1. Բրյուգե — մեռյալ քաղաք

Chapter 4

IV

Հյուգն արագորեն տեղեկություններ հավաքեց կնոջ մասին: Իմացավ նրա անունը, որը կարդաց ազդագրի վրա. Ջեյն Սկատ: Նա ապրում էր Լիլում և տեղի թատերական խմբի հետ շաբաթը երկու անգամ գալիս էր Բրյուգե ներկայացումներ տալու:

Պարուհիները մաքրաբարո կանանց հեղինակություն չունեն: Մի անգամ երեկոյան, նմանության վշտագին հմայքի մղումով մոտեցավ նրան:

Կինը պատասխանեց առանց որևէ զարմանք արտահայտելու, ասես սպասում էր այդ հանդիպմանը: Անծանոթուհու ձայնը թափանցեց մինչև նրա հոգու խորքը: Ձայնն էլ նույնն էր, մյուսի ձայնը՝ հար և նման, այդքա՜ն հարազատ, միևնույն երանգի, արծաթյա միևնույն հնչեղության ձայնը: Նմանության դևը ինչ-որ խաղեր էր խաղում նրա գլխին: Կամ թե դեմքերի մի գաղտնի համերաշխություն կա, և միանման աչք ու մազեր ունեցողները նույն ձայնը պիտի ունենան:

Իսկ ինչո՞ւ պիտի հանգուցյալի ձայնը չունենար, եթե միևնույն սալորաձև ու սևորակ աչքերն ուներ՝ սպիտակուցների սադափյա ճերմակափայլով, եթե ոսկի մազեր ուներ՝ գույների այնպիսի մի համախառնությամբ, որը հատուկ էր միայն նրան: Անծանոթուհուն այժմ ավելի մոտիկից, չափազանց մոտիկ տեսնելով, ոչ մի տարբերություն չէր կարողանում գտնել նախկին և նոր կնոջ միջև: Հյուգն ապշած էր, որ այս կինը, չնայած բրնձափոշուն, շպարին, բեմական վառ լուսավորությանը, դեմքի մաշկը պահպանել էր իր բնական թարմությունը: Եվ նրա շարժուձևի մեջ պարուհիներին հատուկ սանձարձակությունը չկար, համեստ զգեստ ուներ և խոհեմ ու մեղմաբարո կնոջ տեսք:

Հյուգը մի քանի անգամ հանդիպեց նրան ու խոսեց հետը: Նմանության կախարդանքը շարունակում էր իր գործն անել... Այնուհանդերձ, այլևս թատրոն չգնաց: Առաջին օրը նա գերվել էր ճակատագրի պաշտելի դյութանքով: Քանի որ անծանոթուհին պիտի իր մեռած կնոջ վերահայտնության պատրանքը մարմնավորեր, ապա տեղին էր, որպեսզի նախևառաջ ներկայանար որպես հարություն առած, լուսնի լույսով, հեքիաթային դեկորների մեջ գերեզմանից դուրս եկած:

Բայց այլևս չէր ուզում այդպես տեսնել նրան: Նա հանգուցյալն էր՝ մի նոր կին դարձած, որ ապրում էր աննկատ կյանքով և զուսպ զգեստներ հագնում: Որպեսզի պատրանքը պահպանվի, Հյուգն ուզում էր պարուհուն տեսնել ամենօրյա սովորական զգեստներով, քանզի դրանից նմանությունն ավելի ուժգին էր դառնում:

Այժմ հաճախակի էր այցելում կնոջը: Ներկայացման օրերին սպասում էր նրան այն հյուրանոցում, որտեղ հանգրվանել էր: Սկզբում բավարարվում էր նրա դեմքի մխիթարող խաբեությամբ: Նրա երեսին հանգուցյալի դիմագծերն էր փնտրում: Երկար ու ձիգ րոպեների ընթացքում, տխրագին մի ուրախությամբ նայում էր նրան՝ հիշողության մեջ դրոշմելով նրա շրթունքները, նրա մազերը, դեմքի գույնը, պատճենահանելով այդ ամենը՝ նրա անշարժ աչքերի հետ... հուզումը, ոգևորությունը մի ջրհոր է, որը կարծում էին, թե ցամաքել է, սակայն անսպասելի լցվում է, և տեսնում ես, որ ջուրը մեռած չէ, այլ կենդանի ներկայություն է արտացոլում:

Որպեսզի նաև նրա ձայնի պատրանքը վայելի, Հյուգը երբեմն աչքերը փակ լսում էր նրան, նրա ձայնն ըմպում, որն սխալվելու աստիճան նման էր հանգուցյալի ձայնին, միայն թե երբեմն խուլ հնչեղություն էր ունենում: Ասես հանգուցյալը խոսեր վարագույրի ետևից:

Այնուհանդերձ, նրա՝ բեմում առաջին անգամ հայտնվելուց ի վեր, համառ մի տպավորություն հետապնդում էր նրան. այդ պահին նա տեսավ կնոջ մերկ թևերը, պարանոցը, մեջքի ճկուն գիծը և այժմ ուզում էր դրանք պատկերացնել փակ զգեստի տակ:

Նրան համակեց կնոջը մերկ տեսնելու ցանկությունը:

Ո՞վ կկարողանա նկարագրել սիրահարված զույգի կրքոտ գրկախառնումները երկարատև բացակայությունից հետո: Մահն այս դեպքում ընդամենը բացակայություն էր, քանզի միևնույն կինը նորից հայտնվել էր:

Ջեյնին նայելով, Հյուգը մտածում էր հանգուցյալի մասին, անցած գրկախառնումների և համբույրների մասին: Նա հույս ուներ, որ տիրանալով այս կնոջը, կտիրանա մյուսին: Այն, ինչ թվում էր վերջնականապես ավարտված, սկսվում էր նորից: Նա նույնիսկ չի դավաճանի իր կողակցին, քանզի նրան կշարունակի սիրել այս մարմնավորման մեջ, համբուրելով Ջեյնին, կհամբուրի իր կնոջը:

Հյուգն այսպիսով մռայլ և ուժգին հրճվանքներ էր ապրում: Իր կիրքը նրան սրբապիղծ չէր թվում, այլ ազնիվ, քանզի երկու կանանց միավորել էր մեկի մեջ՝ կորած, նորից գտնված, անցյալում թե ներկայում մշտապես սիրված, միևնույն աչքերով, միևնույն մազերով, միևնույն մարմնով, որին մնում էր հավատարիմ:

Այժմ ամեն անգամ, երբ Ջեյնը գալիս էր Բրյուգե, Հյուգը գնում էր նրա մոտ ներկայացումից առաջ և հատկապես ներկայացումից հետո, կեսգիշերվա լուռ պահերին, երբ մինչև ուշ գիշեր հիանում էր նրանով: Չնայած իր խոր վշտին, հյուրանոցի արտառոց և անհարազատ սենյակներին, կամաց—կամաց սկսում էր համոզել իրեն, որ վատ տարիները երբեք չեն եղել, որ նա միշտ ընտանեկան օջախում է եղել, սիրո հարազատ մթնոլորտում, իր առաջին կնոջ հետ, արտոնված համբույրների մտերմության մեջ:

Մեղմանուշ երեկոներ, փակ սենյակ, ներքին անդորր, իրար սիրող զույգ, լռություն և անվրդով խաղաղություն:

Աչքերը ցայգաթիթեռների պես ամեն ինչ մոռացան. մութ անկյունները, սառն ապակիները, անձրևը, դուրսը, ձմեռը, անցնող ժամերի մահն ազդարարող զանգերը... որպեսզի միայն թռչկոտեն լապտերի սահմանափակ լուսե շրջանակի մեջ:

Հյուգը նորից էր ապրում այդ երեկոները... կատարյալ մոռացում: Վերադարձ դեպի անցյալ: Ժամանակը փափուկ մահճի միջով հոսում է դանդաղ... Եվ թվում է, թե այսպես ապրելով արդեն ձուլվում ես հավերժության հետ:

Comments