բոնասիեն։
— Ո՞վ,— հարցրեց կարդինալը։
— Նա, իմ կնոջը փախցնողը։
Կարդինալը նորից զանգահարեց։ Սպան ներս մտավ։
— Տարեք այս մարդուն և հանձնեցեք այն զինվորներին, որոնք բերել են սրան։ Թող սպասի, մինչև ես նորից կկանչեմ։
— Ո՛չ, ձերդ պայծառափայլություն, ո՛չ, սա նա չէ՜,— աղաղակեց Բոնասիեն։— Ես սխալվել եմ։ Նրան փախցրել է ուրիշ մարդ, որ բոլորովին նման չէ սրան։ Այս պարոնը ազնիվ մարդ է։
— Տարեք այս ապուշին,— ասաց կարդինալը։
Սպան բռնեց Բոնասիեի դաստակից և դուրս տարավ միջանցք, որտեղ նրան սպասում էին ոստիկանները։
Այն մարդը, որ հենց նոր մտել էր կարդինալի մոտ, անհամբեր հայացքով ճանապարհ դրեց Բոնասիեին, և հենց որ դուռը նրա հետևից ծածկվեց, արագ մոտեցավ Ռիշելիեին։
— Նրանք տեսակցել են,— ասաց նա։
— Ո՞վ,— հարցրեց կարդինալը։
— Երկուսը։
— Թագուհին և դո՞ւքսը,— գոչեց Ռիշելիեն։
— Այո՛։
— Որտե՞ղ։
— Լուվրում։
— Դուք համոզվա՞ծ եք։
— Միանգամայն համոզված։
— Ո՞վ ասաց ձեզ։
— Տիկին դը Լանուան, որը, ինչպես գիտեք, ամբողջո-վին նվիրված է ձերդ սրբազնությանը։
— Ինչո՞ւ նա շուտ չի հայտնել դրա մասին։
— Պատահաբար արդյոք, թե չվստահելու պատճառով, բայց թագուհին տիկին դը Ֆարժիին հրամայել է գիշերել իր ննջարանում և հետո ամբողջ օրը բաց չի թողել նրան։
— Այդպե՜ս... Մենք պարտություն կրեցինք։ Կաշխատենք ետ շահել տանուլ տվածը։
— Ես բոլոր ուժերս կգործադրեմ, որպեսզի օգնեմ ձեզ, ձերդ սրբազնություն։ Համոզված եղեք։
— Ինչպե՞ս է կատարվել այդ ամենը։
— Գիշերվա ժամը տասներկուսն անց կեսին թագուհին նստած է եղել պալատական տիկինների հետ...
— Բայց որտե՞ղ...
— Իր ննջարանում...
— Հետո՞...
—... հանկարծ նրան են հանձնել մի թաշկինակ, որն ուղարկած է եղել հանդերձապահուհին։
— Հետո՞։
— Թագուհին իսկույն խիստ հուզվել է և, չնայած կարմրաներկով շպարված է եղել, նկատելիորեն գունատվել է։
— Հետո՞... Հետո՞...
— Վեր է կացել և փոխված ձայնով ասել. «Մի տասը րոպե սպասեցեք ինձ. ես շուտով կվերադառնամ»։ Նա դուռը բաց է արել և դուրս գնացել։
— Ինչո՞ւ տիկին դը Լանուան այդ ամենն անհապաղ չի հայտնել ձեզ։
— Նա դեռ լիովին համոզված չի եղել։ Բացի այդ, չէ՞ որ թագուհին ասել է՝ «Սպասեցեք ինձ», և նա սիրտ չի արել չենթարկվել։
— Որքա՞ն ժամանակ է բացակայել թագուհին։
— Երեք քառորդ ժամ։
— Պալատական տիկիններից ոչ ոք նրան չի՞ ուղեկցել։
— Միայն դոննա Էստեֆանիան։
— Հետո թագուհին վերադարձե՞լ է։
— Այո, բայց միայն նրա համար, որ վերցնի վարդագույն փայտե արկղիկը՝ զարդարված մոնոդրամով, որը և վերցրել ու տարել է։
— Իսկ երբ ետ է եկել, արկղիկը իր ձեռքի՞ն էր։
— Ոչ։
— Տիկին դը Լանուան գիտե՞ արդյոք, թե ինչ կար արկղիկում։
— Այո։ Այն ադամանդե զարդը, որը նորին մեծությունն ընծայել էր թագուհուն։
— Եվ թագուհին վերադարձել է առանց այդ արկղիկի՞։
— Այո։
— Հետևապես, տիկին Լանուան ենթադրում է, որ թագուհին արկղիկը տվել է դուքս Բեկինգհեմի՞ն։
— Նա դրանում համոզված է։
— Ինչո՞ւ։
— Ցերեկը տիկին դը Լանուան, որպես թագուհու սե-նեկապանուհի, ամենուրեք որոնել է արկղիկը, ձևացրել է, թե խիստ անհանգստացած է նրա անհայտացումով և, վերջապես, հարցրել է թագուհուն, թե չգիտե՞ արդյոք ուր է չքացել արկղիկը։
— Եվ ի՞նչ է ասել թագուհին։
— Թագուհին սաստիկ կարմրել է և ասել, թե երեկ ինքը վզնոցի զարդերից մեկը կոտրել է, ուստի ուղարկել է ակնագործին՝ նորոգելու։
— Հարկավոր է գնալ թագավորական ակնագործի մոտ և իմանալ ճի՞շտ է արդյոք այդ, թե ոչ։
— Ես արդեն եղել եմ այնտեղ։
— Եվ ի՞նչ։ Ի՞նչ ասաց ակնագործը։
— Ակնագործը դրա մասին ոչինչ չի լսել։
— Հիանալի է Ռոշֆոր։ Դեռ ամեն ինչ կորած չէ, և ով գիտե, ով գիտե... կարող է ամեն ինչ դեպի լավը գնալ...
— Ես ոչ մի վայրկյան չեմ տարակուսում, որ ձերդ սրբազնության հանճարը...
—... կուղղի իր լրտեսի սխալները, այդպես չէ՞։
— Ես հենց այդ էլ ուզում էի ասել, եթե ձերդ սրբազնությունը թույլ տար ինձ խոսքս վերջացնել։
— Իսկ հիմա... հայտնի՞ է ձեզ արդյոք, թե որտեղ են թաքնվել դքսուհի դը Շևրյոզը և դուքս Բեկինգհեմը։
— Ոչ, ձերդ սրբազնություն։ Իմ լրտեսները դրա մասին ինձ ոչ մի ստույգ տեղեկություն հաղորդել չկարողացան։
— Իսկ ես գիտեմ։
— Դո՞ւք, ձերդ սրբազնություն։
— Այո, համենայնդեպս գլխի եմ ընկնում։
— Ուզո՞ւմ է արդյոք ձերդ սրբազնությունը, որ ես հրամայեմ երկուսին էլ ձերբակալել։
— Ուշ է։ Նրանք երևի արդեն մեկնել են։
— Կարելի է, համենայնդեպս, ստուգել...
— Վերցրեք իմ գվարդիականներից տասը մարդ և երկու տունն էլ խուզարկեցեք։
— Լսում եմ, ձերդ սրբազնություն։
Ռոշֆորն շտապ դուրս եկավ։
Մենակ մնալով՝ կարդինալը մի րոպե խորհելուց հետո երրորդ անգամ զանգահարեց։
Դռան մեջ երևաց միևնույն սպան։
— Ներս բերեք կալանավորին,— ասաց կարդինալը։
Պարոն Բոնասիեին նորից բերին կաբինետ։ Սպան կարդինալի նշանով հեռացավ։
— Դուք ինձ խաբել եք,— խստությամբ ասաց կարդինալը։
— Ե՞ս,— գոչեց Բոնասիեն։— Ես ձերդ սրբազնությանը խաբե՞մ։
— Ձեր կինը Վոժիրար փողոցում և Լահարպ փողոցում ամենևին էլ քաթանավաճառների մոտ չէր գնում։
— Հապա ո՞ւմ մոտ էր գնում նա, Աստվա՜ծ իմ։
— Նա գնալիս է եղել դքսուհի դը Շևրյոզի և դուքս Բեկինգհեմի մոտ։
— Այո՜,— ծոր տվեց Բոնասիեն հիշողությունների մեջ խորանալով,— այո՜, ճշմարիտ է, ձերդ սրբազնությունն իրավացի է։ Ես ինքս մի քանի անգամ կնոջս ասել եմ. զարմանալի է, որ քաթանավաճառներն ապրում են այսպիսի տներում, առանց ցուցանակների։ Եվ ամեն անգամ իմ կինը սկսում էր քրքջալ. Ա՜խ, ձերդ պայծառափայլություն,— շարունակեց Բոնասիեն նորին սրբազնության ոտքերն ընկնելով։— Դուք իսկապես որ կարդինալն եք, մեծ կարդինալը, այն հանճարը, որի առաջ խոնարհվում են բոլորը։
Որքան էլ չնչին բան էր Բոնասիեի պես ողորմելի արարածի նկատմամբ հաղթանակ տանելը, այնուամենայնիվ կարդինալը մի վայրկյան հիանում էր դրանով։
Ապա, ասես ինչ-որ միտք առկայծեց, շուրթերի վրայով մի թեթև ժպիտ սահեց, և նա ձեռքը մեկնեց արդուզարդի վաճառականին։
— Վե՛ր կացեք, բարեկամս,— ասաց նա։— Դուք կարգին մարդ եք։
— Կարդինալը դիպա՜վ իմ ձեռքին, ես դիպա՜ մեծ մարդու ձեռքին,— ճչաց Բոնասիեն։— Մեծ մարդը ինձ իր բարեկամն անվանեց...
— Այո, բարեկամս, այո,— ասաց կարդինալը հայրական տոնով, որով նա երբեմն կարողանում էր խոսել, այնպիսի տոնով, որը կարող էր խաբել միայն Ռիշելիեին քիչ ճանաչող մարդկանց։— Ձեզ իզուր են մեղադրել, ուստի և հարկավոր է ձեզ պարգևատրել։ Ահա, վերցրեք այս քսակը, սրա մեջ հարյուր պիստոլ կա, և ներեցեք ինձ։
— Ես ձեզ ներե՞մ, ձերդ պայծառափայլություն,— ասաց Բոնասիեն, սիրտ չանելով ձեռք տալ փողի քսակին, հավանորեն երկյուղ կրելով, թե այդ ամենը կա-տակ է։— Դուք ազատ էիք ինձ ձերբակալելու, ազատ էիք խոշտանգելու, կախաղան հանելու, դուք մեր տիրակալն եք, ես չէի համարձակվի նույնիսկ ծպտուն հանել։ Ներել ձե՜զ, ձերդ պայծառափայլություն։ Մտածելն անգամ սոսկալի է։
— Ա՜խ, սիրելի պարոն Բոնասիե, դուք զարմանալի մեծահոգի մարդ եք։ Տեսնում եմ այդ և շնորհակալություն եմ հայտնում։ Այդպես ուրեմն, դուք կվերցնեք այս քսակը և այստեղից այնքան էլ դժգոհ չեք գնա։
— Ես գնում եմ լիակատար հիացմունքով։
— Դե, ուրեմն, գնաք բարով, կամ, ավելի լավ է՝ ցտեսություն, որովհետև, ես հույս ունեմ, մենք էլի կտեսնվենք։
— Երբ կամենա ձերդ սրբազնությունը, ես ամբողջ էությամբ պատրաստ եմ ծառայելու ձերդ սրբազնությանը։
— Մենք հաճախ կտեսնվենք, հանգիստ մնացեք։ Ձեզ հետ ունեցած զրույցս արտակարգ բավականություն պատճառեց ինձ։
— Օ՜, ձերդ սրբազնություն...
— Ցտեսություն, պարոն Բոնասիե, ցտեսություն։
Եվ կարդինալը ձեռքով նշան արեց, որին ի պատասխան Բոնասիեն խոնարհվեց մինչև գետին։ Ապա ետ-ետ գնալով դուրս եկավ սենյակից, և կարդինալը լսեց, թե ինչպես նախասենյակում նա ամբողջ ուժով գոռաց, «Կեցցե՜ նորին պայծառափայլությունը։ Կեցցե՜ նորին սրբազնությունը։ Կեցցե՜ մեծ կարդինալը»։
Կարդինալը ժպիտը դեմքին ականջ էր դնում Բոնասիեի ցնծագին զգացմունքների այդ աղմկահույզ ար-տահայտությանը։
— Ահա մի մարդ, որն այսուհետև պատրաստ կլինի մեռնելու ինձ համար,— ասաց նա ինքն իրեն, երբ Բոնասիեի աղաղակը լռեց հեռվում։
Եվ կարդինալը մեծագույն ուշադրությամբ կռացավ Լա-Ռոշելի քարտեզի վրա, որը, ինչպես արդեն ասել ենք, փռված էր նրա սեղանին, և սկսեց նրա վրա մատիտով գծել այն նշանավոր ամբարտակը, որը մեկ ու կես տարի անց փակեց պաշարված քաղաքի նավահանգստի մուտքը։ Նա ամբողջովին կլանված էր իր ստրատեգիական պլաններով, երբ հանկարծ նորից դուռը բացվեց և ներս մտավ Ռոշֆորը։
— Է՛, ինչպե՞ս եղավ,— աշխույժ հարցրեց կարդինալը, և նրա վեր կենալու արագությունից երևում էր, թե նա ինչպիսի կարևոր նշանակություն էր տալիս այն հանձնարարությանը, որ տվել էր կոմսին։
— Ահա թե ինչպես է դրությունը,— պատասխանեց կոմսը։— Ձերդ սրբազնության նշած տներում իսկապես ապրել են քսանվեց-քսանյոթ տարեկան մի ջահել կին և երեսունհինգ-քառասուն տարեկան մի տղամարդ։ Տղամարդն այնտեղ ապրել է չորս օր, կինը՝ հինգ։ Կինը մեկնել է այսօր գիշերը, իսկ տղամարդը՝ առավոտյան։
— Այդ նրանք են եղել,— գոչեց կարդինալը և պատի ժամացույցին նայելով ավելացրեց,— այժմ արդեն ուշ է նրանց հետևից մարդ ուղարկել. դքսուհին արդեն Տուրում կլինի, իսկ դուքս Բեկինգհեմը Բուլոնում։ Անհրաժեշտ կլինի նրա հետևից հասնել Լոնդոնում։
— Ի՞նչ հրաման ունի ձերդ սրբազնությունը։
— Կատարվածի մասին՝ ոչ մի խոսք։ Թող թագուհին ոչինչ չկասկածի։ Թող չիմանա, որ մենք թափանցել ենք նրա գաղտնիքի մեջ։ Թող ենթադրի, թե մենք զբաղված ենք ինչ-որ դավադրություն բացելով։ Ինձ մոտ կանչեցեք կանցլեր Սեգիեին։
— Իսկ ի՞նչ արեց ձերդ սրբազնությունն այն մարդուն։
— Ի՞նչ մարդ,— հարցրեց կարդինալը։
— Այն Բոնասիեին։
— Արի այն ամենը, ինչ կարելի էր անել։ Ես նրան դարձրի իմ լրտեսը, այժմ նա կլրտեսի իր սեփական կնոջը։
Կոմս Ռոշֆորը գլուխ խոնարհեց այն մարդու տեսքով, որն ընդունում է իր տիրակալի անհասանելի գերազանցությունը, և հեռացավ։ Մենակ մնալով՝ կարդինալը նորից նստեց բազկաթոռին, մի նամակ դրեց, կնքեց իր անձնական կնիքով և զանգահարեց։ Չորրորդ անգամ ներս մտավ միևնույն հերթապահ սպան։
— Ինձ մոտ կանչեցեք Վիտրեին,— ասաց կարդինալը,— և ասացեք, որ պատրաստ լինի հեռավոր ճամփորդության։
Մի քանի րոպե հետո արդեն նրա առաջ կանգնած էր իր կանչած մարդը՝ երկարաճիտ խթանավոր կոշիկներով, պատրաստ ճանապարհ ընկնելու։
— Վիտրե՛,— ասաց Ռիշելիեն։— Դուք անհապաղ պիտի սլանաք Լոնդոն։ Ճանապարհին ոչ մի տեղ, ոչ մի վայրկյան կանգ չառնեք։ Այո նամակը կհանձնեք միլեդիի ձեռքը։ Ահա երկու հարյուր պիստոլ վճարելու հրամանը։ Նույնքան էլ կստանաք, եթե վերադառնաք վեց օրից և լավ կատարեք իմ հանձնարարությունը։
Սուրհանդակն առանց պատասխան տալու գլուխ խոնարհեց, վերցրեց նամակն ու երկու հարյուր պիստոլի չեկը և դուրս եկավ։ Ահա թե ինչ էր գրված նամակում.
«Միլեդի, եղեք առաջին իսկ պարահանդեսին, որտեղ ներկա կլինի դուքս Բեկինգհեմը։ Նրա կամզոլի վրա դուք կտեսնեք տասներկու ադամանդե զարդերից պատրաստված վզնոց։ Մոտեցեք նրան և այդ ադամանդներից երկուսը կտրեցեք։
Հենց որ զարդերը ձեր ձեռքում կլինեն, իսկույն հաղորդեք ինձ»։