1. Երեք հրացանակիրներ

Chapter 13

Առաջին մաս XII. Ջորջ Վիլիերս, Բեկինգհեմի դուքս

Տիկին Բոնասիեն և դուքսը առանց դժվարությունների մտան Լուվր։ Տիկին Բոնասիեին ճանաչում էին, գիտեին, որ նա թագուհու սպասուհիներից մեկն է, իսկ դուքսը պ-րն դը Տրևիլի հրացանակիրների համազգեստով էր, իսկ հրացանակիրների մի վաշտը, ինչպես արդեն ասել ենք, այդ երեկո պալատում հերթապահություն էր անում։ Ի դեպ, Ժերմենը կուրորեն նվիրված էր թագուհուն, և եթե մի որևէ բան պատահեր, տիկին Բոնասիեին կմեղադրեին միայն նրա համար, որ նա իր սիրեկանին Լուվր է բերել։ Դրանով էլ ամեն ինչ կվերջանար։ Նա մեղքն իր վրա կվերցներ, իր անբիծ անունը, ճիշտ է, կարատավորեր, բայց աշխարհի ուժեղների համար ի՞նչ նշանակություն ունի մի ինչ-որ արդուզարդի վաճառականի կնոջ անբիծ անունը։

Մտնելով բակ, դուքսը և տիկին Բոնասիեն մի քսանհինգ քայլ գնացին քարե ցանկապատի երկարությամբ։ Ապա տիկին Բոնասիեն սեղմեց սպասավորների փոքրիկ դռան բռնակը։ Այդ դուռը, որ ցերեկը բաց էր լինում, իսկ գիշերը սովորաբար փակվում էր, հեշտությամբ բացվեց։ Նրանք ներս մտան։ Շուրջը խավար էր, սակայն տիկին Բոնասիեին լավ ծանոթ էին Լուվրի այդ մասի բոլոր մուտքերն ու անցուղիները, որովհետև այդ մասը հատկացված էր պալատի սպասավորներին։ Դուռը իր հետևից փակելով՝ տիկին Բոնասիեն դքսին թևանցուկ արեց, խարխափելով մի քանի քայլ առաջ գնաց, սանդուղքի բազրիքը բռնեց, ոտքի շոշափումով աստիճանը գտավ և սկսեց բարձրանալ։ Դուքսը հետևում էր նրան։ Նրանք հասան երրորդ հարկ։ Այստեղ տիկին Բոնասիեն թեքվեց դեպի աջ, իր ուղեկցին տարավ մի երկար միջանցքով, մի հարկ ցած իջավ էլի մի քանի քայլ առաջ գնաց, բանալին մտցրեց մի փականքի մեջ, դուռը բաց արեց և դքսին հրեց մի սենյակ, որը լուսավորված էր միայն գիշերային լամպով։

— Մնացեք այստեղ, միլորդ,— շշնջաց նա։— Հիմա կգան։

Այս ասելով, նա նույն դռնով դուրս եկավ և այն փակեց բանալիով, այնպես որ դուքսը մնաց որպես գերի, բառիս բուն իմաստով։

Չի կարելի չնշել, որ դուքս Բեկինգհեմը, չնայած բոլորովին մենակ էր։ Բայց վախ չէր զգում։ Նրա բնավորության ամենահատկանշական գծերից մեկը՝ ծարավն էր արկածների և սերը ամեն տեսակ ռոմանտիկ բնի նկատմամբ։ Համարձակ, քաջարի ու ձեռներեց այդ մարդը շատ անգամ էր այսպիսի հանգամանքներում վտանգի ենթարկել իր կյանքը։ Նրան արդեն հայտնի էր, որ Աննա Ավստրիացու նամակը, որն իրեն ստիպել էր սլանալ Փարիզ, կեղծ է եղել և պետք է իրեն ծուղակի մեջ գցեր։ Սակայն, փոխանակ Լոնդոն վերադառնալու, օգտվելով դիպվածից, նա խնդրել էր թագուհուն հաղորդել, որ առանց նրա հետ տեսնվելու չի գնա։ Թագուհին սկզբում վճռականապես մերժել էր, հետո երկյուղելով, թե իր մերժումից հուսահատության հասած դուքսը կարող է որևէ անմտություն թույլ տալ, որոշել էր ընդունել նրան, որպեսզի խնդրի անմիջապես վերադառնալ։ Բայց այդ նույն երեկոյան, երբ նա այս որոշումն էր ընդունել, փախցրին տիկին Բոնասիեին, որին հանձնարարված էր գնալ դքսի մոտ և նրան բերել Լուվր։ Երկու օր ոչ ոք չգիտեր, թե ինչ է պատահել տիկին Բոնասիեին և ամեն ինչ կանգ էր առել։ Բայց հենց որ տիկին Բոնասիեն դուրս պրծավ նրանց ձեռքից և Լա Պորտի հետ տեսնվեց, նորից ամեն ինչ շարժման մեջ մտավ, և նա մինչև վերջ հասցրեց վտանգավոր նախաձեռնությունը, որ, եթե նրան Հափշտակած չլինեին, երեք օր շուտ գլուխ կգար։

Մենակ մնալով՝ դուքսը մոտեցավ հայելուն։ Հրացանակրի հագուստը շատ էր սազում նրան։

Նա կլիներ երեսունհինգ տարեկան, և իզուր չէր, որ ամենագեղեցիկ ազնվականի ու ամենանրբին ասպետի համբավ ուներ ինչպես ամբողջ Ֆրանսիայում, այնպես էլ Անգլիայում։

Լինելով երկու թագավորների սիրելին, բազում միլիոնների տեր, չտեսնված իշխանություն ունենալով երկրում, որը նա իր քմահաճույքով մերթ վրդովում էր, մերթ խաղաղեցնում, ենթարկվելով միայն իր հաճույքներին, Ջորջ Վիլիերսը՝ դուքս Բեկինգհեմը, վարում էր հեքիաթային կյանք, որը նույնիսկ դարեր անցնելուց հետո կարող էր իր սերունդներին զարմանք պատճառել։

Լինելով ինքնավստահ, համոզված, որ ուրիշ մարդկանց կառավարող օրենքները ամենևին չեն վերաբերում իրեն, հույս դնելով իր հզորության վրա՝ նա գնում էր ուղիղ դեպի իր նպատակը, թեկուզև այդ նպատակը այնքան կուրացուցիչ ու բարձր լիներ, որ ուրիշ ամեն մի մարդու ցնորամտություն թվար նույնիսկ նրա մասին մտածելը։ Այս ամենը միասին նրան վճռականություն էր տալիս՝ հանդիպումներ որոնելու չքնաղ ու անմատչելի Աննա Ավստրիացու հետ և շլացնելով նրան՝ սեր արթնացնելու նրա սրտում։

Եվ այսպես, ինչպես արդեն ասացինք, Ջորջ Վիլիերսը կանգ առավ հայելու առաջ։ Ուղղելով իր գեղեցիկ ոսկեփայլ մազերը, որ փոքր-ինչ ճմրթվել էին հրացանակրի գլխարկից, բեղերը ոլորելով, հրճվանքով լեցուն, հպարտ ու երջանիկ, որ մոտ է փափագած րոպեն, նա ժպտաց իր արտացոլմանը՝ հույսով ու հպարտությամբ տոգորված ժպիտով։

Այդ նույն րոպեին բացվեց պատի մեջ վարագուրված մի դուռ, և սենյակ մտավ մի կին։ Դուքսը նրան տեսով հայելու մեջ և թեթև ճիչ արձակեց. ներս մտնողը թագուհին էր։

Աննա Ավստրիացին այդ ժամանակ քսանվեց կամ քսանյոթ տարեկան էր և գտնվում էր իր գեղեցկության լիակատար ծաղկուն հասակում։ Նա թագուհու կամ թե աստվածուհու քայլվածք ուներ։ Զմրուխտափայլ աչքերը գեղեցկության կատա-րելություն էին թվում և լի էին քնքշությամբ ու միաժամանակ վեհությամբ։

Փոքրիկ ալ կարմիր բերանը չէր փչացնում նույնիսկ ստորին շրթունքը, որ փոքր-ինչ դուրս էր ցցված, ինչպես ավստրիական թագավորական տան բոլոր շառավիղներինն էր, նա չքնաղ էր իր ժպիտով, բայց կարողանում էր արտահայտել նաև խոր արհամարհանք։

Նրա մաշկը հայտնի էր իր քնքուշ ու թավշանման նրբությամբ, ձեռքերը և ուսերը զարմացնում էին իրենց գծագրության գեղեցկությամբ, և իր ժամանակի բոլոր բանաստեղծները գովերգում էին նրան իրենց ոտանավորներում։ Վերջապես նրա մազերը, որ մատաղ հասակում խարտյաշ էին, բայց աստիճանաբար դարչնագույն երանգ էին ստացել, այժմ հյուսված ու փոքր-ինչ փոշեպատված՝ չքնաղորեն շրջանակում էին նրա երեսը, որին ամենախիստ քննադատն էլ գուցե թե կցանկանար միայն մի քիչ ավելի պակաս վառ գույներ, իսկ ամենապահանջկոտ քանդակագործը՝ քթի ավելի շատ նրբություն։

Դուքս Բեկինգհեմը մի պահ ապշահար քար կտրեց. պարահանդեսների, տոնախմբությունների ու խնջույքների ժամանակ Աննա Ավստրիացին երբեք նրան այնքան չքնաղ չէր թվացել, ինչպես այժմ, երբ նա է ճերմակ մետաքսե պարզ շորով սենյակ մտավ՝ ուղեկցությամբ դոննա Էստեֆանիայի, որ միակն էր նրա իսպանացի սպասուհիներից, որը դեռևս գոհ չէր գնացել թագավորի խանդին ու կարդինալ Ռիշելիեի որոգայթներին։

Աննա Ավստրիացին մի քայլ արեց դեպի դուքսը։ Բեկինգհեմը ընկավ նրա ոտքերը, և նախքան թագուհին կկարողանար արգելել, նրա հագուստի փեշը հպեց իր շրթունքներին։

— Դուքս, դուք արդեն գիտեք, որ այն նամակը ես չեմ թելադրել։

— Օ՜, այո՛, տիրուհի՛, այո՛, ձերդ մեծություն,— բացականչեց դուքսը։— Գիտեմ, որ ես հիմար ու անմիտ եմ եղել, հավատալով, թե ձյունը կարող է կենդանանալ, մարմարը՝ ջերմություն ճառագել։ Բայց ի՛նչ արած, երբ սիրում ես, շատ հեշտ է հավատալ փոխադարձ սիրուն։ Բացի այդ, ես իզուր չեմ կատարել այս ճանապարհորդությունը, քանի որ, այնուամենայնիվ, ահա տեսնում եմ ձեզ։

— Այո՛,— պատասխանեց Աննա Ավստրիացին,— բայց ձեզ հայտնի է, թե ես ինչու եմ համաձայնել տեսակցել ձեզ հետ։ Անողոք լինելով իմ բոլոր վշտերի նկատմամբ՝ դուք համառորեն հրաժարվում էիք հեռանալ այս քաղաքից, թեև այստեղ մնալով՝ դուք վտանգի եք ենթարկում ձեր կյանքը և ինձ էլ ստիպում եք վտանգի ենթարկել իմ պատիվը։ Ես համաձայնեցի տեսակցել ձեզ հետ, որպեսզի ձեզ ասեմ՝ մեզ բաժանում է ամեն ինչ խորունկ ծովը, մեր թագավորությունների թշնամանքը, Տրված երդումների սրբությունը։ Սրբապղծություն է այդ ամենի դեմ պայքարել, միլո՛րդ։ Ես, վերջապես, համաձայնեցի տեսակցել ձեզ հետ նրա համար, որպեսզի ձեզ ասեմ, որ մենք այլևս չպետք է տեսնվենք։

— Շարունակեցե՛ք, տիրուհի, շարունակեցե՛ք, թագուհի,— խոսեց Բեկինգհեմը։ — Ձեր ձայնի քնքշությունը մեղմացնում է ձեր խոսքերի դաժանությունը։ Դուք խոսում եք սրբապղծության մասին։ Սակայն սրբապղծություն է այն սրտերի անջատումը, որոնք աստված ստեղծել է միմյանց համար։

— Միլո՛րդ,— գոչեց թագուհին։— Դուք մոռանում եք՝ ես երբեք չեմ ասել, որ սիրում եմ ձեզ։

— Բայց դուք երբեք չեք է՛լ ասել, որ չեք սիրում ինձ։ Եվ հիրավի, այդպիսի խոսքեր արտասանելը խիստ ապերախտություն կլիներ ձերդ մեծության կողմից։ Որովհետև, ասացեք ինձ, որտե՞ղ կգտնեք դուք այնպիսի սեր, ինչպիսին իմ սերն է, այնպիսի սեր, որը մարել չկարողացան ոչ անջատումը, ոչ ժամանակը, ոչ անհուսալիությունը։ Մի սեր, որ պատրաստ է գոհանալու պատահմամբ գցած մի ժապավենով, վայրկենական հայացքով, պատահաբար դուրս թռած մի բառով։ Ահա արդեն երեք տարի է, տիրուհի, ինչ առաջին անգամ տեսա ձեզ, և ահա արդեն երեք տարի է, ինչ ես այդպես սիրում եմ ձեզ։ Ուզո՞ւմ եք, պատմեմ, թե ինչպես էիք հագնված, երբ առաջին անգամ տեսա ձեզ։ Ուզո՞ւմ եք, նույնիսկ մանրամասն նկարագրեմ ձեր հագուստի զարդերը... Ես տեսնում եմ ձեզ, ինչպես այժմ. դուք նստած էիք բարձերի վրա ըստ իսպանական սովորության, ձեր հագին կանաչ ատլասե շոր էր՝ արծաթակար ու ոսկեկար, լայն կախ ընկած թևքերը բարձրացրած էին արմունկներից վեր, ազատ թողնելով ձեր սքանչելի ձեռքերը, ահա այդ չքնաղ ձեռքերը, և հավաքված, ամրացված էին խոշոր ադամանդե կոճակներով։ Ձեր պարանոցը ծածկում էր մի ժանեկազարդ խորշան։ Ձեր գլխին մի փոքրիկ գլխարկ էր՝ նույն գույնի, ինչ ձեր հագուստն էր, իսկ գլխարկի վրա կար ձկնկուլի մի փետուր... Օ՜, այո՛, այո՛, ես փակում եմ աչքերս և ձեզ տեսնում եմ այնպես, ինչպես այն ժամանակ էիք, բացում եմ աչքերս և ձեզ տեսնում եմ այնպես, ինչպես այժմ եք, այ-սինքն՝ հարյուրապատիկ չքնաղ։

— Ի՜նչ ցնորամտություն,— շշնջաց Աննա Ավստրիացին, որը քաջություն չուներ բարկանալու դքսի վրա՝ իր պատկերն այդպես խնամքով սրտում պահելու համար։— Ի՞նչ անմտություն՝ նման հիշողություններով անօգուտ կիրք տածել։

— Էլ ուրիշ ինչո՞վ ապրեմ ես։ Չէ՞ որ հիշողու-թյուններից բացի ուրիշ ոչինչ չունեմ։ Նրանք են իմ երջանկությունը, իմ գանձը, իմ հույսը։ Ձեզ հետ ունեցած ամեն մի հանդիպում մի ադամանդ է, որ ես պահում եմ իմ հոգու գանձարանում։ Այս օրվա հանդիպումը չորրորդ գանձն է, որ գցել եք դուք և վերցրել եմ ես։ Չէ՞ որ երեք տարվա ընթացքում, տիրուհի, ես ձեզ տեսել եմ ընդամենը չորս անգամ, առաջին հանդիպման մասին ես հենց նոր պատմեցի, երկրորդ անգամ ես ձեզ տեսել եմ տիկին դը Շևրյոզի մոտ, երրորդ անգամ՝ Ամիենի այգիներում։

— Դուքս,— շառագունելով շշնջաց թագուհին,— մի՛ հիշեք այդ հանդիպումը։

— Օ՜, ո՛չ, ընդհակառակն. հիշենք այդ հանդիպումը, տիրուհի։ Այդ իմ կյանքի ամենաերջանիկ, ամենաուրախ երեկոն էր։ Հիշո՞ւմ եք ինչպիսի երեկո էր։ Օդը մեղմ էր ու անուշ բուրմունքով հագեցած։ Կապույտ երկնքում շողշողում էին աստղերը։ Օ՜, այն երեկո, տիրուհի, ինձ հաջողվեց մի կարճ ակնթարթ ձեզ հետ մենակ մնալ։ Այն երեկո դուք պատրաստ էիք պատմելու ինձ ամեն ինչի մասին՝ ձեր մենության և ձեր հոգու տառապանքների մասին։ Դուք հենվում էիք իմ թևին։ Ահա հենց այս թևին։ Կռանալիս ես զգում էի, թե ինչպես ձեր հրաշալի մազերը դիպչում են իմ երեսին և ամեն մի շփում ինձ դող էր պատճառում ոտքից մինչև գլուխ։ Թագուհի՜, օ՜, իմ թագուհի։ Դուք չգիտեք, թե ինչ երկնային երջանկություն, ինչ դրախտային երանություն է պարունակում այդպիսի վայրկյանը, իմ բոլոր տիրապետությունները, հարստությունը, փառքը, իմ բոլոր օրերը, որ դեռ մնացել է ինձ ապրելու, ես պատրաստ եմ տալու այդպիսի մի վայրկյանի համար, այդպիսի մի գիշերվա համար։ Որովհետև այն գիշեր, տիրուհի, այն գիշեր դուք սիրում էիք ինձ, երդվում եմ...

— Միլո՛րդ, հնարավոր է, այո , այգու թովչանքը, այդ չքնաղ երեկոյի հրապույրը, ձեր հայացքի ներգործությունը, բոլոր անհամար հանգամանքները, որոնք երբեմն միաձուլվում են կնոջը կործանելու համար, այդ ճակատագրական երեկոյին միավորվել էին իմ շուրջը։ Բայց դուք տեսաք, միլորդ, որ թագուհին օգնության հասավ թուլացող կնոջը, առաջին իսկ խոսքին, որ դուք սիրտ արիք արտասանել, առաջին իսկ ազատությանը, որին ես պետք է պատասխանեի, ես կանչեցի իմ սպասուհուն։

— Օ՜, այո՛, ճշմարիտ է։ Եվ որևէ ուրիշ սեր, բացի իմ սիրուց, չէր կարող դիմանալ նման փորձության։ Սակայն իմ սերը այդ փորձությունը հաղթահարելով ավելի ուժեղ բորբոքվեց, հավիտյանս տիրապետեց իմ սրտին։ Դուք կարծում էիք, թե Փարիզ վերադառնալով ազատվեցիք ինձնից, դուք մտածում էիք, թե ես չեմ համարձակվի թողնել այն գանձը, որ իմ տերը հանձնարարել էր ինձ պաշտպանել։ Բայց ի՞նչ գործ ունեի աշխարհի բոլոր գանձերի, բոլոր թագավորների հետո մի շաբաթ էլ չանցած ես վերադարձա, տիրուհի։ Այս անգամ դուք ինձ կշտամբելու բան չունեիք։ Ես վտանգի ենթարկեցի իմ թագավորի ողորմածությունը, վտանգի ենթարկեցի իմ կյանքը, որպեսզի գեթ մի ակնթարթ տեսնեմ ձեզ, ես նույնիսկ չդիպա ձեր ձեռքին, և դուք ներեցիք ինձ, տեսնելով իմ զղջումն ու հնազանդությունը։

— Այո, սակայն զրպարտությունն օգտվեց այդ բոլոր ցնորամտություններից, որոնց մեջ, միլորդ, դուք ինքներդ գիտեք, ես ոչ մի մեղք չունեի։ Թագավորը, որին գրգռում էր կարդինալը, խիստ զայրացավ։ Տիկին դը Վերնեն հեռացվեց, Պյուտանժը արտաքսվեց Ֆրանսիայից, տիկին դը Շևրյոզը շնորհազուրկ եղավ։ Իսկ երբ դուք ցանկացաք որպես դեսպան վերադառնալ Ֆրանսիա, թագավորն անձամբ, հիշեցեք այս, միլորդ, թագավորն անձամբ դեմ եղավ դրան։

— Այո, և Ֆրանսիան պատերազմով հատուցեց իր թագավորի մերժումը։ Ես զրկված եմ ձեզ տեսնելու հնարավորությունից, տիրուհի։ Ինչ արած, ես ուզում եմ, որ դուք ամեն օր լսեք իմ մասին։ Ի՞նչ եք կարծում ի՞նչ նպատակ ուներ հեռարշավախումբը դեպի Ռե կղզին և դաշինքը Լա-Ռոշելի բողոքականների հետ, որ ես մտածում եմ կնքել։ Ձեզ տեսնելու բավականությունը։ Ես չեմ կարող հուսալ, թե զենքը ձեռքիս կտիրեմ Փարիզին, այդ ես գիտեմ։ Բայց այս պատերազմին կհետևի հաշտություն կնքելը, հաշտություն կնքելը բանակցություններ կպահանջի, բանակցություններ վարելը կհանձնարարվի ինձ։ Այն ժամանակ արդեն չեն համարձակվի ինձ չընդունել, և ես կվերադառնամ Փարիզ ու գեթ մի ակնթարթ կտեսնեմ ձեզ և ես երջանիկ կլինեմ։ Ճիշտ է, հազարավոր մարդիկ այդ երջանկության համար իրենց կյանքը կտան։ Բայց այդ իմ գործը չէ, միայն թե տեսնեմ ձեզ։ Այս ամենը գուցե և ցնորամտություն է, զառանցանք, բայց ասացեք, ո՞ր կինն է ունեցել մեկը, որն ավելի ուժեղ կրքով է աստվածացրել իրեն։ Ո՞ր թագուհին ավելի նվիրված ծառա է ունեցել։

— Միլո՛րդ, միլո՛րդ, ձեզ արդարացնելու համար դուք բերում եք ձեզ արատավորող պատճառաբանություններ։ Միլո՛րդ, ձեր սիրո ապացույցները, որոնց մասին դուք խոսում եք, չէ՞ որ համարյա հանցագործություններ են։

— Միայն նրա համար, որ դուք չեք սիրում ինձ, տի-րուհի։ Եթե դուք ինձ սիրեիք, այս ամենը այլ կերպ կերևար ձեզ։ Բայց եթե դուք սիրեիք ինձ... եթե դուք սիրեիք ինձ, դա չափից ավելի մեծ երջանկություն կլիներ և ես կխելագարվեի։ Այո, տիկին դը Շևրյոզը, որի մասին հենց նոր դուք հիշատակեցիք, տիկին դը Շևրյոզը շատ ավելի քիչ անողոք էր. Հոլանդը<ref>Հոլանդ — Հենրի Ռիչ բարոն Քեսինգտոն, կոմս Հոլանդ անգլիական արքունիքի պալատական, դիվանագետ։</ref> սիրում էր նրան, և նա սիրով էր պատասխանում։

— Տիկին դը Շևրյոզը թագուհի չէ,— շշնջաց Աննա Ավստրիացին՝ չկարողանալով դիմադրել զգացմունքների այդպիսի խոր դրսևորմանը։

— Նշանակում է՝ դուք կսիրե՞իք ինձ, տիրուհի, եթե թագուհի չլինեիք։ Ասացեք, կսիրեի՞ք ինձ։ Ես կարո՞ղ եմ հավատալ, որ միայն ձեր աստիճանն է ձեզ ստիպում այդքան անդրդվելի լինել։ Կարո՞ղ եմ հավատալ, որ եթե դուք լինեիք տիկին դը Շևրյոզը, խեղճ Բեկինգհեմը կարող էր հույս փայփայել... Շնորհակալ եմ այդպիսի անուշ խոսքերի համար, о՜, իմ չքնաղ թագուհի, հազար անգամ շնորհակալ եմ։

— Միլո՛րդ, միլո՛րդ, դուք ճիշտ չհասկացաք, ճիշտ չհասկացաք իմ խոսքերը. ես չէի ուզում ասել...

— Լռեցե՛ք, լռեցե՛ք,— խոսեց դուքսը։— Եթե բախտը ինձ սխալ է պարգևել, այնքան անողոք մի՛ եղեք, որ ուղղեք այն։ Դուք ինքներդ ասացիք. ինձ ծուղակի մեջ եք քաշել։ Հնարավոր է, որ դրա համար ես կյանքովս հատուցեմ։ Այնքա՜ն տարօրինակ է. վերջին ժամանակներս ես մահվան մոտիկություն եմ նախազգում...— և դքսի շուրթերով սահեց մի տխուր, բայց միաժամանակ թովիչ ժպիտ։

— Օ՜, տեր իմ Աստված,— գոչեց Աննան, և նրա ձայնի մեջ հնչող սոսկումը ամեն մի խոսքից ավելի պերճախոս ցույց տվեց, թե որքան ավելի ուժեղ էր նրա մեջ զգացմունքը դքսի նկատմամբ, քան նա ցանկանում էր ցույց տալ։

— Ես, տիրուհի, այս ասացի ամենևին ո՛չ նրա համար, որ վախեցնեմ ձեզ։ Օ՜, ո՛չ։ Այն, ինչ ես ասացի, պարզապես ծիծաղելի է, և հավատացեք, ինձ ամենևին չի անհանգստացնում երևակայության այդպիսի խաղը։ Բայց այն խոսքերը, որ հենց նոր արտասանեցիք դուք, այն հույսը, որ համարյա տրվեց ինձ, նախապես քավեց ամեն ինչ, նույնիսկ իմ կործանումը։

— Հիմա ես էլ եմ խոստովանում ձեզ, դուքս,— խոսեց Աննան։— Ինձ էլ հալածում է մի նախազգացում, հալածում են երազները։ Երազում ես իբր թե տեսնում էի ձեզ. դուք պառկած էիք գետնին արյունաշաղախ, վիրավոր։

— Վիրավորված ձա՞խ կողից, դանակո՞վ,— ընդհատեց նրան դուքսը։

— Այո, ճիշտ այդպես, միլորդ, ձախ կողից, դանակով։ Ո՞վ կարող էր ձեզ պատմել, որ ես այդպիսի երազ եմ տե-սել։ Ես այն միայն աստծուն եմ պատմել, այն էլ աղոթքի ժամանակ։

— Այդքանը բավական է, տիրուհի։ Դուք սիրում եք ինձ։ Եվ այդ բավական է։

— Ես սիրում եմ ձե՞զ։ Ե՞ս։

— Այո, դուք։ Մի՞թե աստված ձեզ նույն երազները կուղարկեր, ինչ որ ինձ, եթե դուք ինձ սիրելիս չլինեիք։ Մի՞թե մենք միևնույն նախազգացումը կունենայինք, եթե սիրտը չկապեր մեր կյանքերը։ Դուք սիրում եք ինձ, իմ թագուհի։ Սո՞ւգ կանեք դուք, եթե ես մեռնեմ։

— Օ՜, Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ,— գոչեց Աննա Ավստ-րիացին։ — Այդ շատ ավելի է, քան ես կարող եմ տանել։ Դու՛քս, աղաչում եմ ձեզ, ի սեր բոլոր սրբությունների, թողեք ինձ, գնացեք։ Ես չգիտեմ, սիրո՞ւմ եմ ձեզ, թե՞ ոչ, բայց հաստատ գիտեմ, որ ես չեմ խախտի իմ երդումը։ Խղճացեք ինձ, գնացե՛ք, եթե ձեզ վիրավորեն Ֆրանսիայում, եթե դուք մեռնեք Ֆրանսիայում, եթե ես թեկուզ մտածեմ, որ ինձ սիրելը ձեր կործանման պատճառը դարձավ, ես դրան դիմանալ չեմ կարող, կխելագարվեմ։ Գնացե՛ք ուրեմն, գնացե՛ք, աղաչում եմ ձեզ։

— Օ՜, ի՜նչ չքնաղ եք դուք հիմա, ինչպես եմ սիրում ես ձեզ,— խոսեց Բեկինգհեմը։

— Գնացե՛ք, գնացե՛ք, աղաչում եմ ձեզ։ Հետո կվերադառնաք։ Վերադարձեք որպես դեսպան, որպես մի-նիստր, վերադարձեք թիկնապահների ուղեկցությամբ, որոնք պատրաստ լինեն պաշտպանելու ձեզ, ծառաների ուղեկցությամբ, որոնք պարտավոր են պաշտպանել ձեզ։ Այն ժամանակ ես չեմ դողա ձեր կյանքի համար և երջանիկ կլինեմ ձեզ տեսնելու։

— Մի՞թե ճշմարիտ է այն, ինչ ասում եք ինձ։

— Այո՛...

— Այդ դեպքում, այդ դեպքում ի նշան այն բանի, որ ներում եք ինձ, մի որևէ բան տվեք ինձ, ձեզ պատկանող մի որևէ իր, որ ապացույց լինի, թե այս ամենը ես երազում չեմ տեսել։ Մի որևէ իր, որ դուք կրել եք և ես կարող եմ կրել. մատանի, մանյակ, շղթայիկ...

— Եվ դուք կգնա՞ք, կգնա՞ք, եթե ես կատարեմ ձեր խնդիրքը։

— Այո։

— Անհապա՞ղ։

— Այո։

— Դուք կհեռանա՞ք Ֆրանսիայից։ Կվերադառնա՞ք Անգլիա։

— Այո՛, երդվում եմ։

— Այդ դեպքում սպասեցեք, սպասեցեք։

Աննա Ավստրիացին անցավ իր սենյակը և համարյա նույն րոպեին վերադարձավ, ձեռքին բռնած վարդագույն փայտից շինված մի տուփիկ՝ ոսկե զարդերով, որոնք վերարտադրում էին նրա մոնոգրամը<ref>Անվան և ազգանվան սկզբնատառերի ծաղկագիրը (ծ. խ.)։</ref>։

— Վերցրե՛ք այս, միլո՛րդ,— ասաց նա,— վերցրեք և հիշատակ պահեցեք ինձնից։

Դուքս Բեկինգհեմը տուփիկը վերցրեց և նորից ծունկ չոքեց նրա առաջ։

— Դուք ինձ խոստացաք մեկնել,— ասաց թագուհին։

— Եվ ես խոսքս կկատարեմ։ Ձեր ձեռքը, տիրուհի, տվեք ձեր ձեռքը, և ես հեռանում եմ։

Աննա թագուհին աչքերը փակելով ձեռքը մեկնեց, մյուս ձեռքով հենվեց Էստեֆանիային, որովհետև զգում էր, որ ուժերը պատրաստ են լքելու իրեն։

Բեկինգհեմը բուռն կրքով շուրթերը հպեց այդ չքնաղ ձեռքին։

— Ոչ ուշ, քան կես տարուց հետո, տիրուհի,— խոսեց նա վերկենալով,— ես նորից կտեսնեմ ձեզ, թեկուզ դրա համար ստիպված լինեմ շուռ տալ երկինքն ու երկիրը։

Եվ խոստումին հավատարիմ՝ դուրս վազեց սենյակից։

Միջանցքում նա գտավ տիկին Բոնասիեին, որը նույնպիսի զգուշությամբ և նույնպիսի հաջողությամբ նրան դուրս տարավ Լուվրի սահմաններից։

Comments