1. Եղբայրության ընկուզենիները

Chapter 6

VI

Մի գիշեր, երբ Աթա ապերը մենակ նստած հիշում էր իր ճանաչ թուրքերին, որոնց երրորդ տարին էր չէր տեսել և ոչինչ չէր լսել նրանց մասին՝ ո՞վ է մեռել, ո՞վ է մնում, միտք էր անում, թե օրերը երբ տաքանան, պատերազմ էլ լինի, պիտի գնա Գետամեջերը, որտեղ մեծ ու փոքր նրան ճանաչում են, և մի ձիաբեռ բրինձ կբերի,— մի այդպիսի գիշեր շունը հանկարծ կոխեց։ Մարդահաչ էր։ Աթա ապերը ականջ արեց, ոտնաձայներ լսվեց բակից, շունն ավելի սաստիկ հաչեց և մինչև Աթա ապերը ներսից կանչեր, դուռը ծեծեցին։

Ներս մտավ մի մարդ, ոտքից մինչև գլուխն սպիտակ։ Նա դուռն իր հետևից իսկույն ծածկեց, որովհետև քամին ձյունը ներս էր շպրտում։ Աթա ապերը զարմացած նայում էր անծանոթին, որը ոտքերը գետնին զարկելով թափ էր տալիս ձյունը։

— Չճանաչեցի՞ր,— հարցրեց ներս մտնողը։

— Օրուջ քիրվա՜,— և ծերունին նրան գրկած մոտեցրեց օջախին։

Ներս մտնողը Շոթանանի թուրքերից էր։ Աթա ապոր և նրա գյուղն անջատված էին բարձր լեռնաշղթայով, որ ազգամիջյան կռիվների վայրն էր։

Նրանք հին «քիրվաներ» էին։ Հայերի և թուրքերի մեջ բարեկամության այդ ձևը հին էր, այնքան հին, որքան հին էր նրանց երկիրը։ Գուցե թե դաշնի այդ ձևը գալիս է այն ժամանակներից, երբ լեռնցի խաշնարածները և դաշտի երկրագործները բարեկամ դարձան, համոզվելով, որ լեռն ու դաշտը մի մայր երկիր են։ Նրանք բարեկամացան և այդպիսով աշխարհում հիմնվեց առաջին եղբայրությունը ոչ ըստ արյան։ «Քիրվան» եղբայր էր, թանկագին հյուր էր, նա կսկծում էր քիրվայի անբախտության համար և ուրախանում էր նրա ուրախությամբ։

Աթա ապերը աչքերին չէր հավատում։

— Էս ո՞նց, էս ձյուն ձմեռը ո՞նց անցար կրակի սահմանը…— Աթա ապերը երեք տարի նրան չէր տեսել,— երեխաներն ինչպե՞ս են, Ջավահիր բաջին ինչպե՞ս է,.,

— Դու ողջ մնաս, շատ-շատ սալամ են ուղարկել։

— Ախր ո՞նց եկար, Օրուջ։

— Աթա քիրվա, քո անունը տվեցի եկա։

— Ինչպե՞ս, ո՞ր ճանապարհով…

— Սարի ճանապարհով… Երկու օր եկա։ Գիշերը մնացի կոտրած քարվանսարայում։

— Էլ ո՞նց ես։

— Վեր է՜, այ պառավ, վե՛ր… Մի տես ով է եկել,— և պառավը մթնում ճրագ արեց, ապա աչքերը տրորելով մոտեցավ,— Օրուջ քիրվան է՜… Բա չէի ասում՝ էլի խաղաղություն կլինի, էլի բարին կմնա։

— Ճշմարիտ խոսք է, Աթա քիրվա, այս ամենը կանցնի և սեր, բարեկամությունը կմնա,— Օրուջը գրպանից չիբուխը հանեց, ապա հանեց և մի փոքր կապոց,— Ջավահիր քույրդ է ուղարկել…

Աթա ապերը երեխայի նման ուրախացավ։

— Այ պառավ, մի տես է՛, մի տես ինչ բռնոթի է ուղարկել… Այ շեն կենա Ջավահիրը։ Ոնց էլ լի մոռանում… Պառավ, դե՛ կրակը խառնի, տես ինչ կա չկա… Օրուջը սոված կլինի։

Աթա ապերն այդ խոսքն իզուր ասաց։ Պառավն արդեն կրակը խաոնում էր…

— Աթա քիրվա, մի ասա տեսնեմ ո՞նց եք, եղբայրդ ո՞նց է, ձերոնք ո՞նց են… Ինչպե՞ս եք ապրում։

— Է, ոնց ենք ապրում, Օրուջ,— Աթա ապերն ուզեց գանգատվի, բայց ժամանակը չհամարեց և միայն ասաց.— էս դժվար ժամանակ որ ողջ ենք, էլի փառք ալլահին…

— Փառք ալլահին, Աթա քիրվա, թող մեր սև օրը սա լինի։

Եվ Օրուջն սկսեց պատմել այն դառնությունները, որ երեք տարի շարունակ նրանք կրել էին լեռնաշղթայի մյուս երեսին։ Այդ դառնությունների նույն շարանն էր՝ նույն կռիվը, նույն բռնությունները, սովը, իրար նման, ինչպես լեռնաշղթայի երկու կողերը։

— Հապա Գետամեջերում բրինձ, բան…, — զզույշ հարցրեց ծերունին։

— Ո՞րտեղից և ո՜վ է աղքատին բրինձ տվել… Բրինձը հավաքել են զորքի համար, ուղտերով տարել են Բաքու, լցրել են այնպիսի հորեր, որ ա՜յ,— և Օրուջը ձեռքով ցույց տվեց այնքան խոր, ասես բրինձը լցրել էին ծովի խորքը։

— Խե՜ղճ ժողովուրդ,— Աթա ապերը հայացքը դարձրեց կրակին։

Պառավը սուփրի վրա դրեց մի աման պեքի, մածուն և կորեկ հացի երկու բլիթ։ Նրանք լուռ էին։ Կրակն ուրախ աղմկում էր, ինչպես աղբյուր։

— Էս սուփրան ինձ ու քեզ, Օրուջ, ուրախ շատ է տեսել, էս անգամ էլ ուրախ սրտով ուտենք, —և Աթա ապերը մի կտոր հաց կտրեց։

— Ինշալլահ, ինշալլահ,— և նրանք ուրախ սրտով կերան պարզ ընթրիքը։

Ապա երկու հին բարեկամները քնեցին օջախի առաջ մեջք մեջքի, ինչպես հովիվ ժամանակ շատ անգամ քնել էին։

Առավոտյան Օրուջն ասաց, որ մութն ընկնելուց ուզում է տուն վերադառնալ։ Աթա ապերն առարկեց։ Օրուջն ասաց, որ տնից անհանգիստ է։

— Ջավահիր քրոջդ հիվանդ եմ թողել..— և լռելուց հետո, հանկարծ ասես սիրտ առնելով, թուրքը դիմեց իր բարեկամին.

— Աթա քիրվա, ախր… Ես բանի եմ եկել… Ես քո անունդ տվել եմ եկել…

Աթա ապերն ուզեց խոսք ասի, բայց Օրուջը վրա բերեց.

— Աթա քիրվա, ի սեր աստծո, մի ճար… Սովից մեռանք… Ջավահիր քրոջդ անկողնում պառկած եմ թողել։ Չեմ իմանում ողջ կգտնեմ նրան, թե մեռած… նա ասաց, ա՜յ մարդ, աշխարհում թե մի մարդ մեզ ճար անի, Աթա քիրվան կանի… Հիմա տեսնում եմ, որ դու էլ դառը տեղ…

— Օրուջ, կաց,— և Աթա ապերը վեր կացավ դեպի տան անկյունը։ Պառավը հասկացավ, երկու քայլ հետևեց նրան և կանգնեց։

— Բաց արա պարկդ, Օրուջ,— Աթա ապերը ետ եկավ թևի տակ կորեկով պարկը,— սա է մեր հույսը, մեր հացը…

Ծերունին պարկի կորեկը կիսեց, պառավին պատվիրեց մի քիչ ձավար բերել, մի բուռ չորթան և նույնիսկ կորեկի երկու բլիթ կոխեց պարկի մեջ, ասելով, թե ճանապարհին նա կուտի։

Աթա ապերը միայն խնդրեց, որ եթե իր հարևաններից տունը մարդ գա և Օրուջին հարցնի Գետամեջերի մասին, թող Օրուջը նրանց ասի, որ թուրքերի գյուղերում շատ բրինձ կա, ցորենի արտերը ծփում են և շուտով այնտեղ գարին կհնձեն։

— Մենք ձեր հույսովն ենք ապրում, Օրուջ քիրվա, այդպես ասա, որ հույսով ապրեն, որ գոնե մեռնողը հեշտ մեռնի…

Եվ այդ օրն ով եկավ Աթա ապոր տունը, տեսնելու նրա հին ճանանչին, բոլորին Օրուջը պատմեց, որ երբ ձյուները վեր կենան և այլևս պատերազմ չլինի, ճանապարհները կբացվեն և քանի՜- քանի՜ ուղտեր հարավից կբերեն բրինձ, ցորեն և մինչև անգամ թուզ կբերեն։

Մեկն ասաց.

— Օրուջ քիրվա, դու առաջին կռունկն ես… Դու որ եկել ես, մենք համարում ենք, թե բրինձ էլ ունենք, ցորեն էլ ունենք, մինչև անգամ թուզ էլ ունենք։

Միայն Նիազանց Անդրին սրախոսեց.

— Երբ քարվանը գա, Օրուջ քիրվա, իմ զուռնային մի պիպիչ[4] կուղարկես…

Երեկոյան մթնով, Աթա ապերն իր բարեկամին ճանապարհ դրեց, շա՜տ-շատ բարևներ ուղարկեց Ջավահիր քրոջը, նրանց ազգականներին և Գետամեջերի իր հին ծանոթներին։

Աթա ապերը Օրուջին պարգևեց իր մաշված ձեռնոցները, որովհետև նա պիտի սարովն անցներ և վերջին րոպեին, երբ թուրքն արդեն շեմքի մոտ էր, նրա գրպաններն ընկույզով լցրեց:

— Երեխաներին կտաս, երեխաներին…

Օրուջ քիրվան ի՞նչպես ընկավ քաղաք և քաղաքի բանտը, մինչև հիմա էլ անհայտ է։ Նրան գյուղի մո՞տ էին բռնել, թե՞ ձորում հանդիպել էր զինվորական պահակների, որոնք հսկում էին ճանապարհների վրա և իջնում էին ձորերը։

Ապրիլի կեսերին գյուղի կոմիսարը Աթա ապորը կանչեց, հարցրեց, թե ո՞վ էր այն թուրքը, որ եղել էր նրա տանը, մենա՞կ էր, թե ուրիշ մարդ էլ կար, ի՞նչ էր ասում և ո՞ւր գնաց։ Աթա ապերը դեռ չգիտեր, որ քիրվան տուն չի ընկել և հասել է քաղաքի բանտը։

— Մի խեղճ մարդ էր, պարոն կոմիսար,— պատասխանել էր Աթա ապերը,— հետը ոչ ոք չկար և ինչ պիտի ասի մի մարդ, որ տանը հաց չունի և էս ցրտին անցել է սարը… Նա ի՞նչ գիտի և կամ ես ի՞նչ գիտեմ, պարոն կոմիսար։ Էս ձորերում ինչ կա, որ մարդ ի՞նչ իմանա։ Թե սով ես ասում, նրանք մեզանից խեղճ, մենք նրանցից…

— Իսկ դու չգիտե՞ս, որ թշնամու երկրից գաղտնի անցնողը կամ լրտես է, կամ…

— Ի՜նչ թշնամու երկիր, ի՜նչ լրտես… Կարելի է որ դու չես իմանում, պարոն կոմիսար, բայց արար աշխարհն իմանում է, որ Օրուջն իմ քիրվան է, նրա տունն իմ տունն է…

— Տարիքիդ եմ խնայում, ծերուկ, թե չէ քեզ հետ ուրիշ լեզվով կխոսեի։

— Ուրիշ լեզու չեմ իմանում, պարոն կոմիսար, ես քեզ մատաղ, էս է իմ լեզուն։

Հինգ օրից հետո Աթա ապորը կանչել էին քաղաք և միայն այդտեղ էր նա իմացել, որ իր քիրվային կալանավորել են։ Ինչքան խնդրեց, աղաչեց, ծանոթների դիմեց, որ միջնորդ լինեն, բայց բան չեղավ։

— Դեռ եթե քեզ չենք պատժում, շնորհակալ եղիր,— և հետախուզական բաժնում նրան դուռն էին ցույց տվել։

— Աթա ապեր, մութ գործ է, էս գործին դու մի խառնվիր,— խորհուրդ էին տվել քաղաքում։

— Աստված, երկինք, գետինք, ճրագի նման արդար մարդ է իմ քիրվան, նրանում մեղք չկա՛, չկա՛,— և Աթա ապերն արտասվել էր։

Շատ ժամանակ անցավ, այնքան, որ պատահական ականատեսն առանց երկյուղի կարող էր պատմել այն, ինչի մասին եթե յուր ժամանակ ծպտուն հաներ, գլուխը մահու կտար։

Այդ պատահական ականատեսը՝ Սինասի տղա Ստեփանը, որի այգին գտնվում է Սորանի ձորում, այսպես է պատմել.

— Մայիսի 4-ի երեկոյան դեմ ես գնացել էի մեր բաղի քանդված պատը նորոգեմ… Մութը որ ընկավ, ասի աչքս մի քիչ փակեմ, մինչև լուսնյակը դուրս գա, լուսնյակով բանս վերջացնեմ։ Շատ էի քնել, թե քիչ, մեկ էլ քնիս մեջ ձայներ եմ լսում… Արթնացա, ասի էս ի՞նչ մարդիկ են մտել բաղը։ Ուզեցի կանչեմ, մեկ էլ մի քանի հրացանավոր տեսա, որ պատի տակով կամաց գնում էին։ Էլ չկանչեցի, ասի ով գիտե ինչ մարդիկ են… Տապ արի մնացի։ Չեմ իմանում նրանք ինչո՞ւ պատի տակ կանգնեցին։ Մեկն ռուսերեն մի քանի խոսք ասաց, հենց մենակ էն հասկացա, որ ասեց «Սկարեյ, սկարեյ», ուրեմն թե շուտ արեք… էն առաջին տարիները, ղազախը որ եկել էր, ես նրանց ձիերի համար խոտ էի հարում, էդ խոսքն էն ժամանակից գիտեմ։ Որ «սկարեյ» ասաց, միտք արի, թե սրանք փախած զինվորներ են, ասի կանչեմ, ինձ ինչ պիտի անեն որ… գուցե ճանապարհը մոլորել են, ճանապարհը ցույց կտայի… Չեմ իմանում Սորանի ձորում եղել եք, թե չէ… Թե եղել եք, պետք է տեսած լինեք, որ մեր բաղի տակով ճանապարհը գնում է խանդակի վրա։ Էլ էն կողմը բաղ չկա… Իսկ խանդակի միջով վերևի ճանապարհն է… Հա, մեկ էլ էն տեսնեմ, որ հետևից էլ են զինվորներ գալիս… Էս որ տեսա, ասի դաշնակցականի զինվորը փախչում է։ Հիմա նրանք պատի տակով են գնում, ես էլ պատի էն մի երեսով փորսող տալով գնում եմ… նրանք էլ եկան կանգնեցին։ Մին էլ լսեմ, որ մի հալևոր տնքում է։

Էստեղ սրտումս կասկած մտավ։ Ասի բան կա։ Գլուխս մոտեցրի պատին… էն հալևորը խոսում էր, զինվորներն էլ հեռու կանգնած են։ Էն առաջին մարդիկ էլ ձորում քանդում են։ Հալևորը թուրքերեն ասաց. «Ալլա՜հ, ողորմությանդ մեռնեմ… Թե ես ավազակ եմ, բա ձեզ ինչո՞ւ են բերել։ Թե հայերը թուրքի են սպանում, ախր դուք էլ հայ եք, բա ձեզ ինչո՞ւ են սպանում»։ Մթնում մի ջահել հալևորին ասաց. «Օրուջ քիրվա, ոչ մենք ենք ավազակ, ոչ դու, քեզ էլ, մեզ էլ սպանում են, որովհետև մենք պատերազմ չենք ուզում»։ «Ա՜յ որդի, ախր ե՜ս ով, պատերազմն ով… Ես մի խեղճ աղքատ… Լա՜վ, ասենք ես պառավ եմ, կյանքս ապրել եմ ես հե՜չ, բա ձեզ նման ջահելներին ինչո՞ւ են սպանում… Ասենք թուրք եմ, բա ձեզ նման հայերին ինչո՞ւ են սպանում…»։ Էն կողմից մի ջահել թե՝ «Ա՛ հայր, մենք էն քո ասած հայերից չենք, մենք նոր հայեր ենք…»։ «Ափսո՜ս, ափսո՜ս ձեր որբերին, ձեր հայրերին, ա՜յ որդինե՛ր…»։ Էդ խոսքին ձորից ռուսերեն կանչեցին, նրանց առաջ արին տարան… Էսքան ժամանակ ինչ պատմում եմ, էդքան ժամանակ չէր քաշել արանքը, որ ձորից հալևորը թուրքերեն կանչեց. «Ինձ թաղեք իմ էս ջահել տղաների հետ»։ Մինն էլ հայերեն կանչեց, «Կեցցե՛ կոմունիստը, կեցցե՛ հեղափոխությունը, կեցցե՛…»։ Բայց էն ռուսերեն խոսողը հրաման տվեց, հրացանները կրակեցին։ Էլ ոչ մի ձայն, ոչ մի ծպտուն։ Մենակ ոնց որ թե հող էին լցնում։ Էլ ես բան չիմացա, էդպես մնացի պատին կպած, չիմացա ոնց ետ գնացի։ Մեկ էլ տեսնեմ արևը տվեց, քլունգն առա ներքևի ճանապարհով գնացի տուն։ Մեր բաղի պատն էլ էնպես թերի մնաց…

Մինասի տղա Ստեփանի պատմածը ճշմարտանման է։ Նա խառնել է միայն ամսաթիվը, գնդակահարությունը եղել է ոչ թե մայիսի 4-ին, այլ 27-ին, ինչպես հայտնի է անում Զանգեզուրի զինված ուժերի հրամանատարության կից ռազմադաշտային դատարանի որոշումից և նրան կցված հետևյալ ակտից.

«Սույն որոշմամբ գնդակահարության դատապարտված 2-րդ վաշտի զինվորներ Ռուբեն Հայրիյանցի և Տիգրան Թոխունցի կոմունիստական քայքայիչ աշխատանքի համար և թուրք Օրուջի Շոթանան գյուղից լրտեսության համար,— վճիռն ի կատար է ածված 1920 թվի մայիսի 27-ին և նույն օրը դիակները հանձնված են հողին…»։

Մի տարի հետո, Սորանի ձորում, ճանապարհից դուրս ծլեցին մի թուփ ընկուզենիներ։ Մինասի տղա Ստեփանի ասելով կարծես հողի տակ մի բուռ ընկույզ էին թաղել… Ձորով անցնող նախիրը տրորել էր այդ տունկերը և միայն երկու ընկուզենի դիմացել էին անասունների ավերածության։

Նրանք հիմա ահագին ծառեր են և ստվեր են գցում ճանապարհի վրա և պատահում է, որ ճանապարհով անցնողը նստում է նրանց ստվերում։ Այն ժամանակ Մինասի տղան ցանկապատի հետևից գրույցի է մտնում անցորդի հետ, հարցնում է ո՞վ է, ո՞ւր է գնում և եթե անցորդը չգիտե, թե ինչ ընկուզենիներ են, Մինասի տղան պատմում է, ինչպես հին զրույց.

— Մեր գյուղում կար մի Աթա ապեր… ողորմի նրան։ Էն խառը տարին մի թուրք, անունը Օրուջ…

Եվ նրա զրույցի հետ աղմկում են եղբայրության ընկուզենիները, ասես նրանք լրացնում են այն, որ չես պատմի ոչ մի լեզվով և չես գրի ոչ մի գրչով…

Comments