1. Եղբայրության ընկուզենիները

Chapter 2

II

Մտավ 1920 թիվը, ձմեռը զոռեց, և սովը սաստկացավ։

Թեև Խանլար փաշայի զորքը նահանջել էր, սակայն հաղթանակն ուրախություն չբերեց։ Կարծես այդ պատերազմը, որի վախճանին քաղաքում թափոր և զորահանդես եղավ և գինի խմեցին հաղթողների պատվին, կարծես այդ կռիվը եղել էր յոթ սարից այն կողմ մի աշխարհում, որի միայն անունն էին լսել քարատակի մարդիկ։

Հաց չկա՛ր, ցամաք հաց, գարեհաց և նույնիսկ կորեկի բլիթ չկար։ Իսկ ձյունը գալիս էր և գարնան ոչ մի նշան չէր երևում։ Այդպիսի ձյուն Աթա ապերն իր կյանքում չէր տեսել։ Իզուր տեր Նորընծան ամեն օր գուշակում էր «բարեխառնություն օդի և ջերմություն ջրի»։ Ցերեկը ձյունը դադարում էր, երևում էր սառն արևը և նոր ձյունի ցոլքն ընկնում էր ժայռերի լանջին։ Մարդիկ հազիվ էին մաքրում դուռ ու բակ և ցրտին կուչ գալով մի կերպ արահետ էին բացում դեպի հարևան տունը, երբ գորշ ամպերը նորից էին կախվում, սկսվում էր ձյունը, լեռնային երկրի ձյունը, որ իջնում է անընդմեջ, այն սպիտակ ձյունը, որ փայլում է աստղերի լույսով և թվում է, թե ձյունը կաթկթում է ցուրտ աստղերից։

Ահավոր ձմեռ էր. դաշտերից ծտերը փախչում էին դեպի հարդանոցները, նապաստակները գիշերով թաքնվում էին դեզերի մեջ, և գայլերը պտտվում էին տաք գոմերի շուրջը և նույնիսկ նրանցից հանդուգնը գիշերով վազում էր գյուղի միջով, իր հետևից ձյունամրրիկի նման բարձրացնելով շների կաղկանձը։

Ո՛չ դիրք էր մնացել, ո՛չ դիրքապահ զորք։ Այդպիսի ձմեռը Սուլթան Մուրադի բանակն էլ չէր անցնի Զանգեզուրի լեռներով։

Աթա ապոր շտաբն այլևս չկար։ Պղնձե բռնոթամանը նա այլևս գետնին չէր դնում, որովհետև բազմաթիվ ձեռքեր մեկնվում էին նրա կողմը, մանավանդ Քալանթար Բեդին թաթն այնպես էր կոխում, կարծես Աթա ապոր բռնոթամանը վայրի մեղրաբույն էր։ Միայն նրա ձեռքին հոնի «տերողորմյան» էր։ Կորիզները գլորելով Աթա ապերը գուշակում էր, թե երբ պիտի բացվի լավ օրը, և վերջին կորիզը միշտ ընկնում էր աստծու անվան և ապագան մնում էր մութ։ Աթա ապերը լռում էր և եթե խոսեր, միայն ջրաղացպանին կասեր.

— Էլի փառք, որ շառի վրա չեկավ…

Բազար էլ չկար։ Ոչ առնելու բան կար, ոչ ծախելու։ Միայն Բալթա Թիվին էր աննկուն։ Քարատակում որքան ավելի խոսում էին հացի մասին, նրա խումբն ավելի համարձակ էր խաղում։ Արդեն խաղում նա տարել էր Մելքումովների մաղազան, Կատարի Խաչի ուռիները, տեր Նորընծայի ջորին, մինչև անգամ Կուտուռուզ Սաքոյի Բողար շունն էլ տարել էր և խաղը մեծացնելով տեղափոխվել էր Բաքու և մեկը մյուսի հետևից տանում էր Լիանոզովների նավթահորերը։

Երբեմն մեկը քարատակում հառաչում էր թոքերը կտրատելով և այնպես խոր, որ հարևանը նրան էր նայում, կարծես այդ հառաչի հետ դուրս էր թռել հառաչողի շունչը։

— Իսոն ասում էր էգուց եզը պիտի մորթի,— լռության մեջ լռվում էր մի ձայն։

— Իսո՜ն…

— Ասում են եզը պիտի մորթի…— և ասողը նայում էր հարևանին, աչքերով հարցնում էր, թե եթե Իսոն եզը մորթի, ի՞նչ կլինի:

— Իսոյին ի՛նչ… Եզ էլ կմորթի, գոմեշ էլ կմորթի։ Իսոն կանի։

— Դու ինչո՞ւ չես մորթում… Քո տավարն Իսոյից շատ, մի բեռ գարի էլ ավել,— անհայտ է, թե ինչու առաջինի վրա հարձակվում էր մի ուրիշը, որը քարանձավի մթնում մինչ այդ չէր երևում։ Նա Իսոյի ազգակա՞նն էր և առաջինի թշնամի՞ն, թե՞ բաժին էր ակնկալում Իսոյի մորթելիք եզից, մութ էր և միայն ներկաները մտաբերում էին, որ խոսողի փոքր երեխան երեք օր է կապտած ընկած էր և, ինչպես կանայք էին ասել, մնացել է երեխայի կաշին և ոսկորը։

— Ա՜յ ժողովուրդ, ես պակաս խոսք հո չասացի, որ էն մարդը տեղն էրվեց…

— Ես քո մտքինը լավ գիտեմ,— և մթնից դուրս էր գալիս դեղնած երեսով մի մարդ, որի նույնպես կաշին և ոսկորն էր մնացել։

— Մտքինդ լավ գիտեմ… Եզներդ ուղարկել ես աներոջդ տունը, երեխեքդ կուշտ, էգուց էլ վար ես գնալու ուրախ–ուրախ, իսկ Իսոն ձեռքը ծոցում պիտի մնա,— նրա աչքերը վառվում էին մթի մեջ,— պա՛հի, պինդ պահի, քո երեխի արյունն իմից կարմիր է, չէ՜…

Ներկաներն ուզում են նրան հանգստացնել։ Նրանք գիտեն, որ խոսողն այն խեղճ մարդը չէ, այլ սովից գազազած նրա ոգին։ Իսկ նա բորբոքվելով հետզհետե բարձրացնում է ձայնը, հայհոյում՝ անհայտ էր, թե ում մեռել-կենդան և ձայնը մինչև վերջ խզելով դուրս է թռչում, կարծես քարից իրեն գցեց անդունդը։

Այդպիսի ժամանակ մարդիկ քարատակում լռում էին, և նույնիսկ Բալթա Թիվին այլևս չէր խաղում։ Մարդիկ իրար էին նայում, նրանց դեմքերը համր էին և մռայլ, ինչպես քարանձավի պատերը։

Աթա ապերը առաջինն էր խոսում.

— Ժողովո՛ւրդ, հապա էն խելագարն ո՞վ էր, մեր տղան չէ՞ր… Ուրեմն թողնենք, որ նրա երեխան մեռնի՞։ Ուրեմն մենք մեռած պիտի լինենք, որ մեր երեխան սովից մեռնի։

— Ի՞նչ անենք, է՜, Աթա ապեր, ի՞նչ անենք…

— Ում տանը մի բուռ կորեկ կա, թող նրա տունը կրակ ընկնի…

— Լավն էն չէ՞ր, որ սրով կոտորվեինք։

— Մենք սրով չենք կոտորվել, սովից էլ չենք կոտորվի։ Ուրեմն արար աշխարհը պիտի մթնի, որ մենք սովից կոտորվենք։ Առաջ էլ է սով եղել, պատերազմ է եղել, ինչպե՞ս են ապրել մեր պապերը։ Օղորմի իրեն, իմ Օհան պապին, մի պինդ սովի ժամանակ գալիս է տեսնում ժողովուրդը տավարի նման արածում է, իրա հերն էլ ցորենի հորը բաց է արել, թաջիրներին ցորեն է ծախում՝ սոմարը մի աբասի։ Մահակը վեր է առնում իմ Օհան պապին, թաջիրներին տուր թե կտաս, էն օրն է գցում, որ եկած ճանապարհը մոռանում են։

— Այ թե հա՜…

— Օղորմի Օհան պապին,— սրտի խորքից գոհ կանչում էր ունկնդիրներից մեկը, կարծես անհայտ թաջիրները նրա թշնամիներն են և ինքն էլ մասնակցել է ծեծին։

— Հա՛, Օհան պապին ցորենը ետ է ածում հորերի մեջ և հորն ասում է՝ վեր կաց, հիմա ես պիտի չափեմ։ Նստում է հորի բերանին, ժողովուրդին կանչում է, որին մի կոտ, որին երկու, լցնում է պարկերը, թե՝ շահով, կարգով ետ կբերեք, երբ ունենաք։

— Ա՜յ արդար դատաստան…

— Առաջ էլ սով է եղել, հապա ո.նց են արել…

— Ո՜ւր է հիմա Օհան պապին, ուր էն ժամանակի հորերը… Աշխարհի վերջն եկել է, Աթա, զուր հենց մենք ենք չարչարվում,— ասում էր Չիտանց Վանեսը, որ շտաբի անդամ եղած ժամանակ էլ կարծում էր, թե Խանլար փաշան Դրնգանի ձորով կանցնի և այդ անխուսափելի համարելով առաջարկել էր գյուղը վաղօրոք տեղահանել մեղրաքերծի անտառը։

— Հորեր շա՜տ… դու հանելն ասա, Աթամի…

1920 թվի սկզբին դիրքերից տուն էին վերադարձել այն զինվորները, որոնք կազմում էին ինքնապաշտպանության կանոնավոր զորամասեր, վերադարձել էին նաև նրանք, որոնք պարտադիր զինվորական ծառայության մեջ չէին, այլ Զանգեզուրի զինված ուժերի հրամանատարի առաջին հրամանին պարտավոր էին «իրենց հացով և ջրով» բարձրանալ լեռները և դիրք պահել գյուղերին մոտիկ։ Նրանց մեծ մասը արևմտյան ֆրոնտում մասնակցել էր այնպիսի պատերազմների, որոնց համեմատությամբ տեղական կռիվները սոսկ «գլխացավանք» էին։ Առաջիններից էր կազմված «տրեխավոր բատալիոնը», իսկ երկրորդներն ունեին իրենց յուրահատուկ կարգը, որ նմանվում էր քրդական աշիրեթին, «բառ–կալո» [3] և բոլորը բարձում էին քոչը, այսինքն՝ մի քանի օրվա պաշար մեջքերին բարձրանում էին լեռները։

Այդ զինվորներից ոմանք երևում էին նաև Շուղանց քարատակում, թեև նրանք գերադասում էին հավաքվել ընկերներից մեկի տանը, այդ տունը վերածելով զորանոցի։ Քարատակ մտնելով նրանք բերում էին ոչ միայն շինելի և սապոգների հոտ, այլև մասնակցում էին գյուղացիների զրույցին և Աթա ապերն զգում էր, որ նրանց հետ դժվար է գլուխ դնել։

Աթա ապերն զգաստացավ, երբ Անդոն, այդ զինվորներից մեկը և հենց Աթա ապոր եղբորորդին, ասաց.

— Հորեր շա՜տ, դու հանող ասա, Աթամի…

— Այ տղա, է՜ — Եվ Աթա ապերը ձայնը բարձրացրեց, որովհետև հակառակորդն իր արյունն էր,— ես գլխի եմ, թե ուր ես ծռում, համա առաջդ քար կա… Կամա՛ց, վեր կընկնես…

— Աթամի, թե հորի բերանի քարն ես ասում, կգլորեմ Սանդ աղբյուրի ձորը։ Թե չէ ուրիշ քար չկա։

Մի քանիսը ծիծաղեցին Անդոյի այլիմաստ պատասխանի վրա։ Նրանք հասկացան, որ Անդոն ակնարկում է եղբայր Մելքումովների հորերը, քանի որ Սանդ աղբյուրի ձորը նրանց տան առաջն էր։

— Քեզ ո՞վ է էդպես խրատել,.. Ուրեմն Մելքումովների ցորենը դո՞ւ ես աշխատել։ Դու խնձորին լոլո էիր ասում, որ նրանք մաղազա բաց արին, ցորենատեր, փողատեր եղան։ Հիմա ասում ես…

— Աթամի, ախր Օհան պապի հորերը չկա է …

— Օհան պապին չկա, ողջ մնա շենը։ Հապա էսքան մարդ մի Օհան պապի չարժի։

— Շատ էլ արժի, հաց տուր է՜, հա՜ց…

Եվ քարատակում սկսվում էր սուր վեճը, «կռաժմունքը», ինչպես ասում էր աշխարհի չար ու բարուց հեռու ջրաղացպանը։ Անդոն մի կողմից, Աթա ապերը մյուս և երկուսին էլ միանում էին կողմնակիցներ, վեճն այնպես էր թնդում, որ հեռվից լսողը կկարծեր, թե երկու գյուղի միջև ջրի կռիվ է և ահա ուր որ է պիտի տրաքեն մահակները։

Վեճի թունդ ժամանակ Աթա ապերն սկսում էր հայհոյել Անդոյի քեռիներին, որոնց կողմն էր քաշել Անդոն, իսկ նրանք՝ Անդոյի քեռիները, Աթա ապոր ասելով, քարվան կտրողներ են։ Նա հայհոյում էր Անդոյին ճանապարհից ծռողներին, նրա խրատիչներին՝ մեծից մինչև փոքրը, ապա շուռ էր գալիս Անդոյի պաշտպաններից մեկի կողմը, ներկում էր նրա յոթ պորտը, անվանելով բակլայի գող, մատաղ ուտող, մաղ ծախող բոշա և էլ ինչեր չէր ասում Աթա ապերը, երբ գազազում էր և սկսում էր հակառակորդին հայհոյել։

— Աթամի, եկել է՜, եկել… Հրեն դռանը կանգնած,— և Անդոն նայեց դռան կողմը։ Եվ նրանք որոնք չհասկացան Անդոյի հնարը, բոլորը նայեցին դեպի դուռը։

— Ո՞վ է դռանը կանգնած,— և Աթա ապերն էլ նայեց դեպի դուռը։

— Ժողովրդի թշնամիների հոգեառը,— և Անդոն իսկույն թաքնվեց հարևանի հետևը, որովհետև Աթա ապերը գլխի ընկնելով, որ Անդոն իրեն կապ գցեց, ձեռքը մեկնեց մահակին։

Ժողովուրդը քրքջաց։

— Անդո տղա, հալբաթ ձեռքս կընկնես… Հո չեմ վախելու քո խշտիկից։ Ես իսկի Ալխազովի պրիստավից չեմ վախեցել։ Կամիսարին ասեմ, էդ փափուկ տեղերիդ մի տասը ճիպոտ տա, որ իմանաս, թե ճանապարհը որն է… Աչքերդ հենց պատրաստի վրան է։ Աշխատեք է, դուք էլ աշխատեք Մելքումովների նման դիզեք։ Էս էլ դառավ էն բունթի տարին։ Մի քանի ջահել եկան ժողովուրդին խելքահան արին, իրար մսի գցեցին, հետո էլ թողին փախան։ Չէ՛, ճանապարհն էդ չի…

— Ասա է՜, խոսքդ ասա, Աթա ապեր,— ծերունին հանդարտվում էր։

— Իմ խոսքս նա է, որ էլի մենք իրար ցավ կիմանանք։ Սրտից սիրտ մի բարակ կամուրջ է, էն է մարդուն մարդ դարձնողը։ Էն էլ որ չլինի՝ գետը թող քշի տանի մարդուն։ Էն որ կռունկը թուխպի մեջ ցրիվ է գալիս, լսե՞լ եք ոնց են իրար կանչում ու մինն էլ է չի կորչում։ Ուրեմն մենք էն երկնային թռչունի չափ էլ չկանք… Իրար ձեռք բռնեցեք, մինչի դուրս գանք էս դժվար տարին։ Իմ խոսքս սա է…

Եվ Աթա ապերը տուն էր գնում, առնում էր մի բուռ ձավար, մաշ, չորթան, ինչից որ տանը ճարվեր, շատ անգամ թոռներից ծածուկ, ուղարկում էր այն տունը, որտեղ մի երեխա կապտած նվում էր և նման էր չոր պարկի, որի մեջ ոսկորներ են լցրել։

Այն դժվար ձմեռը Աթա ապերը ձյունի մեջ գլորվելով բարձրանում էր հին եկեղեցու թաղը, նա երևում էր Միջին մահլայում, գնում էր այն աղքատ թաղը, որ հայտնի էր Մոխրաթաղ անունով։ Նա դրացիներին համոզում էր իրար օգնել, ստիպում էր, հանդիմանում էր հրապարակով և ավելի հաճախ հուսադրում էր.

— Հրե հա՜… Մեղրաքերծը կարմրեց։ Էսօր Վերին թաղում ասում էին, որ Եղցաքարում ձյուն չկա։ Դիմացեք հա՜, ձեզ մատաղ, շատը գնացել է, մնացել է քիչը։ Եղցաքարում որ ձյուն չկա, ուրեմն էսօր-էգուց Միջնաոի հանդերը կբացվեն, Եզնարածի առվի տակ դաղձ կլինի, ի՜նչ դաղձ… Քիչ է մնացել, Աթա ապերը ձեզ մատաղ։ Մանր-մունրին մի կերպ արեք, դուք էլ գոտիներդ պնդացրեք… Դուք որ քարից կակուղ ամեն ինչ էլ ուտեք, կապրեք, ձեր ոսկորը պինդ է։ Երեխաներին նայեք… Էսօր-էգուց ճանապարհները կբացվեն, էշերը առաջ կանենք, կգնանք Բարկուշատ, է՜, Աթա ապերը ճանանչ թուրքեր ունի, որ ամեն մինը մի խան, մի սուլթան։ Հիմա հարյուր ուղտաբեռ բրինձ են դարսել…

Մայրերը լսում էին նրան, լսում էին և հոգսի տակ կքած հայրերը, և թեև ապրելը ծանր էր, բայց էլի Աթա ապերը հույս էր, կամ ինչպես ասում էին «ցորեն լեզու էր, որ նման էր ցորեն հացի»։

Comments