1. Չասված հեքիաթների սեղանը

Chapter 1

Ես հեքիաթներ պատմել չգիտեմ

Ես կգամ քեզ մոտ ու սպիտակ վարդեր կբերեմ քեզ համար։ 

Կնստեմ կողքիդ, կհիշեմ քո դառը շոկոլադի գույն ունեցող խորը աչքերն ու հեքիաթներ կպատմեմ քեզ սիրո մասին։ 

-Գիտե՞ս, քեզնից հետո ամեն ինչ նույնն է։ Ընկերներդ զվարճանում են քո սիրելի վայրերում ամեն ուրբաթ երեկոյան։ Հա, քո կենացն էլ են խմում։ Քեզ տեղավորում են մի կում գարեջրում՝ սրտերի մեջ տեղավորելու փոխարեն։

Քեզնից հետո շատ բան չի փոխվել, միայն թե սկսել են այլևս քեզ համար տեղ չպահել, քեզ չսպասել ու բաժակդ չլցնել։ 

Իսկ ե՞ս։ Ես ամեն օր շարունակում եմ բացել հյուրասենյակիդ պատուհաններն ու սպիտակ վարդեր գնել սեղանիդ համար։ 

Ես հեքիաթներ պատմել չգիտեմ, բայց սիրո մասին բոլոր հեքիաթներն անգիր եմ արել։ Գալ, նստել կողքիդ, սպիտակ վարդեր բերել քեզ համար ու ժպտալ։ Մի՞թե սիրո մասին անգիր արված հեքիաթ չէ։ Դե լավ, արի հեքիաթները թողնենք։ Ո՛չ դու կլսես ինձ, ո՛չ էլ երկնքից երեք խնձոր կընկնի։ 

Եկել էի ասելու, որ այդպես էլ չեմ կարողանում վերադարձնել քեզ մոտ թողածս ամենակարևոր բանը՝ ինձ։ 

Comments