Chapter 1
Առաջին մաս I. Պարոն հայր դ’Արտանյանի երեք ընծան
1625 թ. ապրիլ ամսի առաջին երկուշաբթի օրը Մենգ քաղաքի ամբողջ բնակչությունը,— այն փոքրիկ քաղաքի, որտեղ մի ժամանակ ծնվել է «Վեպ վարդի մասին»<ref>«Վեպ վարդի մասին» — XIII դարի հանրահայտ մի պոեմ, Դյուման նկատի ունի Ժան Կլոպինելին՝ Մենգ քաղաքից (մոտավորապես 1240 — 1305 թթ.), պոեմի երկրորդ մասի ստեղծողին (մոտավորապես 1277 թվականին), առաջին մասը գրվել է Գիլիոմ դը Լորիսի կողմից։</ref> պոեմի հեղինակը,— հուզված էր երևում այնպես, ասես հուգենոտները<ref>Հուգենոտներ — կալվինական (բողոքական) կրոնի կողմնակիցներ Ֆրանսիայում։ XVI դարի երկրորդ կեսին — XVII դարի սկզբին հուգենոտներին հարում էին գլխավորապես խոշոր ֆեոդալները, մանր ու միջին ազնվականությունը, որոնք գժգոհ էին թագավորական իշխանության վարած բացարձակ միապետական քաղաքականությունից։</ref> պատրաստվում էին այդ քաղաքը երկրորդ Լա-Ռոշելը<ref>Լա-Ռոշել — քաղաք-ամրոց Ատլանտյան օվկիանոսի ափին, որը հուգենոտների հենարանն էր թագավորական իշխանության դեմ մղած նրանց երկարատև պայքարում։</ref> դարձնելու։ Քաղաքացիներից ոմանք, տեսնելով Գլխավոր փողոցի կողմը վազող կանանց և լսելով երեխաների ճիչերը, որ գալիս էին տների շեմքից, շտապ հագնում էին զրահները, զինվում` որը հրացանով, որը գեղարդով, որպեսզի իրենց ավելի խրոխտ տեսք տան, և վազում էին դեպի «Ազատ Ջրաղացպան» հյուրանոցը։ Այդ հյուրանոցի առաջ հավաքվել էր հետաքրքրասերների մի աղմկոտ, հոծ բազմություն, որը րոպե առ րոպե մեծանում էր։
Այն ժամանակների համար այդպիսի հուզումները սովորական բան էին, և քիչ էր պատահում, որ որևէ քաղաքի տարեգրության մեջ գրի չառնվեր այդպիսի մի դեպք։ Անվանի պարոնները կռվում էին իրար դեմ. թագավորը կռվում էր կարդինալի<ref>Կարդինալ — կաթոլիկական եկեղեցու բարձրագույն հոգևոր կոչում՝ Հռոմի պապից հետո։</ref> դեմ, իսպանացիք կռվում էին թագավորի դեմ։ Սակայն, բացի այդ պայքարից,— որ մերթ խուլ էր լինում, մերթ ակնհայտ, մերթ գաղտնի, մերթ բացահայտ,— կային նաև և՛ աղքատներ, և՛ հուգենոտներ, շրջմոլիկներ ու սպասավորներ, որոնք կռվում էին բոլորի դեմ։ Քաղաքացիները զինվում էին գողերի, թափառաշրջիկների, սպասավորների, երբեմն՝ տիրակալ ազնվականների դեմ, մերթընդմերթ էլ թագավորի դեմ, բայց կարդինալի կամ իսպանացիների դեմ՝ երբեք։ Հենց այդ արմատացած սովորության պատճառով էլ վերը հիշատակած 1625 թ. ապրիլ ամսի առաջին երկուշաբթի օրը, քաղաքացիները աղմուկ լսելով և չտեսնելով ո՛չ դեղնակարմիր նշաններ, ո՛չ դուքս Ռիշելիեի սպասավորների լիվրեները<ref>Լիվրե — դռնապանների, սպասավորների, կառապանների համար նախատեսված յուրահատուկ ծածկույթով համազգեստ, որը սովո¬րաբար եզրակարվում է տրեզներով։</ref>, նետվեցին դեպի «Ազատ Ջրաղացպան» հյուրանոցը։
Եվ միայն այնտեղ բոլորի համար պարզ դարձավ իրարանցման պատճառը։
Մի երիտասարդ... Կաշխատենք ուրվագծել նրա պատկերը, պատկերացրեք Դոն Կիխոտին՝ տասնութ տարեկան հասակում, Դոն Կիխոտին՝ առանց զրահի, առանց լանջակալի ու ծնկակալների, բրդյա բաճկոնով, որի կապույտ գույնը շեկի ու երկնակապտավուն գույնի միջև եղած երանգ է ստացել։ Երկարավուն թուխ դեմք. ցցուն այտոսկրերը խորամանկության նշան են, ծնոտի մկանները՝ խիստ զարգացած — անժխտելի մի նշան, որով իսկույն կարելի է ճանաչել գասկոնացուն<ref>Գասկոն — գավառ (մարզ) Ֆրանսիայի հարավում։ Գտնում են, որ գաս-կոնցիներն աչքի են ընկնում հատուկ խառնվածքով, քաջությամբ ու հնարամտությամբ, նրանք տաքարյուն են ու հպարտ։ Հիմնականում գասկոնցի ազնվականներից էր կազմված թագավորի անձնական գվարդիան՝ հրացանակիրները։</ref> անգամ, եթե նրա գլխին բերետ չլինի,— այնինչ երիտասարդի գլխին բերետ կար՝ զարդարված փետրանման մի բանով, հայացքը պայծառ էր ու խելացի, քիթը՝ փոքր-ինչ կեռ, բայց նուրբ գծագրությամբ։ Հասակը խիստ բարձր էր պատանու համար և անբավարար՝ հասուն տղամարդու համար... Անփորձ մարդը կարող էր նրան ֆերմերի ճամփորդող որդու տեղ դնել, եթե չլիներ կաշվե սուսերակալից կախված երկար սուսերը, որը տիրոջ ոտքին էր խփվում, երբ նա ոտքով էր գնում, և ձիու բաշն էր խռիվ տալիս, երբ ձիով էր գնում։
Քանզի մեր երիտասարդը մի ձի էլ ուներ, և այն էլ այնպիսի երևելի ձի, որ բոլորի աչքը կպել էր։ Դա մի բեարնական<ref>Բեարն — գավառ (մարզ) Ֆրանսիայի հարավում, Պիրենեյի ստորոտում։</ref> նալած ձի էր՝ տասներկու գուցե և տասնչորս տարեկան, դեղնաշիկավուն մազաթափ պոչով և ուռած կոճերով։ Այդ ձին թեպետև վախից պինչը ծնկներից էլ ցած էր իջեցրել, որով հեծվորին ազատել էր սանձը քաշելու անհրաժեշտությունից, այնուամենայնիվ ընդունակ էր օրական ութ լյո<ref>Լյո - երկարության չափ, հավասար 4 կմ-ի։</ref> ճանապարհ անցնել։ Ձիու այս բոլոր հատկությունները, դժբախտաբար, այնքան էին նսեմացել նրա անճոռնի տեսքից ու տարօրինակ գույնից, որ այն տարիներին, երբ բոլորը հասկանում էին ձիու լավն ու վատը, վերոհիշյալ բեարնական ձիու երևալը Մենդում, ուր նա ոտք էր դրել քառորդ ժամ առաջ Բոժանսի դարպասով, այնպիսի անբարենպաստ տպավորություն էր գործել, որ ստվեր էր գցել նույնիսկ ձիավորի վրա։
Այս բանի գիտակցությունն այնքան խիստ էր դիպել երիտասարդ դ’Արտանյանի սրտին (այդպես էին կոչում այս նոր Դոն Կիխոտին, որ բազմել էր նոր Ռոսի-նանտի վրա), որ նա չէր էլ փորձում թաքցնել, թե ինքը, ինչպիսի լավ ձիավար էլ լինի, որքա՜ն ծիծաղելի պիտի երևա այդպիսի ձիու վրա։ Իզուր չէր, որ նա չկարողացավ զսպել ծանր հառաչանքը, երբ ստանում էր այդ ընծան դ’Արտանյան հորից։ Նա գիտեր, որ այդպիսի ձիու գինը ամենաշատը քսան լիվր<ref>Լիվր — հինավուրց դրամ, սկզբնապես համարժեք մեկ ֆունտ արծաթին։ Հետագայում նրա արժեքը փոխվեց՝ կախված տեղից և ժամանակից։ XVIII դարի սկզբին Ֆրանսիայում այն կազմում էր 1/10 պիստոլ, XIX դարում լիվրը փոխարինվեց ֆրանկով։</ref> է։ Բայց դրա փոխարեն չի կարելի ժխտել, որ այդ ձին տալու ժամանակ ասված խոսքերն անգին էին։
— Զավակս,— ասաց գասկոնցի ազնվականը բեարնական այն մաքուր առոգանությամբ, որից Հենրիխ IV-ը<ref>Հենրիխ IV Բուրբոն (1553—1810) — Նավարայի թագավորը, Ֆրանսիայի թագավորը 1589 (փաստացի 1594-ից) — 1610 թթ., ծնվել է Բեարնում։ Մինչև Ֆրանսիայի գահին բարձրանալը հուգենոտների առաջնորդն էր։ 1593 թվականին կապերը խզեց կալվինականության հետ և հարեց կաթոլիկությանը, որպեսզի նվաճի ֆրանսիական գահին նստելու իրավունքը։ Հրապարակեց Նանտյան Էդիկտը (1598)՝ մի հրամանագիր, որով հուգենոտները ստանում էին դավանության ազատություն և մի շարք քաղաքական իրավունքներ։ Նրանց տնօրինությանը թողեցին մի քանի ամրոցներ, այդ թվում Լա-Ռոշելը։</ref> մինչև իր կյանքի վերջն էլ չկարողացավ ազատվել։— Զավակս, այս ձին լույս աշխարհ է եկել ձեր հոր տանը ահա արդեն տասներեք տարի սրանից առաջ և այդ բոլոր տարիներին ապրել է ձեր հոր տանը, մի բան, որ ձեզ պետք է լավ տրամադրի դեպի ինքը։ Չծախեք այս ձին ոչ մի դեպքում, թողեք, որ պատվով ու հանգիստ շունչը փչի ծերությունից։ Եվ եթե դուք առիթ ունենաք նրանով արշավանքի դուրս գալու, խնայեցեք նրան, ինչպես կխնայեիք ծերունի ծառային։ Արքունիքում,— շարունակեց դ’Արտանյան-հայրը,— այն դեպքում, եթե ընդունվեք այնտեղ, որին, ի դեպ, ձեզ իրավունք է տալիս ձեր տոհմի հնությունը, ձեզ համար և ձեր մերձավորների համար պատվով պահեցեք ձեր ազնվական անունը, որ ավելի քան հինգ հարյուր տարի արժանապատվությամբ կրել են ձեր նախնիները։ «Մերձավոր» ասելով ես նկատի ունեմ ձեր հարազատներին ու մտերիմներին։ Չհնազանդվեք ոչ ոքի, բացի թագավորից ու կարդինալից։ Միայն արիությամբ, լսո՞ւմ եք դուք, միմիայն արիությամբ մեր օրերում ազնվականը կարող է ճանապարհ հարթել իր համար։ Ով երերաց թեկուզ մի ակնթարթ, կարող է փախցնել առիթը, որ հենց այդ ակնթարթին տվել է նրան ճակատագիրը։ Դուք երիտասարդ եք և պարտավոր եք քաջ լինել երկու պատճառով. առաջին պատճառն այն է, որ դուք իմ զավակն եք։ Չվախենաք պատահականություններից և արկածներ որոնեցեք։ Ես սուսերին տիրապետելու հնարավորություն եմ տվել ձեզ։ Դուք երկաթե մկաններ ունեք և պողպատե ձեռքեր։ Ամեն առիթով կռվի մեջ մտեք. ավելի հաճախ մենամարտի բռնվեցեք, մանավանդ որ մենամարտն արգելված է, հատկապես հարկավոր է կրկնակի արիություն ունենալ մենամարտելու համար։ Ես, զավակս, կարող եմ ձեզ տալ ընդամենը տասնհինգ էքյու<ref>Էքյու — հինավուրց խոշոր արծաթադրամ՝ մոտ 30,2 գրամ։ Նրա արժեքը ժամանակ առ ժամանակ փոփոխվել է։ Այստեղ հեղինակն այն հավասարեցնում է մոտավորապես 4 լիվրի։</ref>, ձին և այն խորհուրդները, որ հենց նոր դուք լսեցիք այստեղ։ Ձեր մայրը դրան կավելացնի մի ինչ-որ սպեղանի պատրաստելու նյութերի ցուցակ, որ նա ստացել է մի գնչուհուց. այդ սպեղանին հրաշագործ ուժ ունի և բուժում է ամեն տեսակ վերք, բացի սրտի վերքից։ Օգտվեցեք այս ամենից և ապրեցեք երկար ու երջանիկ... Ինձ մնում է էլի միայն մեկ բան ավելացնել, այն է՝ օրինակ ցույց տալ ձեզ. ո՛չ ինձ, որովհետև ես երբեք արքունիքում չեմ եղել և որպես կամավոր մասնակցել եմ միայն հավատի համար մղած կռիվներին։ Ես նկատի ունեմ պարոն դը Տրևիլին<ref>Տրևիլ — Արման-Ժան դը Պեյրե, կոմս դը Տրևիլ (1596—1672) — 1634 թ.-ից հրացանակիրների հեծելավաշտի կապիտան-լեյտենանտ (մինչև 1642թ.), 1643 թ.-ից՝ գավառի նահանգապետ։</ref>, որը մի ժամանակ իմ հարևանն է եղել։ Մանուկ հասակում նա պատիվ է ունեցել խաղալու մեր թագավոր Լյուդովիկոս XIII-ի հետ— աստված պահի նրան։ Պատահում էր, որ նրանց խաղերը կռվի էին փոխվում, և այդ կռիվների մեջ միշտ չէ, որ գերակշռությունը թագավորի կողմն էր լինում։ Բռունցքի հարվածները, որ ստանում էր թագավորը, նրան ստիպում էին ավելի շատ հարգանք և բարեկամական զգացմունքներ տածել դեպի պարոն դը Տրևիլը։ Հետագայում, երբ առաջին անգամ Փարիզ գնաց, պարոն դը Տրևիլը այլ անձանց հետ կռվել է հինգ անգամ հանգուցյալ թագավորի մահից հետո և մինչև փոքրահասակի չափահաս դառնալը, չհաշված պատերազմներն ու արշավանքները՝ յոթ անգամ, իսկ չափահաս դառնալու օրից և մինչև մեր օրերը՝ հարյուր անգամ։ Եվ իզուր չէ, որ չնայած հրովարտակներին, հրամաններին ու որոշումներին, նա հիմա հրացանակիրների, այսինքն՝ արքայական լեգեոնի կապիտանն է, որին շատ բարձր է դասում թագավորը, և որից քաշվում է կարդինալը։ Իսկ կարդինալը, ինչպես բոլորին հայտնի է, քիչ բան կա, որից վախենա։ Բացի դրանից, պարոն դը Տրևիլը ստանում է տարեկան տասը հազար էքյու։ Հետևապես, նա շատ մեծ իշխան է։ Նա ևս սկսել է այնպես, ինչպես դուք։ Ներկայացեք նրան այս նամակով, հետևեցեք նրա օրինակին և արեք այնպես, ինչպես նա է արել։
Այս ասելուց հետո պարոն դ’Արտանյան-հայրը որդուն տվեց իր սեփական սուսերը, քնքշորեն համբուրեց նրա երկու այտերը և օրհնեց։
Հոր սենյակից դուրս գալիս պատանին տեսավ իր մորը, որ սպասում էր նրան, ձեռքին բռնած հռչակավոր սպեղանու նյութերի ցուցակը, այն սպեղանու, որը, դատելով ըստ հոր տված խորհուրդների, որ հիշատակեցինք վերը, նա հաճախ պիտի գործածեր։ Հրաժեշտն այստեղ ավելի երկար տևեց և ավելի սրտառուչ էր, քան հոր հետ, և այդ ոչ թե նրա համար, որ հայրը չէր սի-րում իր որդուն, որը նրա միակ զավակն էր, այլ նրա համար, որ պարոն դ’Արտանյանը տղամարդ էր և տղամարդուն անվայել կհամարեր ազատություն տալ իր զգացմունքին, մինչդեռ տիկին դ’Արտանյանը կին էր և մայր։ Նա դառնագին լաց եղավ և, պետք է խոստովանել, որ դ’Արտանյան կրտսերը, ինչքան էլ աշխատում էր ապագա հրացանակրին վայել զսպվածություն պահել, այնուամենայնիվ զգացմունքները գերակշռեցին, որ պատիվ է բերում նրան, և նա էլ շատ արցունք թափեց, որ միայն կիսով չափ կարողացավ թաքցնել, այն էլ մեծ դժվարությամբ։
Նույն օրը պատանին ճանապարհ ընկավ՝ տանելով հայրական երեք ընծաները, որոնք, ինչպես արդեն ասացինք, բաղկացած էին տասնհինգ էքյուից, ձիուց և պարոն դը Տրևիլին ուղղված նամակից։ Խորհուրդները, հասկանալի է, հաշվի մեջ չեն։
Այսպիսի խրատներ ստացած լինելով՝ դ’Արտանյանը թե՛ մարմնով, թե՛ հոգով ճիշտ ու ճիշտ նման էր Սերվանտեսի հերոսին, որի հետ մենք այնքան հաջող համեմատեցինք նրան, երբ պատմողի մեր պարտականությունը մեզ ստիպեց ուրվագծել նրա պատկերը։ Դոն Կիխոտին հողմաղացները թվում էին հսկաներ, իսկ ոչխարների հոտը՝ մի ամբողջ բանակ։ Դ’Արտանյանը յուրաքանչյուր ժպիտ ընդունում էր որպես վիրավորանք, իսկ յուրաքանչյուր հայացք՝ որպես մարտակոչ։ Դրա համար էլ նա Տարբից մինչև Մենգ բռունցքը չթուլացրեց և օրական առնվազն տասն անգամ ձեռքը գցում էր իր սուսերի դաստակին։ Այնուամենայնիվ նրա բռունցքը ոչ ոքի ծնոտը չփշրեց, իսկ սուսերը դուրս չեկավ իր պատյանից։ Ճիշտ է, չարաբաստիկ ձիու տեսքը շատ անգամ ժպիտ առաջացրեց անցորդների դեմքին, բայց որովհետև ձիու կողերին էր խփվում ահռելի չափի մի սուսեր, իսկ ավելի վերև փայլատակում էին այնպիսի աչքեր, որոնք այրվում էին ոչ այնքան հպարտությամբ, որքան ցասումով, դրա համար էլ անցորդները խեղդում էին իրենց ծիծաղը, իսկ երբ ուրախությունը հաղթում էր զգուշությանը, աշխատում էին ժպտալ դեմքի մեկ կեսով, ինչպես հնադարյան դիմակներ։ Այսպես դ’Արտանյանը պահպանելով իր վեհ կեցվածքը և բորբոքման ամբողջ պաշարը՝ հասավ չարաբաստիկ Մենգ քաղաքը։
Բայց այնտեղ, հենց «Ազատ Ջրաղացպան»-ի դարպասի առաջ իջնելով ձիուց՝ առանց հյուրանոցի տիրոջ, ծառաների կամ ձիապանի օգնության, որոնք կբռնեին եկվորի ասպանդակը, դ’Արտանյանը երկրորդ հարկի բաց լուսամուտում նկատեց բարձրահասակ ու պատկառատես մի ազնվականի։ Ուռած ու անհրապույր դեմքով այդ ազնվականը ինչ-որ բան էր ասում իր երկու ուղեկիցներին, որոնք, թվում էր, հարգանքով լսում էին նրան։
Դ’Արտանյանը սովորականի նման իսկույն ենթադրեց, թե խոսքը իրեն է վերաբերում, և լսողությունը լարեց։ Այս անգամ նա չէր սխալվել կամ սխալվել էր միայն մասամբ, խոսքը վերաբերում էր ոչ թե նրանք այլ նրա ձիուն։ Անծանոթը, ըստ երևույթին, թվում էր ձիու բոլոր արժանիքները, իսկ որովհետև ունկնդիրները, ինչպես արդեն ասացի, ազնվականին վերաբերվում էին խիստ հարգանքով, ապա նրա ամեն մի խոսքի վրա քրքջում էին։ Նկատի ունենալով, որ նույնիսկ մի թեթև ժպիտը բավական էր մեր հերոսին համբերությունից դուրս բերելու համար, հեշտ է պատկերացնել, թե ինչպիսի ազդեցություն ունեցավ նրա վրա ուրախության այդ բուռն արտահայտությունը։
Դ’Արտանյանն ամենից առաջ ցանկացավ ուշադիր զննել այն անպատկառի դեմքը, որը համարձակվել էր ծաղրել իրեն։ Նա հպարտ հայացքը բևեռեց անծանոթի դեմքին և տեսավ, որ նա մոտ քառասուն տարեկան մի մարդ է, սև, խորաթափանց աչքերով, սպիտակ երեսով, խոշոր քթով, շատ խնամքով խուզած սև բեղերով։ Նա հագել էր մանուշակագույն կամզոլ<ref>Կամզոլ — տղամարդու հինավուրց կարճ հագուստի մի տեսակ, սովորաբար անթև, որը հետագայում փոխարինվեց բաճկոնով։</ref> ու շալվար, նույն գույնի քուղերով, առանց որևէ նախշի, եթե չհաշվենք սովորական կտրվածքները, որոնց միջով երևում էր ներքնաշապիկը։ Ե՛վ շալվարը, և՛ կամզոլը թեպետև նոր էին, բայց խիստ ճմրթված, ինչպես երկար ժամանակ սնդուկում մնացած ճանապարհորդական իրեր։ Դ’Արտանյանն այս ամենը որսաց ամենանուրբ դիտողի արագությամբ, գուցե թե ենթարկվելով այն նախազգացմանը, որը նրան ասում էր, թե այդ մարդը մեծ դեր է խաղալու նրա կյանքում։
Այսպես ուրեմն, այն նույն վայրկյանին, երբ դ’Արտանյանը իր հայացքը բևեռեց մանուշակագույն կամ զոլավոր մարդու վրա, վերջինս բեարնական ձիու հասցեին բաց թողեց իր ամենասուր ու ամենախորիմաստ դիտողություններից մեկը։ Նրա ունկնդիրները քրքիջով բռնվեցին, և խոսողի դեմքով, ակնհայտորեն հակառակ սովորականի, անցավ ժպիտի նման մի բան։ Այս անգամ տարակուսանք լինել չէր կարող, դ’Արտանյանին իսկական վիրավորանք էր հասցված։
Այս գիտակցությամբ տոգորված՝ նա բերետն ավելի խոր քաշեց աչքերին և աշխատելով ընդօրինակել պալատական շարժուձևերը, որ նա նկատել էր Գասկոնում նշանավոր ճանապարհորդների մոտ, մի ձեռքը սուսերի դաստակին դնելով և մյուսը կողին կանթելով՝ մի քայլ արեց դեպի առաջ։ Դժբախտաբար զայրույթը վայրկյան առ վայրկյան ավելի ու ավելի էր կուրացնում պատանուն, և վերջիվերջո նա հպարտ ու մեծամիտ ֆրազների փոխարեն, որոնցով ուզում էր օժտել իր մարտակոչը, ի վիճակի եղավ արտասանելու միայն մի քանի կոպիտ խոսք՝ միաժամանակ անելով կատաղի շարժումներ։
— Է՜յ պարո՛ն,— գոռաց նա։— Դո՛ւք, որ թաքնվում եք այդ փեղկի հետևում։ Այո՛, դուք։ Բարի եղեք ասելու, ինչի՞ վրա եք ծիծաղում, և մենք էլ ձեզ հետ կծիծաղենք։
Անվանի ճամփորդը իր հայացքը դանդաղորեն ձիուց փոխադրեց ձիավորի վրա։ Կարծես նա միանգամից չհասկացավ, որ հենց իրեն են ուղղված այդքան տարօրինակ կշտամբանքները։ Հետո, երբ նրա մեջ այլևս կասկած մնալ չէր կարող, հոնքերը թեթևակի կիտվեցին, և նա բավական երկար լռությունից հետո պատասխանեց այնպիսի մի տոնով, որ լի էր հեգնանքով ու ամբարտավանությամբ։
— Ես ձեզ հետ չեմ խոսում, ողորմած պարոն։
— Բայց ես ձեզ հետ եմ խոսում,— գոչեց պատանին՝ լկտիության ու նրբության, հարգանքի ու արհամար-հանքի այդ խառնուրդից վրդովված։
Անծանոթը էլի մի քանի ակնթարթ աչքը չէր հեռացնում դ’Արտանյանից, ապա լուսամուտից ետ քաշվելով, դանդաղորեն դուրս եկավ հյուրանոցի դռնից և կանգ առավ պատանուց մի երկու քայլ հեռու, ուղիղ նրա ձիու դիմաց։ Նրա հանդարտությունը և դեմքի ծաղրական արտահայտությունն ավելի ուժեղացրին իր զրուցակիցների ուրախությունը, որոնք մնացել էին լուսամուտի մոտ կանգնած։
Դ’Արտանյանը նրա մոտենալու ժամանակ իր սուսերը մի ամբողջ ֆուտ<ref>Ֆուտ — անգլիական չափի միավոր, 30,5 սմ։</ref> դուրս էր քաշել պատյանից։
— Այս ձին իսկապես որ դեղնավուն է, կամ ավելի ճիշտ՝ մի ժամանակ այդպիսին է եղել,— ասաց անծանոթը՝ դառնալով իր ունկնդիրներին, որոնք կանգնած էին լուսամուտի մոտ, և ասես չնկատելով դ’Արտանյանի գրգռվածությունը, չնայած որ երիտասարդ գասկոնացին կանգնած էր նրա և նրա զրուցակիցների միջև։— Այս գույնը, որ խիստ տարածված է բուսական աշխարհում, մինչև այժմ ձիերի մոտ հազվադեպ է երևացել։
— Ձիու վրա ծիծաղում է նա, ով չի՛ համարձակվում ծիծաղել նրա տիրոջ վրա,— կատաղաբար գոռաց դը Տրևիլին ընդօրինակողը։
— Ես, պարոնս, հազվադեպ եմ ծիծաղում,— ասաց անծանոթը։ — Դուք այդ կարող էիք նկատել իմ դեմքի արտահայտությունից։ Բայց ես հույս ունեմ, որ ինձ իրավունք կվերապահեմ ծիծաղելու այն ժամանակ, երբ կցանկանամ։
— Իսկ ես,— գոչեց դ’Արտանյանը,— ձեզ չե՛մ թույլ տա ծիծաղել, երբ ես այդ չեմ ցանկանում։
— Իսկապե՞ս, պարոն,— հարցրեց անծանոթը ավելի ևս հանգիստ տոնով։— Ինչ կա որ, դա միանգամայն արդարացի բան է։— Եվ կրունկների վրա շուռ գալով՝ նա ուղղվեց դեպի հյուրանոցի դարպասը, որի տակ դ’Ար-տանյանը դեռ մոտենալիս նկատել էր մի թամբած ձի։
Բայց դ’Արտանյանն այնպիսի տղա չէր, որ բաց թողներ այն մարդուն, որը հանդգնություն էր ունեցել ծիծաղելու իր վրա։ Նա իր սուսերն ամբողջովին հանեց պատյանից և նետվեց վիրավորողի վրա՝ հետևից գոռալով.
— Ե՛տ դարձեք, ե՛տ դարձեք, պարոն, որպեսզի ես ստիպված չլինեմ թիկունքից խփել ձեզ։
— Խփել ի՞նձ,— գոչեց անծանոթը՝ կրունկների վրա շեշտակի շուռ գալով և պատանուն նայելով նույնքան զարմանքով, որքան և արհամարհանքով։— Ի՜նչ եք ասում, ի՜նչ եք ասում, սիրելիս։ Դուք երևի ցնդե՜լ եք։
Եվ ապա կիսաձայն, ասես ինքն իրեն խոսելով՝ նա ավելացրեց.
— Ա՛յ քեզ բա՜ն։ Եվ ի՜նչ գյուտ է սա նորին մեծության համար, որն ամենուրեք քաջեր է որոնում իր հրացանակիրների շարքերը լրացնելու։
Նա դեռ խոսքը չէր վերջացրել, երբ դ’Արտանյանը այնպիսի մի կատաղի հարձակում գործեց, որ եթե անծանոթը ժամանակին ետ չցատկեր, այդ կատակը վերջինը կլիներ նրա կյանքում։ Անծանոթը հասկացավ, որ գործը լուրջ բնույթ է ստանում, դուրս քաշեց սուսերը, գլուխ տվեց հակառակորդին և իսկապես պատրաստվեց պաշտպանության։ Բայց հենց այդ նույն վայրկյանին նրա երկու զրուցակիցները պանդոկապետի ուղեկցությամբ մահակներով, բահերով ու կրակխառնիչներով զինված՝ հարձակվեցին դ’Արտանյանի վրա, կարկուտի պես հարվածներ տեղալով նրա գլխին։ Այս անակնկալ հարձակումը խիստ փոխեց մենամարտի ընթացքը, և դ’Արտանյանի հակառակորդը, օգտվելով այն ակնթարթից, երբ դ’Արտանյանը շուռ եկավ կրծքով դիմավորելու իր վրա տեղացող հարվածների տարափը, նույնպիսի հանգստությամբ նորից սուսերը պատյանի մեջ խրեց։ Գործող անձից, որպիսին անծանոթը քիչ մնաց որ դառնար բորբոքվող տեսարանում, դարձավ վկա,— մի դեր, որ նա կատարում էր իր համար սովորա-կան անվրդովությամբ։
— Գրողը տանի այս գասկոնացիներին,— այնուամե-նայնիվ մրմնջաց նա,— հապա մի նստեցրեք դրան այդ նարնջագույն ձիու վրա և թող կորչի այստեղից։
— Ո՛չ ավելի շուտ, քան ես կսպանեմ քեզ, վախկո՛տ,— գոռաց դ’Արտանյանը երեսը իր երեք հակառակորդների կողմը դարձրած և ուժի ներածին չափով ետ տալով նրանց հարվածները, որոնք շարունակում էին կարկուտի պես տեղալ նրա գլխին։
— Գասկոնական պարծենկոտությո՜ւն,— մրթմրթաց անծանոթը։— Երդվում եմ պատվովս, այդ գասկոնացիք անուղղելի են։ Ի՛նչ արած, մի լավ ջարդեցեք դրան, քանի որ այդպես է ուզում։ Երբ կկշտանա, ինքը կասի։
Բայց անծանոթը դեռ չգիտեր, թե ինչպիսի համառ պտուղի հետ գործ ունի։ Դ’Արտանյանը այնպիսին չէր, որ գթություն խնդրեր։ Դրա համար էլ կռիվը էլի մի քանի վայրկյան շարունակվեց։ Սակայն, վերջապես, երիտասարդ գասկոնացին ուժասպառ լինելով ձեռքից վայր գցեց սուսերը, որը կոտրվել էր մահակի հարվածից։ Հետևյալ հարվածը նրա ճակատը պատռեց, և նա վայր ընկավ արնաշաղախ, համարյա գիտակցությունը կորցրած։
Հենց այդ ժամանակ էր, որ ժողովուրդը բոլոր կողմերից վազում էր դեպքի վայրը։ Հյուրանոցի տերը ավելորդ խոսակցություններից ազատվելու համար իր ծառաների օգնությամբ վիրավորին տարավ խոհանոց, որտեղ նրան որոշ օգնություն ցույց տրվեց։
Մինչդեռ անծանոթը, վերադառնալով իր տեղը՝ լուսամուտի մոտ, անսքող տհաճությամբ նայում էր ամբոխին, որն, ըստ երևույթին, իր ներկայությամբ չափազանց գրգռում էր նրան։
— Է՛ ինչպես է այն դիվահարը,— բացվող դռան ձայնի վրա շուռ գալով հարցրեց նա՝ դիմելով պանդոկապետին, որը եկել էր նրա որպիսությունը հարցնելու։
— Ձերդ պայծառափայլությունը ողջ և առո՞ղջ է,— հարցրեց պանդոկապետը։
— Ողջ եմ, սիրելի պանդոկապետ։ Բայց ես կուզենայի իմանալ՝ ինչպե՞ս է մեր երիտասարդը։
— Հիմա արդեն լավ է,— պատասխանեց պանդոկապետը։— Նա բոլորովին կորցրել էր գիտակցությունը։
— Իսկապե՞ս,— նորից հարցրեց անծանոթը։
— Բայց դրանից առաջ նա իր վերջին ուժերը հավաքելով՝ ձեզ էր կանչում, գոռգոռում էր և բավարարություն պահանջում։
— Դա իսկական դև է,— ասաց անծանոթը։
— Օ՜, ոչ, ձերդ պայծառափայլություն,— առարկեց պանդոկապետը՝ արհամարհանքով շրթունքները ծռմռելով։— Երբ նա ուշաթափված էր, մենք խուզարկեցինք նրան։ Նրա կապոցի մեջ կար միայն մեկ շապիկ, իսկ քսակում՝ տասներկու էքյու։ Բայց, չնայած դրան, նա ուշաթափվելիս շարունակ կրկնում էր, որ եթե այս պատմությունը Փարիզում պատահեր, դուք տեղն ու տեղը կզղջայիք, իսկ այսպես՝ դուք հետո պիտի զղջաք։
— Դե, այդ դեպքում երևի նա զգեստափոխված արքայազն է,— սառն պատասխանեց անծանոթը։
— Ես հարկ համարեցի նախազգուշացնել ձեզ, ձերդ պայծառափայլություն,— վրա բերեց պանդոկապանը,— որ դուք զգույշ լինեք։
— Ցասումի պահին նա ոչ ոքի անուն չտվե՞ց։
— Ինչպե՜ս չէ։ Նա թփթփացնում էր իր գրպանին ու կրկնում. «Տեսնենք ինչ կասի պարոն դը Տրևիլը, երբ իմանա, որ վիրավորել են իր հովանավորության տակ գտնվող մարդուն»։
— Պարոն դը Տրևի՞լ,— զգուշավոր տոնով շարունա-կեց անծանոթը։— Գրպանին էր թփթփացնում, պարոն դը Տրևիլի անո՞ւնն էր տալիս... Է՛, ինչպե՞ս, հարգարժան պանդոկապետ։ Կարծում եմ, որ քանի դեռ երիտասարդը ուշաթափված էր, դուք չզլացաք զննել նաև այդ գրպանը։ Ի՞նչ կար այն տեղ։
— Նամակ՝ հասցեագրված հրացանակիրների կապիտան պարոն դը Տրևիլին։
— Մի՞թե։
— Ճիշտ այդպես, ինչպես պատիվ ունեցա զեկուցելու ձերդ պայծառափայլությանը։
Պանդոկապետը, որ առանձին խորաթափանցություն չուներ, չնկատեց, թե այս խոսքերն ասելիս ինչպիսի արտահայտություն ստացավ անծանոթի դեմքը։ Ետ քաշվելով լուսամուտից, որի գոգին հենվել էր մինչ այդ, անծանոթը մտահոգված՝ հոնքերը կիտեց։
— Դև՛,— թռցրեց նա ատամների արանքից։— Մի՞թե Տրևիլն այդ գասկոնացուն ուղարկել է ինձ սպանելու։ Ախր շատ շահել է նա։ Բայց սուսերի հարվածը սուսերի հարված է, ինչպիսի հասակ էլ որ ունենա հարվածողը։ Իսկ տղան ավելի քիչ վտանգ է ներշնչում։ Պատահում է, որ փոքրիկ խոչընդոտը կարող է խանգարել մեծ նպատակին հասնել գործին։
Անծանոթը մի պահ մտորեց։
— Լսեցեք, պանդոկապետ,— ասաց նա վերջապես։— Կարո՞ղ եք ազատել ինձ այդ խելացնորից։ Խիղճս թույլ չի տալիս, որ ես սպանեմ նրան, այնինչ...— Նրա դեմքին գծագրվեց պաղ դաժանություն։— Այնինչ նա խանգարում է ինձ։ Որտե՞ղ է հիմա։
— Իմ կնոջ սենյակում, երկրորդ հարկում։ Նրա վերքերն են փաթաթում։
— Իրերն ու պայուսակը մո՞տն են։ Նա կամզոլը չի՞ հանել։
— Կամզոլն էլ, պայուսակն էլ մնացել են ցածում, խոհանոցում։ Բայց քանի որ այդ խելացնոր ջահելը խանգարում է ձեզ...
— Իհարկե խանգարում է։ Նա ձեր հյուրանոցում իրարանցում է ստեղծում, որն անհանգստացնում է կարգին մարդկանց... Գնացեք ձեր սենյակը, պատրաստեցեք իմ հաշիվը և նախազգուշացրեք իմ ծառային։
— Ինչպե՜ս։ Ձերդ պայծառափայլությունն արդեն հեռանո՞ւմ է մեզնից։
— Այդ ձեզ առաջ էլ հայտնի էր։ Չէ՞ որ ես ձեզ հրամայել էի թամբել իմ ձին։ Մի՞թե իմ կարգադրությունը կատարված չէ։
— Կատարված է։ Ձերդ պայծառափայլությունը կարող է համոզվել. ձին թամբած է և կանգնած դարպասի մոտ։
— Լավ, ուրեմն արեք ինչպես ասացի։
«Ա՜յ քեզ բան,— մտածեց պանդոկապետը։— Չլինի՞ թե սա վախեցավ այն տղայից»։
Սակայն անծանոթի հրամայական հայացքը կանգ-նեցրեց նրա մտքերի հոսքը։ Նա հաճոյակատար գլուխ տվեց և դուրս գնաց։
«Միայն թե այդ սրիկան չտեսներ միլեդիին<ref>Ազնվատոհմ անգլուհուն դիմելու ձև։</ref>,— մտքում շարունակեց անծանոթը։— Նա շուտով պետք է ան-ցնի այստեղից։ Նույնիսկ ուշանում է։ Ավելի լավ կլինի ես ձիով ընդառաջ գնամ նրան... Ա՜խ, եթե ես իմանայի ինչ է գրված դը Տրևիլին ուղղված այդ նամակում...»։ Եվ անծանոթը, շարունակելով ինքն իրեն մրմնջալ, ուղղվեց դեպի խոհանոց։
Մինչ այդ պանդոկապետը, չկասկածելով, որ հենց երիտասարդի ներկայությունն է անծանոթին ստիպում հեռանալ հյուրանոցից, բարձրացավ իր կնոջ սենյակը։ Դ’Արտանյանն արդեն բոլորովին ուշքի էր եկել։ Ակնարկելով, որ ոստիկանությունը կարող է նրա օձիքից կպչել, որովհետև նա կռվի է բռնվել նշանավոր ազնվականի հետ,— իսկ որ անծանոթը նշանավոր ազնվական է՝ դրան պանդոկապետը չէր կասկածում,— նա աշխատում էր դ’Արտանյանին համոզել, որ, չնայած իր թուլությանը, ոտքի ելնի ու ճանապարհ ընկնի։ Դ'Արտանյանը դեռևս կիսաշշմած վիճակում, առանց կամզոլի, գլուխը սրբիչով փաթաթած՝ վեր կացավ և պանդոկապետի հորդորանքով կամաց-կամաց սկսեց ցած իջնել սանդուղքով։ Բայց խոհանոցի շեմքին ոտք դնելով և պատահաբար մի հայացք գցելով լուսամուտին, առաջին մարդը, որին նա տեսավ, իրեն վիրավորող անծանոթն էր, որը նորմանդական երկու խոշոր ձի լծած ճամփորդական մի կառեթի ոտնակին կանգնած հանգիստ զրույց էր անում ինչ-որ մեկի հետ։
Նրա զրուցակիցը, որի գլուխը երևում էր կառեթի լուսամուտի շրջանակից, քսան-քսաներկու տարեկան մի դեռատի կին էր։ Մենք արդեն ասել ենք, թե դ’Արտանյանը ինչպիսի արագությամբ էր ընկալում մարդու դեմքի բոլոր առանձնահատկությունները։ Նա տեսավ, որ այդ կինը ջահել է ու գեղեցիկ։ Եվ այդ գեղեցկությունն առավել ես զարմացրեց նրան այն պատճառով, որ դա բոլորովին արտասովոր բան էր հարավային Ֆրանսիայում, որտեղ մինչ այդ ապրել էր դ’Արտանյանը։ Դա մի գունատ, շիկահեր կին էր՝ երկար խոպոպներով, որոնք իջնում էին մինչև ուսերը, կապուտակ թախծագորով աչքերով, վարդագույն շրթունքներով և ալաբաստրի պես սպիտակ թևերով։ Նա ինչ-որ բանի մասին աշխուժորեն խոսում էր անծանոթի հետ։
— Ուրեմն բարձր սրբազնությունը<ref>Բարձր սրբազնություն — արքեպիսկոպոսների ու կարդինալների տիտղոս։</ref> ինձ հրամայում է ...— ասաց տիկինը։
— ... անհապաղ վերադառնալ Անգլիա և այնտեղից իսկույն տեղեկություն ուղարկել, եթե դուքսը Լոնդոնից դուրս գա։
— Իսկ մյուս կարգադրություննե՞րը...
— Դուք դրանք կգտնեք այս տուփի մեջ, որը բաց կանեք միայն Լա-Մանշի այն կողմում։
— Հիանալի է։ Է՛, իսկ դո՞ւք ինչ եք մտադիր անելու։
— Ես վերադառնում եմ Փարիզ։
— Առանց այդ հանդուգն տղային խրատ տալո՞ւ։
Անծանոթն ուզում էր պատասխան տալ, բայց դեռ բերանն էլ չբացած՝ դ’Արտանյանը, որ լսել էր այդ ամբողջ խոսակցությունը, երևաց շեմքում։
— Այդ հանդուգն տղան ինքը խրատ կտա ում որ հարկավոր է,— գոռաց նա։— Եվ հուսով եմ, որ ում այդ տղան ուզում է խրատ տալ, այս անգամ չի թաքնվի նրանից։
— Չի թաքնվի՞,— հարցրեց անծանոթը հոնքերը խոժոռելով։
— Ես ենթադրում եմ, որ տիկնոջ աչքի առաջ դուք սիրտ չեք անի փախչել։
— Հիշեցե՛ք...— գոչեց միլեդին, տեսնելով, որ անծանոթը ձեռքը գցում է իր սուսերի դաստակին,— հիշեցե՛ք, որ ամենափոքր հապաղումը կարող է ամբողջ գործը կործանել։
— Դուք իրավացի եք,— շտապ ասաց անծանոթը։— Գնացեք ձեր ճանապարհով, ես էլ կգնամ իմ ճանապարհով։
Եվ տիկնոջը գլուխ տալով՝ նա թռավ ձիու վրա, իսկ կառեթի կառապանը մտրակը շրխկացրեց իր ձիերի մեջքին։ Եվ անծանոթն ու նրա զրուցակիցը ամբողջ թափով սլացան հակառակ ուղղություններով։
— Իսկ հաշի՜վը, հաշիվը ո՞վ պիտի վճարի,— գոռաց պանդոկապետը, որի վերաբերմունքը հյուրի նկատմամբ փոխվեց խորն արհամարհանքի, երբ տեսավ, թե ինչպես է նա հեռանում առանց հաշիվը փակելու։
— Վճարի՛ր, անբա՞ն,— առանց կանգ առնելու գոռաց ձիավորն իր ծառային, որը պանդոկապետի ոտքերի տակ շպրտեց մի քանի արծաթե դրամ և սլացավ իր տիրոջ հետևից։
— Վախկո՛տ, սրիկա՛։ Ինքնակո՜չ ազնվական,— գոռաց դ’Արտանյանը՝ իր հերթին վազելով ծառայի հետևից։
Սակայն պատանին դեռ շատ թույլ էր և չէր կարող տանել այդպիսի ցնցումը։ Դեռ մի տասը քայլ էլ չվազեց՝ ականջները զնգացին, գլուխը պտույտ եկավ, աչքերին արյունոտ մշուշ պատեց, և նա շրմփոցով ընկավ փողոցի մեջտեղում՝ շարունակելով գոռալ.— Վախկո՜տ, վախկո՜տ, վախկո՜տ։
— Իսկապես ողորմելի վախկոտ,— ասաց պանդոկապե-տը՝ մոտենալով դ’Արտանյանին և աշխատելով շողոքորթությամբ արժանանալ խեղճ պատանու վստահությանը ու խաբել նրան, ինչպես առակում արագիլն է խաբում խխունջին։
— Այո, սարսափելի վախկոտն է,— շշնջաց դ’Արտանյանը։— Բայց թե այն կինն ի՜նչ գեղեցիկն էր։
— Ի՞նչ կին,— հարցրեց պանդոկապետը։
— Միլեդին,— շշնջաց դ’Արտանյանը և երկրորդ անգամ ուշաթափվեց։
— Ի՛նչ արած,— ասաց պանդոկապետը։— Երկուսին ես ձեռքից բաց թողիք, բայց կարող եմ համոզված լինել, որ սա մի քանի օր կմնա։ Տասնմեկ էքյու ոնց էլ լինի կվաստակեմ։
Մենք գիտենք, որ տասնմեկ էքյուն այն ամենն էր, ինչ մնացել էր դ’Արտանյանի քսակում։
Պանդոկապետը հույս ուներ, որ իր հյուրը տասնմեկ օր հիվանդ կլինի և օրական մեկ էքյու կվճարի, բայց նա իր հյուրին չէր ճանաչում։ Հետևյալ օրը դ’Արտանյանը վեր կացավ առավոտվա ժամը հինգին, ինքնուրույն իջավ խոհանոց, խնդրեց իր համար ճարել ինչ-որ դեղանյութեր, որոնց ճշգրիտ ցուցակը մեզ չի հասել, այդ թվում՝ գինի, յուղ, խնկունի և, մոր տված ցուցակը ձեռքին բռնած, պատրաստեց սպեղանին, որը քսեց իր բազմաթիվ վերքերին, ինքը փոխելով վիրակապերը՝ ոչ մի բժիշկ չթողնելով իր մոտ։ Երևի սպեղանու բուժիչ հատկության շնորհիվ, կամ գուցե բժիշկների բացակայության պատճառով, նույն երեկոյան արդեն դ’Արտանյանը ոտքի ելավ, իսկ հաջորդ օրն արդեն բոլորովին առողջ էր։
Բայց երբ ուզում էր վճարել յուղի, խնկունու և գինու համար,— միակ բաները, որ այդ օրը պահանջել էր պատանին, որը ամենախիստ դիետա էր պահում, մինչդեռ իր շեկ ձին, ինչպես պնդում էր պանդոկապետը, երեք անգամ ավելի էր կերել, քան կարելի էր ենթադրել հաշվի առնելով նրա հասակը,— դ’Արտանյանը իր գրպանում գտավ միայն տրորված թավշյա քսակը, որի մեջ պահված էր տասնմեկ էքյուն։ Պարոն դը Տրևիլին հասցեագրված նամակը չքացել էր։
Սկզբում պատանին նամակը փնտրում էր խնամքով ու համբերությամբ։ Մի քսան անգամ շուռ տվեց շալվարի ու ժիլետի գրպանները, նորից ու նորից տնտղեց իր ճանապարհորդական պայուսակը։ Բայց վերջնականապես համոզվելով, որ նամակը չքացել է, նա այնպիսի կատաղության մեջ ընկավ, որ քիչ մնաց նորից գինու և բուրավետ յուղի կարեք զգացվեր, որովհետև, տեսնելով, թե ինչպես բորբոքվեց երիտասարդ հյուրը, որը սպառնում էր քարուքանդ անել այդ ամբողջ հաստատությունը, եթե իր նամակը չգտնեն, պանդոկապետը զինվեց մահակով, կինը ցախավելով, իսկ ծառաները այն նույն մահակներով, որոնք արդեն երկու օր առաջ գործի էին դրել։
— Նամա՜կը, հանձնարարական նամա՜կը,— գոռում էր դ’Արտանյանը։— Տվե՛ք ինձ իմ նամակը, գրողի բաժիննե՛ր։ Թե չէ ես ձեզ շամփուրի վրա կխորովեմ աքարի նման։
Դժբախտաբար որոշ հանգամանք պատանուն խանգարեց իրականացնել իր սպառնալիքը։ Ինչպես արդեն մենք պատմել ենք, նրա սուսերը երկու կտոր էր եղել դեռ առաջին ընդհարման ժամանակ, որի մասին նա բոլորովին մոռացել էր արդեն։ Դրա համար էլ սուսերը հանելու փորձ անելով նա տեսավ, որ զինված է միայն մի քանի մատնաչափ երկարությամբ կտորով, որ պանդոկապետը խնամքով խրել էր պատյանի մեջ, թաքցնելով շեղբի մյուս կեսը, հուսալով, թե կարող է նրանից շամփուր պատրաստել։
Այս հանգամանքը երևի չէր կանգնեցնի մեր դյուրաբորբոք պատանուն, եթե պանդոկապետն ինքն էլ վերջապես չհամոզվեր, որ իր հյուրի պահանջն իրավացի է։
— Բայց, իսկապես, ո՞ւր կորավ այդ նամակը,— ասաց նա՝ մահակն իջեցնելով։
— Այո, որտե՞ղ է նամակը,— գոռաց դ’Արտանյանը։— Առաջին՝ նախազգուշացնում եմ ձեզ, այդ նամակը պարոն դը Տրևիլինն է և պետք է գտնվի։ Իսկ եթե չգտնվի, պարոն դը Տրևիլը կստիպի գտնել այն, հավատացե՛ք։
Այս սպառնալիքը վերջնականապես վախեցրեց պանդոկապետին։ Թագավորից և պարոն կարդինալից հետո դը Տրևիլի անունը, թերևս, ամենից ավելի հաճախ էին հիշատակում ոչ միայն զինվորականները, այլև քաղաքացիները։ Ճիշտ է, կար նաև «Հայր Ժոզեֆը<ref>«Հայր Ժոզեֆ» — այս անունով է հայտնի Ֆրանսուա Լե Կլեր Դյու Տրամբլեն (1577—1638) կարդինալ Ռիշելիեի վստահելի դեմքն ու անձնական խորհրդատուն, որին կոչել են «տափակ բարեկրոն» կամ «տափակ կարդինալ» անունով։ Փառասեր ու դաժան հայր Ժոզեֆը, պաշտոնապես չունենալով և ոչ մի կոչում, մեծ ազդեցություն ուներ։</ref>»... բայց նրա անունն արտասանվում էր ոչ այլ կերպ, քան՝ շշուկով, այնքան մեծ էր երկյուղը այդ «տափակ բարեկրոնից»՝ կարդինալ Ռիշելիեի բարեկամից։
Նետելով մահակը, մի նշանով կնոջը հրամայելով նետել ցախավելը, իսկ ծառաներին՝ մահակները, պանդոկապետն ինքը խելացի օրինակ տվեց և սկսեց նամակը որոնել։
— Մի՞թե այդ ծրարի մեջ արժեքավոր բաներ կային,— հարցրեց նա ապարդյուն որոնումներից հետո։
— Իհա՞րկե,— գոչեց գասկոնացին, որն այդ նամակի վրա էր դրել հույսը, թե նրա օգնությամբ իր համար ճանապարհ բաց կանի դեպի արքունիք։— Նրա մեջ էր իմ ամբողջ կարողությունը։
— Իսպանական բոնե՞ր<ref>Բոն — վարկային արժեթղթեր, որոնք իրավունք են տալիս որոշակի գումար ստանալու։</ref>,— անհանգստացած հարցրեց պանդոկապետը։
— Բոներ՝ նորին մեծության անձնական գանձարա-նից փող ստանալու համար,— պատասխանեց դ’Արտանյանը, որը հույս ունենալով, թե այդ նամակի օգնությամբ թագավորական ծառայության կմտնի, գտավ, որ իրավունք ունի առանց ստած լինելու այդպիսի բարձրագոչ պատասխան տալ։
— Գրո՜ղը տանի,— գոչեց պանդոկապետը բոլորովին հուսահատված։
— Բայց կարևորն այդ չէ,— շարունակեց դ’Արտանյանը գասկոնացուն հատուկ ինքնավստահությամբ,— կարևորն այդ չէ, և փողը դատարկ բան է։ Ինքը՝ նամակը, ահա միակ բանը, որ նշանակություն ուներ։ Ես կգերադասեի կորցնել հազար պիստոլ<ref>Պիստոլ — հին ոսկեդրամ (իտալական և իսպանական), որը շրջանառության մեջ է եղել բազմաթիվ երկրներում։ XIII դարի սկզբին Ֆրանսիայում պիստոլը համարժեք էր մոտավորապես 10 այն ժամանակվա լիվրին։</ref>, քան այդ նամակը։
Նույն հաջողությամբ նա կարող էր ասել «քսան հազար պիստոլ», բայց պատանեկան համեստությունը զսպեց նրան։
Հանկարծ լույսի ճառագայթի պես մի բան փայլեց պանդոկապետի գլխում։
— Նամակն ամենևին էլ կորած չէ,— ասաց նա։
— Ի՞նչ,— գոչեց դ’Արտանյանը։
— Ո՛չ։ Այն հափշտակել են ձեզնից։
— Բայց ո՞վ է հափշտակել։
— Երեկվա անծանոթ ազնվականը։ Նա իջավ խոհանոց, որտեղ գտնվում էր ձեր կամզոլը։ Նա այնտեղ մենակ մնաց։ Գրազ կգամ, որ այդ նրա արածն է։
— Դուք այդպե՞ս եք կարծում,— թերահավատությամբ ասաց դ’Արտանյանը։
Չէ՞ որ նրան բոլորից ավելի լավ էր հայտնի, որ այդ նամակը կարող էր նշանակություն ունենալ միայն իր համար, և չէր պատկերացնում, որ որևէ մեկը հրապուրվեր նրանով։ Կասկած չկար, որ հյուրանոցում եղած հաճախորդներից կամ ծառաներից ոչ մեկը չէր կարող որևէ օգուտ քաղել այդ նամակից։
— Ուրեմն դուք ասացիք, որ կասկածում եք այն լկտի ազնվականի՞ն,— նորից հարցրեց դ’Արտանյանը։
— Ես ձեզ ասում եմ, որ համոզված եմ դրանում,— պնդեց պանդոկապետը,— երբ ես նրան ասացի, որ ձերդ ողորմածության հովանավորը պարոն դը Տրևիլն է, և որ դուք նույնիսկ նամակ ունեք այդ պատվարժան ազնվականին, նա պարզապես անհանգստացավ, ինձ հարցրեց, թե որտե՞ղ է այդ նամակը և իսկույն իջավ խոհանոց, որտեղ, ինչպես հայտնի էր նրան, գտնվում էր ձեր կամզոլը։
— Ուրեմն հափշտակողը նա՛ է,— գոչեց դ’Արտանյանը։— Ես կգանգատվեմ պարոն դը Տրևիլին, իսկ պարոն դը Տրևիլը՝ կգանգատվի թագավորին։
Ապա հպարտորեն գրպանից հանելով երկու էքյու՝ մեկնեց պանդոկապետին, որը, գլխարկը հանելով, ճանապարհ դրեց նրան մինչև դարպասը։ Այդտեղ դ’Արտանյանը հեծավ իր դեղնաշիկավուն ձին, որն առանց հետագա արկածների նրան հասցրեց մինչև Փարիզի Սենտ Անտուանի դարպասները։ Այստեղ նա ձին ծախեց երեք էքյուով — միանգամայն հարմար գին, եթե հաշվի առնենք, որ նրա տերը հիմնավորապես հալից գցել էր ձիուն մինչև ճանապարհորդության վերջը։ Դրա համար էլ գնորդը, որին դ’Արտանյանը զիջեց իր ձին վերոհիշյալ գումարով, երիտասարդին ակնարկեց, որ այդպիսի չլսված գնի ինքը համաձայնեց միայն նրա համար, որ հրապուրվել էր ձիու արտասովոր գույնով։
Այսպես ուրեմն, դ’Արտանյանը Փարիզ մտավ ոտքով տոպրակը թևի տակ դրած և փողոցներում թափառեց այնքան ժամանակ, մինչև որ հաջողվեց մի սենյակ վարձել իր աղքատիկ միջոցներով։ Այդ սենյակը ձեղնահարկի նման մի բան էր և գտնվում էր Լյուքսեմբուրգի<ref>Լյուքսեմբուրգ — նկատի է առնվում Փարիզի Լյուքսեմբուրգյան պալատը։ Այդ ժամանակ այն մայր թագուհու՝ Մարիա Մեդիչիի նստավայրն էր։</ref> մոտ, Գերեզմանափորների փողոցում։
Կանխավճար տալով՝ դ’Արտանյանն իսկույն տեղավորվեց իր սենյակում և օրվա զգալի մասը գործով էր զբաղված, իր կամզոլին ու շալվարին կարում էր տրեզ, որը մայրը պոկել էր պարոն դ’Արտանյան-հոր համարյա բոլորովին նոր կամզոլից և գաղտուկ տվել որդուն։ Հետո նա գնաց Գետափնյա փողոց և իր սուսերի համար մի նոր շեղբ շինել տվեց։ Դրանից հետո նա գնաց Լուվր և առաջին իսկ հանդիպած հրացանակրին հարցրեց, թե որտեղ է գտնվում պարոն դը Տրևիլի տունը։ Պարզվեց, որ այդ տունը գտնվում է Հին Աղավնատուն փողոցում, այսինքն՝ բոլորովին մոտիկ այն փողոցին, որտեղ բնակություն էր հաստատել դ’Արտանյանը, մի հանգամանք, որ նա մեկնաբանեց որպես հաջողության նախանշան։
Ապա՝ Մենգում ունեցած իր վարքագծից գոհ, չզղջալով անցյալի համար, հավատալով ներկային և լիակատար հույսեր ունենալով ապագայի նկատմամբ՝ նա պառկեց ու քնեց դյուցազնի քնով։
Որպես իսկական գավառացի՝ նա քնեց մինչև առավոտյան ինը և արթնանալով ճանապարհ ընկավ արժանափառ պարոն դը Տրևիլի տուն՝ թագավորության մեջ երրորդ դեմքի մոտ, ինչպես դատում էր դ’Արտանյան-հայրը։