1. Եղբայրության ընկուզենիները

Chapter 3

III

Մարտի վերջին երեք օր արև արեց։ Արգունի ձորերում ձյունը հալվեց, Եզնարածի առուն բացվեց և երևացին մուգ կանաչ դաղձի առաջին թփերը։

Բայց հենց այդ երեք օրում մեկը մյուսի հետևից մեռան հինգ երեխա, որից երկուսը մի տնից էին։ Գյուղի համար այդ ամենածանր օրն էր։ Պատահել էր, որ կայծակը խփել էր ոչխարի հոտին և հոտի կեսը այրվել էր, պատահել էր, որ արև կեսօրին հանկարծ հեղեղը սրբել էր հասած արտերը և մինչև անգամ հնձվորին էր խեղդել, տարի էր եղել, որ նախիրի մեջ սև ցավը հունձ էր արել և ինչպես հնձվորի աչքից վրիպած հասկեր, ամբողջ գյուղում մնացել էին մի քանի նիհար երինջ, բայց որ սովից երեխա էր մեռնում՝ այդ ավելի էր պատուհասից։

Ամբողջ գյուղը հավաքվեց դժբախտ տան բակը։ Երբ տնից հանեցին զույգ դագաղները երեսները բաց, մարտի արևն օծեց և ոսկեփայլ շողացին մանուկների դեղնած արտևանունքները։ Տանը սուգ բարձրացավ։ Թշվառ մայրը ձեռքերը շեմքից դուրս պարզած կանչում էր. «Ո՜ւր եք տանում, իմ ձագերին, ո՞ւր եք տանում…»։ Կանչում էր ձեռքերը դեպի արևը, կարծես արևին աղերսում էր կյանք տալ սառած մանուկներին։

Այն լեռնային երկրի սովորության համաձայն դիակին ուղեկցում էին միայն տղամարդիկ։ Կանայք մնացին տանը ողբ ասելու նոր և հին մեռելների համար, որոնք ննջել էին ով գիտե որ տարին։ Իսկ թաղման թափորը դանդաղ բարձրանում էր դեպի ժայռերը, դեպի գյուղի հինավուրց գերեզմանատունը։

Աթա ապոր սիրտը լցվել էր։ Նա այն լեռնցի ծերունիներից էր, որոնք իրենց կյանքում շատ անգամ են նայել մահի երեսին, կոխ են բռնել գայլի հետ, գիշերը մենակ գնացել են մութ անտառներով, գիշերել են ձորի արխաջներում, տեսել են թրատված և արնաշաղախ դիակ, և ոչ լաց են եղել, ո՛չ հառաչել են։ Բայց մի փոքր երեխայի լաց կարող է նրանց հուզել։

Աթա ապերն այդ լեռնցի ծերունիներից էր և երբ թափորը գյուղից դուրս եկավ, հանկարծ նրա սիրտը լցվեց և ծերունին սկսեց ողբ ասել։ Լսե՞լ եք դուք լեռնցիների ողբը, ու այն ողբը, որ կանայք են ասում, շար ընկնելով պատի տակ կամ գերեզմանի շուրջը։ Նրանք բարակ ձայնով են երգում և ինչքան ողբան, այնքան բորբոքվում է սուգը և ոչ վերջ կա, ոչ հոգու հանգիստ։ Այդպես են ողբում լեռնցի կանայք և լսելով նրանց, թվում է, թե մոլորվել եք մի տեսակ ձորում և ուր էլ գնաք բարձր ժայռեր են և փրկության դուռ չկա։ Բայց այդպես չեն ողբում լեռնցի տղամարդիկ և այդպիսի ողբ չասաց Աթա ապերը։ Նա սկսեց խոր ձայներից, հանդարտ, ինչպես հողմի առաջին ալիքը, որ անցնում է անտառի վրայով և արտերի վրայով, երբ ծփում են խոտերը, և լորը դեռ չգիտե, որ ահա ձագերի վրա կթափվի սև կարկուտ։ Աթա ապերը խոր սկսեց, ինչպես հորովելի սկիզբը, ապա բարձրացավ, կեռմաններով ոլոր-մոլոր բարձրացավ, և ինչքան բարձրացավ, հզորացրեց ձայնը և վերջում, ինչպես սևակնած երկնքի որոտ, դղրդացրեց և արձագանքը դրնգալով գնաց մինչև Մեղրաքերծ, մինչև Զինգիլա քարերը գնաց և յոթ անգամ Պղնձաքարը դրնգաց։

Այդ ողբ չէր, այլ ահարկու բողոք կապույտ երկնքին, բողոք, որին ձայնակցում էր ձմեռվա քնից զարթնող բնությունը և քարե արծիվը, որ երգի աղմուկից դուրս էր թռել, քարե արծիվն իր թևերի վրա տանում էր մարդու բողոքը մահի դեմ։

Գերեզմանատնից Աթա ապերը գնաց Խուռուփի ձորը, որտեղ արևճակատ ավազահողերն արևից տաքացել, և ձյունը հալչում էր։ Ձորում մարդ չկար։ Տաք էր. Աթա ապերը գնաց ձյուների վրայով, սև ավազահողերով գնաց, կոխելով կածանը, որ տեղ-տեղ բացվել էր և նստեց գետափի քարին։

Խատուտիկ ջրածտերը քարից քար թռչելով որսում էին մժեղներ։ Մի ագռավ ձյունի վրա կտցահարում էր չորացած տանձը։ Հերվա մասուրները կարմրին էին տալիս, իսկ մոշի տերևները կարծես նոր էին կանաչել։

— Փա՜ռք քեզ, որ ամեն բան կարգին սարքել ես, մինչև անգամ մժեղին էլ անտես չես արել…— Ո՞ւմ հետ էր խոսում Աթա ապերը՝ աստծո՞ւ, որ ապրում էր Խուռուփի ձորի արխաջում, հին թթենո՞ւ հետ, որի փչակում գուցե ապրում է այն ոգին, որ Աթա ապոր նման սպիտակամորուս ծերունի է և տրեխներ է հագնում և մինչև անգամ արխալուղի գրպանում պղնձե բռնոթաման ունի։ Ո՞ւմ հետ էր խոսում Աթա ապերը, ինքն էլ չգիտեր, բայց խոսում էր, որովհետև չէր կարելի գարնանամուտի արևին լինել Խուռուփի ձորում, լսել ջրի ձայնը, այն խորհրդավոր ձայները, որ հնչում են քարանձավներում, տեսնել ձորը խոր լռության մեջ։

— Մա՞հ էիր բաժանում, արժանի մարդու տայիր… Հրեն Գիչունց պառավը երկու տարի աղատ-պաղատում է հոգին առնես… Հապա դու կո՞ւյր էիր, քո ձեռքն ի՞նչպես բարձրացավ անմեղ փոքրերի վրա։ Հիմա ես ի՞նչ պատասխան տամ խալխին: Առաջից սուր, հետևից սով. ձեռքդ պարանի ես գցում, օձ է դառնում։ Ո՞ւր պիտի գնա էս ժողովուրդը. վերևից կամիսարն է մեր գլխին կրակ թափում, ներքևից էս կրակն է մեզ խորովում։ Ասա է՜, ասա…

Ջրածտերն ուրախ ճկում էին, խաղացնելով պոչը։ Ուրիշ ծառից թռավ մի ագռավ և առաջինից խլեց նրա ուտելիքը։ Ապա երկուսն էլ թևերին առած թռան ծառերի խորքը։ Եվ ուրիշ էլ ձայն չկար, բացի այն խորհրդավոր ձայները, որ գալիս էին Խուռուփի քարանձավներից։

Աթա ապերն սկսեց ձորով բարձրանալ։ Ձորի արևկող լանջերին ձյուն չկար։ Երևում էին աշնանացան գարու արտերը, փոքր այնքան, որ թթենու ստվերը ծածկում էր արտը:

Աթա ապերը կանգնեց մի արտի եզրին։

— Ե՞րբ պիտի հասնես… Ախր մի տնից զույգ դագաղ հանեցինք…

Նա դուրս եկավ բլուրի գագաթը։ Վերևը դեռ թանձր ձյուն էր։ Աթա ապերը շրջվեց և այդպես էլ կանգնած մնաց, կարծես այն, ինչ նրա աչքին ընկավ, ծերունին տեսնում էր առաջին անգամ։

Հեռվում գետահովտի վրա փռվել էր քաղաքը։ Թիթեղյա կտուրները մայրամուտի արևից փայլփլում էին և այդ փայլը տարածվում էր հեռու, ընդարձակելով քաղաքի սահմանները։ Այդ փայլուն դաշտում, ինչպես ցորենի դեղին շեղջ, երևում էր եկեղեցու ոսկեզօծ գմբեթը։ Եվ ուրիշ ոչինչ չէր երևում և չէր որոշվում մի առանձին ձայն այն խուլ աղմուկի մեջ, որ փայլի հետ միասին քաղաքն արձակում էր դեպի հեռուները։ Մարդկա՞նց աղմուկ էր, դարբնոցների՞ց էր գալիս, թե՞ փողոցներով անցնում էին բեռնած ֆուրգոններ, չէր լինում որոշել, ինչպես և չէր կարելի համատարած փայլի մեջ նշմարել մի որևէ տանիք։

Աթա ապերը նայեց, խոր նայեց և արագ քայլերով իջավ գյուղի վրա։ Նա նման էր անտառաբնակ եղջերուի, որ մոլորվելով դուրս է եկել անտառից, աչքն ընկել է օտարոտի մի բանի, որ շլացնում է և հմայում է, և ա՛հ է ներշնչում նրան, և եղջերուն կանգնած միտք է անում՝ ի՞նչ է այդ, թակա՞րդ, բարեկա՞մ, թե՞ դարանամուտ որսորդ… Միտք է անում և իրեն գցում է ծանոթ թավուտները։

Comments