1. Երեք հրացանակիրներ

Chapter 14

Առաջին մաս XIII. Պարոն Բոնասիեն

Այս ամբողջ պատմության մեջ, ինչպես ընթերցողը կարող էր նկատել, կար մի մարդ, որով, չնայած նրա ծանր դրությանը, ոչ ոք չէր հետաքրքրվում։ Այդ մարդը պարոն Բոնասիեն էր, հարգարժան զոհը քաղաքական ու սիրային ինտրիգների, որոնք այնքան սերտորեն միահյուսվում էին այն ժամանակաշրջանում, որն այնքան հարուստ էր ասպետական սխրագործություններով և միաժամանակ սիրային արկածներով։

Բարեբախտաբար,— հիշո՞ւմ է արդյոք ընթերցողը, թե չի հիշում,— մենք խոստացանք աչքաթող չանել նրան։

Պարոն Բոնասիեին ձերբակալող ոստիկանները նրան տարան ուղիղ Բաստիլ և անցկացրին մի խումբ զինվորների կողքով, որոնք լցնում էին իրենց հրա-ցանները, ինչից պարոն Բոնասիեի մարմինը դող ընկավ։

Հետո, ընկնելով կիսանկուղային մի երկար միջանցք, նա ամենադաժան վերաբերմունքի ենթարկվեց իրեն ուղեկցողների կողմից, որոնք ամենակոպիտ հայհոյանքներ տեղացին նրա վրա։ Ոստիկանները տեսնելով, որ իրենց առաջ ո՛չ ազնվական ծագումով մի մարդ է, նրա հետ վարվում էին ինչպես ամենավերջին մուրացկանի հետ։

Կես ժամ անց՝ երևաց գրագիրը, որը վերջ դրեց նրա տանջանքներին, բայց ո՛չ անհանգստությանը, որովհետև կարգադրեց տանել նրան հարցաքննության սենյակը։ Սովորաբար ձերբակալվածներին հարցաքննում էին իրենց խցիկում, բայց պարոն Բոնասիեից հարկ չհամարեցին քաշվել։ Երկու ոստիկան տարաբախտ վաճառականի օձիքից բռնելով ստիպեցին նրան բակի միջով անցնել, տարան մի միջանցք, որտեղ կանգնած էին երեք ժամապահ, մի ինչ-որ դուռ բաց արին և նրան ներս հրեցին կամարակապ առաստաղով մի սենյակ, որտեղ միայն մի սեղան ու մի աթոռ կար և որտեղ գտնվում էր կոմիսարը։ Կոմիսարը սեղանի մոտ աթոռին նստած ինչ-որ բան էր գրում։

Ոստիկանները կալանավորին մոտեցրին սեղանին և կոմիսարի նշանով այնքան հեռացան, որ նրա ձայնը իրենց չհասնի։

Կոմիսարը, որ մինչ այդ գլուխը հակել էր իր թղթերի վրա, հանկարծ հայացքը բարձրացրեց՝ ցանկանալով ստուգել, թե ով է կանգնած իր առաջ։ Նա անբարեհամբույր տեսք ուներ՝ սուր քիթ, դեղին, դուրս ցցված այտոսկրեր, մանր, բայց շարժուն ու խորաթափանց աչքեր։ Դեմքին կար մի բան, որը միաժամանակ հիշեցնում էր և՛ կզաքիսի, և՛ աղվեսի։ Դատավորական սև պատմուճանի օձիքից դուրս ցցված շարժուն վզին նս-տած գլուխն օրորվում էր, ինչպես կրիայի գլուխ, որ դուրս էր ցցվել իր պատյանից։

Կոմիսարը նախևառաջ հարցրեց պարոն Բոնասիեի անուն-ազգանունը, զբաղմունքը և բնակավայրը։

Հարցաքննվողը պատասխանեց, որ իրեն կոչում են Ժակ-Միշել Բոնասիե, որ ինքը հիսունմեկ տարեկան է, անցյալում արդուզարդի խանութ է ունեցել, այժմ թողել է առևտուրը և ապրում է Գերեզմանափորների փողոցում, N11 տանը։

Դրանից հետո կոմիսարը հարցաքննությունը շարունակելու փոխարեն մի երկար ճառ ասաց այն վտանգի մասին, որ սպառնում է այդ փոքրիկ մարդուն, որը համարձակվել է քաղաքականության մեջ մտնել։ Բացի դրանից նա սկսեց երկար ու բարակ պատմել պարոն կարդինալի ուժի ու հզորության մասին, այդ չգերազանցված մինիստրի, բոլոր անցած մինիստրներին հաղթողի մասին, որը փայլուն օրինակ է հանդիսանում գալիք մինիստրների համար, որի գործողություններին ու իշխանությանը ոչ ոք չի կարող հակառակել և անպատիժ մնալ։

Իր ճառի այս մասն ավարտելով և բազեի հայացքը գամելով թշվառ Բոնասիեի վրա՝ կոմիսարը նրան առաջարկեց խորհել իր դրության մասին։ Արդուզարդի վաճառականի խոհերը բարդ չէին, նա նզովում էր այն օրն ու ժամը, երբ պարոն դը Լա Պորտը մտածեց իրեն ամուսնացնել իր ազգականուհու հետ, և մանավանդ այն ժամը, երբ այդ ազգականուհին նշանակվեց թագուհու հանդերձապահ։

Պարոն Բոնասիեի բնավորության հիմքն էր ամենախոր էգոիզմը՝ միացած ծայրահեղ ժլատության հետ, համեմված մեծագույն վախկոտությամբ։ Դեռատի կնոջ նկատմամբ տածած սերը երկրորդական զգացմունք էր և չէր կարող պայքարել այն թշնամական հատկությունների դեմ, որ հենց նոր թվեցինք մենք։

Բոնասիեն լրջորեն խորհեց նրա մասին, ինչ ասացին իրեն։

— Բայց, պարոն կոմիսար,— ասաց նա միանգամայն պաղարյուն,— հավատացեք, որ ես, ավելի քան որևէ մի ուրիշը, գիտեմ և գնահատում եմ նորին սրբազնության բոլոր արժանիքները, և զգում եմ, որ նա մեծ պատիվ է անում մեզ կառավարելով։

— Մի՞թե,— թերահավատությամբ հարցրեց կոմիսարը։— Եթե իրոք այդպես է, հապա ինչպե՞ս եք դուք ընկել Բաստիլ։

— Ինչպես, կամ ավելի ճիշտ՝ ինչի համար եմ ես այստեղ գտնվում, ահա այդ ես ոչ մի կերպ ձեզ ասել չեմ կարող, որովհետև այդ ինձ էլ հայտնի չէ։ Բայց, իհարկե, երևի ո՛չ այնպիսի արարքների համար, որոնք կարող են տհաճ լինել պարոն կարդինալին։

— Բայց դուք պետք է մի որևէ հանցանք գործած լինեիք, քանի որ ձեզ մեղադրում են պետական դավաճանության մեջ։

— Պետական դավաճանությո՞ւն,— սոսկումով գոչեց Բոնասիեն։— Պետական դավաճանությո՜ւն։ Ինչպե՞ս կարող է արդուզարդի խեղճ վաճառականը, որը տանել չի կարող հուգենոտներին և ատում է իսպանացիներին, ինչպե՞ս կարող է մեղադրվել պետական դավաճանության մեջ։ Դուք ինքներդ մտածեցեք, պարոն կոմիսար։ Ախր դա բոլորովին անկարելի բան է։

— Պարոն Բոնասիե՛,— ասաց կոմիսարը մեղադրյալին նայելով այնպես, ասես նրա մանրիկ աչքերը մարդկանց սրտի խորքը կարդալու ընդունակություն ունեին։— Պարոն Բոնասիե՛, դուք կին ունե՞ք։

— Այո, պարոն,— դողալով պատասխանեց արդուզարդի վաճառականը, զգալով, որ հենց այժմ կսկսվեն բարդությունները։— Ես... ես ունեի կին։

— Ինչպե՞ս թե «ունեի»։ Հապա ո՞ւր եք կորցրել նրան, եթե ունեցել եք։

— Նրան փախցրել են ինձնից, պարոն։

— Փախցրե՞լ են,— հարցրեց կոմիսարը։— Ա՜յ թե ինչ։

Բոնասիեն այդ «այ թե ինչ»-ից հասկացավ, որ իր գործն ավելի ու ավելի է խճճվում։

— Այդպես ուրեմն, նրան փախցրել են,— շարունակեց կոմիսարը։— Լավ, իսկ դուք գիտե՞ք, թե ով է փախցրել։

— Ինձ թվում է, թե գիտեմ։

— Իսկ ո՞վ է։

— Նկատեցեք, պարոն կոմիսար, որ ես ոչ մի բան չեմ պնդում։ Ես միայն կասկածում եմ։

— Իսկ ո՞ւմ եք կասկածում, անկեղծ պատասխանեցեք։

Պարոն Բոնասիեն շփոթվեց. արժե՞ արդյոք ամեն ինչ ժխտել, թե՞ ամեն ինչ անկեղծորեն խոստովանել։ Եթե սկսի ամեն ինչ ժխտել, կարող են ենթադրել, թե ինքը խիստ շատ բան գիտի և չի համարձակվում խոստովանել։ Այնինչ խոստովանելով՝ նա կապացուցի իր բարի կամքը։ Ուստի որոշեց ամեն ինչ ասել։

— Ես կասկածում եմ մի տղամարդու, որը բարձր հասակ ունի, սև մազեր, թուխ դեմք, պատկառելի տեսք և նման է անվանի ազնվականի։ Նա, ինձ թվում է, մի քանի անգամ հետևում էր մեզ, երբ ես Լուվրի դռան մոտ կնոջս էի սպասում և տուն տանում նրան։

Կոմիսարը ասես մի փոքր անհանգստացավ։

— Իսկ նրա անո՞ւնը,— հարցրեց նա։

— Օ՜, ես նրա անունը չգիտեմ, բայց եթե պատահի, որ հանդիպեմ, հավատացնում եմ, կճանաչեմ նրան թեկուզ հազար մարդու մեջ։

Կոմիսարը հոնքերր կիտեց։

— Ասում եք՝ նրան կճանաչե՞ք հազար մարդու մեջ,— հարցրեց նա։

— Ես ուզում էի ասել...— մրմնջաց Բոնասիեն, նկա-տելով, որ հաջող չի պատասխանել։— Ես ուզում էի ասել...

— Դուք պատասխանեցիք, որ կճանաչեիք նրան,— ասաց կոմիսարը։— Լավ։ Այսօր այսքանը բավական է։ Այս խոսակցությունը շարունակելուց առաջ անհրաժեշտ է մեկին տեղեկացնել, որ ձեզ հայտնի է, թե ով է փախցրել ձեր կնոջը։

— Բայց ես ձեզ չասացի, թե նա հայտնի է ինձ,— հուսահատորեն գոչեց Բոնասիեն։— Ես ճիշտ և ճիշտ հակառակն ասացի...

— Տարե՛ք կալանավորին,— հրամայեց կոմիսարը՝ դառնալով երկու ոստիկաններին։

— Ո՞ւր կհրամայեք տանել նրան,— հարցրեց գրագիրը։

— Խուց։

— Ո՞ր խուցը։

— Աստվա՜ծ իմ։ Որն էլ լինի։ Միայն թե ամուր փակվի,— ասաց կոմիսարն անտարբեր տոնով, որ սարսափ ներշնչեց թշվառ Բոնասիեին։

«Օ՜, Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ,— մտածում էր նա։— Փորձանք է ծանրացել իմ գլխին։ Երևի իմ կինը մի որևէ զարհուրելի հանցանք է գործել։ Ինձ համարում են նրա մեղսակիցը և կպատժեն նրա հետ միասին։ Երևի նա խոստովանել է, ասել է, որ ինձ տեղյակ է դարձրել ամեն ինչին։ Ախր կանայք այնքան թույլ արարածներ են։ Խո՜ւցը, առաջին իսկ պատահած խուցը։ Դե իհարկե։ Գիշերը կարճ է... իսկ վաղը՝ կախաղան։ Օ՜, աստվա ծ իմ, աստվա՜ծ իմ, ողորմա ինձ»։

Ոչ մի ուշադրություն չդարձնելով պարոն Բոնասիեի ողբագին գանգատներին, որոնց, ի դեպ, նրանք վաղուց պետք է վարժված լինեին, ոստիկանները կալանավորի երկու թևերից բռնեցին և տարան բանտախուց։ Կոմիսարը սկսեց շտապ ինչ-որ նամակ գրել։ Գրագիրը մի կողմ կանգնած նրան էր սպասում։

Այդ գիշեր Բոնասիեն աչք չփակեց։ Ոչ թե նրա համար, որ խուցն առանձնապես անհարմար էր, այլ սոսկալի տագնապը չէր թողնում նրան քնել։ Ամբողջ գիշեր նա նստել էր փոքրիկ նստարանին և ամենաչնչին ձայնից վեր էր թռչում։ Եվ երբ արեգակի առաջին ճառագայթները լուսամուտի վանդակի միջով ներս սահեցին, նրան թվաց, թե հենց արևն էլ սգո երանգ է ստացել։

Հանկարծ նա լսեց, թե ինչպես է ետ քաշվում սողնա-կը և նույնիսկ սարսափից վեր թռավ։ Նա մտածեց, թե եկել են իրեն տանելու կառափնարան։ Դրա համար էլ, երբ դռան մեջ դահճի փոխարեն երևաց երեկվա կոմիսարը իր գրագրի հետ, Բոնասիեն պատրաստ էր նրա վզովը փաթաթվելու։

— Ձեր գործը, սիրելիս,— ասաց կոմիսարը,— խիստ խճճվել է երեկվանից հետո։ Եվ ես ձեզ խորհուրդ եմ տալիս ճշմարտությունն ասել։ Միայն ձեր անկեղծ զղջումը կարող է մեղմացնել կարդինալի զայրույթը։

— Բայց ես պատրաստ եմ ամեն ինչ ասելու,— գոչեց Բոնասիեն։— Համենայնդեպս այն ամենը, ինչ ես գիտեմ։ Խնդրում եմ հարցեր տվեք ինձ։

— Ամենից առաջ. որտե՞ղ է գտնվում ձեր կինը։

— Բայց ես հո ասացի՞ ձեզ, որ նրան փախցրել են։

— Այո՛, բայց երեկ, ցերեկվա ժամը հինգից հետո նա ձեր оգնության շնորհիվ փախել է։

— Իմ կինը փախե՞լ է,— գոչեց Բոնասիեն։— Խեղճ կին։ Բայց, պարոն, եթե նա փախել է, ապա այդ իմ մեղքով չէ, երդվում եմ ձեզ։

— Դուք ինչո՞ւ ցերեկը մտել եք ձեր հարևանի՝ պարոն դ’Արտանյանի մոտ, որի հետ երկար խորհրդակցել եք ինչ-որ բանի մասին։

— Այո , այդ ճշմարիտ է, պարոն կոմիսար, խոստովանում եմ այդ և ընդունում եմ, որ այդ սխալ է եղել։ Ես իսկապես եղել եմ պարոն դ’Արտանյանի մոտ։

— Ի՞նչ նպատակով էիք գնացել նրա մոտ։

— Գնացել էի նրան խնդրելու, որ իմ կնոջը որոնի։ Ես կարծում էի, որ իրավունք ունեմ ետ պահանջելու նրան։ Երևում է՝ սխալվել եմ, և շատ եմ խնդրում ձեզ, ներեցեք ինձ։

— Իսկ ի՞նչ պատասխանեց ձեզ պարոն դ’Արտանյանը։

— Պարոն դ’Արտանյանը խոստացավ օգնել ինձ։ Բայց շուտով համոզվեցի, որ նա դավաճանում է ինձ։

— Դուք աշխատում եք դատարանին մոլորության մե՞ջ գցել։ Դ’Արտանյանը համաձայնության է եկել ձեզ հետ, և այդ համաձայնության պատճառով էլ նա վռնդել է այն ոստիկաններին, որոնք ձերբակալել էին ձեր կնոջը, և նրան թաքցրել է հետապնդումից։

— Պարոն դ’Արտանյանը փախցրել է իմ կնո՞ջը։ Ինչե՞ր եք ասում։

— Բարեբախտաբար պարոն դ’Արտանյանը մեր ձեռքումն է, և դուք հիմա նրա հետ առերեսում կունենաք։

— Դե ի՞նչ կա որ, ես, ճիշտն ասած, ուրախ կլինեմ դրան,— գոչեց պարոն Բոնասիեն։— Շատ կուզենայի գոնե մի ծանոթ դեմք տեսնել։

— Ներս բերեք պարոն դ’Արտանյանին,— հրամայեց կոմիսարը՝ դառնալով պահակներին։

Պահակները ներս բերեցին Աթոսին։

— Պարոն դ’Արտանյա՜ն,— ասաց կոմիսարը դառնալով Աթոսին,— ասացե՛ք, ինչ է տեղի ունեցել ձեր և այս պարոնի միջև։

— Բայց սա ամենևին էլ պարոն դ’Արտանյանը չէ՛,— գոչեց Բոնասիեն։

— Ինչպե՞ս թե դ’Արտանյանը չէ,— իր հերթին գոչեց կոմիսարը։

— Դե իհարկե՝ ոչ,— ասաց Բոնասիեն։

— Հապա ինչպե՞ս են կոչում այս պարոնին,— հարցրեց կոմիսարը։

— Չեմ կարող ասել, ես նրա հետ ծանոթ չեմ։

— Դուք սրա հետ ծանոթ չե՞ք։

— Ոչ։

— Դուք սրան երբեք չե՞ք տեսել։

— Տեսել եմ, բայց չգիտեմ նրա անունը։

— Ձեր անո՞ւնը,— հարցրեց կոմիսարը։

— Աթոս,— պատասխանեց հրացանակիրը։

— Բայց դա մարդկային անուն չէ։ Դա ինչ-որ սարի անուն է,— գոչեց խեղճ կոմիսարը, որն արդեն սկսել էր գլուխը կորցնել։

— Այդ իմ անունն է,— հանգիստ ասաց Աթոսը։

— Բայց դուք ասել եք, որ ձեզ կոչում են դ’Արտանյան։

— Ե՞ս եմ այդ ասել։

— Այո՛, դուք։

— Թույլ տվեք։ Ինձ հարցրին, «Դո՞ւք եք պարոն դ’Արտանյանը», որին ես պատասխանեցի, «Դուք այդպե՞ս եք կարծում», ոստիկանները գոռացին, թե իրենք համոզված են դրանում։ Ես էլ չվիճեցի նրանց հետ։ Բացի այդ, չէ՞ որ ես կարող էի սխալվել։

— Պարոն, դուք վիրավորում եք դատարանին։

— Ամենևին,— հանգիստ ասաց Աթոսը։

— Դուք պարոն դ’Արտանյանն եք։

— Այ, տեսնո՞ւմ եք. դուք նորից պնդում եք այդ։

— Բայց, պարոն կոմիսար,— գոչեց Բոնասիեն,— հավատացնում եմ ձեզ, այստեղ ոչ մի կասկած լինել չի կարող։ Պարոն դ’Արտանյանն իմ տնվորն է, հետևապես, թեպետև նա բնակարանի վարձը չի վճարում, կամ հենց թեկուզ այդ պատճառով, ես պետք է ճանաչեմ նրան։ Պարոն դ’Արտանյանը երիտասարդ տղա է, տասնինը-քսան տարեկանից ո՛չ ավելի, իսկ այս պարոնն առնվազն երեսուն տարեկան կլինի։ Պարոն դ’Արտանյանը պարոն Դեզեսարի գվարդիականներից է, իսկ այս պարոնը հրացանակիր է, պարոն դը Տրևիլի վաշտից։ Նայեցեք սրա հագուստին, պարոն կոմիսար, նայեցեք սրա հագուստին։

— Ճիշտ որ,— մրթմրթաց կոմիսարը։— Գրողը տանի, այդ ճշմարիտ է։

Այգ րոպեին դուռը բացվեց, և սուրհանդակը, որին ներս բերեց Բաստիլի բանտապաններից մեկը, ինչ-որ նամակ տվեց կոմիսարին։

— Ա՛խ, անպիտա՛ն կին,— գոչեց կոմիսարը։

— Ինչպե՞ս։ Ինչ ասացի՞ք։ Այդ ո՞ւմ մասին եք ասում դուք։ Հուսով եմ՝ իմ կնոջ մասին չէ։

— Հենց իսկ և իսկ նրա մասին։ Լա՜վ գործեր եք բռնում դուք, բան չունեմ ասելու։

— Բայց ի՞նչ գործ ախր,— գոչեց արդուզարդի վաճառականը բոլորովին հուսահատված։— Բարի եղեք, պարոն կոմիսար, բացատրեցեք ինձ, ինչպես կարող է իմ գործը վատանալ նրանից, ինչ որ անում է իմ կինը այն ժամանակ, երբ ես նստած եմ բանտում։

— Որովհետև այն ամենը, ինչ անում է ձեր կինը, միայն շարունակությունն է ձեր միասնաբար մտածած ծրագրի։ Հրեշավոր ծրագրի։

— Երդվում եմ, պարոն կոմիսար, որ դուք խորապես սխալվում եք. ես պատկերացում էլ չունեմ, թե ինչ է մտածել անել իմ կինը, ես ամենաչնչին կապն անգամ չունեմ այն ամենի հետ, ինչ արել է նա, և եթե նա հիմարություններ է արել, ես հրաժարվում եմ նրանից, հրաժարվում եմ և նզովում նրան։

— Լսեք ինձ, պարոն կոմիսար,— հանկարծ ասաց Աթոսը։— Եթե ես ձեզ այլևս հարկավոր չեմ, հրամայեցեք տանել ինձ որևէ տեղ։ Ձեր այս պարոն Բոնասիեն արդեն բավական ձանձրացրեց ինձ։

— Ձերբակալվածներին տարեք իրենց խցերը,— հրամայեց կոմիսարը միևնույն շարժումով ցույց տալով Աթոսին ու Բոնասիեին,— և թող որքան կարելի է խիստ հսկեն նրանց։

— Եթե դուք պահանջ ունեք պարոն դ’Արտանյանից,— իր սովորական հանգիստ տոնով ասաց Աթոսը,— ապա ես ամենևին չեմ հասկանում, թե ո՛ր չափով կարող եմ փոխարինել նրան։

— Արեք ինչպես հրամայվա՛ծ է,— գոռաց կոմիսարը։— Եվ ո՛չ մի հարաբերություն արտաքին աշխարհի հետ։ Լսո՞ւմ եք։

Աթոսը ուսերը թոթվելով հետևեց պահակներին, իսկ Բոնասիեն ամբողջ ճանապարհին այնպես էր լալիս ու հառաչում, որ նույնիսկ վագրի գութը կարող էր շարժել։

Արդուզարդի վաճառականին տարան այն նույն խուցը, որտեղ նա անց էր կացրել գիշերը, և այնտեղ թողին նրան ամբողջ օրը։ Եվ ամբողջ օրը Բոնասիեն լաց էր լինում ինչպես իսկական արդուզարդի վաճառական. չէ՞ որ հենց իր սեփական խոստովանությամբ՝ նրա մեջ մարտական ոգու ստվեր անգամ չկար։

Ի դեպ, ժամը իննին մոտ, երբ նա պատրաստվում էր քնելու, միջանցքում քայլեր լսվեցին։ Քայլերը մո-տեցան նրա խցին, դուռը բացվեց, և ներս մտան ժամապահները։

— Հետևեցե՛ք ինձ,— ասաց ոստիկանական պաշտոն-յան, որ ներս էր մտել զինվորների հետ։

— Հետևել ձե՞զ,— գոչեց Բոնասիեն։— Հետևել ձեզ այս ժամի՞ն։ Այդ ո՞ւր ախր, ողորմած աստված։

— Այն տեղ, ուր մեզ հրամայված է տանել ձեզ։

— Բայց դա պատասխան չէ։

— Սա միակ բանն է, որ մենք կարող ենք ասել ձեզ։

— Օ՜, աստվա՜ծ իմ, աստվա՜ծ իմ,— շշնջաց խեղճ Բոնասիեն։ —Այս անգամ արդեն ես կորած եմ։

Եվ նա բոլորովին խորտակված, առանց որևէ դիմադրության հետևեց պահակներին։

Նրան տարան այն նույն միջանցքով, որով արդեն մի անգամ անցել էր, հետո բակը կտրեցին, անցան մի ուրիշ շենքի միջով և վերջապես հասան գլխավոր մուտքի դարպասին, որտեղ նրանց սպասում էր մի կառեթ՝ շրջապատված չորս ձիավորներով։ Բոնասիեին կառեթ նստեցրին, ոստիկանական պաշտոնյան տեղավորվեց նրա կողքին, դռնակը բանալիով փակեցին, և երկուսն էլ մնացին ասես շարժական բանտի մեջ։

Կառեթը շարժվեց՝ դանդաղ ինչպես սգո դիակառք։ Լուսամուտի երկաթյա վանդակի միջով կալանավորը կարող էր տեսնել միայն տներն ու սալահատակը։ Սակայն բնիկ փարիզեցին, ինչպիսին էր Բոնասիեն, յուրաքանչյուր փողոց ճանաչում էր անկյունաքարերով, ցուցանակներով ու լապտերներով։ Մոտենալով Սուրբ Պողոսի եկեղեցուն, որի մոտ մահապատիժ էին տալիս Բաստիլի մահվան դատապարտված կալանավորներին, նա քիչ մնաց ուշաթափվեր և երկու անգամ խաչակնքեց երեսը։ Նա կարծում էր, թե կառեթը այստեղ կանգ կառնի, սակայն կառեթն անցավ առաջ։

Մի փոքր առաջ գնալուց հետո նա նորից անսահման սարսափ ապրեց։ Նրանք անցնում էին Սուրբ Հակոբի գերեզմանատան մոտով, որտեղ թաղում էին պալատական հանցագործներին։ Մի բան միայն փոքր-ինչ հանգստացնում էր նրան, այդ հանցագործներին թաղելուց առաջ սովորաբար նրանց գլուխը կտրում էին, այնինչ նրա սեփական գլուխը դեռ ամուր նստած էր ուսերին։ Բայց երբ նա տեսավ, որ կառեթը շուռ է գալիս դեպի Գրևի հրապարակը, երբ տեսավ քաղաքային խորհրդարանի սրագագաթ տանիքը, և երբ կառեթը անցավ կամարի տակով, նա մտածեց, որ ամեն ինչ վերջացած է, փորձեց խոստովանանք անել ոստիկանական պաշտոնյայի առաջ, և երբ նա մերժեց, Բոնասիեն սկսեց այնպես աղիողորմ գոռալ, որ պաշտոնյան սպառնաց նրա բերանը խցոց կոխել, եթե շարունակի գոռալ։

Այս սպառնալիքը մի փոքր հանգստացրեց Բոնասիեին։ Եթե մտադիր էին իրեն մահապատիժ տալ Գրևի հրապարակում, ապա հարկ չկար իր բերանը փակելու, չէ՞ որ արդեն համարյա հասել էին մահապատժի վայրը։ Եվ իրոք, կառեթն առանց կանգ առնելու անցավ այդ ճակատագրական հրապարակով։ Պետք էր երկյուղ կրել մեկ էլ Տրահուար-Խաչից։ Եվ հենց այն կողմն էլ շուռ եկավ կառեթը։

Այս անգամ տարակույս լինել չէր կարող։ Տրահուար-Խաչ հրապարակում մահապատիժ էին տալիս ստորին ծագում ունեցող մահապարտներին։ Բոնասիեն իզուր էր ինքն իրեն մխիթարում, մտածելով, թե ինքն արժանի է Սուրբ Պողոսի կամ Գրևի հրապարակներին։ Նրա ուղևորությունը և նրա կյանքը կվերջանա Տրահուար-Խաչ հրապարակում։ Նա դեռ չէր տեսնում չարաբաստիկ խաչը, բայց համարյա զգում էր, թե ինչպես է այդ խաչը շարժվում իրեն ընդառաջ։ Այդ չարաբաստիկ վայրից մի քսան քայլ հեռավորության վրա ամբոխի դժժոց լսվեց, և կառեթը կանգ առավ։ Թշվառ Բոնասիեն, որն արդեն ընկճվել էր այդ ապրումներից, արդեն ի վիճակի չէր դիմանալու։ Նա մի թույլ ճիչ արձակեց, որը կարելի էր համարել մեռնողի վերջին հառաչանք, և ուշաթափվեց։

Comments