Chapter 12
Առաջին մաս XI. Ինտրիգը սկիզբ է առնում
Պ-րն Տրևիլի տնից դուրս գալով դ’Արտանյանը՝ մտքերի մեջ տուն վերադառնալու համար ընտրեց ամենաերկար ճանապարհը։
Բայց ինչի՞ մասին էր մտածում երիտասարդ գասկոնացին, որն այդքան շեղվել էր իր ճանապարհից և աստղերին նայելով մերթ ժպտում էր, մերթ հառաչում։
Նա մտածում էր տիկին Բոնասիեի մասին։ Աշակերտ-հրացանակրին այդ դեռատի կինը համարյա թե սիրուհու իդեալ էր թվում։ Սիրունիկ, խորհրդավորություններով լեցուն, լավատեղյակ արքունիքի համարյա բոլոր գաղտնիքներին, որը նրա չքնաղ դիմագծերին մտահոգության մի առանձին կնիք էր դնում, այդ կինը այնքան էլ անտարբեր չէր թվում, մի բան, որ կնոջն անասելի հմայք է տալիս անփորձ սիրեկանի աչքում։ Բացի դրանից, դ’Արտանյանը նրան խլել էր այն դևերի ձեռքից, որոնք ուզում էին խուզարկել, գուցեև խոշտանգել նրան, և այդ անմոռանալի ծառայությունը նրանց միջև առաջացրել էր երախտագիտության զգացմունք, որն այնպես հեշտությամբ փոխվում է մի ավելի քնքուշ զգացմունքի։
Դ’Արտանյանն արդեն պատկերացնում էր,— որքա՞ն արագ են թռչում երազանքները երևակայության թևերով,— պատկերացնում էր՝ ինչպես է իրեն մոտենում դեռատի կնոջ ուղարկած մարդը, տալիս է մի երկտող առաջիկա տեսակցության մասին և բացի դրանից՝ նաև մի ոսկե շղթա կամ ադամանդակուռ մի մատանի։ Մենք արդեն ասել ենք, որ այն ժամանակներում երիտասարդները առանց քաշվելու ընծաներ էին վերցնում իրենց թագավորից։ Սրան ավելացնենք, որ այնքան էլ խստապահանջ բարոյականություն չունեցող այդ ժամանակներում երիտասարդները չափազանց մեծ հպարտություն չէին ցուցաբերում նաև իրենց սիրուհիների նկատմամբ։ Նրանց սիրուհիները համարյա միշտ թանկարժեք հիշատակներ ու ընծաներ էին տալիս իրենց սիրեկաններին, ասես ջանալով նրանց անհաստատ զգացմունքներն ամրացնել իրենց ընծաների անխախտ ամրությամբ։
Այն ժամանակներում մարդիկ իրենց համար ճանապարհ էին հարթում կանանց оգնությամբ և դրանից չէին ամաչում։ Նրանք, ովքեր միայն գեղեցիկ էին, ընծայում էին իրենց գեղեցկությունը, և երևի այստեղից է առաջացել այն առածը, որ ասում է. «Ամենաչքնաղ աղջիկը կարող է տալ միայն այն, ինչ չունի»։ Հարուստները տալիս էին իրենց դրամի մի մասը, և կարելի է հիշատակել արկածներով հարուստ այն ժամանակաշրջանի շատ ու շատ հերոսներ, որոնց համար անհասանելի կլինեին թե՛ պաշտոնները և թե՛ մարտադաշտի հաղթանակները, եթե չլինեին շատ թե քիչ լիքը լցված այն քսակները, որ իրենց տիրուհիները կապում էին նրանց ձիու թամբին։
Դ’Արտանյանը չունևոր էր։ Գավառացու անվճռականությունը,— այդ փխրուն ծաղիկը, դեղձի այդ նուրբ խավը,— արագորեն քշեց տարավ այն խրատների մրրիկը, որ տալիս էին նրա հրացանակիր ընկերները։ Ենթարկվելով իր ժամանակի տարօրինակ սովորություններին՝ դ’Արտանյանը Փարիզում իրեն զգում էր ասես նվաճված քաղաքում, համարյա այնպես, ինչպես իրեն կզգար Ֆլանդրիայում. այնտեղ՝ իսպանացիք, այստեղ՝ կանայք։ Այնտեղ էլ, այստեղ էլ կար թշնամի, որի դեմ պետք էր պայքարել, պետք էր ռազմատուգանք դնել։
Բայց և այնպես, պետք է ասենք, որ այժմ դ’Արտանյանին ղեկավարում էր ավելի ազնիվ ու անշահախնդիր մի զգացմունք։ Ճիշտ է, արդուզարդի վաճառականն ասել էր նրան, որ ինքը հարուստ է, և դ’Արտանյանի համար դժվար չէր հասկանալ, որ պարոն Բոնասիեի նման մի պարզամիտ ամուսնու քսակին ամենայն հավանականությամբ անօրինություն է անում նրա կինը, սակայն այս ամենը բոլորովին չէր ազդում այն զգացմունքների վրա, որոնք բռնկել էին նրա մեջ տիկին Բոնասիեին տեսնելիս, և նրա սրտում արթնացած սերը համարյա բոլորովին հեռու էր որևէ շահախնդրությունից։ Մենք ասում ենք «համարյա», որովհետև այն միտքը, որ գեղեցիկ, հրապուրիչ ու սրամիտ դեռատի կինը միաժամանակ հարուստ է, չի խանգարում հրապուրանքին, այլ նույնիսկ, ընդհակառակն, ուժեղացնում է այն։
Ունևորության հետ կապված են բազմաթիվ արիստոկրատական մանրուքներ, որոնք հաճելիորեն զուգակցվում են գեղեցկության հետ։ Սպիտակափառ նուրբ գուլպան, ժանյակե օձիքը, հրաշագեղ մաշիկը, մազերի գեղեցիկ ժապավենը այլանդակ կնոջը չեն գեղեցկացնի, բայց սիրունիկին ավելի գեղեցկատես կդարձնեն։ Էլ չենք խոսում ձեռքերի մասին, որոնք այդ ամենից շահում են. կնոջ ձեռքերը, որպեսզի գեղեցիկ մնան, չպետք է աշխատեն։
Բացի դրանից դ’Արտանյանը,— նրա դրամական միջոցների վիճակը մենք չենք թաքցրել ընթերցողից,— դ’Արտանյանն ամենևին էլ միլիոնատեր չէր։ Ճիշտ է, նա հույս ուներ երբևիցե միլիոնատեր դառնալ, բայց այն ժամկետը, որն ինքը որոշել էր այդ բարենպաստ ժամանակի համար, բավական հեռու էր։ Իսկ առայժմ՝ ի՜նչ սարսափելի բան է տեսնել, թե ինչպես սիրեցյալ կինը փափագում է հազար ու մի մանրուքներ, որոնք այդ թույլ էակի ամբողջ ուրախությունն են կազմում, և հնարավորություն չունենալ մատուցելու նրան այդ հազար ու մի մանրուքները։ Եթե կինը հարուստ է, իսկ նրա սիրեկանը՝ չունևոր, ապա գոնե ինքը կինը կարող է իր համար գնել այն, ինչ հնարավորություն չունի մատուցելու նրա սիրեկանը։ Եվ թեպետ սովորաբար կինն այդ մանրուքը ձեռք է բերում իր ամուսնու փողով, այնուամենայնիվ հազվադեպ է երախտագետ մնում ամուսնու նկատմամբ։
Դ’Արտանյանը, պատրաստվելով դառնալ քնքշագույն սիրեկան, միաժամանակ մնում էր որպես նվիրված ընկեր։ Ամբողջովին տարված լինելով տիկին Բո-նասիեի հմայքով՝ նա չէր մոռանում նաև իր ընկերներին։ Բոնասիեն մի կին էր, որի հետ հաճելի էր զբոսնել Սեն Դենի դաշտում կամ Սեն Ժերմենի տոնավաճառում՝ Աթոսի, Պորտոսի և Արամիսի ուղեկցությամբ, որոնց առաջ դ’Արտանյանը կուզենար պարծենալ իր հաղթանակով։ Ապա երկար զբոսնելուց հետո ախորժակ է բացվում։ Որոշ ժամանակ էր, ինչ դ’Արտանյանը սկսել էր նկատել այդ։ Կարելի կլինի երբեմն-երբեմն կազմակերպել այն սքանչելի ճաշկերույթներից, երբ ձեռքդ դիպչում է ընկերոջդ ձեռքին, իսկ ոտքդ՝ սիրուհուդ ոտքին։ Եվ, վերջապես, առանձնապես դժվար րոպեներին, երբ դրությունն անելանելի է դառնում, դ’Արտանյանը հնարավորություն կունենա դժվարությունից դուրս բերելու իր ընկերներին։
Իսկ ի՞նչ եղավ պարոն Բոնասիեն, որին դ’Արտանյանը ոստիկանների ձեռքը հանձնեց, բարձրաձայն հրաժարվելով նրանից, իսկ շշուկով փրկություն ու օգնություն խոստանալով նրան։ Մենք ստիպված ենք մեր ընթերցողին խոստովանել, որ դ’Արտանյանը նրան չէր հիշում, իսկ եթե հիշում էլ էր, այն էլ միայն նրա համար, որ մտքում ցանկանում էր. նա մնա հենց այն-տեղ, որտեղ գտնվում է։ Սերը բոլոր տեսակի կրքերից ամենաեսասիրականն է։
Սակայն մեր ընթերցողները թող չանհանգստանան, որ եթե դ’Արտանյանը մոռացել էր կամ ձևացնում էր, թե մոռացել է իր տանտիրոջը, պատճառաբանելով, թե չի իմանում ուր տարան նրան, ապա մենք չենք մոռանում և մեզ հայտնի է, թե որտեղ է գտնվում նա։ Բայց ժամանակավորապես հետևենք սիրահարված գասկոնացու օրինակին։ Իսկ ինչ վերաբերում է արդուզարդի մեծարգո վաճառականին՝ մենք մի քիչ ավելի ուշ կանդրադառնանք նրան։
Անձնատուր լինելով սիրային երազանքներին, խոսելով գիշերային երկնքի հետ և աստղերին ժպտալով՝ դ’Արտանյանը բարձրանում էր Շերշ-Միգի փողոցն ի վեր, կամ Շաս Միգիով, ինչպես այն տարիներին անվանում էին այդ փողոցը։ Հասնելով այն տան մոտերքը, որտեղ Արամիսն էր ապրում, դ’Արտանյանը որոշեց մտնել նրա տուն, որպեսզի բացատրի, թե ինչու էր Պլանշեին ուղարկել նրա մոտ՝ խնդրելով անմիջապես գալ «մկան թակարդը»։ Եթե Պլանշեի եկած ժամանակ Արամիսը տանն է եղել, անկասկած նա շտապել է Գերեզմանափորների փողոցը և այնտեղ ոչ ոքի չգտնելով, թերևս բացի իր երկու ընկերներից, չէր կարող հասկանալ, թե այս ամենն ինչ է նշանակում։ Անհրաժեշտ էր բացատրել, թե դ’Արտանյանն ինչու էր կանչել իր ընկերոջը։ Ահա թե ինչ էր մտորում դ’Արտանյանը բարձրաձայն։
Հոգու խորքում նա զգում էր, որ դա մի հարմար առիթ է՝ խոսելու չքնաղ տիկին Բոնասիեի մասին, որն ամբողջովին լցրել էր նրա եթե ոչ սիրտը, ապա՝ բոլոր մտքերը։ Ով առաջին անգամն է սիրահարվել, նրանից չի կարելի պահանջել, որ լռի։ Առաջին սիրուն զուգորդում է այնպիսի մի բուռն ուրախություն, որին ելք է հարկավոր, հակառակ դեպքում սիրահարվածին կխեղդի։
Արդեն երկու ժամ էր, ինչ Փարիզը թաղվել էր խավարի մեջ, և նրա փողոցները սկսել էին դատարկվել։ Սեն Ժերմենի արվարձանի բոլոր ժամացույցներն արդեն խփել էին տասնմեկը։ Տաք էր և խաղաղ։ Դ’Արտանյանը գնում էր մի նրբանցքով, որը գտնվում էր այնտեղ, որտեղով այժմ Ասսա փողոցն է անցնում։ Օդը հագեցած էր անուշ բուրմունքով, որ քամին բերում էր Վոժիրար փողոցի այգիներից, որոնք թարմացել էին երեկոյան ցողից ու գիշերային զովից։ Հեռվից, ինչ-որ պանդոկի հաստ խլափեղկերի հետևից, լսվում էին քեֆ անողների երգի խուլ ձայներ։ Հասնելով նրբանցքի ծայրին՝ դ’Արտանյանը թեքվեց դեպի ձախ։ Այն տունը, որտեղ ապրում էր Արամիսը, գտնվում էր Կասետ և Սերվանդոների փողոցների միջև։
Դ’Արտանյանը Կասետ փողոցն անցավ և հեռվից արդեն տեսավ իր ընկերոջ տունը, որի վրա թխկենու ճյուղերը վայրի վազի հետ միահյուսվելով թանձրականաչ ծածկ էին առաջացրել։ Հանկարծ դ’Արտանյանին թվաց, թե ինչ-որ ստվեր շուռ եկավ Սերվանդոնի փողոցով։ Այդ ստվերը փաթաթված էր թիկնոցի մեջ, և սկզբում դ’Արտանյանին թվաց, թե դա տղամարդ է։ Սակայն ցածր հասակը, երկչոտ քայլվածքն ու շարժումները արագ համոզեցին նրան, որ իր առջև կին է։ Կինը, ասես կասկածելով, թե դա իր որոնած տունն է, գլուխը բարձրացրեց, որպեսզի ավելի լավ որոշի, թե որտեղ է գտնվում ինքը, կանգ առավ, մի քանի քայլ ետ գնաց, ապա նորից առաջ գնաց։ Դ’Արտանյանի հետաքրքրությունը շարժվեց։
«Չառաջարկե՞մ արդյոք սրան իմ ծառայությունը,— մտածեց նա։— Քայլվածքից դատելով ջահել կին է գուցե և լավիկը։ Իհարկե։ Սակայն այսպիսի ուշ ժամին փողոցներով վազվզող կինը կարող է դուրս եկած լինի միայն իր սիրեկանի հետ տեսակցություն ունենալու համար։ Գրողը տանի։ Տեսակցությունը խանգարելը ծանոթություն հաստատելու վատ ձև է»։
Մինչ այդ երիտասարդ կինը տներն ու լուսամուտները հաշվելով առաջ էր շարժվում։ Ի դեպ, սա նրանից մեծ ջանք ու ժամանակ չէր պահանջում, որովհետև փողոցի այդ մասում միայն երեք տուն կար, և ընդամենը երկու լուսամուտ էին նայում այդ փողոցին։ Դրանցից մեկը Արամիսի տանը զուգահեռ կողաշենքի լուսամուտն էր, երկրորդը՝ հենց Արամիսի լուսամուտը։
«Երդվում եմ աստծով,— մտածեց դ’Արտանյանը, որը հանկարծ հիշեց աստվածարանի ազգականուհուն,— երդվում եմ աստծով, հետաքրքիր կլինի, եթե այս ուշացած աղավնին մեր բարեկամի տունն է որոնում։ Բայց ես պատրաստ եմ հոգովս գրազ գալու, որ հենց դրան է նման։ Դե՛, սիրելիդ իմ Արամիս, այս անգամ արդեն ես ճշմարտությունը կիմանամ»։
Եվ դ’Արտանյանը, ջանալով որքան կարելի է քիչ տեղ գրավել, թաքնվեց մի ինչ-որ որմնախորշում գտնվող նստարանի մոտ, ամենամութ տեղում։
Ջահել կինը ավելի ու ավելի էր մոտենում։ Այլևս կասկած չէր կարող լինել, որ նա ջահել է, բացի քայլվածքից, որ համարյա իսկույն մատնել էր նրան, այդ ցույց տվեց նաև նրա ձայնը, կինը թեթև հազաց, և այդ հազից դ’Արտանյանը հասկացավ, որ նա թարմ ու զրնգուն ձայն ունի։ Եվ իսկույն էլ մտածեց, որ այդ հազը պայմանական նշան է։
Կամ այդ նշանին նույնպիսի մի նշանով պատասխան տրվեց, կամ թե կինը, վերջապես առանց կողմնակի օգնության որոշեց, որ հասել է իր նպատակին, միայն թե նա հանկարծ վճռականորեն ուղղվեց դեպի Արամիսի լուսամուտը և ծալած մատով երեք անգամ, համաչափ դադարներով բախեց խլափեղկը։
— Դե, իհարկե, նա Արամիսի լուսամուտն է բախում,— շշնջաց դ’Արտանյանը։— Ահա թե ինչ, պարոն կեղծավոր։ Հիմա ես գիտեմ, թե դուք ինչպես եք աստվածաբանություն ուսումնասիրում։
Դեռ նոր էր կինը բախել, մեկ էլ ներքին շրջանակը բացվեց, և խլափեղկերի ճեղքով լույս թափանցեց։
— Ահա՜,— խոսեց դ’Արտանյանը,— ահա՜, սպասում էին այցելուին։ Հիմա խլափեղկը կբացվի, և տիկինը ներս կմտնի լուսամուտով։ Հիանալի՜ է։
Սակայն, ի մեծ զարմանս դ’Արտանյանի, խլափեղկը փակ էր մնում։ Լույսը, որ առկայծել էր մի ակնթարթ, չքացավ, և նորից ամեն ինչ թաղվեց խավարի մեջ։ Դ’Արտանյանը մտածեց, թե դա երկար չի տևի, և շարունակեց կանգնած մնալ ամբողջովին տեսողություն ու լսողություն դարձած։
Նա իրավացի էր։ Մի քանի վայրկյան հետո ներսից երկու կարճ զարկ տրվեց խլափեղկին։
Փողոցում կանգնած ջահել կինը որպես պատասխան զարկեց մեկ անգամ, և խլափեղկը բացվեց։
Կարելի է պատկերացնել, թե դ’Արտանյանն ինչպիսի ագահությամբ էր նայում ու ականջ դնում։
Դժբախտաբար լույսի աղբյուրը փոխադրվեց մյուս սենյակը։ Սակայն երիտասարդի աչքերն արդեն վարժվել էին խավարին։ Բացի դրանից, ինչպես հավատացնում են, գասկոնացիների աչքերը կատվի աչքերի պես խավարում տեսնելու ընդունակություն ունեն։
Դ’Արտանյանը տեսավ, որ երիտասարդ կինը գրպանից հանեց մի ինչ-որ սպիտակ փաթեթ և շտապ բաց արեց այն։ Դա մի թաշկինակ էր։ Կինը թաշկինակը բաց անելով նրա մի անկյունը ցույց տվեց իր զրուցակցին։
Դ’Արտանյանը հիշեց այն թաշկինակը, որ գտել էր տիկին Բոնասիեի ոտքերի մոտ, և որը նրան ստիպել էր հիշել այն թաշկինակը, որ ընկել էր Արամիսի գրպանից։
— Գրողը տանի, ի՞նչ դեր է խաղում այս թաշկինակը։
Այն տեղից, որտեղ կանգնած էր երիտասարդ գասկոնացին, նա չէր կարող տեսնել Արամիսի դեմքը, բայց և ոչ մի րոպե չէր կասկածում, որ հենց Արամիսն է զրուցում լուսամուտի տակ կանգնած կնոջ հետ։ Հետաքրքրությունը հաղթեց զգուշությանը, և օգտվելով նրանից, որ այդ տեսարանի երկու գործող անձերի ուշադրությունն ամբողջովին կլանված է թաշկինակով, դ’Արտանյանը դուրս եկավ թաքստոցից ու կայծակի արագությամբ, սակայն առանց աղմուկի, փողոցի լայնքով վազեց ու սեղմվեց պատի այն տեղին, որտեղից նրա հայացքը կարող էր թափանցել Արամիսի սենյակի խորքը։
Նայելով լուսամուտին՝ դ’Արտանյանը քիչ մնաց ճիչ արձակեր զարմանքից. գիշերային այցելուի հետ խոսում էր ոչ թե Արամիսը, այլ մի կին։ Դժբախտաբար դ’Արտանյանը թեև խավարի մեջ կարողացավ նկատել նրա կերպարանքի ուրվագծերը, բայց երեսը տեսնել չկարողացավ։
Այդ պահին սենյակում գտնվող կինը գրպանից հանեց մի ուրիշ թաշկինակ և տվեց դուրսը կանգնածին՝ իրեն հանձնած թաշկինակի փոխարեն։ Դրանից հետո երկու կանայք էլի մի քանի խոսք փոխանակեցին։ Վերջապես խլափեղկը փակվեց։ Փողոցում կանգնած կինը շրջվեց և անցավ դ’Արտանյանից երեք-չորս քայլ հեռավորությամբ, երեսին քաշելով իր թիկնոցի կնգուղը։ Սակայն այս նախազգուշությունն ուշացած էր դ’Արտանյանը կարողացավ ճանաչել տիկին Բոնասիեին։
Տիկին Բոնասիե՜։ Կասկածը, որ դա հենց նա է, դ’Արտանյանի գլխում ծագել էր այն պահին, երբ նա գրպանից հանել էր թաշկինակը։ Բայց որքա՜ն քիչ հավանական բան էր, որ տիկին Բոնասիեն, որը մարդ էր ուղարկել պարոն դը Լա Պորտին կանչելու, որպեսզի իրեն առաջնորդի Լուվր, հանկարծ գիշերվա տասնմեկն անց կեսին վազվզում է փողոցներում, նորից հափշտակվելու վտանգին ենթարկելով իրեն։ Նշանակում էք այդ արվում է հանուն ինչ-որ խիստ կարևոր բանի։ Իսկ ի՞նչը կարող է կարևոր լինել քսանհինգ տարեկան մի կնոջ համար, եթե ոչ սերը։
Բայց արդյոք ի՞ր, թե մի երրորդ անձի համար է նա այդպիսի վտանգի ենթարկել իրեն։ Ահա մի հարց, որ տալիս էր դ’Արտանյանն ինքն իրեն։ Խանդի դևը բզկտում էր նրա սիրտը, ասես ինքն արդեն ընդունված սիրեկան լիներ։
Ի դեպ, կար մի հասարակ միջոց, որով կարելի էր իմանալ, թե ուր է շտապում տիկին Բոնասիեն։ Հարկավոր էր միայն հետևել նրան։ Դա այնքան հասարակ միջոց էր, որ դ’Արտանյանն իսկույն դիմեց դրան։
Սակայն տեսնելով երիտասարդին, որն ասես արձանի նման դուրս եկավ որմնախորշից, և լսելով նրա ոտ-նաձայները, տիկին Բոնասիեն մի ճիչ արձակեց ու սկ-սեց վազել։
Դ’Արտանյանը ընկավ նրա հետևից։ Նրա համար դժվար բան չէր հասնել կնոջ հետևից, որը խճճվում էր իր թիկնոցի ծալքերի մեջ։ Ուստի և դ’Արտանյանը հասավ նրան ավելի շուտ, քան նա վազած կլիներ մեկ երրորդը այն փողոցի, դեպի ուր թեքվել էր։ Խեղճ կինը բոլորովին ուժասպառ էր եղել ոչ այնքան հոգնությունից, որքան վախից, և երբ դ’Արտանյանը ձեռքը դրեց նրա ուսին, կինը ընկավ մեկ ծնկի վրա և ճնշված ձայնով գոչեց.
— Սպանե՛ք ինձ, եթե ուզում եք, միևնույն է, ես ոչինչ չեմ ասի։
Դ’Արտանյանը բարձրացրեց կնոջը՝ գրկելով նրա իրանը։ Սակայն զգալով, թե նա ինչպես ծանրացավ իր ձեռքին, և հասկանալով, որ կինը ուշաթափվելուն մոտ է, շտապեց հանգստացնել, վստահեցնելով, որ ինքը նվիրված է նրան։ Այդ վստահեցումները ոչ մի նշանակություն չունեին տիկին Բոնասիեի համար. այդպիսի վստահումներ կարելի էր շռայլել նաև ամենավատ մտադրությունների դեպքում։ Բայց ձայնը, որն արտասանեց այդ վստահեցումները, ամեն ինչ էր։ Դեռատի կնոջը թվաց, որ ինքը ճանաչում է այդ ձայնը։ Նա աչքերը բաց արեց, նայեց մարդուն, որն այդպես խիստ վախեցրել էր իրեն, և դ’Արտանյանին ճանաչելով՝ ուրախությունից ճիչ արձակեց։
— Ա՛խ, այդ դո՞ւք եք,— կրկնեց նա։— Տե՜ր աստված, շնորհակալ եմ քեզանից։
— Այո՛, ես եմ,— ասաց դ’Արտանյանը։— Ես, որին Աստված ուղարկել է ձեզ հովանավորելու։
— Եվ հենց դրա համար էլ դուք հետևո՞ւմ էիք ինձ,— խորամանկ ժպիտով հարցրեց դեռատի կինը, որի ուրախ բնավորությունն արդեն սկսել էր հաղթել։ Նրա վախը չքացել էր, հենց որ տեսել էր, որ թշնամու տեղ դրած մարդն իր բարեկամն է։
— Ոչ,— պատասխանեց դ’Արտանյանը,— ոչ, խոստովանում եմ, պատահաբար եմ ընկել ձեր ճանապարհը։ Ես տեսա, թե ինչպես մի կին բախում է իմ ընկերներից մեկի լուսամուտը...
— Ձեր ընկերներից մեկի՞,— ընդհատեց նրան տիկին Բոնասիեն։
— Իհարկե։ Արամիսն իմ ամենամոտիկ ընկերներից մեկն է։
— Արամի՞ս։ Ո՞վ է դա։
— Դե լա՜վ։ Ուզում եք ինձ հավատացնել, թե Արամիսին չե՞ք ճանաչում։
— Ես առաջին անգամն եմ լսում այդ անունը։
— Նշանակում է դուք առաջին անգա՞մն եք եկել այդ տունը։
— Իհարկե։
— Եվ դուք չգիտեի՞ք, որ այդտեղ ապրում է մի երիտասարդ։
— Ոչ։
— Հրացանակիր։
— Ոչ, ոչ։
— Նշանակում է դուք նրա՞ն չէիք որոնում։
— Իհարկե ոչ։ Բայց դուք ինքներդ էլ կարող էիք տեսնել, որ ես կնոջ հետ էի խոսում։
— Այդ ճշմարիտ է։ Բայց այդ կինը Արամիսի բարեկամուհի՞ն է։
— Չգիտեմ։
— Դե քանի որ ապրում է նրա մո՞տ։
— Դա ինձ չի վերաբերում։
— Բայց ո՞վ է նա։
— Օ՜, այդ գաղտնիքը իմը չէ։
— Թանկագին տիկին Բոնասիե, դուք հմայիչ կին եք, բայց միաժամանակ՝ խորհրդավոր...
— Մի՞թե դա ինձ նսեմացնում է։
— Ոչ, ընդհակառակն, դուք չքնաղ եք։
— Եթե այդպես է, թույլ տվեք հենվեմ ձեր թևին։
— Հաճույքով։ Իսկ ա՞յժմ...
— Իսկ այժմ ուղեկցեք ինձ։
— Ո՞ւր։
— Այնտեղ, ուր ես գնում եմ։
— Բայց ո՞ւր եք գնում դուք։
— Կտեսնեք, երբ կտանեք ինձ մինչև դուռը։
— Եվ պետք է սպասե՞մ ձեզ։
— Այդ իզուր կլինի։
— Նշանակում է դուք մենա՞կ եք վերադառնալու։
— Գուցե այո, գուցե՝ ոչ։
— Բայց այն անձը, որն ուղեկցելու է ձեզ, տղամա՞րդ է լինելու, թե՞ կին։
— Դեռ չգիտեմ։
— Իսկ ես կիմանամ։
— Ինչպե՞ս։
— Կսպասեմ և կտեսնեմ, թե ում հետ եք դուրս գալու։
— Այդ դեպքում՝ մնաք բարով։
— Ինչպե՞ս։
— Դուք այլևս ինձ հարկավոր չեք։
— Բայց դուք ինքներդ խնդրեցիք...
— Ազնվականի օգնություն և ոչ թե լրտեսի հսկողություն։
— Դա չափից դուրս դաժան խոսք է։
— Ինչպե՞ս են կոչում նրան, ով մարդուն հետևում է հակառակ նրա կամքին։
— Անհամեստ։
— Դա չափազանց մեղմ է։
— Ճար չկա, տիկին, տեսնում եմ, որ ստիպված եմ կատարել ձեր բոլոր ցանկությունները։
— Ինչո՞ւ դուք ձեզ զրկեցիք այդ ցանկությունն իսկույն կատարելու պատվից ։
— Իսկ զղջումը մի՞թե պատիվ չի բերում։
— Դուք իսկապե՞ս զղջում եք։
— Ինքս էլ չգիտեմ։ Միայն մի բան գիտեմ. ես պատրաստ եմ կատարելու ամեն բան, ինչ դուք կցանկանաք։ Եթե դուք թույլ կտաք ինձ ուղեկցել ձեզ մինչև այնտեղ, ուր գնում եք։
— Եվ հետո դուք կթողնե՞ք ինձ։
— Այո։
— Եվ էլ չե՞ք հետևի ինձ։
— Ոչ։
— Ազնի՞վ խոսք։
— Ազնվականի խոսք։
— Այդ դեպքում տվեք ձեր թևը և գնանք։
Դ’Արտանյանը թևն առաջարկեց տիկին Բոնասիեին, և դեռատի կինը հենվեց նրան, դեռևս դողալով, սակայն արդեն պատրաստ ծիծաղելու։ Այդպես նրանք գնացին մինչև Լահարպ փողոցի ծայրը։ Այստեղ երիտասարդ կինն ասես տատանվեց, ինչպես առաջ Վոժիրար փողոցում, բայց հետո ըստ երևույթին մի քանի նշաններով ճանաչեց իրեն հարկավոր դուռը։
— Իսկ հիմա,— ասաց նա մոտենալով այդ դռանը,— ես այստեղ պիտի մտնեմ։ Հազար շնորհակալություն ձեր ազնիվ օգնության համար։ Դուք պաշտպանեցիք ինձ բոլոր վտանգներից, որոնց ես կենթարկվեի, եթե մենակ լինեի։ Բայց հասել է ձեր խոստումը կատարելու ժամանակը։ Ես հասել եմ այնտեղ, որտեղ ինձ հարկավոր էր։
— Իսկ վերադառնալիս դուք չե՞ք վախենա...
— Գուցե թե միայն գողերից։
— Իսկ դա քի՞չ բան է։
— Ի՞նչ կարող են խլել նրանք ինձնից։ Ես մոտս ոչ մի դենիե<ref>Դենիե — ֆրանսիական հինավուրց պղնձադրամ, 1/12 սու։</ref> չունեմ։
— Դուք մոռանում եք զինանիշով հիանալի ասեղնագործ թաշկինակի մասին։ — Ի՞նչ թաշկինակ։
— Այն, որ ես վերցրի ձեր ոտքերի մոտից և դրի ձեր գրպանը։
— Լռե՛ք, լռե՛ք, թշվառական,— գոչեց դեռատի կինը։— Դուք ինձ կործանե՞լ եք ուզում։
— Ինքներդ տեսնում եք, որ ձեզ դեռևս վտանգ է սպառնում, քանի որ մեկ բառը բավական է, որպեսզի դուք դողդողաք, և ինքներդ խոստովանում եք, որ եթե այդ բառը ինչ-որ մեկի ականջին հասնի, դուք կորած եք։ Լսեցեք, տիկին,— ասաց դ’Արտանյանը նրա ձեռքը բռնելով և այրող հայացքը հառելով վրան,— լսեցեք, ավելի համարձակ եղեք, վստահեցեք ինձ։ Մի՞թե դուք իմ աչքերում չկարդացիք, որ սիրտս լի է ձեզ նվիրվածությամբ։
— Ես այդ զգում եմ։ Դրա համար էլ դուք կարող եք հարցուփորձ անել ինձ իմ բոլոր գաղտնիքների մասին, բայց ուրիշի գաղտնիքը՝ այլ բան է։
— Լավ,— ասաց դ’Արտանյանը։— Բայց ես կբացեմ այդ գաղտնիքները։ Քանի որ դրանք կարող են ազդել ձեր բախտի վրա, պետք է նաև իմը դառնան...
— Աստվա՜ծ փրկի ձեզ դրանից,— գոչեց դեռատի կինը, և նրա ձայնում այնպիսի անհանգստություն հնչեց, որ դ’Արտանյանը ակամա ցնցվեց։— Աղաչում եմ ձեզ, մի՛ խառնվեք ոչ մի բանի, որն ինձ է վերաբերում, մի փորձեք օգնել ինձ կատարելու այն, ինչ դրված է ինձ վրա։ Ես աղաչում եմ ձեզ ի սեր այն զգացմունքի, որ տածում եք իմ նկատմամբ, հանուն այն ծառայության, որ դուք մատուցեցիք ինձ, և որը ես երբեք չեմ մոռանա իմ կյանքում։ Հավատացեք ինձ։ Այլևս մի՛ մտածեք իմ մասին։ Ես այլևս գոյություն չունեմ ձեզ համար, որպես թե երբեք չեք տեսել ինձ։
— Արդյոք Արամի՞սն էլ այնպես պիտի վարվի, ինչ-պես ես,— հարցրեց դ’Արտանյանը՝ նրա խոսքերից վիրավորված։
— Ահա արդեն երկու թե երեք անգամ դուք արտասա-նում եք այդ անունը, պարոն։ Մինչդեռ ես ձեզ ասացի, որ դա ինձ անծանոթ անուն է։
— Դուք չեք ճանաչում այն մարդուն, որի լուսամուտը բախո՞ւմ էիք։ Ի՜նչ եք ասում, տիկին։ Դուք ինձ չափից դուրս դյուրահավատ մարդու տեղ եք դնում։
— Խոստովանեցեք, որ դուք հորինել եք այդ ամբողջ պատմությունը և հնարել եք այդ Արամիսին, որպեսզի ինձ անկեղծության մղեք։
— Ես ոչինչ չեմ հորինում, տիկին, ես ոչինչ չեմ հնարում։ Ես կատարյալ ճշմարտություն եմ ասում։
— Եվ դուք ասում եք, որ ձեր ընկերներից մեկն այդ տա՞նն է ապրում։
— Ես այդ ասում եմ և կրկնում եմ երրորդ անգամ. այդ այն տունն է, որտեղ ապրում է իմ ընկերը, և այդ ընկերը Արամիսն է։
— Այդ ամենը ժամանակի ընթացքում կպարզվի,— շշնջաց դեռատի կինը,— իսկ առայժմ, պարոն, լռեցեք։
— Եթե դուք կարողանայիք կարդալ իմ սիրտը, որ բաց է ձեր առաջ,— ասաց դ’Արտանյանը,— դուք այնտեղ կտեսնեիք այնպիսի ջերմ հետաքրքրություն, որ կխղճայիք ինձ, և այնպիսի սեր, որ նույն րոպեին կբավա-րարեիք այդ հետաքրքրությունը։ Չպետք է վախենալ նրանից, ով սիրում է ձեզ։
— Դուք շատ շուտ խոսեցիք սիրո մասին,— ասաց դեռատի կինը գլուխն օրորելով։
— Սերն իմ մեջ արթնացավ արագ և առաջին անգամ։ Չէ՞ որ ես քսան տարեկան էլ չկամ։
Տիկին Բոնասիեն աչքի տակով նայեց նրան։
— Լսեցեք, ես արդեն հետքը բռնել եմ,— ասաց դ’Արտանյանը։— Երեք ամիս սրանից առաջ ես քիչ մնաց պի-տի մենամարտեի Արամիսի հետ ճիշտ և ճիշտ այնպիսի մի թաշկինակի պատճառով, ինչպիսին այն թաշկինակը, որը դուք ցույց տվիք նրա մոտ գտնվող կնոջը, այնպի-սի մի թաշկինակի, որը ճիշտ և ճիշտ նույնպիսի զինանիշ ուներ։
— Երդվում եմ ձեզ, պարոն,— ասաց դեռատի կինը,— դուք սոսկալի հոգնեցնում եք ինձ ձեր այդ հարցուփորձով։
— Բայց դուք, տիկին, դուք, որ այդքան զգույշեք, եթե ձերբակալելու դեպքում ձեզ մոտ գտնեին այդպիսի մի թաշկինակ, արդյոք այդ ձեզ չէ՞ր անվանարկի։
— Ինչո՞ւ։ Միթե սկզբնատառերն իմը չեն՝ «Կ. Բ.», Կոնստանցիա Բոնասիե։
— Թե՞ Կամիլլա դը Բուա-Տրասի։
— Լռեցեք, պարոն, լռեցեք։ Եթե ինձ սպառնացող վտանգը չի կարող ետ պահել ձեզ, ապա մտածեցեք ձեզ սպառնացող վտանգների մասին։
— Ի՞նձ։
— Այո, ձեզ։ Ինձ հետ ծանոթ լինելու համար դուք կարող եք բանտ նստել կամ ձեր կյանքը տալ։
— Այդ դեպքում ես այլևս չեմ հեռանա ձեզնից։
— Պարոն,— խոսեց դեռատի կինը՝ աղերսագին կոտրատելով ձեռքերը,— պարոն, ես դիմում եմ զինվորականի պատվին, ազնվականի ազնվությանը՝ հեռացեք։ Լսո՞ւմ եք. կեսգիշերվա ժամն է խփում, հիմա ինձ սպասում են։
— Տիկին,— ասաց դ’Արտանյանը գլուխ տալով,— ես չեմ համարձակվի մերժել նրան, ով այդպես խնդրում է ինձ։ Հանգստացեք, ես գնում եմ։
— Դուք չե՞ք գա իմ հետևից, չե՞ք հետևի ինձ։
— Ես իսկույն կվերադառնամ իմ տունը։
— Ախ, ես գիտեի, որ դուք ազնիվ պատանի եք,— գոչեց տիկին Բոնասիեն՝ մի ձեռքը մեկնելով նրան, մյուսով բռնելով քարե պատի մեջ բացված դռնակի մուրճիկը։ Դ’Արտանյանը արագ բռնեց իրեն մեկնած ձեռքը և շրթունքները խանդաղատագին հպեց նրան։
— Ավելի լավ կլիներ ես երբեք հանդիպած չլինեի ձեզ,— գոչեց նա այնպիսի կոպտությամբ, որը հաճախ կանայք գերադասում են ամենաքնքուշ սիրալիրությունից, որովհետև այն հնարավորություն է տալիս տեսնելու մտքերի խորքը և ապացուցում է, որ զգացմուն-քը հաղթում է բանականությանը։
— Ոչ...— խոսեց տիկին Բոնասիեն՝ գրեթե սիրալիր սեղմելով դ’Արտանյանի ձեռքը, որը դեռ բաց չէր թողնում դեռատի կնոջ ձեռքը,— ո՛չ, ես այդ ասել չեմ կարող. այն, ինչ այսօր չհաջողվեց, թերևս կհաջողվի ապագայում։ Ո՞վ գիտե, գուցե թե երբևիցե, երբ ես ազատ կլինեմ, կբավարարեմ ձեր հետաքրքրությունը...
— Իսկ իմ սերը, կարո՞ղ է արդյոք իմ սերն էլ այդ-պիսի հույս ունենալ,— ցնծագին բացականչեց պատանին։
— Օ՜, դրանով ես չեմ ուզում ինձ կապել։ Դա կախ-ված կլինի այն զգացմունքներից, որ դուք կկարողանաք ներշնչել ինձ։
— Նշանակում է, առայժմ, տիկին...
— Առայժմ, պարոն, ես միայն շնորհակալության զգացմունք ունեմ ձեր նկատմամբ։
— Դուք չափից դուրս սիրալիր եք,— տխուր խոսեց դ’Արտանյանը։— Եվ դուք չարաշահում եք իմ սերը։
— Ոչ, ես միայն оգտվում եմ ձեր ազնվությունից, պարոն։ Բայց, հավատացեք, կան մարդիկ, որոնք կարողանում են չմոռանալ իրենց խոստումները։
— Օ՜, դուք ինձ ամենաերջանիկն եք դարձնում մահկանացուների մեջ։ Չմոռանաք այս երեկոն, չմոռանաք այդ խոստումը։
— Հանգիստ եղեք։ Երբ ժամանակը գա, ես ամեն ինչ կհիշեմ։ Իսկ հիմա գնացեք, ի սեր բոլոր սրբություն-ների՝ գնացեք։ Ինձ սպասում էին ուղիղ տասներկուսին, և արդեն ուշացել եմ։
— Հինգ րոպեով։
— Որոշ հանգամանքներում հինգ րոպեն հինգ դար է։
— Երբ սիրում ես։
— Իսկ ձեզ ո՞վ ասաց, որ խնդիրը սիրահարվածին չի վերաբերում։
— Ձեզ տղամա՞րդ է սպասում,— գոչեց դ’Արտանյանը։— Տղամա՞րդ։
— Դե, ահա, նորից սկսվում է մեր վեճը,— ասաց տիկին Բոնասիեն թեթև ժպիտով, որի մեջ անհամբերության ստվեր էր խաղում։
— Ո՛չ, ո՛չ, ես գնում եմ։ Ես հավատում եմ ձեզ, ուզում եմ, որ դուք էլ հավատաք իմ նվիրվածությանը, եթե նույնիսկ այդ նվիրվածությունը ցնորամտու-թյան է հասնում։ Մնաք բարով, տիկին, մնաք բարով։
Եվ ասես զգալով, որ միայն մեծ ջանքերով պիտի կարողանա բաց թողնել կնոջ ձեռքը, նա հանկարծակի սկսեց հեռու վազել։ Մինչ այդ տիկին Բոնասիեն մուրճիկով դուռը բախեց ճիշտ այնպես, ինչպես լուսամուտն էր բախել երեք դանդաղ հարված՝ հավասար ընդհատումներով։ Դ’Արտանյանը մինչև անկյունը վազելով ետ նայեց։ Գուռն արդեն բացվել էր ու փակվել։ Արդուզարդի վաճառականի սիրունիկ կինն այլևս չէր երևում։
Դ’Արտանյանը շարունակեց իր ճանապարհը։ Նա խոսք էր տվել գաղտուկ չնայել տիկին Բոնասիեի հետևից, և եթե նույնիսկ իր կյանքը կախված լիներ նրանից, թե ուր է գնում տիկին Բոնասիեն, կամ ով է ուղեկցելու նրան, միևնույն է, նա տուն կգնար, քանի որ խոսք էր տվել այդպես անել։ Հինգ րոպե չանցած՝ նա արդեն Գերեզմանափորների փողոցումն էր։
«Խե՜ղճ Աթոս,— մտածում էր դ’Արտանյանը։— Նա չի հասկանա, թե այս ամենն ինչ է նշանակում։ Երևի ինձ սպասելով քունը տարել է, և քուն է մտել կամ գնացել է տուն և այնտեղ իմացել, որ իր մոտ մի կին է եղել։ Աթոսի մոտ կի՜ն։ Ասենք,— շարունակեց դ’Արտանյանը,— Արամիսի մոտ հո կար մի կին։ Այս ամենը շատ տարօրինակ է, և ես շատ կուզենայի իմանալ, թե ինչով կվերջանա այս բոլորը»։
— Վատ, տեր իմ, վատ կվերջանա,— լսվեց մի ձայն, և դ’Արտանյանը ճանաչեց Պլանշեի ձայնը։ Բանն այն է, որ ինքն իրեն բարձրաձայն խոսելով, ինչպես պատահում է որևէ բանով խիստ մտահոգված մարդկանց հետ, նա իր համար էլ աննկատելի հասել էր իր տան մուտքին, որի խորքում բարձրանում էր բնակարան տանող սանդուղքը։
— Ինչպե՞ս թե վատ։ Ի՞նչ ես ուզում ասել դրանով, հիմա՛ր,— հարցրեց դ’Արտանյանը։— Ի՞նչ է պատահել այստեղ։
— Տեսակ-տեսակ դժբախտություններ։
— Ի՞նչ դժբախտություններ։
— Ամենից առաջ՝ պարոն Աթոսին ձերբակալել են։
— Ձերբակալե՞լ։ Աթոսը ձերբակալվա՞ծ է։ Ինչի՞ համար։
— Նրան գտան ձեր տանը։ Նրան ձեր տեղը դրին։
— Բայց ո՞վ ձերբակալեց նրան։
— Ոստիկանները։ Նրանց օգնության էին կանչել այն սևազգեստ մարդիկ, որոնց դուք վռնդեցիք։
— Բայց ինչո՞ւ նա իր անունը չասաց։ Ինչո՞ւ չբա-ցատրեց, որ այս գործի հետ ինքը ոչ մի կապ չունի։
Նա ոչ մի պայմանով այդ չէր անի, տեր իմ։ Դրա փոխարեն մոտեցավ ինձ ու շշնջաց. «Այժմ անհրաժեշտ է, որ քո պարոնն ազատ լինի, ոչ թե ես։ Նրան ամեն բան հայտնի է, իսկ ինձ՝ ոչինչ։ Թող կարծեն, թե նա ձերբա-կալված է, և այդ նրան գործելու ժամանակ կտա։
Մի երեք օր հետո ես նրանը, կասեմ, թե ով եմ, և ստիպված կլինեն ինձ բաց թողնել։
— Կեցցես, Աթոս,— շշնջաց դ’Արտանյանը։— Ազնիվ հոգի է։ Ճանաչվում է հենց այս արարքով։ Իսկ ի՞նչ արին ոստիկանները։
— Նրանցից չորսը պարոն Աթոսին տարան, չգիտեմ ուր, Բաստիլ կամ Ֆոր-Լևեկ։ Երկուսը մնացին սևազգեստ մարդկանց հետ, որոնք ամեն ինչ փորփրեցին ու բոլոր թղթերը տարան։ Մյուս երկուսն այդ ժամանակ դռան մոտ կանգնած հսկում էին։ Հետո, իրենց գործը վերջացնելով գնացին՝ տունը դատարկելով և դուռը բաց թողնելով։
— Իսկ Պորտոսն ու Արամի՞սը։
— Ես նրանց տանը չգտա, և նրանք չեն եկել։
— Բայց ամեն րոպե կարող են գալ։ Դու հո խնդրե՞լ ես հայտնել նրանց, որ ես իրենց եմ սպասում։
— Այո՛, տեր իմ։
— Լավ։ Այդ դեպքում մնա այստեղ։ Եթե նրանք գան, պատմիր նրանց ինչ որ եղել է։ Թող ինձ սպասեն «Սոսե-նու Կոնգոմ» պանդոկում։ Այստեղ մնալը նրանց համար անվտանգ չէ։ Հարկավոր է, որ այս տունը հսկողության տակ լինի։ Ես վազում եմ պարոն դը Տրևիլի մոտ, որպեսզի նրան տեղյակ դարձնեմ այս ամենին, այն տեղից կգնամ պանդոկ, նրանց մոտ։
— Լսում եմ, տեր իմ,— ասաց Պլանշեն։
— Բայց դու կմնա՞ս այստեղ։ Չե՞ս վախենում,— հարցրեց դ’Արտանյանը՝ ետ դառնալով և աշխատելով սիրտ տալ իր ծառային։
— Հանգիստ եղեք, տեր իմ,— պատասխանեց Պլանշեն։— Դուք դեռ չեք ճանաչում ինձ։ Ես կարող եմ քաջ լինել, երբ աշխատում եմ քաջ լինել, հավատացեք ինձ։ Ամբողջ խնդիրն այն է, որ մարդ ուզենա քաջ լինել։ Բացի դրանից՝ ես պիկարդացի եմ։
— Ուրեմն՝ վճռված է,— ասաց դ’Արտանյանը։— Դու ավելի շուտ քեզ մահու կտաս, քան քո պահակակետը կթողնե՞ս։
— Այո՛, տեր իմ։ Չկա մի բան, որ ես չանեմ, որպեսզի ապացուցեմ իմ տիրոջը, թե որքան նվիրված եմ իրեն։
— «Հիանալի է,— մտածեց դ’Արտանյանը։— Երևում է՝ այն միջոցը, որ ես գործադրեցի այս տղայի նկատմամբ, հաջող է եղել։ Առիթ եղած դեպքում պետք է օգտվել նրանից»։
Եվ ամենայն արագությամբ, որին ընդունակ էին ամբողջ օրվա վազվզոցից արդեն կարգին հոգնած ոտքերը, նա ուղղվեց դեպի Հին Աղավնատուն փողոցը։
Պարոն դը Տրևիլը տանը չէր։ Նրա վաշտը Լուվրում պահակություն էր անում։ Դը Տրևիլն իր վաշտի հետ Լուվրումն էր գտնվում։
Անհրաժեշտ էր տեսնել պարոն դը Տրևիլին։ Հարկավոր էր նրան տեղեկացնել պատահած դեպքի մասին։
Դ’Արտանյանը որոշեց փորձ անել, կհաջողվի՞ արդյոք իրեն Լուվր մտներ ներս մտնելու իրավունք պիտի տար նրան պարոն Դեզեսարի գվարդիական վաշտի համազգեստը։
Նա գնաց Փոքր Ավգուստինաների փողոցով, ապա գետափով, մտածելով անցնել Նոր կամրջով։ Նրա մեջ միտք ծագեց օգտվել լաստանավից, բայց երբ իջել էր գետափ, մեքենաբար ձեռքը գրպանը տարավ և համոզվեց, որ փոխադրավարձ վճարելու փող չունի։
Հասնելով Դենեգո փողոցը՝ նա հանկարծ նկատեց, որ Դոֆինի փողոցի անկյունից մարդիկ դուրս եկան։ Դրանք երկու հոգի էին, մի տղամարդ և մի կին։ Նրանց տեսքը զարմացրեց դ’Արտանյանին։
Կինը իր կազմվածքով հիշեցնում էր տիկին Բոնա-սիեին, իսկ տղամարդը զարմանալիորեն նման էր Արամիսին։
Բացի դրանից կինը փաթաթված էր մի սև թիկնոցի մեջ, որը դ’Արտանյանի մտքում տպավորվեց այնպես, ինչպես տեսել էր Վոժիրար փողոցում լուսամուտի ֆոնի վրա և Լահարպ փողոցում՝ դռան մեջ։ Իսկ տղամարդը հրացանակրի համազգեստով էր։
Թիկնոցի կնգուղն իջեցրած էր կնոջ երեսին, իսկ տղամարդը իր երեսը ծածկել էր թաշկինակով։ Այս նախազգուշությունը ցույց էր տալիս, որ նրանք եր-կուսն էլ աշխատում էին անճանաչելի մնալ։
Նրանք գնում էին կամրջով։ Դ’Արտանյանի ճանա-պարհը նույնպես կամրջով էր անցնում, քանի որ նա ուզում էր Լուվր գնալ։ Դ’Արտանյանը հետևեց նրանց։
Դեռ մի տասը քայլ էլ չէր արել, երբ արդեն հաստատ համոզվեց, որ կինը տիկին Բոնասիեն է, իսկ տղամար-դը՝ Արամիսը։
Եվ հանկարծ խանդից ծնված բոլոր կասկածները նորից արթնացան նրա հոգում։
Նա խաբված էր, խաբված էր իր ընկերոջից և խաբված էր այն կնոջից, որին արդեն սիրում էր որպես սիրու-հու։ Տիկին Բոնասիեն երդվում էր բոլոր սրբություններով, թե Արամիսին չի ճանաչում, և քառորդ ժամ էլ չանցած՝ դ’Արտանյանը նրան հանդիպում է Արամիսի հետ թևանցուկ արած։
Դ’Արտանյան նույնիսկ չմտածեց էլ, որ ինքը ար-դուզարդի վաճառականի սիրունիկ կնոջ հետ ծանոթա-ցել է ընդամենը մի երեք ժամ առաջ, որ նա ոչ մի բանով կապված չէ իր հետ, բացի միայն շնորհակալության զգացումից՝ ոստիկանների ձեռքից ազատելու համար, որոնք ուզում էին փախցնել նրան, և որ նա ոչ մի բան չի խոստացել դ’Արտանյանին։ Նա իրեն զգում էր խաբված, վիրավորված, ծաղրի ենթարկված սիրեկան։ Կատաղությունը համակեց նրան, արյունը երեսին խփեց։ Նա որոշեց ճշմարտությունն իմանալ։
Երիտասարդ կինը և նրա ուղեկիցը նկատեցինք որ իրենց հետևող կա, և քայլերն արագացրին։ Դ’Արտանյանը համարյա վազելով գնաց անցավ նրանցից և ետ դառ-նալով դեմ առավ նրանց հենց այն րոպեին, երբ նրանք անցնում էին Սամարուհու<ref>Սամարուհու արձան — ավետարանական հերոսի քանդակ, որը զարդարել է Հենրիխ IV-ի կողմից Փարիզում նոր կամրջի վրա տեղադրված Հիդրավլիկ պոմպը։ Պոմպը զարդարված էր նաև թվահարթակով, որը ցույց էր տալիս ժամերը, օրերը, ամիսները։</ref> արձանի կողքով, որը լուսավորված էր մի լապտերով, որի լույսը փռվում էր նաև կամրջի այդ ամբողջ մասի վրա։
Դ’Արտանյանը կանգ առավ նրանց առաջ, և նրանք նույնպես ստիպված եղան կանգ առնել։
— Ի՞նչ է հարկավոր ձեզ, պարո՛ն,— մի քայլ ետ քաշվելով հարցրեց հրացանակիրը, որի օտար առոգանությունը դ’Արտանյանին ստիպեց հասկանալ, որ համենայնդեպս իր ենթադրության մի մասում սխալված է։
— Սա Արամիսը չէ՛,— գոչեց նա։
— Ո՛չ, պարոն, Արամիսը չեմ։ Դատելով ձեր բացա-կանչությունից՝ դուք ինձ ուրիշի տեղ եք դրել, ուստի և ես ներում եմ ձեզ։
— Դուք ներում եք ի՞նձ,— գոչեց դ’Արտանյանը։
— Այո՛,— ասաց անծանոթը։— Թույլ տվեք ինձ անցնել, քանի որ դուք ոչ մի գործ չունեք ինձ հետ։
— Դուք իրավացի եք, պարոն,— ասաց դ’Արտանյանը։— Ես ձեզ հետ ոչ մի գործ չունեմ։ Բայց ես գործ ունեմ ձեր ուղեկցուհու հետ։
— Իմ ուղեկցուհու հե՞տ։ Բայց դուք նրան չեք ճանաչում,— զարմանքով ասաց անծանոթը։
— Դուք սխալվում եք, պարոն։ Ես նրան ճանաչում եմ։
— Ա՜խ,— կշտամբանքով գոչեց տիկին Բոնասիեն։— Դուք ինձ ազնվականի և զինվորականի խոսք տվիք։ Ես կարծում էի, թե կարող եմ հույս դնել ձեր ազնվու-թյան վրա։
— Իսկ դուք, տիկին, դուք...— շփոթված կմկմաց դ’Ար-տանյանը դուք ինձ խոստացաք...
— Հենվեցեք իմ թևին, տիկին,— ասաց օտարերկրացին,— և առաջ գնանք։
Դ’Արտանյանը շշմած ու շփոթված, ձեռքերը կրծքին խաշած՝ շարունակում էր կանգնած մնալ տիկին Բոնասիեի և նրա ուղեկցի առջև։
Հրացանակիրը մի քայլ առաջ գնաց և ձեռքով ետ հրեց դ’Արտանյանին։
Արտանյանը ետ ցատկելով դուրս քաշեց սուսերը։ Օտարերկրացին էլ կայծակի արագությամբ դուրս քաշեց իր սուսերը։
— Ի սեր բոլոր սրբերի, միլորդ,— աղաղակեց տիկին Բոնասիեն, նրանց միջև նետվելով և ձեռքերով բռնելով սուսերները։
— Միլո՜րդ,— գոչեց դ’Արտանյանը։ Նրա գլխում հանկարծակի մի միտք ծագեց— Միլորդ... Ներեցեք ինձ, տեր իմ... Բայց մի՞թե դուք...
— Միլորդը դուքս Բեկինգհեմն է,— շշուկով ասաց տիկին Բոնասիեն։— Եվ այժմ դուք կարող եք մեզ բոլորիս կործանել։
— Միլորդ, և դուք, տիկին, խնդրում եմ ձեզ՝ ներեցեք ինձ։ Բայց չէ՞ որ ես սիրում եմ սրան, միլորդ, և խանդում էի։ Դուք հո գիտե՞ք, միլորդ, ինչ բան է սերը։ Ներեցեք ինձ և ասացեք. չե՞մ կարող արդյոք ես իմ կյանքը տալ ձերդ ողորմածության համար։
— Դուք ազնիվ պատանի եք,— խոսեց դուքսը դ’Արտանյանին մեկնելով իր ձեռքը, որը նա սեղմեց հարգալից։— Դուք ինձ ձեր ծառայությունն եք առաջարկում, ես ընդունում եմ։ Ուղեկցեք մեզ մինչև Լուվր և եթե նկատեք, որ որևէ մեկը հետևում է մեզ, սպանեցեք այդ մարդուն։
Դ’Արտանյանը մերկ սուսերը ձեռքին բռնած ճանապարհ տվեց տիկին Բոնասիեին ու դքսին և մի քսան քայլ ետ մնալով՝ հետևեց նրանց, պատրաստ լինելով ճշտորեն կատարելու Կառլոս I-ի<ref>Կառլոս I Ստյուարտ (1600—1649) — Անգլիայի թագավոր՝ 1625—1649թթ.։ Գլխատվել է անգլիական բուրժուական հեղափոխության ժամանակ։</ref> ազնիվ ու վեհաշուք մինիստրի հրամանը։
Սակայն, բարեբախտաբար, այդ երեկո երիտասարդ հերոսը առիթ չունեցավ գործով ապացուցելու իր նվիրվածությունը, և դեռատի կինը վայելչատես հրացանակրի հետ առանց որևէ անհանգստության՝ Լուվր հասան ու ներս ընդունվեցին Էշել փողոցի դիմաց գտնվող դռնակով։ Ինչ վերաբերում է դ’Արտանյանին, նա շտապեց «Սոսենու Կոնգոմ» պանդոկը, որտեղ նրան սպասում էին Պորտոսն ու Արամիսը։
Առանց բացատրելու, թե ինչ առիթով էր անհանգստացրել նրանց՝ դ’Արտանյանը միայն հաղորդեց, թե ինքը մենակ գլուխ բերեց այն գործը, որի համար, իրեն թվում էր, թե պետք կլիներ նրանց օգնությունը։
Իսկ այժմ, մեր պատմությունով տարված՝ այս երեք ընկերներին թողնենք, որ վերադառնան յուրաքանչյուրն իր տունը, և Լուվրի ոլորապտույտներով հետևենք դուքս Բեկինգհեմին և նրա ուղեկցուհուն։