1. Բրյուգե — մեռյալ քաղաք

Chapter 5

V

Հյուգը Ջեյնին տեղավորեց մի հաճելի տան մեջ, որը վարձեց նրա համար՝ մի երկարատև զբոսանքի ժամանակ դեպի կանաչապատ և հողմաղացներով զարդարված արվարձան:

Միաժամանակ համոզում էր նրան թողնել թատրոնը: Այդպիսով նա մշտապես Բրյուգեում կլիներ և ամբողջովին կպատկաներ իրեն: Սակայն ոչ մի վայրկյան չմտածեց, որ իր տարիքի լուրջ մարդու համար ծիծաղելի է՝ ամբողջ աշխարհին հայտնի դարձած իր անմխիթար վշտից հետո սիրահարվել մի պարուհու: Ճիշտն ասած, նա չէր սիրում Ջեյնին: Նրա միակ ցանկությունն էր հավերժացնել այդ պատրանքի հրապույրը: Իր ձեռքերի մեջ էր առնում Ջեյնի գլուխը և մոտեցնում իրեն, որպեսզի նրա աչքերի մեջ նայեր, որպեսզի այնտեղ փնտրեր այն ամենը, ինչ տեսել էր մյուսի հայացքում. նրբերանգները, արտացոլումը, մարգարտափայլը, հոգու խորքից եկող ճառագայթները, այն ամենը, ինչ թաքնված է այնտեղ:

Երբեմն արձակում էր նրա մազերը, ալիքաձև թափում ուսերին, մտովին համեմատում մյուսի մազերի հետ, ասես ուզում էր միացնել իրար:

Ջեյնը ոչինչ չէր հասկանում Հյուգի տարօրինակ պահվածքից և լուռ նայում էր:

Հիշում էր, որ իրենց ծանոթության սկզբում, երբ ասաց, թե իր մազերը ներկված են, Հյուգը, չգիտես ինչու, տխրեց: Այդ օրվանից հետևում էր, որպեսզի դրանց գույնը չփոխվի:

— Այլևս չեմ ուզում մազերս ներկել, — մի օր հանկարծ ասաց նա:

Հյուգը շատ հուզվեց, պահանջեց չփոխել մազերի ոսկեգույնը, ասաց, որ այդպես սիրելի է իր համար: Եվ այդպես խոսելով, մազերը շոյեց, մատները խրեց մեջը, ասես մի ագահ լիներ, որ ուրախանում է կորցրած այնուհետև գտնված գանձով:

Նա անհասկանալի բառեր թոթովեց. «Ոչինչ մի փոխիր... որովհետև քեզ այսպիսին եմ սիրում: Ա՜հ, դու չգիտես, դու երբեք չես իմանա, թե ես ինչեր եմ ապրում քո մազերին դիպչելիս»:

Նա կարծես ուզեց ուրիշ բաներ էլ ասել, բայց կանգ առավ, ասես անդառնալի խոստովանության եզրին լիներ:

Այն օրվանից, ինչ Ջեյնը հաստատվել էր Բրյուգեում, Հյուգը գրեթե ամեն օր գալիս էր նրա մոտ, և չնայած Բարբի դժգոհությանը, երբեմն ընթրում էր այնտեղ: Հաջորդ օրը պառավ սպասուհին մրթմրթում էր, ասելով, թե իզուր տեղը կերակուր է եփել ու սպասել նրան: Բարբը ձևացնում էր, թե հավատում է, որ նա ռեստորանում է ընթրել, բայց հոգու խորքում մնում էր թերահավատ և այլևս չէր ճանաչում նախկին պարտաճանաչ ու ամբողջ ժամանակը տանն անցկացնող իր տիրոջը:

Հյուգը հաճախ էր դուրս գալիս, իր ամբողջ ժամանակը կիսում էր Ջեյնի և իր տան միջև: Այնտեղ գնում էր գերազանցապես երեկոյան կողմ: Սովորություն էր ձեռք բերել կեսօրի վերջում դուրս գալ, բացի այդ, աշխատում էր, որպեսզի իր զբոսանքներն աննկատ անցնեն, և այդ նպատակով էլ աչքից հեռու մի թաղում էր վարձել բնակարանը: Նա ինքն իրենից չէր ամաչում, որովհետև գիտեր իր կյանքի փոփոխության դրդապատճառները, ինչը նրա համար ոչ միայն արդարացում էր, այլև մեղքերի թողություն, վերահաստատում հանգուցյալի, գուցեև Աստծո առջև: Սակայն պետք էր հաշվի նստել կեղծ պարկեշտ գավառի հետ: Ինչպե՞ս կարող էր գոնե մի քիչ չմտահոգվել հարևանների, հասարակության հարգալից կամ անբարեհաճ վերաբերմունքով, երբ շարունակ զգում էր իր վրա ուղղված հայացքները, որ ասես հպվում էին իրեն:

Եվ հատկապես այս կաթոլիկ Բրյուգեն, ուր բարքերը չափազանց խիստ էին: Բարձր աշտարակների գլխին ասես քարե վեղարներ էին քաշված: Դրանց ստվերն ընկնում էր ամենուր: Եվ թվում էր, որ անհամար մենաստաններից մի արհամարհանք էր արտածվում մարմնի գաղտնի վարդերի հանդեպ և ողջախոհության վարակիչ փառաբանություն: Փողոցի յուրաքանչյուր անկյունում, փայտե և ապակյա տուփերի մեջ, թավշյա վերարկու հագցրած Տիրամոր արձանիկներն էին՝ տրորված ու թոշնած թղթե ծաղիկների մեջ: Արձանիկների ձեռքից կախված ոլորուն մագաղաթի վրա գրված էր. «Ես անարատ եմ»:

Ապօրինի կրքերը, արտամուսնական սեռական կապերն այստեղ համարվում էին այլասերվածություն, մի ուղի, որ տանում է դժոխք, մեղսագործություն ընդդեմ վեցերորդ և յոթերորդ պատվիրանների, որոնց մասին խոստովանելիս խոսում էին շշուկով, իսկ խոստովանողների դեմքն, այդպիսի պահերին, ամոթից կարմրում էր:

Հյուգը լավ գիտեր Բրյուգեի այդ խստամբերությունը և աշխատում էր այն չվիրավորել: Սակայն գավառի այս ամփոփ կյանքում ոչինչ չի վրիպում ընդհանուր ուշադրությունից: Շուտով նա, առանց նկատելու, իր դեմ հարուցեց աստվածապաշտ մի վրդովմունք: Վիրավորված հավատը հաճույքով է արտահայտվում հեգնանքով: Ճիշտ այդպես Կաթողիկեները ծաղրում և արհամարհում են սատանային՝ ջրհորդաններին նրա կերպարանքը տալով:

Երբ այրի տղամարդու կապը պարուհու հետ տարածվեց ամենուր, նա բերանի ծամոն դարձավ ամբողջ քաղաքի համար: Այդ պատմությունը հայտնի էր բոլորին: Լուրը գնում էր դռնեդուռ, դարձել էր պարապ մարդկանց մշտական զրույցի նյութը, բամբասանք, որ բեգինուհիները լսում էին մեծ հետաքրքրությամբ՝ զազրախոսության մոլախոտ, որ փարթամորեն աճում է մեռած քաղաքներում:

Այս արկածն առավել զվարճալի էր թվում, երբ հիշում էին նրա երկարատև անհուսությունը, նրա անլույս կյանքը, նրա բոլոր մտքերը, որ ասես գերեզմանին դնելու նպատակով քաղված ու փնջված ծաղիկներ լինեին: Եվ այդ վիշտը, որ թվում էր հավերժական, ահա թե այսօր ինչի է հանգում:

Բոլորը խաբված էին, ինքը՝ այրին, նույնպես: Կասկած չկար, որ նրան կախարդել էր այդ անզգամ կինը: Նրան այդտեղ լավ գիտեին՝ թատրոնի նախկին պարուհուն: Նրան մատնացույց էին անում, երբ անցնում էր փողոցով, ծիծաղում վրան, մի քիչ վրդովվում նրա հանդիսավոր պահվածքից, մանավանդ նրա ներկած մազերը և գրգռիչ քայլվածքը մատնում էին ամեն ինչ: Գիտեին նույնիսկ, թե որտեղ է ապրում և որ ամեն երեկո այրին այցելում է նրան: Մի քիչ էլ որ մնար ժամերը կասեին և ճշգրիտ երթուղին...

Հետաքրքրասեր քաղքենինուհիները, դատարկ երեկոներին պարապությունից մեռնելով, պատուհանների մոտ նստած հսկում էին նրա անցնելը: Նրանք հետևում էին լրտես կոչված հայելիների միջոցով, որը դրսից ամրացված էր յուրաքանչյուր պատուհանին: Հայելիներն այնպես էին հարմարեցված, որ արտացոլում էին փողոցն ամբողջությամբ: Դրանք թակարդներ էին, որ որսում էին անցորդների քայլվածքը, շարժումները, ժպիտները, նրանց հայացքում անակնկալ արտահայտվող միտքը, և այս ամենը փոխանցում տան ներսում թաքնված ինչ-որ մեկին:

Այսպիսով, հայելիների մատնությամբ, նրանք շուտով իմացան, Հյուգի երթուդարձի փողոցներն ու ժամերը և Ջեյնի հետ ունեցած նրա հարաբերությունների բոլոր մանրամասները: Պատրանքը, որին համառորեն շարունակում էր հավատալ, նրա նախազգուշական միամիտ քայլերը (այցելել միայն երեկոյան) ծիծաղելի էին դարձնում այդ կապը, որն սկզբում վիրավորում էր նրանց: Եվ այսպիսով, վրդովմունքին հաջորդեց ծիծաղը:

Հյուգը ոչինչ չէր կասկածում: Նա շարունակում էր դուրս գալ մթնշաղից առաջ, որպեսզի միտումնավոր ոլորապտույտ շրջանցումներ անելով հասնի մոտակա արվարձանը:

Երեկոյան այս զբոսանքներն առաջվա պես այլևս ցավագին չէին: Նա անցնում էր քաղաքով, դարավոր կամուրջների վրայով, մեռելական քարափներով, որոնց կողքին ջրերի հառաչանքն էր լսվում: Զանգերն ամեն երեկո ազդարարում էին հաջորդ օրվա հոգեհանգիստը: Ա՜խ, այդ զանգերը, որ ղողանջում էին այդքան ուժգին, որոնք սակայն հիմա նրանից թվում էին հեռու, ասես ուրիշ երկինքներում հնչեին...

Անձրևը ջրհորդանների միջով առատորեն թափվում էր ներքև, կամուրջների կամարների տակով հոսում էին սառն արցունքները, ջրանցքների ափին կանգնած բարդիները խշշում էին, ինչպես անմխիթար բողոք... Հյուգն այլևս չէր լսում իր շուրջը սփռված թախիծը, այլևս չէր տեսնում ջրանցքների հազարավոր թելերով կապկպված ու քարացած քաղաքը:

Հին ժամանակների Մեռյալ Բրյուգեն, որն ասես իր նման այրիացել էր, իր մելամաղձությամբ գրեթե չէր դիպչում նրան: Եվ նա, մխիթարված, քայլում էր քաղաքի լռության միջով, ասես Բրյուգեն ևս դուրս էր եկել իր գերեզմանից և ներկայանում էր որպես նախկինին նման մի նոր քաղաք:

Եվ ամեն երեկո, Ջեյնի մոտ գնալիս, նա խղճի ոչ մի խայթ չէր զգում, իրեն երդմնազանց չէր համարում, չէր նկատում, որ մեծ սերը վերածվել է ծաղրանկարի, նրան չէր տանջում այն միտքը, որ իր վիշտը լքված է: Անգամ այն աննշան սարսուռը նրա՝ այրու մարմնով չանցավ, երբ Ջեյնը իր շղարշին և քաշմիրյան կերպասներին կարմիր վարդ ագուցեց:

Comments