1. Բրուտի տղան

Chapter 1

I

Քամին հալածում է մառախուղի թանձր քուլաները։ Նրանք խրտնած ոչխարի պես փախչում են ձորերով։ Մառախուղի փեշերից ցցվում են պղնձագույն ժայռերի կոնուսները։ Քարափոր տներից կապույտ ծովը ձգվում է գեպի վեր և լիզում խոնավ ժայռերը։ Լուսանում է, լեռան հետևից ելնում է արևը, մամուռից պոկվում են անձրևի կաթիլները և ջինջ արցունքի նման շողշողում։Տերրասաձև բարձրանում են ժայռերը՝ մեկը մյուսից խոժոռ և ահռելի։ Ահա մեկը՝ ռնգեղջյուրի մռութը հառել է մի ուրիշի, որ նման է վիթխարի գորտի։ Նրանց մոտ մի ժայռ՝ կարծես ծագող արևի դեմ խոնարհվել է հեթանոս քրմուհին։ Նրանցից բարձր՝ քարե արծիվը ճիգ է անում թևերը թափահարելու և չի կարողանում։

Այս մեր գյուղի, մեր Գյունեյ թաղի թիկունքն է, մի խավար լաբիրինթ, որի խոր ձորերում բարակ առուն վշշում է փրփրած հեղեղի նման, ուր ծտի ոտքի տակից գլորված ավազը խուլ արձագանքում է։

Ավելի խորը Դրնգանն է, լռակյաց, հիվանդոտ և աղքատ մարդկանց բնակավայրը, ուր ամառվա երկար արևը հազիվ մի ժամ ջերմացնում է։ Տարին բոլոր այդ ձորերում ստվեր է, խոնավություն։ Մարդիկ ապրում են քարանձավներում և բարձրանում են քարե սանդուղքներով։ Ուռենու մամռոտած փչակով ժայռից ջուր են բերել ու քարերի վրա բազմացրել ընկուզենի։ Հորդ անձրևին ավազախառն հեղեղը ահագին վշշոցով իջնում է ժայռերից, աղմկում, քամուց ընկուզենիները խշշում են, ձգում են արմատները և կռանում ձորի վրա։

Մեր Գյունեյ թաղն արևոտ է, գետի ափին։ Ճանապարհը ձգվում է գետի եզրով, անցնում կամուրջի հին կամարների վրայով և քարափի լանջով գնում դեպի քաղաքը։ Ջրաղացները սահմանն են։ Քարափի ափին նավթի պահեստն է, որի ստորոտով ջուրը շառաչելով իջնում է ջրաղացների վրա։

Արևը չորացնում է ժայռերի խոնավությունը։ Տաք ու փափուկ գոլորշի է բարձրանում աթարի դեզերից, բակերից ու բոստաններից։ Անա զիզին փեշերը շաղաթաթախ, քաղում է կանաչ պոմիդորը, գոգը լցնում։ Շեմքի առաջ չոր խսիրի վրա մեկնվել է կատուն, մռռում է, աչքերը կիսախուփ անելով։

Անա զիզին կուզեկուզ բարձրանում է քարի վրա և կանաչ պոմիդորները շարում պատուհանի փայտերին, որ ավելի շուտ կարմրեն…

Յոթ-ութ տարեկան երկու մանուկ բարձր ժայռի գլխից նայում են Գյունեյ թաղին, դողդողացող գոլորշուն, Անա զիզու բոստանին, աթարի դեզերին… Դիմացը, ընդարձակ տափարակի վրա, քաղաքն է։ Արևի տակ շողշողում են թիթեղյա կտուրները, կարծես տները ծածկված են ապակիով։ Ապակեշող տների մեջ ցոլանում է «ռուսաց ժամի» ոսկեզօծ գմբեթն ու խաչը։ Արևի ճառագայթները արտացոլում են այնպես փառահեղ, կարծես գմբեթն է արևը, որ հրդեհվում է տների և կանաչ պարտեզների մեջ։

Գետի ափին կանայք ցորեն են լվանում։ Նրանք կռացել են և ձեռքերը ջրի մեջ ետ ու առաջ են տանում։ Մի քանի կտուրների վրա դեղնին են տալիս դդումները, ամայի բակերում օրորվում է արևի տակ փռած գույնզգույն լվացքը։

Մանուկները միատեսակ են հագնված՝ երկուսն էլ տրեխավոր, չթե հասարակ շապիկ։ Նրանցից մեկի գոտին ծոպավոր է, կապույտ փնջերով։

Աջ ու ձախ խոր ձորեր են,.. Ահա Գայլաբունի ձորը՝ հատակը մութ ու խոր. վշշոց է գալիս ներքևից, ջո՞ւր է վազում, թե սառը քարանձավներում շաչում է քամին։ Քար են գցում և կռացած ականջ դնում։ Ապա լուռ իրար են նայում, նրանք չեն կարողանում որոշել՝ ջո՞ւրն է վշշում, թե՞ քամին։

Վայրի աղավնիների երամը փռռոցով անդունդից դուրս է թռչում և գլորվող քարի աղմուկից վախեցած, ճախրում արևի տակ, ապա նորից իջնում մութը։ Արևի տակ փայլփլում են նրանց ճերմակ թևերը։ Հետո ներքևից հարյուրավոր թևեր թափահարում են և հետզհետե սուզվում անդունդը։ Մանուկները լսում են լուռ և երբ այլևս ձայն չի գալիս ներքևից, կամաց հարցնում են.

— Ո՞ւր կորան…

Վեր են կենում մանուկները, հացի կապոցն առնում և բարձրանում դեպի բրուտի քարանձավները։ Մարդկանց ոտքերը և ձիերի սմբակները փորել են նեղ արահետ։ Որտեղ քարը փուխր է, փոս է ընկել։ Իսկ կարծր տեղերը պսպղում են կապույտ փայլով։ Այդ արահետի կապերն են՝ սանդուղքաձև, որոնց հասնելիս ձին գլուխը կռացնում է, հոտոտում և ապա զգուշությամբ ոտքը փոխում, ինչպես սառույցի վրա։

Եվ ինչ շատ են արահետները, որ կոշտացած ձեռքի երակների նման ցանց են կապել քարափների, ժայռերի ու քերծերի վրա, ճյուղավորվում են, բաժանվում իրարից, մեկը մի ձոր է իջնում, մյուսը բարձրանում մի քարափ, մի տեղ լայնանում, մյուս տեղը բարակում,— և դարձյալ խառնվում իրար։

Կա ձմեռվա ճանապարհ, որ անցնում է արևկող տեղերով, վտակների ավազոտ հունով, կա գարնան ճանապարհ, կա այծի արահետ, որ բանուկ է, երբ կանաչում են քարափի ծերպերին բուսած թփերը։ Այծերը ժայռի ողորկ լանջով քայլում են, դունչը մեկնում են ծաղկի, որ գլուխը կախել է անդունդի վրա։

Մանուկներր գնում են ծանոթ արահետով. մյուս կածանները նրանց անծանոթ են և երկյուղալի։ Ո՞վ գիտե ինչ մութ ձորեր են մտնում, ա՜յ, հենց այս մեկը, որ կեռմաններով իջնում է Հյումբաթի ձորը, այնտեղ, ուր ապրում է լիսեմնը, գանգուր մազերով այն կենդանին, որ գայլի նման չորեքթաթ է գնում, իսկ ծիծաղում է ինչպես մարդը։

Ջինջ ուրախություն է պատում ինձ, երբ գրում եմ այս տողերը ժայռերի մեջ կորած երկու մանուկների, գանգուր մազերով լիսեմնի և բրուտների քարանձավի մասին, որի կիսամթում բրուտը ոտքով պտտեցնում է փայտե «չարխ»-ի կլոր տախտակը և դեղին կավից կերտում գավաթ ու կուժ։

Ես և իմ ընկեր Անդոն հաց ենք տանում նրա հոր՝ բրուտ Ավագի համար։ Գունավոր աղլուխի մեջ Անա զիզին փաթաթել է լավաշ, խորոված սիմինդր, սխտորած լոբի, մի քանի վարունգ և մի քիչ պանիր։

Բրուտի քարանձավը երկու մասից է՝ առաջինն ավելի ցածր, երկրորդը՝ բեմի չափ բարձր։ Առաջին մասում «չարխը»–ն է, ջրի կուժը և կավե ցեխը, երկրորդ մասում բերնի վրա շարված են դեռ չթրծած կժեր, կուլաներ, գավաթներ և դորակներ։ Քարանձավը դուռ չունի։ Տուն գնալուց բրուտ Ավագը մի քանի քար է դարսում իրար վրա, վերևն էլ դնում ցաքի փուշ, որպեսզի, ինչպես ինքն է ասում, «քամին խաղա» և չորացնի ամանները։

— Ա՜յ արևնիդ կծեմ, եկա՜ք,— կանչում է բրուտ Ավագը քարանձավի ներսից։ Իսկ մենք հևիհև ներս ենք մտնում։ Էլ սարսափելի չեն ժայռերը, երբ հնչում է այդ թավ, կրծքային ձայնը։

— Ա՜յ ձեզ մատաղ, էս կողմը նստեք, էղտեղ փոս է…

Դրսի արևից հետո մեր աչքերը դժվար են տեսնում քարանձավի ներսը։ Իսկ բրուտը կարծես ուրախացած մեր ներկայությունից, ավելի արագ է շարժում ձեռքերը։ Նրա ոսկրոտ մատների արանքից լպրծուն կավը հոսում է անընդմեջ, ապա մատները գրկում են կավե սյունը։ Դառնում է չարխը, ձգվում է կավե սյունը, բարակում, ապա նստում է նրա բռունցքի տակ։ Այս անգամ ձեռքը թաթախում է կավաջրի մեջ և կոխում կավե գնդի մեջ։ Անորոշ է ձևը, բայց ձեռքերը այդ հարափոփոխ զանգվածին կերպարանք են տալիս։

— Էս ա հա՜,— և ճղփում է կավը, կարծես ճահճուտում բադ է կռնչում: Թռչում են ցեխաջրի շիթերը։— Էս կուժն էլ պրծնեմ,— և տնքում է բրուտը, ամբողջ ուժով սեղմում կժի ներսը,— վեր եմ կենալու։

Արդեն չարխի վրա ֆռում է կժի նման մի բան։ Ոսկրոտ մատները սեղմում են վիզը և հլու կավը ձգվում է, բարակում է կժի վիզը։ Մնաց ունկը շինի և ոսկրով նախշի կողերը։

— Հե՜հե՜հե՜յ, Եգոր հե՜յ,— դմբդմբալով, պատեպատ գնում է նրա կանչի արձագանքը։ Բոլոր կժերը, դորակները գվգվում են։ Եգորը նրա հարևան բրուտն է. ապա լսվում է պատասխանը. Կարծես արձագանքը ետ է գալիս «հո՜ւ հո՜ւ…»։

— Անդո՛, վազի ասա գա, հաց ուտենք…

Ես մնում եմ մենակ։ Տեսնում եմ ինչպես է հագցնում ունկը, քարանձավի ճեղքից հանում է հին ոսկորներր, որոնցով նրա պապերը դորակների և կժերի վրա գծել են նույն նախշերը։ Բրուտը ոսկորի ծայրը սրբում է թևով և գծում ո՜վ գիտի որպիսի քարանձավաբնակ մարդու խազ։

Իսկ չարխը շարունակ դառնում է։ Բրուտի աջ ոտքը իջնում է փոսը, բարձրանում, մարմինն օրորվում է։ Ապա հանկարծ չրխկում է մի բան, չարխը դանդաղում է, ձեռքերը պոկում են կուժը և բարձր պահում։ Այդ բոլորը տևում է մի ակնթարթ։

— Բարի վայելում,— նույն ակնթարթում ասում է բրուտ Ավագը և քարից բռնելով դուրս գալիս փոսից։

Գինի՞ պիտի խմեն այդ կժից, թե՞ աղջիկը հարսանիքի ջուրը պիտի տանի և ո՞վ է այն հարսը, որ մեջքը օրորելով այդ կուժը պիտի կրի. բոլորին, այդ անհայտ հարսներին և աղջիկներին է ասում բրուտ Ավագը պապերից լսած խոսքը։

— Հո՜ հո՜ հո՜,— հռհռում է Եգորը, փակելով մուտքը։ Նա հանկարծակի է հայտնվում, և հռնդոցը սարսուռ է մաղում ինձ վրա։

Արև ենք դուրս գալիս։ Չոր ցեխից տախտակ դարձած գոգնոցը թխթխկացնելով, մեր հետևից լոք-լոք է անում Եգորը, կաղ ոտը քարշ տալով։

— Հը, բաջօղլի, Գյունեյ թաղը ո՞նց ա… Մեռնողն ա շա՞տ, թե ապրո՞ղը։

Ես աչքերս բարձրացնում եմ նրա կողմը և չեմ պատասխանում։ Նա նորից է հռնդում՝ «հո՜ հո՜ հո՜», բայց արևի տակ սարսափելի չէ նրա ծիծաղը։ Խղճահարություն է իջնում ինձ վրա, երբ տեսնում եմ նրա գզգզված մազերը և ցեխի շիթը այտի վրա։ Նա ինձ թվում է բարի մարդ, ինչպես բրուտ Ավագը, և ես մտածում եմ, թե ինչո՞ւ նա գյուղում չի երևում, ինչո՞ւ նրան անվանում են «շաշ»։

— Անդո, աշխարհում խելո՞քն է շատ, թե՞ սարսաղը…

— Սարսաղը։— Իսկ բրուտը բաց է անում Անա զիզու պաշարը։

— Ա՜յ մալադե՛ց,— բղավում է նա։— Պահ, պահ, խիա՜ր, կանաչ խիա՜ր,— և առողջ ատամներով կիսում է վարունգը։

… Այժմ էլ, երբ գրում եմ մեր հին Գյունեյ թաղի մասին, օրերի մշուշից մոտենում է ինձ չոլախ Եգորը, ելնում է, ինչպես մեր ժայռերը՝ սպիտակ մառախուղի միջից։ Ես տեսնում եմ նրա ցեխոտ մեջքը, խոնավությունից փտած շապիկը և կավի նման մաշկը, որ դեղնել էր քարանձավի խոնավությունից։ Եվ նորից հռնդում է անասնական խրխինջով, ցցվում են մազերը, ինչպես տատասկի թուփը։

Պրոմեթեո՞ս էր նա, բանտարկված բրուտի քարանձավներում, թե՞ մի խեղճ սատիր…

Ահա մեր գետը, մեր զուլալ գետը։ Կարող ես ջրի տակ խիճերը մեկ-մեկ համրել։ Հորթերը վախվխելով, պոչները վեր պահած, մտնում են ծանծաղուտը, ջուր խմում, սարսռալով ետ գալիս։ Սառն է ջուրը, բարձր սարից է գալիս, ուր միշտ մռայլ ամպ է նստում, ամպի տակ սառույցի հաստ շերտեր։

Իսկ երբ վարարո՜ւմ է… Կոճղեր է բերանն առնում, գազազած բաշը մեկ այս ափին տալիս, մեկ այն, նոր հուն ճեղքում՝ ավերելով բոստան ու մարգագետին։ Հին կամուրջի գերանները դողում են շյուղի նման, գետը ծանր քարեր է շպրտում կամարի հիմքերին, ասես զայրանում է, որ կամուրջն իր հոսանքը բաժանում է ճյուղերի։

Գարնան մթնկա գիշերներին ջրի վշշոցը ահարկու սարսափ է տարածում գետափի տներում, Դրնգանի ձորերում: Ջաղացները լռում են, ջաղացպանը վառած լապտերը ձեռքին գիշերը մոտենում է գետին՝ տեսնի չի բարակել։

Գյուղից ներքև, մի բարձր ժայռի մոտ, գետն արմունկ է կազմում ու կորչում ժայռերից պոկված հսկա քարերի արանքում։ Ամեն տարի հեղեղն այդ քարերի վրա կիտում է ջարդված ծառեր, կոճղեր, թփեր, թռչունների քանդված բներ։ Գետը հասնում է քարե այդ մաղին թե չէ, կորչում է, ջրերը շառաչով ներքև են թափվում և կատաղած դուրս գալիս Նեղը։

Նեղը, Լաստի խութի կարանը… Բնական այդ մեծ քարայրում, որից սև ջուր է դուրս հոսում, իբրև թե ապրում է օձերի թագավորը, գոհարապատ թագը գլխին։ Անա զիզին ձեռքերը ծնկներին է խփում և աղաչում, որ Նեղում չլողանանք, ոչ էլ կարանի մոտ, այլ բաց տեղերը, ուր գետը փռվում է և հանդարտ հոսում ավազուտի վրայով։

— Հա , զիզի, հա … Մոտիկ տեղ ենք գնում:

Եվ Անդոն, ծաղկատար երեսով իմ ընկերը, նայում է ինձ, շարժում հաստ ու կարմիր շրթունքները, ձեռքով նշան անում դեպի ներքև, դեպի գետի արմունկը, փրփուր ջրվեժների մոտ։

Կուրծքը սպիտակ ջրածտերը թռչում են քարից քար, պոչը երերում, ծվծվում ու գնդակի պես իրենց նետում ջրի երեսին պտույտ անող մժեղների երամը։ Մեզ հաճելի է դիտել, թե ինչպես նրանք թռչում են փրփուրի վրայով, կորչում ջրվեժի փոշու մեջ, նստում ցից քարերի ծայրին և անվախ ծվծվում, այնինչ շուրջը գետը կատաղությամբ կրծում է քարերը։

— Անդո, ա՜յ էն մեկին կարա՞ս խփես։

Անդոն կուզեկուզ մոտենում է, քարը բռան մեզ։ Քարի հետ ջրածիտը թռչում է և կորչում փրփուրի մեջ։

— Թե իմացա՞ր նրանք որտեղ են քնում…

— Նրանք չեն քնում։

Իսկ Անդոն օրորում է գլուխը։

— Նրանք ջրի վրա ճոճ են շինում, մեջը քնում… Թե զիզին թողար մթնով գայի, բոլորին կբռնեի…

— Բա լիսե՞մնը։

— Լիսեմնը էստեղ չի գա։ Նրա տեղը վերի ձորն է։

Ժայռերի ստվերոտ կողերը պատած են մամուռով։ Ջրի ցնցուղները թռչում են վերև, հասնում նրանց։ Ու երբ ժայռի տակով անցնում ենք, մամուռի ջուրն արճճի ծանրությամբ կաթում է մեր բաց գլխին։

— էն ի՞նչ էր ֆշշաց…

— Սո՜ւս, օձ կլինի… էստեղ օձի բներ են։ Որտեղ քեղ կա, էնտեղ էլ օձը։

Ու սարսափով, վախից զգույշ կոխելով, ցատկում ենք քարից քար, ընկնում գետափի բանուկ ճանապարհը։

— Անդո՛ քեղն ո՞վ է տնկում։

— Օձը,— լրջությամբ և մեծի շեշտով պատասխանում է ընկերս։ Եվ համոզում, որ օձը հողի մեջ թաղում է քեղի սերմը, ինչպես զիզին՝ կոտեմը, ու հետո ծլում և մեծանում է լայնեզր, ճեղքված տերևներով քեղը, որի տերևի կպած տեղը մրմռում է, այդ համոզումն արմատանում է իմ մեջ։

— Անդո, էդ քեզ ո՞վ է ասել։

— Չոլախ Եգորը։

— Բա նրան ո՞վ է ասել։

— Ո՜վ պիտի ասի։ Իրա գլխից է դուրս բերել։

Ու Նեղը չհասած, շորերս հանում ենք, կռնատակին դրած վազում։ Արդեն փրփուրների միջից մեզ են կանչում արևից խանձված մանուկները։

Անդոն քարից գցում է իրեն, օդի մեջ պտույտ անում և թաղվում փրփուրի ամենախոր տեղը։ Ապա գորտի նման դուրս է թռչում, պառկում տաքացած քարերի վրա։

— Անդո՛, կովը քեղ կուտի։

— Չէ, կսատկի։

— Գոմե՞շը։

— Չէ՛։

— Ձի՞ն։

— Չէ՛… Մենակ ուղտը կուտի։

— Բա նա չի ստակո՞ւմ։

— Չէ՛, ուղտը ոչ օձից կվախի, ոչ քեղից։ Նրա թուքը լեղի է, օձի կծածի նման կվառի։

— Ո՞վ ասեց է՛դ։

— Ուղտապանը,— և մեջքի վրա ընկնում է ջուրը։

Իսկ ես նայում եմ ամառվա հստակ երկնքին։ Մի ծուռ վիզ ամպ լողում է, կարծես տափարակում արածում է և տկլոր ուղտը։ Նայում եմ ամպին և մտածում, թե Անդոն ե՞րբ է հարցրել ուղտապանից։ Երևի նավթ առնելուց, պահեստի առաջ հաճախ չոքում են ուղտերը, որոնք տիկերով նավթ են բերում։

Մեր լողալու չափը կապտելն էր։ Խշրտոցով իրար էին կպչում մեր ատամները, և ինչքան էլ սեղմում էինք ծնոտներս, չէր հաջողվում ատամների կտկտոցին վերջ տալ։ Արևը թեքվում էր, ստվեր էր ընկնում գետի վրա ու սկսվում էր բարակ քամին։

— Է հերի՜ք… Դուրս ե՛կ։

Վերադառնում ենք այգիների ճանապարհով։ Քար ենք գցում այս թթենուն, այն ընկուզենուն, ցանկապատի վրա կախ ընկած մոշն ենք ուտում, ամեն աղբյուրից ջուր խմում, մինչև հասնենք կամուրջի գլուխը։

— Անդո, Անա զիզին հրեն դռանը։

— Դու առաջ անցի։ Որ հարցնի, ասա Մեծ ապոր բաղում թութ էինք ուտում։

Իսկ Անա զիզին երեկոյան դեմ մեր բակն էր գալիս ու մորս հանդիմանում.

— Ո՞ւր է էն փուչը… Ձեռս ընկնի, ականջը հլորեմ։ Հալավը քար ու քոլի են գցել, ճղոտել։

— Մեր անիրավն էլ գոտին է կորցրել,– պատասխանում է մայրս։

Երկուսով անիծում էին մեզ, պատմում մեր չարաճճի արարքները, թե առավոտից մինչև իրիկուն անհաց կորչում ենք այգիներում, «վաթսուն անգամ մտնում ջուրը դուրս գալիս», և կապտած վերադառնում։ Նրանք գանգատվում էին մեզանից, իսկ Անդոն գլուխը պատից վեր էր հանում և աչքով անում։

— Աղջի, ծեծած աղ չունե՞ս, մի բուռ տաս,— վերջացնում էր Անա զիզին։

Նրանք տուն էին մտնում, իսկ մենք ծլկվում էինք դեպի ձիթհանքը, մեր խաղերի իրիկվա տեղը։

Նստել եմ ծիրանի ծառի տակ, տաքանում եմ ինչպես քարը, ձյունից մրսած գետինը, ծառերը, որ դեռ մերկ են և արդեն թխանում են արևի ջերմությունից։

Մերկ ծառերի արանքից երևում է քաղաքը, գունավոր տները։ Ծխի ու փոշու կապտագույն շղարշ է փռված քաղաքի վրա։ Ավելի հստակ են երևում մոտակա կավե տները, այգիների մեջ ընկած ամայի հնձանները։

Քամին խշշացնում է չոր տերևները, որոնք թռչում են քարերի վրայով, իրար հրում, փաթաթվում ոտքերիս և քչփչում, ինչպես առվակը. գարո՜ւն է, գարո՜ւն է…

Քաղաքի կողմից քամին ձայներ է բերում։ Լսելի է, թե ինչպես մեխում են տախտակը։ Թա՛խկ, թա՛խկ, հնչում է թիթեղագործի փայտե մուրճի խուլ ձայնը։ Մի շուն կաղկանձում է։ Բլուրի վրայից ես տեսնում եմ կաղկանձող շանը, որ ոտը քարշ տալով դուրս է թռչում մի փոքրիկ հյուղակից։ Նրա հետևից դուրս է գալիս մի կին, որ ինչ-որ բան է շպրտում շան կողմը։ Մի՞թե այդ հողաթումբը տնակ է և մարդիկ են ապրում այնտեղ։ Նույնիսկ դուռ ունի, որովհետև կինը դուռը վրա է դնում և մի բան շալակած իջնում գետի կողմը։ Այնտեղ երկու կին լվացք են փռում քարերի վրա։ Նրանցից մեկը կռանում է, լվացքը լողլողում գետի մեջ, մյուսը քամու առաջ փռփռացնում է կապույտ, կարմիր լաթերը, և ապա մեկնում։ Առաջին կինը մոտենում է նրան, նա ձեռքերով ինչ-որ բան է ասում նրան։ Երևի անիծում է շանը։ Եթե այդ կինը բլրի վրա լիներ, կտեսներ, որ շունը վերադարձել է, պառկել փակ դռան առաջ, իբրև հավատարիմ պահակ և լիզում իր ցաված ոտքը։

Սև ժապավենի նման սողում է գնացքը։ Ծուխը բարդ-բարդ ետ է գնում ու նստում դաշտերի վրա։ Շոգեմեքենան սուլում է. քամին բերում է նրա խուլ փնչոցը։ Երևի հիմա ուղևորները վագոնների պատուհաններին են սեղմել իրենց ճակատը և սպասում են, թե երբ կերևան կայարանի շենքերը։ Երևի կա մի աղջիկ, որի համար ամենից դժվարը այդ րոպեներն են։ Նա էլ ունի մի խրճիթ, որ դուռը փակել ու հեռացել է։ Պերրոնի վրա կդիմավորի նրան մեկը, և աղջիկը սրտի դողով կբացի սիրո դռնակը։

Քամին խշշացնում է տերևները։ Չքանում է գնացքը… Փակում եմ աչքերս, և տերևների խշշոցը հիշեցնում է ինձ լուռ ընթերցանության ժամը դասարանում։

Դասարանում… Ծիրանի ծառը ստվեր է գցել տետրակիս վրա։ Արևի շողը փայլփլում է մատիտի ծայրին և արտացոլում եղունգիս վրա։ Մեկը բոթում է թևս.

— Մեծատառ Ժ-ն ո՞նց է։

— Է՜…

— Մի շվի կտամ։

— Այ, տե՛ս,— և ցույց եմ տալիս։

— Վերջին նստարա՛ն, լռությո՛ւն,— սաստում է ամբիոնին կռթնած ուսուցիչը։ Ճռռում են նրա կոշիկները։ Մենք թեպետ վայելչագրության տետրակի վրա գլխահակ ենք, բայց գիտենք, որ նա դեպի մեզ է գալիս։

Շատ է խանգարում ծիրանի ծառը, որ բուսել է մեր դասարանի միակ պատուհանի առաջ։ Երբ փչում է քամին, աղմկում է ծառը, ճղներով թրխկացնում պատուհանը։ Նրա ստվերն ու արևի դեղին բծերը թրթռում են իմ տետրակի վրա, օրորվում, ինչպես ջրածտի ճոճքը։

— Վազիր, զանգը տուր,— և օրապահը թռնում է տեղից։

Սկսվում է ամենից զվարթ և աղմկալի երկու րոպեն, մինչև զանգը հնչի և վազենք բակը։ Բոթում ենք իրար, կսմթում, մի խոսքով ելք է ստանում հոգնությունից և ակամա լռությունից զսպված մեր մանկական զվարթությունը։

Այս չոր ծիրանի տակ նստած, գարնան այս պայծառ օրը, երբ ուրախ արևը մեղմել է քարերի մռայլությունը, ես գրում եմ իմ մանկության, ծիրանի ծառի և իմ ընկեր Անդոյի մասին, և ինչպես դեղնած տերևները խշշալով փարվում են ոտքերիս և քչքչում, այնպես էլ երկու բարակ ձեռքեր ձգվում են դեպի ինձ և խնդրում.

— Ինձ էլ գրի՛ր։

Նուշիկն է։ Վիզը բարակ, դեղնած աղջիկը։ Նրա սև աչքերը խոշոր են ու տխուր։ Նա հաճախ է լաց լինում։ Հայր չունի, իսկ մայրը ուրիշների դռանը լվացք է անում։ Երբ ցրտում է, կամ խոնավ է գետինը, Նուշիկը ներս է մտնում, մրսած մատները գոգնոցի տակ։ Երբեմն նախաճաշ չի բերում, իսկ երբ բերում է՝ հաց է և խորոված կարտոֆիլ։

Նուշիկը մեզ հետ է լինում։ Մնացած աղջիկները վախենում են Անդոյից և նրան ձեռք չեն տալիս։ Մի անգամ Մաշոն (նրա հայրը նստում էր նավթի պահեստի առաջ և երբ հաճախորդ չէր լինում, նարդի էր խաղում «ռուսների» հետ),— Մաշոն մի անգամ դասարանում Նուշիկին ասաց, որ նրա մայրը լվացքից մի կտոր գողացել է։ Նուշիկն արտասվեց.

— Մամաս գող չի։

Ուսուցիչը ներս մտավ։ Դասն սկսվեց։ Իսկ Նուշիկի նիհար ուսերը ցնցվում էին։ Կուչ էր գալիս, կարծես մրսում էր։

— Մաշո՛,— ասաց դասամիջոցին Անդոն,— տեսնո՞ւմ ես էս դանակը։

Մաշոն տեսավ դանակը և արտասվելով վազեց ուսուցչի մոտ։

— Դու քեզ լավ չես պահում, Անդոն… Փողոցային երեխայի նման ես։

Ուսուցիչը խլեց դանակը, իսկ մյուս օրը Անա զիզի՛ն եկավ մեր տունը։

— Աղջի, մեր ղմալթին ձեր տանը չի՞…

«Ղմալթին»,— կեսը ժանգոտ դանակ էր, կոթը ոսկոր։ Անա զիզին նրանով էր քաղհանում կոտեմի մարգը։

Անդոն Մաշոյին ցույց տվեց «ղմալթու» ծայրը և վախեցրեց։

— Թե վարժապետին ասել ե՜ս…

Եվ Մաշոն վարժապետին չասաց։ Անա զիզին գարնանը ղմալթին փոխարինեց սուր ոսկրով։

Երեկո է, սարերի սպիտակ գագաթներից կապույտ ցոլք է բարձրանում։ Պարզ երևում է լեռնաշղթայի թելը։

— Հորիզոն կոչվում է երկնքի և երկրի միացման գիծը…

Կրկնում եմ մտքիս մեջ այն, ինչ շատ տարիներ առաջ բարձրաձայն պատասխանում էի աշխարհագրության դասին։

— Դու ասա, Անդոն…

Անդոն կրկնում է։

— Նստի՛ր։

Ներս է մտնում ավագ ուսուցիչը։ Ոտքի ենք կանգնում։ Մինչև շաբաթվա վերջը թոշակ չբերողը կհեռացվի դասարանից։ Ավագ ուսուցիչը գլուխը բարձրացնում է, նայում լուռ դասարանին։ Ապա նա հեռանում է։ Կապույտ գլոբուսը պտտվում է աշխարհագրության դասատվի ձեռքին, և մենք խմբով կրկնում ենք,

— Երկրագունդը կլոր է՛…

Նուշիկն ուշանում է և «է»-ն ասում է առանձին՝ դողացող ձայնով։ Աղջիկները ծիծաղում են, Նուշիկը գլուխը խոնարհում է, իսկ վարժապետը քանոնը բարձրացնում է, քանոնի հետ բացվում են մեր բերանները, և մենք նորից ենք կրկնում, որ երկրագունդը կլոր է։

Երեկոն կապույտ է։ Ծուխը ծալվեծալ փաթաթվում է ժայռին, ինչպես վայրի խաղողի որթը։ Ծխում է Դրնգանը, կրակները շարժվում են։ Այնտեղ մարդիկ իջնում են գետափի գոմերը։ Մի կով աղիողորմ բառաչում է… Գյուղը գիտե, որ բառաչողը Նարգիզն է, որի հորթը քարով է ընկել։ Կովը լիզում է հորթի խոտով լցրած մորթին և չի զգում անասնական ջերմություն։

— Անդո՛, բա թոշա՞կը։

— Թող նանը վերջացնի։

Անա զիզին կթում է բառաչող նարգիզին, խոսում է նրա հետ, աղաչում, և կովը հանդարտում է, կարծես հասկանում է նրա լեզուն։

— Նանի՛։

— Հե՜յ:

— Բա թոշակն ուզում են։ Վարժապետն ասել է…

— Նանին քեզ մատաղ։ Նարգիզն էլ ցամաքել է, որ կաթը ծախենք։ Սպասի, հրես հերդ կժերը կտանի Գետերը։

Comments