1. Բրյուգե — մեռյալ քաղաք

Chapter 8

VIII

Մարտ ամսվա կիրակիներից մեկն էր, Զատկի առաջին օրը: Հյուգն առավոտյան հայտնեց իր պառավ սպասուհուն, որ այդ օրը տանը չի ճաշելու և ընթրելու, և որ սպասուհին ազատ է մինչև երեկո: Բարբը շատ ուրախացավ, քանզի այդ օրը մեծ տոն էր, նա կգնա բեգինուհիների մոտ, կմասնակցի բոլոր ծեսերին. մեծ պատարագը, երեկոյան ժամերգությունը և Ս. Հաղորդությունը, օրվա մնացած մասն էլ կանցկացնի իր ազգականի՝ քույր Ռոզալիի մոտ, որն ապրում է մենաստանի գլխավոր խցերից մեկում:

Բեգինուհիների մոտ գնալը Բարբի հազվագյուտ և լավագույն ուրախությունն էր: Բոլորը գիտեին նրան այնտեղ: Նա մտերիմ էր բեգինուհիներից շատերի հետ, ինքն էլ երազում էր մի քիչ փող հավաքելուց և ավելի ծերանալուց հետո միանձնուհու զգեստ հագնել և իր կյանքն ավարտել նրանց հետ, որոնք այդպես երջանիկ են: Ամեն անգամ բեգինուհիներին տեսնելիս, հիանում էր նրանց փղոսկրյա ճերմակ գլխարկներով: Հատկապես մարտի այս առավոտյան նա առանձնահատուկ հրճվանքով էր քայլում դեպի իր սիրելի միաբանություն: Նա գնում էր աշխույժ քայլով, իր սև վերարկուն հագած, որի կնգուղը զանգի պես շարժվում էր: Հեռվից լսվող զանգերը կարծես համերաշխ էին հնչում նրա քայլերի հետ: Եկեղեցու միաձայն ղողանջն էր, որի մեջ, տասնհինգ րոպեն մեկ, առանձնանում էր մի նրբին զանգահարություն, ասես ապակե ստեղների վրա հնչեցրած մի մեներգ...

Գարնան առաջին կանաչությունը գյուղի տեսք էր տալիս արվարձանին: Բարբը, չնայած որ երեսուն տարի ապրում էր քաղաքում, իր նման շատերի պես պահպանել էր գյուղի անջնջելի հիշատակը, գյուղացու հոգին, որը խոտի կամ տերևների տեսքից հալվում է:

Լավ առավոտ էր: Նա արագ քայլում էր արևի տակ՝ թռչունների ծլվլոցից և առաջին բողբոջներից ուրախացած: Գրեթե գեղջկական այս արվարձանում Minnewater-ի շուրջ որոշ տեղեր արդեն կանաչել էր: Սիրո լիճ, այդպես էր թարգմանվում այդ անվանումը: Կամ, ավելի ճիշտ, ջուր, որտեղ սիրում են: Եվ այդտեղ, այդ ննջող լճակի մոտ, նունուֆարներ կային՝ առաջին հաղորդումն ստացած կույսերի սրտերի նման, ափերը ծածկված են խուզած խոտով ու ծաղիկներով, բարձր ծառեր կային այդտեղ, իսկ հորիզոնի վրա երևում էին հողմնաղացներն՝ իրենց շարժվող թևերով: Բարբը մի անգամ ևս տրվեց ուղևորության պատրանքին, դաշտերի մեջ վերադառնալով իր մանկությանը...

Նա մի բարեպաշտ հոգի ուներ, լեցուն ֆլամանդական այն հավատով, որի մեջ իսպանական կաթոլիցիզմ է նկատվում: Դա այն հավատն է, որտեղ խղճի խայթը և սարսափը գերազանցում են ինքնավստահությանը և որն ավելի շատ սարսափում է դժոխքից, քան կարոտում երկնային արքայությանը: Այդ հավատը, սակայն, չի հրաժարվում գեղեցիկ հարդարանքից, ծաղիկների զգայնությունից, խունկից, շքեղ կերպասներից, մի բան, որ հատուկ է այդ ցեղին: Ահա ինչու ծեր սպասուհու մռայլ հոգին, երբ կորաթռիչք կամուրջն անցնելով մոտենում էր բեգինուհիների եկեղեցուն և մտնում նրանց միստիկ կուսանոցը, նախապես հրճվում էր սրբազան արարողությունների հանդիսավորությամբ:

Արդեն այստեղ իսկ մի լռություն էր տիրում, որ հատուկ է միայն եկեղեցիներին: Նույնիսկ լճակը թափվող փոքրիկ ակունքների խոխոջն այստեղ հնչում էր որպես աղոթող բերանների մրմունջ: Եվ պատերը, խցերի ցածր պատերը, ճերմակ էին ինչպես Սրբազան Գահի ծածկոցը: Պատերի միջև, ասես Յան Վան-Էյկի ձեռքով նկարված, առատ ու թանձր խոտ կար, որտեղ մի գառնուկ էր արածում, ինչպես Զատկի գառը:

Սրբերի կամ երանելիների անունները կրող ոլորապտույտ փողոցներ կան, որ անսպասելի թեքվում են, իրար խառնվում, երկարում և այդպիսով միջնադարյան մի գյուղակ կազմում, մի փոքրիկ քաղաք՝ հիմնական քաղաքի մեջ և նրանից ավելի մեռած: Այդ քաղաքն այնքա՜ն դատարկ է և այնպիսի վարակիչ մի լռություն է տիրում, որ քայլում են հուշիկ, խոսում շշուկով, ասես հիվանդի սենյակում գտնվեն: Եթե պատահական որևէ անցորդ աղմուկով քայլի, դա կթվա անբնական և սրբապիղծ: Միայն բեգինուհիները կարող են այդտեղով անցնել ըստ պատշաճի, զգույշ քայլերով, այդ՝ կյանքը մարած մթնոլորտի միջով, քանզի նրանք ոչ թե քայլում են, այլ սահում, ասես կարապներ լինեն, անվերջանալի ջրանցքներում լողացող ճերմակ կարապների քույրերը:

Այն պահին, երբ Բարբը մոտեցավ եկեղեցուն, որտեղից արդեն երգեհոնի արձագանքն էր լսվում ու երգեցողությունը, մի քանի ուշացած բեգինուհիներ անցան: Բարբը նրանց հետ միաժամանակ մտավ եկեղեցի: Բեգինուհիները տեղավորվեցին փայտե քանդակազարդ ու երկար նստարաններին, երգչախմբի մոտ: Բոլոր գլխարկներն իրար ձուլվեցին, իսկ երբ արևը ներս թափանցեց վիտրաժների միջով, նրանց ճերմակ թևքերին կարմիր և կապույտ արտացոլումներ հայտնվեցին: Բարբը հեռվից նախանձով նայում էր հաղորդության համար ծնկի իջած քույրերին՝ Հիսուսի հարսերին և Տիրոջ աղավնիներին, հուսալով մի օր նրանց միանալ...

Նա տեղ գրավեց կողքի նստարաններից մեկին, մի քանի հավատացյալների հետ. ծերեր, երեխաներ, բեգինուհիների դատարկվող մենաստանում բնակվող աղքատ ընտանիքներ: Բարբը, որ կարդալ չգիտեր, տերողորմյան էր համրում և լիաշուրթ աղոթում: Նա ստեպ-ստեպ նայում էր քույր Ռոզալիին, իր ազգականուհուն, որը երկրորդ տեղն էր գրավել նստարանի վրա, Գերաշնորհ մայրապետի կողքին:

Ի՜նչ գեղեցիկ էր եկեղեցին՝ մոմերի լույսով ողողված: Բարբն ընծայումի պահին մի փոքրիկ մոմ գնեց քույր լուսարարից, և պառավ սպասուհու ընծան ևս վառվեց մյուսների կողքին:

Ժամանակ առ ժամանակ նա հետևում էր, թե ինչպես է վառվում իր մոմը, որը ջոկում էր մյուսների միջից:

Օ՜, ինչ երջանիկ էր, և ինչպե՜ս իրավացի են հոգևորականները, երբ ասում են, թե եկեղեցին Աստծո տունն է: Դա հատկապես ճիշտ էր բեգինուհիների մենաստանի համար, որտեղ քույրերը, բեմի վրա, երգում էին այնպիսի քաղցր ձայնով, ինչպիսին պիտի միայն հրեշտակներն ունենան:

Բարբն անվերջ կարող էր լսել ֆիսհարմոնը և երգեցողությունը, որ ծավալվում էր օդում՝ ճերմակ, ինչպես գեղեցիկ կերպասները:

Պատարագը սակայն ավարտվեց. լույսերը մարեցին:

Բեգինուհիներն, իրենց ճերմակ թասակներով, միաժամանակ դուրս եկան, ասես մեղուների պարս լիներ, որն ակնթարթի մեջ կանաչ պարտեզը ճերմակով ծածկեց կամ թևերը բացած ճայեր էին, որ պատրաստվում էին թռիչքի: Բարբը, որոշ տարածություն պահպանելով, հետևում էր նրանց: Նա աշխատում էր իր ազգականուհու՝ քույր Ռոզալիի պատճառով, առանձնահատուկ զսպվածություն և պատկառանք ցուցաբերել: Սակայն երբ տեսավ, որ նա մտնում է իր խուցը, քայլերն արագացրեց և ետքից մտավ ներս:

Բեգինուհիների համայնքը բնակվում էր մի քանի տնակներում: Մի տնակի մեջ ապրում էին երեք-չորս, իսկ երբեմն՝ տասնհինգ-քսան հոգի: Քույր Ռոզալիի տնակը բազմամարդ էր: Երբ Բարբը մտավ ներս, եկեղեցուց նոր վերադարձած քույրերին տեսավ, որ աշխատանոցի ընդարձակ սենյակում հավաքված զրուցում էին ու ծիծաղում, իրար հարցեր տալիս: Տոնական օրվա պատճառով կարուձևի զամբյուղները և ժանեկագործության քառակուսի բարձիկները մի կողմ էին դրել: Մի քանիսը, տնակի առջև փռված փոքրիկ պարտեզն էին նայում և տոսախի թփերով եզերված ծաղկանոցը: Մյուսները, որոնց մեջ երիտասարդներ կային, իրենց ստացած նվերներն էին ցուցադրում՝ Զատկի ձվերը: Բարբը մի քիչ քաշվելով, շարունակ քայլում էր իր ազգականուհու ետևից և նրա հետ մտնում սենյակներ, հյուրասրահ, որտեղ ուրիշ այցելուներ կային նստած: Նա վախենում էր մենակ մնալ, անկոչ հյուր թվալ: Անհանգստությամբ սպասում էր, որ իրեն ճաշի հրավիրեն, ինչպես ընդունված էր այստեղ: Իսկ եթե այնպես ստացվի, որ ազգականներ շատ եկած լինեն և իրեն տեղ չմնա՞...

Բարբը հանգստացավ, երբ քույր Ռոզալին մոտեցավ ու մայրապետի անունից հրավիրեց ճաշի, միաժամանակ ներողություն խնդրեց, որ պիտի մենակ թողնի, քանզի բեգինուհիները հերթով վարում են տնտեսությունը, այս շաբաթ իր հերթն էր:

— Ճաշից հետո կխոսենք, — ավելացրեց նա: — Մանավանդ որ քեզ մի կարևոր բան ունեմ ասելու:

— Կարևոր բա՞ն, — վախեցած հարցրեց Բարբը: — Ուրեմն, հիմա ասա:

— Հիմա ժամանակ չունեմ... Հետո:

Եվ նա անհետացավ միջանցքում, պառավ սպասուհուն թողնելով ծանր մտատանջությունների մեջ: Կարևոր բա՞ն: Ի՞նչ կարող էր լինել: Որևէ դժբախտությո՞ւն: Սակայն այս ազգականուհուց բացի աշխարհում նա ուրիշ հարազատ չուներ:

Ուրեմն, խոսքն իր մասին է: Ինչո՞ւմ կարող են իրեն պախարակել կամ մեղադրել: Նա երբեք, ոչ մեկին չէր խաբել: Երբ գնում էր խոստովանության, իսկապես չգիտեր, թե ինչ ասեր, ո՞ր մեղքերից թոթափվեր:

Բարբը շատ անհանգիստ էր: Քույր Ռոզալին այնպիսի՜ մռայլ, գրեթե խիստ տոնով խոսեց հետը: Օրվա ուրախ տրամադրությունը միանգամից անհետացավ: Այլևս սիրտ չուներ ծիծաղելու, միանալու բեգինուհիներին, որ քիչ հեռվում ուրախանում էին, շաղակրատում, ժանյակները նայում, նորահայտ զարդանախշը քննում:

Աթոռին նստած մեկուսի մտածում էր անհայտ բանի մասին, որը նրան պիտի ասեր քույր Ռոզալին:

Երբ ճաշի նստեցին երկար սեղանատանը, բարձրաձայն արտասանված աղոթքից հետո Բարբն ընդամենը մի պատառ կերավ, առանց իսկական հաճույքի, մինչդեռ տեսնում էր, թե կարմրաթուշ և առողջ բեգինուհիները, հյուրերը և մյուս ազգականներն ինչպիսի հաճույքով են վայելում տոնական ճաշը: Այդ օրը գինի էին մատուցում, Սուրբ գինի՝ թանձր և ոսկեգույն: Բարբը մի բաժակ խմեց, հուսալով իր մտահոգություններից ազատվել: Սակայն գլխացավը բռնեց:

Նրան թվում էր, թե ճաշը չի ավարտվելու: Երբ վերջապես ավարտվեց, նա ուղղակի վազեց քույր Ռոզալիի մոտ և հարցական հայացքով նայեց նրան: Վերջինս, նկատելով նրա հուզմունքը, ջանաց անմիջապես հանգստացնել:

— Առանձնապես ոչինչ չկա, Բարբ, իզուր մի անհանգստացիր:

— Ի՞նչ է պատահել:

— Ոչինչ, ոչ մի լուրջ բան չկա: Պարզապես կուզեի մի խորհուրդ տալ քեզ:

— Օ՜, ինչպես վախեցրիր ինձ:

— Ես նկատի ունեմ ներկա վիճակը, երբ ասում եմ, թե առանձնապես լուրջ բան չկա: Սակայն վիճակը հետագայում կարող է լրջանալ: Ահա թե ինչ. հավանաբար հարկ կլինի, որպեսզի դու աշխատանքիդ տեղը փոխես:

— Աշխատանքիս տեղը փոխե՞մ: Բայց ինչո՞ւ: Արդեն հինգ տարի է պարոն Վիանի մոտ եմ: Ես կապված եմ նրան, քանզի տեսա, որ շատ դժբախտ է: Նա էլ ինձ է կապված: Նա աշխարհի ամենապարկեշտ մարդն է:

— Ա՜հ, խեղճ իմ դուստր, ի՜նչ միամիտն եք դուք: Ոչ, այդպես չէ: Նա աշխարհի ամենաազնիվ մարդը չէ:

Բարբն, իսպառ գունատված, հարցրեց.

— Ի՞նչ եք ուզում ասել, իմ տերն ի՞նչ վատ բան է արել:

Քույր Ռոզալին ներկայացրեց նրան քաղաքով մեկ տարածված պատմությունը, որ եկել հասել էր մինչև բեգինուհիների այս խաղաղ կացարանը, պատմությունն այն մասին, թե ինչպես էին բոլորը մի ժամանակ համակրանքով նայում ահավոր և անմխիթար վշտից տառապող այրուն, որն այժմ սկսել է անվայել կյանքով ապրել: Այո, նա հիմա նողկալի կերպով է մխիթարվում, գնում է մի վատահամբավ կնոջ մոտ, թատրոնի մի նախկին պարուհի...

Բարբը դողում էր: Ամեն բառի հետ զսպում էր իր ներքին ընդվզումը: Նա ակնածում էր իր ազգականուհուց, ուստի չափազանց վիրավորական, չափազանց անհավատալի հայտնությունները նրա բերանում հնչում էին որպես հեղինակավոր կարծիք: Ահա թե որն էր իր տիրոջ կյանքում տեղի ունեցած փոփոխությունների պատճառը, ինչը նա չէր կարողանում հասկանալ. տնից այդքան հաճախակի դուրս գալը, այդ մշտական երթուդարձը, դրսում ճաշելը, այդքան ուշ վերադառնալը, գիշերները բացակայելը...

Քույր Ռոզալին շարունակեց.

— Մտածե՞լ եք արդյոք, Բարբ, որ քրիստոնյա և ազնիվ սպասուհին չի կարող այլևս ծառայել մի տղամարդու, որը դարձել է անբարո:

Այդ բառերից Բարբը քիչ մնաց պայթեր. չի՛ կարող պատահել, դա զրպարտություն է... քույր Ռոզալիին մոլորեցրել են: Այդ ազնիվ պարոնը, որ այդպես պաշտում էր իր կնոջը... սեփական աչքերով տեսել է, թե ինչպես ամեն առավոտ լալիս է հանգուցյալի նկարի առջև, նրա մազերը պահում սրբազան մասունքի պես:

— Ես ձեզ ճշմարտությունն եմ ասում, — հանգիստ պատասխանեց քույր Ռոզալին: — Ես ամեն ինչ գիտեմ: Ես նույնիսկ տունը գիտեմ, որտեղ այդ կինն է ապրում: Քաղաք գնալիս միշտ այդտեղով եմ անցնում, և նրան տեսել եմ պարոն Վիանի հետ ներսուդուրս անելիս:

Դա անհերքելի էր: Բարբն ընկճված էր: Նա լռեց և ճակատը կնճռոտելով սկսեց մտորել:

Հետո պարզապես ասաց. «Ես կմտածեմ»: Այդ պահին ազգականուհուն կանչեցին հերթապահության հարցերով և նա կարճ ժամանակով հեռացավ:

Պառավ սպասուհին ապշած էր և ուժասպառ, մտքերը խառնվել էին իրար: Այդ լուրը հակառակ էր իր սպասումներին և տակնուվրա էր անում իր ապագա ամբողջ կյանքը:

Նախևառաջ նա կապված էր իր տիրոջը և չէր կարողանա առանց ափսոսանքի լքել նրան:

Եվ հետո, ուրիշ ի՞նչ աշխատանք պիտի գտներ, որ այդքան լավը լիներ, այդքան հանգիստ և շահավետ: Այրու մոտ մնալով նա կկարողանար մի քիչ փող հետ գցել, պարտադիր գումարը հավաքել, որպեսզի կարողանար իր կյանքի վերջին օրերը բեգինուհիների մենաստանում ապրել: Այնուհանդերձ քույր Ռոզալին ճիշտ էր: Այլևս չէր կարող մնալ մի տղամարդու մոտ, որի վարքն անհանդուրժելի է մյուսների համար:

Նա արդեն գիտեր, որ չի կարելի ծառայել անհավատների մոտ, որոնք չեն աղոթում, չեն հետևում եկեղեցու օրենքներին, ծոմ չեն պահում: Նույնը վերաբերում էր անառակ մարդկանց: Նրանք ամենածանր մեղքն են գործում, որի համար, ինչպես քարոզիչներն են ասում, դժոխքի կրակներին պիտի արժանանան: Եվ Բարբն իրենից անմիջապես հեռու վանեց ցոփության ամենահեռավոր պատկերացումները, որոնց անունն անգամ լսելիս խաչակնքում էր:

Ի՞նչ որոշում պիտի ընդուներ: Բարբը մնացել էր շփոթված երեկոյան բոլոր ծեսերի ընթացքում, որոնց ներկա գտնվելու համար, մյուսների հետ վերադարձավ եկեղեցի: Նա խնդրում էր Ս. Հոգուն, որ լույս տա իր խոհերին, և նրա աղոթքը լսելի եղավ, քանզի գտավ ելքը:

Հաշվի առնելով, որ խնդիրը շատ բարդ է և իր հասողությունից վեր, նա գտավ, որ անմիջապես պետք է գնա իր խոստովանահոր մոտ, որ Տիրամոր եկեղեցում էր, և հնազանդորեն հետևի նրա խորհուրդներին:

Հոգևորականը, որին նա պատմեց քիչ առաջ լսածը, վաղուց գիտեր նրա պարզ ու շիտակ հոգին, որ շարունակ տանջվում էր խղճի խայթից: Նա աշխատեց հանգստացնել Բարբին և պահանջեց երդվել, որ կտրուկ քայլերի չի դիմի: Եթե իր տիրոջ մասին շրջող լուրերը ճշմարիտ են, եթե նա իսկապես հանցավոր կապի մեջ է, ապա պետք է ինքը հաշվի նստի որոշ հանգամանքների հետ. քանի դեռ հանդիպումները տեղի են ունենում տնից դուրս, նա պետք է դրանք անտեսի, համենայն դեպս այդ մասին չմտածի և չհուզվի: Սակայն, եթե, մի չար բախտով, խնդրո առարկա այդ վատահամբավ կինը գա տիրոջ մոտ, այցելի նրան ճաշելու կամ մեկ ուրիշ նպատակով, ապա նա չի կարող այդ անառակության մեղսակիցը դառնալ, պիտի հրաժարվի իր աշխատանքից և հեռանա:

Բարբը նրան խնդրեց երկու անգամ կրկնել այդ հրահանգը, և հիմնավորապես յուրացնելուց հետո դուրս եկավ խոստովանահոր մոտից ու կարճատև աղոթք անելուց հետո վերադարձավ դյու Ռոզեր քարափ, դեպի այն տունը, որտեղից առավոտյան դուրս էր եկել այդքան ուրախ ու երջանիկ և որն ստիպված կլիներ վաղ թե ուշ լքել (նա այդ լավ էր զգում):

Ա՜հ, ուրախությունը որքա՜ն կարճատև է: Նա վերադառնում էր մեռյալ փողոցներով, կարոտելով արշալույսի կանաչ արվարձանը, պատարագը, լուսավոր սաղմոսները, այն ամենը, ինչի վրա իջնում էր գիշերը: Նա մտածում էր առաջիկա մեկնումի մասին, նոր ծանոթությունների, մահացու մեղքի մեջ թաղված իր տիրոջ մասին: Մտածում էր իր մասին, որ այսուհետ առանց որևէ հույսի, իր վերջին օրերը կապրի բեգինուհիների հետ, որ այսպիսի մի երեկո կմեռնի մեն—մենակ, մի հիվանդանոցում, որի պատուհանները նայում են ջրանցքին...

Comments