Chapter 1
I
Գերմանիայի հարաւային մասում մի փոքրիկ քաղաք կայ Գրիւնվիզէր անունով։ Քաղաքի արտաքինը այնպէս է՝ ինչպէս միւս բոլոր փոքրիկ քաղաքներինը․— քաղաքի մէջ տեղումը շուկայի փոքրիկ հրապարակն է, ուր եւ ջրհոր կայ․ հրապարակից ոչ հեռու գտնւում են հաշտարար դատաւորի եւ ամէնից հարուստ վաճառականների տները, իսկ մնացած բնակիչներն ապրում են քաղաքի մի քանի նեղ ու յետ ընկած փողոցներում։ Այստեղ ամենքը ճանաչում են իրար․ ամեն մէկը գիտէ, թէ ի՛նչ է կատարւում իւր դրացու տանը․ եւ նոյն֊իսկ երբ քահանայի, քաղաքագլխի եւ կամ բժշկի խոհանոցում մի նոր կերակուր է պատրաստւում ճաշի համար՝ արդէն ամբողջ քաղաքին յայտնի է լինում այդ բանը։ Ճաշից յետոյ քաղաքի տիկինները ըստ սովորութեան այցելում են միմեանց եւ սուրճի գաւաթները առաջներին դրած՝ խօսում, դատում են քաղաքի երեւելի անցքերի մասին։ Շատ խօսելուց յետոյ, վերջապէս ամենքը գալիս են այն եզրակացութեան, թէ շատ հաւանական է, որ վիճակախաղի ժամանակ քահանան անբարեխղճութեամբ տարաւ․ որ քաղաքագլուխը սկսել է կաշառքներ ուտել․ որ դեղագործը կաշառել է բժշկին, որպէսզի վերջինս հիւանդների համար թանգ թանգ դեղեր նշանակէ։ Ուրեմն կարող էք երեւակայել, թէ ո՛րչափ անհաճոյ բան էր Գրիւնվիզէլի պէս բարեկարգ քաղաքի բնակիչների համար այն հանգամանքը, որ քաղաք եկաւ մի մարդ՝ որի մասին ոչ ոք ոչինչ չգիտէր․ ո՛չ գիտէին, թէ ո՛րտեղից է եկել, ո՛չ՝ թէ ինչի՛ է եկել, եւ ոչ էլ՝ թէ ինչո՛վ է ապրում։ Ճիշտ է, քաղաքագլուխը տեսել էր նրա անցագիրը եւ մի անգամ բժշկի մօտ սուրճ խմելիս յայտնել էր, որ անցագիրը բոլորովին կանոնաւոր է․ բայց միեւնոյն ժամանակ նկատել էր, որ ինքը այնքան էլ լաւ բան չէ համարում մի անծանօթ մարդու իրանց քաղաքում ապրելը, եւ որ նա բաւական կասկածելի մարդ է երեւում իւր աչքին։
Քաղաքագլուխը քաղաքի առաջին մարդն էր․ հասկանալի է ուրեմն, թէ ինչո՛ւ նրա խօսքերից յետոյ ամենքն էլ սկսեցին նոր եկողի վրայ ծուռ աչքով նայել։ Ճիշտն ասած՝ անծանօթն իրան այնպէս էր պահում, որ աւելի էր հաստատում իւր մասին եղած կասկածները։ Նա մի մեծ տուն էր վարձել, որը մինչեւ այդ ոչ ոք չէր բռնում, այնտեղ էր փոխադրել մի սայլ լիքը զանազան օտարոտի բաներ եւ սկսել էր ապրել ճգնաւորի պէս։ Նա ինքն էր իւր համար կերակուր պատրաստում եւ բացի մի գրիւնվիզէլցի ծերունուց՝ ուրիշ ոչ ոքի չէր ընդունում։ Այդ ծերունին ամեն առաւօտ շուկայից նրա համար ուտելիքի պաշարեղէն էր առնում բերում, բայց երբէք չէր մտնում տան ներսի սենեակները․ տանտէրը նրան ընդունում էր նախասենեակում, ձեռքից առնում գնած բաներն եւ իսկոյն արձակում։
«Նորեկը», ինչպէս անուանում էին նրան քաղաքում՝ ամենքի համար մի կատարեալ հանելուկ էր։ Ճաշից յետոյ ո՛չ ուրիշների պէս կեգլի խաղալու էր գնում եւ ոչ էլ երեկոները ճաշարան մտնում՝ լրագրական նորութիւնների մասին զրոյց անելու։ Ի զուր էին քաղաքագլուխը, դատաւորը, բժիշկն ու քահանան նրան հերթով իրանց մօտ ճաշի կամ սուրճի հրաւիրում— նա ո՛չ մի հրաւէր չընդունեց։ Հէնց այդ պատճառով ոմանք նրան խելագար էին անուանում, ոմանք հրէայ էին համարում եւ վերջապէս ոմանք էլ պնդում էին, թէ նա կամ կախարդ է եւ կամ դրա նման մի բան։
Անցաւ ութ թէ տասը տարի, բայց քաղաքում նրան դեռ էլի «նորեկ» էին անուանում։
Մի անգամ Գրիւնվիզէլ եկան մի քանի ծաղրածուներ։ Նրանք իրանց հետ բերել էին եւ սովրացրած կենդանիներ— ուղտ, արջ եւ մի քանի շուն ու կապիկ։ Ուղտը գլուխ էր տալիս, արջը պարում էր, իսկ շներն ու կապիկները մարդու շորերով էին։ Բայց այդ բոլոր կենդանիների մէջ ամենից նշանաւորը օրանգ֊ուտանգ կոչուած կապիկն էր․ նա համարեա մարդու հասակ ունէր, ման էր գալիս երկու ոտների վրայ եւ զանազան ծիծաղաշարժ բաներ էր անում։ Ծաղրածուները քաղաքում շրջում էին փողոցից փողոց, ճանապարհների ու հրապարակների մէջ տեղում կանգ էին առնում եւ ցոյց էին տալիս իրանց ձեռնածութիւնները եւ յետոյ հանդիտեսներից փող ժողովում։ Մի անգամ նրանք կանգ առան եւ «նորեկի» տան առաջ։ Հէնց որ նրանց երաժշտութեան սուր ձայները հնչեցին՝ «նորեկը» խոժոռած դէմքով եկաւ կանգնեց լուսամուտի առաջ․ սակայն նրա դէմքն իսկոյն պայծառացաւ, եւ ի զարմանս ամենքի՝ լուսամուտի առաջ նա կանգնած մնաց մինչեւ ներկայացման վերջը։ Օրանգ֊ուտանգի ծաղրալի շարժումների վրայ նա սրտանց ծիծաղում էր, եւ երբ ներկայացումը վերջացաւ՝ նա ծաղրածուներին մի այնպէս մեծ արծաթ փող ձգեց, որ ամբողջ քաղաքն սկսեց խօսել նրա այդպիսի առատաձեռնութեան վրայ։ Հետեւեալ առաւօտը ծաղրածուները քաղաքից հեռացան։ Ուղտի վրայ բարձած էին բազմաթիւ կողովներ, որոնց մէջ հանգիստ տեղաւորուած էին կապիկներն ու շները, իսկ տէրը օրանգ֊ուտանգի հետ միասին գնում էին բոլորի յետեւից։ Բայց նրանց քաղաքից դուրս գալուց մի քանի ժամ էլ դեռ չէր անցել՝ որ «նորեկը» մարդ ուղարկեց փոստի կայարանը, ձիաներ պահանջեց եւ անմիջապէս ճանապարհ ընկաւ եւ գնաց նոյն ուղղութեամբ՝ որով ճանապարհ էին ընկել ծաղրածուները։ Ամբողջ Գրիւնվիզէլը ալեկոծւում էր, որ չկարողացան իմանալ, թէ ո՛ւր գնաց օտարականը։ Արդէն գիշեր էր՝ երբ նա քաղաք վերադարձաւ․ սակայն այժմ նա մենակ չէր․ կառքի մէջ նրա հետ նստած էր եւ մի ուրիշ պարոն, որի բերանն ու ականջները կապած էին մետաքսեայ թաշկինակով, իսկ գլխարկը ծածկում էր ճակատը մինչեւ քիթը։ Քաղաքի դռան մօտ կանգնած գրագիրը իւր պարտքը համարեց դիմել նոր ճանապարհորդին եւ խնդրել՝ որ ցոյց տայ անցագիրը․ բայց նա մի ինչ֊որ անծանօթ լեզուով խիստ կոպիտ պատասխանեց գրագրին։— Սա իմ ազգականս է,— ասաց «նորեկը», սիրալիր կերպով դիմելով պահապանին եւ նրա ձեռքի մէջ սահեցրեց մի քանի արծաթեայ դրամ․— նա դեռ գերմաներէն չգիտէ․ մի քիչ առաջ սկսեց հայհոյել, որ մեզ այստեղ պահում են եւ թոյլ չեն տալիս ազատ քաղաք մտնել։
— Օ՜, եթէ սա ձեր ողորմութեան ազգականն է՝ — պատասխանեց պահապանը,— այն ժամանակ նա կարող է ազատ անցնել առանց անցագրի էլ։ Նա անկասկած ձեզ մօտ պէտք է ապրի, այնպէս չէ՞։
— Անշուշտ, անշուշտ,— պատասխանեց ծերունին,— եւ հաւանական է, որ շատ երկար մնայ Գրիւնվիզէլում։
Պահապանն այս բացատրութիւնից բոլորովին գոհ մնաց, իսկ «նորեկն» իւր ազգականի հետ քաղաք մտան։ Սակայն քաղաքագլուխն ու ամբողջ Գրիւնվիզէլը սաստիկ անբաւական մնացին պահապանից․ պէտք էր որ նա ազգականի ասածներից գոնէ մի քանի խօսք մտքումը պահէր, ասում էին նրանք․ որովհետեւ դրանից կարելի կը լինէր եզրակացնել, թէ ի՛նչ ազգութեան է պատկանում «նորեկը» եւ նրա ազգականը։ Բայց պահապանը հաւատացնում էր, որ նրա լեզուն ո՛չ ֆրանսերէն էր, ո՛չ իտալերէն, եւ աւելի անգլերէնի էր նման, եւ եթէ չէ սխալւում՝ պատանի պարոնն ասաց «Goddam!»։ Այսպիսով՝ պահապանի շնորհիւ նորեկը հռչակուեց իբր անգլիացի, եւ քաղաքում խօսակցութեան միակ առարկան այս երիտասարդ անգլիացին էր։
Երիտասարդ անգլիացին նոյնպէս ոչ մի տեղ չէր դուրս գալիս։ Նա եւս չէր գնում ո՛չ կէգլի խաղալու եւ ոչ էլ գարեջուր խմելու, բայց եւ այնպէս նա հասարակութեան խօսելու անսպառ նիւթ էր տալիս։ Երիտասարդի Գրիւնվիզէլ եկած օրից «նորեկի» տան մէջ այլ եւս չէր թագաւորում առաջուայ խորին լռութիւնը․ ընդհակառակը, յաճախ փողոցում լսելի էին լինում սարսափելի աղաղակներ, այնպէս որ մարդկանց մեծ բազմութիւն էր հաւաքւում նրա տան առաջ՝ աղմուկի պատճառը իմանալու։ Տեսնում էին, թէ ի՛նչպէս երիտասարդ անգլիացին կարմիր ֆրակ եւ կանաչ վարտիք հագած, մազերը գզգզած, սարսափելի դէմքով վազվզում էր սենեակներում եւ մի կամ միւս լուսամուտին էր մօտենում, իսկ նրա ծերունի քեռին, կարմիր խալաթը հագին եւ մի մտրակ էլ ձեռքին՝ գնում էր նրա յետեւից։
Մեծ մասամբ նա չէր կարողանում խփել նրան․ բայց դուրսը կանգնած մարդկանց այնպէս թուաց, թէ ծերունին վերջապէս բռնելէ պատանուն, որովհետեւ ներսից լսւում էին մտրակի հարուածների ու սուր ճիչերի ձայներ։ Քեռու խիստ վարմունքը գրգռեց ընդհանուր զայրոյթ։ Մանաւանդ դժգոհ էին կանայք․ նրանք մինչեւ անգամ համոզեցին քաղաքագլխին որ միջամտէ։ Վերջինս «նորեկին» բաւական խիստ ոճով մի նամակ գրեց, որի մէջ նախատում էր ծերունուն՝ իւր ազգականի հետ տմարդի վարուելուն համար եւ սպառնում էր, որ եթէ նոյնանման տեսարաններ դարձեալ կրկնուին՝ այն ժամանակ նա պատանուն իւր հովանաւորութեան տակ կառնէ։
Ո՜րքան մեծ եղաւ քաղաքագլխի զարմանքը․— «նորեկը» տասը տարի քաղաքում ապրելուց յետոյ՝ յանկարծ մի օր այցելութեան եկաւ նրա մօտ։ Ծերունին բացատրեց, որ ստիպուած է խիստ վարուել իւր ազգականի հետ, որովհետեւ այդպէս են ցանկանում նրա ծնողները, որոնք պատանու կրթութիւնը իրան են յանձնել։
— Նա շատ խելօք եւ ընդունակ տղայ է,— ասում էր քեռին,— միայն դժուարութեամբ է լեզուներ սովորում, այն֊ինչ ես սաստիկ ցանկանում եմ, որ նա շուտով սկսի գերմաներէն խօսել․ այն ժամանակ բաւականութիւն կունենամ նրան դուրս բերել Գրիւնվիզէլի հասարակութեան մէջ։ Միայն ափսո՜ս, որ գործը շատ դանդաղ է առաջ ընթանում, ուստի եւ մի֊մի անգամ, թէեւ ակամայ՝ ստիպուած եմ լինում դիմել մտրակի օգնութեան։
Քաղաքագլուխը լիովին բաւականացաւ այս բացատութիւնից, բայց եւ այնպէս խորհուրդ տուեց՝ ներողամիտ լինել դէպի իւր պատանի հիւրը․ իսկ երեկոյեան, գարեջուր խմելիս, քաղաքագլուխն ամենքին պատմեց, որ այնպիսի կրթուած ու քաղցրաբարոյ մարդ, ինչպիսին «նորեկն» է՝ ինքը շատ քիչ է տեսել։
— Շատ ցաւում եմ, աւելացրեց քաղաքագլուխը, որ նա հասարակութիւնից հեռու է պահում իրան․ ես յոյս ունիմ, որ երբ նրա ազգականը սկսի մի փոքր գերմաներէն խօսել՝ ծերունին յաճախ կայցելէ իմ տունը։
Այս դէպքի շնորհիւ Գրիւնվիզէլում հասարակական կարծիքը յանկարծ բոլորովին փոխուեց «նորեկի» մասին։ Նա հռչակուեց մի պատուելի անձն․ ամենքը սաստիկ փափագում էին մօտիկից ծանօթանալ նրա հետ, եւ ոչ ոք այլ եւս չէր զայրանում՝ երբ ժամանակ առ ժամանակ դատարկ տնից սարսափելի ձայներ էին լսւում։
— Ծերունին գերմաներէն լեզուի դաս է տալիս իւր ազգականին, ասում էին գրիւնվիզէլցիք եւ շարունակում իրանց ճանապարհը։
Երեք ամսից յետոյ գերմաներէն լեզուի դասերն ըստ երեւոյթին դադարեցին, որովհետեւ ծերունին սկսեց զբաղուել պատանուն աւելի լայն կրթութիւն տալով․ պատանի անգլիացու համար նա այժմ պարի ուսուցիչ հրաւիրեց։ Այդ միջոցին Գրիւնվիզէլում ապրում էր մի ծեր ֆրանսիացի, որ տեղացի երիտասարդներին պարի դասեր էր տալիս։ Ծերունին այս ֆրանսիացուն հրաւիրեց իւր մօտ եւ առաջարկեց պար սովորեցնել իւր ազգականին։ Նախ քան դասերն սկսուելը՝ ծերունին զգուշացրեց ֆրանսիացուն ասելով, որ պատանին ամեն բանի մէջ թէեւ շատ ընդունակ է՝ բայց պարի վերաբերմամբ փոքր ինչ յամառ է։
Ծերունին յայտնեց եւ այն, որ անգլիացին առաջ պարի ուսուցիչ ունեցել է, բայց վերջինս սովորեցնելիս է եղել այնքան օտարոտի կերպով, որ այժմ մատաղահաս երիտասարդը իւր իմացած պարով անկարող է հասարակութեան մէջ դուրս գալ։ Չնայելով սորան՝ ազգականը իրան երեւիելի պարող է երեւակայում, մինչդեռ նրա պարը ամենափոքր նմանութիւն անգամ չունի վալʼսի, գալօպի եւ կապ այստեղ ընդունուած մի որեւէ ուրիշ պարի։ Ծերունին խոստացաւ ամեն մի դասի համար մի տալէր վճարել, եւ պարի ուսուցիչը մեծ բաւականութեամբ համաձայնուեց պարապել նրա յամառ սանի հետ։
Ֆրանսիացին իբր խոստովանանք պատմում էր, որ դեռ երբէք ինքը գործ չէ ունեցել մի այդպիսի օտարոտի աշակերտի հետ։ Վերջինս բաւական բարձրահասակ, վայելչակազմ մարդ է, փոքր ինչ կարճ ոտներով, միշտ գալիս է դասին՝ մազերը հրաշալի գանգուրներ շինած, կարմիր ֆրակով եւ մաշկէ ձեռնոցներով։ Խօսելիս նկատւում է նրա օտարազգի արտասանութիւնը․ դասի սկզբում իրան պահում է բաւական վայելուչ եւ քաղաքավարի, բայց յետոյ սկսում է ամենատգեղ քայլեր (պա) անել եւ այնպէս ցատկել, որ նրան նայելիս մարդու աչքերը բոլորովին մթնում են։ Իսկ երբ ինքը ուսուցիչը կամենում է նրան դադարեցնել՝ այն ժամանակ աշակերտը բարկութիւնից հանում է ոտներից պարի կօշիկները, խփում է ծեր ուսուցչի գլխին եւ սկսում չորս ոտների վրայ վազվզել սենեակում։ Աղմուկի միջոցին սովորաբար ներս է մտնում ծերունի քեռին, կարմիր լայն խալաթ հագած, գլխին ոսկեգոյն թղթից գլխարկ, եւ իսկոյն գործ է դնում իւր մտրակը։ Պատանի ազգականն այն ժամանակ սկսում է սաստիկ լաց լինել, բարձրանում է սեկանների վրայ, պահարանների գլուխը, մինչեւ անգամ փորձում է նստել վարագոյրների փայտերի վրայ եւ սկսում է խօսել մի բոլորովին անհասկանալի եւ օտարոտի լեզուով․ բայց խալաթը հագին ծերունին այդ բոլորին ուշադրութիւն չէ դարձնում․ բռնում է նրա ոտից, գցում յատակի վրայ եւ մտրակով լաւ ծեծելուց յետոյ, պինդ կապում նրա փողպատը․ պատանին դարձեալ դառնում է հնազանդ եւ քաղաքավարի։ Այնուհետեւ դասը շարունակւում է առանց ընդհատումների։
Բայց երբ վերջապէս պարի ուսուցիչը սովորեցրեց իւր աշակերտին պարել երաժշտութեան ներդաշնակութեամբ՝ ազգականը, կարծես թէ, վերածնուեց։
Վարձեցին քաղաքային երաժիշտներից մէկին․ նա դասի միջոցին նստում էր դատարկ տան դահլիճի սեղանի վրայ․ ծերունի ուսուցիչը ներկայանում էր իբր տիկին— նորեկը ստիպում էր նրան մետաքսեայ շրջազգեստ հագնել եւ վրան էլ հնդկական շալ գցել․ պատանի ազգականը մօտենում էր նորան վալʼս պարելու, եւ սկսում էին պտտուել։ Դժբախտաբար երիտասարդ անգլիացին երբէք պարելուց չէր յոգնում, նա մինչեւ անգամ մի մոլի պարող էր։ Նա ուսուցչին բաց չէր թողնում իւր երկար ձեռների միջից, չնայելով խեղճի յոգոցներին ու տնքոցներին, եւ այն աստիճան պտտացնում էր, որ կա՛մ նա սաստիկ յոգնածութիւնից գետին էր փռւում եւ կամ քաղաքային երաժշտի ձեռքը հրաժարւում էր այլ եւս ջութակի աղեղը (смычекъ) բռնել։ Խեղճ ֆրանսիացին բոլորովին ոյժից ընկնում էր, սակայն այն տալէրը, որ ճշտութեամբ ստանում էր ամեն օր դասից յետոյ, եւ այն լաւ գինին, որով ծերունին հիւրասիրում էր նրան՝ ստիպում էին նրան մոռանալ կրած բոլոր տանճանքները, եւ նա նորից գնում էր դասի, թէեւ դեռ նախընթաց օրը ինքն իրան խօսք էր տուած լինում՝ երբէք այլ եւս չերեւալ դատարկ տան մէջ։ Սակայն գրիւնվիզէլցիք բոլորովին գործին այլ կերպ էին վերաբերւում․ — նրանք երիտասարդ անգլիացու մէջ մեծ ընդունակութիւններ էին տեսնում, այնպիսի ընդունակութիւններ, որոնց շնորհիւ նա յաջողութիւն կունենայ հասարակութեան մէջ, իսկ քաղաքի կանայք, տղամարդկանց պակասութեան պատճառով, նախօրօք ուրախանում էին, որ առաջիկայ ձմեռը մի այնպիսի ճարպիկ պարող պիտի ունենան։
Մի գեղեցիկ առաւօտ խոհարար կանայք շուկայից տուն վերադառնալիս, մի զարմանալի նորութիւն հաղորդեցին իրանց տիկիններին։
Դատարկ տան առաջ հրաշալի գեղեցիկ ձիեր լծած մի կառք կանգնեց․ կառքի դռանը կանգնած էր մի սպասաւոր, թանկագին լիվրէյ հագին։ Շուտով դատարկ տան դռները բացուեցան, այնտեղից դուրս եկան շքեղ հագնուած պարոններ․ նրանցից մէկը ծերունի «նորեկն» էր, իսկ միւսը շատ հաւանական է նրա ազգականը լինէր, նա որ այնքան դժուարութեամբ կարողացաւ գերմաներէն լեզուն սովորել եւ որ պարում է այնչափ մոլի կերպով։ Երբ երկուսն էլ կառք նստեցին՝ ծառան ետեւից ցատկեց աթոռակի վրայ եւ կառքը սլացաւ— կարո՞ղ էք ձեզ երեւակայել— ուղիղ դէպի քաղաքագլխի տունը։
Կանայք, այս բանը լսելուն պէս՝ շտապով յետ արին իրանց գոգնոցները, հանեցին գլխների ոչ֊բոլորովին մաքուր փաթթոցները եւ հագան իրանց նոր շորերը։
— Ո՛չ մի կասկած չը կայ,— ասում էին նրանք տանեցոց, որ նոյնպէս շփոթուած այս ու այն կողմն էին ընկնում, վազվզում՝ ընդունարանը կարգի բերելու համար․— ոչ մի կասկած չկայ, որ «նորեկն» այժմ սկսել է իւր ազգականի հետ միասին այցելութիւններ անել։ Այդ տխմար ծերի գլուխը մինչեւ հիմայ այս ամբողջ տասը տարուայ ընթացքում չմտածեց ծանօթանալ քաղաքացիների հետ, սակայն նորան պէտք է ներել․ դրա պատճառը նրա ազգականն է եղել։ Ասում են՝ վերջինս մի հիանալի երիտասարդ է։
Այսպէս էին խօսում գրիւնվիզէլցի կանայք եւ միեւնոյն ժամանակ յիշեցնում իրանց որդիներին եւ աղջիկներին, որ նրանք իրանց լաւ պահեն հիւրերի եկած ժամանակ, ուղիղ նստեն եւ ընտիր ոճեր գործածեն։
Քաղաքի նրբամիտ կանայք սխալուած չէին․ յիրաւի, ծերունի «նորեկը» հերթով շրջեց բոլորի տները եւ իւր ազգականին ներկայացրեց Գրիւնվիզէլի հասարակութեան։
Հիւրերը ամեն տեղ շատ լաւ տպաւորութիւն թողին։ Ամենքն եւս ափսոսում էին, որ մինչեւ այժմ առիթ չեն ունեցել մի այսպիսի հաճելի ծանօթութիւն ունենալու։ Ծերունին շատ պատկառելի եւ խելօք մարդ ճանաչուեց, եւ թէեւ շարունակ կամացուկ ժպտում էր, այնպէս որ իսկապէս չէր իմացւում, նա լո՞ւրջ է խօսում, թէ կատակում է՝ բայց շատ խելացի կերպով էր խօսում եղանակի, տեղի, ամարային զուարճութիւնների մասին, այնպէս որ ամենքն էլ հիացած մնացին։