Chapter 6
VI
Հյուգը մտածում էր. նմանությունն ի՜նչ անբացատրելի հզորություն ունի:
Այն համապատասխանում է մարդկային բնության երկու հակասական պահանջներին. սովորույթ և նորության պահանջ: Սովորույթը հոգու ներքին օրենքն է, ռիթմը: Հյուգն այնպիսի սրությամբ էր դա զգացել, որ սովորույթը անդառնալիորեն վճռել էր նրա ճակատագիրը: Տասը տարի ապրելով չափազանց սիրելի մի կնոջ հետ, այլևս չէր կարող նրանից հետ սովորել, շարունակ նրանով էր զբաղված և ջանում էր նրա դիմագծերը տեսնել ուրիշների երեսին:
Մյուս կողմից, նորության պահանջը նույնքան բնազդական է: Մարդը հոգնում է միևնույն բանից: Երջանկությունը, առողջության պես, վայելում են միայն հակադրությունների շնորհիվ: Սերն էլ, երբեմն-երբեմն, փոփոխությունների կարիք է զգում:
Նմանությունը այդ երկու պահանջները մեզանում հաշտեցնում և հավասարեցնում է: Նմանությունը սովորույթի և նորության հորիզոնական գիծն է:
Սիրո մեջ, հիմնականում, նմանության այդ նրբինացումն է գործում. նոր հայտնված կնոջ հմայքը հիշեցնում է նախորդին:
Հյուգն այդ հմայքը վայելում էր հարաճուն բերկրանքով, քանզի երկարատև մենությունը և վիշտը նրա հոգին դարձրել էին չափազանց զգայուն: Չէ որ նա, կնոջ մահից հետո, նմանության բնածին մղումով էր եկել հաստատվել Բրյուգեում:
Նրան հատուկ էր այն ձիրքը, որ կարելի է անվանել նմանության զգացում, լրացուցիչ մի ունակություն, դյուրաբեկ և տառապյալ, որը հազարավոր անտեսանելի թելերով ամեն ինչ կապում էր իրար, ծառերը միավորում մի սարդոստայնով, աննյութական մի կապ ստեղծում իր հոգու և քաղաքի անսփոփ աշտարակների միջև:
Հենց սրա համար էր նա ընտրել Բրյուգեն, քաղաք, որին լքել էր ծովը, ինչպես հեռացած մի երջանկություն:
Նրանց միավորում էր նմանության երևույթը, ահա ինչու նրա միտքը համերաշխ էր Մեռած քաղաքներից մեծագույնի հետ:
Բրյուգեի գորշ փողոցների մելամաղձությո՜ւնը, ուր բոլոր օրերն աշնանային են: Այդ գորշն ասես ծնվում էր կրոնավորուհիների ճերմակ գլխադիրներից և քահանաների սև սքեմներից, որոնք շարունակ փողոցներում են և հոգին թախծով վարակելու հատկություն ունեն: Խորհրդավոր այդ գորշը, հավերժական այդ կիսասուգը:
Տների ֆասադներն անսահմանորեն տարբեր երանգներ ունեին. դժգունած կանաչի կրածեփից մինչև գունազրկված աղյուսները, որոնց արանքներում երևում էր ճերմակը: Մյուս տները սև էին, ինչպես խստագիծ ածխամատիտը, կրակի միջով անցած օֆորտը, որի թանձրությունը մի քիչ մեղմանում է՝ կողքի երանգները դարձնելով ավելի բաց: Բայց ընդհանուր առմամբ քարափի երկայնությամբ շարված տները գորշ էին:
Զանգերի ղողանջն ավելի շատ սև էր. այն խլացված էր, օդի մեջ հալված և ականջին էր հասնում որպես մի գորշ աղմուկ, որ մի կերպ քարշ է գալիս, դեսուդեն ընկնում, ջրանցքների ջրի պես ալիքաձև տատանվում:
Ջուրը ևս, չնայած նրանում արտացոլվող երկնի կապույտին, տանիքների կղմինդրներին, չնայած լողացող ձյունաճերմակ կարապներին, ափերին կանգնած կանաչ բարդիներին, նույնացել էր անգույն ճանապարհների հետ:
Բնակլիմայական հրաշքի հետևանքով այստեղ փոխադարձ ներթափանցում էր կատարվել: Մթնոլորտի աներևույթ մի քիմիա չեզոքացնում էր վառ գույները, հանգեցնելով դրանք երազային միատեսակության, գորշավուն թմբիրի խառնուրդին:
Ասես հաճախակի մշուշը, հյուսիսային երկնքի սքողված լույսը, քարափների գրանիտը, անդադար անձրևները, զանգերի ղողանջը, բոլորը միասին իրենց ազդեցությունն էին գործել օդի գույնի վրա: Այս հինավուրց քաղաքում ժամանակների մեռած մոխիրը, ավազե ժամացույցների կուտակված փոշին իրենց լուռ գործն էին արել:
Ահա ինչու Հյուգը ցանկացավ քաշվել այստեղ, որպեսզի զգար, թե իր եռանդի վերջին կաթիլներն ինչպես են անդառնալիորեն և աննկատ անհետանում ավազահատիկների տակ, հավերժություն, որը նրա հոգին նույնպես կներկի գորշ՝ քաղաքի գույնի նման:
Այսօր նմանության այդ զգացումը, ճակատագրի և գրեթե հրաշք փոփոխության պատճառով, շարունակում էր գործել, բայց այլ կերպ: Ճակատագրի ո՞ր մի խորամանկ հնարքով՝ իր առաջին տպավորություններից այսօր այդպես զանազանվող Բրյուգեում հանկարծակի հայտնվեց այդ դեմքը, որը պիտի այդ ամենին հարություն տար:
Որքան էլ հազվագյուտ լիներ պատահականությունը, Հյուգն այսուհետ տրվելու էր Ջեյնի և հանգուցյալի նմանության արբեցումին, ինչպես ժամանակին հիանում էր իր և քաղաքի նմանությամբ: