1. Եղբայրության ընկուզենիները

Chapter 1

I

1919 թվի ձմեռը, Շուղանց քարատակը, որ հիսուն տարուց ավելի հարդանոց էր, նորից դարձավ գյուղի հավաքատեղին։ Ծերունիները պատմում էին, որ նույնիսկ օսմանլուի մեծ կռվի տարին այդքան մարդ չէր հավաքվում այդ քարանձավի մեջ։ Շուղանց քարատակն այժմ օդա չէր, ինչպես հիսուն տարի առաջ, այլ շտաբ, բազար և մինչև անգամ կլուբ, ինչպես անվանում էր Բալթա Թիվին, որը Բաքվում խոհարար էր եղել և հետը գյուղ էր բերել արծաթ գդալներ, ճենապակե գավաթներ և ափսեներ, որոնց մեջ նրա ընտանիքն ուտում էր ձավարով հիլաթ, անխեն շորվա և խաշած ոսպ, այլ անունով՝ աղքատի փլավ։

Քարանձավի այդ բոլոր անունները՝ շտաբ, բազար և մինչև անգամ կլուբ, ունեին իրենց հիմքը։ Շուղանց նախկին հարդանոցում պատերազմական գործի հանճարեղ ղեկավարներ կային, որոնք քարայրի հատակին չիբուխի կոթով խազում էին լեռնաշղթաներ, ձորեր և խոր գետեր, ապա այդ խազերի ցանցում տեղավորում էին շողշողուն քարեր, որ փոխարինում էին Նժդեհի ձիավոր խմբերին, պղնձադրամ՝ Դալի Ղարդաշի տղաների տեղ, ճաքած կոճակ՝ Կտետ կապիտանի զորամասի կամ ինչպես անվանում էին՝ «տրեխավոր բատալիոնի» տեղ։ Աթա ապոր բռնոթամանը միշտ նշանակում էր Խանլար փաշայի դիվիզիան, իսկ նրա հոնի կորիզներից «տերողորմյան», մուսավաթի բանակն էր։ Երբ Աթա ապերը գրպանից հանում էր «տերողորմյան» և փռում մի խազի վրա, միշտ նույն խոսքն էր ասում.

— Ա, քեզ մատաղ, էս մեր թուրքերը հինչ են ուզում մեր ձորերից… Ախար հի՞նչ կա էս ցամաք ձորերում։

Եվ այդ խոսքերից հետո սկսվում էր զինվորական խորհուրդը, որին մասնակցում էին Աթա ապերը, Քոլուն Բադին, Չետանց Վանեսը և Ջանջալ Մանդուն Կլիբոն, խորհրդական ունենալով զինվորների, որոնք արևմտյան ֆրոնտում («գերմանու փռոնթ»,— ինչպես ասում էր Աթա ապերը) թողել էին ոտքը կամ թևը։ Այդ խորհուրդն էր քարատակը դարձրել շտաբ, որի աշխատանքներին, եթե կարելի է այդպես ասել, երբեմն մասնակցում էին ուրիշները, երբ նոր լուր էին ստանում իրական ռազմաճակատից և կամ եթե Աթա ապերը կռվի էր բռնվում Չետանց Վանեսի հետ, և քարանձավի մեջ ահարկու որոտում էր նրա ձայնը.

— Ես իմ հոր տղան չլինեմ, եթե Խանլար փաշայի զորքը Դրնգանի ձորով անց կենա… Գայլի սիրտ պիտի կերած լինես, որ արևով մտնես էն ձորը։ Ինչո՞ւ, չե՞ս հիշում,— և Աթա ապերը բոթում էր ջրաղացպանին, որը տեղը տաքացրել և ննջում էր, ինչպես եթե աղմկող ջրաղացում լիներ, իր հին ջրաղացում, որի դուռն ինչքան ժամանակ է փակ էր, որովհետև ով մի պարկ կորեկ ուներ, գերադասում էր սանդի մեջ ծեծել,— չե՞ս հիշում Դրնգանի ձորը,— և Աթա ապերը բոթում էր ալևոր ջրաղացպանին, որը չէր հիշում Դրնգանի ձորը, այլ հիշում էր միայն ջրաղացի ընկուզենիները…

Աթա ապերը, ընդհատելով ռազմական խորհրդածությունները, պատմում էր, թե ինչպես մի տարի ինքը և ջրաղացպանն ուլարած տղաներ էին, ուլերը տարան Դրնգանի կողմերր, ուլերը մտան Դրնգանի ձորը…

Ի՜նչ ձոր, ի՜նչ ահի ձոր…

— Իրիկունը, օղորմի իրեն, Օհան ապերը (Աթա ապոր պապը), որ տեսավ ուլերից երկուսը չկան, դանակը դրեց սև ուլի վզին, ասաց, «Էնքան ուլը որ Դրնգանի ձորից հանել եք, դուք էլ ողջում տուն եք եկել, էս մի ուլն էլ ձեզ մատաղ…»։ Հիմա ասում ես, թե Խանլար փաշան…

Եվ Չետանց Վանեսը պարտվելով լռում էր, լռում էին նաև շտաբի մյուս անդամները և միայն ջրաղացպանը, որ Աթա ապոր մանկության ընկերն էր, երկա՜ր-երկար հորանջում էր քաղցր և բարակ ձայնով, կարծես շտաբի հարևանը չէր, այլ ամառվա շոգին քնել էր ընկուզենիների ստվերում և զարթնելով միտք էր անում՝ նորի՞ց քնի, թե վեր կենա նայի ջրաղացի դամբին…

Այդպես էր այն ռազմական խորհուրդը, որի պատճառով Շուղանց հին քարանձավը կոչվում էր շտաբ։ Իսկ եթե կոչում էին նաև բազար, չպետք է կարծել, թե Մելքումովներն իրենց մաղազան կողպել էին և ապրանքը դարսել քարանձավի խոռոչներում։ Ճշմարիտ է, 1919 թվի ձմեռը և դեռևս նույն թվի գարնանը Մելքումովները փակել էին խանութը, բայց ապրանքը նրանք հակերով դարսել էին խոր մառաններում և դեղի համար գյուղացիներին վաճառում էին մի չերթ շաքար, երկու խան արշին կտավ պատանքի և մի վարդ թաշկինակ նորահարսի համար։ Որովհետև ինչքան էլ կյանքը դժվար էր և շատերը կիսաքաղց էին օրը մթնեցնում, այնուամենայնիվ, հիվանդի սիրտը շաքարով թեյ էր ուզում, ննջեցյալին սովորություն էր պատանքով թաղել, իսկ եթե աղջիկ էին ամուսնացնում, նորահարսին վարդ թաշկինակ ընծայելն անհրաժեշտ էր, ինչպես հարսանիքի զուռնա նաղարան։

Բայց և այնպես Շուղանց քարատակը նաև բազար էր: Քարատակի մարդիկ կռվի լուրերի հետ իրար էին հաղորդում ցորենի, կաշվի, աղի, նավթի և շաքարի մազանդան,— թեև նրանց մեծ մասը ոչ գնորդ էր և ոչ վաճառող։ Միայն երբեմն փոխանակում էին Նորսի գինին, որ անհայտ է, թե ինչ կերպ, նույնիսկ ռազմադաշտով անց էին կացնում ճարպիկ գինեվաճառները, որոնք լավ գիտեին, թե աշխարհում ավելի շատ խմող ուժ կա, քան կռվող։ Նորսի գինին և Քարահունջի «ջեջան» Շուղանց քարատակում մինչև անգամ փոխանակում էին ավանակի փորքաշի հետ։

Եվ այդ պատահում էր այսպես։

Դալի Ղարդաշի տղաները հանդից տանում էին մի որևէ Մանգասարի զառամյալ էշը, որի նոր փորքաշը տերը պահել էր ջահել էշ գնելու հույսով։ Բայց ահա խորտակվում էր նրա հույսը, քանի որ ժամանակն ահեղ էր և այնպիսի ժամանակ էր, երբ շատ հույսեր էին խորտակվում։ Սակայն գալիս էր անխուսավւելին։ Մանգասարի կինը ծնում էր մի սպիտակ երես տղա՝ «քոլիշ», ինչպես Զանգեզուրում ասում են այն աստղով մանուկներին, որոնք անարատ սպիտակ են, ինչպես գառան վեգը։

Ծնվում էր Մանգասարի «քոլիշ» տղան և հետը բերում էր անխուսափելին՝ կնունքը։ Եվ էշի նոր փորքաշը նա հանում էր ծալքատեղից, փոխարենը տուն էր բերում մի փարչ Նորսի գինի։

Այս և այսպիսի առևտուր էին անում քարատակի բազարում ամենքի ներկայությամբ և երբեմն մի բահի կոթի վրա քարանձավում աղմուկը դրնգում էր, կարծես Աթա ապերը Չետանց Վանեսին լեզվակոխ էր արել Խանլար փաշայի զորքի և Դրնգանի ահավոր ձորի համար։

Իսկ եթե ոմանց համար քարատակը նաև կլուբ էր, ապա այդ ոմանց մեջ առաջինը Բալթա Թիվին էր, որը և հեղինակն էր քարատակի այդ անվան։ Բալթա Թիվին ամենևին չէր խառնվում զինվորական խորհրդի կամ Աթա ապոր շտաբի նիստերին։ Նա այն կարծիքին էր, որ այդ ահագին պատերազմը մի ոչինչ բան էր, միաժամանակ համամիտ էր, որ Դրնգանի ձորը Խանլար փաշայի ճաշը չի։ Նրա կարծիքով ռուսները շուտով պիտի սուփրան գցեն և այն ժամանակ ամեն ազգ իր գդալից կուտի։ Դրանով էլ վերջանում էր Բայթա Թիվու և նրա համախոհների վերաբերմունքը Շուղանց քարատակում արծարծվող քաղաքական խնդիրներին։

Սակայն նրանք բերել էին այնպիսի սովորություն, որ քարանձավը երբեք չէր տեսել, նաև հիսուն տարի առաջ, երբ դեռ հարդանոց չէր, այլ Շուղանց նշանավոր տոհմի օդան էր։ Բալթա Թիվու խումբը թուղթ էր խաղում։ Քարատակի ժխորի մեջ մի կողմից հնչում էին ռազմական վեճերը, մյուս կողմն առևտուր էր անում, երրորդ անկյունում ոչ վիճում էին և ոչ առևտուր էին անում, այլ դալլաք Իսոն Ալուն թրով թրատում էր Գլդան Գոդու վեսուտը[1] և պատմում էր Զնդան Ավթանդիլի կռիվներից, քարատակի ժխորի մեջ լսվում էին և այսպիսի բացականչություններ.

— Շամաթայ բալթայ… Պրիբոր չտա՜ս… էս փոսիկի բիբին, էս կավալերը… Խռա՛փ, բաջօղլի։ Չերվոննին տետ դյու շան տրեզ… Ինքն էլ իսկական պերսոն…— Եվ հանկարծ Բալթա Թիվին հաջողակ խաղաթղթերը զարկում էր գետնով, ամբողջ քարատակը լռում էր և խոր լռության մեջ հնչում էր միայն նրա կանչը.

— Խռա՛փ, բաջօղլի…

— Անդարդը հո պոզավոր չի,– մեղմ հանդիմանում էր Աթա ապերը, և բոլորը լսում էին նրա խոսքը և լսողը հասկանում էր, թե ով է անդարդը։

Բայց չի կարելի ասել, թե քարատակ եկողն անպայման պիտի հարեր խմբերից մեկնումեկին։ Մեծ մասի համար Շուղանց երբեմնի հարդանոցը տաք անկյուն էր, որտեղ կարելի էր միառժամանակ մոռանալ տան հոգսը, կարելի էր մի բարի լուր լսել և ապրել հույսով, թե շուտով կվերջանա տեր Նորընծայի ասած «աշխարհավեր պատերազմը» և մանգաղներն այլևս չեն ժանգոտի։ Այդ մեծ մասը երբեմն մասնակցում էր զինվորական խորհրդին, եթե օրվա լուրը շատ կարևոր էր, և այդ ժամանակ քարատակում ոչ բազար էին անում և ոչ թուղթ էին խաղում։ Իսկ երբեմն մի պարկ կորեկի և կես փութ աղի փոխանակումը դառնում էր ամենքի մտահոգության առարկա, երբեմն էլ նույնիսկ Չետանց Վանեսը նայում էր Բալթա Թիվու օյիններին…

Քարատակ եկողների մեջ միայն մի մարդ կարող էր ընդհատել նույնիսկ զինվորական խորհրդի նիստը։ Այդ մարդը Նիազանց Անդրին էր, գյուղի սրախոսը, որի պատմությունները մինչև այժմ ասում են, թեև այլևս չկա այդ քաղցրախոս լեզուն։ Անդրին մտնում էր, ողջունելով «աստծու ծեծած խեղճերին».

— Հը՜, Աթա տպեր, Ղարսը առա՞ք, թե՞ տվիք… Սպասիր ես թիլիպոնով խոսեմ տեսնեմ հի՞նչ կա աշխարհում…— և արձակում էր այծեմազ պարանը, որ գոտու փոխարեն փաթաթած էր մեջքին, պարանի փայտե կեռը հագցնում էր քարատակի դռան ունկին.

— Հը՛, ցենտրալնի, ա՛յ ցենտրալնի, դավայ Բաքու… Բարիշնա ջան, Բաքու, դա՞, Բաքու… Հը՞, Բաքու։ Ա՜յ Բաքու, ախր մարխի ծխում կոտորվեցինք, բա հի՞նչ ես ասում… Արա, ո՞ւր ա պանիրը։ Պանրի երես ենք տեսնո՞ւմ։ Որ ագռավի ծերտ ենք տեսնում, վրա ենք տալիս… Ղարդաշ, աք ղարդաշ, բա երբ ես խռիկ տալի էն Խանլարին։ Հը՞, գնում է անգլիացու վրա՞։ Ո՞նց թե, Անգլիայի ճանապարհը հո մեր ձորով չի։ Մենք խռիկ տվինք մեր բաժին անգլիացուն[2]… Հա, քեզ մատաղ, ղարդաշ Հուսեյին, Իվանին բեր, բեր է՜ սարու ռուսին։ Էնքան շլորի տերև քաշեցի, լարդս սևացավ։ Հա՛, քեզ ղուրբան, հաց կլինի, նավթ կլինի, շաքար կլինի: Հրեն, Անա զիզին տկլոր է, ամաչում է աղբյուրը գնա… Հը՞, օրիորդ, Հայաստանի կողմերում ո՞վ կա… մարդ-մուրդ մնա՞ց, թե բոլորն իրար կերան։ Դրովի զորքը գալիս է Զանգեզո՞ւր… Քո շունը լինեմ Րևան, էդ կրակը մեզանից հեռա պահի։ Խումբի տղերքը մեզ կերան, Մանգասարի էշը փալանով կերան, արտերը կանաչ կերան, մի խակ տանձի համար տեր Նորընծայի… տանձը կերան…

Քարատակը դղրդում էր ժողովրդի ծիծաղից, մինչև անգամ ջրաղացպանն էր ծիծաղում և ուրախության արցունքը գլոր-գլոր ընկնում էր նրա սպիտակ մորուքի վրա։ Այս և այն կողմից բացականչում էին.

Այ թե հա՜…

— Դամբ լինի Անդրի,— և նույնիսկ Բալթա Թիվին, խաղը թողնելով, ասում էր,

— Ցիրկի կլովուն կլինի, երևելի կլովուն…

Իսկ Նիազանց Անդրին ծիծաղի աղմուկի մեջ շարունակում էր «հեռախոսել».

— Րևան, քանդվես դու, որ քանդեցիր մեզ,.. Ամեն մի շանորդի երկաթի կտորը քամակից կախել է, ժողովրդի գլխին կամիսար է դարձել։ Զինվոր տո՛ւր, հաց տուր, եզ տո՛ւր, ձավար տո՛ւր, էլ չմնաց, է՜ չմնաց, մենակ սևացած օճորքը մնաց և մեր հարսի… —և նա այնպիսի խոսք էր ասում, որ Աթա ապերը նրան անվանում էր «շեթ անամոթ», իսկ քարանձավում նորից հնչում էր ժողովրդի ծիծաղը։

Բայց ի՜նչ ուրախություն էր, երբ Նիազանց Անդրին ներս էր մտնում սազը մեջքին։ Այդ ժամանակ ամեն զրույց վերջանում էր, և այնպես լուռ էին լսում, որ նույնիսկ Աթա ապերը գետնից չէր վերցնում բռնոթամանը, ոչ նրա համար, որ կմոռանար Խանլար փաշայի բանակատեղը, այլ որով հետև բռնոթի քաշելուց հետո Աթա ապերն այնպես էր սաբր գալիս, այնպես աղմուկով էր սաբր գալիս, որ մինչև անգամ փոստի տրակտով անցնողները լսում էին նրա փռշտալը, ինչպես եթե մի քերծ փլվեր։

Եվ ամենքը լուռ լսում էին Նիազանց Անդրու նվագը… Երեխաները, որոնք մեծերի ահից մուտք չունեին Շուղանց քարատակը, հավաքվում էին դրսում, դռնամուտից լսում էին այդ նվագը և զարմանում էին, թե ի՞նչ կա Նիազանց Անդրու ճոռթած, կոշտ և կոպիտ մատների մեջ, ի՞նչ զորություն կա, որ այդպես լացացնում է մարդկանց։

Այդ երգերը հիմա չկան և լավ է, որ հիմա այդպես չեն նվագում։ Գուցե թե մի հեռավոր գյուղում դեռևս մեկը սազ է նվագում, բայց ոչ այդ սազն է Անդրու սազի նման և ոչ նրա նվագը։ Երբ քարատակում Անդրին նվագում էր, մեկը հիշում էր անհայտ կորած որդուն և սուգ էր ասում, մյուսի աչքերի առաջ հառնում էին լեռներն աշունքին, երբ քոչն արդեն գնացել է, ցուրտ ամպերը լիզում են ուրթի տեղերը, հիշում էր օջախի քարը, որի մոտ ամառը լուսնկա գիշերով կրակ է արել մի շարմաղ աղջիկ… Նա այդ էր հիշում, իսկ նրա կողքի նստողը միտք էր անում, թե ե՞րբ կբացվի իր կյանքի փակ դուռը, տաշտում ե՞րբ հաց կլինի, երեխաները մերկ չեն լինի, ծառ կտնկի, ծառը պտուղ կտա և երբ հասնի արդար ծերության, իր տնկած ծառի ստվերում կնստի գոհ և երջանիկ։

Երբ Անդրին այլևս չէր նվագում և արդեն սազը կոխում էր պարկի մեջ, դեռ ոչ ոք ձայն չէր հանում, կարծես ամենքն ուզում էին լսել մինչև վերջին հնչյունը, որ արդեն պոկվել էր լարերից և քարանձավում թրթռում էր, ինչպես արևից զարթնած ոսկե թիթեռ։ Եվ նույնիսկ այն ժամանակ նրանք չէին խոսում, երբ Անդրին, սազը պարկի մեջ տեղավորելուց հետո, ասում էր.

— Ինչո՞ւ եք լռել, ա՜յ սրտամեռ խեղճեր…

Միայն այդ ժամանակ ոմանք հառաչում էին, կարծես զարթնում էին խոր քնից, ծխելով թեժացնում էին չիբուխների սառած կրակը, իսկ ով քարատակն էր եկել կաշվե ձողով, շարունակում էր քերել տրեխացու կաշին։ Չետանց Վանեսը գրպանից հանում էր ղավը, ահագին պողպատը զարկում էր կայծքարին, իսկ Աթա ապերն առնում էր բռնոթամանը…

— Ծաղկես դու, Անդրի՛.., Երեխայի նման մեզ մղկտացրիր… Զորանաս, մեջլիսներում մշտական զա՜.., աար… դաա-ա,— և պատահում էր այն, որ փոստի տրակտով անցնողները կարծում էին, թե քերծ փլվեց։

Այդ ամենից հետո Բալթա Թիվին դարձյալ շարունակում էր թղթախաղը։ Իսկ մյուսները հավաքվում էին Աթա ապոր շուրջը և ծայր էին առնում այնպիսի զրույցներ, որոնց լսողը կմտածեր, թե 1919 թվի ձմեռը չէ, այլ շատ վաղ ժամանակ և գյուղում ոչ կոմիսար կա, ոչ ֆրոնտ կա և ոչ սովի ահ, այլ քարանձավների դարն է, դուրսը ցուրտ ձմեռ է, մութ խավար, մարդիկ մտել են այդ թաքստոցը և կրակի շուրջը բոլորած պատմում են որսից, գազաններից, քաջքերից, որոնք բնակվում են հենց այդպիսի քարատակներում, կարող են պարել, զուռնա փչել, մթնում կարող են մենակ մարդուն խաբել և քարափից գցել ձորը…

Comments