1. Երկարակեցության Կենսահյութը

Chapter 2

II

Վաճառականների համար աշխարհն ինչ-որ հակ է կամ շրջանառության մեջ եղող թղթադրամների կույտ. երիտասարդների համար դա կինն է. մի քանի կանանց համար՝ դա տղամարդն է, որոշ մարդկանց համար՝ դա սալոն է, խմբակ, թաղամաս, քաղաք, բայց դոն Ժուանի համար տիեզերքը՝ դա — ինքն էր: Որպես տիպար բարեշնորհության և ազնվատոհմության, հրապուրիչ ուշիմությամբ, նա իր նավակը կապեց բոլոր ափերին, սակայն, թողնելով հանդերձ, որ իրեն տանեն, նա, այնուամենայնիվ, գնում էր մինչև այնտեղ միայն, ուր ինքն էր կամենում գնալ: Ինչքան ապրեց, այնքան նա տարակուսեց: Զննելով մարդկանց, նա գուշակեց, որ հաճախ քաջությունը՝ դա հանդգնություն էր, զգուշությունը՝ երկչոտություն, վեհանձնությունը՝ խորամանկություն, արդարությունը՝ ոճրագործություն, ազնվությունը՝ հիմարություն, ուղղամտությունը՝ շրջահայեցություն և, տարօրինակ ճակատագրականությամբ, նա նկատեց, որ այն մարդիկ, որոնք իսկապես ուղղամիտ, ազնիվ, արդարադատ, վեհանձն, զգուշավոր և քաջարի են, ոչ մի հարգանք չէին վայելում մարդկանց մեջ:

«Ինչ սառը կատակերգություն,— ասաց նա ինքն իրեն։— Սա աստծու գործ չէ»:

Եվ այն ժամանակ, հրաժարվելով կրոնի խոստացած լավագույն աշխարհից, նա ոչ մի սրբազան անվան առջև գլխարկ չհանեց և եկեղեցականների քարաքանդակ սրբերին դիտեց որպես արվեստի գործեր: Սակայն, ըմբռնելով մարդկային հասարակությունների մեխանիզմը՝ նա երբեք չափից դուրս չընդհարվեց նախապաշարմունքների հետ, որովհետև ինքն այնքան հզոր չէր, որքան դահիճը. բայց նա այնպիսի բարեշնորհությամբ և այնպիսի նրբամտությամբ էր շրջանցում հասարակական օրենքները, որ հիանալիորեն պատկերացված է պարոն Դիմանշի հետ ունեցած տեսարանում1, որովհետև ճակատագիրը նրան վիճակել էր դառնալ Մոլիերի դոն Ժուանի, Գյոթեի Ֆաուստի, Բայրոնի Մանֆրեդի և Մատյուրենի Մելմոթի կերպարը: Հոյակապ պատկերներ, որոնք կերտվել են Եվրոպայի ամենամեծ հանճարների կողմից, և որոնց համար պիտի չպակասեն ո՛չ Մոցարտի ներդաշնակությունները, ոչ էլ գուցե, Ռոսսինիի քնարը... Սոսկալի պատկերներ, ուր մարդու մեջ գոյություն ունեցող չարի սկզբունքը հավերժացվում է, և որոնց պատճեններն անցնում են մի դարից մյուսը: Երբեմն այդ կերպարը բանակցությունների մեջ է մտնում մարդկանց հետ, ինչպես Միրաբոն, երբեմն նա բավարարվում է լուռ գործելով, ինչպես Բոնապարտը, կամ թե հեգնանքով հետապնդում է տիեզերքը, ինչպես աստվածային Ռաբլեն, կամ հաճախ նա ծիծաղում է մարդկանց վրա, փոխանակ ծաղրելու իրերի կարգ ու սարքը, ինչպես մարշալ դը Ռիշելյոն2. իսկ ավելի հաճախ նա ծաղրի է ենթարկում և՛ մարդկանց, և՛ իրերի կարգ ու սարքը, ինչպես մեր դեսպաններից ամենահռչակավորը:

Սակայն դոն Ժուան Բելվիդերոյի խորունկ հանճարը վաղօրոք խտացրեց իր մեջ այդ բոլոր հանճարները, որովհետև նա ամեն ինչի վրա ծիծաղեց. նրա կյանքը համակ ծաղր էր, որն ընդգրկում էր մարդկանց, իրերը, օրենքներն ու գաղափարները:

Ինչ վերաբերում է հավիտենականությանը՝ նա կես ժամ մտերմորեն զրուցել էր պապ Հուլիոս II-ի հետ. և, զրույցի վերջում, ծիծաղելով ավելացրել էր.

— Եթե անպայման պետք է ընտրություն կատարել, ապա, ես կգերադասեմ հավատալ աստծուն, քան սատանային: Հզորությունը, բարությանը միացված, այնուամենայնիվ ավելի շատ օգուտ է խոստանում, քան չար ոգին:

— Այո. բայց աստված ուզում է, որ մարդիկ ապաշխարեն այս աշխարհում…

— Դուք ուրեմն միշտ մտածում եք մեղքերի ձեր թողության մասի՞ն...,— պատասխանեց Բելվիդերոն:— Դե՛ լավ, իմ առաջին կյանքի մեղքերը քավելու համար ես ունեմ պահեստի մի ամբողջ կյանք:

— Ա՜հ, անհավատ,— բացականչեց պապը,— չլինի սրբերի կարգը դասվես…

— Քանի որ դուք պապության հասաք, ամեն ինչի կարելի է հավատալ:

Եվ նրանք գնացին տեսնելու այն բանվորներին, որոնք զբաղված էին կառուցելու սուրբ Պետրոսին նվիրված հոյակերտ մայր տաճարը:

— Սուրբ Պետրոսը հանճարեղ մարդ էր...,— ասաց պապը դոն Ժուանին.— նա իրոք որ արժանի է այս հուշարձանին: Բայց երբեմն, գիշերը, ես մտածում եմ, որ մի ինչ-որ ջրհեղեղ կսրբի այս բոլորը... և պետք կլինի գործը վերսկսել…

Դոն Ժուանը և պապը սկսեցին ծիծաղել. նրանք իրար հասկացել էին: Հիմարի մեկը հաջորդ օրը կգնար զվարճանալու Հուլիոս II-ի հետ Ռաֆայելի մոտ, կամ հիասքանչ «Մադամա» վիլլայում. սակայն Բելվիդերոն գնաց նրան տեսնելու հայրապետաբար աստվածային պաշտամունքը կատարելիս, որպեսզի համոզվեր իր կասկածանքների մեջ: Մի խրախճանքի ժամանակ պապը կարող էր ինքը իրեն հերքել և զբաղվել Հովհաննու Հայտնության մեկնաբանությամբ:

Բայց այս լեգենդը նպատակ չունի նյութեր հայթայթելու նրանց, ովքեր կուզենային հուշեր գրել դոն Ժուանի կյանքի մասին. դրա նպատակն է ապացուցել ազնիվ մարդկանց, որ Բելվիդերոն չի մահացել, մենամարտելով քարե արձանի դեմ, ինչպես այդ ուզում են հավատացնել մի քանի վիմագիրներ:

Երբ դոն Ժուան Բելվիդերոն ութսուն տարեկան դարձավ, եկավ հաստատվելու Իսպանիայում: Այնտեղ, ծերունական հասակում, նա ամուսնացավ մի դեռատի և գեղազմայլ անդալուզուհու հետ: Բայց նա ո՛չ բարի հայր եղավ, ո՛չ էլ լավ ամուսին: Նա որոշ հաշվից էր ելնում: Նա դիտել էր, որ մենք գորովագին սիրվում ենք միայն այն կանանց կողմից, որոնց մասին բնավ էլ չենք մտածում: Դոնա Էլվիրային բարեպաշտորեն մեծացրել էր մի պառավ մորաքույր, Անդալուզիայի խորքում, Սուրբ-Լուկարից մի քանի մղոն հեռավորության վրա գտնվող մի դղյակում. նա համակ անձնվիրություն էր և համակ նազելիություն: Դոն Ժուանը կռահեց, որ նա այն կանանցից էր, որոնք կրքին անձնատուր են լինում երկար ժամանակ դրա դեմ պայքարելուց հետո. ուստի և նա հույս ուներ, որ կկարողանար նրան առաքինության մեջ պահել մինչև իր մահը: Դա մի լուրջ կատակ էր, ինչ-որ շախմատի խաղ, որ նա իրեն էր վերապահում խաղալու իր ծերության օրերին:

Իր հոր՝ Բարթոլոմեոյի գործած սխալների փորձով զինված, դոն Ժուանը որոշեց օգտագործել իր ծերության ամենադույզն արարքներն իսկ, որպեսզի հաջողեցնի այդ դրաման, որը պետք է խաղացվեր իր մահվան անկողնու վրա։ Այսպես, օրինակ, հարստությունների ամենամեծ մասը մնաց թաղված Ֆերրարայի իր պալատի նկուղներում, ուր նա գնում էր հազվադեպորեն: Գալով գանձի մյուս կեսին՝ նա այն վերածեց կենսաթոշակի, որպեսզի այդպիսով իր կյանքի տևողության նկատմամբ շահագրգռի և՛ կնոջը, և՛ զավակներին, մի խորամանկություն, որին պետք է դիմած լիներ և իր հայրը: Բայց այս մաքիավելական սպեկուլյացիան նրան այնքան էլ անհրաժեշտ չեղավ: Երիտասարդ Ֆիլիպ Բելվիդերոն՝ նրա որդին, դարձավ այնքան բարեխղճորեն կրոնասեր մի իսպանացի, ինչքան հայրն էր ամբարիշտ,— գուցե և զորությամբն այն առածի, որն ասում է. ժլատ հոր՝ վատնիչ որդի։

Սուրբ-Լուկարի աբբահայրը դոն Ժուանի կողմից նշանակվեց որպես դքսուհի դը Բելվիդերոյի և Ֆիլիպի խոստովանահայրը: Այս եկեղեցականը սուրբ մարդ էր, բարձրահասակ, զմայլելիորեն վայելչակազմ, սևահեր, ծոմապահությունից հոգնատանջ, անձնահարությունից ճերմակած Տիբերյուսյան գլխով, և ենթակա ամենօրյա փորձության, ինչպես բոլոր մենակյացները: Ծերունի իշխանազունը գուցե հույս ուներ, թե կկարողանար սպանել և մի վանականի՝ նախքան իր առաջին կյանքն ավարտելը: Բայց, թերևս վանականը դոն Ժուանի չափ հաստատակամ էր, կամ որովհետև դոնա Էլվիրան ուներ շատ ավելի զգուշություն ու առաքինություն, քան ամուսինն էր կարծում, որ կանայք կարող էին ունենալ՝ Բելվիդերոն հարկադրվեց իր վերջին օրերն անցկացնել գյուղական ծեր քահանայի նման՝ առանց ոչ մի գայթակղություն ունենալու իր ընտանիքում:

Երբեմն նա հրճվում էր, երբ որդուն կամ կնոջը բռնում էր իրենց կրոնական պարտականությունների մեջ թերանալիս, և նա պահանջում էր վճռականորեն, որ նրանք կատարեն այն բոլորը, ինչ Հռոմը պարտավորեցնում էր հավատացյալներին կատարել: Մի խոսքով, նա իրեն շատ երջանիկ էր զգում, երբ լսում էր Սուրբ-Լուկարի կնամեծար վանահոր, դոննա Էլվիրայի և Ֆիլիպի վիճաբանությունը կրոնի հետ կապված ինչ-որ հարցի շուրջը:

Այնուամենայնիվ, հակառակ անչափ խնամքներին, որ իշխանազուն դոն Ժուանը շռայլում էր իր անձի հանդեպ, զառամության օրերը հասան, վշտահար այդ տարիքի հետ միասին եկան և անզորության ճիչերը, այնքան առավել սրտակեզ, որքան ավելի հորդառատ էր հուշերի ուժը: Այս մարդը, որի մոտ հեգնանքի ծայր աստիճանն այն էր, որ ուրիշներին ստիպում էր հավատալ այն օրենքներին և սկզբունքներին, որոնց նկատմամբ ինքը միայն ծաղրանք ուներ, օրորվում էր գուցե–ի խաբուսիկ հույսով: Այս բարեձևության տիպարը, այս դուքսը, հուժկու՝ գինարբուքի ժամանակ, անբարտավանորեն սիգապանծ՝ արքունիքներում, շնորհագեղ՝ կանանց մոտ, որոնց սիրտը ոլորել էր այնպես, ինչպես շինականը ուռենու ճյուղն էր ոլորում, այս հանճարամիտ մարդը տառապում էր ինչ-որ համառ խուխախտից, նստելատեղի նյարդի տաղտկալի բորբոքումով, դաժան հոդացավից: Նա տեսնում էր, որ ատամները լքում են իրեն, ինչպես երեկույթի վերջում պճնազարդ, սպիտակափայլ կանայք են հեռանում մեկ առ մեկ, թողնելով դահլիճը թափուր և կահազուրկ: Վերջապես, նրա առույգ ձեռքերը սկսեցին դողդողալ, նրբակերտ սրունքները երերացին և, մի երեկո, կաթվածը սեղմեց նրա վիզը իր կեռ և սառը մագիլներով:

Այդ ճակատագրական օրվանից հետո, նա խոժոռվեց, դարձավ դաժան: Նա մեղադրում էր որդուն և կնոջը նրանց անձնվիրության համար, պնդելով երբեմն, որ նրանց սրտառուչ և գորովագութ խնամքները իր հանդեպ այդպես քնքշորեն շռայլվում են միմիայն նրա համար, որովհետև իր ամբողջ հարստությունը վեր էր ածել կենսաթոշակի: Էլվիրան և Ֆիլիպը դառը արտասվում էին և կրկնապատկում իրենց փաղաքշանքները նենգամիտ և խորամանկ հիվանդի հանդեպ, որի բեկբեկուն ձայնը դառնում էր սիրազեղ, որպեսզի նրանց ասեր.

— Հարազատնե՛րս, սիրելի՛ կինս, դուք ինձ ներում եք, չէ՞... Ես ձեզ մի փոքր տանջո՞ւմ եմ — ավա՜ղ, աստվա՛ծ իմ, դու ինձ գործիք դարձրիր փորձելու համար այս երկու երկնային էակներին... Ես, որ նրանց ուրախությո՜ւնը պետք է լինեի՝ հանդիսանում եմ նրանց պատուհասը...

Այս կերպ նա նրանց շղթայակապ պահեց իր սնարի մոտ, մոռացնել տալով հիվանդի իր քմահաճույքներով ամիսներ ամբողջ նրանց պատճառած սրտնեղություններն ու ցուցաբերած անգթությունները, մի որևէ ժամում նրանց առջև սփռելով բարեշնորհության և կեղծ սիրո միշտ նորահնար գանձերը: Հայրական այս սիստեմը նրան հաջողվեց անհամեմատ ավելի լավ, քան այն սիստեմը, որ ժամանակին հայրն էր օգտագործել նրա նկատմամբ…

Վերջապես, նա հիվանդության այնպիսի աստիճանի հասավ, երբ այլևս անկողնու մեջ տեղավորելու համար, պետք էր նրան մանևրել այնպես, ինչպես վտանգալից ջրահոսանքում նավավարն է մանևրում իր դյուրաբեկ նավակը:

Այնուհետև հասավ մահվան օրը: Այս պերճափայլ և սկեպտիկ անձնավորությունը, որի միայն բանականությունն էր կենդանի,— այնքան սոսկալի էր քայքայումը,— իրեն գտավ իր երկու հակակրած մարդկանց՝ բժշկի և խոստովանահոր միջև... Բայց նա նրանց հետ եղավ զվարթամիտ: Չէ՞ որ իր համար փողփողուն մի լույս կար ապագայի քողի հետևը: Եվ, այդ թափանցիկ, շղարշային բեմի վրա ստվերների պես խաղում էին երիտասարդության հեշտաբույր և զգլխիչ վայելքները:

Ամռան գեղեցիկ երեկո էր, երբ դոն Ժուանն զգաց մոտալուտ մահը: Իսպանիայի երկինքը զմայլելիորեն հստակ էր. նարնջենիների բույրը սփռված էր օդում. աստղերը ծորում էին իրենց պայծառ և զովաշունչ շողքը. թվում էր, որ բնությունը նրան տալիս է ստույգ առհավատչյա, թե պետք է նա վերակենդանանա: Բարեպաշտ և հնազանդ մի զավակ դիտում էր նրան՝ գորովագին և հարգալից: Ժամի տասնմեկի մոտերքը հայրը ցանկացավ մենակ մնալ այդ անբիծ էակի հետ:

— Ֆիլի՛պ...,— ասաց նա այնպիսի քնքուշ և սիրալիր մի ձայնով, որ երիտասարդը ցնցվեց և երջանկությունից լաց եղավ, որովհետև այդ անդրդվելի հայրը երբեք այդ շեշտով Ֆիլիպ չէր արտասանել:— Լսիր ինձ, որդի՛,— նորից խոսեց մահամերձը:— Ես մի մեծ մեղապարտ եմ: Դրա համար էլ իմ ամբողջ կյանքի ընթացքում ես մտածել եմ իմ մահվան մասին: Հին ժամանակ ես մեծանուն պապ Հուլիոս II-ի բարեկամն եմ եղել: Այդ վեհափառ հայրապետը, վախենալով, որ իմ զգայարանների չափազանց գրգռվածությունն ինձ գործել կտար որևէ մահացու մեղք սուրբ մեռոնը ընդունելու պահից մինչև վերջին շունչս փչելու վայրկյանը, ինձ նվիրեց մի սրվակ, որի մեջ գտնվում է անապատում ժայռից ցայտած սուրբ ջուրը: Ես պահեցի եկեղեցուն պատկանող այս գանձի հափշտակման գաղտնիքը. սակայն ինձ թույլատրված է այս կրոնական խորհուրդը հայտնել իմ որդուն, in articulo mortis*: Դուք այդ սրվակը կգտնեք այս գոթական սեղանի գզրոցում, որը երբեք չի բաժանվել իմ սնարից... Այդ թանկագին բյուրեղը դուք դեռ կարող եք օգտագործել, իմ սիրասուն Ֆիլիպս... Բայց երդվեցեք ինձ, հանուն ձեր հոգու հավիտենական փրկության, որ դուք կետ առ կետ պիտի գործադրեք իմ հրամանները…

Ֆիլիպը նայեց հորը: Դոն Ժուանը ընդունակ էր զատորոշել մարդկային զգացմունքների արտահայտությունները և կարող էր հանգիստ մեռնել, մինչդեռ նրա հայրը մեռավ հուսահատության մեջ, իր որդու նայվածքից հասկանալով, որ նրան չի կարելի վստահել:

— Դու արժանի էիր ուրիշ հայր ունենալու,— շարունակեց դոն Ժուանը,— ես համարձակվում եմ քեզ խոստովանել, զավակս, որ այն պահին, երբ Սուրբ-Լուկարի հարգարժան աբբահայրն ինձ տալիս էր վերջին սուրբ հաղորդությունը, ես մտածում էի անհամատեղելիության մասին, ինչպես սատանայի և աստծու զորություններն են…

— Օ՜հ, հայր իմ:

— Եվ ես ինձ ասում էի, որ երբ սատանան իր դաշինքը կնքի աստծու հետ, ապա նա ամենաստոր հոգին կլիներ, եթե որպես պայման չպահանջեր իր կուսակիցների մեղքերի թողությունը: Այս միտքն ինձ հալածում էր: Նշանակում է, ես դժոխք պետք է գնամ, տեսնում ես, զավակս, եթե դու չկատարես իմ կամքը…

— Օ՜հ, շուտ ասացեք ինձ, հայր իմ:

— Հենց որ ես փակեմ աչքերս,— շարունակեց դոն Ժուանը,— գուցե մի քանի րոպե հետո, դու կվերցնես իմ մարմինը, նույնիսկ տաք-տաք և այն կպառկեցնես այս սեղանի վրա, սենյակի մեջտեղում: Հետո դու կհանգցնես այս լամպը. որովհետև աստղերի ցոլքը պետք է բավարարի քեզ... Դու կմերկացնես ինձ՝ հանելով իմ բոլոր շորերը, և, երբ հայրմերներ և ողջույն քեզ Մարիամներ կասես՝ հոգով դեպի աստված վերանալով, դու այդ սուրբ ջրով խնամքով կշփես աչքերս, շրթունքներս, նախ ամբողջ գլուխս և հաջորդաբար՝ անդամներս և ամբողջ մարմինս: Բայց, սիրելի զավակս, աստծու զորությունը այնքան մեծ է, որ ոչ մի բանից չպետք է զարմանաս…

Այստեղ դոն Ժուանը, զգալով մոտալուտ մահը, ավելացրեց ահարկու ձայնով.

— Եվ պինդ պահիր սրվակը…

Նա մեղմիկ փչեց իր շունչը որդու թևերի մեջ, որի հորդառատ արցունքները հոսեցին նրա ծաղրալից և գունաթափ դեմքի վրա:

Մոտավորապես կեսգիշեր կլիներ, երբ դոն Ֆիլիպ Բելվիդերոն տեղավորեց հոր դիակը սեղանի վրա, և համբուրելուց հետո նրա սպառնալից ճակատն ու գորշագույն մազերը, հանգցրեց լամպը: Պայծառ լուսնից ծորող թեթև լույսը, որի ցոլքերը անհեթեթորեն լուսավորում էին դաշտավայրը, թույլ տվեց բարեպաշտ Ֆիլիպին տարտամորեն ընդնշմարել հոր մարմինը. դա ստվերի մեջ սպիտակին տվող ինչ-որ մի բան էր: Երիտասարդը մի լաթ թաթախեց հեղուկի մեջ: Հետո աղոթքի մեջ խորասուզված, խորունկ լռության մեջ, նա հավատարմորեն օծեց այդ սրբազան գլուխը: Նա անշուշտ լսում էր ինչ-որ աննկարագրելի շրշյուններ, բայց նա դրանք վերագրում էր ծառերի կատարներին խաղացող զեփյուռին: Երբ արդեն թրջել էր աջ թևը, նա զգաց, որ մի մատղաշ և ուժեղ բազուկ սեղմում է իր վիզը. դա հոր բազուկն էր... Նա աղեկտուր մի ճիչ արձակեց, սրվակն ընկավ ձեռքից և փշրվեց, հեղուկը գոլորշիացավ: Դղյակի բոլոր սպասավորները, ջահերը ձեռներին, ներս թափվեցին: Այդ ճիչը նրանց ահաբեկել էր և զարմացրել, կարծես վերջին դատաստանի շեփորը ցնցած լիներ տիեզերքը: Մի րոպեում սենյակը լցվեց մարդկանցով: Դողահար բազմությունը նշմարեց դոն Ֆիլիպին, ուշաթափված, բայց որին պահում էր հոր հուժկու բազուկը, ուժգին սեղմելով նրա վիզը... Ապա, նրանց առաջ պարզվեց ինչ-որ գերբնական մի երևույթ. ներկաները տեսան դոն Ժուանի գլուխը, այնքան երիտասարդ և այնքան գեղեցիկ, ինչքան Անտինոուսի գլուխը, սև մազերով, վառվռուն աչքերով, կարմրագեղ շրթունքներով. և այդ գլուխը տատանվում էր սարսափելիորեն՝ առանց կարողանալու տեղից շարժել կմախքը, որին նա պատկանում էր:

Մի տխմար ծեր սպասավոր գոչեց.

— Հրա՜շք…

Բոլոր այդ սնոտիապաշտ իսպանացիները կրկնեցին.

— Հրա՜շք…

Դոննա Էլվիրան, որը չափից դուրս բարեպաշտ էր և չէր կարող ընդունել կախարդանքի խորհուրդները, կանչել տվեց Սուրբ Լուկարի աբբահորը:

Երբ քահանան իր աչքերով տեսավ հրաշքը, նա որոշեց դրանից օգուտ քաղել, և որպես հնարամիտ մարդ, և որպես վանահայր, նրա ցանկությունն էր իր վանքի եկամուտներն ավելացնել: Հայտարարելով, անմիջապես, թե սինյոր դոն Ժուանն ստույգ կսրբացվի, նա հաջորդ չէ մյուս օրվա համար նշանակեց սրբացման հանդիսավոր արարողություններ, որոնք պետք է կատարվեին իր վանքում, որն այսուհետև պիտի կոչվեր,— ասաց նա,— Սուրբ-Ժուան-դը-Լուկար…

Այս խոսքերը լսելով՝ գլուխը մի բավականին զվարճալի ծամածռություն արեց:

Այսօրինակ հանդիսավորությունների հանդեպ իսպանացիների ճաշակն այնքան է հանրահայտ, որ դժվար չի լինի հավատալ կրոնական այն շքեղություններին, որոնցով Սուրբ-Լուկարի վանքը նշանավորեց երանելի դոն Ժուան Բելվիդերոյի փոխադրումը եկեղեցի: Այս մեծանուն ազնվապետի մահից երեք օր հետո, նրա կիսակատար հարության հրաշքի մասին համառ զրույց էր անցնում գյուղից քաղաք, Սուրբ-Լուկարի շուրջը առավել քան հիսուն մղոն շառավղի վրա տարածվող ամբողջ շրջակայքում. արդեն իսկ ծիծաղաշարժ տեսարան էր պարզում հետաքրքրասեր մարդկանց շարանը ճանապարհների վրա: Նրանք եկան բոլոր կողմերից, հրապուրված՝ ջահերի պերճափայլ ուղեկցությամբ երգված «Հրաշափառով»։

Սուրբ-Լուկար վանքի վաղեմի մզկիթը, մավրիտանացիների կողմից կերտված հրաշալի մի կառույց, որի գմբեթները երեք դար է, ինչ լսում էին Ալլահի անվան փոխարինած Հիսուս Քրիստոսի անունը, չկարողացավ բովանդակել հանդիսավոր արարողությունը տեսնելու համար այնտեղ շտապած մարդկանց խուռներամ ամբոխը: Ազնվազարմ հիդալգոներ, մրջյունների պես իրար սեղմված, հագին թավշյա թիկնոց, զինված իրենց շքեղ սուսերներով, կանգնած էին մնում սյուների շուրջը՝ չունենալով այլ տեղ ծալելու իրենց ծնկները, որոնք միայն այնտեղ էին ծալվում: Այնտեղ կային չքնաղ գեղջկուհիներ, որոնց գունազարդ շրջազգեստները գծագրում էին նրանց հրապուրիչ ձևերը. ծերունիներ՝ ճերմակ մազերով, երիտասարդներ՝ հրացայտ աչքերով, պճնված պառավ կանայք, ապա՝ բերկրանքից թրթռուն զույգեր. նոր նշանված հետաքրքրասեր աղջիկներ՝ իրենց փեսացուների հետ եկած. նորապսակ հարսեր, իրար ձեռքից բռնած երկչոտ երեխաներ:

Այդ բազմությունն այնտեղ էր, շքեղորեն պաճուճված, այլազան գույներով փողփողուն, ծաղիկներով բեռնավորված, զուգված-զարդարված և մեղմիկ աղմկելով գիշերվա լռության մեջ:

Եկեղեցու լայն դռները բացվեցին: Նրանք, ովքեր ուշացած լինելով մնացին դրսում, հեռվից, քանդակազարդ երեք դռների միջով տեսնում էին մի այնպիսի թատերաբեմ, որի մասին մեր արդիական օպերաների պերճափայլ զարդարանքները մի թույլ գաղափար անգամ չէին կարող տալ: Բարեպաշտ կանայք և մեղավոր մարդիկ, փութալով սիրաշահել նոր սրբին, այդ ընդարձակ եկեղեցում վառել էին հազարավոր մոմեր, որոնց քաղցրաշող ցոլքը կախարդական տեսք էր տալիս մոնումենտալ շենքին։ Սև կամարակալները, սյուներն ու դրանց խոյակները, ոսկով և արծաթով շողշողուն խորակառույց մատուռները, նրբանցքները, մավրիտանական արվեստի ժանեկահյուս զարդաքանդակների ամենանուրբ մոտիվները ուրվագծվում էին այս հորդառատ լույսի մեջ, ինչպես բորբոքված խարույկի մեջ առաջացած քմածին ֆիգուրներ: Դա հրեղեն օվկիան էր: Այդ օվկիանի վրա, եկեղեցու խորքում, իշխում էր ոսկեհուռ դասը, ուր և բարձրանում էր մայր-խորանը, որը իր բոցավառ տեսքով կարող էր մրցել նորածագ արևի հետ: Եվ իրոք՝ ոսկե լամպերի, արծաթյա աշտանակների, խաչվառների, ծոպերի, սրբապատկերների և ex voto*-ների շողքը գունաթափվում էր այն տապանի փայլից, որի մեջ գտնվում էր դոն Ժուանը: Ամբարիշտի մարմինը հուրհրատում էր ակնեղեններով, ծաղիկներով, ադամանդներով, ոսկով, փետրազարդերով՝ այնքան ճերմակ, ինչքան սերովբեների թևերն են, և խորանի վրա գրավում էր այն տեղը, ուր Քրիստոսի նկարն էր: Նրա շուրջը փայլփլում էին բազմաթիվ մոմեր, որոնք օդն էին նետում իրենց լույսի վետվետուն ծփանքները:

Սուրբ Լուկարի շքեղափայլ վանահայրը, պաճուճված իր հայրապետական հագուստներով, գոհարազարդ խույրով, շուրջառով, վարդապետական ոսկե գավազանով, գահակալում էր, որպես խորանի արքա, պերճաշուք, կայսերական մի բազկաթոռի վրա: Նրբահյուս, սպիտակ շապիկներով, անկիրք դեմքով արծաթահեր ծերունիներ, վանքի ամբողջ հոգևորականությունը շրջապատում էին նրան, նման խոստովանվող սրբերի՝ որոնցով նկարիչները շրջապատում են հավիտենական հոր պատկերը: Դասապետը և հոգևորական ժողովի աստիճանավորներն իրենց եկեղեցական սնափառության նշաններով զարդարված, գնում գալիս էին խնկի արձակած ամպերի ծփանքում, ինչպես երկնակամարի վրա թավալվող աստղեր:

Երբ հասավ փառաբանության պահը, զանգերի ղողանջներն արթնացրին դաշտավայրի ողջ արձագանքները և այս ծովածավալ բազմությունը առ աստված արձակեց գոհաբանության առաջին ճիչը, որով սկսում է Հրաշափառը։ Ինչպիսի՜ վեհություն կար այդ ճիչի մեջ: Ինչպիսի՜ հստակ և քաղցրալուր ձայներ էին, հոգեզմայլված կանանց ձայներ, միախառնված՝ տղամարդկանց ծանր և ուժեղ ձայնին, բյուրավոր ձայներ՝ այնքան հզոր, որ երգեհոնը չկարողացավ իշխել այդ անսամբլին, հակառակ իր խողովակների ահեղ թնդյունին… Երգչախումբը կազմող փոքրիկ դպիրների մատղաշ ձայների սուրբ հնչյունները և մի քանի թավ ձայների լայնածավալ բացականչությունները միայն, հարուցելով սրտառուչ պատկերացումներ, այս մարդկային ձայների հոգեզմայլ համերգի մեջ հիշեցրին մանկության և ուժի մասին, միախառնվելով սիրո միակ զգացմունքի մեջ.

— Ըզքեզ, աստված, գովաբանեմք։

Ծնրադիր կանանց և տղամարդկանց բազմությամբ սևացած տաճարի ծոցից դուրս էր խոյանում այդ շարականը, նման այն լույսի, որը հանկարծ փայլատակում է գիշերվա խավարի մեջ, և լռությունը խզվեց կարծես ամպերի որոտով: Ձայները բարձրացան խնկի ամպերի հետ, որոնք այդ միջոցին շղարշային և կապտավուն քողեր էին գցում ճարտարապետության ֆանտաստիկական հրաշալիքների վրա: Ամեն ինչ ճոխություն էր, պերճանք, բուրմունք, լույս և մելոդիա:

Այն պահին, երբ սիրո և երախտագիտության այդ երգեցողությունը սլացավ դեպի խորանը, դոն Ժուանը, որը չափազանց բարեկիրթ էր, և չէր կարող շնորհակալություն չհայտնել և չափազանց սրամիտ՝ որպեսզի հասկանար այդ կատակը, պատասխանեց մի զարհուրեցնող քրքիջով և հրճվանքից խայտաց իր դագաղի մեջ:

Բայց շուտով սատանան նրան միտք ներշնչեց, որ ինքը կարող էր հասարակ մահկանացու դառնալու վտանգի առաջ կանգնել՝ լինել ինչ-որ մի սուրբ, մի Բոնիֆաս կամ մի Պանտալեոն: Այնժամ նա մռնչաց. և այդ սիրո մեղեդուն խառնեց ահեղ մի ոռնոց, որին միախառնվեցին դժոխքի բյուրավոր ձայները: Երկիրը օրհնում էր, երկինքը անիծում:

Եկեղեցին ցնցվեց իր վաղեմի հիմքերի վրա: «Զքեզ, աստված, գովաբանեմք»,— ասում էին ներկաները:

— Կորե՛ք գրողի ծոցը, անբան անասուններ:— Աստվա՛ծ, աստվա՛ծ. Corajos demonios*, անասուններ, դուք բոլորդ տխմար եք ձեր զառամ աստծու հետ:

Եվ լուտանքների մի հեղեղ հորդեց, ինչպես լավան է հոսում Վեզուվի ժայթքման ժամանակ:

— Սաբաովդ աստված... Սաբաովդ,— բացականչում էին հավատացյալները:

— Դուք դժոխքի վեհությունն եք պղծում,— պատասխանեց դոն Ժուանը, որը կրճտացնում էր իր ատամները:

* Իսպանական հայհոյանք:

Քիչ հետո, կենդանի բազուկը կարողացավ դուրս գալ դագաղի վերևից, և, բռունցքով սպառնալով հավաքույթին, հուսահատության և հեգնանքի շարժումներ կատարեց:

— Սուրբն ինչպե՜ս է մեզ օրհնում,— ասացին պառավ կանայք, երեխաներն ու հարսնացուները, դյուրահավատ մարդիկ:

Ահա թե ինչպես մենք հաճախ մոլորվում ենք մեր երկրպագության առարկայի նկատմամբ: Ականավոր մարդը ծաղրում է նրանց, ովքեր իր գովքն են հյուսում:

Այն րոպեին, երբ աբբահայրը խորանի առջև ծնկաչոք երգում էր.

— Սուրբ Հովհան, բարեխոսյա…

Նա բավականին որոշակիորեն լսեց.— O coglione*:

— Բայց, այդ ի՞նչ է կատարվում վերևում,— բացականչեց փոխ-վանահայրը, տեսնելով, որ դագաղը ցնցվում է:

— Սուրբը սատանի նման չարանում է,— պատասխանեց վանահայրը:

Այն ժամանակ այդ կենդանի գլուխը ուժգին պոկ եկավ մարմնից, որն այլևս չէր ապրում և ընկավ պատարագիչ աբբահոր դեղնավուն գանգի վրա:

— Հիշիր դոննա Էլվիրային…— գոռաց նա, խածելով աբբահոր գլուխը:

Աբբահայրը մի սոսկալի ճիչ արձակեց, որը խանգարեց հանդիսավոր արարողությունը: Բոլոր եկեղեցականները խուճապահար փախան:

— Հիմա՛ր, դե՛ ասա, թե աստված կա…— գոռաց ձայնը այն րոպեին, երբ աբբահայրը, խածված ուղեղով, վերջին շունչն էր փչում:

Comments