1. Բրյուգե — մեռյալ քաղաք

Chapter 9

IX

Հյուգը մի սոսկալի հուսախաբություն էր ապրում այն օրվանից ի վեր, երբ, անձնատուր լինելով իր արտառոց քմահաճույքին, ցանկացավ հանգուցյալի դարն ապրած զգեստները հագցնել Ջեյնին: Նա չափն անցավ: Ցանկանալով երկու կանանց միավորել, դրանով իսկ նվազեցրեց նմանությունը: Քանի դեռ նրանք գոյություն ունեին իրարից անջատ, մահվան մշուշով իրարից բաժանված, պատրանքը դեռ հնարավոր էր: Իրար մոտենալուն պես հայտնվեցին տարբերությունները:

Սկզբում նա հրապուրված էր այն բանով, որ իր կնոջ դեմքի նման մեկ ուրիշ դեմք է գտել, և նա ամբողջովին համակված էր ուրախությամբ: Ավելի ուշ, մանրամասներն իրար կողք դնելով, սկսեց տառապել տարբերություններից:

Նմանությունները միշտ երևում են առանձին գծերի և ընդհանուր տպավորության մեջ, բայց բավական է տեսնել մանրամասները, որպեսզի տարբերություններն անմիջապես երևան գան: Սակայն Հյուգն ավելի մանրազնին դարձնելով համեմատությունը, չէր նկատում, որ ինքն ուրիշ կերպ է նայում, մեղադրում է Ջեյնին՝ կարծելով, թե նա փոխվել է:

Իհարկե նրա աչքերը շարունակ նույնն էին: Սակայն եթե աչքերը հոգու հայելին են, ապա նրա համար ոչ մի կասկած չկար, որ մեկ ուրիշ հոգի է արտացոլվում այդ աչքերում, բոլորովին տարբեր հանգուցյալի հոգուց: Ջեյնը, որ սկզբում մեղմ էր և զուսպ, աստիճանաբար կապերն արձակել էր: Նրանում նորից հայտնվել էր բեմի և կուլիսների դրոշմը: Ավելի մտերմանալուց հետո նա վերադարձել էր իր նախկին ազատ շարժուձևին, աղմկալից ուրախության, անզուսպ խոսելաձևին, անփույթ հագնվելու իր առաջվա սովորույթին, երբ տանը մնալով՝ մի ճմռթված պենյուար էր հագնում և գզգզված մազերով անցկացնում ամբողջ օրը: Նա իր փնթի տեսքով վիրավորում էր Հյուգի բարեկիրթ զգացմունքները: Այնուհանդերձ, նա գնում էր այդ կնոջ մոտ, աշխատելով ձեռքից խույս տվող պատրանքը պահել: Ի՜նչ դանդաղ էին հոսում ժամերը: Ի՜նչ մռայլ էին երեկոները: Նա այդ ձայնի կարիքն ուներ: Դեռ շարունակում էր ըմպել այդ թանձր ակունքից: Միաժամանակ տառապում էր նրա արտասանած բառերից:

Ջեյնն էլ, իր հերթին, հոգնել էր նրա սևամաղձ տրամադրությունից, նրա տևական լռությունից: Այժմ, երբ Հյուգը երեկոյան գալիս էր, Ջեյնը դեռ վերադարձած չէր լինում, ուշանում էր՝ քաղաքում զբոսնելու, գնումներ անելու և զգեստներ չափելու պատճառով: Պատահում էր, որ ուրիշ ժամերի էր գալիս նրան տեսնելու՝ ցերեկը, առավոտյան կամ կեսօրից հետո: Սակայն Ջեյնը հաճախ տանը չէր լինում, քանզի ձանձրանում էր մենակ և շարունակ փողոցներն էր չափում: Ո՞ւր էր գնում: Հյուգը գիտեր, որ նա ընկերուհիներ չունի: Սպասելով նրան և չցանկանալով տանը մենակ մնալ, գերադասում էր զբոսնել մերձակայքում, մինչև նա կվերադառնար: Անհանգիստ, տխուր, խուսափելով օտար հայացքներից, աննպատակ քայլում էր պատահական ուղղությամբ, մի մայթից մյուսն անցնում, դանդաղ առաջանում քարափներով, հասնում կանոնավոր գծագրված հրապարակներին՝ ասես ծառերի տրտունջից տխրամած, վերջապես խորանում էր փողոցների անծայր լաբիրինթոսի մեջ:

Ա՜հ, Բրյուգեի փողոցների այս մշտական գորշագույնը:

Հյուգն ավելի ու ավելի սաստկությամբ էր զգում այդ գորշ փողոցների ազդեցությունն իր հոգու վրա: Նրան ճնշում էր փողոցներում տիրող այդ խորունկ լռությունը և դատարկությունը: Միայն, երբեմն-երբեմն, հատուկենտ պառավների կարելի էր տեսնել՝ սև վերարկու հագած, կնգուղը գլխներին քաշած, ասես ուրվականներ լինեին, որ վերադառնում էին Ս. Արյան մատուռից, ուր գնացել էին մոմ վառելու: Այդքան շատ պառավ կարելի է տեսնել միայն հին քաղաքներում: Նրանք դեգերում են հողագույն դեմքերով, տարիների բեռը շալակած և մշտապես լուռ, ասես ծախսել են իրենց բոլոր բառերը: Հյուգն, իր հին վշտի և ներկա հոգսերի մեջ թաղված, նրանց գրեթե չէր տեսնում: Մեքենայորեն հետ էր գալիս Ջեյնի մոտ: Նորից տանը չէր:

Դարձյալ գնում էր քայլելու, չգիտեր, թե դեպի ուր, մտնում էր անմարդ փողոցները և, առանց նկատելու, հասնում դյու Ռոզեր քարափ: Այդ ժամանակ որոշում էր տուն մտնել: Ջեյնի մոտ կգնա ավելի ուշ, երեկոյան: Տանը նստում էր բազկաթոռին, փորձում կարդալ, սակայն քիչ հետո, մենությունից խեղդված, իր տան ընդարձակ միջանցքների լռությունից ճնշված, նորից դուրս էր գալիս:

Երեկո է... Անձրև է մաղում, որ անսպասելի ուժեղանում է, ծակծկում իր հոգին... Հյուգն զգում էր, որ Ջեյնի դեմքը նորից նվաճել է իրեն, որ քայլերը դարձյալ տանում են դեպի նրա տուն: Նա գնում էր, մոտենում, նորից ետ դառնում... Հանկարծ մեկուսանալու պահանջ էր զգում՝ վախենալով, թե Ջեյնը հիմա տանն է և սպասում է իրեն: Եվ Հյուգը չէր ուզում նրան տեսնել:

Ուստի արագորեն քայլում էր հակառակ ուղղությամբ՝ ընկղմելով հին թաղերի մեջ, աննպատակ թափառելով՝ պարպված, ողբալի, ցեխի մեջ կորած: Իսկ անձրևն ուժեղանում էր, բազմացնելով իր թելերը, իր սարդոստայնը հյուսելով, հանգույցներն ավելի ձգելով, ստեղծելով անշոշափելի ու թաց մի ուռկան, որի մեջ բռնում էր նրա ուժասպառ հոգին: Նորից տրվում էր հուշերին... Ջեյնի մասին մտածում... Ի՞նչ է անում այս ժամին՝ դրսում, այսպիսի տխուր եղանակին: Մտածում էր մահվան մասին... Հիմա ի՞նչ է կատարվում նրա հետ: Օ՜, նրա խեղճ գերեզմանը... Ծաղիկներն ու պսակներն այս հորդառատ անձրևի տակ են ընկել...

Եվ զանգերը ղողանջեցին՝ այնպե՜ս դալուկ և այնքա՜ն հեռավոր: Քաղաքն ինչքա՜ն հեռու է: Ասես նա էլ գոյություն չունի այլևս, հալվել է, անհետացել, ջրահեղձվել անձրևի տակ... Նույն վիշտն է: Քաղաքի ամենաբարձր զանգակատներից տխուր ղողանջն էր հնչում՝ ի հիշատակ մեռյալ Բրյուգեի:

Comments