1. Բյուրեղաքարե վարսակալ

Chapter 2

II

Հանկարծ դուռը թափով բացվեց, և լուռ ներս մտավ երիտասարդ մի աղջիկ։ Միջահասակից մի փոքր բարձր էր, վայելչակազմ, մուգ մազերով ու աչքերով։ Այդ աչքերն ավելի մուգ էին թվում դեմքի գունատությունից։ Երբեք առիթ չեմ ունեցել տեսնելու այդպիսի մեռելային գունատուցյուն։ Շրթունքները բոլորովին ճերմակ էին, աչքերը՝ թաց։ Թվում էր, նա ավելի էր ցնցված դժբախտությունից, քան նույնիսկ միստր Հոլդերը։ Միաժամանակ դիմագծերն ասում էին ուժեղ կամքի և մեծ իքնատիրապետման մասին։

Ուշադրություն չդարձնելով ինձ վրա, նա մոտեցավ հորեղբորն ու նրբորեն շոյեց մազերը։

— Դուք կարգադրե՞լ եք, որպեսզի Արթուրին ազատեն, հայրիկ, — հարցրեց նա։

— Ոչ, աղջիկս, գործը պետք է հետաքննել մինչև վերջ։

— Ես խորապես հավատացած եմ, որ նա մեղավոր չէ։ Սիրտս է վկայում։ Նա չէր կարող որևէ վատ բան անել։ Հետո ինքներդ կափսոսաք, որ հետն այդպես խիստ եք վարվել։

— Բայց ինչու՞ է նա լռում, եթե մեղավոր չէ։

— Հնարավոր է, վիրավորվել է, որ դուք իրեն կասկածում եք գողության մեջ։

— Ինչպե՞ս չկասկածել, եթե ես եմ ձեռքին բռնել վարսակալը։

— Նա վարսակալը վերցրել է, որ նայի։ Հավատացեք, հայրիկ, նա մեղավոր չէ։ Խնդրում եմ, դադարեցրեք այդ գործը։ Ինչ սարսափելի է, որ մեր թանկագին Արթուրը բանտում է։

— Ես չեմ դադարեցնի գործը, մինչև բյուրեղաքարերը չգտնեն։ Դու այնքան ես կապված Արթուրին, որ մոռանում ես սարսափելի հետևանքների մասին։ Ոչ, Մերի, ես չեմ նահանջի, ընդհակառակը, ամենամանրակրկիտ հետաքննության համար Լոնդոնից մի ջենտլմենի եմ հրավիրել։

— Այդ դու՞ք եք, — Մերին շրջվեց իմ կողմը։

— Ոչ, նրա ընկերն է։ Այն ջենտլմենը խնդրեց իրեն մենակ թողնել։ Նա ցանկացավ անցնել ձիանոց տանող ճանապարհով։

— Ձիանո՞ց, — հոնքերը զարմանքից ձգվեցին։ — Ի՞նչ է ուզում այնտեղ գտնել։ Ահա, հավանաբար, և նա։ Սըր, հուսով եմ, որ ձեզ կհաջողվի ապացուցել իմ ազգականի անմեղսակցությունը այդ գործում։ Ես համոզված եմ դրանում։

— Լիովին համամիտ եմ ձեզ, — ասաց Հոլմսը, թափ տալով կոշիկների ձյունը։ — Կարծում եմ պատիվ ունեմ խոսելու միսս Հոլդերի հե՞տ։ Թույլ կտա՞ք մի քանի հարց տալ ձեզ։

— Աստծու սիրուն, սըր։ Եթե միայն պատասխաններս օգնեն լուծելու այս սարսափելի գործը։

— Այս գիշեր ոչինչ չլսեցի՞ք։

— Ոչինչ, քանի ինձ չհասավ հորեղբորս ձայնը, և ես այդ ժամանակ ներքև իջա։

— Նախորդ երեկո դուք փակեցիք դուռն ու պատուհանը։ Լա՞վ էիք փակել։

— Այո։

— Եվ այս առավոտ էլ փա՞կ էին։

— Այո։

— Ձեր սպասուհին երկրպագու ունի։ Երեկ երեկոյան դուք ձեր հորեղբորն ասե՞լ եք, որ նա գնացել է նրա մոտ։

— Այո։ երեկ նա մեզ սուրճ մատուցեց։ Կարող էր լսել, թե ինչպես էր հորեղբայրս պատմում վարսակալի մասին։

— Հասկանում եմ։ Այստեղից էլ եզրակացնում եք, որ նա կարող էր ինչ-որ բան հայտնել իր երկրպագուին և միասին ծրագրել գողությունը։

— Ինչ օգուտ այս բոլոր մշուշապատ ենթադրություններից, — անհամբերությամբ բացականչեց միստր Հոլդերը։ — Չէ որ ասացի, որ Արթուրին տեսա վարսակալը ձեռքին։

— Պետք չէ շտապել, միստր Հոլդեր։ Դրան դեռ կանրադառնանք։ Իսկ հիմա ձեր սպասուհու մասին։ Միսս Հոլդեր, նա տուն մտավ խոհանոցի՞ մուտքից։

— Այո։ Իջա ներքև նայելու, արդյո՞ք փակ է դուռը և շեմին տեսա Լյուսիին։ Խավարում նկատեցի նաև նրա երկրպագուին։

— Դուք ճանաչու՞մ եք նրան։

— Այո, բանջարեղեն վաճառող է, մեզ կանաչի է բերում։ Նրա անունը Ֆրենսիս Պրոսպեր է։

— Եվ նա կանգնել էր դռնից մի փոքր հեռու՞։

— Այո։

— Եվ փայտե ո՞տք ունի։

Կարծես ինչ-որ վախ նշմարվեց աղջկա արտահայտիչ սև աչքերում։

— Դուք կախարդ եք, — ասաց նա։ — Այդ ինչպե՞ս իմացաք։ — Ժպտաց, բայց Հոլմսի նիհար, ազդեցիկ դեմքին պատասխան ժպիտ չհայտնվեց։

— Կցանկանայի վերև բարձրանալ, — ասաց նա։ — Ասենք, նախ պատուհանները կզննեմ։

Նա արագ շրջեց առաջին հարկում՝ մի պատուհանից մյուսին անցնելով, հետո կանգնեց մեծ պատուհանի մոտ, որը բացվում էր ձիանոց տանող ճանապարհի կողմը։ Բացեց պատուհանը և խոշորացույցով մանրակրկիտ զննեց լուսամուտագոգը։

— Դե ինչ, հիմա գնանք վերև, — ասաց նա վերջապես։

Դրամատան տիրոջ ննջարանին կից սենյակը շատ համեստ էր․ մոխրագույն գորգ, մեծ պահարան, և բարձր հայելի։ Հոլմսն առաջին հերթին մոտեցավ պահարանին և մանրազնին նայեց փականքի անցքին։

— Ի՞նչ բանալիով են բացել, — հարցրեց նա։

— Հենց այն նույն խորդանոցի սպասքապահարանի բանալիով, որ ասաց որդիս։

— Որտե՞ղ է բանալին։

— Ահա, զարդասեղանին է։

Հոլմսը վերցրեց բանալին և բացեց պահարանը։

— Փականքն անաղմուկ է, — ասաց նա։ — Զարմանալի չէ, որ չեք արթնացել։ Կարծում եմ, այս տուփի մե՞ջ էր վարսակալը։ Տեսնենք… Նա բացեց տուփը, հանեց վարսակալը և դրեց սեղանին։ Ոսկերչական արվեստի հրաշալի ստեղծագործություն էր։ Ինձ երբեք չի հաջողվել տեսնել այդ երեսունվեց բյուրեղաքարերի նման ապշեցուցիչ բան։ Վարսակալի մեկ ատամիկը կոտրած էր։

— Ահա այս ատամիկը նման է կոտրվածին, — ասաց Հոլմսը։ — Միստր Հոլդեր, բարի եղեք, փորձեք կոտրել։

— Աստված ինձ պահապան, — բացականչեց դրամատան տերը և սարսափահար հեռացավ Հոլմսից։

— Դե, այդ դեպքում ինքս կփորձեմ։ — Հոլմսը հավաքեց բոլոր ուժերը, բայց փորձն անհաջող ստացվեց։ — Մի փոքր տեղի է տալիս, բայց հավանաբար հարկ կլիներ երկար զբաղվել, որպեսզի կոտրեի ատամը, չնայած ես շատ ուժեղ եմ։ Ֆիզիկապես նորմալ զարգացած մարդու ուժերից վեր է դա։ Բայց, ենթադրենք, այնուամենայնիվ կոտրեցի վարսակալը։ Ատրճանակի կրակոցի պես տրաքոց կլսվի։ Միստր Հոլդեր, մի՞թե ենթադրում եք, որ դա կատարվել է համարյա ձեր ականջի մոտ և ոչինչ չեք լսել։

— Արդեն չգիտեմ ինչ մտածեմ։ Այս բոլորն ինձ համար անհասկանալի է։

— Ինչ իմանաս, գուցե ամեն ինչ կպարզվի։ Իսկ դու՞ք ինչ եք կարծում, միսս Հոլդեր։

— Խոստովանում եմ, կիսում եմ հորեղբորս տարակուսանքը։

— Ասացեք, միստր Հոլդեր, այդ րոպեին ձեր տղայի ոտքերին կոշիկներ կամ կիսակոշիկներ կայի՞ն։

— Ոչ, ոտաբոբիկ էր, հագին միայն տաբատ ու վերնաշապիկ կար։

— Շնորհակալ եմ ձեզնից։ Դե ինչ, մեր բախտը բերում է, և եթե մենք չբացահայտենք գաղտնիքը, ապա դա միայն մեր մեղքով կլինի։ Ձեր թույլտվությամբ, միստր Հոլդեր, մեկ անգամ էլ կշրջեմ տան շուրջը։

Հոլմսը մենակ դուրս եկավ․ ավելորդ հետքերը նրա ասելով, միայն խանգարում են գործին։ Նա անհետացավ մեկ ժամի չափ, իսկ երբ վերադարձավ, ոտքերն ամբողջովին ձյունոտ էին, դեմքն, ինչպես միշտ, անթափանց։

— Ինձ թվում է, նայեցի այն ամենն, ինչ հնարավոր է, — ասաց նա, — և կարող եմ տուն վերադառնալ ։

— Իսկ քարե՞րը, միստր Հոլմս, որտե՞ղ են դրանք, — բացականչեց դրամատան տերը։

— Այդ ասել չեմ կարող։

Դրամատան տերը հուսահատորեն կոտրատեց ձեռքերը։

— Մի՞թե անվերադարձ կորան, — տնքաց նա։ — Իսկ Արթու՞րը։ Գեթ մի փոքր հույս տվեք։

— Կարծիքս ձեր տղայի մասին չփոխվեց։

— Հանուն բոլոր սրբերի, ի՞նչ է կատարվել իմ տանը։

— Եթե վաղն առավոտյան ժամը իննից մինչև տասը այցելեք ինձ Բեյքր-սթրիթ, կարծում եմ, կկարողանամ ավելի մանրամասն բացատրություն տալ։ Հուսով եմ, հնարավորություն կտաք ինձ ազատ գործելու, պայմանով իհարկե, որ քարերը պիտի վերադարձվեն, և կանգ չեք առնի ծախսերի առաջ։

— Կտայի ողջ կարողությունս։

— Հիանալի է։ Ես կմտածեմ այս պատմության շուրջը։ Ցտեսություն։ Գուցե այսօր դարձյալ գամ այստեղ։

Պարզ էր, որ Հոլմսն արդեն ինչ-որ բան մտածել էր, բայց ես, անգամ մոտավորապես չէի կարող պատկերացնել, թե ինչ եզրակացության է հանգել նա։ Ճանապարհին մի քանի անգամ փորձեցի այդ թեմայով զրուցել, բայց Հոլմսն ամեն անգամ խուսափում էր պատասխանից։ Վերջապես, հուսահատվելով, ընդհատեցի փորձերս։ Դեռ ժամը երեքը չկար, երբ տուն վերադարձանք։ Հոլմսն աճապարանքով գնաց իր սենյակն ու մի քանի րոպեից նորից հայտնվեց։ Հասցրել էր փոխել հագուստը։ Բարձրացրած օձիքով քրքրված վերարկուն, անփույթ կապված վզնոցն ու մաշված կոշիկները նրան տալիս էին տիպիկ թափառաշրջիկի տեսք։

— Դե, կարծում եմ, այսպես հարմար է, — ասաց նա, նայելով բուխարու վրայի հայելու մեջ։ — Կցանկանայի ձեզ հետս վերցնել, Ուոտսոն, բայց դա անկարելի է։ Ճիշտ ուղու վրա եմ, թե չէ, շուտով կիմանաք։ Կարծում եմ, մի քանի ժամից կվերադառնամ։ — Նա բացեց սպասքապահարանը, երկու կտոր միս կտրեց, դրեց հացի մեջ, թղթով փաթաթեց, դրեց գրպանն ու գնաց։

Հենց նոր էի ավարտել թեյը, երբ Հոլմսը վերադարձավ հիանալի տրամադրությամբ՝ թափահարելով ինչ-որ հին կոշիկ։ Նա կոշիկը շպրտեց սենյակի անկյունն ու իր համար թեյ լցրեց։

— Մեկ րոպեով մտա, պիտի շարունակեմ ճամփաս։

— Իսկ ու՞ր։

— Վեստ-Էնդի հակառակ ծայրը։ Գուցե ուշ վերադառնամ։ Եթե ուշանամ, ինձ չսպասեք։

— Հաջողություն կա՞։

— Ոչինչ, չեմ բողոքում։ Եղա Սթրիթեմում, բայց տուն չմտա։ Հետաքրքիր գործ է, չէի ցանկանա ձեռքից բաց թողնել։ Սակայն բավական է շատախոսել, պետք է նետել այս լաթերն ու նորից դառնալ վայելուչ մարդ։

Ընկերոջս վարքից տեսնում էի, որ գոհ է արդյունքից։ Աչքերը բոցկլտում էին, գունատ այտերին նույնիսկ կարմրություն էր հայտնվել։ Նա բարձրացավ իր սենյակն ու մի քանի րոպեից լսեցի, թե ինչպես շրխկացրեց շքամուտքի դուռը։ Հոլմսը դարձյալ մեկնեց «որսի»։

Սպասեցի մինչև կեսգիշեր, բայց տեսնելով, որ նա չկա ու չկա, գնացի քնելու։ Երբ ընկնում էր հետքի վրա, Հոլմսը սովորություն ուներ երկար ժամանակ չքանալու, այնպես որ նրա ուշացումն ինձ բոլորովին չզարմացրեց։ Չգիտեմ ժամը քանիսին վերադարձավ, բայց երբ հաջորդ առավոտյան գնացի նախաճաշելու, Հոլմսն արդեն նստել էր սեղանի մոտ՝ մի ձեռքին սուրճի բաժակ, մյուսին թերթ։ Ինչպես միշտ, առույգ ու ձգված էր։

— Կներեք, Ուոտսոն, որ նախաճաշն սկսել եմ առանց ձեզ, — ասաց նա։ — Բայց ուր որ է մեր այցելուն կհայտնվի։

— Այո, արդեն ժամը տասն է, — պատասխանեցի ես։ — Կարծես զանգում են։ Հավանաբար, նա է։

Եվ իսկապես, միստր Հոլդերն էր։ Ինձ ապշեցրեց նրա մեջ կատարված փոփոխությունը։ Նրա խոշոր, ազդեցիկ դեմքը սմքել էր և ինչ-որ ձևով կնճռոտվել, թվում էր, մազերն ավելի էին ճերմակել։ Նա մտավ հոգնած քայլերով, թորշոմած, տանջահար, որն ավելի ճնշող էր, քան նախորդ առավոտվա բուռն հուսահատությունը։ Ծանրորեն ընկնելով բազկաթոռին, խոսեց։

— Չգիտեմ, սա ինչ պատիժ էր։ Երկու օր առաջ երջանիկ, հաջողակ մարդ էի, իսկ հիմա անպատված և միայնակության մատնված։ Դժբախտությունը մենակ չի գալիս։ Անհետացել է Մերին։

— Անհետացե՞լ է։

— Այո։ Սենյակը դատարկ է, անկողնուն ձեռք տրված չէ, իսկ սեղանին՝ այս գրությունը։ Երեկ նրան ասացի, որ եթե ամուսնանար Արթուրի հետ, նրան ոչինչ չէր պատահի։ Խոսեցի առանց զայրույթի, պարզապես վշտից սպանվածի պես։ Հավանաբար, այդպես չպետք է խոսեի։ Երկտողի մեջ ակնարկում է, այդ խոսքերը։

«Թանկագին հորեղբայր․

Գիտեմ,որ ձեզ մեծ վիշտ եմ պատճառել և եթե այլ կերպ վարվեի, այս սարսափելի դժբախտությունը տեղի չէր ունենա։ Այս մտքից չեմ կարող երջանիկ լինել ձեր հարկի տակ և ձեզ լքում եմ ընդմիշտ։ Մի անհանգստացեք ապագայիս համար և որ գլխավորն է, մի փնտրեք ինձ, որովհետև դա աննպատակ է և կարող է ինձ վնասել։ Հավերժ ձեզ սիրող

Մերի»։

— Ի՞նչ է նշանակում այս երկտողը, միստր Հոլմս։ Մի՞թե ցանկանում է ինքնասպան լինել։

— Օ՜, ոչ, ոչ մի նման բան։ Գուցե սա ամենալավ ձևով լուծում է ամբողջ խնդիրը։ Հավատացած եմ, միստր Հոլդեր, որ ձեր փորձությունները մոտենում են ավարտին։

— Այդպե՞ս եք կարծում։ Ինչ-որ նոր բա՞ն եք իմացել։ Իմացե՞լ եք, որտե՞ղ են բյուրեղաքարերը։

— Ամեն քարի համար հազար ֆունտը չափազանց մեծ վճար չե՞ք համարի։

— Կվճարեի տասը։

— Դրա անհրաժեշտությունը չկա։ Երեք հազարը լիովին բավարար է, չհաշված իմ պարգևատրությունը։ Դրամագրքույկը ձեզ մո՞տ է։ Ահա գրիչը։ Դուրս գրեք չորս հազար ֆունտի ստացական։

Դրամատան տերն ապշահար ստորագրեց ստացականը։ Հոլմսը մոտեցավ գրասեղանին, հանեց երեք բյուրեղաքարերով փոքրիկ եռանկյունի ոսկին և դրեց սեղանին։ Միստր Հոլդերն ուրախ ճիչով հափշտակեց իր գանձը։

— Ես փրկված եմ, փրկված, — կրկնեց նա շնչահեղձ լինելով։ — Դուք գտա՛ք դրանք։

Նրա ուրախությունը նույնքան բուռն էր, ինչպես և երեկվա հուսահատությունը։ Ուժգին կրծքին սեղմեց գտնված գանձը։

— Դուք մի պարտք էլ ունեք, միստր Հոլդեր, — խիստ ասաց Հոլմսը։

— Պա՞րտք։ — Դրամատան տերը հափշտակեց գրիչը։ — Հայտնեք գումարը և այն անմիջապես կգրեմ ձեզ։

— Ոչ, ինձ չէ։ Դուք պետք է ներողություն խնդրեք ձեր որդուց։ Նա իրեն արիաբար և վեհանձն պահեց։ Այդպիսի որդի ունենայի, կհպարտանայի նրանով։

— Ուրեմն Արթու՞րը չի վերցրել քարերը։

— Ոչ, նա չէ։ Դա ասել եմ երեկ և կրկնում եմ այսօր։

— Այդ դեպքում շտապենք նրա մոտ ու հայտնենք, որ ճշմարտությունը հաղթանակել է։

— Նա ամեն ինչ գիտե։ Ես զրուցել եմ նրա հետ, երբ քանդում էի հանգույցը։ Հասկանալով, որ չի ցանկանում խոսել, ինքս շարադրեցի այդ ամբողջ պատմությունը, և նա խոստովանեց, որ ես ճիշտ եմ, և իր հերթին մի քանի մանրամասներ պատմեց, որոնք ինձ պարզ չէին։ Հենց նոր ձեզ հայտնած նորությունը, հնարավոր է, կստիպի նրան լիովին անկեղծ լինել։

— Դե, աստծո սիրուն, բացեք այդ անհավատալի գաղտնիքը։

— Հիմա ձեզ կպատմեմ, թե ինչ ճանապարհով ինձ հաջողվեց հասնել ճշմարտության։ Բայց սկզբում թույլ տվեք ձեզ հայտնել մի ծանր լուր․ ձեր ազգականուհին՝ Մերին, հանցավոր դավադրության մեջ է եղել սըր Ջորջ Բերնվելի հետ։ Հիմա նրանք երկուսով թաքնվել են։

— Մերի՞ն։ Դա անհնար է։

— Դժբախտաբար, դա փաստ է։ Ձեր տանն ընդունելով սըր Ջորջ Բերնվելին․ ոչ դուք, ոչ ձեր որդին, ինչպես հարկն է չեք ճանաչել նրան։ Իսկ նա, ի միջի այլոց, վտանգավոր անձնավորություն է՝ խաղամոլ, հայտնի սրիկա, մարդ՝ առանց սրտի ու խղճի։ Ձեր ազգականուհին գաղափար անգամ չունի, որ այդպիսի մարդիկ կան։ Լսելով նրա խոստովանանքն ու երդումները, Մերին կարծում էր, որ նվաճել է նրա սերը։ Իսկ Ջորջը մինչ այդ շատերին է ասել նույն բաները։ Միայն սատանային է հայտնի, թե ինչպես է կարողացել Մերիին կամազուրկ անել, բայց այսպես թե այնպես, Մերին նրա ձեռքին հնազանդ գործիք է դարձել։ Նրանք հանդիպել են համարյա ամեն գիշեր։

— Չեմ հավատում, չեմ կարող դրան հավատալ, — բղավեց դրամատան տերը։ Նրա դեմքը դարձել էր բաց մոխրագույն։

— Իսկ հիմա կպատմեմ, թե երեկ գիշեր ինչ է կատարվել ձեր տանը։ Երբ ձեր ազգականուհին համոզվեց, որ դուք գնացիք ձեր սենյակը, իջավ ներքև, բացեց ճանապարհին նայող պատուհանը, որն ախոռ է տանում, և իր սիրեկանին հայտնեց վարսակալի մասին։ Սըր Ջորջի հետքերը հստակ գծագրվում էին պատուհանի տակի ձյան վրա։ Հարստացման տենչը համակեց սըր Ջորջին, նա բառացիորեն իր կամքին ենթարկեց Մերիին։ Չեմ կասկածում, որ Մերին շատ է սիրում ձեզ, բայց կան որոշ կանայք, որոնց մոտ տղամարդու սերը հաղթում է մնացած բոլոր զգացմունքներին։ Մերին դրանց թվում է։ Նրա հետ հազիվ էր պայմանավորվել թանկարժեք իրը հափշտակելու մասին, երբ լսեց, որ իջնում եք աստիճաններից։ Այն ժամանակ արագ փակելով պատուհանը, ձեզ ասաց, որ սպասուհու մոտ է եկել բանջարեղեն վաճառաողը։ Եվ նա իսկապես եկել էր…

Այդ գիշեր Արթուրը չկարողացավ քնել, նրան խռովել էին ակումբային պարտքերը։ Հանկարծ իր սենյակի կողքին զգույշ քայլերի խշշոց լսեց։ Վեր կացավ, դռան ետևից նայեց և զարմանքով տեսավ իր հորեղբոր աղջկան, որ գաղտագողի անցնում էր միջանցքով և անհետացավ ձեր սենյակում։ Շշմած Արթուրն արագ հագնվեց և սպասեց, թե ինչ պետք է կատարվի։ Շուտով Մերին դուրս եկավ․ միջանցքի լույսի ներքո ձեր որդին նրա ձեռքին նկատեց թանկարժեք վարսակալը։ Մերին աստիճաններով իջավ ներքև։ Սարսափից դողալով Արթուրը սողաց ձեր դռան ծանր վարագույրի ետևը․ այդտեղից երևում էր այն ամենը, ինչ կատարվում էր հյուրասենյակում։

Մերին զգուշորեն բացեց պատուհանը, մթան մեջ ինչ-որ մեկին տվեց վարսակալը, իսկ հետո փակելով պատուհանը, շտապեց իր սենյակը՝ անցնելով ծանր վարագույրի ետևում քար կտրած Արթուրի կողքից։

Վախենալով դիմազրկել սիրած աղջկան, Արթուրը ոչինչ չէր կարող ձեռնարկել, չնայած գիտեր, թե ինչ հարված կլիներ ձեզ համար վարսակալի կորուստը և որքան կարևոր է վերադարձնել թանկարժեք իրը։ Բայց հազիվ էր Մերին իր ետևից ծածկել իր սենյակի դուռը, Արթուրը կիսահագնված ու բոբիկ ներքև նետվեց, թափով բացեց պատուհանը, թռավ այգի և սուրաց ճանապարհով․ այնտեղ հեռվում, լուսնի լույսի ներքո, երևաց ինչ-որ մեկի մթին ստվերը։

Սըր Ջորջ Բերնվելը փորձեց փախչել, բայց Արթուրը հասավ։ Նրանց միջև պայքար սկսվեց։ Մի կողմից ձեր որդին էր քաշում վարսակալի ծայրը, մյուս կողմից՝ հակառակորդը։ Ձեր որդին հարվածում է Ջորջին և վնասում նրա հոնքը։ Իսկ հետո հանկարծակի ինչ-որ բան խշրտած, և Արթուրն զգաց, որ վարսակալն իր ձեռքում է․ նա ետ նետվեց, փակեց պատուհանը և բարձրացավ ձեր սենյակը։ Միայն այնտեղ նկատեց, որ ապարոշը ծռված է, և փորձեց ուղղել։ Այդ պահին էլ դուք մտաք։

— Աստված իմ։ Աստված իմ, — շնչահեղձ լինելով կրկնեց դրամատան տերը։

— Արթուրը ցնցված էր ձեր անարդարացի մեղադրանքից։ Չէ որ, ընդհակառակը, դուք պետք է շնորհակալություն հայտնեիք նրան։ Նա չէր կարող ձեզ ճշմարտությունն ասել, առանց մատնելու Մերիին, չնայած վերջինս արժանի չէր ներողամտության։ Արթուրն իրեն պահեց ասպետի պես և թաքցրեց գաղտնիքը։

— Ահա թե ինչու Մերին ուշաթափվեց, երբ տեսավ վարսակալը, — բացականչեց միստր Հոլդերը։ — Աստված իմ, ինչ անմիտն եմ ես։ Չէ որ Արթուրը խնդրեց իրեն բաց թողնել գոնե հինգ րոպեով։ Խեղճ տղան մտածում էր կռվի վայրում փնտրել վարսակալի կոտրված մասը։ Ինչպես եմ սխալվել։

— Ձեր մոտ գալով, — շարունակեց Հոլմսը, — առաջին հերթին ուշադիր նայեցի տան կողամասը, հույս ունենալով ինչ-որ բան հայտնաբերել։ Երեկ գիշերվանից ձյուն էր տեղացել, իսկ ուժեղ ցուրտը լավ է պահպանում ձյան վրայի հետքերը։ Ես անցա մթերք բերելու ճանապարհով, բայց այն կոխկրտված էր։ Խոհանոց տանող դռնից ոչ հեռու կնոջ հետք նկատեցի, կնոջ կողքին տղամարդ էր եղել կանգնած։ Կլոր հետքը ցույց էր տալիս, որ նրա մի ոտքը փայտից է։ Հավանաբար, ինչ-որ մեկը խանգարել էր նրանց խոսակցությունը, քանի որ կինը վազել էր դռան կողմը։ Կնոջ կիսակոշիկների թաթերն ավելի խորն էին դրոշմված, քան՝ կրունկները։ Փայտե ոտքով մարդը մի փոքր սպասել էր, իսկ հետո հեռացել։ Տեղնուտեղը մտածեցի, որ դրանք պետք է սպասուհին և նրա երկրպագուն լինեին, որոնց մասին պատմել եք դուք։ Այդպես էլ պարզվեց։ Անցա այգի, բայց այլևս ոչինչ չնկատեցի, բացի անկարգ, բոլոր կողմերը ձգվող հետքերից։ Դրանք ոստիկանների հետքերն էին։ Բայց երբ հասա ձիանոց տանող ճանապարհին, այդ գիշերվա ամբողջ բարդ պատմությունը բացվեց իմ առաջ, կարծես գրված էր ձյան վրա։ Ես տեսա երկու հետք․ մեկը պատկանում էր կոշիկներով մարդուն, մյուսը, որը բավականությամբ նկատեցի, ոտաբոբիկ վազող մարդու։ Հավատացած էի, որ երկրորդը ձեր տղայի հետքերն են։ Առաջին մարդը հանգիստ քայլել էր այդ ուղղությամբ, մյուսը՝ վազել։ Վազողի հետքերը դրոշմվել էին այնտեղ, որտեղով գնացել էր առաջինը։ Դրանից կարելի էր եզրակացնել, որ երկրորդ մարդը հետապնդել էր առաջինին։ Գնացի կոշիկներով մարդու հետքերով։ Դրանք ինձ բերին ձեր հյուրասենյակի պատուհանի մոտ․ այստեղ ձյունը տրորված էր, ակներև էր, որ այդ մարդը ինչ-որ մեկին երկար սպասել է։ Այդ ժամանակ նրա հետքերով գնացի հակառակ ուղղությամբ։ Դրանք ճանապարհով ձգվում էին մոտավորապես հարյուր յարդ։ Հետո կոշիկներով մարդը շրջվել է, այդտեղ ձյունը շատ ուժեղ տրորված էր, կարծես մենամարտ էր տեղի ունեցել։ Ձյան վրայի արյան հետքերը վկայում էին, որ դա այդպես էլ եղել է։ Հետո կոշիկներով մարդը նետվել էր փախուստի։ Որոշ տարածության վրա նորից արյան հետքեր նկատեցի՝ ուրեմն վիրավորը հենց նա էր։ Արահետով գնացի ընդհուպ մինչև ճանապարհը, այնտեղ ձյունը մաքրված էր, և հետքերը ընդհատվեցին։

Դուք հիշում եք, որ տուն մտնելով, խոշորացույցով զննեցի հյուրասենյակի պատուհանի գոգն ու շրջանակը և հայտնաբերեցի, որ ինչ-որ մեկը դուրս է սողացել պատուհանից։ Նկատեցի նաև կեղտոտված ոտքի ուրվագիծը, այսինքն ոտաբոբիկ մարդը ետ է եկել։ Դրանից հետո արդեն ի վիճակի էի պատկերացնել այն ամենը, ինչ կատարվել էր։ Ինչ-որ մեկը կանգնել էր պատուհանի մոտ և ուրիշ մեկը նրան էր տվել վարսակալը։ Ձեր որդին տեսել էր դա, նետվել էր անծանոթին հետապնդելու և կռվել էր հետը։ Նրանցից ամեն մեկը գանձը ձգել էր իր կողմը։ Այդ ժամանակ էլ մի կտոր պոկվել էր վարսակալից։ Արթուրը վարսակալով տուն էր շտապել՝ չնկատելով հակառակորդի մոտ մնացած կտորը։ Առայժմ ամեն ինչ հասկանալի է։ Բայց հարց է ծագում․ ո՞վ է այն մարդը, որ կռվել է ձեր որդու հետ և ո՞վ է տվել նրան վարսակալը։

Իմ հետաքննության հին սկզբունքն այն է, որ բացառեմ բոլոր անհավանական ենթադրությունները։ Այդ դեպքում ինչ մնում է, դա էլ հենց հանդիսանում է ճշմարիտը, որքան էլ անհավանական թվա։

Մոտավորապես այսպես էի դատում․ բնականաբար, վարսակալը դուք չէիք տվել։ Ուրեմն, մնում էին ձեր ազգականուհին և սպասավորները։ Բայց եթե հափշտակմանը մասնակից էին ձեր սպասավորները, ապա հանուն ինչի՞ էր լռում ձեր որդին։ Նման ենթադրության համար հիմքեր չկան։ Դուք ասում էիք, որ Արթուրը սիրում է իր ազգականուհուն։ Եվ ինձ համար պարզ դարձավ նրա լռության պատճառը․ նա չէր ցանկանում մատնել Մերիին։ Այն ժամանակ հիշեցի, որ դուք նրան գտել եք պատուհանի մոտ, և նա Արթուրի ձեռքին տեսնելով վարսակալը, կորցրել է գիտակցությունը։ Ենթադրություններս փոխարկվեցին վստահության։

Բայց ո՞վ է նրա մեղսակիցը։ Իհարկե, դա կարող էր լինել միայն սիրեցյալը։ Միայն նրա ազդեցության տակ կարող էր այդպես հեշտությամբ մոռանալ, որ պարտական է ձեզ։ Գիտեի, որ դուք քիչ եք լինում հասարակության մեջ, և ձեր ծանոթների շրջանակը սահմանափակ է։ Բայց դրանց՝ այդ փոքրաթիվ ծանոթների մեջ է սըր Ջորջ Բերնվելը։ Առաջ էլ էի լսել նրա մասին, որպես կանանց նկատմամբ թեթևամիտ վերաբերմունք ունեցող մարդու։ Ակներև է, որ նա է կանգնած եղել պատուհանի մոտ և միայն նրա մոտ պետք է փնտրել կորած բյուրեղաքարերը։ Արթուրը ճանաչեց նրան, բայց, այնուամենայնիվ, Ջորջը իրեն համարում էր անվտանգության մեջ, հավատացած լինելով, որ չանվանարկելու համար սեփական ընտանիքը, ձեր որդին կլռի։

Դե, իսկ այժմ տարրական տրամաբանությունը ձեզ կհուշի, թե ինչ ձեռնարկեցի ես։ Թափառաշրջիկի շորեր հագնելով մեկնեցի սըր Ջորջի մոտ։ Ինձ հաջողվեց ծանոթանալ նրա սպասավորի հետ, վերջինս հայտնեց, որ իր տերը նախօրեին ինչ-որ տեղ արնոտելու աստիճան վնասել է գլուխը։ Վեց շիլինգով ինձ հաջողվեց նրանից ձեռք բերել սըր Ջորջի հին կոշիկը, որով ուղեվորվեցի Սթրիթեմ և համոզվեցի, որ դրանք ճիշտ համապատասխանում են ձյան վրայի հետքերին։

— Երեկ երեկոյան արահետի վրա ինչ-որ թափառաշրջիկ տեսա, — ասաց միստր Հոլդերը։

— Միանգամայն ճիշտ է։ Այդ ես էի։ Ես հասկացա, որ սըր Ջորջը ձեռքումս է։ Մեծ նրբազգացողություն էր հարկավոր, որպեսզի հաջողությամբ ավարտեի գործն ու խուսափեի հրապարակումից։ Այդ խորամանկ սրիկան հասկանում էր, թե ինչպես են կապված ձեր ձեռքերը։

Տուն վերադառնալով փոխեցի հագուստներս և մեկնեցի սըր Ջորջի մոտ։ Սկզբում, իհարկե, նա ժխտեց, բայց երբ մանրամասն պատմեցի, թե ինչ է կատարվել այդ գիշեր, սկսեց սպառնալ ինձ և նույնիսկ հափշտակեց պատից կախված գավազանը։ Ես գիտեի, ում հետ գործ ունեմ և ակնթարթորեն ատրճանակը դեմ տվի քունքին։ Այդ ժամանակ խելոքացավ։ Ես հայտարարեցի, որ մենք համաձայն ենք նրանից հատը հազար ֆունտով քարերը ետ գնել։ Այդ ժամանակ էլ առաջին անգամ ցուցաբերեց հուսահատության նշաններ։

— Գրողը տանի։ Ես արդեն երեք քարերն էլ տվել եմ վեց հարյուր ֆունտով, — բացականչեց նա։

Սըր Ջորջին խոստանալով, որ նրա դեմ դատական գործ չի հարուցվի, իմացա գնորդի հասցեն, մեկնեցի այնտեղ ու երկար սակարկելուց հետո նրանից ետ գնեցի քարերը, յուրաքանչյուրին վճարելով հազար ֆունտ։ Հետո գնացի ձեր որդու մոտ, բացատրեցի նրան, որ ամեն ինչ կարգին է, և գիշերվա ժամը երկուսին ծանր աշխատանքից հետո հասա տուն։

— Ձեր շնորհիվ Անգլիայում ամոթաբեր կռիվ չի պայթի, — բազկաթոռից բարձրանալով ասաց դրամատան տերը։ — Սըր, ես խոսք չեմ գտնում երախտագիտությունս արտահայտելու։ Բայց հավատացած եղեք, որ չեմ մոռանա այն, ինչ արեցիք ինձ համար։ Ձեր արվեստը գերազանցում է ցանկացած երևակայությունը։ Իսկ հիմա կշտապեմ թանկագին որդուս մոտ և նրանից ներողություն կխնդրեմ, որ այդպես եմ վարվել։ Ինչ վերաբերվում է խեղճ Մերիին, ապա նրա արարքը խորապես ցնցեց ինձ։ Վախենում եմ, որ նույնիսկ դուք ձեր հարուստ փորձով չեք կարողանա գտնել նրան։

— Վստահորեն կարելի է ասել, — առարկեց Հոլմսը, — որ նա հիմա այնտեղ է, ուր և Ջորջ Բերնվելը։ Անկասկած է նաև, որ ինչպես էլ գնահատեք ձեր ազգականուհու արարքը, նա շուտով կպատժվի։

Comments