1. Եղբայրության ընկուզենիները

Chapter 4

IV

Իսկ գյուղում այդ ժամանակ իրարանցում էր։ Մի խումբ զինվորներ գերեզմանատնից վերադառնալով, գյուղացիների գլուխն անցած գնացել էին դեպի Մելքումովների բարձր դարբասը։ Նրանք պահանջել էին կոմիսարին և տեղեկանալով, որ կոմիսարը բացակա է, աղմկելով ներս էին մտել։ Մելքումովների մեծ եղբայրը ամբոխից ահաբեկված մի բառ անգամ չէր կարողացել ասել։ Նրան կիսամեռ ներս էր տարել նրա եղբայրը։ Նրանց կանայք և երեխաները վայնասուն էին բարձրացրել, իսկ ամբոխից գռռացել էին.

— Հորերը բաց արեք… Մերոնք սովից կոտորվում են…

— Ես հոր չունեմ,— պատշգամբից բղավել էր Մելքումովների փոքր եղբայրը,— եթե այս երիտասարդները չգիտեն, դուք հո՛ գիտեք,— և նա մի քանիսին մատով ցույց էր տվել, նրանց անուններն ասել էր և այսպիսով երկպառակել էր բազմությունը։ Նրանք, որոնց նա անուններով կանչել էր, ներքևից բղավել էին, որ այդ գործում խառը չեն և եկել են հաց խնդրելու իբրև բարեկամներ։ Այդ խոսքից գազազել էին մյուսները և զինվորներից մեկը Կուտուռուզ Սաքոյի երեսին թքել էր։

— Թող հորերը բաց անեն, թող բաց անեն,— ներսից ասել էր մեծ եղբայրը, իսկ ամբոխն ինքնագլուխ հարձակվել էր հորերի վրա, որոնցից երկուսի բերանին Մելքումովները խոտ էին դարսել։

Սակայն չորրորդ հորն էին բացել և չորսի մեջ էլ մի հատիկ չկար։ Մի հորը լիքն էր բրդի պարկերով, այն երկու հորը, որի վրա խոտ էին դիզել, բերնեբերան լցված էր պղնձե կաթսաներով, փարչերով, կժերով և ուրիշ պղինձներով։ Իսկ չորրորդ հորը՝ ամենից մեծը դատարկ էր և երբ մեկը կռացավ հորի վրա և բղավեց «Հաց չկա՜, չկա՜»,— հորն արձագանքեց՝ «կա՜… կա՜…»։

Դատարկ հորերից սիրտ առնելով նրանք, ովքեր հայտնել էին, թե իբրև բարեկամ են եկել, սկսեցին հանդիմանել նախաձեռնողներին։ Կուտուռուզ Սաքոն բղավում էր այնքան բարձր, ասես կամենում էր, որ Մելքումովների տնից լսեն նրա խոսքը,

— Չկա՛, չկա… Այ մարդիկ, բա դուք հա՞յ չեք։ Ուրեմն սրանք մեզ թշնամի են, որ հաց ունենան և թողնեն, որ մենք սովից կոտորվենք…

Ասում են, որ այն զինվորը հենց այդ խոսքերից հետո է թքել Կուտուռուզ Սաքոյի երեսին։

Հորերի դատարկ լինելը շատերին հուսահատեցրեց։ Մի մասն իսկույն ցրվեց տները, անիծելով այն ժամը, երբ խառնվեց տաքգլուխ երիտասարդներին։ Բակում մնացին զինվորների խումբը և գյուղացիներից նրանք, որոնց պարագլուխը Կուտուռուզ Սաքոն էր։ Զինվորները պահանջում էին ցույց տալ իսկական հորերը, նույնիսկ մեկն սպառնաց տունը հրդեհել, իսկ Մելքումովների փոքր եղբայրը միայն կրկնում էր, որ այլ ուրիշ հոր չկա, որ իրենք էլ քաղաքից են հաց բերել։ Ավելի համոզելու համար նա պատշգամբից զինվորների կողմը նետեց բանալիների կապը և բղավեց.

— Բաց արեք տարեք, ինչ ուզենաք, բայց հաց չկա…

Անդոն բանալիների կապը ետ շպրտեց և նրանից ավելի հզոր կանչեց.

— Քեզ լինի քո մաղազան… Մենք աղքատի պղինձը կողոպտող ավազակներ չենք։

Անդոյի այդ խոսքից կարող էր բռնկվել ավելին, քան խոսքի կռիվն էր, բայց այդ ժամանակ ներս թափվեցին զինվորների կանայք և մայրերը, որոնք մինչև այդ մեռելատանը դառնաղի ողբում էին մանուկների մահը։ Սրանք ներս թափվեցին, ինչպես սագերի վախեցած երամ, աղմկեցին, կախ ընկան իրենց որդիներից և ամուսիններից, աղերսեցին, լաց եղան, իսկ Անդոյի մայրր ճչաց.

— Անդո, խեղճ եմ, արյուն մի անի,— և գրկեց որդուն։

Կանայք նրանց դուրս տարան։

Աթա ապերը գյուղին մոտեցավ այն ժամանակ, երբ գյուղացիները կտուրների վրա փոքրաթիվ խմբերով աղմկում էին։ Ամբոխն, ինչպես պղտոր հեղեղ, բաժանվել էր մանր ճյուղերի, մի տեղ արդեն հանդարտել էր, մի ուրիշ տեղ առվակը նույն աղմուկով շառաչում էր, մի երրորդը գնում էր վճիտ և ոչ ոք չէր ասի, թե նրա սկիզբը եղել է պղտոր հեղեղը։

Աթա ապերը մոտեցավ զինվորների խմբին։ Նրան արդեն պատմել էին դեպքը։

— Անդո՛,— ծերունին բարձրացրեց փեշը,— իմ բաժին ցորենը տա՜ս,— ապա խիստ ասաց,— ծռի էդ ճանապարհից, ա՛յ ջահել, Աթամին հին մարդ է, գիտի ինչ է ասում…

Անդոն ոչինչ չպատասխանեց և զինվորներից ոչ ոք ոչ մի բառ չասաց։

Աթա ապերն սկսեց պատմել, թե Խուռուփի ձորում գարիներն արդեն երկու մատ բարձրացել են, թե ամբողջ ձորում համարյա ձյուն չկա և եթե այդպես արև անի, Խուռուփի ձորի գարիները շուտ կհասնեն, շա՜տ շուտ…

Երբ ծերունին խոսքը վերջացրեց, զինվորները դարձյալ լուռ մնացին։ Այնպիսի քար լռություն էր, որ Աթա ապերը զարմացած աչքերով նայեց Անդոյին, նրա ընկերներին, կարծես այդ մարդիկ հանկարծ օտար թվացին Աթա ապորը, ինչպես ուրիշ ազգի մարդիկ, որոնք չեն հասկանում նրա լեզուն, և ինքն էլ օտարական է ու մոլորելով ճանապարհն ընկել է այս անծանոթ գյուղը։

Ծերունին նայեց չորս կողմը, կարծես ուզում էր ստուգել, թե իրոք այդ մարդիկ իրենց գյուղից են և գյուղն այն ծանոթ գյուղն է՝ Շուղանց քարատակով, Նովավոր աղբյուրով և հին ջրաղացով գյուղը։

Աթա ապերը տեսավ եկեղեցու պատի տակ նստած գյուղացիներին և շտապեց նրանց պատմի ձորի գարիների մասին…

Comments