Chapter 7
VII
Արդեն մի քանի ամիս էր անցել Հյուգի և Ջեյնի հանդիպումից, սակայն ոչ մի կերպ չէր բացահայտվել այդ կեղծիքը, որի մեջ ապրում էր: Ինչպե՜ս էր փոխվել նրա կյանքը: Այլևս տխուր չէր: Այլևս այդ մենության զգացումը չուներ՝ ահռելի պարապի մեջ: Ջեյնը վերադարձրեց այն երբեմնի սերը, որ թվում էր ընդմիշտ հեռացած և անհասանելի: Նա նորից գտավ այդ սերը Ջեյնի մեջ, ինչպես լուսնի արտացոլումը ջրի մակերեսին՝ հար և նման: Առայժմ ոչ մի ալյակ, չարաղետ քամու ոչ մի պոռթկում չէր աղավաղել այդ արտացոլումը:
Եվ նա այնպիսի սաստկությամբ էր շարունակում իր հանգուցյալին պատվել այդ նմանակի մեջ, որ մի վայրկյան անգամ չէր մտածել, թե դավաճանում է իր պաշտամունքի հավատարմությանը կամ հիշատակը: Ամեն առավոտ, ինչպես կնոջ վախճանվելու հաջորդ օրը, Հյուգն աղոթում էր նրա հիշատակի առջև, ասես կանգ առներ սիրո խաչի ճանապարհին: Սենյակների լուռ կիսախավարում, կիսաբաց արտափեղկերի լուսավորության ներքո, անփոփոխ կահավորումի մեջ, նա առավոտվանից խանդաղատանքով երկրպագում էր կնոջ դիմանկարների առջև: Ահա մի լուսանկար, երբ նա ջահել աղջիկ էր, իրենց ամուսնությունից առաջ: Կենտրոնում մի մեծ պաստել կար, որի հայելափայլ ապակին մերթ թաքցնում, մերթ ցույց էր տալիս նրա կերպարը: Սեղանին մեկ ուրիշ լուսանկար էր դրված՝ սև շրջանակի մեջ, վերջին տարիների մի դիմանկար, դեմքին արդեն տառապանք կար և նման էր թոշնող շուշանի... Հյուգը համբուրում էր այդ լուսանկարը, ասես շրթունքները մասնատուփի հպեր:
Ամեն առավոտ նաև մազերն էր դիտում՝ բյուրեղապակյա տուփի մեջ դրված: Սակայն կափարիչը բարձրացնելուց հետո չէր համարձակվում դիպչել դրանց: Այդ մազերը սրբազան մի բան էին: Դրանք հանգուցյալի մի մասնիկն էին, որ գերեզմանից խուսափելով, այս ապակե դագաղի մեջ հանգիստ քնել էին: Բայցևայնպես, դրանք մեռած էին, քանզի հանգուցյալի մի մասն էին կազմում և դրանց երբեք չէր կարելի դիպչել: Նա պիտի բավարարվեր նայելով, տեսնելու համար, որ դրանք անեղծ են, համոզվելու համար, որ միշտ ներկա են՝ այդ վարսերը, քանզի տան հետագա գոյությունը գուցե կախված էր դրանցից:
Հյուգն այսպես ժամեր շարունակ տրվում էր իր հուշերին, մինչդեռ նրա գլխավերևը ձեղնաջահը, փակ սենյակի լռության մեջ, իր փոքրիկ բյուրեղապակիների թեթև զնգոցով ասես անլսելի մի տրտունջ էր արձակում:
Հետո գնում էր Ջեյնի մոտ, որպես իր պաշտամունքի վերջին կայան: Ջեյնը, որ հանգուցյալի մազերն ուներ՝ անխախտ և կենդանի: Ջեյնը, որ ասես մեռյալի ամենահարազատ դիմանկարը լիներ: Մի օր, որպեսզի փայփայվեր մասնահատուկ նմանության պատրանքով, մի արտառոց և գայթակղիչ գաղափար հղացավ. նա պահպանել էր ոչ միայն կնոջ դիմանկարները և մանր-մունր իրերը, այլև նրա ամեն ինչը, որպեսզի տպավորություն ստեղծեր, թե կինը պարզապես բացակա է: Նա ոչինչ չէր նետել, նվիրել կամ վաճառել: Նրա սենյակը միշտ հավաքած էր, ասես պատրաստ՝ կնոջ հնարավոր վերադարձին: Ամեն տարի փոխում էին տոսախի օրհնված ճյուղը: Նրա սպիտակեղենն ամբողջությամբ, մի քիչ դեղնած, դարսված էր դարակներում: Զգեստները, նախկին բոլոր հագուստները նույնպես կախված էին պահարանում՝ շարժումներից զրկված մետաքս ու բուրդ:
Հյուգը երբեմն ցանկություն էր ունենում դրանք նորից տեսնել, նախանձախնդիր՝ ոչինչ չմոռանալու, իր վիշտը հավերժացնելու...
Սերը, հավատի պես, պահպանվելու համար կարիք ունի փոքրիկ ծեսերի: Այսպիսով, մի օր տարօրինակ միտք հայտնվեց նրա գլխում, որն սկսեց հալածել նրան, մինչև որ վճռեց այն իրականացնել: Նա ցանկացավ Ջեյնին տեսնել այդ հագուստների մեջ, հանգուցյալի պես հագնված: Նա, որ այդպես նման է իր կնոջը, իր դեմքի նույնությունը կավելացնի այդ հագուստներից որևէ մեկի նույնությանը, որը մի ժամանակ տեսել էր հանգուցյալի հագին: Այդպիսով նրա կինն իսկապես կվերադառնա:
Ինչպիսի՜ աստվածային պահ կլինի, երբ Ջեյնն այդպես հագնված մոտենա իրեն: Այդ պահը կվերացնի ժամանակն ու իրականը և կատարյալ մոռացում կպարգևի:
Այդ ծրագիրը նրա գլուխը մտնելուն պես դարձավ սևեռուն միտք և սկսեց հետապնդել նրան:
Վերջապես նա որոշում առավ: Մի օր առավոտյան կանչեց իր պառավ սպասուհուն և կարգադրեց ձեղնահարկից ճամպրուկ բերել, որով պիտի տեղափոխվեին այդ թանկագին զգեստները:
— Պարոնը ճամփորդության է պատրաստվո՞ւմ, — հարցրեց ծեր Բարբը: Նա չէր կարողանում հասկանալ իր տիրոջ նոր ապրելակերպը, որը նախկինում ապրում էր փակ կյանքով, իսկ հիմա սկսել էր հաճախակի բացակայել, դրսում ընթրել: Իր տիրոջն այժմ տարօրինակ մեկն էր համարում:
Սպասուհու օգնությամբ զգեստները կախարաններից հանեց, ջոկեց, իսկ երբ սկսեցին պահարաններում տարիներ շարունակ անշարժ կախված այդ զգեստները թափ տալ, փոշու մի ամպ բարձրացավ:
Հյուգը երկուսն ընտրեց՝ հանգուցյալի գնած վերջին երկու զգեստները, և խնամքով տեղավորեց ճամպրուկի մեջ՝ շրջազգեստները հավասար դնելով, ծալքերն ուղղելով:
Բարբը ոչինչ չէր հասկանում, սակայն նա դժգոհ էր զգեստապահարանի բովանդակությունն այսպես մաս-մաս անելուց, զգեստներ, որոնց մինչև այսօր ոչ ոք չէր դիպել: Մի՞թե ուզում է վաճառել: Եվ նա համարձակություն առնելով հարցրեց.
— Խեղճ տիկինը եթե տեսներ, ի՞նչ կասեր...
Հյուգը նայեց նրան: Նա գունատվել էր: Մի՞թե սպասուհին կռահել է: Մի՞թե ինչ-որ բան գիտի:
— Ի՞նչ եք ուզում ասել, — հարցրեց Հյուգը:
— Ես հիշեցի, — պատասխանեց պառավը, — որ Ֆլանդրիայում, մեր գյուղում, եթե թաղումին հաջորդող մեկ շաբաթվա ընթացքում հանգուցյալի շորերը չեն վաճառում, ապա որպեսզի նրա հոգին ընդմիշտ քավարանում չմնա, պահում են մինչև բոլոր տնեցիների մահանալը:
— Հանգիստ եղեք, — վստահեցնող ձայնով պատասխանեց Հյուգը: — Ես որևէ բան վաճառելու մտադրություն չունեմ: Իսկ ձեր ավանդությունը չափազանց արդար է:
Բարբը, սակայն, ապշած մնաց, երբ իր տերը, չնայած քիչ առաջ արտասանված հավաստիացումներին, ճամպրուկը դրեց կառքի մեջ ու գնաց:
Հյուգը չգիտեր, թե ինչպես բացատրեր Ջեյնին իր խենթ գաղափարը, քանզի նրա հետ երբեք չէր խոսել իր անցյալից: Նրբանկատությունը և պատկառանքը հանգուցյալի հանդեպ նրան հեռու էին պահել այդ քայլից: Նա նույնիսկ ակնարկ չէր արել իրեն հետապնդող քաղցր ու դաժան նմանության վերաբերյալ:
Ճամպրուկը տեսնելուն պես Ջեյնը, հրճվանքի ճիչ արձակելով, թռչկոտեց.
— Ի՜նչ հաճելի անակնկալ է... Ճամպրուկն, իհարկե, լեփլեցուն է: Ի՞նչ կա մեջը: Նվերնե՞ր: Զգեստնե՞ր...
— Այո, զգեստներ են, — պատասխանեց Հյուգը մեքենայորեն:
— Օ՜, ի՜նչ բարի ես դու: Ուրեմն մի քանի զգեստ կա:
— Երկու զգեստ:
— Ի՞նչ գույնի են: Շուտ արա, ուզում եմ տեսնել:
Նա ձեռքը մեկնած մոտեցավ՝ պահանջելով ճամպրուկի բանալին:
Հյուգը չգիտեր, թե ինչ ասեր: Նա չէր համարձակվում խոսել, չէր ուզում մատնել իրեն՝ բացատրել հիվանդագին ցանկությունը, ինչին նա զիջել էր թուլակամ մարդու պես:
Ջեյնը բացեց ճամպրուկը, զգեստները հանեց և, արագորեն աչք ածելուց հետո, հուսախաբ եղավ:
— Ի՜նչ տգեղ են... Հապա մետաքսի նախշերը... Հին են սրանք, շատ հին: Որտեղի՞ց ես առել այս շորերը: Հապա փեշի վրայի զարդերը նայիր... Տասը տարի առաջ էին այսպիսի բաներ հագնում: Դու երևի ուզում ես ինձ ձեռ առնել...
Հյուգը շփոթված էր ու նեղված: Նա բառեր էր փնտրում, որպեսզի բացատրություն տար, ո՛չ ճշմարիտը, այլ մեկ ուրիշը, ճշմարտանմանը: Սկսում էր արդեն իր գաղափարի ծիծաղելիությունն զգալ, որը սակայն ամբողջովին համակել էր նրան:
Օ՜, Ջեյնը թող համաձայնի, թող հագնի այս զգեստներից մեկը, թեկուզ մեկ րոպե, և այդ րոպեի ընթացքում երբ կտեսնի նրան՝ նախկինի պես հագնված, ապա կապրի նմանության մոլուցքի իր բարձրագույն պահը և մոռացումի անեզրությունը կզգա...
Նա փաղաքշող ձայնով բացատրեց. «Այո, դրանք հին զգեստներ են... Ինքը ժառանգություն է ստացել... Իր ազգականուհիներից մեկի զգեստներն են... Ուզում էր կատակ անել, ուզեց նրան այդ հին զգեստների մեջ տեսնել: Ճիշտ է, խենթություն է, բայց մտքով այդպիսի ցանկություն անցավ... Ընդամենը մեկ րոպե...»:
Ջեյնը ոչինչ չէր հասկանում, ծիծաղում էր, շուռ էր տալիս զգեստները, կերպասը շոշափում՝ թանկարժեք, գրեթե նոփ—նոր մետաքսը, ապշած նայում այդ հնացած ձևին, որը մի քիչ ծիծաղելի էր, բայց ժամանակին մոդայիկ էր ու նրբագեղ...
Հյուգը պնդեց:
— Բայց սա ինձ կտգեղացնի...
Ջեյնը, որին սկզբում զարմացրել էր այդ տարօրինակ ցանկությունը, ի վերջո գտավ, որ իր համար էլ զվարճալի կլինի հագնել այդ հնաձև շորերը: Ծիծաղկոտ ու չարաճճի, նա իր պենյուարը հանեց, սեղմիրանը ծածկող փոքրիկ շապիկը շտկեց և հագավ զգեստներից մեկը, որ դեկոլտե էր... Ջեյնը հայելու առաջ կանգնած ծիծաղում էր. «Ասես հին դիմանկար լինեմ»:
Նա կոտրատվում էր, ձևեր թափում, հետո բարձրացավ սեղանի վրա, փեշը վեր քաշեց, որպեսզի իրեն ամբողջությամբ տեսնի, կուրծքը ծիծաղից ցնցվում էր, շապիկի մի ծայրը դուրս էր եկել կորսաժի տակից՝ անսպասելիորեն ցուցադրելով մարմնի մի մասը և ներքնազգեստը:
Հյուգը նայում էր: Այն րոպեն, որն ըստ նրա երազածի, պիտի լիներ բարձրագույնն ու վեհը, հիմա թվում էր աղտոտված ու գռեհիկ: Ջեյնը հաճույք էր ստանում իր խաղից: Նա ուզում էր այժմ մյուս զգեստը փորձել և խենթ ուրախության մոլուցքի մեջ սկսեց պարել՝ իր մասնագիտության հնարքները ցույց տալով:
Հյուգն զգաց, թե տագնապն ինչպես է աճում իր հոգու խորքում: Նրան թվում էր, թե մի ողբալի դիմակահանդեսի է մասնակցում: Առաջին անգամ փաստեց, որ մարմնական նմանությունը դեռ բավարար չէ: Այդ նմանությունը շարունակում էր իր գործն անել, սակայն հակառակ ուղղությամբ: Առանց նմանության Ջեյնը նրան գռեհիկ թվաց: Միաժամանակ, նմանության պատճառով, մի քանի վայրկյան նա տաժանելի զգացում ունեցավ, թե հանգուցյալին է տեսնում, բայց տգեղացած ու անարգված, չնայած միևնույն դեմքն ուներ և միևնույն զգեստն էր հագել: Ճիշտ այդպիսի տպավորություն ենք ունենում, երբ սրբազան թափորների օրը երեկոյան հանդիպում ենք Ս. Կույսին կամ Սուրբ Կանանց կերպավորողներին, որոնց հագին հին ժամանակների վերարկուներն ու պարեգոտներն են, բայց նրանք գինով են, տրվել են միստիկ դիմակահանդեսի զվարճալիքներին, փողոցային լապտերների տակ, որոնց լուսավորությունն ասես արյունածոր վերք լինի խավարի մեջ: