Chapter 10
Առաջին մաս X. Դ'Արտանյանի բնավորությունը
Կես ժամ անց, ինչպես նախատեսել էին Աթոսն ու Պորտոսը, դ’Արտանյանը տուն վերադարձավ։ Այս անգամ էլ նա ձեռքից բաց էր թողել անծանոթին, որն ասես թաքնվում էր կախարդանքով։ Դ’Արտանյանը սուսերը ձեռքին վազվզեց մերձակա բոլոր փողոցներում, բայց չգտավ ոչ մի բան, որը նրան հիշեցներ իր որոնած մարդուն։ Վերջիվերջո նա եկավ այն մտքին, ինչից որ գուցե և պետք էր սկսել. նա բախեց այն դուռը, որին հենված էր անծանոթը։ Սակայն իզուր էր նա տասը-տասներկու անգամ իրար հետևից մուրճով հարվածում դռանը, ոչ ոք նրան չպատասխանեց։ Հարևանները, որոնք աղմուկից անհանգստացած դուրս էին եկել իրենց տների շեմքը կամ նայում էին լուսամուտներից, հավատացնում էին, որ այդ շենքը, որի դռներն ամուր փակված են, ահա արդեն վեց ամիս է, ինչ անբնակ է։ Մինչ դ’Արտանյանը վազվզում էր փողոցներում և դռները բախում, Արամիսը արդեն եկել, միացել էր իր ընկերներին, այնպես որ դ’Արտանյանը տուն վերադառնալով այնտեղ գտավ ամբողջ խումբը լրիվ կազմով։
— Է՞, ինչպե՞ս,— միաբերան հարցրին երեք հրացանակիրները նայելով դ’Արտանյանին, որը ներս մտավ ամբողջովին քրտնմխած, զայրույթից ծռմռված դեմքով։
— Ինչպե՜ս պիտի լինի,— գոչեց պատանին՝ գլխարկը նետելով մահճակալի վրա։— Այդ մարդը պետք է որ իսկական դև լինի. նա չքացավ ինչպես տեսիլք, ինչպես ուրվական։
— Դուք հավատո՞ւմ եք ուրվականներին,— հարցրեց Աթոսը Պորտոսին։
— Ես հավատում եմ միայն նրան, ինչ տեսել եմ, և որովհետև երբեք ուրվական չեմ տեսել, ուստի և չեմ հավատում նրանց։
— Աստվածաշո՜ւնչը,— գոչեց Արամիսը,— մեզ պատվիրում է հավատալ դրան. Սամվելի ստվերը երևացել է Սավուղին<ref>Աստվածաշունչ|Աստվածաշնչյան լեգենդում Սավուղի՝ Իսրայելական թագավորության (մ.թ.ա. XI դ.) առաջին թագավորի մասին պատմվում է. նրա խնդիրքով Աենդորյան կախարդուհին ոգեկոչել է Սամվել մարգարեին, որը կանխատեսել է Իսրայելի կործանումը, Սավուղի ու նրա որդիների մահը։</ref>, և դա հավատի դոգմա է, որն ես անհնարին եմ համարում կասկածի տակ առնել։
— Ինչ էլ որ լինի, մարդ է դա թե դև, մարմնական էակ է թե ստվեր, ցնորք է թե իրականություն, բայց և այնպես այդ մարդը ծնված է ինձ կործանելու համար։ Նրա փախուստն ինձ ստիպեց ձեռքից բաց թողնել մի գործ, որով կարելի էր մի քանի հարյուր պիստոլ վաստակել, գուցե և ավելի։
— Ի՞նչ միջոցով,— միաբերան բացականչեցին Պորտոսն ու Արամիսը։
Աթոսը, ինչպես միշտ, ավելորդ խոսքերից խուսափելով՝ միայն հարցական հայացքով նայեց դ’Արտանյանին։
— Պլանշե՛,— ասաց դ’Արտանյանը՝ դառնալով իր ծառային, որը դուռը կիսաբաց անելով գլուխը ներս էր խցկել ճեղքից, հուսալով խոսակցության գեթ պատառիկներ որսալ,— իջեք ցած, այս տանտիրոջ պարոն Բոնասիեի մոտ և խնդրեցեք ուղարկել մեզ կես դյուժին Բոժանսի գինի։ Ես այդ գինին մյուս բոլոր տեսակնե-րից գերադասում եմ։
— Ա՜յ քեզ բան,— գոչեց Պորտոսը։— Դուք, ինչպես երևում է, անսահմանափակ վարկ ունեք ձեր տանտիրոջ մոտ։
— Այո,— պատասխանեց դ’Արտանյանը։— Այս օրվանից։ Եվ հանգիստ եղեք, եթե նրա գինին վատն եղավ, մենք Պլանշեին կուղարկենք ուրիշը բերելու։
— Հարկավոր է գործից շահել, բայց ո՛չ չարաշահել,— խրատական տոնով նկատեց Արամիսը։
— Ես միշտ ասել եմ, որ դ’Արտանյանը մեր չորսի մեջ ամենախելացին է,— ասաց Աթոսը և արտասանելով այս խոսքերը, որոնց դ’Արտանյանը պատասխանեց գլուխ խոնարհելով, խորասուզվեց իր համար սովորական լռության մեջ։
— Բայց և այնպես, ի՞նչ է պատահել,— հարցրեց Պորտոսը։
— Դե, հաղորդակից արեք մեզ այդ գաղտնիքին, թանկագին բարեկամ,— վրա բերեց Արամիսը։— Եթե միայն այդ պատմությանը խառը չէ որևէ տիկնոջ պատիվը, իսկ եթե այդպես է, ավելի լավ է ձեզ պահեք ձեր գաղտնիքը։
— Հանգիստ եղեք,— ասաց դ’Արտանյանը։— Ոչ ոքի պատիվը չի տուժի նրանից, ինչ որ պիտի հաղորդեմ ձեզ։
Ապա նա ամենայն մանրամասնությամբ ընկերներին պատմեց իր խոսակցությունը տանտիրոջ հետ, ավելացնելով, որ այդ հարգարժան քաղաքացու կնոջը փախց-նողը հենց այն անծանոթն է, որի հետ ինքն ընդհարում է ունեցել «Ազատ Ջրաղացպան» հյուրանոցում։
— Վատ գործ չէ,— ասաց Աթոսը՝ բանիմաց մարդու տեսքով կուլ տալով գինին և գլխի շարժումով հաստատելով, որ գինին լավն է։— Այդ բարի մարդուց կարելի կլինի մի հիսուն, վաթսուն պիստոլ կորզել։ Մնում է միայն մտածել արժե՞ արդյոք վաթսուն պիստոլի համար վտանգի ենթարկել չորս գլուխ։
— Մի՛ մոռացեք,— բացականչեց դ’Արտանյանը,— որ այստեղ խոսքը վերաբերում է մի կնոջ, մի կնոջ, որին հափշտակել են, որն, անտարակույս, սպառնալիքների է ենթարկվում, գուցեև տանջանքների, և այդ ամենը միայն նրա համար, որ հավատարիմ է եղել իր տիրուհուն։
— Զգույշ, դ’Արտանյան, զգույշ,— ասաց Արամիսը,— դուք, իմ կարծիքով, չափից ավելի մոտ եք ընդունում ձեր սրտին տիկին Բոնասիեի բախտը։ Կինը ստեղծված է մեր կործանման համար, և նա է մեր բոլոր փորձանքների ակունքը։
Արամիսի այս խոսքերի վրա Աթոսը շրթունքը կծեց և հոնքերը կիտեց։
— Ես անհանգիստ եմ ոչ թե տիկին Բոնասիեի,— բացականչեց դ’Արտանյանը,— այլ թագուհու համար, որին լքել է թագավորը, հալածում է կարդինալը և որը տեսնում է, թե ինչպես իրար հետևից ընկնում են իրեն նվիրված բոլոր մարդկանց գլուխները։
— Ինչո՞ւ թագուհին սիրում է նրանց, ում մենք ամենից ավելի շատ ենք ատում՝ իսպանացիներին և անգլիացիներին։
— Իսպանիան նրա հայրենիքն է,— պատասխանեց դ’Արտանյանը,— և միանգամայն բնական է, որ նա սիրում է իսպանացիներին, իր հայրենիքի զավակներին։ Ինչ վերաբերում է ձեր երկրորդ կշտամբանքին, ապա նա, ինչպես ինձ ասել են, սիրում է ոչ թե անգլիացիներին, այլ մեկ անգլիացու։
— Պետք է խոստովանեմ,— նկատեց Աթոսը,— այդ անգլիացին արժանի է սիրո։ Ես երբեք նրանից ավելի ազնիվ արտաքինով մարդ չեմ տեսել։
— Էլ չեմ խոսում այն մասին,— ավելացրեց Պորտոսը,— որ այդ մարդը հագնվում է այնպես, ինչպես ոչ ոք։ Ես Լուվրումն էի, երբ նա շաղ էր տալիս իր մարգարիտները և, աստված վկա, ես էլ վերցրի երկու մարգարիտ, որոնք հետո ծախեցի հատը տասը պիստոլով։ Իսկ դու, Արամիս, ճանաչո՞ւմ ես նրան։
— Այնքան լավ, որքան և դուք, պարոնայք։ Ես մեկն էի նրանցից, ովքեր պահեցին նրան Ամիենի այգում, ուր տարել էր ինձ պարոն դը Պյուտանժը՝ թագուհու ախոռապետը։ Այն տարիներին ես դեռ սեմինարիայում էի։ Այդ պատմությունը, ինչպես ինձ թվաց, վիրավորական էր թագավորի համար։
— Եվ, այնուամենայնիվ,—ասաց դ’Արտանյանը,— եթե ես իմանայի, թե որտեղ է դուքս Բեկինգհեմը, պատրաստ կլինեի բռնել նրա ձեռքից և տանել թագուհու մոտ, թեկուզ հենց ի հեճուկս կարդինալի։ Չէ՞ որ մեր ամենադաժան թշնամին կարդինալն է, և եթե մենք առիթ ունենայինք նա գլխին որևէ չար խաղ խաղալու, ես պատրաստ կլինեի նույնիսկ գլուխս վտանգի ենթարկելու։
— Եվ արդուզարդի վաճառականը, դ’Արտանյան, ձեզ ասաց, թե թագուհին երկյուղ է կրում, որ Բեկինգհեմին այստեղ են կանչել կեղծ նամակո՞վ,— հարցրեց Աթոսը։
— Թագուհին դրանից է վախենում։
— Սպասեք...— ասաց Արամիսը։
— Ի՞նչ կա,— հարցրեց Պորտոսը։
— Ոչինչ, շարունակեցեք։ Ես աշխատում եմ մտաբերել որոշ հանգամանքներ։
— Եվ հիմա ես համոզված եմ,— շարունակեց դ’Արտանյանը,— համոզված եմ որ այդ կնոջ հափշտակությունը կապված է այն դեպքերի հետ, որոնց մասին մենք խոսում էինք կամ գուցե և դուքս Բեկինգհեմի Փարիզ ժամանելու հետ։
— Այս գասկոնացին արտակարգ խելամիտ է,— հիացմունքով գոչեց Պորտոսը։
— Ես շատ եմ սիրում լսել սրան,— ասաց Աթոսը։— Ինձ դուր է գալիս նրա առոգանությունը։
— Լսեցեք, ողորմած պարոններ,— խոսեց Արամիսը։
— Լսենք Արամիսին,— ասացին ընկերները։
— Երեկ ես գտնվում էի մի ամայի թաղամասում, մի գիտնական աստվածաբանի մոտ, որի հետ ես երբեմն խորհրդակցում եմ, երբ այդ պահանջում են իմ գիտա-կան աշխատությունները...
Աթոսը ժպտաց։
— Նա ապրում է մի հեռավոր թաղամասում,— շարունա-կեց Արամիսը,— իր հակումներին ու զբաղմունքին համապատասխան։ Եվ ահա այն պահին, երբ ես դուրս էի գալիս նրա տնից...
Այստեղ Արամիսը կանգ առավ։
— Հետո՞, հետn՞ ինչ։ Այն պահին, երբ դուք դուրս էիք գալիս նրա տնից...
Արամիսը ասես ջանք գործադրեց, ինչպես մի մարդ, որը չափից ավելի ստելով՝ դեմ է առնում ինչ-որ անակնկալ խոչընդոտի։ Սակայն ունկնդիրներն աչքերը հառել էին նրան, բոլորը լարված սպասում էին պատմության շարունակությանը, և նահանջելն այլևս ուշ կլիներ։
— Այդ աստվածաբանն ունի մի, ազգականուհի,— շարունակեց Արամիսը։
— Ա՜յ թե ինչ։ Նա ազգականուհի ունի,— ընդհատեց նրան Պորտոսը։
— Շատ հարգարժան մի տիկին,— պարզաբանեց Արամիսը։
Երեք ընկերները ծիծաղեցին։
— Եթե դուք ծիծաղում եք և կասկածում եք իմ խոսքերին,— ասաց Արամիսը,— սրանից ավելի ոչինչ չեք իմանա։
— Մենք հավատում ենք մահմեդականի պես և համր ենք ինչպես դիակառքը,— ասաց Աթոսը։
— Դե ուրեմն շարունակում եմ,— նորից խոսեց Արամիսը։— Այդ ազգականուհին երբեմն-երբեմն այցելում է իր քեռուն։ Երեկ նա պատահաբար այնտեղ էր ինձ հետ միասին, և ես ստիպված էի ուղեկցել նրան մինչև կառեթ։
— Ա՜խ, ա՜յ թե ինչ։ Նա, աստվածաբանի այդ ազգականուհին, կառե՞թ ունի,— նորից ընդհատեց Պորտոսը, որի գլխավոր թերությունն այն էր, որ չէր կարողանում լեզուն իրեն պահել։— Սքանչելի ծանոթություն է, բարեկամս։
— Պորտոս,— ասաց Արամիսը,— ես արդեն մի անգամ ասել եմ ձեզ. դուք բավարար չափով համեստ չեք, և այդ վնասում է ձեզ կանանց աչքում։
— Պարոններ, պարոններ,— գոչեց դ’Արտանյանը, հասկանալով ամբողջ գործի աստառը,— գործը լուրջ գործ է։ Աշխատենք կատակի չտալ, եթե այդ հնարավոր է։ Շարունակեցեք, Արամիս, շարունակեցեք։
— Հանկարծ մի ինչ-որ բարձրահասակ մարդ, սև մազերով, ազնվականի շարժուձևերով, որ հիշեցնում էր ձեր անծանոթին, դ’Արտանյան...
— Գուցե դա հենց նա ինքն էր,— վրա բերեց դ’Արտանյանը։
— Հինգ թե վեց մարդու ուղեկցությամբ, որոնք հետևում էին նրան մի տասը քայլ հեռավորությամբ, մոտեցավ ինձ և ասաց. «Պարոն դուքս», ապա շարունակեց. «և դուք, տիրուհի», արդեն դառնալով տիկնոջը, որը հենվել էր իմ թևին...
— Աստվածաբանի ազգականուհո՞ւն։
— Դե լռեցե՛ք, Պորտո՛ս,— գոռաց նրա վրա Աթոսը։— Դուք անտանելի եք։
— «Բարեհաճեցեք նստել կառեթ և չփորձեք դիմադրություն ցույց տալ կամ ամենափոքր աղմուկ անգամ բարձրացնել»,— այսպես ասաց այդ մարդը։
— Նա ձեզ Բեկինգհեմի տե՜ղն է դրել,— գոչեց դ’Արտանյանը։
— Ես էլ այդպես եմ կարծում,— պատասխանեց Արամիսը։
— Իսկ տիկնոջը՞,— հարցրեց Պորտոսը։
— Նրան թագուհու տեղն է դրել,— ասաց դ’Արտանյանը։
— Միանգամայն ճիշտ է,— հաստատեց Արամիսը։
— Այս գասկոնացին իսկական սատանա է,— բացականչեց Աթոսը։— Ոչ մի բան սրա աչքից չի վրիպում։
— Իսկապես որ,— ասաց Պորտոսը,— Արամիսը իր հասակով ու քայլվածքով հիշեցնում է գեղեցիկ դքսին։ Բայց ինձ թվում է, որ հրացանակիրների հագուստը...
— Ես վրաս երկար թիկնոց ունեի,— ասաց Արամիսը։
— Հուլիս ամսի՞ն,— գոչեց Պորտոսը։— Մի՞թե քո գիտնականը վախենում է, թե քեզ կճանաչեն։
— Ես ընդունում եմ, որ կառուցվածքը կարող էր խաբել լրտեսին, բայց դեմքը...
— Իմ գլխին լայնեզր գլխարկ կար,— բացատրեց Արամիսը։
— Օ՜, Աստված իմ,— գոչեց Պորտոսը,— ինչպիսի նախազգուշություններ՝ աստվածաբանություն ուսումնասիրելու համար։
— Պարոննե՛ր, պարոննե՛ր,— ընդհատեց նրանց դ’Արտանյանը,— եկեք ժամանակ չկորցնենք կատակների վրա։ Ցրվենք զանազան կողմեր և սկսենք արդուզարդի վաճառականի կնոջ որոնումները. դա է ամբողջ ինտրիգի բանալին։
— Այդպիսի ստոր կոչումի տեր մի կի՜ն։ Մի՞թե դուք այդպես եք կարծում, դ’Արտանյան,— հարցրեց Պորտոսը՝ արհամարհանքով դուրս ցցելով ստորին շրթունքը։
— Նա դը Լա Պորտի, թագուհու հավատարիմ մարդու, սանուհին է։ Մի՞թե ես այդ չասացի ձեզ, պարոններ։ Բացի այդ, հնարավոր է, որ այս անգամ նորին մեծություն թագուհուն հարմար է եղել աջակցություն որոնել այդքան ցածրերում։ Բարձր մարդկանց գլուխը հեռվից էլ երևում է, կարդինալը լավ տեսողություն ունի։
— Լավ, ի՛նչ կա որ,— ասաց Պորտոսը,— համաձայնության եկեք արդուզարդի վաճառականի հետ և այն էլ լավ գնով։
— Այդ հարկավոր չէ,— ասաց դ’Արտանյանը։— Ինձ թվում է, որ եթե նույնիսկ նա չվճարի, ուրիշները մեզ լավ կվարձատրեն։
Այդ րոպեին սանդուղքի վրա լսվեցին շտապ քայ-լեր, դուռը շրխկոցով բացվեց, և դժբախտ վաճառականը ներս ընկավ սենյակ։
— Պարոննե՜ր,— գոռաց նա։— Ի սեր բոլոր սրբերի՝ փրկեցեք ինձ։ Ցածում չորս զինվոր կան, եկել են ինձ ձերբակալելու։ Փրկեցե՜ք, փրկեցե՜ք ինձ։
Պորտոսը և Արամիսը վեր կացան իրենց տեղերից։
— Մի րոպե,— գոչեց դ’Արտանյանը՝ նշան անելով նրանց, որ նորից պատյանը խրեն կիսով չափ դուրս քաշած սուսերները։
— Այստեղ քաջություն հարկավոր չէ, այլ զգուշություն։
— Դե հո չենք կարող թույլ տալ...— առարկեց Պորտոսը։
— Թողեք, որ դ’Արտանյանն անի այնպես, ինչպես ինքն է ուզում,— ասաց Աթոսը։— Կրկնում եմ, նա մեր բոլորից ավելի խելացի է։ Ես, համենայնդեպս, հայտարարում եմ, որ ենթարկվում եմ նրան։ Վարվիր ինչպես կամենում ես, դ’Արտանյան։
Այդ պահին չորս զինվորներ երևացին նախասենյակի շեմքում։ Սակայն, տեսնելով սուսերավոր չորս հրացանակիրներին, նրանք կանգ առան, սիրտ չանելով առաջ շարժվել։
— Ներս եկեք, պարոններ, ներս եկեք,— ձայն տվեց նրանց դ’Արտանյանը։— Այստեղ դուք իմ տանն եք, իսկ մենք բոլորս թագավորի և պարոն կարդինալի հավատարիմ ծառաներն ենք։
— Այդ դեպքում, ողորմած պարոններ, դուք արգելք չե՞ք հանդիսանա կատարելու մեզ տված հրամանը,— հարցրեց նրանցից մեկը, որն, ըստ երևույթին, ջոկատի պետն էր։
— Ընդհակառակն, պարոննե՛ր, մենք նույնիսկ պատրաստ ենք օգնելու ձեզ, եթե անհրաժեշտ լինի։
— Այս ինչե՞ր է ասում,— մրթմրթաց Պորտոսը։
— Հիմար ես դու,— շշնջաց Աթոսը։— Լռի՛ր։
— Բայց չէ որ դուք ինձ խոստացաք...— հազիվ լսելի ձայնով մրմնջաց դժբախտ վաճառականը։
— Մենք ձեզ օգնել կարող ենք միայն այն դեպքում, եթե ազատ մնանք,— արագ շշնջաց նրա ականջին դ’Արտանյանը։— Իսկ եթե փորձենք ձեզ պաշտպան կանգնել, մեզ էլ ձեզ հետ միասին կձերբակալեն։
— Բայց ինձ թվում է...
— Խնդրեմ, պարոններ, խնդրեմ,— բարձր ասաց դ’Ար-տանյանը։ — Ես ոչ մի հիմք չունեմ այս մարդուն պաշտպանելու։ Առաջին անգամ այսօր եմ տեսել սրան, և այն էլ ինչպիսի՞ հանգամանքներում, ինքը կպատմի ձեզ, նա եկել էր ինձնից բնակարանի վարձը պահանջելու։ Ճիշտ չե՞մ ասում, պարոն Բոնասիե։ Պատասխանեցեք։
— Ճիշտ և ճիշտ,— թոթովեց վաճառականը։— Բայց պարոն հրացանակիրը չասաց որ...
— Ոչ մի խոսք իմ մասին, ոչ մի խոսք իմ ընկերների մասին և մանավանդ ոչ մի խոսք թագուհու մասին, թե չէ՝ դուք կկործանեք բոլորին,— շշնշաց դ’Արտանյանը, ապա բարձրաձայն ավելացրեց.— Գործի անցեք, պարոններ, գործի անցեք։ Վերցրեք այս մարդուն։
Եվ դ’Արտանյանը զինվորների կողմը հրեց կատա-րելապես շշմած վաճառականին։
— Դուք բռի մարդ եք, թանկագինս։ Գալիս եք փող պահանջելու, այն էլ ինձնից, հրացանակրի՜ց։ Բա՛նտ։ Կրկնում եմ, պարոննե՛ր, բանտ տարեք սրան և որքան կարելի է երկար պահեցեք փակի տակ, մինչև որ ես կարողանամ փող հավաքել վճարելու համար։
Զինվորները, շնորհակալության խոսքեր շաղ տալով, տարան իրենց զոհին։
Նրանք արդեն սկսել էին սանդուղքից իջնել, երբ հանկարծ դ’Արտանյանը թփթփացրեց նրանց պետի ուսին։
— Չխմե՞մ ես ձեր կենացը, դուք էլ իմը,— առաջար-կեց նա՝ երկու բաժակ լցնելով Բոժանսի գինիով, որ ստացել էր պարոն Բոնասիեից։
— Խիստ մեծ պատիվ է ինձ համար,— մրմնջաց զինվորների պետը։— Շատ շնորհակալ եմ։
— Դե ուրեմն՝ ձեր կենացը, պարոն... Ի՞նչ է ձեր անունը։
— Բուարենար։
— Պարոն Բուարենա՜ր։
— Ձեր կենացը, ողորմած տեր։ Ի՞նչ է ձեր հարգելի անունը, թույլ տվեք հարցնել։
— Դ’Արտանյան։
— Ձեր կենացը, պարոն դ’Արտանյան։
— Իսկ գլխավորը՝ այ թե ում կենացը,— գոչեց դ’Արտանյանը՝ ասես խանդավառված.— Թագավորի՜ կենացը, կարդինալի՜ կենացը։
Եթե գինին վատը լիներ, զինվորների պետը գուցեև կասկածեր դ’Արտանյանի անկեղծությանը, բայց գինին լավն էր, և նա հավատաց։
— Այս ի՞նչ գարշելի բան արիք դուք,— ասաց Պորտոսը, երբ պետը գնաց իր ստորադրյալների հետևից, և չորս ընկերները մենակ մնացին։— Մի՞թե ամոթ չէ։ Չորս հրացանակիրները թույլատրում են ձերբակալել մի թշվառ մարդու, որը վազեվազ եկել, նրանց օգնությանն է դիմել։ Ազնվականը խմում է խուզարկուի հետ։
— Պորտո՜ս,— նկատեց Արամիսը։— Աթոսն արդեն ասաց քեզ, որ դու հիմար ես, և ես ստիպված եմ համաձայնել նրա հետ։ Դ’Արտանյա՛ն, դու մեծ մարդ ես, և երբ կգրավես պարոն դը Տրևիլի տեղը, ես քեզ կխնդրեմ հովանավորել ինձ և օգնել վանահայր դառնալու։
— Ոչինչ չեմ հասկանում,— գոչեց Պորտոսը։— Դուք հավանությո՞ւն եք տալիս դ’Արտանյանի արարքին։
— Այն էլ ինչպե՜ս, գրողը տանի,— ասաց Արամիսը։— Ոչ միայն հավանություն եմ տալիս, այլև նույնիսկ շնորհավորում եմ նրան։
— Իսկ հիմա, պարոննե՛ր,— ասաց դ’Արտանյանը՝ նույնիսկ չփորձելով իր վարմունքը բացատրել Պորտոսին,— մեկը բոլորի համար և բոլորը՝ մեկի, այսուհետև սա է մեր նշանաբանը, ճիշտ չէ՞։
— Բայց...— ուզեց սկսել Պորտոսը։
— Մեկնիր ձեռքդ և երդվի՛ր,— միաձայն գոչեցին Արամիսն ու Աթոսը։ Նրանց օրինակից վարակվելով, այնուամենայնիվ էլի ինչ-որ բան փնթփնթալով քթի տակ, Պորտոսը ձեռքը մեկնեց, և չորսն էլ միասին խմբովին կրկնեցին դ’Արտանյանի թելադրած խոսքերը։
— Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի։
— Հիանալի՛ է։ Այժմ թող յուրաքանչյուրդ տուն գնա,— ասաց դ’Արտանյանը, ասես ամբողջ կյանքում հենց միայն հրամաններ էր տվել։— Եվ զգույշ եղեք, որովհետև այս րոպեից մենք պայքարի մեջ ենք մտել կարդինալի դեմ։