1. Բրյուգե — մեռյալ քաղաք

Chapter 2

II

Հյուգն ամեն երեկո զբոսնում էր միևնույն ուղիով, հետևելով քարափների գծին, տարտամ քայլվածքով և արդեն մի քիչ կռացած, չնայած ընդամենը քառասուն տարեկան էր: Այրիությունը նրան հասցրել էր վաղահաս աշնան: Քունքերը ճերմակել էին: Մազերին մոխրագույնն էր ավելացել: Նրա խամրած աչքերը նայում էին հեռուն, շատ հեռու, կյանքից այն կողմ:

Եվ որքա՜ն տխուր էր Բրյուգեն մթնշաղի այդ ժամերին: Հյուգը նրան սիրում էր այսպիսին: Քաղաքի այս տխրության համար էր, որ որոշել էր իր մեծագույն դժբախտությունից հետո գալ և ապրել այստեղ: Ժամանակին, իր երջանկության օրերին, երբ տրվում էր քմահաճույքներին, ճանապարհորդում էր իր կնոջ հետ, Փարիզում, արտասահմանում, ծովի ափին ապրում էր կոսմոպոլիտ մի կյանքով, պատահում էր, որ անցնում էր նաև այստեղով, և այն ժամանակ այս քաղաքի մելամաղձությունը չէր մթագնում նրա երջանկությունը: Ավելի ուշ, երբ արդեն մենակ էր, վերհիշեց Բրյուգեն, և նախազգացումը նրան ասաց, որ այսուհետ ինքը պիտի ապրի այդ քաղաքում: Մի խորհրդավոր հավասարակշռություն հաստատվեց: Մեռած կողակցին պիտի համապատասխաներ մեռած քաղաքը: Նրա մեծ սուգը նման դեկորներ էր պահանջում: Կյանքը հանդուրժելի կլիներ միայն նման պայմաններում: Նա բնազդաբար եկավ այստեղ: Թող կյանքն այլուր եռա, աղմկի, իր հրավառություններն անի, իր հազարաձայն ժխորը գցի, նա անեզր լռության և միապաղաղ գոյության կարիքն ուներ, որպեսզի գոյությունն այլևս կյանքի զգացողություն չտար:

Մարմնական ցավի գոյության դեպքում ինչո՞ւ է անհրաժեշտ դառնում լռելը, հիվանդի սենյակում քայլերը լռեցնելը: Ինչո՞ւ է թվում, թե ձայները, աղմուկը քանդում են վիրակապը և վերքը բացում:

Բարոյական տառապանքների դեպքում աղմուկը նույնպես մեծացնում է ցավը:

Համր օրերի և անկենդան փողոցների մթնոլորտում Հյուգն ավելի պակաս էր զգում իր սրտի տառապանքը, ավելի մեծ թախծով էր մտածում մահվան մասին: Ավելի լավ էր վերհիշում իր կնոջը, ավելի լավ լսում, ջրանցքների մակերեսին տեսնելով Օֆելիայի նրա դեմքը՝ հեռավոր և կարկտահար, զանգերի երգեցողության մեջ լսելով նրա ձայնը:

Քաղաքը, որ ժամանակին այդպես սիրելի ու գեղեցիկ էր, հիմա նույնպես մարմնավորում էր նրա ափսոսանքները: Բրյուգեն դարձել էր նրա մեռած կինը: Իսկ մեռած կինը դարձել էր Բրյուգեն: Նրանք միավորվել էին համանման ճակատագրով: Դա մեռյալ Բրյուգեն էր՝ իր քարափների գերեզմանի մեջ, իր ջրանցքների սառած զարկերակներով, քանզի դրանց մեջ դադարել էր տրոփել ծովի մեծ զարկերակը:

Այս երեկո, աննպատակ թափառելիս, մռայլ հուշերը առավել քան երբեք հաճախում էին նրան, բարձրանում կամուրջների կամարների տակից, որտեղ արտասվում էին անտեսանելի աղբյուրների դեմքերը: Դռնփակ տներից մեռելական մի շունչ էր արտածվում, պատուհաններն ասես հոգեվարքից մշուշված աչքեր լինեին, իսկ ջրերում արտացոլված տների երերուն ֆասադները նման էին սգո շղարշով պատած աստիճանների: Նա քայլեց Կանաչ քարափի երկայնքով, հասավ Հայելու քարափ և ուղղվեց դեպի Ջրաղացի կամուրջը, որի շուրջն ընկած էին բարդիներով եզերված տխուր արվարձանները: Եվ ամենուր զանգակների տխուր ձայնն էր, ասես մշտիկից ապաշխարող մեղավորի գլխին թափվող կաթիլներ լինեին:

Երեկոյի աշնան այս մենության մեջ, երբ քամին վերջին տերևներն է քշում, առավել քան երբեք նա ցանկացավ վերջ դնել իր կյանքին և անհամբեր ձգտում զգաց իր մեջ դեպի գերեզմանը: Նրան թվում էր, թե աշտարակների ստվերն ընկնում է իր հոգուն, թե պատերը նրան մի խորհուրդ են տալիս, թե ջրերն ինչ-որ բան են շշնջում, և Շեքսպիրի գերեզմանափորների ասելով, ջրերը մոտենում էին նրան, ինչպես Օֆելիային կմոտենային:

Արդեն մի քանի անգամ ապրել էր այս զգացումները, լսել քարերի համր հորդորները, շուրջբոլորը գտնվող իրերի հրահանգը՝ սեփական մահով ձուլվել քաղաքի մահվան:

Եվ նա վաղուց լրջորեն մտածում էր ինքնասպանության մասին: Ա՜խ, այդ կինը, ինչպե՜ս էր պաշտում նրան: Նրա աչքերը մինչև հիմա նայում են իրեն: Մինչև հիմա փնտրում է նրա ձայնը, որ գնաց այնքա՜ն հեռու՝ հորիզոնից անդին: Ի՞նչ ուներ արդյոք այդ կինը, որ այդպես կապված մնաց ամեն ինչին և մեռնելուց հետո կարողացավ իր ամուսնուն մեկուսացնել ամբողջ աշխարհից: Այդպիսի սերեր կան՝ Մեռյալ ծովի պտուղների պես, որոնք բերանում թողնում են անկորնչելի մոխրի համը:

Եվ եթե մինչև հիմա դիմադրել էր ինքնասպանության սևեռուն գաղափարին, ապա դարձյալ հանուն նրա: Դեռևս մանկութ կրոնապաշտ նրա էությունը՝ ցավի մրուրի հետ բարձրացավ վերև: Լինելով միստիկ, հույս ուներ, թե անէությունը կյանքի ավարտը չէ, ուստի օրերից մի օր նորից կտեսնի նրան: Կրոնը նրան արգելում էր ինքնասպան լինել: Դա կհեռացներ նրան Աստծո գոգից և կզրկեր իր կնոջը նորից տեսնելու տարտամ հնարավորությունից:

Այսպիսով, շարունակում էր ապրել: Նրա համար նույնիսկ բալասան դարձավ եկեղեցիներում, երգեհոնի հնչյունների ներքո հանգուցյալի մասին երազելը կամ աղոթելը և պատկերացնելը, թե երկնքի պարտեզներից մեկում կինը սպասում է իրեն:

Նույն երեկո, կողքով անցնելիս, մտավ Տիրամոր եկեղեցին: Հաճախակի էր գալիս այստեղ՝ եկեղեցու գերեզմանային մռայլության պատճառով: Ամենուր՝ պատերին, հատակին դամբանաքարեր էին՝ գանգերի պատկերներով, ջնջված անուններով, մաշված գրություններով, որոնք ասես քարի վերքերը լինեին... Մահն ինքն այստեղ ջնջել էր մահը:

Բայց հենց այստեղ, եկեղեցու անկյուններից մեկում, կյանքի ոչնչության վրա լույս էր գցել մահվան մեջ շարունակվող սիրո տեսիլքը, և հենց դրա համար էր, որ Հյուգը, ուխտագնացության պես պարբերաբար գալիս էր այդ եկեղեցին: Դրանք Շառլ Խիզախի և Մարի Բուրգունդացու գերեզմաններն էին՝ կողքի խորաններից մեկի ներսում: Որքա՜ն հուզիչ էին նրանք: Հատկապես քնքույշ իշխանուհին՝ մատները միացրած, գլուխը բարձին դրած, բրոնզե զգեստով, ոտքերի տակ շունը՝ հավատարմության խորհրդանշանը, ձգված ու անշարժ՝ թակաղակի վրա: Իր հանգուցյալ կինն էլ, այս իշխանուհու պես, պառկած էր իր սևասուգ հոգու վրա: Եվ կգար ժամանակը, երբ ինքն էլ, իր հերթին, դուքս Շառլի պես, կպառկի նրա կողքին: Հավերժական նինջ իրար կողքի, մահվան բարի ապաստան, եթե անգամ իրար միանալու քրիստոնեական հույսը երբեք չպիտի իրականանար:

Տիրամոր եկեղեցուց Հյուգը դուրս եկավ ճնշված և ավելի տխուր: Շարժվեց դեպի տուն, քանզի մոտենում էր ժամը, երբ նա, սովորականի պես, վերադառնում էր ընթրելու: Փորձեց հանգուցյալ կնոջ կերպարը վերհիշել, որպեսզի նրան պատկերացնի քիչ առաջ տեսած տապանաքարի վրա: Փորձեց նաև նրան մեկ ուրիշ կերպարանք տալ: Սակայն մեռածների դեմքերը, որոշ շրջան, պահպանվում են մեր հիշողության մեջ, այնուհետև, աստիճանաբար այլակերպվում և խամրում, ինչպես ապակու տակ չդրված պաստելը, որ ծածկվում է փոշիով: Եվ մեր մեռյալները մեզանում մահանում են երկրորդ անգամ:

Հանկարծ, այն պահին, երբ մտքի արտակարգ լարումով և ասես իր ներսը նայելով, վերականգնում էր արդեն կիսով չափ ջնջված դիմագծերը, Հյուգն իրեն մոտեցող երիտասարդ կնոջը նայելով, անսպասելի մի հուզմունք ապրեց: Նա սովորաբար չէր նկատում անցորդներին, որոնք, իմիջիայլոց, չափազանց հազվադեպ էին: Այդ կինը, որ գալիս էր փողոցի մյուս ծայրից, ուշադրությունը չգրավեց և նրան նայեց այն պահին, երբ մոտեցել էր իրեն:

Նրան տեսնելուն պես տեղում քարացած կանգնեց: Կինը դիմացից մոտեցավ և անցավ նրա կողքով: Ասես տեսիլք լիներ: Հյուգը ցնցվեց, նրան թվաց, թե երերում է: Ձեռքը տարավ աչքերին, որպեսզի երազն իրենից հեռու վանի: Մի պահ վարանելուց հետո, դառնալով դեպի համրաքայլ ընթացող անծանոթուհին, փոխեց ուղղությունը և գնաց նրա ետևից: Քայլում էր արագ, որպեսզի հասնի նրան, մի մայթից մյուսն էր անցնում: Վերջապես մոտեցավ կնոջը և շեշտակի նայեց նրան: Այդպիսի անվայել արարք իրեն թույլ չէր տա, եթե չկարծեր, որ անծանոթուհին տեսիլք է: Կինը քայլում էր անտարբեր, առանց նրան ուշադրություն դարձնելու: Հյուգի պահվածքը դարձավ ավելի տարօրինակ ու հանդուգն: Արդեն մի քանի րոպե, փողոցից փողոց հետապնդում էր նրան, մերթ մոտենալով, ասես ուզում էր վերջնականորեն ստուգել, մերթ սարսափահար հեռանալով, երբ արդեն թվում էր, թե հիմա կդիպչի նրան: Միաժամանակ թվում էր հմայված ու վախեցած, ասես ջրհորի մակերեսին ուզում էր սիրելի էակի դեմքը տեսնել...

Այո, այս անգամ վերջնականորեն համոզվեց. դա ակնհայտ էր: Այդ դեմքը՝ ասես պաստելային տոներով գծված, սալորաձև լայն բացված աչքերի սադափի մթագնած փայլով... ամեն ինչ նույնն էր: Եվ մինչ քայլում էր նրա ետևից, սև գլխարկի և քողի տակից ծոծրակին հավաքված ոսկե մազերը տեսավ՝ համպարի ու մետաքսի կոկոնի նման, թել-թել ու դեղնորակ ալիքներով: Միևնույն անհամաձայնությունն էր աչքերի մութ գիշերվա ու մազերի բոցավառ կեսօրի միջև:

Մի՞թե բանականությունը կորցնելու վրա է: Կամ նրա աչքերը, մեռյալի կերպարը փրկելու ցանկությունից մղված, անցորդներին նույնացնում էին նրա հետ: Այն պահին, երբ ուզում էր կնոջ դեմքը վերհիշել, անսպասելի այս կինը հայտնվեց և նրան պարգևեց համանման ու երկվորյակ դեմքը: Այս հայտնությունն ինչպե՜ս հուզեց նրան: Նա սոսկաց նույնության մոտեցող նմանության հրաշքից:

Եվ ամեն ինչ. նրա քայլվածքը, նրա հասակը, շարժուձևը, դիմագծերը, հայացքի երազայնությունը, մի բան, որը միայն արտաքին գիծն ու գույնը չէ, այլև գոյի ոգեղենությունը և հոգու դրսևորումը... Այս ամենը վերահայտնվել էր, ապրում էր, վերադարձվել էր նրան:

Հյուգը լուսնոտի պես շարունակում էր հետևել նրան, սակայն հիմա քայլում էր մեքենայորեն, Բրյուգեի մշուշապատ փողոցների լաբիրինթոսով, առանց իմանալու, թե ինչու և առանց մտածելու: Հասնելով մի խաչմերուկի, որտեղից փողոցները շարունակվում էին տարբեր ուղղություններով, մի քիչ հետ մնաց և հանկարծ նկատեց, որ այլևս չի տեսնում կնոջը: Նա անհետացել էր այդ ոլորապտույտ փողոցներից մեկում:

Կանգ առավ, նայեց հեռուն և, աչքերին հայտնված արցունքների միջով, պարապը զննեց...

Ա՜հ, այդ կինը որքա՜ն նման էր հանգուցյալին:

Comments