Chapter 5
V
Մարտի հետ վերջացան այն արև օրերը, որ Աթա ապոր հույսն էին։ Ապրիլն եկավ պառավի ցրտով։ Ամպերից թափվում էին թեփի նման բյուրեղներ։
Ապրիլի սկզբին գյուղերից ետ կանչեցին զինվորներին։ Կոմիսարը ցուցակը հանձնեց նրանց ավագին և Անդոյին նայելով ասաց. «Պարապ մնալուց բուղա էիք դառել, պոզահարում էիք անմեղ մարդկանց։ Գնացեք ձեզ ֆրոնտում ցույց տվեք»։
Նորից լուրեր էին տարածվում, որ մուսավաթը Ղարաբաղում զորք է կուտակել և գարնան հետ ձորերում պիտի որոտային թնդանոթները։ «Դե միանգամից կոտորվենք վերջանանք է՜»,— ասում էին Շուղանց քարատակի մարդիկ և նույնիսկ Բալթա Թիվին այլևս թուղթ չէր խաղում, որովհետև արդեն սաղ աշխարհը տարել էր։
Շուղանց քարատակը դատարկվում էր։ Ոմանք գյուղեգյուղ շրջում էին մի կտոր հացի հոգսով, ոմանք գութանի սարքն էին նորոգում, որովհետև ինչքան էլ սովը զոռեր, նրանք այնուամենայնիվ պիտի սերմեին աշնան ցելը, թեկուզ թնդանոթի կրակի տակ։
Առաջիկա պատերազմով ոչ ոք այլևս չէր հետաքրքրվում։ Քարատակում նույնիսկ այնպիսի խոսքեր էին ասում, որ մինչև այդ ոչ ոք չէր ասել։ Նիազանց Անդրին սպառնում էր Մեղրաքերծի գլխին կախել իր ղադաք ոտնաշորը, իբրև սպիտակ դրոշ. «Կանաչ մատուռը վկա, որ պիտի թուրքանամ… Պիտի թուրքանամ, որ ականջներս հանգստանան: Իմ գեշի անունը կդնեմ Ասմար, չարսավը գլխին կքաշեմ, կդառնա նորահարս։ Էլ ոչ բերանի սեպերը կտեսնեմ, ոչ չեչաքար երեսը։ Կդառնա հուրի-փերի…»։ Նա այդ ասում էր բոլորովին լուրջ և չէր իմացվում, դառն հեգնա՞նք էր նրա ասածը, թե՞ ճշմարիտ ցանկություն։
Ծերունիների հմայքը հալչում էր։ Նրանց լսում էին, երբ պատմում էին շատ հին օրերից, երբ այնքան ցորեն կար, որ մոռանում էին հորերի թիվը և նույնիսկ մի սաստիկ ձմեռ իբր թե ցորենը ձյուների վրա շաղ են տվել թռչունների համար։
Նրանց այդ ժամանակ էին լսում, իսկ մնացած ժամանակ Քարատակում աղմկում էին այն զինվորները, որոնք կազմում էին ինքնապաշտպանության զորամասեր և առաջին հրամանին պարտավոր էին դիրքերը բարձրանալ «իրենց հացով և ջրով»։
— Էսօր հարսը ասաց, որ տանը մնացել է չորս հաց…
— Հիմա որ պատրոնը տանեմ մոլլա-ղասումեցի թուրքերի մեջ հացով փոխեմ, պիտի ասեն՝ ազգի դավաճան էր… Մինչև լույս էն փոքրը սովից չքնեց։
— Փոքր ասեցիր, հիշեցի,— ասում էր մի ուրիշը, — տասն օր է մեր Խաչոյի երդից ծուխ չի բարձրանում։ Չեմ իմանում մեռած են, թե ապրում են…
— Երեկ տեսա… Ոտքերն ուռած գնում էր։ Ասում էր հարսի ճակատնոցը տանում եմ գարով փոխեմ։
— Ասա մինչի հիմա ինչո՞ւ ես պահել ճակատնոցը։
— Դե ի՞նչ աներ։ Եզը ջրօրհնեքից առաջ մորթեց, երեք ոչխարը Սայու Սիմոնին ծախեց, խոտ ու դարմանը ծախեց, Խուռուփի ձորում մի քանի թթենի ուներ ծախեց, հիմա էլ հարսի ճակատնոցն է ծախում…
— Դու էդ մի ասա։ Դու ասա, թե ճակատնոցի փողերն էլ որ կերան, վաղն ի՞նչ պիտի ուտեն…
— Խաչոն մինչի հունձը չի ապրի։ Երեկ որ տեսա, ասես գետինը պատռել, մեջից մեռել էին հանել։
— Է՛լ կա էդպես, միայն Խաչոն չի…
Եվ պատմում էին ընտանիքների մասին, որոնք կերել էին մինչև վերջին փալասը և անկողին չունենալով քնում էին հարդի մեջ։ Պատմում էին տների մասին, որոնց եթե կրակ տայիր, խանձահոտ չէր բարձրանա, որովհետև տան մեջ այրվելու բան չկար։ Եվ դեպք էր լինում, որ մեկը լսելով պատմում էր, թե իբր հարևան գյուղում կատվի միս են կերել, բայց հենց այդ էլ սահմանն էր։ Նույնիսկ նրանք, որոնք սովամահից էին պատմում, նույնիսկ այդպիսիները, անհայտ է ինչու, հարձակվում էին այդ լուրը հաղորդողի վրա, նրան հանդիմանում էին սուտ լուրի համար և բոլորն էին վկայում, թե հարևան գյուղում խեղդամահ կլինեն, քարով կգցեն իրենց, բայց այդպիսի անառակ բան չեն անի։
Աթա ապերը գալիս էր տուն և քունը չէր տանում։ Պառավը մի կտոր կորեկ հաց էր մեկնում նրան, բայց ծերոնին արդեն էլ չէր ուտում, խաբելով, թե տեր Նորընծայի տանը ոսպով ճաշ է կերել։ Եվ երկա՜ր, շատ երկար, մինչև աքլորականչ, երբեմն մինչև լուսո մոտ, երբ արդեն ճռնչում էր հարևանի դուռը, Աթա ապերը նստում էր օջախի առաջ, իրենց հին տանը, որի պատերն այնպես էին սևացել և կրակի լույսով այնպես էին փայլում, ասես պատերը ձյութած էին։
Օջախի առաջ Աթա ապերը միտք էր անում հին օրերից մինչև ներկան, նրան թվում էր, թե իր ամբողջ կյանքը եղել է մի արև ճանապարհ ծաղիկների մեջ, սառն աղբյուրների երկրում, որտեղ լեռնալանջին կարմրում է մորին, ձորերում մոշը և երբ կովերը տուն են գալիս, կաթը ցողի նման կաթկթում է ծաղիկների վրա…
Նրան այդպես էր թվում և երբ մտքով գնում էր Ցուրտ աղբյուր, ման էր գալիս Շահ յուրդի տախտերում՝ աչքերի առաջ Ցուրտ աղբյուրը գլգլում էր ոչ այնպես, ինչպես առաջ… Առաջ աղբյուրը ծաղիկների մեջ չէր երևում, հիմա չորս կողմը փուշ է, և Ցուրտ աղբյուրը վարար չի։ Եթե այսպես գնա քսան տարի, հիսուն տարի, Ցուրտ աղբյուրը մի օր կցամաքի և մի մարդ չի մնա, որ վկայի, թե այս ամայի առապարում երբեմն կար մի զանգակ աղբյուր. Շահ յուրդի տախտերում ձին ձիավորով կկորչեր, այնքան խոտը բարձր էր… Հիմա այն տախտերը վարում են, հեղեղատի ձորակները հետզհետե խորանում են և ով գիտե ուր կհասնի այսպես։
Աթա ապերը, երբ ուզում էր հասնել մինչև ակունքը, որտեղից ջուրը պղտորվեց, գտնել սաբաթին, որից սկսվեց Ցուրտ աղբյուրի ցամաքելը և այլևս չկար առաջվա փարթամ խոտը,— Աթա ապերը պտտվում էր գետահովտի բոլորը որտեղ փռված ընկած էր քաղաքը։ Ամեն ինչ այնտեղից եկավ։ Իբրև ժայռ այդ ակունքի մոտ երևում էր ինքը՝ Օհան պապին, որ ասում էր, թե հացը եթե կշեռք տեսավ, արտերը կչորանան։ Եվ ինքը Օհան պապին էր գուշակել մի մեծ պատերազմ և սով, մի ահավոր ժամանակ, երբ հայրը որդուն կուրանա, աղբյուրները կցամաքեն, գետնի շարժ կլինի և կվերջանա երկաթի թագավորությունը։
Ապա մտքով ետ էր գալիս մինչև գյուղի խառնակ առօրյան։ Մելքումովների մաղազան նա համարում էր քաղաքի կտորը, սահմանանիշ այն ձորը, որից այն կողմ արգելված էր վարել։ Գալիս, կանգնում էր այդ սահմանում, որտեղից ջուրը շրջել էին ուրիշ առվով և այն հին ջուրը կորչում էր խոր ձորում։ Աթա ապերը հասնում էր այդ սահմանին և մոլորված կանգնում էր։
— Աթա, ալևորել ես,— ինքն իրեն խոսում էր ծերունին,— շատ ես ապրել, Աթա… Դու էն ժամանակ պիտի մեռնեիր, երբ ոչ կռիվ կար, ոչ սով կար։ Աչքերդ լիության մեջ կփակեիր և հիմա երկնքից քաղցր կնայեիր հողի երեսին չարչարվող մարդու որդուն… Հայը ո՞րն է, թուրքը ո՞րն է, դաշնակցականը ո՞րն է, մուսավաթը ո՞րն է, դու չէիր իմանա։ Դու միայն կիմանայիր, որ աշխարհում թողել ես ցուրտ աղբյուրներ, ծաղկած սարեր և ախպեր մարդիկ… Շա՜տ ես ապրել, Աթա…