Chapter 1
I
— Հապա նայեք, Հոլմս, — ասացի ես։ — Ինչ֊որ խելագար է վազում։ Չեմ հասկանում, ինչպես են հարազատները նրան թողնում առանց հսկողության։
Կանգնել էի մեր սենյակի կամարաձև պատուհանի մոտ և նայում էի Բեյքր սթրիթին։
Հոլմսը ծուլորեն վեր կացավ բազկաթոռից, կանգնեց իմ ետևում և ձեռքերը դնելով խալաթի գրպանները, նայեց պատուհանից դուրս։
Փետրվարյան պարզ օր էր։ Երեկ տեղացած ձյունը փայփլում էր ձմեռային արևի շողերից։ Փողոցի մեջտեղում ձյունը վերածվել էր գորշ կեղտոտ զանգվածի, սակայն ճամփեզրին մնացել էր ճերմակ, ասես հենց նոր էր տեղացել։ Չնայած մայթերն արդեն մաքրել էին, այնուհանդերձ դեռ շատ սայթաքուն էին, և հետիոտները փողոցում սովորականից ավելի հազվադեպ էին։ Անցուղուց մինչև մեր տուն ձգվող փողոցի վրա այժմ միայն մի մարդ կար։ Նրա արտառոց արարքն էլ հենց գրավել էր ուշադրությունս։
Հիսուն տարեկան տղամարդ էր, բարձրահասակ, ազդու, լայն, եռանդով լի դեմքով և պատկառելի արտաքինով։ Հագնված էր ճոխ, բայց ոչ աչք ծակող․ հոյակապ լայնեզր գլխարկ, թանկագին կտորից մուգ սերթուկ, լավ կարված մոխրագույն տաբատ, շագանակագույն զանգապաններ։ Միայն թե նրա ողջ վարվելակերպը չէր համապատասխանում արտաքինին և հագուստին։ Վազում էր ֆիզիկական վարժություններին անսովոր մարդու պես վեր-վեր թռչելով, դեմքը ծամածռելով թափահարում էր ձեռքերը, տարուբերում գլուխը։
— Ի՞նչ է պատահել նրան, — զարմացա ես։ — Կարծես ինչ֊որ տուն է փնտրում։
— Կարծում եմ, այստեղ է շտապում, — ձեռքերը շփելով ասաց Հոլմսը։
— Այստե՞ղ։
— Այո։ Կարծում եմ, որ նրան հարկավոր է ինձ հետ խորհրդակցել։ Բոլոր նշաններն առկա են։ Ճի՞շտ էի, թե ոչ։
Այդ պահին անծանոթը ծանր շնչելով նետվեց դեպի մեր դուռն ու սկսեց տենդագին ձգել զանգակը՝ տունը լցնելով զանգահարությամբ։
Մի րոպե անց, հազիվ շունչը տեղը բերելով և զանազան շարժումներ անելով նա սենյակ ներխուժեց։ Աչքերում այնպիսի վիշտ ու հուսահատություն էր թաքնված, որ մեր ժպիտները մարեցին, ու քմծիծաղը փոխվեց խոր կարեկցանքի ու խղճահարության։ Սկզբում չկարողանալով արտասանել ոչ մի բառ, խելագարության սահմանը հասած մարդու նման բռնել էր գլուխն ու միայն ետ ու առաջ էր ճոճվում։ Հանկարծ նետվեց դեպի պատն ու գլխով հարվածեց։ Նետվեցինք դեպի այցելուն և քարշ տվինք սենյակի կենտրոնը։ Հոլմսը դժբախտին նստեցրեց բազկաթոռին, ինքը նստեց դիմացը, ափով հարվածեց նրա ձեռքին և այնպես մեղմ ու հանգստացնող տոնով խոսեց, որն իրենից բացի ոչ ոք չէր կարող։
— Դուք եկել եք ինձ մոտ, որպեսզի պատմեք, թե ձեզ ինչ է պատահել, — ասաց նա։ Դուք ուժասպառ եք եղել արագ վազքից։ Հանգստացեք, հավաքեք ձեզ, և ես հաճույքով կլսեմ ինչ որ պատմեք։
Անծանոթին հարկ եղավ մեկ-երկու րոպե, որպեսզի հաղթահարի հուզմունքն ու ուշքի գա։ Վերջապես, թաշկինակով սրբեց ճակատը, վճռականորեն սեղմեց շրթունքներն ու շրջվեց մեր կողմը։
— Դուք, իհարկե, ինձ խելագարի տե՞ղ դրիք, — հարցրեց նա։
— Ոչ, բայց տեսնում եմ, որ ձեզ հետ փորձանք է պատահել, — պատասխանեց Հոլմսը։
— Այո, աստված էլ է տեսնում։ Դժբախտությունն այնքան անսպասելի և սարսափելի է, որ խելագարվել կարելի է։ Ես կտանեի անպատվությունը, չնայած խղճիս վրա ոչ մի բիծ չկա։ Անձնական դժբախտություն պատահում է յուրաքանչյուրի հետ։ Բայց միաժամանակ և՛ մեկը, և՛ մյուսը, այն էլ այսպիսի սարսափելի ձևով։ Բացի այդ, դա վերաբերում է ոչ միայն ինձ։ Եթե անմիջապես ելք չգտնվի դուրս գալու իմ աղետալի վիճակից, կարող է տուժել մեր երկրի ճանաչված անձերից մեկը։
— Անունս, թերևս, հայտնի է ձեզ, — ասաց այցելուն։ Ես Ալեքսանդր Հոլդերն եմ, Թրեդնիդլ-սթրիթի «Հոլդեր և Ստիվենսոն» դրամատնից։
Անունն, իսկապես, մեզ լավ ծանոթ էր, նա պատկանում էր Լոնդոնում իր նշանակությամբ երկրորդ դրամատնային գործակալության ավագ ընկերակցին։ Ինչն էր մայրաքաղաքի հայտնի մարդկանցից մեկին այսպիսի խղճալի վիճակի մեջ գցել։ Անհամբերությամբ սպասում էինք այդ հարցի պատասխանին։ Ուժերի մեծ լարումով Հոլդերը հավաքեց իրեն և ձեռնամուխ եղավ պատմությանը։
— Հասկանում եմ, որ պետք չէ կորցնել ոչ մի րոպե։ Հենց որ ոստիկանական տեսուչը խորհուրդ տվեց դիմել ձեզ, անմիջապես շտապեցի այստեղ։ Բեյքր-սթրիթ հասա մետրոյով և կանգառից սկսած ամբողջ ճանապարհը վազել եմ, այսպիսի եղանակին երկտեղանոց կառքերը շատ դանդաղ են շարժվում։ Ես ընդհանրապես քիչ եմ շարժման մեջ լինում, դրա համար եմ այսպես շնչահեղձ եղել։ Բայց հիմա ինձ լավ եմ զգում և կաշխատեմ բոլոր փաստերը շարադրել որքան կարելի է հակիրճ և պարզ։
Իհարկե, ձեզ հայտնի է, որ դրամատների գործում շատ բան կախված է միջոցների հաջող ներդրման հմտությունից և, միաժամանակ, գործակիցների շրջանակը լայնացնելուց։ Առավել շահավետ միջոցներից մեկը կարողությունների երկարատև ներդրումն է՝ փոխատվություն տալը հիմնավոր երաշխիքով։ Վերջին տարիներին մենք հաջողության ենք հասել այդ հարաբերություններում։ Հարուստ ընտանիքներին վարկ ենք տալիս նկարների, ընտանեկան գրադարանների, սպասքի ապահովագրումով։
Երեկ առավոտյան նստել էի դրամատան իմ աշխատասենյակում, և գրասենյակի գրագիրներից մեկն այցեքարտ բերեց։ Անունը կարդալով ցնցվեցի, որովհետև դա ոչ այլ ոք էր, քան… Նույնիսկ ձեզ մոտ չեմ համարձակվում նրա անունը տալ։ Այդ անունը հայտնի է ողջ աշխարհին։ Անգլիայի բարձրաստիճան և հարուստ անձերից մեկն է։ Շվարել էի ինձ ցույց տված պատվից և, երբ նա ներս մտավ, ցանկացա երախտիքս արտահայտել բարձրաստիճան այցելուին։ Բայց նա ընդհատեց ինձ․ նա, երևի, ցանկանում էր որքան կարելի է շուտ հարթել տհաճ գործը։
— Միստր Հոլդեր, լսել եմ, որ դուք դրամական վարկ եք տալիս։
— Այո։ Գործակալությունը վարկ է տալիս հուսալի երաշխիքով, — պատասխանեցի ես։
— Ինձ հույժ անհրաժեշտ է հիսուն հազար ֆունտ ստեռլինգ, ընդ որում, անհապաղ, — հայտարարեց նա։ — Իհարկե, այդպիսի ոչ մեծ գումարը կարող էի պարտք վերցնել ընկերներիցս, բայց նախընտրում եմ այդ փոխատվությունը կատարել գործնական ձևով։ Եվ ստիպված ինքս եմ զբաղվում դրանով։ Դուք, իհարկե, հասկանում եք, որ իմ դիրքի տեր մարդուն անհարմար է այդ գործում կողմնակի անձանց խառնելը։
— Թույլ տվեք իմանալ, որքան ժամանակով է դրամը ձեզ հարկավոր, — տեղեկացա ես։
— Եկող երկուշաբթի ինձ պետք է մեծ գումար վերադարձնեն, և ես կմարեմ վարկը ցանկացած տոկոսով։ Բայց ինձ անչափ անհրաժեշտ է դրամն ստանալ անմիջապես։
— Երջանիկ կլինեի դրամն անխոս տալ իմ անձնական միջոցներից, բայց դա բավականին մեծ գումար է, այնպես որ ստիպված եմ այդ անել գործակալության անունից։ Տարրական արդարամտությունը ընկերակցիս նկատմամբ պահանջում է, որ գործնական նախազգուշական միջոցների դիմեմ։
— Այլ կերպ չի կարող լինել, — ասաց նա և վերցրեց քառակուսի սև սաթե տուփը, որը նախքան այդ դրել էր սեղանին, իր կողքին։ — Դուք անշուշտ, լսել եք հանրահայտ բյուրեղաքարե վարսակալի մասին։
— Իհարկե։ Դա ազգային հարստություն է։
— Միանգամայն ճիշտ է։ — Նա բացեց տուփը, փափուկ վարդագույն թավշի վրա իր գեղեցկությամբ փայլեց ոսկերչական արվեստի հոյակապ ստեղծագործությունը։
— Վարսակալն ունի երեսունինը բյուրեղաքար, — ասաց նա։ — Ոսկե շրջանակի արժեքը գնահատման չի ենթարկվում։ Նրա ամենացածր արժեքը երկու անգամ ավելի է ինձ հարկավոր գումարից։ Պատրաստ եմ վարսակալը թողնել ձեզ մոտ։
Վերցրի թանկարժեք վարսակալով տուփն ու մի փոքր տատանվելով հայացքս հառեցի իմ անվանի այցելուի վրա։
— Կասկածում եք վարսակալի արժեքի վրա՞, — ժպտաց նա։
— Օ՜, ինչ եք ասում, կասկածում եմ միայն…
— …թե հարմա՞ր է արդյոք այս վարսակալը թողնել ձեզ մոտ։ Կարող եք չանհանգստանալ։ Այս միտքն իմ գլխում չէր ծագի, եթե լիովին հավատացած չլինեի, որ չորս օրից ետ կստանամ վարսակալը։ Դատարկ ձևականություն է։ Դե, իսկ երաշխիքը բավարար համարու՞մ եք։
— Միանգամայն։
— Դուք, իհարկե, հասկանում եք, միստր Հոլդեր, որ իմ քայլը ամենախորին վստահության վկայությունն է, որ տածում եմ ձեր նկատմամբ։ Այս վստահությունը հիմնված է ձեր մասին ունեցած տեղեկությունների վրա։ Հույսս դնում եմ ձեր համեստության վրա, և որ դուք կխուսափեք այդ մասին որևէ բան խոսելուց։ Խնդրում եմ նաև վարսակալը պահեք բացառիկ խնամքով, քանի որ ցանկացած վնասվածքը աղմուկ կառաջացնի։ Դա համարյա նույնպիսի աղետալի հետևանքներ կունենա, ինչպես կորուստը։ Աշխարհում այլևս այսպիսի բյուրեղաքարեր չկան և եթե կորչի թեկուզ մեկը, ոչնչով փոխհատուցել չի լինի։ Բայց ես վստահում եմ ձեզ և հանգիստ խղճով ձեզ մոտ եմ թողնում վարսակալը։ Դրա ետևից կգամ անձամբ, երկուշաբթի առավոտ։
Տեսնելով, որ հաճախորդս շտապում է, ես առանց խոսակցությունը երկարացնելու հրավիրեցի գանձապահին և կարգադրեցի վճարել հիսուն հազար ֆունտ ստեռլինգ։
Մենակ մնալով և զննելով գրասեղանիս դրված թանկարժեք իրը, մտածեցի ինձ վրա դրված մեծ պատասխանատվության մասին։ Վարսակալի կորուստը մեծ աղմուկ կառաջացներ, չէ որ դա ազգային հարստություն էր։ Նույնիսկ սկսեցի ափսոսալ, որ խառնվեցի այդ գործին։ Բայց հիմա արդեն ոչնչով փոխել չէի կարող։ Վարսակալը կողպեցի իմ անձնական չհրկիզվող պահարանում և անցա աշխատանքի։
Երբ երեկոն իջավ, մտածեցի, որ թեթևամտություն կլինի դրամատանն այդպիսի հարստություն թողնելը։ Ու՞մ հայտնի չէ չհրկիզվող պահարանների կողոպուտը։ Իսկ եթե կողոպտեն և իմը։ Ինչ սարսափելի վիճակի մեջ կհայտնվեմ այդպիսի փորձանքի դեպքում։ Եվ որոշեցի վարսակալը պահել մոտս։ Հետո երկանիվ կառք կանչեցի և տուփը գրպանս դնելով մեկնեցի Սթրիթեմում գտնվող տունս։ Չկարողացա հանգստանալ մինչև սենյակս չբարձրացա և տուփը չկողպեցի ննջարանիս կից սենյակում գտնվող պահարանում։
Իսկ այժմ՝ տանն ապրող մարդկանց մասին։ Միստր Հոլմս, ես ցանկանում եմ, որպեսզի լրիվ ծանոթանաք իրավիճակին։ Ձիապանս և ծառայող տղան եկովի աշխատողներ են, այդ պատճառով կարելի է նրանց մասին չխոսել։ Ունեմ երկար տարիներ աշխատող երեք սպասուհի, և նրանց բացարձակ ազնվությունը փոքր իսկ կասկած չի հարուցում։ Չորրորդը՝ մատուցողուհի Լյուսի Պարը, ընդամենը մի քանի ամիս է ապրում մեզ մոտ։ Ընդունվել է հիանալի երաշխավորությամբ և լիովին գլուխ է հանում իր աշխատանքից։ Լյուսին լավ աղջիկ է, երկրպագուներ ունի, որոնք թափառում են տան շուրջը։ Դա միակ բանն է, որ ինձ դուր չի գալիս։ Ես նրան համարում եմ միանգամայն կարգին աղջիկ, բոլոր առումներով։
Ահա այն ամենը, ինչ վերաբերում է ծառաներին։ Ընտանիքս այնքան սակավաթիվ է, որ հարկ չկա այդ մասին շատ խոսել։ Կորցրել եմ կնոջս և ունեմ մի որդի։ Ի դժբախտություն ինձ, նա իմ հույսերը չարդարացրեց։ Կասկած անգամ չկա, որ ես եմ մեղավորը։ Ասում են, ես եմ շփացրել նրան։ Շատ հնարավոր է։ Երբ կինս մահացավ, հասկացա, որ այժմ տղաս իմ միակ մխիթարությունն է։ Չեմ կարող նրան ոչ մի բանում մերժել, բոլորովին չեմ կարող տանել փոքր իսկ դժգոհությունը։ Երևի երկուսիս համար էլ լավ կլիներ, եթե հետը մի փոքր խիստ լինեի։ Բայց այն ժամանակ այլ կերպ էի մտածում։
Բնականաբար, երազում էի, որ Արթուրը երբևէ կփոխարինի ինձ իմ գործում։ Միայն թե դրա համար նա ոչ մի հակում չուներ։ Դարձավ սանձարձագ, քմահաճ, և, ճիշտն ասած, չէի կարող նրան մեծ գումարներ վստահել։ Պատանի հասակում ընդունվեց ազնվականական ակումբ, իսկ հետո, շնորհիվ իր հրապուրիչ վարքագծի, դարձավ յուրային շատ հարուստ և վատնող մարդկանց շրջանում։ Նա հակվեց թմրամոլության, ունեցածը վատնեց ձիավարժարաններում և դրա հետևանքով հաճախ դիմում էր ինձ՝ գրպանի հետագա ծախսերի հաշվին դրամ ստանալու։ Դրամը հարկավոր էր թղթախաղերի պարտքերը վճարելու համար։ Ճիշտ է, Արթուրը բազմիցս ցանկացել է հեռանալ այդ շրջապատից, բայց ամեն անգամ իր ընկերոջ՝ սըր Ջորջ Բերնվելի ազդեցության տակ վերադարձել է նախկին ճանապարհին։
Ճիշտն ասած, ինձ շատ չի զարմացնում, որ սըր Ջորջ Բերնվելը ազդեցություն է թողնում տղայիս վրա։ Արթուրը նրան հաճախ է հրավիրել մեզ մոտ և պետք է ասել, որ անգամ ես եմ ընկել սըր Ջորջի հմայքի տակ։ Նա Արթուրից մեծ է, մինչև ուղն ու ծուծը ազնվակիրթ, հետաքրքիր զրուցակից, շատ ճանապարհորդած և իր ժամանակին շատ բան տեսած և, միաժամանակ, բացառիկ արտաքինով։ Բայց, համենայն դեպս, հանգիստ դատելով, մոռանալով նրա անձնական գրավչությունը և հիշելով նրա ցինիկ պատմություններն ու հայացքները, հասկացա, որ սըր Ջորջին վստահել չի կարելի։
Այդպես մտածում էի ոչ միայն ես, նույն տեսակետն էր պաշտպանում և Մերին, ունենալով նուրբ զգացողություն։
Այժմ մնում է պատմել միայն զարմուհուս՝ Մերիի մասին։ Հինգ տարի առաջ, երբ եղբայրս մահացավ, և նա աշխարհում մնաց մենակ, վերցրի ինձ մոտ։ Մինչև հիմա էլ հարազատ աղջկաս նման է։ Մերին արևի ցոլք է իմ տանը, այնպես քնքույշ, սիրալիր, փաղաքուշ, ինչպիսին կարող է լինել միայն կինը, միաժամանակ գերազանց տնտեսուհի է։ Մերին աջ ձեռքս է, և չեմ կարող պատկերացնել, թե ինչ կարող էի անել առանց նրա։ Միայն մի բանով է հակառակում կամքիս։ Որդիս՝ Արթուրը, սիրում է նրան, երկու անգամ խնդրել է ձեռքը և ամեն անգամ Մերին մերժել է։ Խորապես հավատացած եմ, որ եթե որևէ մեկը կարողանա ճիշտ ճանապարհի բերել որդուս, ապա դա նա է։ Ամուսնությունը Մերիի հետ կարող է փոխել Արթուրի ողջ կյանքը… Բայց այժմ, ավաղ, բավականին ուշ է։ Ամեն ինչ խորտակվեց։
Դե ահա, միստր Հոլմս, այժմ գիտեք տանիքիս տակ ապրող բոլոր մարդկանց, և ես, կշարունակեմ իմ տխուր պատմությունը։
Հենց այդ երեկո, երբ ճաշից հետո սուրճ էինք խմում հյուրասենյակում, Արթուրին և Մերիին պատմեցի, թե ինչ գանձ է գտնվում մեր տանը։ Իհարկե, չասացի հաճախորդի անունը։ Լյուսի Պարը, սուրճը մատուցելով, արդեն դուրս էր եկել սենյակից։ Դրանում հաստատ համոզված եմ, չնայած չեմ կարող պնդել, որ դուռը ետևից փակված էր։ Մերին և Արթուրը, իմ պատմությամբ հետաքրքրված, ցանկացան տեսնել հռչակավոր վարսակալը, բայց ես, հանուն բարօրության, գերադասեցի ձեռք չտալ։
— Իսկ որտե՞ս ես դրել, — հարցրեց Արթուրը։
— Պահարանի մեջ։
— Պիտի հուսանք, որ այս գիշեր մեզ մոտ կողոպտիչներ չեն ներխուժի, — ասաց նա։
— Պահարանը փակված է բանալիով, — առարկեցի ես։
— Դատարկ բան է։ Ցանկացած բանալին կհարմարվի դրան։ Երեխա ժամանակս այն բացել եմ բուֆետի բանալիով։
Նա հաճախ էր ավելորդ բաներ դուրս տալիս, և ես ուշադրություն չդարձրի նրա բարբաջանքներին։ Սուրճից հետո Արթուրը մռայլ տեսքով ետևիցս մտավ իմ սենյակը։
— Լսիր, հայրիկ, — աչքերը խոնարհելով ասաց նա։ — Չե՞ս կարող երկու հարյուր ֆունտ պարտք տալ ինձ։
— Ոչ մի դեպքում, — կտրուկ պատասխանեցի ես։ — Առանց այդ էլ դրամական հարցում քեզ շատ եմ ազատություն տվել։
— Այո, դու միշտ էլ առատաձեռն ես եղել, — ասաց նա։ — Բայց հիմա ինձ խիստ անհրաժեշտ է այդ գումարը, այլապես չեմ կարող երևալ ակումբում։
— Ավելի լավ, — բացականչեցի ես։
— Բայց չէ որ ինձ կարող են անազնիվ մարդ համարել։ Ես չեմ տանի այդպիսիս ամոթանքը։ Այսպես թե այնպես, ես պետք է ձեռք բերեմ այդ գումարը։ Եթե դու երկու հարյուր ֆունտ չտաս, ստիպված կլինեմ այն ձեռք բերել մի այլ ճանապարհով։
Ես զայրացել էի․ վերջին ամսում նման խնդրանքով երեք անգամ դիմել էր ինձ։
— Ոչ մի ֆարտինգ չես ստանա, — բացականչեցի ես։
Նա խոնարհվեց և անխոս դուրս եկավ սենյակից։
Արթուրի հեռանալուց հետո նայեցի պահարանի մեջ, համոզվեցի, որ թանկարժեք իրը տեղում է և նորից փակեցի բանալիով։
Հետո որոշեցի շրջել սենյակները և նայել, թե արդյո՞ք ամեն ինչ կարգին է։ Սովորաբար, այդ պարտականությունը իր վրա է վերցնում Մերին, բայց այսօր որոշեցի, որ ավելի լավ է ինքս անեմ։ Աստիճաններից իջնելիս տեսա հյուրասենյակի պատուհանը փակող զարմուհուս։
— Ասեք, հայրիկ, դուք թույլ տվե՞լ եք Լյուսիին հեռանալ։ — Ինձ թվաց, որ Մերին մի փոքր անհանգիստ է։
— Այդ մասին խոսք անգամ չի եղել։
— Հենց նոր նա դուրս եկավ ետնամուտքից։ Կարծում եմ, դուրս եկավ դռնակի մոտ ինչ-որ մեկին հանդիպելու։ Ինձ թվում է, դա բանի նման չէ, և ժամանակն է դրան վերջ տալու։
— Անպայման վաղը խոսիր հետը, կամ եթե ցանկանում ես, ինքս կանեմ։ Ստուգե՞լ ես, ամեն ինչ լավ փակվա՞ծ է։
— Այո, հայրիկ։
— Այդ դեպքում, բարի գիշեր, զավակս։ — Համբուրեցի նրան, գնացի ննջասենյակս և շուտով քնեցի։
Միստր Հոլմս, մանրամասն պատմում եմ այն ամենը, ինչը թեկուզ որոշ չափով կարող է կապ ունենալ գործի հետ։ Բայց եթե ինչ-որ բան ձեզ անհասկանալի թվա, հարցրեք, մի ամաչեք։
— Ոչ, ոչ, միանգամայն պարզ եք պատմում, — պատասխանեց Հոլմսը։
— Հիմա անցնում եմ պատմության այն մասին, որը կցանկանայի հատկապես ավելի մանրամասն շարադրել։ Սովորաբար խորը չեմ քնում, իսկ այդ անգամ անհանգստությունը խորը քնելուն բնավ չնպաստեց։ Մոտավորապես գիշերվա ժամը երկուսին արթնացա ինչ-որ թույլ աղմուկից։ Մինչ գլխի կընկնեի, թե ինչ է կատարվում, աղմուկը դադարեց, բայց այն տպավորությունը ստացա, որ զգուշորեն ինչ-որ տեղ փակեցին պատուհանը։ Համակ ուշադրություն դարձա։ Հանկարծ ննջարանիս կից սենյակից ինձ հասան քայլերի թեթև ձայներ։ Դուրս սողացի անկողնուց և սարսափից դողալով դռնից նայեցի։
— Արթու՛ր, — բղավեցի ես։ — Սրիկա՛։ Գո՛ղ։ Ինչպե՛ս կարողացար ձեռք տալ վարսակալին։
Գազը իջեցրած էր, և նրա թույլ լույսի տակ տեսա դժբախտ որդուս՝ հագին միայն վերնաշապիկ և տաբատ։ Կանգնած էր գազի լամպի տակ և բռնել էր վարսակալը։ Ինձ թվաց, թե նա աշխատում է ծռել կամ կոտրել այն։ Լսելով ձայնս, Արթուրը ձեռքից գցեց վարսակալը և մեռելի պես գունատ դեմքով շրջվեց իմ կողմը։ Ես ճանկեցի գանձը․ պակասում էր երեք բյուրեղաքարերով ոսկե ատամիկը։
— Սրիկա՛, — բացականչեցի զայրույթից ինձ կորցրած։ — Կոտրել այսպիսի իրը։ Դու պատվազրկեցիր ինձ, հասկանու՞մ ես։ Ու՞ր թաքցրիր գողացած քարերը։
— Գողացա՞ծ, — ընկրկեց նա։
— Այո, գողացած։ Դու գող ես, — ճչացի, թափահարելով ուսերը։
— Ոչ, չի կարող պատահել, ոչինչ չի կարող կորչել, — մրթմրթաց նա։
— Այստեղ երեք քար է պակասում։ Ու՞ր են դրանք։ Պարզվում է, որ դու ոչ միայն գող ես, այլև ստախոս։ Չէ որ տեսա, թե ինչպես էիր փորձում մի կտոր էլ պոկել։
— Բավական է։ Այլևս մտադիր չեմ հանդուրժել վիրավորանքները, — սառն ասաց Արթուրը։ — Ինձնից ոչ մի բառ չես լսի։ Առավոտյան հեռանում եմ տնից և ինքս պիտի կարգավորեմ իմ կյանքը։
— Դու իմ տնից կհեռանաս ոստիկանի ուղեկցությամբ, — վշտից ու զայրույթից խելագարված աղաղակեցի ես։ — Ցանկանում եմ ամեն ինչ իմանալ, բացարձակապես ամեն ինչ։
— Ոչ մի խոսք չեմ ասի, — հանկարծակի բռնկվեց նա։ — Եթե դու անհրաժեշտ ես համարում ոստիկանություն կանչել, խնդրեմ, թող փնտրեն։
Ես այնպես էի գոռում, որ ողջ տունը ոտքի հանեցի։ Մերին առաջինը սենյակ վազեց։ Տեսնելով վարսակալը և շփոթված Արթուրին, ամեն ինչ հասկացավ և, ճչալով գիտակցությունը կորցրեց։ Սպասուհուն ուղարկեցի ոստիկանի ետևից։ Երբ ժամանեցին ոստիկանն ու տեսուչը, ձեռքերը կրծքին խաչած, մռայլ կանգնած Արթուրը հարցրեց, միթե՞ իսկապես պատրաստվում են իրեն գողության մեջ մեղադրել։ Պատասխանեցի, որ այս գործը բոլորովին էլ մասնավոր գործ չէ, որ վարսակալը ազգային սեփականություն է, և որ ես հաստատ որոշել եմ գործին օրինական ընթացք տալ։
— Բայց դու գոնե թույլ չես տա, որ նրանք անհապաղ ինձ ձերբակալեն, — ասաց նա։ — Հանուն մեր ընդհանուր շահերի, թույլ տուր տնից բացակայել գոնե հինգ րոպե։
— Որպեսզի թաքնվես կամ ավելի լա՞վ պահես գողացվածը, — բացականչեցի ես։
Ես հասկանում էի իմ վիճակի ողջ ահավորությունը և թախանձում էի նրան մտածել, որ խաղաքարտի վրա է դրված ոչ միայն իմ, այլև ավելի բարձրաստիճան մի անձի անունը, որ վարսակալի կորուստը մեծ իրարանցում կառաջացնի, կցնցի ողջ ազգը։
Այդ ամենից կարելի է խուսափել, եթե միայն նա ասի, թե ինչ է արել այդ երեք քարերը։
— Հասկացիր, — ասացի ես։ — Դու բռնվել ես հանցանքի վայրում։ Խոստովանությունը չի սաստկացնի հանցանքդ։ Ընդհակառակը, եթե վերադարձնես բյուրեղաքարերը, ապա կօգնես ուղղելու ստեղծված վիճակը, և քեզ կներեն։
— Ձեր ներողամտությունը պահեք նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն, — ասաց նա մեծամտորեն և շրջվեց։
Տեսա, որ նա ծայրաստիճան գրգռված է, և հետագա հորդորներն անօգուտ են։ Մնացել էր մի ելք։ Հրավիրեցի տեսուչին, և նա հսկողության տակ վերցրեց Արթուրին։
Ոստիկաններն անմիջապես խուզարկեցին Արթուրին ու նրա սենյակը, տակնուվրա արին ամեն ծակ ու ծուկ, բայց թանկարժեք քարերը չհայտնաբերվեցին, իսկ անողոք տղան բերանն անգամ չբացեց, չնայած մեր հորդորներին ու սպառնալիքներին։ Այսօր առավոտյան նրան բանտ ուղարկեցին։ Իսկ ես վերջացնելով ձևականությունները, շտապեցի ձեզ մոտ։ Աղաչում եմ, գործի դրեք ձեր ողջ արվեստը՝ բացահայտելու այդ գործը։ Ոստիկանատանը բացեիբաց ասացին, դժվար թե ինչ-որ բանով կարողանան ինձ օգնել։ Ոչ մի ծախսից չեմ խուսափի։ Արդեն հազար ֆունտ պարգևատրություն եմ առաջարկել… Տեր Աստված։ Ի՞նչ անել։ Մի գիշերվա մեջ կորցրի պատիվս, կարողությունս և որդուս… Օ, ի՞նչ անեմ։
Նա բռնեց գլուխն ու մրթմրթած՝ իր ցավը արտահայտել չկարողացող երեխայի նման։
Խոժոռելով հոնքերն ու հայացքը սևեռելով բուխարու կրակին, Հոլմսը մի քանի րոպե լուռ նստեց։
— Հաճա՞խ եք հյուրեր ունենում, — հարցրի ես։
— Ոչ, մեզ ոչ ոք չի այցելում․ երբեմն միայն գալիս է գործնկերս՝ կնոջ հետ, և հազվադեպ՝ Արթուրի ընկերներից որևէ մեկը։ Վերջերս մի քանի անգամ մեզ այցելեց Ջորջ Բերնվելը։ Ուրիշ ոչ ոք։
— Իսկ դուք հաճա՞խ եք լինում հասարակության մեջ։
— Արթուրը՝ հաճախ։ Իսկ ես ու Մերին միշտ տանն ենք։ Երկուսս էլ տնակյաց ենք։
— Դա անսովոր է երիտասարդ օրիորդի համար։
— Նա շատ մարդամոտ չէ և, բացի այդ, այնքան էլ երիտասարդ չէ։ Արդեն քսանչորս տարեկան է։
— Ասում եք, որ պատահարը հարվա՞ծ էր նրա համար։
— Օ, այո։ Ինձնից շատ է ցնցված։
— Արթուրի մեղավորության հարցում ձեզ մոտ կասակած չառաջացա՞վ։
— Ի՞նչ կասկածներ կարող են լինել, երբ սեփական աչքով տեսա վարսակալն Արթուրի ձեռքում։
— Չեմ կարող դա հանցանքի վճռական ապացույց համարել։
— Ասացեք, բացի կոտրված ատամիկից, վարսակալի վրա ուրիշ էլի ինչ-որ վնասվածք կա՞ր։
— Այն ծռված էր։
— Իսկ ձեր մտքով չանցա՞վ, որ ձեր տղան ուղղակի ուզում էր ուղղել այն։
— Ի՞նչ եք ասում։ Հասկանում եմ, ցանկանում եք նրան արդարացնել իմ աչքում։ Բայց դա անհնար է։ Ի՞նչ էր անում նա իմ սենյակում։ Եթե հանցագործ մտադրություններ չուներ, ինչու՞ է լռում։
— Այդ ամենը ճիշտ է։ Բայց մյուս կողմից, եթե նա մեղավոր է, ապա ինչու չի փորձում իրեն արդարացնող որևիցե վարկած մտածել։ Այն հանգամանքը, որ նա չի ցանկանում խոսել, ըստ իս, բացառում է երկու ենթադրություն։ Եվ ընդհանրապես, այստեղ մի քանի անհասկանալի մանրամասներ կան։ Ի՞նչ է մտածում ոստիկանությունը այն աղմուկի մասին, որն արթնացրեց ձեզ։
— Կարծում են, որ Արթուրը ննջարանից դուրս գալիս անզգուշաբար շրխկացրել է դուռը։
— Շատ նման է։ Հանցագործության գնալիս մարդը շրխկացնում է դուռը, որպեսզի արթնացնի ողջ տունը։ Իսկ ի՞նչ են մտածում անհետացած քարերի մասին։
— Հիմա էլ դեռ թխկթխկացնում են պատերն ու զննում կահույքը։
— Իսկ չե՞ն փորձել փնտրել տնից դուրս։
— Նրանք բացառիկ եռանդ ցույց տվին։ Սանրեցին ողջ այգին։
— Դե, թանկագին միստր Հոլդեր, — ասաց Հոլմսը, — մի՞թե ակնհայտ չէ, որ ամեն ինչ ավելի բարդ է, քան ենթադրում եք դուք և ոստիկանությունը։ Դուք գործը հասարակ եք համարում, իսկ իմ կարծիքով սա շատ խճճված պատմություն է։ Ինքներդ դատեք, ըստ ձեզ գործի ընթացքն այսպիսին է․ Արթուրը ելնում է անկողնուց, մեծ համարձակությամբ թափանցում է այդ սենյակը, բացում է պահարանը և հանում վարսակալը, մեծ դժվարությամբ կոտրում է ատամիկը, դուրս է գալիս և ինչ-որ տեղ պահում երեսունինը բյուրեղաքարերից երեքը, ընդ որում, այնպիսի ճարպկությամբ, որ ոչ մեկը չի կարողանում գտնել։ Մի՞թե այսպիսի վարկածը իսկապես ձեզ ճշմարտանման է թվում։
— Այդ դեպքում խելքս չի կտրում, թե ինչ կարող է պատահած լինել, — բացականչեց դրամատան հուսահատ տնօրենը։ — Եթե վատ մտադրություն չուներ, ինչու՞ է լռում։
— Հանելուկ լուծելն արդեն մեր գործն է, — պատասխանեց Հոլմսը։ — Իսկ այժմ, միստր Հոլդեր, մենք միասին կուղեվորվենք Սթրիթեմ և մի քանի ժամ կծախսենք, որպեսզի տեղում ծանոթանանք որոշ հանգամանքների։
Ընկերս ստիպեց, որպեսզի ուղեկցեմ իրեն։ Ես հաճույքով համաձայնեցի, այդ տարօրինակ պատմությունը ծայրահեղ հետաքրքրություն և խոր համակրանք առաջացրեց դժբախտ Հոլդերի հանդեպ։ Անկեղծ ասած, Արթուրի մեղավորությունը ինչպես մեր այցելուին, այնպես էլ ինձ միանգամայն անվիճելի թվաց և, այնուամենայնիվ, հավատում էի նաև Հոլմսի զգացողությանը․ եթե ընկերս չէր բավարարվել Հոլդերի բացատրությունից, ուրեմն ինչ-որ հույս կար։
Մինչև Լոնդոնի հարավային մասը հասնելը Հոլմսը ոչ մի խոսք չարտասանեց։ Խոր մտածմունքի մեջ ընկնելով, նստել էր գլուխը խոնարհած կրծքին և լայնեզր գլխարկը քաշել էր մինչև աչքերը։ Մեր այցելուն, ընդհակառակը, թվում էր, ոգեշնչվել էր հույսի փոքր ճառագումից և փորձեց հետս խոսել դրամատան գործերից։ Ճանապարհը երկար չէր․ կարճատև ճանապարհորդություն երկաթգծով, ոտքով կարճ զբոսանք և ահա արդեն Ֆերբենկում ենք, խոշոր դրամատիրոջ համեստ նստավայրում։
Ֆերբենկը սպիտակ քարից մեծ քառակուսի տուն էր, խճուղուց ոչ հեռու, նրան միացած միայն կառքի ճանապարհով։ Հիմա ծանր երկաթյա դարպասներով փակվող այդ ճանապարհը ծածկված էր ձյունով։ Դրանից աջ խիտ մացառուտների թփեր էին, ետևում՝ նեղ արահետ, երկու կողմից՝ կանաչ ցանկապատ, արահետը տանում էր խահանոց, դրանից մեծ մասամբ օգտվում էին մթերք մատակարարողները։ Ձախ կողմում ճանապարհ կար դեպի ձիանոց։ Ճիշտն ասած, դա չէր մտնում Ֆերբենկի կալվածքի մեջ և հասարակության սեփականությունն էր։ Ասենք, այնտեղ օտարների հազվադեպ կարելի էր հանդիպել։
Հոլմսը մեզ հետ տուն չմտավ․ դանդաղ շարժվեց շենքի ճակատի երկայնքով,խոհանոց տանող ճանապարհով, հետո այգու միջով գնաց դեպի ձիանոց։ Միստր Հոլդերն ու ես այդպես էլ չսպասեցինք Հոլմսին, տուն մտնելով լուռ տեղավորվեցինք ճաշասենյակում՝ բուխարու մոտ։